«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ12

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»

Մեթոդական մշակումներ

Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»

Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մասնավոր դպրոցի մոդել

Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Տեսլայի հետազոտական մեթոդը

Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք

ԱՐՁԱԳԱՆՔ


Սելեստեն Ֆրենե

Նոր ֆրանսիական դպրոց

Ժողովրդական դպրոցի նյութական, տեխնիկական և մանկավարժական կազմակերպման գործնական ուղեցույց

I. Նոր պայմաններում դպրոցի բարեփոխման ընդհանուր սկզբունքները

II. Դաստիարակության հիմնական փուլերը

Դաստիարակության հետևյալ փուլերն ենք առանձնացնում.

1. դաստիարակություն ընտանիքում` ծնված օրվանից մինչև 2 տարեկան.
2. «Մանկական արգելոց»՝ 2-4 տարեկան.
3. մանկան պարտեզ՝ 4-7 տարեկան.
4. տարրական դպրոց՝ 7-14 տարեկան:

Հասկանալի է, որ չի ենթադրվում, թե երեխայի սեռական հասունացման շրջանում, երբ նա, կարելի է ասել, հասուն կյանքի շեմին է, դպրոցն իր դաստիարակչական գործունեությունը պետք է դադարեցնի: Բայց ձգտում ենք լուսաբանել այն թեմաները, որոնք առավել խորը գիտենք, ուստի մեր գործնական ուղեցույցը սահմանափակվում է մինչև 14 տարեկան հասակով: Ուսուցման 2-րդ և 3-րդ աստիճանների ուսուցիչները նմանօրինակ հետազոտությունները պիտի ընդունեն համապատասխան տարիքների համար՝ չմոռանալով սակայն, որ մեր կողմից մշակված ընդհանուր սկզբունքները ընդունելի են նաև նրանց համար:

Դաստիարակություն ընտանիքում

Կյանքի առաջին տարիներից երեխայի`որպես անհատ ձևավորվելու առաջնային, որոշիչ նշանակությունը մեր «Խորհուրդներ ծնողներին» գրքում (1) ենք ընդգծել: «Զգացմունքների հոգեբանություն և դաստիարակություն» գրքում (2) մանրամասն անդրադարձել ենք այդ խնդրին: Սկզբնական փուլում անհատականության ձևավորումից է մեծապես կախված է երեխայի զարգացման հետագա փուլերում դաստիարակության հաջողությունը՝ անհատական, հասարակական և համամարդկային առումով:

Երեխայի առողջության նկատմամբ, իհարկե,  անտարբեր չենք, ցանկանում ենք, որ նա պինդ ու հավասարակշռված, գործուն ու հետաքրքրասեր լինի, որ չտառապի անգրագիտության և աղքատության պատճառով՝ հասարակական այն արատների, որոնք դաստիարակների բոլոր ջանքերն ի չիք են դարձնում: Մանկավարժական և բարոյական տեսանկյունից իրավունք չունենք անտեսելու հասարակական այն գործոնները, որոնք մեզանից անկախ են երեխայի վրա ներգործում, սակայն որոշում կամ պայմանավորում են դաստիարակության գործընթացը:

Չփորձելով չափազանց ընդարձակել մեր գործունեության դաշտը` ձգտում ենք գոնե հնարավոր ամեն ինչ անել, որ ծնողները, դաստիարակները և իշխանություններն այդ գործոնների նշանակությունը գիտակցեն (որպես կանոն՝ դրանց բավարար ուշադրություն չեն դարձնում) և դրա հիման վրա իրենց համար պարզեն դաստիարակության արդիական խնդիրները, մանավանդ որ դրանցից շատերը մանկավարժության շրջանակից դուրս են գալիս:

Թվարկենք դիտարկման ենթակա հիմնական հարցերը.

ա) ծնողների առողջությունը և պայքար առողջությունը խաթարող աշխատանքային ծանր պայմանների, հարբեցողության դեմ, հանուն աշխատավորների բնակարանային պայմանների բարելավման.

բ) հղի կանանց նկատմամբ առանձնահատուկ հոգատարություն.

գ) նորածնի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում`

  • լուսավոր, խաղաղ, լավ օդափոխվող շինություն,
  • օրորոց և խանձարուրներ,
  • սնունդ,
  • միջավայր, որ նպաստում է երեխային՝ կյանքի առաջին փորձը ձեռք բերելու.

դ) ծնողների վարքագիծը երեխայի կյանքի առաջին տարիների ընթացքում:

Հղում անենք մեր «Խորհուրդներ ծնողներին» գրքին, որտեղ այս ամենը շատ մանրամասն տրված է:

«Մանկական արգելոցներ»

Մեր «Զգացմունքների հոգեբանություն և դաստիարակություն» գրքում հիմնավորվում է նախադպրոցական հիմնարկների ստեղծման անհրաժեշտությունը. դրանք «մանկական արգելոցներ» ենք անվանում: Այստեղ շատ համառոտ դրանց աշխատանքի հիմնական սկզբունքներն են շարադրվում:

Երեխայի կյանքի ցանկացած փուլում իսկական դաստիարակությունն իրականացվում է «շոշափելով ճանաչելու» սկզբունքի հիման վրա. սա գիտական բոլոր մեթոդներից  ավելի կարևոր է: Մեր կրթական համակարգի սխալն այն է, որ նա իր բանական մեթոդիկայով կյանքի անխախտ օրենքը փոխել է փորձում: Այն ամենը, ինչ կարող է և պարտավոր է անել դաստիարակը, հետևյալն է՝ երեխայի իմացության գործընթացն ամբողջացնել-հարստացնել, արագացնել, որպեսզի անհատին հասարակության մեջ ակտիվ դեր ստանձնելուն, մարդկանց մեջ ապրելուն նախապատրաստի:

Կյանքին արդյունավետ նախապատրաստվելու համար երեխան «շոշափելով» աշխարհը ճանաչելուն նպաստող հարուստ շրջակա միջավայրի կարիք ունի: «Հարուստ» ասելով` բոլորովին նկատի չունենք ծնողների նյութական դրությունը, այլ այն, թե այդ միջավայրը երեխայի անձի ձևավորման համար ինչքան հետաքրքիր և բազմազան հնարավորություններ է ընձեռում:

Այդպիսի միջավայրը շատ հազվադեպ է, համենայն դեպս բանվորական ընտանիքների երեխաների համար, որոնց վրա ծանրացած է կապիտալիզմի անեծքը. քաղաքում համատարած ասֆալտ է, ետնախորշեր, տների կուտակում, ո´չ մաքուր օդ, ո´չ տարածություն, ո´չ ծառ, ո´չ ծաղիկ, ո´չ կենդանիներ, իսկ գյուղական վայրերում շրջապատող բնության հարստությունն ու բազմազանությունը բնակչության քաղաքակրթության ցածր մակարդակն այնուամենայնիվ չեն չեզոքացնում: Սակայն մեկ է, ավելի վատ է քաղաքում, որտեղ երեխաներն առանց կանաչի ապրելու հարկադրված, գազանանոցի արգելափակված գազանիկներ են հիշեցնում, անկյանք, չոր հողի վրայի փոքրիկ վտակի խղճուկ նմանությամբ:

Կենդանիները, որպես կանոն, նորմալ կենսագործունեությանը խանգարող այդպիսի անբնական միջավայրում չեն կարողանում գոյատևել, իսկ եթե գոյատևում են, սերունդ չեն ունենում և աստիճանաբար մարում են՝ չնայած անգամ լավ սնվելուն:

Ուստի կենդանիների այն տեսակների համար, որոնց ոչնչացում էր սպառնում, արդյունավետ լուծում գտան՝ նրանց բնակության վայրերում` անտառներում, լեռներում, հովիտներում, արտաքին բոլոր վտանգներից պաշտպանված գոտիներ ստեղծեցին: Փրկության կարիք ունեցող կենդանիները բնական պայմաններում՝ արգելանոցներում, ապրելու և զարգանալու հնարավորություն ստացան:
Պահանջում ենք, որ կենդանիների վերաբերյալ իրեն արդարացրած այդ իմաստուն որոշումը նաև մեր երեխաների վրա տարածվի:

Սկզբունքորեն, մանկապարտեզների նկատմամբ այդ նոր, առավել հարմար տեսակետը Մ. Մոնտեսորին (3) է առաջ քաշել, սակայն մեր կարծիքով, նրա հայեցակարգը չափազանց ձևական էր և երեխաների ոչ բոլոր կենսական պահանջմունքներին էր համապատասխանում:

Եթե երեխային միջավայրը շրջապատող աշխարհին հարմարվելու համար անհրաժեշտ ինքնուրույն փորձ ձեռք բերելու հնարավորություն չի ընձեռում, ապա դաստիարակն ստիպված է լինում զբաղվել տարբեր մանկավարժական ձեռնածություններով, որոնք երբեմն դժվար է լինում կեղծիքից տարբերել: Բնական միջավայրում դաստիարակի խնդիրը նկատելիորեն հեշտանում է. բավական է, որ նա նոր մանկավարժության ոգով տոգորվի և երեխաներին ընդամենը օգնի աշխարհը ճանաչելու փորձ ձեռք բերել:

Մեր «արգելոցն» ուղղակի դասասենյակ կամ զբոսայգի չի լինի: «Արգելոցի» նյութական և տեխնիկական կահավորման նախապատրաստումն ու հետագա բարելավումը դաստիարակների հիմնական խնդիրներից մեկը կդառնա:

1. «Մանկական արգելոցների» դիրքը: Դրանք բավականին ընդարձակ պուրակներում կամ պարտեզներում պետք է տեղավորվեն:

2. Արգելոցի հողատարածքը: Սովորաբար ցանկացած կացարանի նկարագրությունն սկսում են շինությունից, իսկ հետո անցնում են տեղանքին: Այդ կանոնը կփոխենք, որպեսզի ընդգծենք`գլխավորը մեզ համար բնությունն է, իսկ շինությունները երկրորդական դեր ունեն, ասենք՝ վատ եղանակի դեպքում են օգտագործվում:

ա) Բնական միջավայր: Երեխան նույնպես, ինչպես կենդանին, ծնվելով ազատության մեջ՝ վանդակում չի կարող զարգանալ: Բնության մեջ ապրելը նրան անհրաժեշտ է: Նրա տնօրինության տակ թողնենք բնությունը` ծառեր և թփեր, որոնց տակ ճյուղերից կարող է վրաններ սարքել, բլրակներ, որոնք կարող է մագլցել, քարանձավներ, որտեղ կարելի է թաքնվել, ջրապտույտներով գետակներ՝ փոքրիկ ջրվեժներով, բայց ոչ խորը, որ խեղդվելու վտանգ չլինի,  ավազոտ լողափով լճակ, որ ամռանը հնարավոր լինի ջրում թպրտալ:

բ) Խնամված տարածք` մարգագետին, հացաբույսերի (ցորեն, գարի) ցանքեր, մրգատու այգի, բանջարանոց, ծաղիկներ. ամեն ինչ երեխաների աչքի առաջ է աճեցվում:

գ) Վայրի կենդանիներ` նապաստակներ, անտառային թռչուններ, ձկներ. նրանք ազատության մեջ են ապրում, և նրանց սպանելն արգելված է:

դ) Ընտանի կենդանիներ` կովեր, այծեր, իշուկներ, հավեր, աղավնիներ. նրանք հատուկ շինություններում են ապրում և արածում են մարգագետիններում:

ե) Այգի և բանջարանոց երեխաների համար՝ հողակտոր, որտեղ երեխաներն իրենք հատուկ գործիքներով կարող են հողը մշակել:

3. Շինությունները ճիշտ նույն նպատակին պիտի ծառայեն` երեխային օգնեն, որ «շոշափելով ճանաչի»:

Առաջին հարկում տեղակայվում են՝

- ընտանի կենդանիների հատվածը,

- կենդանի բնության անկյունը (սենյակային բույսեր, թռչուններ, սեզոնային մրգերի և բանջարեղենի փոքրիկ ցուցահանդես),

- «ճանաչողական» սենյակը` փոքրիկ ավազուտով, լողավազանով և շատրվանով, նաև խաղալիքներն են այստեղ` խորանարդիկներ, մեքենաներ, տիկնիկներ, սպասք և այլն,

- հանգստի սենյակը, որտեղ գորգ, աթոռներ, սեղան, մահճակալներ պիտի լինեն, կից խոհանոց, որպեսզի տաք նախաճաշ սարքեն:

Երկրորդ հարկում տեղավորվում է սպասարկող անձնակազմը՝

ա) աշխատողներ, որոնք երեխաների աչքի առաջ կենդանիներին են խնամում և հող մշակում. նրանք երեխաներին պիտի սիրեն և նրանց հետ լեզու գտնեն,

բ) դայակներ և բուժքույրեր:

Նման «արգելոցը» մոտ 50 երեխայի համար է նախատեսվում: Նրանցից ովքեր ամբողջ օրն այնտեղ պիտի անցկացնեն, պիտի ապահովված լինեն սնունդով և հանգստի համար նախատեսված մահճակալներով:

Մեզ կարող են ասել, որ այս ամենն ավելորդ դժվարություն է, և սովորական մանկապարտեզները մեզ լիովին բավարարում են: Սակայն իրականում այդ պարտեզները ահագին նման են գազանանոցների` թեկուզ և շատ լավ կահավորված: Դրա հետ մեկտեղ այնտեղ չափազանց մեծ տեղ են տալիս խաղին՝ ի վնաս շոշափելով ճանաչելու, իսկ չէ՞ որ դա աշխատանքի առաջին փուլն է: Այդ մանկապարտեզներում նաև բնական միջավայրի, կենդանիների, բույսերի, ինչպես և բնության մեջ աշխատելու նշանակությունն է թերագնահատվում, այն ամենի, ինչ օգնում է, որ երեխան աշխարհը ճանաչի: Իսկ մենք ցանկանում ենք երեխաների համար բավականին հարուստ շրջակա միջավայր ստեղծել, որն ապագա ինքնուրույն կյանքին և գործունեությանն ակտիվորեն պատրաստվելու իրական հնարավորություն կընձեռի երեխային:

Գյուղատնտեսական աշխատանքներից ստացված եկամտի շնորհիվ «արգելոց» ստեղծելու ծախսերը չափազանց շատ չեն լինի: Ավելին, «արգելոցները» հանրային մանկապարտեզների առավել տնտեսող և գործնական ձևը կարող են լինել:

Մանկապարտեզներ 4 տարեկանից մեծ երեխաների համար

Սա մի փուլ է ընտանեկան դաստիարակության, որն անհրաժեշտության դեպքում լրացվում է «մանկան արգելոցի» դաստիարակությամբ, և դպրոցի միջև:

Նախորդ փուլում երեխան իրեն շրջապատող միջավայրն է սկսել ճանաչել, իսկ հետո, իր ավելի վաղ ձեռք բերած փորձից ելնելով, սկսել է ձևավորել իր անձը: 4 տարեկանում արդեն նա միջավայրին փորձում է ստիպել իրեն ծառայել:

Դաստիարակության այս փուլում, ինչպես և նախորդում, դասերի նպատակահարմարությունը ժխտում ենք, ինչ հրապուրիչ ձևով էլ որ տրվեն: Անհրաժեշտ են միայն խաղ-աշխատանքին առավել հարմար պայմաններ՝ նյութեր, գործիքներ և տեխնիկական միջոցներ աշխատանք-խաղն ու խաղ-աշխատանքն իրականացնելու համար՝ դաստիարակչական ամբողջ գործունեությունը աշխատանքի գործընթացում երեխայի անձի ձևավորմանը համապատասխան կազմակերպելու:

Պետք է խոստովանել, որ այս ուղղությամբ քիչ բան չի արված, և որոշ քայլեր, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտասահմանում, զարմանալիորեն մոտիկ են մեր ձեռնարկումներին: Անարդար կլիներ այստեղ չհիշել, որ բոլոր մանկավարժները երախտապարտ են Դեկրոլիին (4), Մոնտեսորիին, ինչպես նաև իրենց գործին հավատարիմ բոլոր այն դաստիարակչուհիներին, որոնք արդարացիորեն բարի համբավ ունեն ֆրանսիական մանկապարտեզներում:
Սակայն, մեր կարծիքով, անհրաժեշտ են որոշ փոփոխություններ և լրացումներ, որոնք և այստեղ նշել ենք:

Մանկապարտեզի շենքը և հարակից տարածքը

Մանկան պարտեզներն առաջարկում ենք կատարելագործել` ելնելով շոշափելով ճանաչելու նոր հայեցակարգի ընձեռած հնարավորություններից:

Դաստիարակության նույնիսկ ամենակատարյալ մեթոդիկան, ինչպես օրինակ Մոնտեսորիի մեթոդները, երեխայի կյանքն իր ողջ բարդությամբ և բազմազանությամբ չի քննարկում: Դաստիարակության գործող համակարգը սահմանափակվում է որոշակիորեն սահմանված, նախօրոք նախատեսված գործողությունների շարքով: Այդ պատճառով Մոնտեսորիի մանկապարտեզը մնում է գազանանոցի մի մեծավանդակ, ճիշտ է, լրիվ ժամանակակից: Սահմանափակ տարածության մեջ այստեղ ժողովված են երեխայի պարզագույն գործունեության համար մի քիչ անհրաժեշտ առարկաներ: Ավագն իր իշխանությամբ իմացության հնարավորությունը սահմանափակում է, ավելորդ դարձնում նրա առանձին փուլերը: Ինչ ինքն է կարևորում, այն էլ սովորեցնում է` կոճակները կոճկել և կոշիկի քուղերը կապել, որպեսզի ինքնուրույն հագնվի, գույները, ձևերը համեմատել և համադրել, որպեսզի զարգանան շոշափելիքը և տեսողությունը, գրելու տեխնիկայի հետևողական յուրացման համար անհրաժեշտ վարժություններ կատարել:

Սակայն այդ շատ նեղ հունից կյանքն անընդհատ դուրս է թռչում՝ կարծես հիշեցնելով, որ մեր ձևական մեթոդներով նրան շրջանակի մեջ մտցնելու փորձերն անօգուտ են, որ ընդհակառակը, այդ մեթոդները պետք է, ավելի ճկուն դարձնել, հարստացնել, որպեսզի նպաստեն կյանքն ավելի պայծառ դարձնելուն:

Կարելի է պնդել, որ Մոնտեսորին և նրա ֆրանսիացի հետևորդները կատարելության հասցրին իրենց մանկական «պարտեզ–գազանանոցները»: Մենք ևս մի ճիգ պիտի գործադրենք, որպեսզի երեխաներին կյանքի ողջ բազմազանությանը, ստեղծարար աշխատանքին նախապատրաստող մանկապարտեզին հասնենք:

Հարկավոր է շոշափելով իմանալուն նպաստող, կյանքի նման հարուստ ու բազմազան միջավայր ստեղծել: Իր սաներին կյանքին նախապատրաստող մանկան պարտեզին անհրաժեշտ են`

ա) ընդարձակ, մեծ լուսամուտներով, շատ լավ լուսավորված և օդափոխվող շինություն՝ աշխատանքի և իմացության համար անհրաժեշտ ամեն ինչով զինված (կահավորումը ստորև կնկարագրենք). նույն այդ շենքում կենդանի բնության անկյուն պիտի լինի, որտեղ երեխաները կարող են լինել վատ եղանակին, երբ պարտեզ դուրս գալ չի կարելի.

բ) բնական միջավայր` փոքրիկ մարգագետնով, առվակով կամ վտակով, բոլոր հնարավոր բույսերով մի պարտեզ, որտեղ երեխաները կարող են արդյունավետ աշխատել, ինչպես նաև փակ տարածք, որտեղ կենդանիներ են պահում, կան ակվարիում, հեբրարիում և այլն:
Պարտադիր չէ, որ այգին դպրոցական շենքի կողքին լինի: Գուցե և երեխաներին լավ եղանակին այնտեղ տանելու հարկ լինի, ինչպես ինքներս ենք հանգստյան օրերին, իսկ ամռանը՝ հաճախ նաև աշխատանքից հետո, քաղաքից դուրս մեկնում:

Մանկապարտեզի կահավորումը և տեխնիկական միջոցները

Այս բաժնում նույնպես մեզ արդեն հայտնի նշանավոր դաստիարակների կողմից ներդրված և մեր մանկապարտեզների կենցաղում շատ թե քիչ հիմնավոր մտած կահավորումն ու տեխնիկական միջոցները որպես նորամուծություն չենք ներկայացնի:
Որոշ էական մեթոդների բնութագրմամբ, երեխայի գործունեության տարբեր ձևերի կարևորության աստիճանի որոշմամբ կսահմանափակվեք և մատնացույց կանենք այն նորարարությունները, որոնք անհրաժեշտ ենք համարում:

Մեր ժամանակներում մանկավարժական երկու հակադիր ուղղություններ սպառնում են մանկապարտեզների ճակատագրին: Մեկը երեխաների կյանքը դասերի և տնային աշխատանքների միջոցով ինչքան հնարավոր է շուտ «կարգավորելու» ձգտող սխոլաստիկ ուղղությունն է: Դա գիտելիքների և հմտությունների ձևական ձեռքբերումն է կարևորում. երեխաներին սովորեցնում են ընթերցանության և գրավոր խոսքի հիմունքները, նրանց համար բարոյախրատական պատմվածքներ ընթերցում, նկարների կամ հատուկ խաղերի օգնությամբ բանավոր հաշիվ սովորեցնում: Սակայն երեխայի դեռևս չամրապնդված հիշողության համար այս պարապմունքներն անժամանակ են: Մյուս ուղղությունը, որը կարելի է երեխայական (ինֆանտիլ) անվանել, հակառակը, չափազանցված հովանավորությամբ երեխային արդեն անցած փուլում է պահում: Երեխաներին ամենատարբեր խաղերով ու խաղալիքներով զբաղեցնում են՝ իրականում ձգտելով մեկ նպատակի՝ լռության և կարգապահության հասնելուն: Այդ ուղղությունը մեծ քանակությամբ իբր դաստիարակչական նշանակություն ունեցող խաղեր ու խաղալիքներ ստեղծեց, որոնք իրականում քիչ թե շատ հետաքրքիր ժամանցի առարկաներ են և, վերջին հաշվով, եկամտի աղբյուր նրանց համար, ովքեր դրանք արտադրում և իրացնում են:

Այս երկու ծայրահեղությունների միջև պետք է փնտրել Ճիշտ ճանապարհը: Մենք երեխայի կենսագործունեության զարգացման երեք փուլ ենք առանձնացնում:

Առաջին փուլը շոշափելով հետախուզումն է, երբ երեխան շրջապատող աշխարհը ճանաչում, հետազոտում և փորձում է, որպեսզի նրանում տեղավորվի և նրա գաղտնիքները հասկանա: Այս փուլն ավարտվում է երկու տարեկանում: Այդ ժամանակ երեխան կարողանում է քայլել, նրա ձեռքերն ազատ են, դա նրան տեղաշարժվելու ինքնուրույնություն և գործելու ազատություն է ընձեռում:

Երկրորդ փուլն անվանում ենք ընտելանալու շրջան: Երեխային արդեն չի բավարարում ուղղակի ճանաչելը, ուղղակի քարը շրջելը, որպեսզի իր ուժը փորձի կամ տեսնի, թե տակն ինչ կա: Նա արդեն, ինքն դա չգիտակցելով, իր ձեռք բերած փորձն ընդհանրացնում և կարգավորում է  հիմնական կենսաբանական պահանջմունքների և շրջապատող աշխարհի հանելուկների համաձայն: Սակայն նա դեռ ինքն իր մեջ պարփակված է, նրա խնդիրն ընդամենն իր անձը ստեղծելն է, ուստի գիտակցված գործունեության դեռ պատրաստ չէ: Դա, ինչպես շատ հոգեբաններ են բնորոշում, եսակենտրոնության շրջանն է: Իսկ մենք գերադասում ենք այս շրջանն անվանել «ընտելացում», որպեսզի ընդգծենք, որ եսակենտրոնության էությունը պարզապես ամեն ինչ իրեն հանգեցնելը չէ, չէ՞ որ երեխան նաև  բացառիկ վեհանձն արարքների է ընդունակ: Խոսքն ըստ էության ֆունկցիոնալ անհրաժեշտության մասին է: Այսպիսի համեմատություն կարող ենք անել. նորաբնակը, իր նոր բնակարանն ուշադիր ուսումնասիրելուց (հետախուզման շրջան) հետո սկսում է այն յուրայնացնել: Նա մինչև վերջ տարված է այս գործընթացով, որն իր համար կենսական անհրաժեշտություն է: Սրանից բոլորովին չի հետևում, որ նա հիասթափվել է ընկերներից. Նա առաջվա նման բարի և մարդամոտ է, սակայն չարժե նրան անհանգստացնել, մինչև որ նոր տեղում հարմարվի:

Երեխայի ընտելացման շրջանը շարունակվում է մինչև 4 տարեկանը: Հետո սկսվում է երրորդ փուլը` աշխատանքի շրջանը: 4-5 տարեկանում երեխան արդեն շրջապատող միջավայրը բավականաչափ ուսումնասիրել է, այդ միջավայրին հարմարվել, շատ թե քիչ յուրացրել է և իր առաջին կենսափորձը կարգավորել: Այժմ նա շրջապատող աշխարհը նվաճելուն ձեռնամուխ լինելու ժամանակ և հնարավորություն ունի: Դա աշխատանքի ընթացքում է իրականացվում: Մարդուն իր ֆիզիկական և հոգևոր պահանջմունքները բավարարելու հնարավորություն տվող հիմնական գործունեությունը հենց աշխատանքն է, կյանքում իր կոչումն իրականացնելու անհրաժեշտ ուժը աշխատանքն է տալիս:

Եթե շրջապատող պայմանները հնարավորություն են տալիս, այս փուլում երեխան սկսում է աշխատել: Իսկ եթե չէ, իսկական աշխատանքին, որի կարիքը նա զգում է, ինչ-որ չափով խաղ-աշխատանքն է փոխարինում:

* * *

Այսպիսով, մեր դաստիարակության համակարգի հիմնական փուլերը թվարկեցինք՝  հոգեբանորեն հիմնավորելով յուրաքանչյուր փուլին համապատասխանող գործունեությունը՝

  • դաստիարակություն ընտանիքում - շոշափելով հետախուզում.
  • «մանկական արգելոց» - ընտելացման փուլ.
  • մանկապարտեզ և տարրական դպրոց - աշխատանքի փուլ

 Սակայն կյանքում այս փուլերն այնքան էլ հստակ սահմանազատված չեն: Նորաբնակը, թռուցիկ դիտելով իր կացարանը, այն սկսում է կահավորել այն չափով, թե ինչպես են կահույք բերում, ժամանակ առ ժամանակ էլ շեղվում է, որ շարունակի ուսումնասիրությունը, ընդ որում, մինչև վերջ չտեղավորված՝ շարունակում է ընկերների հետ շփվել և աշխատանքի գնալ, իսկ աշխատանքից հետո նորից բարեկարգում բնակարանը: Բայց եթե այդ մարդը բավականաչափ նախաձեռնող չէ, եթե գործունեության այդքան բազմազանությունը նրա ուղեղը ճնշում է ու նյարդերի վրա ազդում, և միաժամանակ երկու գործ անել չի կարողանում, ապա միայն իր կացարանը մինչև վերջ ուսումնասիրելուց հետո կսկսի այն կահավորել: Իսկ կահավորումն այնքան երկար կտևի, որ ժամանակ և ուժ չի ունենա, որ նորից միանա կյանքին, դառնա իր գործերին:

Այդպես էլ երեխան է. նա դեռ շարունակում է աշխարհը շոշափելով ճանաչել, սակայն միաժամանակ սկսում է այն յուրացնել: Երբ հանգամանքները նպաստավոր են, նա կարող է գործի անցնել, սակայն ժամանակ առ ժամանակ վերադառնալ յուրացնելուն կամ նույնիսկ հետախուզմանը: Հետ մնացող և ոչ լիարժեք երեխաները մեծ դժվարությամբ են մագլցում այդ աստիճանները, և աշխատանքի փուլը նրանց համար անհասանելի է մնում:

Մանկավարժական մեթոդները չափազանց ճկուն պետք է լինեն, որպեսզի համապատասխանեն կյանքի պահանջներին, որոնք չեն տեղավորվում ձևական շրջանակներում, ինչպիսի դասակարգում էլ լինի: «Մանկական արգելոցներում» դեռ շոշափելով հետախուզելուն մեծ ուշադրություն պետք է դարձնենք. այդ փուլը դեռ ավարտված չէ: Իսկ մանկապարտեզում, գոնե առաջին տարիներին, աշխատանքով ծանրաբեռնելուց առաջ հարկ կլինի օգնել երեխաներին յուրացնել, որի կարիքը դեռ ունեն:
Նշված նպատակներին պիտի համապատասխանեն այն գործիքները, որ այս փուլում երեխաներին կտրամադրենք:

Այսպիսի շերտավորումը գործնականում ժամանակի բավական մեծ հատված է գրավում, որի տևողությունը կախված է յուրաքանչյուր երեխայի հակումներից և ընդունակություններից. այն տարիքում. այն տարիքում, երբ երեխաներն արդեն գիտակցաբար աշխատում են, հաճախ ենք տեսնում, թե նրանք ինչպես են վերադառնում նաև գործունեության այլ ձևերի, օրինակ` շոշափելով հետախուզելուն և յուրացմանմանը հատուկ խաղին, որոնմանը: Ի՛նչ իմանաս, նաև մեծահասակների ժամանակ առ ժամանակ ինքնամփոփվելը կամ անցյալին դառնալը ինչ-որ տեղ դրանով չի՞ բացատրվում: Չէ՞ որ իր բնակարանը մինչև վերջ յուրացրած մարդն էլ  երբեմն հանգստյան օրը նորից ուզում է ուսումնասիրել այն և կահույքի վերադասավորմամբ զբաղվել, որը կարող է անվերջ տևել:

Նկատի առնելով ողջ շարադրվածը` մանկապարտեզում աշխատանքի և դրան դրա համար անհրաժեշտ սարքավորման որոշակի կազմակերպում ենք առաջարկում:

Բնությունը
մնում է ամենահարուստ միջավայրը:

Մանկան պարտեզն առանց երեխաների բազմազան պահանջմունքներին լավագույնս համապատասխանող բնական միջավայրի չի կարող գոյություն ունենալ: Անհրաժեշտ է շատ թե քիչ ընդարձակ հողամաս, որտեղ ծառեր, գետակ կամ առվակ, քարեր, հնարավոր է՝ ինչ-որ ավերակներ, բլրակներ, ընտանի և վայրի կենդանիներ կան: Արդեն ասել ենք, որ այդ հողամասը կարող է և անմիջապես չհարել մանկապարտեզին, բայց դա վատ տարբերակ է:

Բնական միջավայրը երեխաների և՛ յուրացնելուն, և՛ աշխատելուն կնպաստի:

Նկատի ունենալով յուրացման պահանջը` պետք չէ ամբողջությամբ մշակել հողամասը` թողնելով միայն նեղ արահետներ:
Անհրաժեշտ է «վայրի» անկյուններ թողնել, որտեղ աշխատանքի փուլին չհասած երեխաներն իրենց կենսական ռիթմի, իրենց ֆիզիկական և հոգեկան հնարավորությունների համապատասխան կարող են շարունակել ճանաչել աշխարհը, ինչ-որ բան կառուցել, փորել, փորձել:

Սակայն միաժամանակ երեխաների կողմից շրջապատող աշխարհի աստիճանական յուրացումն անհրաժեշտ է կազմակերպել աշխատանքի միջոցով, որը միշտ պետք է հանրօգուտ լինի, եթե անգամ այդ օգուտը միանգամից չի երևում:

Մանկապարտեզում երեխաները կարող են՝

  • բույսեր  աճեցնել,
  • ընտանի կենդանիներ պահել,
  • տնակներ, հյուղակներ, ջրաղացներ, պատնեշներ և այլ բաներ կառուցել:

Նախորդ փուլում այսպիսի գործունեությունը մինայն պատահական բնույթ ունի. երեխան նախընտրում էր դիտել, իսկ եթե ժամանակ առ ժամանակ աշխատւոմ է, դա նրա համար ընդամենը փորձ է, սեփական ուժերը փորձելու և հաշվառելու, սեփական կարողություններն ընդլայնելու հնարավորություն: Հետո նա անդրադառնում է յուրացմանը: Նոր փուլում նրա ջանքերն ինչ-որ բան ստեղծելու, իրագործելու, սեփական ուժերով կառուցելու, այսպես ասած, օբյեկտիվ նպատակ են ձեռք բերում:

Մանկապարտեզի աշխատանքը կազմակերպելիս այս բոլորը պետք է հաշվի առնենք: Վատ եղանակներին, երբ հնարավոր չէ պարտեզ գնալ, հատկապես եթե մանկապարտեզի շենքից հեռու է, մեզ փրկում է կենդանի բնության անկյունը` ավազ, սենյակային բույսեր, ձկների ակվարիում, հնարավորության դեպքում՝ նաև ծովախոզուկներ, հավեր, այծ:

Սակայն բնության կենարար ներգործությունը բավարար չէ ժամանակակից դաստիարակության համար: Նաև մեխանիկական աշխատանքը, մտավոր գործունեությունը և գեղարվեստական աշխատանքն են անհրաժեշտ:

Մեխանիկական աշխատանք ասելով` հասկանում ենք աշխատանքի գործիքների՝ քաղաքակրթության այդ պտուղների կիրառումը, որոնք շոշափելով ճանաչելն արագացնում են, շրջապատող միջավայրի հանդեպ մեր իշխանությունն ամրապնդում են և ընդարձակում:

Նույնիսկ նորագույն մանկավարժական տեսությունները թերագնահատում են մեխանիկական աշխատանքները: Մանկապարտեզում և նրան հաջորդող փուլերում ևս անտեսում են աշխատանքը: Այն փոխարինում են խաղերով, վարժություններով և գոհանում դրանց արդյունքներով, քանի որ նրանք բավարարում են նախորդ փուլի`տնավորման պահանջները: Մեխանիկական աշխատանքի նշանակությունը նույնիսկ նորագույն մանկավարժական տեսություններն են թերագնահատում: Մանկապարտեզում, հաջորդ աստիճաններում էլ, աշխատանքն անտեսում են: Դա խաղերով, վարժություններով են փոխարինում և հայտնի արդյունք են ունենում, քանի որ դրանք նախորդ՝ յուրացման փուլին են համապատասխանում: Նույնիսկ Մոնտեսորիի` գիտականորեն հիմնավորված համարվող մեթոդները երեխայի ճանաչողության ոլորտն են միայն ընդարձակում, նրա մկանունքը զարգացնում, տեսողությունը սրում: Չենք պնդում, թե դա բոլորովին անհրաժեշտ չէ, մանավանդ աղքատ երեխաների համար, որոնք տանը իրենց զարգացման համար անհրաժեշտ բավարար հագեցած միջավայր չունեն: Սակայն այդ մեթոդները նախորդ` հետախուզման և յուրացման փուլերի և, առաջին հերթին, հետ մնացող երեխաների համար են նախատեսված: Նորմալ երեխան այդ տարիքում կարող է և ցանկանում է առաջ գնալ: Նա ուզում է և կարող է աշխատանքի համար անհրաժեշտ հիմնական հնարքները յուրացնել, իր գործողություններն օրեցօր ավելի բազմազան դարձնել, որպեսզի շրջակա միջավայրի նկատմամբ իր համար նոր իշխանություն ձեռք բերի:

Երեխային ոչ միայն խորանարդիկներն ու բուրգերն են հետաքրքրում, նա անգիտակցորեն դեպի գործիքներն է ձգվում, մուրճի, սղոցի, սայլակի, հեծանիվի տեսքը նրան մեծ ուրախություն և հիացմունք է պատճառում: Այս գործոնը թերագնահատել չի կարելի և չի կարելի սնվել պատրանքներով: Այս հետաքրքրությունը դեռ յուրացման ոլորտից է. երեխան մեխը կխփի ուր պատահի, նույն հաճույքով և՛ փայտ կսղոցի, և՛ աթոռի ոտքը, անընդհատ կպտտի ինչ-որ մեխանիզմի բռնակը` նրան գործելիս տեսնելու հաճույքի համար: Սա անխուսափելի փուլ է, որին հետևելու են մյուսները:

Այնուհետև երեխան այդ գործիքներին տիրապետել, դրանք իր գործունեության մեջ ներառել, իր նպատակներին հասնելու համար դրանք ավելի ու ավելի գիտակցված օգտագործել պիտի սովորի: Մեխը հենց այնպես խփելն արդեն նրան չի բավարարում, նա ուզում է արկղ սարքել, որն իրեն ինչ-որ բանի համար պետք է. չի սղոցի ինչ պատահի, այլ դա որոշակի նպատակով կանի, բռնակը պտտելը նրան շուտով կձանձրացնի, եթե գործողության մեջ դրված մեխանիզմն իրական արդյունք չունենա:

Աշխատանքի մեր սարքավորումներն ու եղանակները մշակված են հենց այդ պահանջներին համապատասխան: Որոշ գործիքներ, օրինակ՝ դանակը, սղոցը, մուրճը, թեկուզ և երեխաների կողմից սիրված, պիտի բացառվեն, քանի որ վտանգավոր են կամ ուժ ու ճարպկություն են պահանջում, որ այդ տարիքի երեխաները դեռ չունեն: Սակայն ժամանակակից մեխանիկան, բարեբախտաբար, շատ հարուստ հնարավորություններ ունի. մեզ ընդամենը երեխաների աշխատանքի համար համապատասխան գործիք ընտրելն է մնում:

 «Աշխարհիկ դպրոցի կոոպերատիվը» այնպիսի սարքավորում է ստեղծել, որը միաժամանակ և´ յուրացմանն է նպաստում, և´ արդյունավետ աշխատելու հնարավորություն տալիս:
Համոզված ենք, որ դաստիարակներն այդ գործիքակազմը կլրացնեն և կկատարելագործեն: Մեր մանկապարտեզների տեխնիկական կազմակերպման գործում նրանք կարող են մեկ քայլ էլ առաջ գնալ՝ հասկանալով սկզբունքները, որոնցով առաջնորդվում ենք:

Շարունակությունը

1) Conseils aux parents, 1848:
2) Essai de Psychologie sensible appliquee a l'education, 1950:
3) Մարիա Մոնտեսորի (1870 - 1952) - իտալացի մանկավարժ, նոր դաստիարակության կողմնակից:
4) Օվիդ Դեկրոլի (1871 – 1932) - բելգիացի մանկավարժ և հոգեբան, նոր դաստիարակության ականավոր ներկայացուցիչ:

Թարգմանեցին Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.