«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 23

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)

Մեթոդական մշակումներ

Ով է առաջնորդը

Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի  չէ

Ուսումնական նյութեր

Անրի Բարբյուս
«Քնքշություն»


Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Անրի Բարբյուս

Քնքշություն

Սեպտեմբերի 25, 1893 թ.

Թանկագինս, իմ փոքրիկ Լուի: Այսպես, ամեն ինչ վերջացած է: Այլևս երբեք չենք հանդիպի: Դա նույնքան հաստատ հիշիր, որքան ես: Դու բաժանում չէիր ուզում, կհամաձայնեիր ամեն ինչի, միայն թե միասին լինեինք: Բայց մենք պետք է բաժանվենք, որպեսզի կարողանաս նոր կյանք սկսել: Հեշտ չէր դիմադրելը և՛ քեզ, և՛ ինքս ինձ, և՛ երկուսիս միասին… Բայց չեմ ափսոսում, որ արեցի դա, չնայած դու այնպես արտասվում էիր` գլուխդ մեր անկողնու բարձի մեջ թաղած: Երկու անգամ բարձրացրիր գլուխդ, նայեցիր ինձ խղճալի, աղերսող հայացքով… Ինչպիսի´ մոխրացած և դժբախտ հայացք ունեիր… Երեկոյան, մթության մեջ, երբ արդեն չէի կարողանում տեսնել քո արցունքները, զգում էի դրանք, նրանք այրում էին ձեռքերս:

Այժմ  երկուսս էլ դաժանորեն տանջվում ենք: Այս ամենն ինձ ծանր երազ է թվում: Առաջին օրերին պարզապես անհնար կլինի հավատալը. և դեռ մի քանի ամիս մենք ցավ կզգանք, իսկ հետո կսկսենք առողջանալ: Եվ միայն այդ ժամանակ ես քեզ կրկին կգրեմ, չէ՞ որ որոշել էինք, որ ժամանակ առ ժամանակ գրելու եմ քեզ: Բայց նույնքան հաստատ  որոշել էինք, որ իմ հասցեն դու երբեք չես իմանա, և  նամակներս կլինեն մեզ կապող միակ թելը, և նա թույլ չի տա, որ մեր բաժանումը վերջնական խզում լինի:

Քեզ մի վերջին անգամ համբուրում եմ, քնքուշ, քնքուշ, բացարձակ անմեղ ու լռիկ մի համբույրով եմ համբուրում. չէ՞ որ մեր միջև այնքան մեծ հեռավորություն կա...

Սեպտեմբերի 25, 1894 թ.
    
Թանկագի՛նս, իմ փոքրի՛կ Լուի: Ինչպես և խոստացել էի, նորից եմ խոսում քեզ հետ: Արդեն մեկ տարի է, ինչ բաժանվել ենք: Գիտեմ` չես մոռացել ինձ, մենք դեռևս կապված ենք միմյանց հետ, և ամեն անգամ, երբ մտածում եմ քո մասին, չեմ կարողանում չզգալ քո ցավը:

Եվ այնուամենայնիվ անցած տասներկու ամիսներն արել են իրենց գործը՝ անցյալը սգալի մշուշով են պատել: Բա ոնց, մշուշ է լցվել: Ինչ-ինչ մանրուքներ աղոտացել են, իսկ որոշ մանրամասներ էլ պարզապես չքվել են: Ճիշտ է, դրանք երբեմն դուրս են լողում հիշողության խորքերից, երբ ինչ-որ բան պատահաբար դրանց մասին հիշեցնում է:

Մի անգամ փորձում էի հիշել դեմքիդ արտահայտությունը, երբ առաջին անգամ էի տեսել քեզ, բայց այդպես էլ չկարողացա:

Դու էլ փորձիր հիշել իմ հայացքը, երբ առաջին անգամ էիր տեսնում ինձ, և կհասկանաս, որ աշխարհում ամեն ինչ ջնջվում է:

Վերջերս ես ժպտացի: Ո՞ւմ... Ինչի՞ն… Ոչ մեկին և ոչնչի: Արևի շողն ուրախ ճառագեց ծառուղում, ու ես ակամա ժպտացի:

Առաջ էլ փորձում էի ժպտալ: Սկզբում ինձ թվում էր` դրան նորից վարժվելն անհնար է: Եվ, այնուամենայնիվ, քեզ եմ ասում, մի օր, իմ կամքին հակառակ, ժպտացի: Ուզում եմ, որ դու էլ ավելի ու ավելի հաճախ ժպտաս, հենց այնպես` ուրախացած լավ եղանակից կամ մտքից, որ  ապագադ դեռ առջևում է: Հա, հա, գլուխդ բարձրացրու և ժպտա:

Դեկտեմբերի 17, 1899 թ.

Ահա, նորից քեզ հետ եմ, իմ թանկագին Լուի: Կարծես երազ լինեմ, չէ՞: Հայտնվում եմ՝ երբ խելքիս փչում է, բայց եթե շուրջդ դատարկ ու մութ է, միշտ ճիշտ պահին: Գալիս ու գնում եմ, շատ մոտ եմ լինում, բայց ինձ դիպչել չի լինում:

Դժբախտ չեմ զգում: Առույգությունս վերադարձել է, որովհետև ամեն օր լույսը բացվում է և, ինչպես միշտ, տարվա եղանակները փոխարինում են իրար: Արևն այնքան փաղաքուշ է շողում, որ ակամա ուզում ես վստահել նրան, ու նույնիսկ սովորական ցերեկային լույսը լի է բարյացակամությամբ:
Պատկերացրու, որ վերջերս պարել եմ: Հաճախ ծիծաղում եմ: Սկզբում նկատում էի, որ ծիծաղս գալիս է, իսկ այժմ արդեն անհնար է հաշվել, թե քանի անգամ եմ ծիծաղել:

Երեկ տոն էր: Արևամուտին ամենուր տոնական հագնված մարդիկ էին երևում: Գունեղ էր, գեղեցիկ, ծաղկանոցի նման: Եվ բազմաթիվ գոհ մարդկանց բազմության մեջ ես ինձ երջանիկ զգացի:

Գրում եմ, որ քեզ պատմեմ այդ ամենը, նաև այն մասին, որ այժմ նոր հավատի եմ դարձել՝ անձնազոհ սեր եմ տածում քո հանդեպ: Մի անգամ քեզ հետ դատողություններ էինք անում անձնազոհության և սիրո մասին՝ դա այնքան էլ լավ չհասկանալով... Արի միասին աղոթենք, որ ամբողջ սրտով հավատանք դրան:
         
Հուլիսի 6, 1904 թ.

Տարիներն անցնում են: Տասնմե՛կ տարի: Մեկնել էի հեռու, վերադարձել եմ և հիմա նորից պատրաստվում եմ գնալ:

Դու, իհարկե, քո տունն ունես, իմ թանկագին Լուի, չէ՞ որ դու հիմա լրիվ մեծ ես և, իհարկե, ընտանիք ունես, որի համար շատ կարևոր ես: 

Իսկ դու ի՞նքդ, ինչպիսի՞ն ես դարձել: Պատկերացնում եմ, որ դեմքդ լցվել է, թիկունքդ՝ ավելի լայնացել, իսկ սպիտակ մազեր պետք է որ դեռ քիչ ունենաս, ու հավանաբար առաջվա նման դեմքդ լուսավորվում է, հենց որ ժպիտը խտղտում է շուրթերդ:

Իսկ ե՞ս… Հո չեմ նկարագրի, թե ինչպես եմ փոխվել` վերածվելով ծեր կնոջ: Ծե՛ր: Կանայք տղամարդկանցից շուտ են ծերանում, և եթե քո կողքին մնայի, քո մայրը կթվայի՝ և՛ արտաքինով, և՛ աչքերի այն արտահայտությամբ, որով քեզ կնայեի:

Տեսնո՞ւմ ես` ինչ ճիշտ արեցինք՝ ժամանակին բաժանվելով: Հիմա արդեն տառապել վերջացրել ենք, հանգստացել, և իմ նամակը, որը դու, իհարկե, ճանաչել ես ծրարի վրայի ձեռագրից, քեզ համար համարյա զվարճալի է:


Սեպտեմբերի 25, 1893թ.

Իմ թանկագին Լուի:

Ահա արդեն քսան տարի է, ինչ բաժանվել ենք… Եվ արդեն քսան տարի է, թանկագինս, որ ես ողջերի մեջ չեմ: Եթե դու ողջ ես ու կկարդաս այս նամակը, որը հավատարիմ և վստահելի ձեռքեր քեզ կուղարկեն, նրանք, որ այս երկար տարիների ընթացքում ուղարկել են քեզ իմ նախորդ նամակները, կներես ինձ, եթե դեռ չես մոռացել, կներես, որ մեր բաժանման հաջորդ իսկ օրը ինքնասպան եմ եղել: Ես չէի կարող, ընդունակ չէի ապրելու առանց քեզ:

Մենք երեկ ենք բաժանվել: Նայիր նամակի վրայի տարեթվին: Իհարկե, դրան ուշադրություն չէիր դարձրել: Չէ՞ որ երեկ էր, որ  վերջին անգամ միասին էինք մեր սենյակում, և դու, գլուխդ բարձերի մեջ թաղած, անօգնական երեխայի նման լաց էիր լինում քո սարսափելի դժբախտությունից: Երեկ էր, որ երբ կիսաբաց պատուհանից ներս մտավ գիշերը, ձեռքերիս էին թափվում քո արցունքները, որոնք այլևս չէի կարողանում տեսնել: Երեկ էր, որ դու ցավից գոռում էիր ու բողոքում, իսկ ես, վերջին ուժերս հավաքելով, զսպում էի ինձ ու լռում:

Իսկ այսօր, մեր սեղանի մոտ նստած, մեր իրերով շրջապատված, մեր գողտրիկ անկյունում, գրում եմ քեզ այն չորս նամակները, որ  պետք է ստանաս ժամանակային մեծ բաժանումներով: Ավարտում եմ վերջին նամակս, իսկ հետո կգա վերջը:

Այս երեկո ամենաճշգրիտ ցուցումները կտամ, որ նամակներս քեզ ուղարկվեն այն օրերին, որ նրանց վրա նշված են, ինչպես նաև կհոգամ, որ ինձ անհնար լինի գտնելը:
Այնուհետև կհեռանամ կյանքից: Կարիք չկա պատմելու քեզ, թե ինչպես.  այս նողկալի գործողության բոլոր մանրամասները ավելորդ են: Դրանք կարող էին քեզ ցավ պատճառել նույնիսկ այդքան տարի հետո:

Կարևորն այն է, որ ինձ հաջողվեց քեզ պոկել ինձնից և դա անել զգույշ ու քնքուշ, առանց քեզ վիրավորելու: Ուզում եմ հետո էլ հոգ տանել քո մասին, իսկ դրա համար պետք է իմ մահից հետո էլ ապրեմ: Խզում չի լինի. հնարավոր է` չկարողանայիր էլ դա տանել. ախր բոլոր տխրությունները քեզ այնքան սուր ցավ են պատճառում: Ես կվերադառնամ քեզ մոտ` ոչ շատ հաճախ, որպեսզի իմ կերպարը կամաց-կամաց ջնջվի հիշողությունիցդ, ոչ էլ շատ հազվադեպ, որպեսզի ազատեմ քեզ անիմաստ տառապանքից: Իսկ երբ դու հենց ինձնից իմանաս ողջ ճշմարտությունը, այնքան տարիներ կանցնեն (իսկ ժամանակն Ինձ օգնում է), որ արդեն համարյա չես կարողանա հասկանալ, թե իմ մահն իրականում  կնշանակեր քեզ համար:

Լուի, հարազատս, այսօրվա մեր վերջին զրույցն ինձ չարագուշակ հրաշք է թվում:

Այսօր մենք խոսում ենք շատ ցածր, համարյա անլսելի, ախր շատ հեռու ենք իրարից. չէ՞ որ ես միայն քո մեջ գոյություն ունեմ, իսկ դու ինձ արդեն մոռացել ես: Այսօր «հիմա» բառն այլ իմաստ ունի նրա համար, ով դա գրում և շշնջում է, և բոլորովին այլ իմաստ` նրա համար, ով կկարդա ու հազիվ լսելի կարտաբերի «հիմա»:

Հիմա`հաղթահարելով ժամանակային այս հսկայական տարածությունը, հաղթահարելով հավերժությունը, որքան էլ դա անհեթեթ թվա,համբուրում եմ քեզ այնպես, ինչպես առաջ: Ահա և վերջ... Այլևս ոչինչ չեմ ավելացնի, քանի որ վախենում եմ տխուր դառնալուց, այսինքն՝ չար, և քանի որ չեմ համարձակվում քեզ խոստովանել ցնորական երազանքներիս մասին, որոնք անխուսափելի են, երբ սիրում ես, և երբ սերն անծայրածիր է, իսկ քնքշությունը` անսահման:

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Սարգսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.