«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Սելեստեն Ֆրենե

Նոր ֆրանսիական դպրոց

Ժողովրդական դպրոցի նյութական, տեխնիկական և մանկավարժական կազմակերպման գործնական ուղեցույց

(սկիզբը նախորդ համարում)

Օրվա երկրորդ մասը

Ժամը 13-ին պարապմունքները վերականգնվում են: Երկար մտածելու հարկ չկա. ամեն ոք գիտե, թե ինչ է անելու: Ժամը 13-ից մինչև 14.15 երեխաները հիմնականում ֆիզիկական աշխատանքով են զբաղվում, թեև դա նրանց հիմնական պարատականությունը չի համարվում: Ավագ սովորողների խումբը մոտավորապես 20-30 րոպե իր իր տեքստն է տպում (80 օրինակ): Հետո փոքրերի խումբը իր 50 օրինակն է տպում, դրա վրա մոտ 30 րոպե է ծախսվում: (Երեխաները հերթով են տպում, ամեն օր նոր խումբ է աշխատում): Եթե տարվա այդ եղանակին անհրաժեշտ է, երեխաները այգում են աշխատում: Հերթապահը կենդանիներին է խնամում: Աշխատանքը բոլոր արհեստանոցներում եռում է, սակայն որոշ համառ «մտավորականներ» շարունակում են քարտերով զբաղվել: Մի քանի փոքրեր նկարում են` նստած ցածրիկ սեղանի մոտ, որի վրա ներկեր ու մատիտներ են լցված, նրանք երեկվա տեքստն են նկարազարդում:

Մեր ուսումնական սարքավորումների որակի շնորհիվ (թեև դրանց կատարելագործման հնարավորությունները բոլորովին էլ սպառված չեն) ուսուցչի մշտական ներկայության անհրաժեշտությունը վերանում է: Նա օգնում է նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Ցանկության դեպքում նա կարող է մնալ շարող հաստոցի մոտ, որ օգնի տեքստը ավելի լավ շարելուն, կարող է փորագրությունը, լիմոգրաֆի համար արված նկարը կամ ինչ-որ այլ արտադրանք կատարելագործել, դաշնամուր նվագել… Ամեն ինչ նրա անձնական հակումներից և ճաշակից է կախված: Հաջորդ կես ժամը` 14.15-ից 14.45, նվիրվում է տարբեր պարապմունքների, որոնք նախօրոք չէին պլանավորվել, այլ առաջացած անհրաժեշտության պատճառով են անցկացվում:Այդ պարապմունքները «խցաններ» եմ անվանել:

Ավելի վաղ արդեն ասվել է, որ եթե մեր տեխնիկան ավելի կատարյալ լիներ, և եթե ընտանիքն ու հասարակությունն ըմբռնումով վերաբերվեին մեր մանկավարժության հիմնական սկզբունքներին, ապա կվստահեինք իրերի բնական ընթացքին այնպես, ինչպես յուրաքանչյուր մայր է վստահում նրան: Ոչինչ, որ երեխան այսօր, այս շաբաթ կամ նույնիսկ այս տարի ինչ-որ բան չի սովորել, ժամանակի ընթացքում կսովորի: Կարևորն այն է, որ նա մեծանում է, ֆիզիկապես ամրանում, մտքով, բարոյապես և հոգեպես հարստանում, հետևողականորեն զարգանում է նրա անհատականությունը: Մնացածը ինքն իրեն կլինի:

Սակայն, ավա~ղ, դեռ այնքան հեռու ենք իդեալից: Գործնականում ինչ-որ թերացումներ կարող են լինել, գիտելիքների և հմտությունների յուրացման խնդիրներ, որոնք բացարձակապես անհրաժեշտ են համարվում` ընթերցանություն, գրավոր, թվաբանություն, բնական գիտություններ, պատմություն, աշխարհագրություն: Սխալ կլիներ համարել, որ այդ թերացումներն ու խնդիրները մեր մանկավարժական համակարգով են անմիջականորեն կանխորոշվում: Եվ այնուամենայնիվ մեր խնդիրն է դրանք լրացնելը, առավել ևս, որ դրանք ինչ-որ չափով տեխնիկական զինման և աշխատանքի կազմակերպման առանձին թերացումների պատճառով կարող են առաջանալ: Եթե գիտական փորձերի համար մեր գործիքները քիչ են, ապա կամա-ակամա ժամանակավորապես ստիպված ենք լինում հին խոսքային մեթոդին, սխոլաստիկ քննարկումներին վերադառնալ: Եթե պատմության կենդանի ուսումնասիրության համար աղբյուրները դեռ քիչ են, իսկ ուսումնական ծրագրերը ֆորմալ, ըստ էության հակամանկավարժական դասավանդում են պահանջում, մեզ էլ է մնում զիջման գնալ և բանավոր շարադրմանն ապավինել: Ի դեպ, այս զիջումը ոչ մեկին, անգամ երեխաներին չի մոլորեցնում:

Երեխաներից չենք թաքցնում այն պատճառները, որոնք ժամանակ առ ժամանակ մեզ ստիպում են աշխատանքի հնացած, մեր մեթոդներին հակասող ձևերի վերադառնալ, կեղծ արդարացումներ չենք փնտրում, որոնք հենց մեր դպրոցի մթնոլորտի համար կարող են կործանարար լինել: Երեխաներին անկեղծորեն ասում ենք. «Մեզանից չկախված այս և այն պատճառներով…- և հանգամանորեն բացատրում ենք, թե ինչ պատճառներ են,- պարտավոր եք այս տեքստը, այս կանոնը սովորել…»: Իմանալով, թե ինչու է պետք, երեխաներն ավելի պատրաստակամորեն են անհրաժեշտ ջանքը գործադրում: Եվ մեր դաստիարակության ոգին բոլորովին չի տուժում:

Այդ կեսժամերը («խցանները») տարբեր պարապմունքների կարելի է նվիրել: Օրինակ, եթե աշխատանքի ընթացքում չենք կարողացել սովորել ինչ-որ կանոն, դա բացատրում եմ մեկ կամ մի քանի խմբի, քանի որ ծրագրում կա և այդ պատճառով ներառվել է մեր ընդհանուր պլանում, կամ էլ ավագ աշակերտներին որոշ առարկաներից մեթոդական հրահանգներ, պատմությունից կամ աշխարհագրությունից բացատրություններ եմ տալիս:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան լավ է կազմակերպված մեր աշխատանքը, որքան փորձառու է ուսուցիչը, և ընդունակ՝ աշակերտները: Այն երեխաները, որոնց համար մեր «խցանները» նախատեսված չեն, շարունակում են իրենց գործով զբաղվել:

Ընդմիջումից հետո՝ ժամը 15-ին, այսպես կոչված, ազատ աշխատանքը կամ, ավելի ճիշտ, հանգամանալից կազմակերպված ուսումնական պրոցեսում նախատեսված և նախապատրաստված բարդ և բազմազան գործունեությունը ավարտվում է:

* * *

Ավանդական դպրոցում, որպես կանոն, ամենադժվարը պարապմունքների վերջին ժամն անցկացնելն է. աշակերտները հոգնածությունից ցրված են դառնում, հաճախ են սխալվում և չեն լսում, ուսուցիչը ևս հոգնել է, կարող է հավասարակշռությունից դուրս գալ, գոռալ, անգամ անտեղի պատժել աշակերտին:

Իսկ մեզանում հակառակն է, այդ ժամն ամբողջ օրվա ամենահետաքրքիր ժամերից մեկն է: Պատկերացրեք ընտանիք, որը երեկոյան, ավարտելով բոլոր գործերը, քնից առաջ հավաքվում է մեծ սենյակում: Յուրաքանչյուրը պատմում է, թե ինչով է զբաղվել օրվա ընթացքում, ինչ հետաքրքիր բան է իր հետ տեղի ունեցել, ինչպիսի աշխատանք է կատարել, հետո բոլորը հիշում են բացականերին, երեխաները հարցեր են տալիս ծնողներին, տատիկին ու պապիկին կամ հետաքրքիր հեքիաթ լսում:

Մենք հենց այդպես ենք վարվում:

Բոլորս հավաքվում ենք ընդհանուր սենյակում: Առաջին կես ժամը` 15-ից 15.30, տրամադրում ենք օրվա աշխատանքի կարճ հաշվետվությանը: Սկզբում օրվա ընթացքում տեքստը տպագրած աշակերտները բաժանում են պատրաստի թերթիկները, որը յուրաքանչյուր աշակերտ կարելու է իր գրքում: Եթե վաղը թերթիկի հակառակ երեսին ուրիշ տեքստ պիտի տպագրվի, երեխաները միայն ցույց են տալիս դասարանին թերթիկները և կարդում տեքստը:

Հետո նայում ենք գրատախտակին, որտեղ առավոտյան գրվել էին առաջադրանքները:

ա) Ինչպե՞ս են փողավոր հրացանի գործերը: Ճաշից հետո երեխաները շամբուկ են բերել, սակայն միայն վաղը հրացանը պատրաստ կլինի:

բ) Լարով հեռախոս և ձայնի տարածման փորձը. ամեն ինչ պատրաստ է: Վաղը ժամը 13.45 հեռախոսը ցույց կտանք և փորձը ողջ դասարանի համար կանենք:

գ) Ոռոգման պատմությունը: Աշակերտը, ում այդ առաջադրանքն էր հանձնարարված, կարճ կոնսպեկտ է կազմել և կարդում է: Հետո միասին աչքի ենք անցակցնում նրա ընտրած քարտերը: Ուսուցիչը առավել հետաքրքիր 2-3 քարտը բարձրաձայն կարդում է:

դ) Ջրի ճնշումը. փորձերը դեռ չեն   ավարտված չեն: Վաղն էլ կաշխատենք  և փորձը ողջ դասարանի համար կնախապատրաստենք:

ե) Հեռախոսի պատմությունը  և զարգացումը:

Այս առաջադրանքի համար պատասխանատուն կարճ ծանուցում է և ասում, որ իր հաջորդ զեկուցումն այդ թեմային կնվիրի:

Ավարտին հատուկ այդ առիթով ընտրված հետաքրքիր տեքստ կամ բանաստեղծություն եմ կարդում: Եվ վերջապես երգերի ձայնապնակը, որի բովանդակությունը համապատասխանում է պարապմունքների բնույթին և երեխաների հետաքրքրություններին,  ավարտում է աշխատանքային օրվա արդյունքների ամփոփումը:

Այս փուլում աշխատանքի տևողությունը տարբեր է լինում: Եթեբոլորին լսելու ժամանակ չկա, կարելի է ինչ-ր բան վաղվան թողնել: Իսկ եթե, օրինակ, գիտենք, որ այսօր զեկուցումը կարճ է լինելու, կարելի է մնացած ժամանակը հատկացնել հաշվետվություններին: Այս հարցը յուրաքանչյուր ուսուցիչ ինքը կարող է որոշել: Այդպես մայրն է ասում երեխաներին. «Այսօր ուշ է: Եկեք վաղը շարունակենք»:

Հայտնի է, որ դպրոցական տպարանի վրա հիմնված մեր մեթոդների հիմնական առավելությունն այն է, որ առանց ավելորդ ծախսերի ապահովում են տեղեկատվության հասարակ, հարմար և մշտական փոխանակություն՝ ինչպես ֆրանսիական, այնպես էլ արտասահմանյան դպրոցների միջև: Մի դպրոց մեզ հետ կանոնավոր կերպով նամակագրություն է անում. այդ դպրոցի գրաշարային տեխնիկայի մակարդակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին մերը: Շաբաթական երեք անգամ այդ դպրոցից տպագրած թերթիկների տրցակ ենք ստանում՝ յուրաքանչյուր աշակերտի համար մեկ թերթիկ: Թերթիկները կարում են թղթակից- դասարանի գրքում, որը շատ լավ լրացնում է մեր դասարանի գիրքը: Բացի դրանից, մեր յուրաքանչյուր աշակերտ անհատական նամակագրություն ունի այդ դպրոցի որևէ աշակերտի հետ. նրանք նամակներ, նկարներ, խաղալիքներ, լուսանկարներ են փոխանակում, լուսանկարներով, իսկ երբեմն անգամ իրար հյուր են գնում: Վերջապես, մենք նամակագրություն ունենք նաև Ֆրանսիայի և արտասահմանի այլ դպրոցների հետ. ամեն ամիս նրանք մեզ են ուղարկում իրենց «դպրոցական թերթերը», մենք էլ` իրենց:

Ստանալով այդ թերթիկները՝ բնականաբար կարդոմ ենք. սկզբում` ամեն մեկն իր համար, հետո՝ բարձրաձայն, ինչպես ժամանակ առ ժամանակ կարդում ենք մեր սեփական մտքերը: Հետո քննարկում ենք, նոթատետրում գրանցում քննարկման ընթացքում ծագած առաջարկությունները, առաջադրանքները: Որոշում ենք մեր թղթակիցներին ինչ-որ հարցեր առաջադրել, ինչ-որ բաներ ուղարկել: Այս ամենը կենդանի և հետաքրքիր աշխատանք է, որը մեթոդապես պետք է ներգրավենք մեր համակարգի մեջ:

Ոմանք կարող են մտածել՝ արդյոք կես ժամում չի՞ պահանջվում չափից շատ աշխատանք կատարել: Դե, պարզ է, որ հարկ չի լինում ամեն օր անել: Սակայն հետաքրքրությունների հարստություն ու մտահղացումների բազմազանություն ունենալը բոլորովին էլ վատ չէ: Ավելի լավ է պլանների մեծաքանակությունից ընտրություն կատարելու հնարավորություն ունենանք, քան չիմանանք ինչ անել դասերին և սահմանափակվենք անօգուտ ու ձանձրալի վարժություններով:
Գործնականում ամեն ինչ կարելի է հավասարակշռել: Շաբաթական երկու անգամ կրճատում ենք մեր հաշվետվությունները, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրենք մեր տեքստերին, ինչպես նաև այլ դպրոցներից ստացված նյութերին: Երկու շաբաթը մեկ՝ չորեքշաբթի օրը, կազմվում են մեր ընկերներին ուղղված նամակները. յուրաքանչյուրը ազատ է գրելու ինչ ուզում է և օրվա մեջ իրեն հարմար ցանկացած ժամանակ:

* * *

Մնացել է ևս կես ժամ` 15-30—16-00

Սկսում ենք նոթատետրում գրառված (դրա մասին հիշատակել ենք)` երեխաների հարցերի պատասխաններից: Սա շատ հուզիչ պահ է բոլորի, հատկապես և´ ավագ, և´ կրտսեր այն աշակերտների համար, ովքեր հարցեր են տվել: Սակայն անհրաժեշտ է նաև, որ ի վիճակի լինենք նրանց պատասխանելու:

Առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել ուսուցչին նենգամիտ հարցեր տալու (և հաճույքով դիտելու, թե ինչպես է «տակից դուրս գալու») սովորությունը, որը շատ բնական էր հին դպրոցի աշակերտների համար: Դրանից կարող եք խուսափել, եթե միանգամից անկեղծորեն հայտարարեք, որ աստված չեք, հնարավոր է ինչ-որ բաներ չիմանաք, հետո հարկ է բացատրել երեխաներին, թե ինչպես եք պարզաբանելու այն հարցերը, որոնց հստակ պատասխանը դեռ չունեք: Խաղը ազնիվ կլինի. այս դեպքում էլ մոր նման եք վարվում, որը երեխային բացատրում է այն, ինչ գիտի, և անկեղծորեն խոստովանում է, որ ինչ-որ բան չգիտե կամ միայն մասնակիորեն գիտե: Սակայն վերջին հաշվով երեխաները պետք է ստանան իրենց բոլոր հարցերի պատասխանները: «Ի´նչ անենք, քարտարանում փնտրենք, մեծ բառարանը նայենք, կարծեմ տանն այդ թեմայով գիրք ունեմ. վաղը կստանաք պատասխանը... Մեր գյուղում ապրում է մեկը, նա գուցե կարող է մեզ օգնել գտնելու պատասխանը: Եկեք նրան դպրոց հրավիրենք և խնդրենք` պատմի, թե ինչպես է ճանապարհորդել... Հարցնենք այսինչ արհեստավորին, նա միգուցե իմանա... Մեր թղթակիցները երևի կարող են պատասխանել այսինչ հարցին, եկեք նրանց գրենք... Իսկ ահա այս, հատկապես բարդ հարցը պարզաբանելու համար կարելի է տեղական լրագրին դիմել...»:

Ահա տեսնում եք, թե ինչքան հնարավորություններ են բացվում մեր առջև: Սրա հետ մեկտեղ ծագում են հետաքրքիր աշխատանքի նոր հեռանկարներ, որոնք անպայման պետք է ներգրավենք մեր համակարգ: Ոչ մի դեպքում մի խուսափեք պատասխաններից: Ընդհակառակը, ձգտեք հարցերն օգտագործել և երեխաների և ձեր սեփական գիտելիքները համալրելու համար:

Լինում են նաև այնպիսի հարցեր, որոնց շատ դժվար է պատասխանել ոչ այն պատճառով, որ պատասխանը չգիտեք: Փորձեքև դրանց պատասխանել առավելագույն անկեղծությամբ: Եթե այնուամենայնիվ բարոյական կամ քաղաքական բնույթի ինչ-ինչ պատճառներով ուղիղ պատասխանը միանգամայն անհնար է, մի փորձեք «թոզ փչել երեխաների աչքերին». երեխաները ցանկացած կեղծիք շատ նրբորեն զգում են, և դա անդառնալի վնաս կհասցնի դաստիարակչական ամբողջ աշխատանքին: Պարզապես ասացեք. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, հակառակ դեպքում անախորժություններ կունենամ: Գիտեք, չէ՞, որ մենք ոչ միշտ ենք ասում և անում այն, ինչ ուզում ենք...»:
Սակայն սա շատ հազվադեպ է:

Միայն մի´ վերածեք հարցերի պատասխանները դատարկախոսության, մի´ թողեք, որ երեխաները անընդհատ նորանոր հարցեր տան, քանի որ պատասխանում եք: Ժողովի նախագահի նման վարվեք. խիստ պահպանեք օրակարգը, այսինքն` այն հարցերը, որոնք զետեղված են նոթատետրում: Ով ուզում է էլի ինչ-որ բան հարցնել, թող վաղը գրի իր հարցերը:
Այս արարողության տևողությունը կախված է հարցերի բնույթից: Որոշ օրերի ավելի շատ ժամանակ կարող ենք նվիրել հաշվետվություններին կամ զեկուցմանը, այլ օրերին, ընդհակառակը, աշխատանքի այլ տեսակների հաշվին ավելի երկար պատասխանել հարցերին:

Եվ վերջապես` զեկուցումը

Զեկուցողն իր տեքստով և նյութերով նստում է ուսուցչական սեղանի մոտ: Եթե անհրաժեշտ է եղել, նախօրոք ուսուցչի կամ աշակերտներից որևէ մեկի օգնությամբ նա գրատախտակին զեկուցումը հասկանալու համար երեխաներին օգնող սխեմաներ կամ քարտեզներ է գծել: Նա տեքստը կարդում է և ցույց է տալիս նյութերը: Հետո նրան հարցեր են տալիս, և նա պատասխանում է, եթե կարողանում է: Իսկ եթե չի կարողանում, հարցերը գրում ենք նոթատետրում. դրանք հետո լրացուցիչ կուսումնասիրենք:

Այս թեմատիկան մանրամասնորեն չենք լուսաբանի. դրան հատուկ գրքույկ ենք նվիրելու, որտեղ նրա բոլոր անվիճելի մանկավարժական առավեհությունները կթվարկենք: Երբեմն զեկուցում են երկուսով` մեկը ավագ խմբից, մյուսը՝ կրտսերից: պատահում է, որ աշակերտը ամաչկոտությունից կամ այն պատճառով, որ չի կարողանում սահուն կարդալ, չի համարձակվում կարդալ իր զեկուցումը: Այդ դեպքում, բնական է, պետք է նրան օգնել: Ինչպես հասկանում եք, հնարավոր են զանազան տարբերակներ, ուստի աշխատանքի կազմակերպումը ճկուն և դինամիկ պիտի լինի:

Զեկուցումից հետո երաժշտություն ենք լսում և երգում, եթե պետք է, ձայնապնակներ ենք դնում: Օրն ավարտված է, և ինչպես տեսնում եք, այն շատ հագեցած էր:

Լրացուցիչ դետալներ
1. Կինո

Մեր դպրոցի ուսումնական գործընթացի միայն մի քանի լրացուցիչ տեսանկյուն է մնացել լուսաբանելու: Կբավարարվենք առանց պարապմունքների յուրաքանչյուր օրվա հանգամանալից վերլուծության, ինչպես երկուշաբթի օրվա համար էինք արել:

Չորեքշաբթի օրերին պարապմունքների վերջին ժամը նվիրվում է կինոնկարներ ցուցադրելուն, որը երբեմն ուղեկցվում է երաժշտությամբ ու երգով: Մենք փոքրիկ կինոպրոեկտոր ունենք, իսկ կոոպերատիվ ֆիլմադարանը կանոնավոր կերպով մեզ ֆիլմեր է տրամադրում: Նաև կինոխցիկ ունենք, որի օգնությամբ գյուղում, զբոսանքի ժամանակ և այլն, մեր ֆիլմերն ենք նկարահարում: Այդ ֆլիմերը կենդանի և անմիջականորեն արտացոլում են մեր կյանքը, ուստի այնպես, ինչպես աշակերտների կազմած տեքստեր, համարվում են ուսումնադաստիարակչական շատ արժեքավոր միջոց: Ֆիլմերը, ինչպես և տեքստերը, ուղարկվում են թղթակիցներին` նրանց կինոժապավենների հետ փոխանակելու համար: Այդ կինովավերագրերի շնորհիվ մեր կինոսեանսները բարոյական և հոգևոր յուրահատուկ արժեք են ստանում, որը լրացնում է (մանկավարժների կողմից մինչ այժմ բացարձակ անտեսված է) կինոմատոգրաֆի ուսումնական և զվարճացնող գործառույթները:

Վախենում եմ, սակայն, որ այս բնագավառում մեր տեսակետը պաշտպանելը մեզ համար շատ դժվար կլինի: Դպրոցական կինեմատոգրաֆի կատարելագործման ողջ ճանապարհը տվյալ ուսումնական միջոցի օգտագործմանը վերաբերող սխալ հայեցակարգի ցայտուն օրինակ է:

Մեր տեխնիկան մշակելով` շատ բան արեցինք` Ֆրանսիայում տարածելու «Պատե-բեբի» մոդելի կինոպրոեկտորը, որը դպրոցի համար համարյա իդեալական էր թվում մեզ. պատրաստման և կիրառան առումով պարզ է, երեխաներին միանգամայն մատչելի, համեմատաբար էժան, ժապավենները երևակելը հեշտ է: «Պատե-բեբի»-ն պիտի դառնար նոր դպրոցի լավագույն ուսումնական միջոցներից մեկը:

Սակայն շուտով մանկավարժները նկատեցին, որ այդ կինոպրոեկտորը միշտ է բավականաչափ հստակ պատկերում տալիս, էկրանը չափազանց փոքր է, ֆիլմերը` շատ կարճ, որից էլ սեանսները դառնում են կցկտուր: Այս դիտողություններն արել են հիմնականում այն ուսուցիչները, որոնք կինոն ոչ թե որպես ուսումնական միջոց են օգտագործում, այլ արտադասարային կամ կոմերցիայի վրա հիմնված աշխատանքի համար: Ցավոք, առևտուրը նրանց պահանջներին սկսեց հարմարվել, և այժմ միայն արտադասարանական միջոցառումերի միջոցներով կարելի է կինոպրոեկտոր ու ժապավեն գնել: Կինոխցիկների մասին անգամ արժե խոսել չարժե. դրանք ավելի թանկ արժեն:

Գործնականում դպրոցն այսօր նկարահանումների և ֆիլմերի ցուցադրման համար պատշաճ սարքեր չունի: Այստեղ շատ անելիքներ ունենք, և այս բնագավառում առավելագույն ջանքեր կգործադրենք:

2. Ձայնապնակներ

Դպրոցում նաև նվագարկիչ կա` ուսումնական միջոցի կարգի մեր ջանքերով հասցված, երբ հատուկ ընտրված ձայնապնակները լայնորեն օգտագործվում են երգի ուսուցման և դպրոցում պարերով և երաժշտությամբ ուղեկցվող տոների կազմակերպման համար:

Մի քանի տարի առաջ մի նոր ուսումնական միջոց էլ երևան եկավ` ոչ պակաս արժեքավոր, քան կինոպրոեկտորն ու նվագարկիչը: Դա ձայնագրիչն է: Դա ուսումնական տարբեր նպատակներով կարելի է լավագույնս օգտագործել, մասնավորապես աշակերտների ձայների ձայնագրում, աշխատողների և արհեստավորների պատմություններ, ինչպես նաև այլ քաղաքներից մեր ընկերների ձայներին ցանոթություն:

3. Ռադիո

Մեր աշխատանքում ռադիոն համարյա չի օգտագործվում: Ինչպես ժամանակակից կինոմատոգրաֆը, նա նույնպես մեր մեթոդերին բոլորովին չի համապաստասխանում: Նույնիսկ այսպես կոչված ուսումնական ծրագրերն են օգուտ. ավելին` դրանք կարող են վնասել` մեր աշխատանքային դպրոցի ուսումնական գործընթացում մակերեսայնություն և աններդաշնակություն մտցնելով:

Սակայն չենք պատրաստվում վերջնականապես հրաժվել ռադիոյից: Ընդհակառակը, ժամանակակից աշխարհի որջ հարստությունն արտացոլելու համար դպրոցը պիտի ռադիոն և կենեմատոգրաֆը դարձնի անփոխարինելի ուսումնական միջոցներ, որոնք ամենահարուստ հնարավորություններն ունեն: Այսօր նույնը կարելի է ասել նաև հեռուստատեսության մասին:

4. Գրամեքենա

Մինչև այժմ գրամեքենան շռայլություն էր համարվում և ժողովրդական դպրոցին անմատչելի էր: Բայց ժամանակակից տեխնիկական առաջընթացն արդեն հնարավորություն է տալիս ընդունելի գներով հուսալի ինքնակարգավորվող գրամեքենա ձեռք բերել, որով երեխաները կարող են ինքնուրույն տպել:

Եթե դա հաջողվի, գրամեքենան շատ կարևոր գործիք, անգնահատելի ուսումնական միջոց կդառնա ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար: Այն կլրացնի դպրոցական տպարանին և պատճենահանման սարքին, և դա ուսումնական տեխնիկայի մեջ այնպիսի մի հեղափոխություն կդառնա, ինչպիսին թղթի գյուտն էր և սագի փետուրի փոխարինումը պողպատե գրիչներով:

Շարվածքի տարարկղի առավելությունների մի մասը գրամեքենան ունի. նրա օգնությամբ գրչին դեռ վատ տիրապետող երեխաները կարող են կոկիկ և գեղեցիկ տողեր «թողարկել»: Տառը տառին ավելացրու, և անթերի էջը պատրաստ է: Սակայն գրամենքենայով ընդամենը 3-4 օրինակ կարելի է տպել, այդ պատճառով այն տպագրական հաստոցի նման լայնորեն կիրառել չենք կարող: Սակայն տպած թղթերից տրաֆարետներ կարելի է պատրաստել և դրանք անսահման քանակով վերարտադրել լիմոգրաֆով: Ընդ որում, գրամենենան երեխաների համար անգնահատելի առավելություն ունի. արդյունքն անմիջապես երևում է, սեղմեցիր ստեղնը` թղթի վրա հայտնվում է տառը:

Գրամեքենան կարելի է օգտագործել սկսած նախապատրաստական խմբից, որտեղ երեխաները դեռ նոր են առնչվում ընթերցանությանն ու գրին: Քանի որ մեր տրամադրության տակ ընդամենը մեկ գրամեքենա է, այն օգտագործում ենք հետևյալ աշխատանքների համար.

  • Զեկուցումը նախապատրաստելով` աշակերտը կարող է այն մեքենագրել: Նա չորս օրինակ է անում` իր համար, իր ծնողների, դպրոցական արխիվի և մեզ հետ մշտական նամակագրություն ունեցող դպրոցի համար:
  • Առավոտյան դասարանում ընթերցված ազատ տեքստերի մեջ շարվածքի համար ընտրված տեքստից բացի կարող են լինել նաև ուրիշները, որոնք հետաքրքիր տեղեկատվություն են պարունակում կամ գեղարվեստական արժեք ունեն: Այդ դեպքում հեղինակներին թույլատրվում է մեքենագրել երեք օրինակից, առաջինը կարվում է աշակերտի անձնական գրքի մեջ, երկրորդը` դասարանի օրագրում, իսկ երրորդը ուղարկվում է այն աշակերտին, ում հետ հեղինակը նամակագրություն ունի:
  • Արհեստանոցներում կամ քարտարանով աշխատանքի արդյունքում հետաքրքիր և գրագետ տեքստեր կազմող աշակերտները ևս դրանք մեքենագրում են երեք օրինակից, որոնք բաշխում են ճիշտ այնպես, ինչպես նախորդ դեպքում:
  • Սակայն ավելի հաճախ գրամեքենայի օգնությամբ տրաֆարետներ ենք անում, որոնք հետո բազմացնում ենք լիմոգրաֆով:

Այս ձևով ստացված տեքստերն այնքան գեղեցիկ չեն ձևավորված, ինչպես տպագրական եղանակով արվածները: Սակայն լիմոգրաֆով բազմացումը միանգամայն հարմար է զուտ տեղեկատվական բնույթի տեքստերի համար: Բացի դրանից, մի կարևոր առավելություն էլ կա. մի քանի րոպեում կարելի է պատրաստել էջի տրաֆարետը, որը տպագրական եղանակով հավաքելու համար մի ժամի չափ կծախսվեր, և անմիջապես բազմացնել այն 20, 30, 80 կամ 100 օրինակով:

Այդ հնարավորությունն օգտագործում ենք հետևյալ դեպքերում`

  • եթե մեր տեքստն ունի զուտ տեղեկատվական բնույթ, օրինակ` նվիրված է դպրոցի-կոոպերատիվի հաշվետվությանը.
  • երբ մեզ անհրաժեշտ է արագ բազմացնել կատարված աշխատանքների, փորձի, զբոսանքի, էքսկուրսիայի հաշվետվությունը, իսկ իսկ շարվածքը շատ ժամանակ կխլեր.
  • երբ անհրաժեշտ է տեքստը բազմացնել միայն աշակերտների մի մասի համար:

Առաջին երկու դեպքում մեքենագրված տեքստի հետ վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես տպագրական եղանակով հավաքված տեքստի հետ. տպվում են նույն քանակի օրինակներ, դրանք կարվում են աշակերտների գրքերում, պահվում են թերթի և այլ դպրոցներ ուղարկելու համար:

Գրամեքենան և լիմոգրաֆը ավագ աշակերտների հետ աշխատանքի համար անփոխարինելի են. այս կամ այն թեմայով շարադրությունները, ընդհանուր դիտարկումները տպագրելու և բազմացնելու հնարավորություն են տալիս, նաև, անհատական և խմբային աշխատանքների հաշվետվությունները, որոնցով բնական գիտություններից, պատմությունից, աշխարհագրությունից հատուկ ժողովածուներ են կազմվում:

Գրամեքենայի գործածությունը տեխնիկական առաջընթացի նոր հնարավորություններին մեր մեթոդների հարմարվածության մասին է վկայում. մյուս կողմից ուսուցման նորագույն տեխնիկական միջոցները նոր դպրոցի պահանջներին առավել լավ են համապատասխանում:  

5. Դաստիարակչական աշխատանքում մեծերի օգնությունը

Ինչպես արդեն նշել ենք, ավանդական դպրոցը գործում էր ինքնապարփակ տարածության մեջ: Ուսուցիչներին միայն վերջերս է թույլատրվել ժամանակ առ ժամանակ երեխաների հետ այգի, գետափ, դաշտ գնալ: Սակայն կենդանի տպավորությունների այս աղքատիկ բաժինն էլ, որ երեխաները դրանից ստանում են, չի յուրացվում, այլ դասարանի չորս պատի մեջ արագ ցրվում է: Կյանքից դպրոցի այսպիսի մեկուսացումն անխուսափելիորեն գալիս է այն դաստիարակչական համակարգից, որից մենք վճռականորեն հրաժարվել ենք:

Մեր մանկավարժական հայեցակարգը, ընդհակառակը, ենթադրում է, որ կյանքն առանց խոչընդոտների պիտի մտնի դպրոց, իսկ ինքը` դպրոցը, պարտավոր է համարձակ ընդառաջ գնալ կյանքին: Աշխատանքը այգում, զբոսանքները, էքսկուրսիաները կոլեկտիվ և անհատական այցելությունները արհեստանոցներ ուսումնական պրոցեսի մասն են կազմում: Սակայն ավելի առաջ պետք է գնալ: Խոսելով երեխաների հարցերին տրվող պատասխանների մասին` նշեցինք, որ պետք չէ` ուսուցիչն ինքնավստահ ամենագետ ձևանա, անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու համար նա անընդհատ պիտի դիմի հնարավոր բոլոր աղբյուրներին: Սակայն մյուս մեծերը նույնպես, հատկապես ծնողները, պիտի գիտակցեն, թե ինչ անհրաժեշտ է իրենց օգնությունը դաստիարակչական աշխատանքում: Գիտենք, որ ստիպված ենք հաղթահարելու ուժեղագույն իներցիան` ինքն իր մեջ ամփոփված և իր ինքնամփոփությունը խանդոտ կերպով պահպանող հին դպրոցի ժառանգությունը, այն չափազանց ինտելեկտուալացված դպրոցի, ուր ոչ մի արհեստավոր չի համարձակվի մտնել` ոչ անհիմն ենթադրելով, որ այնտեղ իրեն կզգա «իր ափսեից դուրս»:

Մենք վճռականորեն ձերբազատվել ենք այդ կարգից, մերժել սխոլաստիկան, մեր աշխատանքը կարողացել ենք կապել իրական կյանքին` իր ողջ բարդությամբ: Եվ դպրոցը դադարել է տաճար լինելուց, որտեղ մտնողն ստիպված է գլխարկը հանել, աղոթելու պատրաստ խաչել ձեռքերը և ոտնաթաթերի վրա քայլել` աշխատելով կոպիտ ոտնամաններով չթակել հատակը: Դպրոցը դարձել է արհեստանոց, շինհրապարակ, որտեղ յուրաքանչյուր աշխատող իր տարերքի մեջ է` գիտակցելով, որ ինքը պարտավոր է գոնե մի փոքրիկ աղյուս դնել այդ շենքին, որը զարդարում է մեծասքանչ գմբեթը` մտավորականությունը:

Մանկավարժության հետ կապ չունեցող մարդկանց դպրոց հրավիրելուց չենք վախենում: Եթե այգում կամ բանջարանոցում դժվարին աշխատանք ունենք` նոր բույսեր տնկել, ծառերի շուրջը փորել, էտել կամ սրսկել, հմուտ, փորձառու այգեգործի ենք կանչում, որ մեզ օգնի և սովորեցնի: Նրանից դասախոսություն չենք ակնկալում, թող պարզապես մեզ ցույց տա, թե ինքն ինչպես է աշխատում: Հետո, եթե հարկ լինի, անհրաժեշտ տեսական պարզաբանումներ կարելի է տալ: Երբ ատաղձագործաան արհեստանոցում դժվար աշխատանք լինի անելու, օգնության կկանչենք հյուսնին: Ուրիշ անգամ կողովագործը, դարբինը, քարագործը, դերձակը կարող են մեզ մոտ գալ:

Կյանքը դպրոց է մտնում, և միաժամանակ դպրոցն ինքը գնում է կյանքին ընդառաջ:

Հետաքրքրությունների համակարգից կախված` երեխաները գնում, հարցեր են տալիս մե´կ սրճարանի խոհարարին, մե´կ պառավ տատիկին, մե´կ թոշակառու զինվորականին:

Դժվար չէ կռահել, թե նման փոխներթափանցումից որքան է շահում դպրոցը. ուսուցիչների գիտելիքների բացերը լրացվում են (չէ՞ որ ոչ մի մանկավարժ չի կարող աշխարհում ամեն ինչ իմանալ), դպրոցն ավելի ու ավելի խորն է թափանցում շրջապատող միջավայր, շեշտադրվում է իսկական հանրօգուտ աշխատանքը, որը նախկինում դուրս էր մղվել սխոլաստիկ ուսուցման կողմից:

Սակայն այս ակտիվ գործունեությունն անօգուտ, անգամ վտանգավոր իրարանցում կլիներ, եթե հետաքրքրությունների համակարգերի, աշխատանքի վրա հիմնված դաստիարակչական մեր ողջ հայեցակարգի հետ անքակտելիորեն կապված չլիներ:

6. Վերահսկում

Ուսուցման նոր միջոցներ, նոր մանկավարժություն, նշանակում է ուրեմն` նաև ստուգման նոր ձևեր: Ավանդական դպրոցում ընդունված ստուգման ձևերը աշխատանքային դաստիարակության մեր դպրոցի համար պիտանի չեն: Այնտեղ սերտած դասերի, տնային բանավոր և գրավոր առաջադրանքների, բարձրաձայն ընթերցանության համար համար էին գնահատականներ դրվում: Մեր դպրոցում դասերն անգիր չեն սովորում, կարմիր թանաք չենք օգտագործում տնային առաջադրանքներում սխալները ուղղելու համար, իսկ բարձրաձայն ընթերցանությունը լեզվի ուսուցման համալիր մեթոդի բաղկացուցիչներից մեկն է միայն:

Հին դպրոցում գնահական նշանակելը հեշտ էր այն պատճառով, որ ուսումնական գործընթացը սահմանափակվում էր միայն մտավոր զարգացման խնդրով: Իսկ մեր հետաքրքրությունների համակարգը մի ողջ աշխարհ է` բարդ ու բազմակողմանի, և նա, ով ուսումնական որևէ առարկա չի յուրացնում, գործնական աշխատանքում կարող է փայլուն կերպով դրսևորվել: Ուստի ստուգման այլ միջոցներ պիտի գտնենք:

Այո, մենք ստուգմանը կողմ ենք, սակայն ոչ այն նախանձոտ-կասկածամիտ ստուգմանը, որը նկատի ունի գնահատականների շատ թե քիչ կամայական նշանակում: Այդպիսի ստուգումը միայն այն աշակերտներին է  ձեռնտու, որոնք այս կամ այն առարկայից ուժեղ են, իրենց հաջողություններով հպարտացող գերազանցիկներին, միևնույն ժամանակ միջակ և թույլ աշակերտները գնահատականներից ստորացուցիչ, սեփական անլիարժեքության վտանգավոր զգացում առաջացնող կախման մեջ են ընկնում:

Սակայն ամեն մի երեխա, ասենք, ինչպես և մեծերը, իր ջանքերի և ձեռքբերումների գնահատման պահանջ ունի: Այն նույն պահանջը, որով պայմանավորվում է աշխատանքի պլանների անհրաժեշտությունը, վճռական դեր է խաղում նաև այստեղ.եթե աշխատանքը բարդ է, եթե նպատակին հասնելու ճանապարհը երկար է, երեխան փոքրիկ դադարներով աշխատանքը փուլերի բաժանելու պահանջ է զգում: Ցույց տալ և չափել այդ փուլերը, նշել դադարները` ահա թե այսօր որն է ստուգման խնդիրը:

Եվ այս ստուգումը մեկ ուսուցչի կողմից չպիտի իրականացվի, չէ՞ որ նա կենդանի մարդ է, ո´չ կողմնապահությունից, ո´չ մոլորություններից զերծ չէ: Մեզ մոտ աշակերտներն ուսուցչի հետ իրականացնում են դպրոցական կոլեկտիվի շրջանակում արված իրենց աշխատանքի վերահսկումն:

Եվ այս ստուգումը ոչ միայն պաշտոնական արդյունքներն է հաշվի առնում, այլև այս կամ այն աշխատանքի համար երեխաների գործադրած ջանքերը: Դա միայն միավորներով գնահատում չէ: Ձևական տեսանկյունից չպետք է համեմատենք երկու տարբեր զեկուցումներ, որոնցից յուրաքանչյուրում փոքրիկ հեղինակը ամբողջ հոգին է դրել: Եթե աշակերտը ջանացել է, ինչքան կարողացել է, և խղճով է աշխատել, անկախ արդյունքից` անպայման բարձր գնահատականի է արժանի:

Հաշվի առնելով այս նկատառումները` ստուգում իրականացնում ենք հետևյալ ձևերով:

ա) Ինքնաստուգում աշխատանքային պլանի օգնությամբ: Աշխատանքի պլանը պիտի կատարվի: Բոլոր աշակերտները, նույնիսկ փոքրերը, նաև հետ մնացողները, իրենց պարտքն են համարում կատարել պլանավորված ողջ աշխատանքը: Ուսուցիչը շաբաթվա ընթացքում պիտի հետևի պլանի կատարմանը` ժամանակ առ ժամանակ շտապեցնելով թեթևամիտ աշակերտներին, որոնք Լաֆոնտենի առակի նապաստակի նման կարծում են, թե առջևում դեռ բավական շատ ժամանակ կա: Շաբաթ օրը այդպիսի աշակերտները սովորաբար հասկանում են, որ անհուսալիորեն ետ են մնացել, սկսում են նյարդայնանալ, շտապել, ընդմիջումներին են աշխատում, անգամ կիրակի օրը, և միևնույն է, ոչինչ չեն հասցնում: Շաբաթ օրը ժամը երկուսին ստուգում ենք պլանների կատարումը: Այդ աշխատանքն այնպես ենք կազմակերպում, որ չվիրավորենք նրանց, ովքեր դեռ ինչ-որ բան չեն հասցրել, նրանց ինքնասիրությունը խնայենք: Սկզբում ստուգվում են թվաբանության և քերականության նոր քարտերը (շաբաթվա ընթացքում հետևել ենք, որ այդ աշխատանքը կոկիկ, խնամքով արվի, եթե պետք է եղել, համապատասխան խորհուրդներ ենք տվել): Քանի որ դրանք ինքնաստուգման քարտեր են, կարիք չկա բծախնդրությամբ ստուգելու բոլոր վարժությունները, բավական է նայել քարտերը, որը երկար ժամանակ չի խլի:

Ընթացքում հերթապահը սեղանին է շարում մյուս բոլոր աշխատանքները` տեքստերը, պատմությունից և աշխարհագրությունից աշխատանքները, փորձերի և դիտարկումների արդյունքները, զեկուցումները և այլն: Յուրաքանչյուր աշխատանք գնահատում ենք, գնահատականը գրանցվում է պլանի տակ գծված դիագրամում: Դրան ավելանում են կարգապահության, մաքրության, կոլեկտիվում դրսևորվելու կարողության համար գնահատականները: Աշակերտը ողջ շաբաթվա իր աշխատանքի և վարքի գնահատականներն այդ դիագրամից միանգամից տեսնում է. օրինակ` թվաբանությունից վատ է, և այնքան էլ լավ հարաբերություններ չունի ընկերների հետ, և դիագրամը միջին մակարդակի ուղիղ գիծ է, այն դեպքում, երբ ավելի լավ աշակերտների դիագրամները ևս ուղիղ են, բայց ավելի բարձր մակարդակում: Համեմատելով ուրիշ դիագրամների հետ` երեխան արդեն կարող է որոշել, թե հետագայում ինչպես աշխատի, որ առարկային ավելի շատ ուշադրություն  դարձնի, որի բացթողումները լրացնի և արդյունքում ընդհանուր մակարդակը բարձրացնի:

Աշակերտներն իրենք են համեմատում իրենց դիագրամները, ուսուցիչը միայն ընդօրինակման արժանի օրինակ կարող է ցույց տալ, բայց ոչ ավելի:

Երեխան իր աշխատանքային պլանը տանում է տուն, որպեսզի ծնողները ստորագրեն: Հետո նա պետք է կտրի դիագրամը և իր դպրոցական օրագրի մեջ սոսնձի:

բ) Դպրոցական օրագիր: Ամեն աշակերտ իր անուն ազգանունով, ծննդյան տարեթվով, լուսանկարով, ինչպես նաև ծնողների, քույրերի, եղբայրների լուսանկարներով դպրոցական օրագիր ունի: Դիագրամները սոսնձվում են օրագրի ազատ էջերում:

Դացի դրանից, ուսուցիչն էլ զուգահեռ պահում է մեր մշակած նմուշի իր օրագիրը, այնտեղ եղած տեղեկությունները լրացնում են աշակերտների օրագրերը: Երեխաները չպիտի տեսնեն, թե ինչ է գրված այնտեղ, բայց ահա ծնողներին ժամանակ առ ժամանակ այն կարելի է ցույց տալ:

գ) Ատեստատներ: Յուրաքանչյուր աշակերտի (և ընդհանրապես դպրոցի) նպատակն այն է, որ լավագույնս յուրացնի մարդկային գործունեության կենսականորեն կարևոր ոլորտներին անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները: Մեզանում այդ յուրացման մակարդակը վերահսկվում է ատեստատների համակարգի միջոցով:

Ուսուցման նախնական աստիճանների համար մշակել ենք որոշակի նորմեր, որոնց կատարման համար հատուկ ատեստատներ են տրվում:

Ատեստատը տրվում է ստուգարքը հանձնելուց հետո. աշակերտը կատարում է որոշակի գործնական աշխատանք, ուսուցիչը հետևում է դրա կատարմանը և գնահատում արդյունքը. այստեղ ավելի հաճախ իրենք աշակերտները, դպրոցական կոոպերատիվի բոլոր անդամներն են նրան օգնում: Կատարված աշխատանքները մնում են դպրոցում, դա մշտապես համալրվող ցուցահանդես է, որը կարելի է ցուցադրել տեսչությանը, ինչպես նաև ծնողներին. դպրոցն ավարտելիս այդ ցուցադրանմուշները վերադարձվում են աշակերտներին: Դպրոցական օրագրում սոսնձվում է ատեստատ ստանալը վկայող հատուկ նշան: Ատեստատների հիման վրա աշակերտը հետագայում կարող է դիպլոմ ստանալ, որն էլ արդեն նրա մասնագիտական կողմնորոշման համար հիմք է:

Ատեստատների համակարգը հաջողությամբ փոխարինել է ավանդական դպրոցում մինչ այժմ տարածված որակավորման համակարգին: Իսկ մեզ մոտ ո´չ առաջին կա, ո´չ վերջին: Յուրաքանչյուրը կարող է և պետք է հաջողության ձգտի ֆիզիկական աշխատանքի կամ մտավոր գործունեության այն բնագավառում, որն ինքն է ընտրել: Եվ ամեն մեկը հաջողության է հասնում իր չափով, իր ընդունակություններին և հակումներին համապատասխան: Դա ամբողջովին համապատասխանում է ինչպես մանկական հոգեբանությանը, այնպես էլ ժամանակակից հասարակության մեջ մարդու առջև բացվող հնարավորությունների բազմազանությանը:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեցին Կարինե Պետրոսյանը,
Թամար Ղահրամանյանը


???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.