«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 23

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)

Մեթոդական մշակումներ

Ով է առաջնորդը

Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի  չէ

Ուսումնական նյութեր

Անրի Բարբյուս
«Քնքշություն»


Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան

Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում
(ավարտաճառ ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրատումների ծրագրով)

Արդի աշխարհատարածքային տիրույթում քաղաքակրթություն ասելով հասկանում ենք հասարակության լիարժեքության և համակարգայնության աստիճանի հասած պատմամշակութային ինքնորոշումը, այլ կերպ ասած՝ հասարակության մշակութաբանական էությունը (միջուկը):

Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ

Բեկման գծերով շրջափակված, ուրույն քաղաքակրթության որոշակի հատկանիշներ կրող Հայաստանն ու հայ ժողովուրդը տեղեկատվական (հետարդյունաբերական) համաշխարհային քաղաքակրթության որոգայթներում չխճճվելու և համաշխարհային իրադրության անկանխատեսելի բազմաբևեռայնության բևեռներում չմոլորվելու համար պետք է հստակ ձևակերպեն իրենց ինքնությունը, այն պահպանելու և զարգացնելու ուղիները: Քանզի, ինչպես իրավացիորեն նշում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «… քաղաքակրթությունը՝ որպես մշակութաբանականորեն ինքնորոշվող էություն, դինամիկ փոփոխվող համակարգ է. դա նշանակում է, որ ամեն մի քաղաքակրթություն ապրում է առաջընթաց կամ հետընթաց: Հզոր ազգերն ընդունակ են «մարսելու» դրսից ներհոսող ազդեցությունները և նորմերը կամ դրանք սեփական քաղաքակրթական էությանը (միջուկին) հարմարեցնելով և դրանով իսկ ամրապնդվելով, կամ վանելով օտարը և կործանարարը: Թույլ ազգերի մոտ, օտար նորմերի ներգործությամբ, տեղի է ունենում միջուկի փոփոխություն, ինչն էլ հանգեցնում է ինքնորոշման կորստյան և ուծացման այլ քաղաքակրթություններին»(1

Ելնելով այն ճշմարիտ հիմնադրույթից, որ «Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման և ամրապնդման գործընթացում, մինչդեռ ազգային ինքնության լղոզումը բնավ չի նպաստում, այլ ավելին, խոչընդոտում է համազգային խնդիրների և նպատակների շուրջ անհատի ու հասարակության միավորմանը»(2) քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը, խտացնելով գույները, արձանագրում է. «Հայ ազգը կանգնած է անհետացման վտանգի առջև իր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ջավախքի տարածքում: Այդ վտանգը բխում է միաժամանակ մի շարք փոխկապակցված աղբյուրներից.

 ա) Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հնարավորություն,

 բ) ծայրաստիճան սրված ժողովրդագրական ճգնաժամ (հանրապետությունը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ շարունակվող արտագաղթը բացասաբար է ազդում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա),

 գ) տեղապտույտ հայկական պետության և նրա քաղաքական հաստատությունների կայացման գործընթացում,

դ) Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի անմշակվածություն (2007 թ.-ի փետրվարին ընդունված «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը» դեկլարատիվ փաստաթուղթ է, որը, պաշտոնական հայտարարության համաձայն, գրված է Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի փորձագետների «մեթոդաբանությամբ» և «խմբագրմամբ»). արդյունքում` չկա ազգային շահերի վրա հիմնված հստակ արտաքին քաղաքական ուղղվածություն,
 
ե) Հայաստանի ծանր կախվածություն արտաքին ուժերից,

զ) սոցիալական լարվածություն՝ իր դասակարգային ու տարածքային առումներով հանդերձ (այդ թվում` նաև արհեստականորեն ստեղծված, բայց արդյունավետորեն պահպանվող «հայաստանցի» և «ղարաբաղցի» վտանգավոր հակադրությունը, քաղաքական գործիչների և հաստատությունների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, որոշումներ կայացնելուց ժողովրդի օտարումը),

է) հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկած համատարած կաշառակերության դեմ որևէ պայքարի բացակայություն,

ը) Հայաստանում լեզվական հետևողական քաղաքականության բացակայություն, գործնականում՝ մայրենի լեզվի անպաշտպանվածություն,
 
թ) Ջավախքից հայերին դուրս մղելու Վրաստանի որդեգրած պետական քաղաքականություն, որն իրականացվում է վարչական, տնտեսական, հոգևոր, մշակութային, ժողովրդագրական, լեզվական ճնշումների և արդեն իսկ հստակ ուրվագծվող ուժային եղանակների միջոցով:

Հարկ է հատուկ նշել ամենահրատապ վտանգը՝ Թուրքիայի մասնակցությամբ մեթոդապես ծրագրվող ու մանրազնին նախապատրաստվող ադրբեջանական ներխուժման լուրջ հավանականությունը, որի հաջող իրականացման՝ Արցախի և հարակից ազատագրված տարածքի բռնազավթման դեպքում, Հայաստանի Հանրապետության անհետացումն աշխարհի քարտեզից կդառնա անխուսափելի, քանի որ հաջորդ (եթե ոչ միաժամանակյա) հարվածը կհասցվի թուրքական երկու դաշնակիցներին տարանջատող վերջին պատվարին՝ Սյունիքին, որն առանց արցախյան «պատնեշի» զրկված կլինի գոյատևման հնարավորությունից»(3):
 Եթե ասվածին հավելենք հայտնի քաղաքագետ Սեմյուել Հանթիգտոնի հետևյալ տեսադրույթը. «Մակրոմակարդակում խոսքը քաղաքակրթությունների բախման մասին է, իսկ միկրոմակարդակում`տարբեր քաղաքակրթությունների պատկանող պետությունների և ժողովուրդների միջև հատկապես ցավագին, տևական և դաժան կոնֆլիկտների մասին»(4) և գործնականում անմիջականորեն մեր էթնոսին և պետությանն առնչվող հետևյալ հաստատումը. «Երբեմն առճակատումները քաղաքակրթական բեկման գծում իրենցից ներկայացնում են պայքար ժողովրդի վրա վերահսկողություն հաստատելու համար; Առավել հաճախ այդ պայքարն ուղղված է տարածքներ զավթելուն: Այդպիսի հակամարտության առնվազն մեկ մասնակցի նպատակն է տարածքի նվաճումը և այդ տարածքի մաքրումը տեղում ապրող ժողովրդից, նñան այդտեղից դուրս քշելով, ֆիզիկապես ոչնչացնելով կամ այս երկու «մեթոդները» համատեղելով: Այլ կերպ ասած կատարվում է «էթնիկական զտում»; Այսպիսի հակամարտությունները սովորաբար երկու կողմից էլ ուղեկցվում են զանգվածային բռնություններով, սպանություններով և խոշտանգումներով: Վեճի առարկա տարածքը շատ հաճախ կողմերից մեկի կամ հենց երկուսի համար էլ դիտվում է որպես իրենց պատմության և ինքնության շատ կարևոր խորհրդանիշ, սուրբ հող, որի վրա իրենք աներկբա իրավունքներ ունեն; Այդպիսին են Հորդանան գետի Արևմտյան ափը, Քաշմիրը, Լեռնային Ղարաբաղը, Դրինայի հովիտը, Կոսովոն»(5); Ստացվում է տխուր պատկեր: Սակայն «հայկական առանձնահատկությունը, որն իր պատմությամբ եւ մշակույթով դրականորեն ազդել է համաշխարհային քաղաքակրթության վրա»(6) այդպես հեշտությամբ չի տարալուծվի համաշխարայնացման խառնարանում, քանի որ «Կան բոլոր նախադրյալները պնդելու, որ Հայաստան և հայություն միասնությունը ուրույն, թերևս տեղին է օգտվել Առնոլդ Թոյնբիի եզրաբանությունից՝ լոկա՛լ քաղաքակրթություն է հանդիսանում։ Հայկական քաղաքակրթությանը բնորոշ են ուրույն հոգևոր-մշակութային արժեքներ։

Թվարկենք ընթերցողին հայտնի այդ հատկանիշներից մի քանիսը.

•Հայերի ծագումնաբանությունը և հայոց լեզուն ուրույն տեղ են գրավում հնդեվրոպական ազգերի խմբում:

•Առաջինը քրիստոնեություն ընդունած պետության խորհրդի համատեքստում Հայ Առաքելական եկեղեցին ունի իր ուրույն ուղղվածությունը և տեղը քրիստոնեական աշխարհում:

•Ինքնատիպ երևույթ են Մեսրոպյան գիրը և դրանով պայմանավորված հայկական բազմադարյա գրական ժառանգությունը:

•Հայկական մշակույթը (ճարտարապետություն, երաժշտություն, պար-արվեստ) ունի ուրույնությունը հաստատող բոլոր հատկանիշները։ Ինչպես հայտնի է, հայկական մշակույթը «արտահանվել է ամենատարբեր երկրներ»:

 Հավելենք, որ հայությունը յուրովի է անցել իր պատմական ուղին, ձեռք բերել հարուստ քաղաքական մշակույթ, ավանդույթներ և այսօր էլ հանդիսանում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ քաղաքականության (հաշվի առնելով, մասնավորապես, Ցեղասպանության և ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցերը) սուբյեկտ։

Անհրաժեշտ է շեշտել, որ հայկական ուրույնությունը սոսկ պատմություն չէ, դա նաև այսօրվա իրողություն է և արմատացած է ժողովրդի գիտակցությունում։ Վերջինի մասին են վկայում, մասնավորապես, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ՝ «Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը եվրոպական արժեքներին և Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային» թեմայով անցկացրած սոցհարցման արդյունքները, որոնք ներկայացված են աղյուսակում։

Ձեր կարծիքով, ո՞ր մշակույթին և մտածելակերպին են մոտ հայկական մշակույթը և մտածելակերպը.

 

 Մշակույթ

 %

 1.

 Ռուսական

 4,3

 2.

 Մերձավորարևելյան

 7,4

 3.

 Եվրոպական

 6,9

 4.

 Ամերիկյան

 1,6

 5.

Ոչ մեկին, հայկական մշակույթը և մենթալիտետը եզակի են

 70,5

 6.

 Դժվարանում եմ պատասխանել

 9,3

 7.

 Ընդամենը

 100

Ինչպես տեսնում ենք, հարցվողների 70,5%-ն առաջարկված հարցին պատասխանել է «Ոչ մեկին, հայկական մշակույթը և մենթալիտետը եզակի են»: Քաղաքական- քաղաքագիտական ընտրանու շրջանակներում քաղաքակրթական կողմնորոշումների թեմայի շուրջ ֆոկուսային հարցում է կատարվել նաև «Նորավանք» հիմնադրամի կողմից։ Արդյունքները վկայում են, որ հարցվողների գերակշիռ մասը (մոտ 70%) նույնպես համոզված է, որ Հայաստանը և հայությունը ուրույն քաղաքակրթության կրողներ են։ Ստորև ներկայացնենք մի քանի բնորոշ պատասխաններ այդ հարցումից.
•«Հայաստանը լոկալ քաղաքակրթության կրող է… մեր ժողովրդին հատուկ է բաց, ընկալունակ լինելը, տեղայնացնելու կարողությունը, սա մեր ազգի գլխավոր առավելությունն է»,- հայերի պատմական առաքելությունը քաղաքակրթությունների կամրջողի դերակատարությունն է:

•«Ավելի կայուն պատվար` ընդդեմ գլոբալացման կամ ծայրահեղ մահմեդականության հաղթարշավների, քան այս է, թերևս, անիմաստ է փնտրել»:

•«Կենտրոնանալ արևմտյան արժեքներից` քաղաքական և տնտեսական մրցակցության վրա` միջանձնային հարաբերություններում մնալով պահպանողական. այս է պահանջվում։ Եվ կարծում եմ` սա հնարավոր է»:

•«Հայությունը ... ունի շատ ուրույն լեզու, մշակույթ, գիր, քրիստոնեական մյուս ազգերից տարբերվող եկեղեցի..., Հայաստանը, հայությունը ուրույն քաղաքակրթական միավոր են»:

Այսպիսով, հանրապետությունում կարևոր դերակատարում ունեցող սոցիալական խմբերի` երիտասարդության և քաղաքական ընտրանու գերակշռող մասը հայությունն ընկալում է որպես ուրույն քաղաքակրթություն։ Այդ իրողությունը լուրջ նախապայման է, որպեսզի այդ թեզը տեղափոխվի տեղեկատվական և քաղաքական դաշտ։ Սակայն ուրույնության վերաբերյալ խնդիրները և դրույթները չպետք է հասցնել, այսպես կոչված, «քաղաքակրթական պատի գաղափարի ձևավորմանը, ինչը կարող է խաթարել ազգի զարգացումը և որը, ըստ ամենայնի, բնորոշ չէ հայությանը» (7):  Բնական գիտություններից, կիբեռնետիկայից և ընկերաբանությունից քաղաքագիտության փոխառաված`տեղեկատվության հավաքման և վերլուծության էմպիրիկ (փորձային) մեթոդները`հարցում, դիտարկում, վիճակագրական մեթոդներ, մաթեմատիկական մեթոդներ, մոդելավորում, լայն հնարավորություն են տալիս ծավալվել մեր ընտրած թեմայի շուրջ, սակայն ավարտաճառի պահանջվող ծավալը սահմանափակում է այդպիսի նյութերի օգտագործումը:
 
Բնական է, որ հայոց քաղաքակրթական ինքնության որոնման կարևորագույն բաղկացուցիչ է համաշխարհային քաղաքակրթությունում մեր այսօրվա տեղի փնտրտուքի հնարավորինս արագ հանգուցալուծումը: Եվ հիմնավորված վերապահությամբ մոտենալով Ս. Հանթինգտոնի քաղաքագիտական վարկածին, այնուամենայնիվ, հարկ է գործնականում հետևել նրա խորհրդի. «Արևմուտքը պետք է սովորի խորապես հասկանալ մյուս քաղաքակրթությունների կրոնական և փիլիսոփայական հիմքերը»(8) հայաստանյան մեկնաբանությանը. «Թերևս ճանաչողության տվյալ խնդիրը հրատապ է առաջին հերթին այն ժողովուրդների համար, որոնք ապրում են քաղաքակրթությունների, հաÝթինգտոնյան բնորոշմամբ, «բեկման գծում»: Ակներև է, որ դրանցից է և հայ ժողովուրդը, որի հայրենիքը` Հայաստանը (Հայկական լեռնաշխարհը), գտնվում է քաղաքակրթությունների, հանդիպման խաչմերուկում»(9): Իսկ ինչպես փաստարկված պնդում է Լևոն Աբրահամյանը. «ուր էլ տեղաշարժվում էր Արևելքի և Արևմուտքի միջև շարժական սահմանը, Հայաստանը կամ հայերը ինչ-որ խորհրդավոր ձևով հայտնվում էին հենց այդտեղ՝ կարծես սպասելով սահմանի տեղաշարժմանը, որպեսզի միջնորդ դառնան նորովի սահմանազատված Արևելքի և Արևմուտքի միջև։

Սովորաբար դա կատարվում է հակառակ նրանց կամքի. հայերը կարծես դատապարտված են միջնորդ դառնալ, բայց երբեմն այդ ընտրությունը ստանում է քաղաքական ռազմավարության ձև, ինչպես, օրինակ, Հայաստանը՝ Իրանի (Հարավի/Արևելքի) և Ռուսաստանի (Հյուսիսի/Արևմուտքի) միջև ներկայիս երկիմաստ միջնորդական դիրքորոշման պարագայում, ի դժգոհություն Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների»(10):

Հայկական խաչմերուկը նաև կրոնական է: Եվ չնայած մենք համոզված ենք, որ և՛ Հանթինգտոնը (որը պնդում է կրոնի առաջնահերթությունը քաղաքակրթական համակարգում), և՛ քաղաքագետ Լ. Շիրինյանը (պնդում է, որ միաբնակությունը ճանաճողության մեկնակետ է) գերագնահատում են կրոնի դերը, այնուամենայնիվ, չերկրորդելով այն, ներկայացվող հիմնախնդրի համատեքստում կարևորում ենք մեզ անհայտ հեղինակի հետևյալ տեսակետը.«Ողջ Սուրբ Գիրքը խոսում է ազգերի մասին: Մարդկության պատմությունը, ըստ էության, ազգերի պատմություն է»:

Գիտական շրջանակներում գոյություն ունեն «ազգ» հասկացության տարբեր սահմանումներ: Ազգ»-ի ճշգրիտ կամ անթերի սահմանումը չհամարելով մեր խնդիրը, այդուհանդերձ, հարկ ենք գտնում ընդգծել կարևոր մի տեսանկյուն, որ ազգը պատմության ընթացքում որոշակի խոր ընդհանրությունների (տարածքի, գրական լեզվի, մշակույթի, էթնիկ և այլն) հիման վրա ձևավորված մարդկանց կայուն հավաքականություն է: Յուրաքանչյուր ազգ ունի իր առանձնահատկություններն ու բնութագրիչները, որոնցով էլ պայմանավորվում են տվյալ մարդկային հավաքականության ազգային ինքնակայությունն ու յուրօրինակությունը: Հայ ժողովրդի պատմության և, առհասարակ, պատմագիտության տվյալների համաձայն` հայ ազգը մարդկության պատմության ընթացքում կազմավորված հնագույն ազգերից մեկն է, որի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է:

Ժամանակակից իրավական մտածողությունն առաջ է քաշել «ազգ հասկացության հետևյալ սահմանումը` ազգը որոշակի պետության քաղաքացիներն ու բնակիչներն են: Այս առումով չենք կարող չվկայակոչել այն առարկությունը, որ շեշտը միայն քաղաքացիության և որոշակի պետությունում բնակության փաստի վրա դնելը էականորեն սահմանափակում և աղքատացնում է «ազգ հասկացության նշանակությունը, քանի որ այս պարագայում հաշվի չեն առնվում տվյալ մարդկային հավաքականությանը բնորոշ այն բազում ընդհանրություններն ու կապերը, որոնք թույլ են տալիս պետության բնակչին կամ քաղաքացուն իր ինքնությունը նույնացնելու որևէ ազգի հետ: 
 
Մենք ընդունում ենք, որ Եկեղեցին, որպես տիեզերական օրգանիզմ, սահմաններ չի դնում. այն իր մեջ է ընդգրկում բոլոր ազգերի հավատացյալներին: Միևնույն ժամանակ, Եկեղեցու տիեզերական բնույթը որևէ կերպ չի խոչընդոտում քրիստոնյաների ազգային ինքնակայությանն ու ինքնարտահայտմանը: Ընդհակառակը, Եկեղեցին միաձուլում է տիեզերական և ազգային հատկանիշները: Տեր Հիսուսն Ինքը` Եկեղեցու հիմնադիրը, ցույց էր տալիս, որ Իր ուսմունքը չի կրում ո’չ տեղային, ո’չ էլ ազգային բնույթ. 

«...ժամանակ պիտի գա, երբ ո՛չ այս լեռան վրա և ո’չ Երուսաղեմի մեջ երկրպագություն պիտի անեք Հորը» (Մատթ. 8.20; Հովհ. 4.21): 
 
Դրա հետ մեկտեղ Նա նույնանում էր Իր ժողովրդի հետ, որին պատկանում էր մարդկային ծնունդով: Զրուցելով սամարացի կնոջ հետ` Հիսուսն ընդգծում էր Իր պատկանելությունը հրեա ազգին. 
 
«Դուք նրան երկրպագություն կանեք, որին չեք ճանաչում, իսկ մենք նրան երկրպագություն կանենք, որին ճանաչում ենք, քանի որ փրկությունը հրեաներից է» (Հովհ. 4.22):

 Թեև քրիստոնեական արժեքները համամարդկային են, սակայն ազգերի` որպես առանձին էթնիկական միավորների գոյության ապահովումը կատարվում է Աստծո կողմից Իր վեհ նպատակների համար, ինչը մասնավորապես վերաբերում է նաև հայ ժողովրդին (Գործք 17.26):

 Հայ ժողովրդի բարեկեցությունը և ազգային ինքնության պահպանությունը մեզ համար կարևոր խնդիր է: Մեր կարողությունների սահմաններում մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այդ ասպարեզներում:

 Որևէ ազգի առաջադիմության մակարդակը, ըստ Աստվածաշնչի, բնութագրվում է ոչ այնքան նրա գիտատեխնիկական նվաճումներով ու սոցիալական ապահովվածությամբ, որքան նրանում տիրող արդարությամբ, ինչը և հիմք է հանդիսանում վերոհիշյալ ձեռքբերումների համար (Առակ. 14.34):
 Մեր համոզմամբ` քրիստոնյաների համար ազգային և կրոնական պատկանելությունների` մեկը մյուսին ստորադասման հարց գոյություն ունենալ չի կարող: Ուստի մենք ճիշտ չենք համարում հիշյալ պատկանելությունների միջև հակադրության որոնումը: Մենք գտնում ենք, որ ազգային և կրոնական պատկանելությունների միջև առկա է ոչ թե ստորադասման կամ գերադասման, այլ` ներդաշնակության հարց: 

 Մենք սխալ ենք համարում նաև անհատի կրոնական պատկանելությունը` որպես ազգային ինքնության առաջնային և որոշիչ հատկանիշ ներկայացնելու փորձերը` գտնելով, որ դա հղի է կրոնական հողի վրա ազգի պառակտման և նրա տարբեր հատվածների միմյանցից օտարման վտանգով(11):
 
Ակնհայտ է և անվիճելի, որ պետությունն ե մեր քաղաքակրթության ողնաշարը և նրա զարգացման խթանը (կամ արգելքը): Այդ իսկ պատճառով կարևորում ենք ներքոբերյալ ծավալուն մեջբերումը, որտեղ շարադրված մոտեցումների կենսագործումը կցրի ապագան պարուրող մշուշը;

ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին (կցվում է):

ՀայաստանիՀանրապետության
Ազգայինժողովինախագահ

Տ. Թորոսյան


30 ապրիլի 2008 թվականի,
քաղ. Երևան
Ն-074-4

 

 

Հավելված
ՀՀկառավարության 2008 թվականի
ապրիլի 28-ի N 380-Աորոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ք. Երևան
2008 թվականի ապրիլի 28

1. ՆԱԽԱԲԱՆ

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (այսուհետ` ԱՀՌԾ) դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության» և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:
Պետությունն ստանձնել է հետևյալ երեք հիմնարար առաքելությունները.
.հասարակության յուրաքանչյուր անդամի համար անվտանգ, արժանավայել կյանք և ինքնաարտահայտման հնարավորության ապահովում,

. երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովում,

.օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում։

Կառավարության ծրագրի նպատակն է պետության կայուն և անվտանգ զարգացումը` քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության և իշխանությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, սոցիալական արդարության հաստատումը, իրավունքի գերակայության և օրենքի անվերապահ իշխանության, հավասար մրցակցային հնարավորություններ առաջարկող ազատ տնտեսական հարաբերությունների, երկրի անվտանգության ապահովումը, այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները: Հայաստանը պետք է դառնա որպես կայացած ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով և ազատ մրցակցային միջավայրում գործարարության ու ներդրումների համար լավագույն պայմանների ապահովմամբ: Կառավարության ծրագիրն ապահովելու է նախորդ տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու կառավարման համակարգերի համարձակ և իրատեսական բարեփոխումների իրականացումը` որպես հետևանք երաշխավորելով մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավումը:

Կառավարության ծրագրի իրականացման գրավականը պետք է հանդիսանա քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանությունը, որը հիմնված կլինի իրավունքների և ազատությունների հարգման, իշխանության տարանջատման, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև լիարժեք փոխըմբռնման, համերաշխության ու սերտ համագործակցության, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելու վրա:


2.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ազգային անվտանգության և ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովումը կառավարության հիմնական գերակայությունն է: Այդ առումով կարևորվում են`

- մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը` տնտեսության կառուցվածքի անընդհատ բարելավմամբ, որը թույլ կտա կրճատել Հայաստանի և զարգացած երկրների միջև բնակչության եկամուտների տարբերությունը: Նախորդ տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել.

- աղքատության հաղթահարումը` տնտեսական և քաղաքացիական կյանքին աղքատ բնակչության մասնակցությունը խթանելու նպատակային սոցիալական քաղաքականության միջոցով: Տնտեսական աճի ապահովման և նպատակային սոցիալական քաղաքականության շնորհիվ արձանագրվել է աղքատության զգալի կրճատում` 56.1 տոկոսից մինչև 26.5 տոկոս: Այդուհանդերձ, աղքատության առկա մակարդակը և եկամուտների բաշխման անարդարությունը շարունակում են լուրջ վտանգ հանդիսանալ երկրի կայուն զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման համար.

- տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը` հավասար մրցակցային պայմանների ապահովումը բոլորի համար և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի լիարժեք ու առանց բացառությունների կիրառումը։

Մրցակցային, նորամուծական տնտեսության և ձեռներեցության զարգացումը, գործարարության և ներդրումների համար լավագույն պայմանների ապահովումը կերաշխավորեն այս դրույթների իրականացումն ու տևականությունը։ Եվրոպական նոր հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը կնպաստի այս խնդիրների կատարմանը.

● պաշտպանության, հասարակական կարգի և երկրի անվտանգության հետ կապված խնդիրները` համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության:

Երրորդ գերակայությունը կրթության և գիտության զարգացումն է և այդ ուղղությամբ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելը. 21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ` նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այս գերակայությունը ենթադրում է`

● մտավոր կարողության և գիտելիքի վրա հիմնված հասարակության ձևավորում, որտեղ հիմնական շարժիչը գաղափարները և հայտնագործություններն են, և դրանք առօրյա կյանքում ներդնելու ունակություն: Սա առաջին հերթին ենթադրում է հետազոտական աշխատանքների ուժեղացում` համալսարաններում, որոնք պետք է վերածվեն գիտական լուրջ կենտրոնների.

● կրթության որակի էական բարելավում և կրթության (այդ թվում` բարձրագույն կրթության) հասանելիության մակարդակի բարձրացում` բնակչության անապահով խմբերի համար: Կրթական համակարգում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և միջոցների կիրառման ոլորտների ընդլայնում, այդ ծառայությունների որակի բարելավում ու մատչելիության ապահովում.

● գիտության և կրթության համակարգի վերակառուցում և այնպիսի կառույցների ստեղծում, որոնք հնարավորություն կտան համախմբելու համայն հայության գիտական և մտավոր ներուժը.

● ինտերակտիվ էլեկտրոնային կրթության զարգացում և համատարած կիրառում` քաղաքացիների, հատկապես երիտասարդների համար համակարգչից օգտվելը կդառնա անհրաժեշտություն, իսկ համակարգչային ցանցերը` մատչելի:

Չորրորդ գերակայությունը տարածքային համաչափ զարգացումն է, որը ենթադրում է`

● մարզերի, ինչպես նաև Երևանի ու մարզերի միջև արտադրողականության և եկամուտների տարբերության էական կրճատում` մասնավոր ներդրումների ներգրավման, բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման, սոցիալական ներգրավվածության ու մասնավոր ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով: Որպես կարևորագույն արդյունք` կառավարությունը կդիտարկի բարձրլեռնային և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը:

Հինգերորդ գերակայությունը Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունն է։ Այդ իմաստով անհրաժեշտ է`

● ընդլայնել սոցիալական թիրախային ծրագրերը` դրանց մասնակից դարձնելով նաև մասնավոր հատվածին, ինչը նաև կնպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը: Այդ ծրագրերը, հատկապես, պետք է ուղղված լինեն հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, բազմազավակ և անապահով ընտանիքներին ու փախստականներին: Ընտանեկան նպաստների համակարգը` որպես ծայրահեղ աղքատության հաղթահարման արդյունավետ գործիք, նույնպես կարիք ունի վերափոխման` ընդհանուր աղքատության կրճատման խնդիրների լուծման և կայուն ընտանիքների ձևավորմանն օժանդակելու համար: Սոցիալական քաղաքականությունն ուղղվելու է սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերից բնակչության արտագաղթի կանխմանը, այդ բնակավայրերի բնակչության սոցիալական ակտիվության բարձրացմանը, որը կհանգեցնի սոցիալական անտարբերության նվազմանը.

● մարդկանց հմտությունները և մասնագիտացումն աշխատատեղերին համապատասխանեցնելու նպատակով իրականացնել կառուցվածքային գործազրկությունը բացահայտող և նպատակային վերապատրաստման ծրագրեր ու ձևավորել աշխատուժի արդյունավետ շուկա։ Անհրաժեշտություն է մինչբուհական կրթության համակարգի զարգացումը` տնտեսության ներկա և ապագա պահանջներին համապատասխան.

● իրականացնել ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն, որպես ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ընտանիքը համարելով պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ: Այս քաղաքականությունը կիրականացվի ռազմավարական հայեցակարգերի հիման վրա, որոնք կառավարությունը մտադիր է հաստատել 2008 թվականին: Նշված քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանիքի ամրապնդմանը, ծնելիության մակարդակի աճին, մայրության և մանկության պաշտպանությանը, կյանքի տևողության ավելացմանը, մահացության մակարդակի նվազեցմանը, արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը.

● բարձրացնել հասարակության մշակութային մակարդակը և մշակութային արտադրանքի որակն ազգային մշակութային հիմքերի պարտադիր պահպանման, գավառամտության հաղթահարման, մեր քաղաքացիների աշխարհայացքի ընդլայնման միջոցով: Հայաստանի և համաշխարհային մշակութային ռեսուրսները Հայաստանի ամբողջ բնակչության համար պետք է դառնան հասանելի:

Հայաստանի քաղաքակրթական ինքնության և նրա հետ առնչվող մի քանի հիմնախնդիրների այս սխեմատիկ ներկայացումն անգամ վկայում է ավագ դպրոցում քաղաքագիտական կրթության ներառնման անհրաժեշտության մասին, քանզի այդ քայլը կնպաստի հայ էթնոսի յուրաքանչյուր անդամի էական դեր ունենալ այն առաքելության կատարման ոլորտում, որը ՄԵԶ է վստահել (հանձնարարել) ԱՐԱՐԻՉԸ:

2009թ. հունիս

1) Տ. Սարգսյան «Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ»
2)Արման Այվազյան «Ո՞վ է հայը»
3)Արման Այվազյան «Ո՞վ է հայը»
4) С. Хантингтон ‘’Если не цивилизации то что?. Парадигмы мира после холодной войны ’’
5) Хантингтон С. ''Столкновение цивилизаций''
6) Արման Բաբաջանյան «Եվրոպական իդենտիֆիկացիա. Հայաստանը տեղ ունի՞ Հին աշխարհամասում»
7) Գագիկ Հարությունյան «Քաղաքակրթության •ործոնը տեղեկատվական անվտան•ության հիմնախնդիրների համատեքստում»
8) С. Хантингтон ‘’Если не цивилизации то что?. Парадигмы мира после холодной войны ’’
9) Լևոն Շիրինյան «Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը» (Հանթինգտոնի հիպոթեզի առիթով)
10) Լևոն Աբրահամյան «Հայաստանը և հայերը Արևելքի և Արևմուտքի միջև»
11) Անհայտ, չներկայացած հեղինակ. «Դավանաբանական հիմնադրույթներ»

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.