«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 23

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)

Մեթոդական մշակումներ

Ով է առաջնորդը

Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի  չէ

Ուսումնական նյութեր

Անրի Բարբյուս
«Քնքշություն»


Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

սկիզբը

Երեխայի տանը կիրառվող մանկավարժական մեթոդներ

Իմանալով, որ իմ տնօրինության տակ փոքր երեխաների դասարան է լինելու, որոշեցի այս դպրոցը մանկավարժության և մանկան հոգեբանության փորձարարական ուսումնասիրության դպրոց դարձնել: Ելնում էի Վունդտի տեսանկյունից, այն է` երեխայի հոգեբանություն գոյություն չունի: Իսկապես, երեխաների հետ կատարված փորձարարական ուսումնասիրությունների (ինչպես, օրինակ, Պրեյերի և Բոլդուինի դիտարկումները են) առարկան երկու-երեք երեխա է եղել` իրենց իսկ երեխաները: Ավելին` հոգեչափական գործիքները հարկ է էականորեն ձևափոխել և պարզեցնել մինչև երեխաների նկատմամբ կիրառելը, ովքեր ուսումնասիրողի ձեռքում բոլորովին էլ կրավորական առարկա չեն:

Երեխայի հոգեբանությունը կարելի է պարզել միայն արտաքին դիտարկումների միջոցով: Որևէ ձևով երեխայի ներքին վիճակները գրանցելու մտքից պետք է հրաժարվենք. դրանք կարող են բացահայտվել միայն ինքնազննման միջոցով: Մինչ օրս մանկավարժական նպատակներով հոգեչափական ուսումնասիրությունները սահմանափակվել են միայն էստեզիոմետրիկ հնարքներով, այսինքն` զգայականության չափումներով: Որոշեցի ուրիշների ուսումնասիրությունները չանտեսել, բայց աշխատանքում անկախություն պահպանել:

Պահեցի միայն էականորեն կարևոր մի պնդում, ավելի ճիշտ` Վունդտի ձևակերպումը, որ «փորձարարական հոգեբանության բոլոր մեթոդները կարող են մի բանի հանգել, այն է՝ փորձարկվողի ճիշտ ու ճշգրիտ դիտարկման»: Խոսելով երեխային դիտարկելու մասին` միշտ պետք է մի հանգամանք հիշենք՝ դիտարկումը կատարվում է նրա զարգացման ընթացքում: Եվ այդ առումով եմ պահպանել նույն ընդհանուր չափանիշը` անկախ լինելով ցանկացած պատրաստի տեսությունից:

Մարդաբանության բաժին

Ֆիզիկական զարգացման առումով առաջին գործս այն էր, որ որոշեցի կարգավորել մարդաբանական (անտրոպոլոգիական) դիտարկումները և ընտրել այդ տիպի կարևորագույն դիտարկումները: 0,5 մետրից մինչև 1,5 մետր սանդղակով մարդաչափ (անտրոպոմետր) պատվիրեցի: Նստած վիճակում չափումներ կատարելու համար 30 սմ բարձրությամբ փոքր աթոռ է դրվում մարդաչափի մոտ: Հիմա պատվիրում եմ նաև մարդաչափ՝ երկկողմանի ձողով, որին սադղակ է ամրացված` մի կողմը ողջ հասակը չափելու համար, մյուսը` նստած վիճակում կատարվող չափումների:

Երկրորդ դեպքում «զրո» դրվում է 30 սմ-ի մոտ, որը աթոռի նստատեղին է համապատասխանում: Հորիզոնական սյան չափիչ գործիքները միմյանց հետ կապված չեն, և դա երկու երեխայի միաժամանակ չափելու հնարավորություն է տալիս: Այդպիսով անհարմարություններից և աթոռ տեղափոխելու, ինչպես նաև չափիչ սանդղակի տարբերությունները ջանադրաբար հաշվելու հետ պատճառով ժամանակ վատնելուց խուսափում ենք: Հետազոտման տեխնիկան պարզեցնելուց հետո որոշեցի ամեն ամիս չափել երեխաների հասակը նստած և կանգնած վիճակում: Իսկ որպեսզի չափումները կարգավորվեն երեխաների աճին համապատասխան և ավելի ճշգրիտ դառնան, կարգ սահմանեցի, որ չափումները պիտի կատարվեն այն օրը, երբ լրանում է երեխայի տարիքային լրիվ ամիս: Այդ նպատակով գրանցման այսօրինակ քարտ կազմեցի.

 

սեպտեմբեր

հոկտեմբեր

Ամսաթիվ

հասակը

հասակը

 

նստած

կանգնած

նստած

կանգնած

 

 

 

 

 

Յուրաքանչյուր թվից առաջ թողնված տեղում լրացվում է այդ օրը ծնված երեխայի անունը: Դրա շնորհիվ ուսուցիչն իմանում է, թե այդ օրացույցի վրա նշված օրերին ում հասակը պիտի չափի: (Եթե երեխան ծնվել է մարտի 9-ին, ամեն ամսվա 9-ին ուսուցիչը չափում է նրա հասակը. ծանոթ.՝ թարգմանչի): Այդպիսով հասնում ենք ճշգրիտ գրանցման, ընդ որում ուսուցչուհին ո՛չ հոգնում է, ո՛չ դժվարանում: Ինչ վերաբերում է երեխայի քաշին, ապա հանձնարարել եմ երեխաներին ամեն շաբաթ կշռեն այն կշեռքով, որ դրել եմ լողասենյակում, որտեղ երեխաներին են լողացնում:

Շաբաթվա այն օրը, որ համապատասխանում է երեխայի ծնված օրվան, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և այլն, լողացնելուց առաջ երեխային կշռում ենք: Այսպիսով 50 հոգիանոց դասարանում լողացնելու դժվարին գործը բաժանվում է շաբաթվա 7 օրերի վրա. օրական լողանում է երեքից հինգ երեխա: Իհարկե, տեսականորեն ճիշտ կլինի երեխային ամեն օր լողացնել, բայց դրա համար մեկ հսկայական կամ բազմաթիվ փոքր լողատաշտեր են պետք: Ընդ որում նույնիսկ շաբաթը մեկ անգամ երեխաներին լողացնելը մի շարք դժվարությունների հետ է կապված, և երբեմն ստիպվսծ ենք լինում դրանից հրաժարվել: Ամեն դեպքում կարգ եմ սահմանել, որ երեխաներին, նրանց լողանալը կարգավորելու անհրաժեշտության հետ կապված, պարբերաբար կշռեն: Ստորև ներկայացնում եմ երեխաների քաշի գրանցման մեր քարտի օրինակը: Յուրաքանչյուր ամսվա համար էջ է հատկացված։

Սեպտեմբեր

 

1-ին շաբաթ (ֆունտ)

2-րդ շաբաթ (ֆունտ)

3-րդ շաբաթ (ֆունտ)

4-րդ շաբաթ (ֆունտ)

երկուշաբթի

 

 

 

 

երեքշաբթի

 

 

 

 

չորեքշաբթի

 

 

 

 

հինգաբթի

 

 

 

 

ուրբաթ

 

 

 

 

շաբաթ

 

 

 

 

կիրակի

 

 

 

 

Կարծում եմ` ուսուցչուհու կողմից միայն իմ նկարագրած մարդաբանական չափումները պիտի կատարվեն՝ որպես դպրոցում միակ թույլատրելին: Իսկ մնացած չափումները պիտի կատարեն բժշկի կողմից, որը կրտսեր տարիքի անտրոպոլոգիայի մասնագետ պիտի լինի: Առայժմ այդ հատուկ չափումները ես անձամբ եմ կատարում: Բժշկի կողմից կատարվող հետազոտությունները բավականին բարդ են. դրանք հեշտացնելու համար կազմել եմ կենսագրական տպագիր քարտեր, որոնց օրինակը ստորև ներկայացվում է.

Համար__ Ամսաթիվ__ Անուն և ազգանուն__ Հասակը__ Ծնողների անունները__ Մոր տարիքը__ Հոր տարիքը__ Զբաղմունքը__ Ժառանգական գծերի դետալներ__ Անհատական առանձնահատկություններ__

Անտրոպոլոգիական տվյալներ

Ողջ հասակը__ Քաշը__ Կրծքավանդակի չափը__ Հասակը նստած վիճակում__ Հասակի ցուցիչը__ Քաշի ցուցիչը__
Գլուխը Շրջագիծը__ Ուղղահայաց տրամագիծը__ Հորիզոնական տրամագիծը__ Գլխի ցուցիչը__
Մարմնի կառուցվածքը__ Մկանների վիճակը__ Մաշկի գույնը__ Մազերի գույնը__ Դիտողություններ__

Ինչպես տեսնում եք, քարտերը շատ պարզ են: Բժշկին և ուսուցչուհուն, պայմաններից և միջավայրից ելնելով, ինքնուրույն գրանցումներ անելու հնարավորություն տվող այս ձևն եմ ընտրել: Այս մեթոդը կարգավորում է մարդաբանական հետազոտությունները, իսկ մեխանիզմի պարզությունը և քարտի հստակությունը հնարավորություն են տալիս իրականացնելու այն դիտարկումները, որոնք էականորեն կարևոր եմ համարում: Կենսագրական քարտը կազմելու համար բժշկին խորհուրդ եմ տալիս տարին մեկ անգամ իրականացնել հետևյալ չափումները՝ գլխի շրջագիծը, գլխի երկու կարևոր տրամագծերը, կրծքավանդակի շրջագիծը և գլխի, քաշի, հասակի ցուցիչները: Այս չափումների ընտրությանը վերաբերող մնացած ցուցումները կարելի է գտնել իմ «Մանկավարժական մարդաբանություն» գրքում:

Բժշկին խորհուրդ է տրվում այդ չափումներն անցկացնել այն շաբաթվա կամ գոնե ամսվա ընթացքում, երբ լրանում է երեխայի ամբողջական տարին. եթե հնարավոր է՝ հենց ծննդյան օրը: Դա նաև բժշկի՝ չափումները պարբերաբար դարձնելու աշխատանքն է հեշտացնում, մեր յուրաքանչյուր դպրոցում ամենաշատը 50 երեխա կա, և այդ երեխաների ծննդյան օրերը տարվա 365 օրերի վրա բաժանելը բժշկին հնարավորություն կտա չափումները քիչ-քիչ անել, և աշխատանքը նրա համար ծանր բեռ չի լինի:

Երեխաների ծննդյան օրերը բժշկին հայտնելն ուսուցչուհու պարտականությունն է: Այս մարդաբանական չափումները նաև դաստիարակչական նշանակություն ունեն. դրանց շնորհիվ «Երեխայի տնից» հեռացող երեխաները հստակ պատասխանում են հետևյալ հարցերին. «Շաբաթվա ո՞ր օրն ես ծնվել», «Ո՞րն է ծննդյանդ ամսաթիվը», «Ե՞րբ է ծննդյանդ օրը»։ Ընդ որում երեխաները սովորում են սիրել կարգ ու կանոնը, իսկ որ կարևորն է՝ իրենց հետևելու սովորություն են ձեռք բերում: Կարող եմ ասել, որ երեխաներին դուր են գալիս այդ չափումները: Հենց լսում են «հասակ» բառը, ուսուցչուհու մի ակնարկով անմիջապես հանում են կոշիկները, ծիծաղով վազում կանգնում անտրոպոմետրի հարթակին:

Նա ինքնուրույն կատարյալ ճիշտ դիրք է ընդունում, և ուսուցչուհուն մնում է չափման արդյունքը գրանցել: Հասարակ գործիքներով (չափակարկին և մետաղե քանոն) չափումներին զուգահեռ՝ բժիշկը նշում է նաև երեխայի մաշկի գույնը, նրա մկանների վիճակը, նրա ավշային հանգույցների, արյան վիճակը և այլն: Նա ուշադրություն է դարձնում կառուցվածքի թերություններին. մանրամասնորեն գրանցում է պաթոլոգիկ վիճակները (ռախիտի նկատմամբ հակվածություն, մանկական վերքեր, շլություն և այլն): Երեխայի այդ օբյեկտիվ հետազոտություները անհրաժեշտ կլինեն բժշկին, երբ նա հարկ համարի երեխայի վիճակի մասին զրուցել նրա ծնողների հետ:

Անհրաժեշտության դեպքում բժիշկը երեխայի բնակարանի սանիտարական մանրակրկիտ զննում է կատարում, բուժում է նշանակում, պայքարում է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են էքզեման, կոնյուկտիվիտը, ականջի բորբոքումը, ջերմախտային վիճակը, մարսողության խանգարումները և այլն: Հիվանդի այդպիսի մանրամասն ուսումնասիրությունը շատ հեշտացնում է և՛ բուժելու, և՛ երեխային անընդհատ հետևելու հնարավորություն տվող հիվանդանոցի առկայությունը հենց շենքում: Ես համոզվել եմ, որ կլինիկայում հիվանդներին տրվող հարցերը մեր դպրոցներին չեն վերաբերում, քանի որ այդ տներում ապրողների ընտանիքների անդամները հիմնականում միանգամայն նորմալ մարդիկ են:

Ահա թե ինչու` դպրոցի տնօրենին խորհուրդ եմ տալիս մայրերի հետ զրուցելիս նրանց երեխաներին վերաբերող առավել պրակտիկ բնույթի տեղեկություններ վերցնել: Նա տեղեկանում է ծնողների կրթության և սովորությունների, աշխատավարձի, ընտանեկան ծախսերի և այլնի մասին, և այս ամենի հիման վրա մոտավորապես Լե-Պլեյի հնարքների ոգով կազմում յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը: Իհարկե, դա հարմար է միայն այն դեպքում, երբ տնօրենն իր սաների հետ նույն շենքում է ապրում: Բոլոր դեպքերում, բժշկի՝ յուրաքանչյուր երեխայի անհատական հիգիենային վերաբերող խորհուրդները, ինչպես նաև հիգիենայի վերաբերյալ ընդհանուր ցուցումները ծնողի համար պետք է որ շատ օգտակար լինեն: Այս գործում տնօրենը միջնորդի դեր պիտի տանի, քանի որ մայրերը վստահում են նրան, և նման բնույթի խորհուրդները բնականաբար նա պետք է տա:

Շրջապատող միջավայր: Դասարանի կահավորումը

Դիտարկման մեթոդը անկասկած պիտի ներառի նաև երեխայի կազմաբանական զարգացման մեթոդական դիտարկումը: Բայց, կրկնում եմ, որ թեև այս բաղկացուցիչը մեթոդի անհրաժեշտ մասն է, բայց ինքը` մեթոդը, դիտարկման միայն այս մասնավոր տեսակի վրա չի հիմնված: Դիտարկման մեթոդը մի կարևոր հիմք ունի՝ սովորողների ինքնակամ, անմիջական դրսևորումների ազատությունը: Սա նկատի ունենալով` առաջին հերթին ուշադրություն դարձրի շրջապատող միջավայրին, իրավիճակին, որն իր մեջ, իհարկե, ներառում է նաև դասարանի կահավորումը: Ընդարձակ խաղահրապարկն ու բանջարանոցի կտորը դպրոցական միջավայրի կարևորագույն մասը համարելով՝ հայտնագործություն արած չեմ լինի:

Նորը այդպիսի բաց տարածքն օգտագործելու իմ գաղափարն է. այն պետք է անմիջական կապ ունենա դասասենյակի հետ, այնպես, որ երեխաները ողջ օրվա ընթացքում ցանկացած պահի ազատ ելումուտ ունենան: Հետո այդ մասին ավելի հիմնավոր կխոսեմ: Դպրոցի կահավորման գլխավոր նորամուծությունը համարում եմ նստարանների և աթոռների պարզեցումը: Ես պատվիրել եմ լայն, ամուր ութանիստ ոտքերով սեղաններ. դրանք պինդ են և միաժամանակ այնքան թեթև, որ երկու չորսամյա երեխաներ ազատ կտեղափոխեն:

Սեղանները քառանկյուն են և բավականին մեծ, որ նրանց երկարությամբ երկու երեխա նստի, իսկ անհրաժեշտության դեպքում երեք երեխա էլ տեղավորվի: Դրանցից բացի կան նաև փոքր սեղանիկներ, որոնց մոտ երեխաները մենակ են աշխատում: Նաև հատուկ փոքր աթոռներ եմ պատվիրում: Սկզբում աթոռները նախատեսվում էին հյուսված նստատեղերով, բայց փորձը ցույց տվեց, որ դրանք շատ արագ մաշվում են, հիմա իմ աթոռներն ամբողջությամբ փայտից են: Այդ աթոռները շատ թեթև են և գեղեցիկ: Բացի դրանից, յուրաքանչյուր դասարանում փայտից կամ ուռենու շիվերից պատրաստված հարմար բազկաթոռներ կան:

Մեր դասարանների կահավորման հաջորդ պարագան փոքրիկ լվացարաններն են, այնքան ցածր, որ դրանցից կարող են օգտվել նույնիսկ երեք տարեկան երեխաները: Դրանք ներկված են սպիտակ, ջրադիմացկուն ներկով. և արծնապատ սպիտակ թասերի և սափորների համար նախատեսված ներքևի և վերևի լայն դարակներից բացի ունեն նաև կողային դարակներ օճառամանների, եղունգների խոզանակների և այլ բաների համար: Դույլիկեր էլ կան, որոնցով խոր ամաններն են դատարկվում: Որտեղ հնարավոր է, փոքրիկ պահարան է դրված «սեփական» օճառի կտորը, ատամի, եղունգների խոզանակներ և այլ բաներ պահելու համար: Մեր դասարաններից յուրաքանչյուրում ցածրիկ, երկար պահարաններ կան հատուկ ուսումնական միջոցների (դիդակտիկ նյութերի) համար: Այդ պահարանների դռները հեշտությամբ են բացվում, և այդ նյութերի պահպանումը թողնված է իրենց՝ երեխաներին: Պահարանների վրա թաղարով ծաղիկներ ենք դնում, աքվարիումներ ձկներով, թռչուններով վանդակներ կամ խաղալիքներ, որոնցով երեխաներին թույլատրվում է անարգել խաղալ:

Քիչ տարածություն չի զբաղեցված սև գրատախտակներով, որոնք անգամ ամենափոքր երեխաներին են հասանելի: Յուրաքանչյուր գրատախտակի մոտ արկղիկ կա, որում կավիճ և սովորական ջնջոցին փոխարինող սպիտակ կտավ կա: Պատերին նկարներ են կախված, որոնք մեծ զգուշավորությամբ են ընտրված և անպաճույճ տեսարաններ են ներկայացնում, որոնք սովորաբար հետաքրքրում են երեխաներին: Հռոմի «Երեխայի տանը» կախել ենք Ռաֆայելի «Տիրամայրը բազկաթոռին նստած» նկարի արտատպությունը, և այդ նկարն ենք ընտրել որպես «Երեխայի տան» խորհրդանիշ:

Իրականում «Մական տները» ոչ միայն սոցիալական առաջընթացի մասին են վկայում, այլև մարդկայնության առաջընթացի. դրանք սերտորեն կապված են մայրության բարձր գաղափարի, կնոջ առաջընթացի, նրա կողմից սերնդի պահպանության հետ: Այս վեհ տեսականկյունից Ռաֆայելը է ոչ միայն Տիրամորն է պատկերել՝ որպես աստվածային մոր, որ գրկել է մանկանը, որն ավելի մեծ է, քան ինքը. նրա կողքին նկարիչը պատկերել է սուրբ Հովհաննեսի կերպարը՝ որպես մարդկության խորհրդանիշ: Ռաֆայելի նկարում մարդկությունը խոնարհվում է մայրության` մարդասիրության վերջնական հաղթանակի այդ վեհապանծ գործոնի առաջ: Այդ չքնաղ սիմվոլզմից անկախ՝ նկարը շատ արժեքավոր է որպես Իտալիայի մեծագույն նկարչի մեծագույն նկարներից մեկը:

Եվ եթե վիճակված է՝ գա այն ժամանակը, որ «Մանկան տները» տարածվեն ողջ աշխարհում, ապա կուզեինք, որ Ռաֆայելի այս նկարն իր տեղը գտներ բոլոր դպրոցներում և գեղեցկախոս պատմեր այն երկրի մասին, որտեղ դրանք ծնունդ են առել:

Սրանք են մեր պայմանները... Գիտեմ՝ առաջին հերթին ինչ առարկություն կանեն կարգապահության հին մեթոդներին սովոր մարդիկ. այդ դպրոցներում երեխաները ամեն մի շարժումով անընդհատ այս ու այն կողմ կտանեն նստարաններն ու սեղանները, աղմուկ ու անկարգություն կլինի: Բայց դա նախապաշարմունք է, որ հնուց հաստատվել է նրանց ուղեղներում, ովքեր զբաղվում են փոքր երեխաներով, և իրականում ոչ մի հիմնավորում չունի: Հարյուրավոր տարիներ բարուրը պարտադիր էր համարվում նորածինների, իսկ քայլելու սարքը՝ նոր քայլող երեխայի համար:

Մինչև օրս դպրոցում աշակերտական ծանր նստարան դնելն ու աթոռները հատակին ամրացնելն անհրաժեշտ է համարվում: Այս բոլոր երևույթներն արմատացել են այն կեղծ ենթադրության հետևանքով, թե երեխան պետք է անշարժ վիճակում մեծանա, այն հին նախապաշարման, թե իբր թե միայն մարմնի հատուկ դիրքն է այս կամ այն դաստիարակչական շարժումը կատարելու հնարավորություն տալիս, ինչպես որ աղոթելու պատրաստվելիս ենք հարկ համարում հատուկ դիրք գրավել:

Մեր բոլոր սեղաններն ու տարատեսք աթոռները շատ թեթև և դյուրաշարժ են, և երեխային թույլ ենք տալիս ընտրել այն դիրքը, որը նրան ամենահարմարն է թվում: Նա կարող է տեղավորվել, ինչպես իրեն է հարմար, և իր տեղում նստել՝ ինչպես ուզում է: Եվ այդ ազատությունը ոչ միայն արտաքին հանգամանք է, այլ նաև դաստիարակության միջոց: Եթե երեխան անզգույշ շարժումով աթոռը վայր գցի, որն աղմուկով կընկնի հատակին, ապա նա իր անշնորհքության տեսանելի ապացույցը կստանա: Անշարժ նստարանների միջավայրում այդ նույն շարժումը նրա ուշադրությունից կվրիպեր:

Այսպիսով, երեխան իրեն ուղղելու հնարավորություն ունի և դա անելով՝ նա իր ձեռք բերած հմտության լավագույն ապացույցն է տեսնում՝ սեղան-աթոռներն անշարժ են, անաղմուկ, իրենց տեղերում: Դժվար չէ նկատել, որ երեխան սովորել է կառավարել իր շարժումները: Նախկին մեթոդով ճիշտ հակառակ փաստը, այսինքն՝ երեխայի անշարժությունը, լռությունն էր դիտարկվում որպես ապացույց, որ նա յուրացրել է կարգապահությունը, այն անշարժությունն ու լռությունը, որ խանգարում են երեխային, որ նրբորեն ու վստահ շարժվի, և նրան այնքան անշնորհք են դարձնում, որ երբ հայտնվում է այնպիսի միջավայրում, որ նստարաններն ու աթոռները հատակին ամրացված չեն, չի կարողանում շարժվել այլ կերպ, քան թեթև կահույքը դես ու դեն գցելով: «Մանկան տներում» նա ոչ միայն սովորում է գեղեցիկ և զգույշ շարժվել, այլև հասկանում է այդպիսի վարքի իմաստը:

Այստեղ ձեռք բերած շարժվելու հմտությունը օգտակար կլինի ողջ կյանքում: Դեռ փոքր հասակում նա կսովորի իրեն դրսևորել, ինչպես հարկն է՝ միաժամանակ օգտվելով իր անսահման ազատությունից: Միլանի «Մանկան տան» տնօրինուհին պատուհաններից մեկի տակ երկար, նեղ դարակ էր դրել, վրան սեղանիկներ՝ նկարչության առաջին դասերին գործածվող (տես` գրավորին նախապատրաստելու մասին բաժինը) մետաղե երկրաչափական մարմիններով: Բայց դարակը չափազանց նեղ էր, և հաճախ էր լինում, որ երեխաները երկրաչափական մարմիններ ընտրելիս սեղաններից մեկը գցում էին հատակին` մեծ աղմուկով թափելով վրայի մատաղական առարկաները: Տնօրենը ցանկանում էր փոխել դարակը, բայց հյուսնը ժամանակ չէր գտնում գալու, իսկ այդ ընթացքում երեխաները սովորեցին զգուշորեն վերաբերվել նյութերին, և սեղանիկներն այլևս չէին ընկնում հատակին, թեև շարունակում էին մնալ նեղ թեք ու հարթակին:

Զգուշորեն ուղղորդելով իրենց շարժումները` երեխաները հաղթահարեցին այդ կահույքի թերությունը:

Այսպիսով` առարկաների պարզությունը կամ անկատարությունը նպաստում է երեխայի ակտիվության ու ճարպկության զարգացմանը: Այս ամենն այնքա՛ն տրամաբանական ու պարզ է: Եվ հիմա, երբ գործով ենք ստուգել, մեր մտահաղացումը շատերին պարզ կթվա, ինչպես Կոլումբոսի ձուն: Դիտարկման մանկավարժական մեթոդը հիմնվում է երեխայի ազատության վրա, իսկ ազատությունն ինքը գործողություն է:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.