«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Սելեստեն Ֆրենե

Նոր ֆրանսիական դպրոց

Ժողովրդական դպրոցի նյութական, տեխնիկական և մանկավարժական կազմակերպման գործնական ուղեցույց

(սկիզբը նախորդ համարում)

Ուսուցման տեխնիկան աշխատանքային դաստիարակության դպրոցում

Գիտենք, որ մանկավարժները մեր դպրոցին նայում են որպես հենց նոր կառուցված գործարանի. տեսնում են, թե այստեղ ինչպես են տաշտակներ, դարակներ, կահույք, նոր հաստոցներ, պահեստամասեր բերում, և հարցնում են.

  1. Սարքավորման այս բազմազանության մեջ ինչպե՞ս եք կարողանում ներդաշնակ և արդյունավետ աշխատանք ծավալել:
  2. Ինչպե՞ս է այս դպրոցն աշխատելու:
  3. Ֆիզիկական և մտավոր աշխատանքի համադրումն ի՞նչ սկզբունքով է լինելու: Արդյոք մեկը մյուսի հաշվին չի՞ լինի:
  4. Մի՞թե երեխաներն անելու են՝ ինչ խելքներին փչի: Բա կարգուկանո՞նը: Բա ուսուցչի անհրաժեշտ հեղինակությո՞ւնը:
  5. Ե՞րբ եք դաս տալու: Իսկ եթե դասերը դադարեցրել եք, ուսումնական ծրագրերն ի՞նչ եք անելու: Իսկ քննություննե՞րը: Եթե սովորողների հետ անենք միայն այն, ինչ իրենց դուր է գալիս, մեկի հետ՝ մի բան, մյուսի հետ՝ մեկ այլ (իսկ դա միշտ չէ, որ հնարավոր է), նրանք գոնե կարդալ, գրել, իրենց մտքերը պարզ ձևակերպել կկարողանա՞ն: Անհրաժետ չափով թվաբանություն, բնական գիտություններ, պատմություն, աշխարհագրություն կյուրացնե՞ն:
  6. Այս դպրոցի շրջանավարտները մյուսներից ավելի լավը, ավելի խելոք, ավելի կրթվա՞ծ են լինելու: Ո՞ր հրաշքով եք հասնելու դրան:
  7. Այդպիսի դպրոցում թեկուզ մի րոպե լռություն կլինի՞:
  8. Ծնողներն ի՞նչ կասեն: Բա տեսուչնե՞րը:
  9. Չէ, այդ պայմաններում երբեք չեմ կարող աշխատել... Այդ քաոսում միանգամայն անօգնական կլինեմ... Ավելի լավ չէ՞, որ կարգապահությունը խստացնեք և սովորական դասեր տաք՝ հիմնվելով դպրոցական դասագրքերին, որոնք ըստ էության այնքան էլ վատը չեն...

Ահա, թե նոր մեծագործությունների շեմին անվճռական կանգնած մանկավարժներն ինչքան բանական ու տրամաբանական հարցեր են ունենում:

* * *

Եվ, իհրակե, նրանք կասկածելու իրավունք ունեն: Եթե խորապես վստահ չլինեինք (երկար ժամանակում կուտակած մեծ փորձից ելնելով), որ կարող ենք նրանց բոլոր կասկածները ցրել, եթե չիմանայինք, որ մտավոր, բարոյական, ֆիզիկական և հասարակական տեսանկյուններից նոր դպրոցը ավելի շատ օգուտ է բերելու, քան ուսուցման ավանդական մեթոդները, ուսուցիչներին մանկավարժության ամբողջ շենքը վերակառուցելու կոչ չէինք անի:

Մեկ անգամ չէ, որ ասվել է՝ մենք ոչ թե տեսաբան ենք, այլ պրակտիկներ: Աշխատում ենք այն արհեստավորի նման, որը, տեսական շատ գիտելիքներ չունենալով, երբեմն նոր գործիքներ է ստեղծում կամ հները կատարելագործում, աշխատանքի ավելի արդյունավետ ձևեր է գտնում, հետո փորձում դրանք համակարգել, որ փոխանցի ոչ իր չափ պրպտուն ու հաջողակ գործընկերներին:  

Մանկավարժներն արդեն կիսով չափ համոզված են, միայն նյութական, մանկավարժական և հոգեբանական վերակառուցման այս չափազանց մեծ բարդությունն է նրանց վախեցնում: Սակայն եթե մեր դպրոցն իրականում տեսնեին, եթե կարողանային թեկուզ մի քանի ժամով լինել նոր դպրոցում կամ գոնե դիտել կինոժապավելի վրա հանած նրա աշխատանքը, մասնակցել գործնական պարապմունքներին, որ Վանսում դեռ պատերազմից առաջ էինք կազմակերպել, իսկ հիմա պարբերաբար անցկացնում ենք տարբեր տարածքային կենտրոններում, ապա նրանց կասկածները կցրվեին, և նրանք, հետևելով կոնկրետ ցուցումներին, որ տալիս ենք յուրաքանչյուր պարապմունքի վերջում, մեր շարքերը մտնելու ցանկություն կունենային:

Քանի որ դա միշտ իրականացնելի չէ, կօգնենք մեր գործընկերներին մտքով տեղափոխվել մեր մեթոդներն ու հնարները, ինչպես նաև սարքավորումը (թեև դա կատարյալ լինելու դեռ հեռու է) կիրառող նոր դպրոց:

Անկասկած մեր փորձը կշարունակվի և կզարգանա: Բազմահազար անգամ կվերսկսվի այս կամ այն տեղանքի, այս կամ այն միջավայրի հնարավորությունների և առանձնահատկությունների  համապատասխան տարբեր ձևերով, և մեր խնդիրն է դա կրկնել՝ հետևելով մաքուր գործնական ցուցումներին, որ տալիս ենք XX դարի դպրոցի կյանքի և գործի կարճ ակնարկից հետո:

Առաջին հայացքը դպրոցական կոլեկտիվի կյանքին

Եվ այսպես, ձեզ հետ գյուղական միակոմպլեկտ դպրոցում ենք,- հաղորդումն այսպես կսկսեր ռադիոյի հաղորդավարը,- որտեղ մոտ 30 տղաներ ու աղջիկներ են սովորում՝ վեցից տասնչորս տարեկան: Բոլոր մանկավարժները համակարծիք են, որ այդ տիպի (իսկ դա Ֆրանսիայում շատ տարածված է) դպրոցում աշխատելը շատ ավելի դժվար է, բայց դա ամենևին չի նշանակում, որ ավելի քիչ է հետաքրքիր:

Մեր պատմությունն սկսում ենք շաբաթ օրվա երեկոյից, դպրոցական կոոպերատիվի ամենշաբաթյա ընդհանուր ժողովին նվիրված պարապմունքի վերջին ժամից:
Նախագահողը նստում է ուսուցչական սեղանի մոտ (բեմը չի գործածվում, դրա վրա գրաշարի հաստոցով սեղանն է): Նրա կողքին քարտուղարն է: Սովորողները նստում են՝ որտեղ ուզում են. դասասենյակը վերածվել է ժողովարանի:

Ուսուցիչը խոհեմաբար նստում է դասարանի խորքում, փոքրերից մեկը, կարծես ընկերական օգնություն և պաշտպանություն փնտրելով, սեղմվում է նրա ծնկներին:

Քարտուղարը կարդում է նախորդ ժողովի արձանագրությունը. «Պատրաստվում ենք ամանորի տոնին: Ավագ աշակերտները զվարճալի ներկայացում են պատրաստում: Քրիստիանան փոքրերի հետ հետաքրքիր բեմադրություն է անում երգերով: Լուլուն և Ժանը կգնան խանութ՝ տոնածառի խաղալիքներ գնելու»:

«Պարապմունքների ժամանակ որոշ երեխաներ երգում են: Նրանք խանգարում են, որ աշխատենք: Ամենաանդադարները, Կոկոն և Լուին, հաջորդ շաբաթ պատասխանատու են դասարանում լռության համար»:

«Տպագրության հերթապահը՝ Ռոժեն, աշխատանքի համար անհրաժեշտ գործիքները նախապատրաստել չի ուզում: Տպագրության պատասխանատու Ժաննան կարգուկանոնին չի հետևում: Ռոժեն և Ժաննան քննադատությունն արդարացի համարեցին և խոստացան շտկել: Եվս երկու շաբաթ այդ պարտականությունը նրանց վրա է»:

«Քարտադարանի պատասխանատու Կոլետն ասում է, որ բազմաթիվ նոր քարտեր են պետք: Դասարանը որոշում է անմիջապես աշխատանքի անցնել»:

«Ռենեն կցանկանար նամակագրական կապ հաստատել իտալացի դպրոցականների հետ: Այս հարցով կոոպերատիվի բյուրոն կդիմի Կարմիր Խաչի երիտասարդական կազմակերպությանը»:
Այնուհետև կոոպերատիվի դրամական վիճակն է քննարկվում:

Դասարանն անցնում է օրակարգի հարցերին:

Պե՞տք է արդյոք էգ ճագար գնել:

Պե՞տք է էլի ֆիլմեր առնել:

Շատ աշակերտներ խնդրում են որոշ ձայնապնակներ պատվիրել. իրո՞ք մեզ պետք են:

Գանձապահը հայտարարում է, թե գանձարկղում ինչքան փող կա. դա կարծես բոլոր պլանների բարոմետրն է: Ուսուցիչն այս կամ այն գնումների անհրաժեշտության վերաբերյալ իր տեսակետն է արտահայտում:

Հետո բոլորը միասին պատի թերթն են կարդում, որը դպրոցական կոքեկտիվի անցած շաբաթվա կյանքը խորապես վերլուծելու հնարավորություն է տալիս:

Շաբաթվա ընթացքում աշակերտներն այնտեղ գրում են իրենց դժգոհությունները, դպրոցի աշխատանքում իրենց նկատած սխալներն ու թերությունները, իրենց դասարանի կյանքին վերաբերող իրենց առաջարկներն ու ցանկությունները: Յուրաքանչյուր գրառում պիտի ստորագրված լինի. ի դեպ, այստեղ հնարավոր չէ, որ գրողը անհայտ մնա, չէ՞ որ հեշտ է ձեռագրով ճանաչելը: Այսպիսի թերթն ընդհանրացնում է դպրոցական մեխանիզմի աշխատանքի անկատարության մասին երեխաների արձագանքը:

Քարտուղարը կարդում է գրառումները, որոնք տեղնուտեղը քննարկվում են: «Տառերի արկղում շրիֆտի դասավորությանը Ժաննան վատ է հետևում: Չենք կարողանում արագ հավաքել»:

Ժաննան արդարանում է: Ասում է, որ աշակերտներն իրենք բավարար ջանասեր չեն, և խնդրում է, որ իրեն փոխարինեն. կցանկանար քարտադրանում ավելի լավ աշխատել: Ո՞վ փոխարինի: Ժան-Պիեռը համաձայնում է ստանձնել նրա պարտականությունը: Դասարանը որոշում է երկուշաբթի առավոտյան ձեռնամուխ լինել արկղերում տառերի ճիշտ դասավորությանը: Ու վա՛յ նրան, ով վատ կշարի:

«Պիեռը բարձրացել էր պատուհանին»: Եվ ո՞վ է մեղադրողը: Ֆելիքսը: Պիեռը նեղանում է. «Իսկ դու ցեխ շպրտեցիր պատին»: Դե, Պիեռը պիտի բոլոր պատուհանները լվանա, Ֆելիքսը՝ պատը սրբի:
Երբեմն և ինքը ուսուցիչն է հարվածի տակ ընկնում: «Կուզեի, որ ավելի շատ ժամանակ տրամադրվեր գիտական փորձերին», «Պատմությունն այսպես չեն դասավանդում»: Այդ ամենը նույնպես քննարկվում է: Ուսուցիչը սիրով լսում է քննադատությունը, առանձին սխալներ ընդունում է՝ ուսումնական ծրագրի թերությունները, սեփական թուլությունը... Ամեն մարդ կարող է սխալվել... Կաշխատենք ուղղվել...

Արդեն հասկացանք, թե ինչպիսին է այդ պատի թերթի ոգին: Այն բանից հետո, երբ բոլոր գրառումներն էլ ընթերցվել են, նախագահողը հարցնում է, թե ով է ուզում էլի ինչ-որ բան ասել: Համարյա ընտանեկան, ինքնաքննադատության տրամադրող այդ պայմաններում նույնիսկ ամենաամաչկոտներն են համարձակվում արտահայտվել: Նրանց առաջարկում են իրենց դիտողություններն ու առաջարկությունները գրել թերթի հաջորդ համարում:

Բարոյական տեսանկյունից ոչինչ այնքան օգտակար չէ, որքան դասարանային կյանքի այդ քննարկումը՝ միաժամանակ քննադատական և կառուցողական: Կոլեկտիվ քննարկման մթնոլորտն իսկ բացառում է չարախոսությունը, զրպարտությունը, մանրախնդիր թայֆայկանությունը: Անբարյացակամության ցանկացած արտահայտություն անմիջապես բացահայտվում է ու ծաղրվում: Թերթի մի քանի համարներից հետո (ժամանակ է պետք, որ դասարանը ձերբազատվի կրավորականության, անշեղ հնազանդության սովորությունից, ընկերության կեղծ ըմբռնումից, այն ամենից, որ նախկինում դպրոցական կյանքի օրենքն էր) աշակերտները հազվագյուտ օրինապահություն և, կարևորը, զարմանալի համարձակություն են ցուցաբերում: Եվ դրանից ընկերությունը համարյա չի տուժում. կարելի է իրար քննադատել և լավ ընկերներ մնալ, եթե բոլորն անկեղծ ու բարյացակամ են:

Հատկապես լուրջ զանցանքների համար պատիժներ են նախատեսվում: Վերջերս կոոպերատիվի բյուրոն առաջարկում էր յուրաքանչյուր զանցանքի համար համապատասխան պատիժ որոշող մի խիստ օրենսգիրք ստեղծել: Սակայն պարզվեց՝ գործնականում դրա կարիքը չկա:

Դպրոցական աշխատանքում, ճիշտ ինչպես ընտանեկան կյանքում, ճիշտ չէ շատ հույսեր կապել ամենատարբեր պատիժների հետ, որոնք թվում է՝ կօգնեն բոլոր  խնդիրները լուծելու:  Կոլեկտիվ քննադատությունը, սեփական սխալների ընդունումը, ընկերական զգացումը և ուղղվելու ցանկությունը, որպես կանոն, բավարար արդյունավետ են: Պատժի միակ գործող մեթոդը զանցառուին պարտադրելն է, որ վերացնի հետևանքը կամ դասարանին պատճառած վնասը հատուցի՝ թող նորոգի այն, ինչ ջարդել է, մաքրի՝ ինչ կեղտոտել է, կամ ուղղակի օգնի ինչ-որ օգտակար գործում: Որոշ խախտումների համար ոչ մեծ տուգանք է նախատեսվում, որը կոոպերատիվի գանձարկղ է մուծվում: Սա էլ ձեզ կրկնակի օգուտ:

Եվ այսպես, քննադատական դիտողությունները լսված են, կաշխատենք, դրանք հաշվի առնելով, դպրոցական մեխանիզմի աշխատանքը կարգավորել: Այ, դասարանի մաքրության պատասխանատուն՝ Շառլը, կուզենար ինչ-որ այլ գործով զբաղվել: Նրան առարկում են, թե նա մեկ ամսով է նշանակված եղել և պետք է մի շաբաթ էլ դիմանա: Իրոք որ, երեխան մանկուց պիտի սովորի իր տրամադրության վայրիվերումներին դիմանալ, կանոններին ենթարկվել և իրեն հանձնարարված գորը անել:

- Ո՞վ կձևավորի պատի թերթը:

- Ամբողջ դպրոցով գնալու ենք ջրաղաց: Ո՞վ ջրաղացպանի հետ կպայմանավորվի և էքսկուրսիայի կազմակերպումը կստանձնի:

- Մոտակա երկու շաբաթում նախատեսված զեկուցումների ցուցակ կազմենք: Դասարանային ստենդին կկախենք: Ո՞ւմ զեկուցումներն են պատրաստ:

Լինում է, որ պարապմունքների վերջն ազդարարող զանգը վաղուց արդեն զնգացել է, իսկ մենք դեռ նստած ոգևորված դասարանի աշխատանքի պլան ենք մշակում, որն այդ եղանակով դառնում է յուրաքանչյուր երեխայի անձնական գործը: Դպրոցը դառնում է նրա դպրոցը:
Եվ դա մեր առաջին լուրջ հաղթանակն է:

Երկուշաբթի, առավոտ: Դասերի սկիզբը:

Մեր դպրոցի նոր ոգին զգացվում է երեխաների վարքագծում նախքան նրանց դասարան մտնելը:
Մենք մեռյալ լռության կողմնակից չենք, որը, ինչպես ոմանք պնդում են,զանգից անմիջապես հետո պիտի տիրի: Դեմ ենք նաև երեխաների շարք կանգնելուն, ինչպես բանակում, երբ որոշ աշակերտներ հպարտորեն կուրծք են ցցում, իսկ մյուսները, նկատողությունից վախենալով, աշխատում են թաքնվել՝ հուսալով, որ իրենց մասին կմոռանան: Այդպես, շունչը պահած, սրտի տրոփյունով մարդը կանգնում է անծանոթ դռան առաջ՝ չիմանալով, թե ինչ է թաքնված դրա ետևում: Իսկ եթե մարդ հայրենի տուն է վերադառնում, դուռը բացում է խնդությամբ, տպավորություններով լեցուն, որոնց մասին ուզում է արագ պատմել, և հարցերով, որ անհամբեր ուզում է տալ:  Ուզում ենք, որ երեխաների համար մեր դպրոցը հայրենի տուն դառնա, ուր ուրախ են մտնում, որտեղ առանց վախի արտահայտում են իրենց զգացմունքները և ասում են մտքերը: Այս բարերար դրական հույզերը չոր պաշտոնականության, կարգապահության խղճուկ ծաղրանկարի հետ հո չե՞նք փոխի:

Դա չի նշանակում, որ մաքրության և քաղաքավարության մասին չենք հոգում, ինչպես բոլոր խելացի և հարգարժան ծնողներն են անում:

Հերթապահներն արդեն դպրոցում են, նրանք փոշին են մաքրում, գրատախտակները, եթե պետք է, վառում են վառարանը: Պատեֆոնի համար պատասխանատուն երգի կամ ինչ-որ երաժշտության ձայնապնակ է դնում… եթե կամենում է: Դա կարգ չենք դարձնում, որը մանկական հոգիների վրա երաժշտության ազդեցությունը կարող է ի չիք դարձնել: Չենք ստիպում երեխաներին դպրոց մտնել երգով և ոչ մի դեպքում պարապմունքներից առաջ քարոզ չենք կարդում: Եթե դպրոցը համապատասխանում է իր իսկական նշանակությանը, երեխաներն առանց դրա էլ առավոտյան եռանդով են գալիս: Մեզ մնում է միայն պահպանել այդ տրամադրությունը և նրանից առավելագույն դաստիարակչական արդյունք քաղել: Երաժշտությունը և երգը, ինչպես և գեղարվեստական ստեղծագործության մյուս տեսակները, ավելի շատ պետք են, երբ երեխաները հոգնած են և լիցքաթափվելու կարիք ունեն, կամ երբ մանկական հոգիների խորքերն ենք ցանկանում թափանցել:

Մաքրության համար պատասխանատուն ուշադիր ստուգում է բոլորին: Անլվաներն ու վատ սանրվածներն ուղարկվում են լվացարան, որտեղից վերադառնում են մաքուր, նորացած: Դա որպես պատիժ չի ընկալվում:

Տարբեր օրերի երեխաները դպրոց են գալիս տարբեր կերպ՝ ավելի կամ պակաս աղմկոտ: Մեզ համար լավ է, որ նրանք աշխույժ լինեն. կարելի է նրանց բարձր տրամադրությունից օգուտ քաղել:

Քաղաքավարության արտահայտությունների պահպանում չենք պարտադրում: Ահա մի երեխա մեզ մոտ է վազում՝ շտապելով դպրոցի ճանապարհին արած ինչ-որ հայտնագործության մասին մեզ ասելու կամ իր նորությունները հայտնելու: Նա այնպես էր շտապում, որ նույնիսկ բարևը մոռացավ, սակայն այդ մտերմությունը, այդ վստահությունը արդյո՞ք ողջույններից լավագույնը չեն: Մի տղա էլ դպրոցական թանգարանի համար նոր ցուցանմուշ է բերել՝ քար, բույս, հին դրամ կամ պատկերազարդ ամսագիր, որից քարտարանի համար կարող ենք նկարներ կտրել: Ահա մի աղջիկ մեզ ծաղկեփունջ է նվիրում կամ հասած բալերի առաջին ճյուղը. ավելի ճիշտ՝ երկրորդը, որովհետև առաջինը պոկելով՝ ոչ մի կերպ չես դիմանա համտեսելու գայթակղությանը:

Մենք հեռու ենք նրանից, որ մեր խրատներով կամ մեծամտությամբ ճնշենք այդ վստահությունը, երեխաների այդ խնդուն ձգտումը՝ ինչ-որ մեկի մոտ արտահայտելու այն, ինչով ինքը լեցուն է: Ընդհակառակը, ձգտում ենք խորությամբ թափանցել նրանց հետաքրքրությունների, պահանջմունքների մեջ՝ մշտապես հաշվի առնելով դրանք մեր մանկավարժական աշխատանքում, որպեսզի դպրոցը համապատասխանի երեխաների ցանկություններին ու ձգտումներին, որոնք այդքան վստահորեն մեզ պատմել են:

Եթե երեխաներից մեկը տխուր ու լուրջ տեսքով լուռ մի կողմ է քաշվել, դա մեզ անհանգստացնում է, և աշխատում ենք պարզել, թե ինչ է պատահել: Ինչքա՛ն մանկական դրամաներ ենք իմանում, բայց չէ՞ որ մարդու ամբողջ կյանքը կարող է  այլ կերպ դասավորվել, եթե նրան ժամանակին լսեն:

Եթե ընկերական այդպիսի հարաբերություններ հաստատենք, հասնենք միաբանության՝ այդ բառի բարձրագույն իմաստով, ապա առաջվա պես երեխան իր հետաքրքրությունները, ուրախություններն ու տխրությունները, իր հուզականությունը, իր լավագույն որակները դպրոցի շեմից այն կողմ չի թողնի, դպրոցում չի դառնա միայն իր խղճուկ ու երկչոտ ստվերը: Այժմ նա իր դպրոցում կարող է ինքը լինել: Եվ նրա հետ դպրոց կմտնի ինքը կյանքը՝ նույնքան բարդ և նույնքան փխրուն:

Մենք պիտի սովորենք երեխաների հուզական պոռթկումներին պատասխան գտնել, կենսասիրության զարգացմանը նպաստել, նրանց կյանքը մշտապես հարստացնել նրա հսկայական հնարավորություններով:
Այդպիսին է մեր մանկավարժական ծրագիրը:

* * *

Որպես կանոն, մանկական հույզերի ողջ հարստությունը ձգտում ենք օգտագործել առաջին կոլեկտիվ աշխատանքի համար, որով օրը դպրոցում սկսվում է: Սակայն երկուշաբթի այդ կանոնից բացառություն ենք անում, որովհետև ավելի անհետաձգելի գործ ենք ունենում՝ դասարանի առաջիկա ամբողջ շաբաթվա աշխատանքն ու կյանքը կազմակերպելը:

Ի հեճուկս նոր դաստիարակության որոշ տեսաբանների կարծիքի՝ չենք համարում, որ ամեն ինչում անհրաժեշտ է ապավինել երեխաների ցանկություններին և հակումներին: Դա կնշանակեր նրանց մոլորության մեջ գցել, և իրական կյանքի, շրջապատող սոցիալական միջավայրի պահանջների հետ հենց առաջին բախումը մեր սաների համար միանգամայն ցավոտ կլիներ:

Ծնված օրվանից երեխան ներգրավվում է ընտանեկան և հասարակական պարտավորությունների, հաճախ, ցավոք, դաժան մի ողջ համակարգի մեջ, որը նաև մեր դաստիարակչական աշխատանքի վրա է ազդում: Եվ այդ աշխատանքը միանգամայն կձախողվեր, եթե հաշվի չառնեինք շրջապատող սոցիալական միջավայրի և մարդու փոխհարաբերությունները: Մեր խնդիրն այն է, որ անհատականությունը՝ իր անվիճելի արժեքով, հարմարվի հասարակական կյանքի պահանջներին, նույնիսկ, եթե այդ պահանջներն անհեթեթ և անտրամաբանական թվան: Դրանք գոյություն ունեն, և մանկավարժական գործունեության մեջ դրանք հաշվի չառնել չի կարելի:

Մենք երեխաներին չենք կողմնորոշում, որ կյանքում իրենց տեղը գտնեն պատահականության կամքին կամ իրենց սեփական ուժին և ճարպկությանն ապավինելով: Դպրոցի կյանքը խնամքով կազմակերպում ենք, որպեսզի մեր կազմակերպման բնական հետևանքները լինեն հավասարակշռությունն ու ներդաշնակությունը, որոնք կարգուկանոնի հետ կապված խնդիրները կվերացնեն:
Մեր աշխատանքի այս կազմակերպումը պայմանավորված է իրական վիճակով, որը անվանում ենք հենարան-պատնեշ հասկացությամբ: Ընտանիքը, բնությունը, հասարակությունը, առանձին անհատներ որոշակի արգելքներ են ստեղծում: Դրանք մարդուն այս կամ այն չափով կարող են խանգարել, սակայն ո՛չ կարելի է դրանք տեղաշարժել, ո՛չ կոտրել: Միևնույն ժամանակ դժվարին պահերին մարդը կարող է հենվել այդ նույն պատնեշներին:

Մինչև այժմ մանկավարժների աշխատանքում գլխավորապես կարևորվում էր «արգելապատնեշային» գործառույթը, առավել ևս որ դժվար է դա արհարամարհելը: Սակայն համակշռող «հենարանային» գործառույթը բոլորովին չէր կիրառվում: Արտաքին աշխարհից կտրված, նրա դինամիզմից վախեցած դպրոցը ո՛չ ընտանիքից էր կարողանում օգնություն ստանալ, ո՛չ հասարակությունից: Ամեն ինչ եզրափակվում էր ուսուցչի անձով: Այդ դպրոցը անգամ բնության վրա հազվադեպ ու վախով էր հենվում: Մենք ձգտում ենք այդ երկու գործառույթների ներդաշնակ, փոխադարձ կապը վերականգնել:

Մեր աշխատանքի կազմակերպման մեջ անպայման հաշվի կառնվեն արգելքները:

Մեր դպրոցն այն է, ինչ կա. դասարանը նեղվածք է, լուսավորությունը՝անբավարար: Ստիպված ենք այդ իրականությունից ելնել՝ հաճախ մեր երկչոտ ցանկություններին վճռական «անհնար է» ասելով, քանի դեռ մեզ չի հաջողվում նյութական աջակցություն ստանալ, որը թույլ կտա իրականացնելու մեր երազանքները:

Հասարակությունն էլ իր արգելքներն է դնում: Դրանց մեջ կան ընդհանուր արգելքներ՝ ծրագրերը և ուսումնական պլանները, և հատուկ արգելքներ՝ սովորությունները, ավանդույթները, հասարակական կարծիքը, ծնողների և տեղական իշխանությունների պահանջները: Պետք է կարևորենք այս բոլոր գործոնները ևս՝ ըստ հնարավորության փորձելով նաև որպես հենարան օգտագործել դրանք:

Դպրոցի կյանքն այդ արգելք-հենարանների շրջանակում պետք է կազմակերպենք՝ հնարավորության չափ տեղաշարժելով արգելքները, ամրապնդելով և համակարգելով հենարանները: Ավանդական դպրոցն առաջին խնդիրը լուծում էր դասա-դասարանային համակարգի կոշտ եղանակով և անշեղորեն ուսումնական ծրագրերին հետևելով: Իսկ ինչ վերաբերում է հենարաններին, դրանց օգտագործումը հասցրել էին նվազագույնի, որպեսզի հեշտացնեն աշխատանքը, քանի որ բարդ և բազմատեսակ ամեն ինչից դպրոցը խուճապի էր մատնվում:

Անհրաժեշտ էր ինչ-որ նոր բան գտնել, որպեսզի այդ բացը լրացվեր: Աշխատանքի պլանների մեր համակարգը եղավ այդ խնդրի գործնական լուծումը: Այդ հարցի վերաբերյալ առանձին գրքույկում տվել ենք այդ պլանների նախապատրաստման ևօգտագործման խորհուրդներ: Այստեղ դրանք համառոտ կշարադրենք:

Պլանի հետևյալ տեսակներն են նախատեսվում.

1. Ընդհանուր պլաններ տարվա համար, որոնք, թեկուզ և նոր ձևով, հիմնականում տարրական դպրոցի չորս՝ նախապատրաստական, տարրական, միջին և ավագ դասարանների ուսումնական ծրագրերի պահանջներին են համապատասխանում:

2. Յուրաքանչյուր դասարանի համար ընդհանուր պլաններ ամսվա համար: Այս պլանները կազմում են ուսուցիչները:

3. Անհատական պլաններ մեկ շաբաթվա համար, որոնք երկուշաբթի առավոտյան են կազմվում՝ տարեկան և ամսական պլանների համապատասխան:

Տեսնենք, թե ուսուցչի օգնությամբ ինչպես են երեխաները կազմում իրենց աշխատանքի պլանները:

ա) Քերականություն: Բացի կոլեկտիվ աշխատանքներ անելուց, որոնք ստորև կնկարագրենք, երեխաները քերականական կանոններ կարող են յուրացնել, թեև դա ոչ թե մանկավարժական անհրաժեշտության, այլ ավելի շուտ ուսումնական ծրագրերի թելադրանք է: Այդ նպատակով կազմվում են քարտեր «Քերականության քարտարանի» համար: Օրինակ՝ Լուին անցած շաբաթ հասել է 15-րդ քարտին: Նա դեռ 10 քարտ՝ 15-ից 25-ը լրացնելու է:

բ) Թվաբանություն (հաշիվ): Այստեղ տեսությունը հասցրել ենք զրոյի: Տեսական գիտելիքները կյուրացվեն գործնական աշխատանքի և թվաբանական վարժությունների կատարման ընթացքում:
Յուրաքանչյուր աշակերտ իր պլանում գրում է, թե քանի քարտ է պատրաստվում կազմելու իր դասարանի քարտարանի համար: Քարտարանի հետ աշխատանքի առավելությունն այն է, որ այն յուրաքանչյուր երեխայի իր հնարվորություններին համապատասխան առաջ շարժելու հնարավորություն է տալիս. ավելի ընդունակները կարող են մնացածներից առաջ անցնել:

գ) Շարադրություն: Առաջարկում ենք շաբաթական միջին հաշվով երեք ազատ տեքստ կազմել: Սակայն գործնականում այդ քանակը կարելի է փոփոխել՝ երեխաների տրամադրությունից կախված և նրանից, թե շաբաթվա ընթացքում նրանք ինչքան այլ հետաքրքիր աշխատանք ունեն: Ավագ աշակերտների համար բավական է շաբաթվա ընթացքում գրված մեկ լավ տեքստը: Հետաքրքիր դիտարկումների կամ փորձերի արդյունքում կազմած խմբային շարադրությունները, ինչպես նաև այլ դպրոցներ ուղարկելու համար նախապատրաստվածները ևս կարող են ազատ տեքստեր համարվել:

դ) Պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա և բնագիտություն: Ուսուցիչը գրատախտակին գրում է նախորդ շաբաթվա աշխատանքի ընթացքում կամ այլ դպրոցների հետ նամակագրությունից ծագած հարցերը: Դրանք քննարկում են աշակերտների կողմից: Բացի դրանից, տարեկան և ամսական պլանների շրջանակներում ավելի մանրամասն ուսումնասիրության ենթակա թեմաներ են նախատեսվում:
Ընտրության համար առաջարկվում են 5, 6 կամ 8 թեմաներ: Աշակերտներն անհատական և կոլեկտիվ աշխատանքների համար ընտրում են թեմաներ և դրանք իրենց պլանների մեջ գրանցում: Իհարկե, այդ ամենի հետ մեկտեղ դեռ պիտի լուծվի ամենևին էլ ոչ ամենահեշտ խնդիրը՝ այդ աշխատանքը գործնականում իրագործելի դարձնել՝ նախապատրաստելով գործիքներ, տեխնիկական միջոցներ, քարտեր և այլն:
Ողջ շաբաթվա ընթացքում, ընդհուպ մինչև շաբաթ օրը, երբ պլանների իրագործումն ստուգվում է, աշխատանքը կատարվում է ուսուցչի անմիջական մասնակցությամբ:

ե) Աշակերտն իր պլանում նշում է այն զեկուցման թեման, որին պատրաստվում է:
զ) Բազային ֆիզիկական աշխատանք: Աշակերտը համապատասխան սյունակներում գրում է այն առաջադրանքները, որոնք ինքը նախատեսում է կատարել կա՛մ սեփական նախաձեռնությամբ, կա՛մ ընտրելով նախորդ շաբաթվա աշխատանքի ընթցացքում ծագած բազմաթիվ առաջարկություններից:

Աշխատանքի պլան կազմելը, իհարկե, հեշտ գործ չէ, բայց և այնքան բարդ չէ, ինչքան առաջին հայացքից է թվում: Չէ՞ որ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ մի տեսակ չափել է իր ուժերը, ձևավորվել է հետաքրքրությունների որոշակի շրջանակ: Շատ երեխաներ նախօրոք արդեն ընտրել են իրենց համար թեմաները, ուստի հեշտ  է նրանց տեղավորելը:

Ամենակարևորն այս է. մի կողմից՝ ընդհանուր պլանները մանրակրկիտ նախապատրաստել, մյուս կողմից՝ աշխատանքի նոր ձևերի համար անհրաժեշտ նյութեր ունենալ: Դրանց թվում են.

- թվաբանությունից և քերականությունից ինքնաստուգման քարտերը,

- տեղեկատու քարտարանը,

- գրացուցակը,

- աշխատանքային գրադարանը:

- ծակոտկեն ժապավեններ՝ ուսուցման ծրագրավորման համար:

Դրանց առկայությամբ աշխատանքի պլանները կազմվում են համարյա ինքնաբերաբար: Թվում է՝ անհրաժեշտ է հետևել, որ աշակերտը չդիմի այս կամ այն հնարքին, որ իր աշխատանքի ծավալը կրճատելի: Բայց իրականում, ընդհակառակը, պետք է հետևել, որ նա չգերագնահատի իր ուժերն ու հնարավորությունները: Իմիջիայլոց, դա հատուկ է ոչ միայն երեխաներին: Չէ՞ որ մենք էլ, արձակուրդից վերադառնալով, առաջիկա տարվա համար կազմում ենք պլաններ, որոնք իրականում միշտ չափազանց մեծ են ստացվում, իսկ մեկ շաբաթ հանգստանալու գնալիս երեք անգամ շատ գիրք ենք տանում, քան կարող ենք կարդալ: Այդպես էլ երեխան է հակված իր հնարավորությունները գերագնահատելու: Ըստ երևույթին դա պետք է խրախուսենք՝ չթողնելով, սակայն, որ շատ ոգևորվի: Հակառակ դեպքում նա կգերհոգնի կամ կզգա անօգնականության ու պարտության դառն զգացումը: Ե՛վ մեկը, և՛ մյուսը անհատի ձևավորման համար շատ վնասակար են:

Խոսելով մանկապարտեզների մասին՝ արդեն ցույց ենք տվել աշխատանքի պլանների աներկբայելի առավելությունը: Դպրոց մուտք գործելուց  դեռ շատ առաջ պլանավորումն արդարացրել է իրեն արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ և ժամանակակից խոշոր տերությունների ողջ տնտեսությունն իրեն է ենթարկել:

Այսպիսով, ահա մեր եզրահանգումները:

- Երեխան (զարմանալի է, թե մեծերն այս հարցում նրան ինչքա՛ն նման են) ուսումը տեսնում է որպես հարթ, միակերպ և չափից դուրս մի մեծ դաշտ, որը պետք է մշակել: Նա խնդրի ահռելիությունից նախօրոք ընկրկում է: Դաշտը մասերի բաժանելով՝ գործը հեշտացնում ենք, ավելի մատչելի դարձնում: Այդպես պետք է վարվեն բոլոր ուսուցիչները. հստակ որոշելով աշխատանքի սահմանները՝ նրանք երեխային կարող են օգնել համարձակություն ու վստահություն ձեռք բերելու:

- Եթե որոշակի խնդիրների շրջանակում երեխան ինքն է կազմել աշխատանքի իր պլանը (իհարկե, ուսուցչի և ընկերների օգնությամբ), նա կձգտի կատարել դա՝ չցանկանալով ցավալի անհաջողություն կրել:

- Աշխատանքի պլանը երեխային իր աշխատաժամանակը տնօրինելու հարցում որոշակի ինքնուրույնություն է տալիս: Ավանդական դպրոցում հենց աշակերտը վերջացնում է աշխատանքը, նրան անմիջապես նորն են տալիս: Եվ երեխաները վարվում են բանակի զինվորների նման. ձգձգում են աշխատանքը՝ ասես մրցակցելով, թե ով է վերջինն ավարտելու… Տարօրինակ դաստիարակություն է ստացվում: Ճիշտ է, ոմանց (ամենևին էլ ոչ բոլորին) համակում է մրցակցության ոգին, ինչպես նաև պատժի վախը: Սակայն այստեղ ոչ մի լավ բան չկա:

Աշխատանքի պլան ունենալով՝ աշակերտը ձգտում է այն ինչքան հնարավոր է արագ կատարել, որ բոլորովին էլ անպայման որակի հաշվին չի լինում: Երեխան ինքն իրեն ուզում է գերազանցել. դա ընդհանրապես հատուկ է նրան: Ժամանակակից դպրոցն այդ գործոնը բացարձակապես հաշվի չի առնում, և դա նրա լուրջ սխալներից մեկն է: Մեզ մոտ երեխաներն արագ են աշխատում: Դա կարևոր ձեռքբերում է:

Սակայն մեր մեթոդիկան արդյունավետ է միայն այն դեպքում, երբ պլանի պահանջները կատարվում են ոչ միայն աշակերտի, այլև ուսուցչի կողմից: Եթե, օրինակ, երեխաներից մեկն իր ամբողջ աշխատանքն ավարտել է ուրբաթ օրը, իսկ շաբաթ օրը ցանկանում է պարզապես կարդալ կամ խաղալ, դուք չպետք է առարկեք: Դա անազնիվ և անարդար կլինի:

Հենարան-պատնեշների համակարգը առավելագույն արդյունքով օգտագործող իդեալական դասարանում ուսումնական ողջ գործընթացը ընդհանուր պլանների շրջանակում կազմված աշխատանքի անհատական պլանների վրա է կառուցվում: Սակայն դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, որ դեռ չունենք՝ ընդարձակ և լավ կահավորված շենք, աշակերտների օպտիմալ քանակ, շատ լավ սարքավորումներ:

Հիանալի գիտակցելով մեր դպրոցի անկատարությունը՝ փոխզիջումային տարբերակ ենք գտել. ամեն օր մի քանի ժամ մեկ կամ մի քանի խմբի կոլեկտիվ աշխատանքին է հատկացվում: Այդ շատ թե քիչ պաշտոնականացված աշխատանքն անհրաժեշտ է սերտորեն կապել դասարանի ամենօրյա կյանքին: Վերջապես, չի կարելի մոռանալ, որ երեխան կոլեկտիվում է աշխատում, և կոլեկտիվը պիտի իմանա ինչպես անհատական, այնպես էլ խմբային բոլոր նվաճումների մասին:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեցին Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.