«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Ջոն Դյուի

ԴՊՐՈՑԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երկրորդ գլուխ
Դպրոցը և երեխայի կյանքը
(նախորդ գլուխը)

Անցյալ շաբաթ դպրոցի և լայն հասարակության կյանքի միջև եղած հարաբերությունը պարզելու փորձ արեցի և նշեցի, որ դպրոցական աշխատանքում որոշ մեթոդներ ու նյութեր անհրաժեշտ է փոփոխել, որպեսզի դպրոցը ժամանակակից սոցիալական պահանջին ավելի լավ համապատասխանի:

Այսօր մտադիր եմ հարցը դիտարկել ուրիշ տեսանկյունից և դպրոցի ու դպրոցում երեխայի կյանքի հարաբերության հարցը քննարկել: Քանի որ շատ դժվար է ընդհանուր սկզբունքները կապել այնպիսի կոնկրետ առարկաների հետ, ինչպիսիք փոքր երեխաներն են, ինձ թույլ կտամ Համալսարանական տարրական դպրոցի աշխատանքից վերցված մեծ քանակությամբ ցուցադրական նյութ ներկայացնել, որպեսզի կարողանաք գնահատել այն ճանապարհը, որով իրականացվում են բերվող գաղափարները:

Մի քանի տարի առաջ անցա քաղաքում եղած դպրոցական կահույքի բոլոր խանութներով ու պահեստներով, որպեսզի գտնեմ այնպիսի սեղաններ ու աթոռներ, որոնք երեխայի կարիքներին համապատասխանեն ցանկացած տեսանկյունից՝ գեղագիտական, հիգիենիկ, մանկավարժական: Մեզ անհրաժեշտ գույքը փնտրելիս շատ դժվարությունների հանդիպեցինք. վերջապես մի վաճառական, որ մյուսներից ավելի ինտելիգենտ էր, ասաց. «Կարծում եմ, որ չկա այն, ինչ փնտրում եք: Դուք այնպիսի բան եք փնտրում, որի վրա երեխան կարողանա աշխատել, իսկ մեր բոլոր նստարաններն ու սեղանները հարմարեցված են նրան, որ երեխան կարողանա լսել՚: Վերջին բառերում մեր ավանդական կրթության ամբողջ պատմությունն է ամփոփված: Եթե մի երկու ոսկորի միջոցով ամբողջ կենդանուն վերականգնող կենսաբանի նման մեր մտավոր հայացքի առաջ պատկերացնենք սովորական դպրոցական սենյակը՝ երկրաչափական կարգով տեղադրված տգեղ նստարանների շարքերով, միաչափ, միանման և այնքան շատ նստարաններով, որ երեխաներին շարժվելու հնարավորին չափ քիչ տեղ մնա (սեղանին էլ՝ ճիշտ այնքան տեղ, որ թուղթ, գիրք ու մատիտ տեղավորվեն), դրան ավելացնենք ուսուցչի սեղանը, մի քանի աթոռ, դատարկ պատերը, որոնց վրա մի քանի նկար կարող է կախված լինել, եթե այս ամենը պատկերացնենք, ապա կարող ենք վերականգնել կրթական միայն մի աշխատանք, որ այսպիսի տեղում կարող է ընթանալ: Այստեղ ամեն ինչ հարմարեցված է լսելուն, քանի որ գրքից դասի սովորական սերտումն ուղղակի լսելու մի այլ տեսակ է: Այլ կերպ ասած՝ «լսելը» նշանակում է պասիվություն, սերտում. ենթադրվում է, որ կա կրթական հոգաբարձուի, խորհրդի, ուսուցչի կողմից պատրաստված որոշակի պատրաստի նյութ, որից աշակերտը հնարավորին չափ քիչ ժամանակում պետք է սերտի հնարավորին չափ շատ:

Ավանդական դպրոցական սենյակում երեխայի և նրա ինքնուրույն աշխատանքի համար շատ քիչ տեղ կա: Արհեստանոց, լաբորատորիա, նյութեր, գործիքներ, որոնց միջոցով երեխան կարողանար կառուցել, ստեղծել, ինքնուրույն հետազոտել, չկան, շատ դեպքերում նույնիսկ սրանց համար անհրաժեշտ տեղը բացակայում է: Այս գործողությունների հետ առնչություն ունեցող ուսումնական պիտույքները կրթական գործում նույնիսկ որոշակի տեղ չունեն: Կրթության գործի հեղինակությունները, որոնք ամենօրյա թերթերում առաջնորդող հոդվածներ են գրում, սովորաբար դրանք բնութագրում են «քմահաճություն» և «տարօրինակություն» բառերով:

Երեկ մի կին պատմում էր, որ ինքը շատ դպրոցներ է այցելել՝ փորձելով գտնել մեկը, որտեղ աշակերտի ակտիվ աշխատանքին ավելի շատ տեղ է հատկացվում, քան ուսուցչի բացատրություններին, կամ որտեղ կան պատճառներ, որ երեխաներն իրենք այդ բացատրությունները խնդրեն։ Նրա ասելով՝ այցելել էր քսանչորս դպրոց, մինչև գտել էր իր ուզածը: Պետք է նշեմ, որ դա մեր քաղաքին չի վերաբերում:

Մյուս հետևությունը, որ հուշում են դպրոցական սենյակներն ու նստարանները, այն է, որ այդ ամենն արված է, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ երեխաների ղեկավարել, որ երեխաների հետ հնարավոր լինի աշխատել միասնաբար՝ որպես անհատների միավորման. սա նույնպես երեխաների կրավորական դերի մասին է խոսում: Այն պահից, երբ երեխաներն սկսում են ակտիվ աշխատել, նրանք առանց ուրիշի օգնության վերափոխվում են անհատականությունների, դադարում են բազմություն լինելուց և դառնում են լրիվ ուրիշ էակներ, ինչպիսին նրանց գիտենք դպրոցից դուրս՝ տանը, ընտանիքում, խաղահրապարակում և հարևանների հետ հարաբերվելիս:

Սրանով է բացատրվում նաև ծրագրերի ու մեթոդների միօրինակությունը: Եթե ամեն ինչ կառուցվում է «լսելու» հենքի վրա, կարող եք ունենալ ուսումնասիրման համար միօրինակ նյութ և միօրինակ մեթոդներ: Ականջը և գիրքը, որ փոխարինում է ականջին, բոլորի համար ապահովում են նույն ճանապարհը: Այս պայմաններում տարբեր տեսակի պահանջների ու հնարավորությունների հարմարվելու կարիք չկա: Ուղղակի կա որոշակի հանրագումար՝ պատրաստի եզրակացությունների ու տեղեկությունների որոշակի քանակ, որը պետք է որոշված ժամանակում յուրացվի բոլոր երեխաների կողմից՝ առանց բացառության: Հենց այս պահանջին համապատասխան էլ զարգանում է ծրագիրը՝ սկսելով տարրական դպրոցից և անցնելով միջին դպրոց: Այնտեղ ընդգրկված է ցանկալի ճիշտ այնքան գիտելիք և անհրաժեշտ այնքան տեխնիկական տեղեկություն, որքան աշխարհում գոյություն ունի: Շարունակությունը մաթեմատիկական խնդիր է՝ այդքանը բաժանել դպրոցական վեց, տասներկու կամ տասնվեց տարիներին: Բավական է ամեն տարի տալ ամբողջի համապատասխան մասը, և դպրոցն ավարտելիս երեխաները կհաղթահարեն ամբողջը: Այդպես ժամի, օրվա, շաբաթվա և տարվա ընթացքում հետևողականորեն տրորելով հողը՝ կարելի է հասնել բացարձակ ողորկության. միայն թե երեխաները չմոռանային նախօրոք սովորածը: Այս ամենի հետևությունը Մաթյու Առնոլդի զեկույցն է, որտեղ նշվում է ֆրանսիական կրթական հեղինակություններից մեկի հպարտ հայտարարությունը, թե հազարավոր երեխաներ նույն ժամին, ասենք՝ ժամը 11-ին, աշխարհագրության դաս ունեն. և այս սնապարծ հայտարարությունը մեր արևմտյան քաղաքներից մեկում մարզի հոգաբարձուն էր հպարտ կրկնում այցելուների առաջ:

Հավանաբար գույները մի քիչ խտացնում եմ, որպեսզի ավելի հստակեցնեմ հին կրթությունը բնութագրող գծերը՝ պասիվություն, երեխաների մեխանիկական կուտակում, ծրագրերի և մեթոդների միօրինակություն: Այս ամենը կարելի է ընդհանրացնել այն պնդումով, որ այս կրթության ծանրության կենտրոնը երեխայից դուրս է: Դա ուսուցչի վրա է, գրքի վրա, երեխայի անմիջական բնազդներից ու ակտիվ աշխատանքից դուրս՝ որտեղ ասես: Սրա հիման վրա շատ բան չես ասի երեխայի մասին: Շատ բան կարելի է ասել երեխայի դասերի մասին, բայց ոչ մի դեպքում դպրոցը չի կարելի համարել այն տեղը, որտեղ երեխան ապրում է: Մեր կրթական գործում սկսվող փոփոխություններով ծանրության կենտրոնը տեղաշարժվում է: Այս փոփոխությունը հեղափոխություն է՝ նման Կոպեռնիկոսի արածին, որը աստղագիտական կենտրոնը երկրից տեղափոխեց արեգակ: Այս դեպքում երեխան է դառնում արեգակը, որի շուրջը պտտվում են կրթական միջոցները. նա է կենտրոնը, որի շուրջը դրանք կազմակերպվում են:

Եթե որպես օրինակ վերցնենք կատարյալ ընտանիքը, որտեղ ծնողը բավականաչափ զարգացած է, որ իմանա, թե ինչն է իր երեխայի համար ամենից օգտակարը, և կարողանա դա տալ, ապա կտեսնենք, որ ընտանիքի կյանքին ու հասարակական թեմաներով զրույցներին մասնակցելու միջոցով է երեխան սովորում: Այստեղ զրույցների միջոցով նա իր համար որոշակի արժեքներ է ճշտում. կարծիքներ են ասվում, հարցեր են բարձրացվում, հիմնավորումներ են քննարկվում, և երեխան աստիճանաբար սովորում է: Նա իր փորձն է շարադրում, նրա սխալ պատկերացումներն ուղղվում են: Այս ամենից բացի, երեխան մասնակցում է տան աշխատանքներին, այստեղ վարժվում է ջանասիրության, կարգի, ուրիշների իրավունքները և կարծիքները հարգելուն և հիմնական կարողությանը՝ իր գործունեությունը ընդհանուր նպատակին ենթարկելուն: Տնային աշխատանքներին մասնակցելը գիտելիքներ ձեռք բերելու հաջող առիթ է տալիս: Կատարյալ տունը, իհարկե, պետք է արհեստանոց ունենա, որտեղ երեխան կկարողանա դրսևորել իր կառուցողական բնազդները: Այնտեղ կլինի և փոքր լաբորոտորիա, որտեղ երեխան կկատարի իր հետազոտությունները: Երեխայի կյանքը չի սահմանափակվի տնով, կշարունակվի այգում, շրջակա դաշտերում և անտառներում: Նա էքսկուրսիա կգնա, կունենա ինքնուրույն զբոսանքներ ու զրույցներ, որոնց ընթացքում տանից դուրս նրա առաջ կբացվի լայն աշխարհը:

Եթե այս ամենը կարողանանք կազմակերպել ու ընդհանրացնել, կունենանք կատարյալ դպրոց: Այստեղ դաստիարակությանը վերաբերող ոչ մի գաղտնիք, ոչ մի մակավարժական տեսություն կամ հայտնագործություն չկա: Խնդիրը համակարգված, լայն, խելամիտ և ավարտուն ճանապարհով այն ամենը կյանքի կոչելն է, ինչը ընտանիքներից շատերում կարող է կատարվել համեմատաբար ավելի պատահական ու խղճուկ ձևով: Կատարյալ տունն ամենից առաջ պետք է ընդարձակվի: Երեխան ավելի մեծ թվով երեխաների ու մեծերի հետ պետք է շփվի, կարողանա ընթանալ դեպի ազատ ու հարուստ սոցիալական կյանքը: Բացի դրանից, ընտանեկան օջախում աշխատանքներն ու հարաբերությունները աճող երեխայի համար հատուկ ընտրված չեն, այդ պատճառով այն օգտակարը, որը երեխան կարող է քաղել, պատահական բնույթ ունի:

Հետևաբար դպրոցը պետք է: Դպրոցում երեխայի կյանքն է դառնում ամեն ինչ որոշող նպատակ: Երեխայի աճին նպաստող բոլոր անհրաժեշտ միջոցները կենտրոնում են: Ուսուցո՞ւմ: Իհարկե, բայց կյանքն առաջին տեղում է, իսկ ուսուցումը միայն այդ կյանքին նպաստելու և նրա համար է: Երբ կենտրոնում երեխային ենք դնում և ամեն ինչ կազմակերպում ենք այդ ուղղությամբ, տեսնում ենք, որ երեխան ամենից առաջ «լսող» էակ չէ, ճիշտ հակառակը:

Հաճախակի հնչող դրույթը, թե կրթությունը զարգացում է նշանակում, հիանալի է, եթե դրանով շեշտում ենք հակադրությունը սերտման պրոցեսին: Վերջապես շատ դժվար է «զարգացում» հասկացությունը երեք, չորս, յոթ կամ ութ տարեկան երեխայի արարքների հետ կապելը: Այդ տարիքում երեխան արդեն լցված է ակտիվությամբ, ինչը ափերից թափվում է: Նա արդեն ուղղակի հանելուկ չէ, որին մեծահասակը շատ զգուշությամբ պետք է մոտենա՝ այդտեղ թաքնված ակտիվության սաղմերն աստիճանաբար դուրս քաշելու համար: Երեխան չափազանց ակտիվ է, և դաստիարակության խնդիրն այդ ակտիվությունը կենտրոնացնելն ու որոշակի հունով ուղղելը պետք է լինի: Անմիտ ցրվելու փոխարեն ճիշտ ուղղորդված և ճիշտ ղեկավարվող ակտիվությունը շատ արժեքավոր արդյունք կտա:
Եթե սա հիշենք, ապա շատ մարդկանց կարծիքով գլխավոր խնդիրը, թե ինչպես սահմանենք նոր կրթությունը, ոչ թե կբացատրվի, այլ կլուծվի՝ ուղղակի կվերանա: Հաճախ հարցնում են՝ եթե սկսեք աշխատել մանկական մտքերի, ցանկությունների և հետաքրքրությունների այդքան հում, պատահական ու անկանոն նյութի հետ, ապա ինչպե՞ս կհասնեք նրան, որ երեխան անհրաժեշտ կարգապահության սովորություն, մշակութային կարողություններ, անհրաժեշտ հասկացություններ ձեռք բերի: Եթե մեր առջև մանկական իմպուլսները գրգռելուց և թողտվությամբ խրախուսելուց բացի ուրիշ ճանապարհ չլիներ, ապա այս հարցադրումը հիմնավոր կլիներ: Կա´մ պետք է անտեսենք ու ճնշենք երեխայի ակտիվությունը, կա´մ հարմարվենք դրան: Բայց եթե մենք կազմակերպված ենք, ապահովված անհրաժեշտով և համապատասխան նյութ ունենք, ապա մեր առջև ուրիշ ճանապարհ է բացվում: Կարող ենք ղեկավարել մանկական ակտիվությունը՝ նրան որոշակի ուղղությամբ աշխատանք տալով, և այդպիսով նրան կարող ենք հասցնել ճանապարհի վերջում գտնվող խելամիտ նպատակին: «Եթե ցանկությունները ձիեր լինեին, աղքատները ոտքով ման չէին գա»: Սակայն քանի դեռ այդպես չէ, քանի դեռ մեր ձգտումների ու ցանկությունների իրական ապահովումն աշխատանք է պահանջում, իսկ այդ աշխատանքը դժվարությունների հաղթահարման, նյութերի հետ ծանոթացման, ճարպկության, համբերության, համառության, ուշիմության զարգացման հետ է կապված, այդքան ժամանակ կարգապահության՝ իշխանության հրահանգներին ենթարկվելու և գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտությունը կլինի: Արկղ պատրաստել ցանկացող փոքրիկի օրինակը վերցնենք: Եթե նա միայն սահմանափակվի երևակայությամբ ու ցանկությամբ, ապա ոչ մի կարգապահական սովորույթ էլ ձեռք չի բերի: Բայց եթե նա փորձի իր ձգտումն իրականացնել, նրա առջև խնդիրներ կծագեն՝ ճիշտ որոշել, թե ի´նչ է ցանկանում, դա գծագրել, համապատասխան փայտ ընտրել, չափել մասերը, դրանց անհրաժեշտ համամասնություն տալ և այլն: Դրա համար անհրաժեշտ կլինի նյութ նախապատրաստել՝ սղոցել, ռանդել, հղկել, ծայրերը և անկյունները հարմարեցնել, որպեսզի համընկնեն: Անխուսափելի է նաև գործիքների ու աշխատանքի ընթացքի հետ ծանոթանալը: Եթե երեխան բավարարի իր ցանկությունը և արկղը պատրաստի, հարմար առիթները շատ կլինեն, որ կարգապահություն ու հաստատակամություն ձեռք բերի, դժվարություններ հաղթահարելուն վարժվի և տեղեկություններ ստանա:

Անկասկած, այդպես էլ այն երեխան, որը կարծում է, թե իրեն դուր կգար խոհարարի աշխատանքը, աղոտ պատկերացում ունի, թե դա ինչ է նշանակում, ինչ կարժենա և ինչ է պահանջում: Դա ուղղակի «իրարանցում» առաջացնելու կամ մեծերի ակտիվությունը կրկնօրինակելու ձգտում է: Մեր կողմից, անկասկած, հնարավոր է իջնել այդ մակարդակին և պարզապես հարմարվել այդ հետաքրքրությանը: Բայց հենց երեխայի ցանկությանը տուրք է տրվում, նա տեղափոխվում է կոշտ պայմանների իրական աշխարհը, որոնց պետք է հարմարվի. այստեղ նորից կարգապահության և գիտելիքի ազդակներ են առաջանում: Երեխաներից մեկը հենց սկզբից անհամբեր էր. պետք էր երկարուձիգ փորձի միջոցով կատարել աշխատանքը, նա ասաց. «Ինչո՞ւ ժամանակ կորցնենք, թո´ւյլ տվեք՝ խոհարարական գրքի ցուցումներով անենք»: Ուսուցիչը հարցրեց, թե խոհարարական գրքում ինչպե´ս է հայտնվել այդ բաղադրատոմսը, և զրույցի օգնությամբ երեխաները պարզեցին, որ գրքի ցուցումներին ուղղակի հետևելու դեպքում իրենք չեն հասկանա, թե ինչու պետք է արվի այդպես և ոչ թե այլ կերպ: Եվ այդ ժամանակ նրանք լիովին համաձայնեցին շարունակել աշխատանքը փորձարարական ճանապարհով: Եթե հետևենք այս աշխատանքի կատարմանը, հարցի նշված կետի պատկերավոր ապացույցը կստացվի: Այդ օրը երեխաներն զբաղված էին ձու եփելով՝ որպես բուսական կերակրատեսակից մսայինի անցման փուլ: Համեմատելու հիմք ունենալու համար նրանք սկզբում ամփոփեցին բույսերում պարունակվող սննդարար տարրերի մասին իմացածը և դրանք համեմատեցին մսի մեջ եղածների հետ: Այդպիսով նրանք իմացան, որ բույսերում եղած փայտանյութի թելիկները կամ թաղանթանյութը համապատասխանում են մսին ձև ու կառուցվածք տվող միացնող հյուսվածքին: Նրանք գտան, որ օսլան բնորոշ է բույսերին, իսկ հանքային աղեր պարունակվում են և´ բույսերում, և´ մսի մեջ՝ բուսական սննդի մեջ՝ քիչ քանակությամբ, կենդանականի մեջ՝ ավելի շատ: Այդպիսով նրանք պատրաստ էին ուսումնասիրելու սպիտը (ալբումին), որը կենդանական սննդի բնորոշ առանձնահատկությունն է և համապատասխանում է բույսերում եղած օսլային, և պատրաստ էին սպիտի հետ վարվելու անհրաժեշտ պայմանների քննարկմանը. ձուն փորձերի համար որպես նյութ էր ծառայում: Նրանք փորձեր էին կատարում՝ վերցնելով տարբեր ջերմաստիճանի ջուր (երբ մատը «կծում» է, երբ սկսում է եռալ և երբ եռում է աղբյուրի նման), և դիտում էին տարբեր ջերմաստիճանի ջրի ազդեցությունը ձվի սպիտակուցի վրա: Այդպես աշխատելով՝ նրանք ոչ միայն ձու եփել սովորեցին, այլև հասկացան ձուն եփելու սկզբունքը: Չեմ ցանկանում մասնակի օրինակով ընդհանուրը տեսադաշտից դուրս թողնել: Երեխայի համար ոչ մի կրթական օգուտ չկա, երբ ցանկանալով ձու եփել՝ նա ուղղակի ձուն երեք րոպեով իջեցնում է ջրի մեջ ու հանում, հենց իրեն ասում են: Բայց երբ երեխան իր ցանկությունը կատարելիս ծանոթանում է ձվին վերաբերող փաստերի, նյութերի և պայմանների, և եթե այդպիսով նրա ցանկությունը կարգավորվում է այդ ընթացքում ձեռք բերված գիտելիքներով, կրթական նշանակությունն ակնհայտ է: Երեխային ուղղակի հետաքրքրելու, թողտվության և հետաքրքրությունը ղեկավարմամբ գործողությունների վերածելու միջև եղած այս տարբերությունն է, որը ցանկանում էի նշել:

Երեխաներն ունեն նաև ուրիշ բնազդային ձգտում՝ դեպի մատիտը և թուղթը: Բոլոր երեխաներին դուր է գալիս արտահայտվել գույների և պատկերների միջոցով: Եթե ուղղակի հարմարվեք այդ ձգտմանը՝ թողնելով դրա զարգացումն առանց ղեկավարող ցուցումների, այն լրիվ պատահական բնույթ կկրի: Թող սկզբում երեխան իր ցանկությունը կատարի, հետո քննադատության, հարցերի, ուղղորդումների միջոցով նրան հասցրեք վերլուծելու, թե ինքն ի´նչ էր ուզում անել և ի´նչ է արել. արդյունքը լրիվ ուրիշ կստացվի: Որպես օրինակ՝ բերել եմ յոթ տարեկանի արած մի նկար:

Նկար 1. Քարանձավ և ծառեր

Սա միջակ նկար չէ, սա փոքրերի արած լավագույն նկարներից է, բայց տեսանելի է դարձնում այն սկզբունքը, որի մասին խոսում էի: Երեխաները զրուցում էին մարդկանց սոցիալական կյանքի պարզագույն պայմանների մասին, երբ նրանք քարանձավներում էին ապրում: Երեխայի պատկերացումն արտահայտվել է հետևյալ կերպ. քարայրն ամենաանհասանելի ձևով գեղեցիկ վեր է խոյանում բլրի մի կողմում, տեսնում եք ծառեր, որոնք սովորական են երեխաների համար՝ ուղղաձիգ գիծ և հորիզոնական ճյուղեր: Եթե երեխային թույլ տանք, որ շարունակի այսպես պատկերել, նա ավելի շուտ կկորցնի իր բնազդները, քան կզարգացնի: Բայց երեխային ուղարկել են ծառերին ուշադիր նայելու, հետո նա համեմատել է տեսածը նկարածի հետ, ավելի ուշադիր նայել իր արած աշխատանքին: Երեխան ծառեր է նկարել դիտարկումներից հետո: Վերջում նա նկարել է՝ զուգորդելով դիտարկումները, հիշողությունը և երևակայությունը: Նա էլի ինքնուրույն է նկարել՝ արտահայտելով սեփական միտքը, բայց իրական ծառերի մանրամասն դիտումից հետո: Արդյունքն անտառի մաս արտահայտող նկար է ստացվել:

Նկար 2. Անտառ

Ինչ վերաբերում է ինձ, կարծում եմ՝ այս նկարում ավելի քիչ պոետական զգացումներ չկան, քան մեծերի արածներում, բայց միևնույն ժամանակ ծառերն իրենց համամասնությամբ չեն հակասում ճշմարտությանը, դրանք ուղղակի սիմվոլներ չեն:
Եթե ընդհանուր գծերով դասակարգելու լինենք երեխաների՝ դպրոցին օգտակար բնազդները, դրանք կարելի է չորս հիմնական խմբի բաժանել:

Առաջինը սոցիալականն է, որն արտահայտվում է զրույցների, անձնական հարաբերությունների ու շփումների միջոցով: Բոլորս գիտենք, որ չորս-հինգ տարեկան երեխան իրեն համարում է ամեն ինչի կենտրոնը: Երբ ինչ-որ թեմա է քննարկվում, և նա ինչ-որ բան է ասում, ապա նրա սովորական բառերն են՝ «դա տեսել եմ», «հայրս կամ մայրս այդ մասին ինձ ասել են»: Նրա մտահորիզոնը լայն չէ. փորձը պիտի անմիջապես առնչված լինի նրան, որպեսզի ինչ-որ բանի մասին ուրիշին պատմելու հետաքրքրություն առաջանա և ի պատասխան՝ դիմացինի պատմությունը ցանկանա լսել: Չնայած փոքր երեխայի հետաքրքրությունը եսակենտրոն է ու սահմանափակ, այն կարելի է անվերջ ընդարձակել: Լեզվի նկատմամբ հակումը երեխայի սոցիալական դրսևորման պարզագույն ձևն է: Այս պատճառով այն դաստիարակման մեծ, կարելի է ասել, ամենակարևոր գոծոնն է:

Երկրորդը ինչ-որ բան անելու բնազդն է՝ կառուցողական իմպուլսը: Ինչ-որ բան անելու այս իմպուլսն ամենից առաջ արտահայտվում է խաղերում, շարժումներում, ժեստերում, հետո ավելի որոշակի է դառնում և ելք փնտրում դեպի նյութին շոշոփելի ձև և որոշակիություն հաղորդելը: Երեխան վերացարկված հետազոտության մեծ հակում չունի: Հետաքրքրասիրության իմպուլսը կարծես աճում է կառուցողական և խոսակցական իմպուլսների զուգորդմամբ: Երեխայի համար փորձի վրա հիմնված գիտելիքի ու հյուսնի արհեստանոցում կատարած աշխատանքի միջև տարբերություն չկա: Աշխատանքերը, որ նրանք կարող են կատարել ֆիզիկայից և քիմիայից, տեխնիկական ընդհարացումների և վերացարկված ճշմարտությունների հասնելու նպատակ չպետք է հետապնդեն: Ուղղակի երեխաները սիրում են կատարել որոշակի գործողություններ և դիտել, թե ինչ է ստացվում: Բայց այդ հետաքրքրասիրությունից պետք է օգտվել՝ ուղղորդելով այն արժեքավոր արդյունքի հասցնող ճանապարհով, հակառակ դեպքում ծուռ ու մուռ կգնա:

Նույն ձևով էլ երեխայի արտահայտչական իմպուլսը՝ դեպի արվեստը բնածին հակումը, զարգանում է շփման ու կառուցելու բնազդներից: Այստեղ այդ երկուսն էլ կատարելության ու բացահայտման են հասնում: Որպեսզի երեխան ինչ-որ բան ասի, կառույցն արե´ք տարիքին համապատասխան, ամբողջական, ազատ, ճկուն, դրան սոցիալական շարժառի´թ տվեք, և արվեստի գործ կստանաք: Ասածն ապացուցելու համար օրինակը վերցնենք աշակերտների կատարած տեխնիկական բնույթի աշխատանքից (մանել և գործել): Երեխաներն արհեստանոցում գործելու պարզագույն հաստոց են պատրաստել. այստեղ նրանց կառուցելու բնազդն է արտահայտվել: Հետո այդ հաստոցն աշխատեցնելու, ինչ-որ բան գործելու ցանկություն է առաջացել: Ստացված հաստոցը հնդկացիականի նման էր, և երեխաներին հնդկացիների գործած բրդյա ծածկոց են ցույց տվել: Երեխաներից յուրաքանչյուրը ցուցադրած ծածկոցը հիշեցնող մի նկար է նկարել, հետո արված նկարներից ընտրել են մեկը, որը երեխաների կարծիքով ավելի համապատասխան էր ձեռքի աշխատանքի համար: Տեխնիկական միջոցները սահմանափակ էին. ձևը և գունավորումը երեխաներն են մշակել: Դա արել են տասներկուամյա երեխաները: Դիտարկումը ցույց է տալիս, որ աշխատանքը համբերություն, հիմնավորվածություն և համառություն էր պահանջում: Բացի դրանից, աշխատանքը ոչ միայն կարգապահության մշակմանն է հանգեցրել, ոչ միայն զուգակցվել է պատմական տեղեկություններ ստանալու և տեխնիկական հնարքների ծանոթանալու հետ, այլև նկարի իմաստի համապատասխան փոխանցումով արվեստի ոգին է հասկանալ տվել:

Գեղագիտական և կառուցողական կողմերի կապի ևս մեկ օրինակ։ Երեխաներն ուսումնասիրում էին բուրդ գզելն ու մանելու պարզագույն ձևը, երբ նրանցից մեկը՝ ավագ տարիքի մի աղջիկ, որ զբաղված էր մանելով, ճեպանկար արեց:

Նկար 3. Մանող աղջիկը

Ահա աշխատանքի ևս մի օրինակ, որը միջինից բարձր կարգի է: Սա մանելուն նախապատրաստելու համար բուրդ ձգող երկու ձեռքի պատկեր է: Նկարը տասնմեկամյա երեխան է կատարել: Իսկ կրտսեր տարիքի երեխաների հակումը արվեստի նկատմամբ հիմնականում կապված է սոցիալական բնազդի հետ՝ խոսելու, ներկայացնելու ցանկության:

Նկար 4. Թել ձգող ձեռքեր

Հիմա, մտքում պահելով այս չորս տեսակի հակումները՝ խոսելու և շփվելու, հետազոտելու և եզրակացություններ անելու, իրեր պատրաստելու կամ կառուցողական և, վերջապես, գեղարվեստական բացահայտման հակումը, կարող ենք ասել, որ դրանք բոլորը բնական պաշար են, անխառն հարստություն, որի վարժեցումից է կախված երեխայի զարգացումը: Ցանկանում եմ ևս մեկ կամ երկու պատկերավոր օրինակ բերել. առաջինը յոթ տարեկանների աշխատանքի մասին է: Այն նաև ցուցադրում է երեխայի գերակա ձգտումը դեպի խոսքը՝ հատկապես իր, տանեցիների կամ նրանց հետ կապ ունեցող իրերի մասին: Եթե դիտարկեք փոքր երեխաներին, կբացահայտեք, որ առարկաների աշխարհից նրանց հետաքրքրում են հիմնականում նրանք, որոնք կապված են մարդկանց հետ և մարդկային գործունեության ետին պլանն են կազմում:

Շատ մարդաբաններ պնդում են, որ երեխաների հետաքրքրությունների ու նախնադարյան կյանքի հետաքրքրությունների միջև որոշակի նույնություն գոյություն ունի՝ երեխաների մտքի բնական վերադարձ դեպի նախնադարյան մարդուն բնորոշ գործողությունները. որպես հաստատում՝ հյուղակը, որ երեխաները սիրում են բակում սարքել, որսորդություն խաղալը, նետ ու աղեղով խաղալը և այլն: Նորից հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվենք այս հետաքրքրությունների հետ, պետք է անտեսե՞նք դրանք, թե՞ հրահրենք ու զարգացնենք: Թե՞ պետք է դրանցից կառչենք ու տանենք առաջ՝ դեպի ինչ-որ լավ բան: Յոթ տարեկանների համար մեր նախատեսած որոշ աշխատանքների վերջնական նպատակը դրանք մարդկային ցեղի զարգացմանը ծանոթացնելու միջոց դարձնելն էր:

Երեխաներն սկսում են նրանից, որ երևակայորեն դեն են նետում կյանքի ներկա պայմանները, ընդհուպ հայտնվում բնության հետ անմիջական շփման մեջ: Սա նրանց ետ է տանում մինչև որսորդական ցեղերը, որոնք ապրում էին քարայրներում կամ ծառերի վրա և գոյության միջոցներ էին հայթայթում որսորդությամբ կամ ձկնորսությամբ: Նրանք երևակայում են կյանքի այդպիսի պայմաններին հատուկ տարբեր, որքան հնարավոր է, բնական ֆիզիկական միջավայր, ասենք՝ բլուրներ, անտառոտ զառիթափ, սար ու գետ, որտեղ ձուկն առատ է: Հետո նրանք երևակայությամբ որսորդական շրջանից հասնում մինչև կիսահողագործական շրջանը և քոչվորականից՝ մինչև նստակյաց հողագործական: Ցանկանում եմ ընդգծել, որ այս դեպքում իսկապես ուսումնասիրելու ու հետազոտելու բազմաթիվ հարմար հնարավորություններ ենք ունենում, և ձեռք են բերվում շատ օգտակար տեղեկություններ:

Այսպիսով, երբ բնազդը երեխաներին դեպի կյանքի սոցիալական կողմն է տանում, մարդկանց և աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը իրականության ավելի լայն աշխարհ է հասցնում նրանց։ Օրինակ՝ երեխաները որոշ պատկերացում ունեին նախնադարյան զենքի, նետերի քարե սլաքների և այլնի մասին, և դա դրդեց նյութերը փխրունության, ձևի, կառուցվածքի առումով փորձարկելու։ Ինքնըստինքյան նյութագիտության դաս ստացվեց, քանի որ նրանք տարբեր քարեր էին փորձում՝ պարզելու համար, թե որն ավելի լավ կհամապատասխանի իրենց նպատակին: Երկաթի մասին զրույցը կավից մեծ ձուլարան պատրաստելու ցանկություն առաջացրեց: Քանի որ երեխաներն առաջին անգամից քարշը ճիշտ կառուցել չկարողացան (վառարանի մուտքի անցքը ո´չ չափսերով, ո´չ դիրքով չէր համապատասխանում ելքինին), վառելիքի, այրման, քարշի բնույթի սկզբունքների մասին բացատրություններ տալու անհրաժեշտություն առաջացավ: Բայց պատրաստի բացատրություններ չտրվեցին. միայն ամենակարևորը նշվեց, իսկ մնացածին երեխաները փորձերի միջոցով հասան: Դրանից հետո երեխաներին մի քիչ պղինձ տրվեց, որից նրանք տարբեր առարկաներ ձուլեցին, այդպիսի փորձեր արվեցին նաև կապարով և այլ մետաղներով: Այս աշխատանքը զուգակցվում էր մշտական էքսկուրսներով դեպի աշխարհագրության բնագավառը, քանի որ երեխաները պետք է պատկերացնեին և վերականգնեին սոցիալական կյանքի այս կամ այն տեսակի համար անհրաժեշտ ֆիզիկական պայմանները: Ինչպիսի՞ ?ֆիզիկական պայմաններ կհամապատասխանեն հովվական կյանքին, հողագործության սկզբնավորմանը, ձկնորսությանը: Այդ մարդկանց միջև փոխանակման բնական ձևն ինչպիսի՞ն պետք է լինի: Զրույցների միջոցով այս հանգամանքները պարզելուց հետո երեխաները դրանք պատկերում էին քարտեզի վրա և պատրաստում ավազից: Այսպիսով նրանք պատկերացում էին կազմում երկրի մակերևույթի ձևերի մասին և ծանոթանում դրանց հետ մարդկային գործունեության հարաբերություններին. նրանք այդ ձևերն արդեն չէին դիտում որպես սոսկ արտաքին ազդակներ, դրանք սերտորեն միահյուսվում և միաձուլվում էին մարդկության սոցիալական կյանքի ու զարգացման հասկացություններին: Իմ կարծիքով, ստացված արդյունքը լրիվ արդարացնում է այն պնդումը, որ մեկ տարվա այդպիսի աշխատանքի ընթացքում (շաբաթական ընդամենը հինգ ժամ) երեխաները բնականորեն շատ ավելի ծանոթացան պատմության, աշխարհագրության, մարդաբանության փաստերին, քան կանեին այնտեղ, որտեղ տեղեկություններ ձեռք բերելը բացահայտ նպատակ և խնդիր է, որտեղ նրանք ուղղակի փաստեր սովորելու համար են նստում դասերին: Ինչ վերաբերում է կարգապահությանը, ապա երեխաներն ավելի շատ զարգացրին իրենց ուշադրությունը, բացատրելու կարողությունը, եզրակացություն անելու ունակությունը, դիտողականության սրությունը, մտորումների հետևողականությունը, քան կարող էին հասնել ուղղակի կարգապահության համար դրված ցանկացած խնդրի միջոցով:

Այստեղ ցանկանում եմ խոսել դասերը պատասխանելու համակարգի մասին:
Բոլորս գիտենք, թե դա ինչ էր. երեխան ուսուցչի և մյուս աշակերտների առաջ հաշվետվություն էր տալիս դասագրքից քաղած տեղեկությունների մասին: Դպրոցում աշխատանքի նոր դրվածքի դեպքում երեխաների ձեռք բերած տեղեկությունների հաշվետվությունը դառնում է նրանց համար ամենակարևոր հասարակական գործունեությունը՝ սեփական տանն ընթացող անկաշկանդ զրույց, բայց ավելի կազմակերպված՝ ավելի որոշակի: Հաշվետվությունը դառնում է հասարակական աշխատանք. փոխանակվում են փորձեր ու մտքեր, որոնք քննադատության են ենթարկվում, ոչ ճիշտ կարծիքներն ուղղվում են, ծնվում են մտքի նոր ուղղություններ ու նոր հարցեր:

Սովորողի հաշվետվության բնույթի այսպիսի փոփոխությունը՝ ձեռք բերած գիտելիքների ներկայացումից դեպի երեխայի շփման բնազդի ազատ արտահայտում, որոշում և ձևափոխում է լեզվաբանական ամբողջ աշխատանքը դպրոցում: Ուսուցման հին համակարգում, անվիճելի է, դպրոցում ամենադժվար խնդիրը երեխաների՝ լեզուն ազատ ու լրիվ օգտագործելու կարողության զարգացումն էր: Հիմնավորումը հասկանալի էր: Երբեմն նաև ցույց էր տրվում լեզուն սովորելու անհրաժեշտության բնական պատճառը: Մանկավարժության ձեռնարկներում լեզուն որոշվում է որպես մտքերն արտահայտելու միջոց: Մեծերի՝ զարգացած մտքով մարդկանց համար դա քիչ թե շատ այդպես է, բայց հազիվ թե կարիք կա ասելու, որ լեզուն ամենից առաջ հաղորդակցման միջոց է, որի օգնությամբ մեր փորձը փոխանցում ենք ուրիշին և նրանից ստանում իրենը: Երբ լեզվից օտարվել է այս բնական նպատակը, զարմանալի չէ, որ լեզվի ուսուցումը դժվար ու բարդ խնդիր է դարձել: Մտածե´ք լեզուն հանուն լեզվի սովորելու անհեթեթության մասին: Եթե կա ինչ-որ բան, որ երեխան կցանկանար անել մինչև դպրոց ընդունվելը, դա իրեն հետաքրքրող առարկաների մասին խոսելն է: Բայց զարմանալի չէ, որ մայրենի լեզվի ուսուցումը դպրոցական ամենադժվար աշխատանքներից մեկն է դառնում, երբ դպրոցում չկան կենդանի հետաքրքրություն առաջացնող առարկաներ, երբ լեզուն միայն դասերը կրկնելու միջոց է: Երբ լեզվի ուսուցումը դառնում է անբնական, և խոսքը կենսական տպավորություններն ու հայացքները փոխանակելով չի զարգանում, երեխաների՝ լեզվից օգտվելու ազատ հակումը աստիճամաբար մարում է, և արդյունքն այն է լինում, որ ավագ դպրոցի ուսուցիչը զանազան խորամանկությունների է դիմում, որ օգնի երեխային հասնելու լեզուն ազատ ու անկաշկանդ օգտագործելու հնարավորությանը: Երբ լեզվական բնազդին դիմում են հաղորդակցման ճանապարհով, իրականության հետ մշտական շփում է ստացվում: Արդյունքում՝ երեխայի մտքում մշտապես որևէ բան լինում է, ինչի մասին ցանկանում է զրուցել, ինչ ցանկանում է պատմել. նա միտք ունի, որն ուզում է արտահայտել, բայց միտքը միտք չէ, եթե արտահայտողին չի պատկանում: Ավանդական մեթոդի համաձայն երեխան միայն պիտի սովորածն ասի: Կյանքում տարբեր է. մարդկանց մի մասն ասելու բան ունի, իսկ մյուս մասն ուղղակի խոսում է: Տարբեր նյութերի և փաստերի տիրապետող երեխան ցանկանում է դրանց մասին խոսել, և նրա լեզուն դառնում է ավելի հարուստ, ավելի գեղեցիկ, քանի որ նա իրական կյանքով է ղեկավարվում և ոգևորվում: Կարդալը և գրելը նույնպես կարող են ուսուցանվել այս հենքով, ինչպես բանավոր խոսքին տիրապետելը: Դրան կարելի է հասնել պատմությունների տեսքով, որոնք երեխայի սեփական դիտարկումներն ուրիշին փոխանցելու և նրանցից իրենց դիտարկումներն ստանալու սոցիալական ձգտման հետևանք են, ձգտում, որը հաղորդումների ճշմարտացիությունը որոշող փաստերի և ուժերի հետ մշտական շփման միջոցով է ուղղորդվում:

Ժամանակ չունեմ խոսելու ավագ տարիքի երեխաների աշխատանքի մասին, ում նախնական չմշակված բնազդները՝ կառուցողական և հաղորդակցական, զարգացվում են գիտական ուղղվածություն ունեցող հետազոտությունների ձևով, բայց կբերեմ լեզվի օգտագործման՝ փորձարարական աշխատանքներից բխող մի օրինակ: Աշխատանքը սովորական կարգի պարզ, երեխաներին աստիճանաբար երկրաբանության ու աշխարհագրության բնագավառը տանող փորձի հիման վրա է կատարվել: Արտահայտությունները, որ ընթերցելու եմ, ինձ նույնքան քնարական են թվում, որքան և «գիտական»: «Շատ ժամանակներ առաջ, երբ երկիրը երիտասարդ էր, երբ երկիրը լավա էր, երկրի վրա ջուր չկար, և երկրի շուրջ՝ օդում, գոլորշի էր, քանի որ օդում շատ գազեր կային: Դրանցից մեկն ածխաթթու գազն էր: Գոլորշին սկսեց խտանալ, քանի որ երկիրը գնալով սառչում էր, և որոշ ժամանակ անց անձրև թափվեց, ջուրը լուծեց օդում եղած ածխաթթու գազը»: Այս հատվածում ավելի շատ գիտելիք կա, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա երեխայի եռամսյա աշխատանքի արդյունքն է: Երեխաներն ամենօրյա և ամենշաբաթյա գրառումներ էին կատարում, և այս հատվածը նրանց քառորդ տարվա աշխատանքի արդյունքն է: Այս լեզուն անվանում եմ քնարական, քանի որ երեխան իր առջև հստակ տեսնում է կերպարը և ունի իր նկարագրածի ռեալության անմիջական զգացումը: Ուրիշ երկու հաշվետվություններից էլ հատվածներ բերեմ՝ ավելի խորը ցուցադրելու համար լեզվի կենսական օգտագործումը, երբ դրան կենդանի փորձն է նախորդում: «Երբ երկիրը բավականաչափ սառեց, որպեսզի խտանա, ջուրը ածխաթթու գազի միջոցով ապառաժներից կալցիումը դուրս քաշեց հսկա ջրային պահեստարանի մեջ, որտեղ այն հասանելի դարձավ մանր կենդանիների համար»: Մյուս տարբերակում ասվում է. «Երբ երկիրը սառչում էր, կալցիումը գտնվում էր ապառաժների մեջ: Այդ ժամանակ ջուրը և ածխաթթու գազը միացան և կազմեցին լուծույթ, որը հոսելիս պոկում էր կալցիումը և տանում դեպի ծովերը, որտեղ մանր կենդանիներ կային, որոնք վերցնում էին կալցիումը լուծույթից»: Քիմիական միացությունների մասին խոսելիս «դուրս քաշել» և «պոկել» բառերի օգտագործումը վկայում է փորձի անձնական կատարման մասին, որը նշանակման համար առաջ է բերել սեփական համապատասխան արտահայտություն:

Եթե նախկին համեմատություններով այսքան շատ ժամանակ խլած չլինեի, ցույց կտայի, թե ինչպես, սկսելով ամենապարզ առարկաներից, երեխաները դուրս են բերվում փորձերի լայն դաշտեր և հասնում մտավոր կարգապահության, ինչն ուղեկցում է այդպիսի հետազոտություններին: Միայն կխոսեմ այն փորձի մասին, որից սկսվեցին աշխատանքները: Դա նստվածքային կավճի ստացումն է, ինչն օգտագործում են մետաղները փայլեցնելու համար: Երեխաները պարզ սարքերի՝ մեծ բաժակի, կրաջրի և ապակյա խողովակի միջոցով ստացան կալցիումի կարբոնատի նստվածք, դրանից հետո ուսումնասիրեցին այն պրոցեսները, որոնց պատճառով երկրի մակերևույթի վրա տարբեր տեսակի (նստվածքային, հրաբխային) ապարներ են առաջացել, և այն վայրերը, որտեղ դրանք տարածված են, հետո ծանոթացան Միացյալ Նահանգների՝ Հավայան կղզիների և Պորտո-Ռիկոյի որոշ աշխարհագրական տվյալների, կազմությամբ և ձևով տարբեր ապարների ազդեցությանը մարդկանց զբաղմունքի վրա. արվեց այնպես, որ երկրաբանական ներածությունն ավարտվեց մարդու ժամանակակից կյանքին ծանոթանալով: Երեխաները տեսան և զգացին կապը դարեր առաջ տեղի ունեցած երկրաբանական պրոցեսների և մեր օրերի արդյունաբերական զբաղմունքները որոշող ֆիզիկական պայմանների միջև:

Դպրոցի և երեխայի կյանքի հարաբերության հարցի վերաբերյալ եղած առարկություններից առանձնացնում եմ մեկը, քանի որ, կարծում եմ, մանրդկանց համար այն ամենադժվար հաղթահարվողն է և ամենամեծ փորձաքարն է: Մեզ ասում են՝ կարելի է ենթադրել, որ դպրոցը կդրառնա այն տեղը, որտեղ երեխան իսկապես կարող է ապրել և կենսական փորձ ձեռք բերել, որտեղ նա կարող է բավականություն ստանալ և ինքն իր համար իմաստ գտնել: Բայց հետո լսում ենք հետևյալ հարցը՝ ինչպե՞ս կարող է երեխան այդ հենքի վրա իրեն անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերել: Ինչպե՞ս կվարժվի պահանջվող կարգապահությանը: Այո, հարցն այն է, որ շատ մարդկանց, եթե ոչ մեծամասնության համար սովորական ապրելակերպն անհամատեղելի է թվում գիտելիքների ձեռքբերման և կարգապահության հետ: Այդ պատճառով փորձեցի ամենաընդհանուր գծերով և ոչ բավականաչափ ընդգծված (միայն դպրոցն իր ամենօրյա աշխատանքում կարող է տալ մանրամասն ու ամբողջական պատկերը) ցույց տալ, թե ինչպես կարելի է հենվել մարդկային բնույթի սկզբնական բնազդներին և օգտվելով համապատասխան միջոցներից՝ ղեկավարել դրանց արտահայտումները՝ ոչ միայն առանձին երեխայի զարգացումը հեշտացնելու և հարստացնելու, այլև նրան նույն չափով կամ ավելի շատ տեխնիկական տեղեկություններով զինելու և կարգապահության վարժեցնելու համար, այսինքն՝ այն ամենով, որն անցյալում համարվում էր կրթության կատարելատիպը:

Չնայած ընտրեցի այս հատուկ ճանապարհը՝ տեղի տալով ամենուր բարձրացված հարցին, սակայն մտադիր չեմ գործը թողնել այս շատ թե քիչ բացասական և բացատրություն պահանջող վիճակում: Կյանքը, վերջապես, կարևորագույն բանն է. երեխայի կյանքն իր ժամանակին և իր չափով պակաս արժեքավոր չէ, քան մեծահասակինը: Իսկապես, տարօրինակ կլիներ, եթե խելամիտ և լուրջ ուշադրությունը, որի կարիքը երեխան հիմա ունի և ինչին արժանի է բազմակողմանի, արժեքավոր և բովանդալից կյանք ունենալու նպատակով, ինչ-որ ձևով հակասեր նրա հետագա՝ հասուն տարիքի կարիքներին ու պահանջներին: «Թո´ւյլ տվեք մեզ ապրել մեր երեխաների հետ» արտահայտությունն ամենաանհեթեթ արտահայտությունն է երեխայի ներկա կյանքին օգնելու միջոցի մասին. այն նախ և առաջ նշանակում է, որ մեր երեխաները պետք է ապրեն և ոչ թե կապկպված լինեն ու նվաղեն՝ բռնի ներքաշված ընթացիկ կյանքի տարբեր պայմանների մեջ: Եթե դաստիարակության գործում երկնային արքայություն ենք փնտրում, ապա մնացածն ինքն իրեն կլինի. արտահայտություն, որը եթե մեկնաբանվի, նշանակում է, որ եթե մեզ նույնացնենք երեխաների, նրանց կարիքների և մանկական բնազդների հետ և պահանջենք դրանց ամբողջական ճանաչում և զարգացում, ապա մեծահասակ մարդուն անհրաժեշտ կարգապահությունը, գիտելիքը և կուլտուրան կգան անհրաժեշտ ժամանակին:

Մշակույթի մասին խոսակցություններն ինձ հիշեցնում են, որ երեխայի գործունեության միայն արտաքին կողմի մասին եմ խոսել, միայն երեխայի իմպուլսների արտաքին արտահայտումների՝ խոսքի, աշխատանքի, հետազոտությունների և ստեղծագործությունների մասին: Իրական երեխան (բոլորին հայտնի է, այնպես որ կարելի է և չնշել) ապրում է երևակայական արժեքների և մտքերի աշխարհում, որոնք միայն ոչ կատարյալ արտաքին թաղանթ են գտնում: Մանկական «երևակայության» պաշտամունքի մասին շատ խոսակցություններ ենք լսում: Շատ խոսք ու աշխատանք ենք ծախսում այն հավատով, որ երևակայությունը երեխային բնորոշ հատկություն է, որը բավարարվածություն է գտնում մի հատուկ ուղղությամբ՝ ընդհանուրի կարծիքով, ոչ իրականի, քիչ հավանականի ուղղությամբ՝ առասպելներում և հորինված պատմություններում: Ինչո՞ւ են մեր սրտերն այդքան կոպիտ, և հավատը՝ այդքան կրավորական: Ֆանտազիան միջավայր է, որում երեխան ապրում է: Նրա համար ամենուր և ամեն ինչում, ինչով զբաղված են միտքը և գործողությունները, արժեքների և կարևորության ավելցուկ կա: Երեխայի կյանքի և դպրոցի հարաբերությունն այսպիսով հանգում է հետևյալ հարցին՝ պետք է անտեսե՞նք այս բնական վիճակն ու հակումները՝ այսպիսով գործ ունենալով ոչ թե կենդանի երեխայի, այլ մեռյալ կերպարի հետ, որին ինքներս ենք ստեղծել, թե՞ պետք է նրան բավարարվածություն և ազատություն տանք: Եթե հավատանք կյանքին (և հատկապես երեխայի´ կյանքին), ապա բոլոր պարապմունքներն ու առարկաները, որոնց մասին խոսեցինք, ամբողջ պատմությունն ու բնագիտությունը կդառնան պետքական նյութ և միջոց՝ երեխայի երևակայությունը դաստիարակելու և նրա կյանքը կարգավորելու համար: Այնտեղ, որտեղ հիմա միայն արտաքին գործողություններ ու արտաքին հետևանքներ ենք տեսնում, այնտեղ՝ այս արտաքին դրսևորումների ետևում, տեղի է ունենում նրա մտավոր ապարատի վիճակի ճշգրտում, նրա հայացքների ու համակրանքների ընդարձակում, ինչը իր գիտելիքներն ու իր կարողություններն աշխարհի ու մարդկության հետաքրքրությունների հետ նույնացնելու աճող ուժի և ցանկության գիտակցում է դառնում: Եթե մշակույթը արտաքին փայլ, սովորական տախտակը պատող կարմրափայտե նրբատախտակ չէ, ապա անպայման երևակայության ճկունության զարգացումն է, դրա ծավալի և զգայնության լայնացումը, քանի դեռ կյանքը, որն անհատն ապրում է, զուգակցվում է բնության և հասարակության կյանքին: Երբ դասասենյակում բնությունն ու հասարակությունը կապրեն, երբ ուսուցման ձևերն ու գործիքները կենթարկվեն փորձի բնույթին, այդ դեպքում այդպիսի նույնացում կառաջանա, և մշակույթը ժողովրդավարական նշանաբան կդառնա:

(Հաջորդ գլուխը)

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.