«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Հենրի Հոլմսի նախաբանը

Հետաքրքրված անձանց մի ստվար խումբ սպասում է այս հիանալի գրքի հայտնվելուն: Վերջին տարիներին հազիվ թե մանկավարժական որևէ փաստաթուղթ այնքան անհամբերությամբ և այնքան արժանիորեն սպասված լիներ հասարակության լայն խավերի կողմից: Անգլիայում և Ամերիկայում գրքի նկատմամբ հետաքրքրություն են առաջացրել անգլիական «World's Work» և ամերիկյան «McClnre's Magazine» ամսագրերի ջերմ համակրանքով լեցուն հոդվածները: Սակայն ավելի վաղ, քան այդ հոդվածներից առաջինը լույս էր տեսել, գրքում նոր ու անչափ կարևոր գաղափարներ տեսնելով` անգլիացի և ամերիկյան որոշ մանկավարժներ զբաղվում էին տիկին  Մոնտեսորիի աշխատանքի մանրամասն ուսումնասիրությամբ: Չգիտենք, թե  Մոնտեսորիի համակարգի առաջին հանրամատչելի շարադրանքների աննախադեպ հաջողությունները Անգլիային և Ամերիկային ինչ կտան, բայց շատ փորձված մանկավարժների և մասնագետ-գիտնականների հավանությունն արդեն այդ համակարգը երաշխավորում է մանկավարժության ոլորտի աշխատողներին, ովքեր ի վերջո որոշելու են համակարգի արժեքավորությունը, մեկնաբանելու են դրա տեխնիկական կողմը և հարմարեցնելու են անգլիական և ամերիկյան պայմաններին:

Իմ այս քննական սեղմ նախաբանը նրանց, ասել է թե ընթերցող ողջ հասարակությանն եմ հասցեագրում: Չափազանցրած չենք լինի, եթե տիկին  Մոնտեսորիի աշխատանքը առանձնահատուկ, ամբողջությամբ նորարարական և խորապես արժեքավոր անվանենք: Այն արդեն արժեքավոր է նրանով, որ կնոջ ջանքերի արդյունք է: Իր համակարգված ամբողջականությամբ և գործնական ուղղվածությամբ իսկ յուրահատուկ մանկավարժական համակարգի այլ օրինակ չգիտենք, որը կանացի մտքով և ձեռքով մշակված լիներ: Այն արժեքավոր է նաև որպես կանացի սիրո, սոցիալական խորը հայացքի, գիտական պատրաստվածության, մանկավարժական խնդիրների լարված և երկարատև ուսումնասիրության, իսկ ամենակարևորը` ուսուցչուհու և մանկավարժության գիտակի հարուստ և համարյա աննախադեպ փորձի արդյունք: Տիկին  Մոնտեսորիի աշխատանքով` մանկահասակ երեխաների դաստիարակությամբ զբաղվող ոչ մի կին այդ գործի մեջ այդքան բազմազան և հարուստ անձնական ներդրումներ չի արել, որքան նա:

Սեփական գործին իր այդ ներդրումները նա արել է խանդավառությամբ և ինքնամոռացությամբ` օրինակ ունենալով թերևս միայն Պեստալոցիին և Ֆրյոբելին, և իր համոզմունքները քարոզում է ակամա ուշադրություն գրավող առաքյալի ոգևորությամբ: Իր մեջ այդքան մարդկային ջանքերի լիցք պարունակող համակարգը չի կարող թերարժեք լինել: Դրա որոշ գծեր ինքնին ապշեցուցիչ են. դա նորմալ երեխաների դաստիարակության մեջ կիրառում է նախապես հետ մնացող երեխաների նկատմամբ կիրառվող մեթոդներ և տեխնոլոգիաներ. դա սանի ազատության բացարձակ պահանջի վրա է հիմնված. դա զգայական, մոտորիկայի և մտավոր որոշակի ունակությունների ամենաիսկական դաստիարակություն է իրականացնում. դա կարդալու, գրելու, հաշվելու նախնական հմտությունների արագ և հեշտ ձեռքբերման է հանգեցնում: Այս ամենը նույնիսկ գրքի ամենամակերեսային ընթերցանությամբ զբաղվողի աչքին է զարնում: Իհարկե, ամբողջ նշվածը մանկավարժական աշխարհում բացարձակ նոր ինչ-որ բան չէ: Տեսության մեջ այդ ամենն արդեն առաջադրվել է. ինչ-որ բաներ շատ կամ քիչ ամբողջական կիրառվել է նաև գործնականում: Այսպես, օրինակ, հանուն ճշմարտության պետք է նշել, որ Վևերլեյի մտավոր հետամնացների Մասաչուսետյան ինստիտուտի գլխավոր տեսուչ դոկտոր Վալտեր Ֆերնալդի կիրառած շատ նյութեր համարյա նույնական են տիկին  Մոնտեսորիի նյութերի հետ, և դոկտոր Ֆերնալդը վաղուց էր պնդում, որ այդ մեթոդներն արդյունավետորեն կարելի է կիրառել նաև նորմալ երեխաների դաստիարակության համար: Վերջին ժամանակներս հոգեբանաֆիզիկական տարբեր գործընթացների պաշտոնական դաստիարակությունը հավասարապես բավական հիմնավոր մեկնաբանվել է փորձարարական մանկավարժության շատ մասնագետների, հատկապես Մեյմանի կողմից: Բայց մինչև Մոնտեսորին ոչ ոք ամբոջական համակարգ չէր ստեղծել, որտեղ և նշված բոլոր առանձին տարրերը մեկ օրգանական ամբողջության մեջ համատեղվեին:

Նա և´ տեսականորեն, և´ գործնականում մշակել է այդ համակարգն ու բերել դպրոց: Դա, ինչպես տիկին  Մոնտեսորին է հպարտությամբ նշում, իրականում ինչպես իր, այնպես էլ իր մեծ նախորդների տարիների փորձարարական ջանքերի վերջնական արդյունքն է: Սակայն առողջ երեխաների դաստիարակության գործում այդ փորձերի իրականացման պատիվը միայն տիկին  Մոնտեսորին է պատկանում: Երկրորդական դետալները, որոնք նա ակնհայտորեն վերցրել է ժամանակակից այլ մանկավարժներից, վերցվել են, որովհետև տեղավորվում են նրա սեփական համակարգի հիմնական կաղապարի մեջ. նա այդ բոլորը միավորել է իր մեթոդի ընդհանուր հայեցակարգի մեջ: Ճիշտ է, այդ համակարգը յուրօրինակ չէ այն առումով, ինչով Ֆրյոբելի համակարգն էր ինքնատիպ, բայց որպես համակարգ` դա կնոջ եզակի ստեղծագործական հանճարի բոլորովին նոր արդյունք է: Եվ որպես այդպիսին` տարրական դաստիարակության հարցեր ուսումնասիրող ոչ մեկը չի կարող դա անտեսել: Ճիշտ է, այդ համակարգը նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության բոլոր հարցերը չի լուծում: Հնարավոր է, որ նրա առաջարկած լուծումների մի մասը որոշ չափով կամ բոլորովին սխալ են, մյուսները, ամենայն հավանականությամբ, անգլիական և ամերիկյան դպրոցներին չեն պատվաստվի, բայց բոլորովին պարտադիր չէ` մանկավարժական համակարգը կատարյալ լինի, որպեսզի ուսումնասիրելու, փորձաքննելու, փորձարկելու արժանի լինի:

Տիկին Մոնտեսորին բավականին լայնախոհ է, որ անթերիության հավակնություն ունենա, և չափազանց կրթված է, որ իր եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությանն ու խորը փորձաքննությանը դիմադրվի: Նա ոոշակիորեն ասում է, որ իր համակարգը կատարյալ չէ: Գործնականում միանգամայն հավանական ենք համարում, որ մեր դպրոցներն ի վերջո Մոնտեսորիի ծրագրերը կհամատեղեն մանկապարտեզի ինչպես առաջադեմ, այնպես էլ պահպանողական ծրագրերի տարրերի հետ: Չէ՞ որ դպրոցական աշխատանքը միշտ պիտի էկլեկտիկ(1) բնույթ ունենա: Պահանջել ամեն ինչ կամ ոչինչ կամ ընդունել միայն մի համակարգ` նշանակում է գնալ դեպի անխուսափելի պարտություն. հասարակությունը համակարգերով` որպես այդպիսիք, չի հետաքրքրվում, ըստ էության չի հավատում, որ ինչ-որ համակարգ իր մեջ կարողանա բոլոր լավ բաները ներառել: Նաև պետք չէ կասկածել, որ սա է միակ առողջ հայացքը:

Իրատեսներին հակառակ, շարունակելով հավատալ բացարձակ ճշմարտություններին` այնուամենայնիվ, կարող ենք կասկածել դրանց գործնական կիրառման տրամաբանությանը, գոնե որպես դաստիարակության անթերի համակարգ: Բոլոր դեպքերում, իրավունք չունենք ընդունելու մի համակարգ և մերժելու մնացած բոլորը միայն այն պատճառով, որ առաջինը հիմնված է հասկանալի կամ առույգացնող փիլիսոփայության վրա: Անհրաժեշտ է նաև իրատեսական չափանիշներ ավելացնել, և ամենայն խստությամբ: Ամենաճիշտ ճանապարհը տարբեր կոմբինացիաներ փորձարկելն է, դրանց արդյունքները դիտարկելն ու արձանագրելը, դրանք համեմատելը, զգուշորեն նոր փորձարարության անցնելը:

Այս ընթացակարգը ցանկալի է կիրառել դաստիարակության յուրաքանչյուր փուլում և յուրաքանչյուր աստիճանում, հատկապես վաղ շրջանում. այստեղ ամենաքիչն է փորձարկված, և ավելի դժվար է: Անկասկած, այդքան արմատական, այդքան հստակ գծագրված, այդքան հանգամանորեն զարգացած համակարգը նախադպրոցական դաստիարակության մեթոդների համեմատական ուսումնասիրության բացառիկ կարևոր նոր նյութ է տալիս: Չընդունելով այս համակարգի բոլոր դետալները, վերապահությամբ վերաբերվելով անգամ դրա հիմնական սկզբունքներին` այնուամենայնիվ ընդունում ենք դրա հսկայական և անմիջական արժեքավորությունը: Եթե նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությունն ընդհանրապես արժանի է ուսումնասիրության, ապա դրանով հետաքրքրվող դաստիարակը պետք է սկզբունքային տարբերություն դնի Մոնտեսորիի ծրագրի և մյուս ծրագրերի միջև և տարբեր համակարգերի և դրանց հնարավոր համադրումների արդյունքները մանրամասն ստուգի: Սույն նախաբանը Մոնտեսորիի գործիքների տնային կիրառմանը վերաբերող այդպիսի մի համակցության է վերաբերում. սակայն նախ ժամանակակից մանկապարտեզի երկու տեսակների համեմատությամբ  Մոնտեսորիի համակարգի ամենացայտուն առանձնահատկությունը նշենք: Շատ արագ աչքի են ընկնում մի քանի սկզբունքային նմանություններ:

Տիկին Մոնտեսորիի` վաղ մանկությանը վերաբերող հայացքները, թեև ընդհանուր առմամբ ավելի արմատական են համարվում, որոշ հարաբերություններում նույնական են պարոն Ֆրյոբելի պատկերացումների հետ: Ակտիվ լինելու, շրջակա միաջավայրն ուսումնասիրելու և հարցասիրության և ստեղծագործական բոլոր ձևերով իր ներքին ուժերը զարգացնելու երեխայի իրավունքը երկուսն էլ ընդունում են: Դաստիարակությունը պետք է ուղղորդի երեխայի գործունեությունը, սակայն չճնշի նրան: Միջավայրը մարդու ուժը չի ստեղծում, այլ միայն նպատակ ու նյութ է տալիս, ուղղորդում է, կամ, ամենաշատը, խթանում. մանկավարժի խնդիրն ավելի շուտ սնունդ տալն է ու համագործակցելը, դիտարկելը, խրախուսելը, ղեկավարելը, բացահայտելը, և ոչ թե խառնվելը, վերագրելը կամ սահմանափակելը: Սա ամերիկացի ուսուցիչների և մանկապարտեզի ղեկավարների մեծ մասին վաղուց հայտնի սկզբունք է. դրա նոր պերճախոս շարադրանքը ժամանակակից տեսանկյունից նրանք միայն ողջունել կարող են: Իսկ ինչ վերաբերում է այդ սկզբունքի գործնական կիրառմանը, ապա տիկին Մոնտեսորին իր մանկապարտեզի հետ վճռականորեն գնում է նոր ճանապարհով:

«Տնօրեն»  Մոնտեսորին չի պարապում երեխաների խմբերի հետ` պահանջելով, որ խմբի բոլոր անդամները միաժամանակ նույն աշխատանքը կատարեն: Մոնտեսորիի սանն զբաղվում է ինչով ուզում է, քանի դեռ դրանով ինչ-որ բանի կամ մեկին չի վնասում: Մոնտեսորին և Ֆրյոբելը հավասարապես կողմ են զգացմունքների դաստիարակությանը, բայց  Մոնտեսորիի համակարգում այդ դաստիարակության պլանը և´ ավելի մշակված է, և´ ավելի անմիջական, քան Ֆրյոբելի մոտ: Սեգենովյան գործիքների հիման վրա նա զգացմունքների ձևական մարզման գիտական մեծ համակարգ է մշակել: Ֆրյոբելը մշակել է երեխաների ստեղծական գործունեությունը խթանող մի շարք առարկաներ, սակայն դրանք սենսորային ճանաչողական ունակությունների դաստիարակմանն այնքան էլ պիտանի չեն:  Մոնտեսորիի նյութը Պեստալոցիի հիմնական պատգամի իրականացնումն է, որը մանրակրկտորեն փոձում էր ներդնել իր մշակած ամբողջական համակարգում: Այդ նյութը հատ-հատ ամեն մի զգացմունքին վերաբերող կրկնվող վարժությունների միջոցով աստիճանաբար զարգացնում է երեխայի մտավոր ունակությունները և տարբերելու, համեմատելու и տիպային առարկաները գործածելու հմտություններն է զարգացնում: Մանկապարտեզի համակարգում, հատկապես նրա «ազատական» ուղղվածություն ունեցող տարբերակում, զգացմունքների դաստիարակությունն  ուղեկցվում է կառուցողական գործունեությամբ և երևակայության աշխատանքով, որի ընթացքում ավելի կարևոր նպատակներ են հետապնդում, քան պատկերների կամ գույների պարզ դասավորումն է: Նույնիսկ մանկապարտեզի ամենասովորական աշխատանքի ժամանակ երեխաները «նկարներ են նկարում» և պետք է բացատրեն` դրանք ինչի են նման` «աստղի», «ծաղիկի», «օդապարուկի»: Ինչ վերաբերում է երեխայի ֆիզիկական դաստիարակությանը, ապա այս կետում երկու համակարգերի սկզբունքները համարյա համընկնում են. երկուսն էլ պնդում են մարմնի գործունեության ազատ զարգացման անհրաժեշտությունը, ռիթմիկ վարժությունների և մկանների գործողությունները կառավարելու կարողության անհրաժեշտությունը. սակայն եթե մակապարտեզը հորինված կամ սոցիալական բնույթի խմբային խաղերի միջոցով է ձգտում դրան հասնել, ապա տիկին  Մոնտեսորին ծանրության կենտրոնը տեղափոխում է առանձին ֆիզիկական գործառույթների ուղղակի դաստիարակմանն ուղղված հատուկ վարժությունների վրա: Սակայն մյուս կողմից, երկու համակարգերի սկզբունքային ամբողջ նմանությամբ հանդերձ, Մոնտեսորիի համակարգը գործնակում ավելի պակաս ձևական է, քան կարելի է կարծել: Այս տեսանկյունից սկզբունքորեն կարևոր է երեխան սոցիալական դաստիարակության պահանջը նշելը: «Պահապանողական» մանկապարտեզում այդ դաստիարակությունը հիմնականում խմբային խաղերի միջոցով է իրագործվում: Դրանք հիմնականում երևակայական, երբեմն խորհրդանշական բնույթ ունեն. երեխաները հողագործ, ջրաղացպան, կոշկակար, հայրիկ ու մայրիկ, թռչուններ,կենդանիներ, ասպետ ու զինվոր են խաղում. նրանք երգում են, յուրօրինակ ներկայացում խաղում, ինչպես օրինակ` «աղավնիների քեֆը», «խոտհունձ» և այլն: Այդ դպրոցներում ստացած հասարակական դաստիարակությունը ձևական է այն իմաստով, որ երեխաները, ի տարբերություն  Մոնտեսորիի սաների, «իրական» հասարակական գործունեության չեն մասնակցում, ինչպես, ասենք, ճաշ մատուցելը, սենյակը մաքրելը, կենդանիների խնամքը, խաղային տնակներ կառուցելը կամ այգի մշակելը:

Չմոռանանք, որ ամենապահպանողական մանկապարտեզն անգամ սկզբունքորեն բոլորովին չի բացառում այդ տեսակի «իսկական» գործունեությունը, սակայն երեքժամյա ուսումնական օրվա ընթացքում շատ բան անել չի հասցնում: Ավելի շատ բան են անում հատկապես Եվրոպայում ազատական մանկապարտեզները, որտեղ ուսումնական օրն ավելի երկար է: Մյուս կողմից`  Մոնտեսորիի համակարգը չի բացառում երևակայությունը զարգացնող խաղերը: Սակայն ոչ միայն հասարական, այլև գեղագիտական, գաղափարական և նույնիսկ կրոնական դաստիարակության նկատմամբ խորապես հետաքրքրվելով հանդերձ` տիկին  Մոնտեսորին բացասաբար և վերապահությամբ է արտահայտվում «խաղերի և հիմար հեքիաթների» մասին, ինչը վկայում է, որ նա ծանոթ չէ ամերիկյան մանկապարտեզների` այդ օժանդակությունից օգտվելու հրաշալի արվեստին: (Ճիշտ է, ամերիկյան մանկապարտեզը «հիմար հեքիաթների» չի դիմում, բայց դե հեքիաթներ պատմում է, և շատ էլ արդյունավետ:)

Տիկին  Մոնտեսորիի ծրագիրը ինչպես ընդհանրապես դպրոցի կյանք, այնպես էլ այնպես էլ իր սաների ձեռքի աշխատանքի մեջ հասարակական շատ տարրեր է ներմուծում. մանկապարտեզը երեխայի հասարակական գիտակցության սահմանները մեծացնում է երևակայության աշխատանքի միջոցով: Մոնտեսորիի երեխաների խմբավորումն ազատ է և ոչնչով պայմանավորված չէ. մանակապարտեզներում երեխաների խմբավորումները հաճախ ձևական և պարտադրված բնույթ են կրում:  Մոնտեսորիի համակարգը միայն մի կետում է համընկնում պահպանողական և ոչ թե ազատական մանկապարտեզի հետ` ուղղակի նախապատրաստում է դպրոցական ծրագրի յուրացումանը: Անվիճելի է, որ տիկին  Մոնտեսորին երեխաներին տառերը սովորեցնելու անսովոր հաջող ձև, ընթերցանության մեջ ներգրավելու միանգամայն հաջող եղանակ և թվերով գործողությունների համար աննման նյութ է գտել: Իհարկե, մանկապարտեզի երկու տիպերն էլ զարգացնում են երեխայի ինքնարտահայտման ընդհանուր կարողությունը. մանկապարտեզի աշխատանքը հարստացնում է երեխայի հասկացությունների պաշարը, արթնացնում և ուղղորդում է նրա երևակայությունը, հարստացնում է նրա բառապաշարը և վարժեցնում այն հմտորեն գործածելուն: Լավ մանկապարտեզում երեխաները պատմություն են լսում ու կրկնում, պատմում սեփական զգացումների մասին, երգում, ոտանավոր արտասանում, և այդ ամենն արվում է համակրաբար տրամադրված ունկնդիրների խմբում, որն ավելի է խթանում և ուղղորդում արտաքին դրսևորումները, քան ընտանեկան միջավայրը:
Բայց նույնիսկ պահպանողական մանկապարտեզը երեխաներին գրել-կարդալ չի սովորեցնում: Թվաբանության մասով նա շատ բան է անում. և հարց է` այս ոլորտում տիկին  Մոնտեսորիի համակարգից արդյո՞ք առաջադեմ չէ: Ֆրյոբելի նյութերը հրաշալիորեն ցուցադրում են ամբողջի և մասի հասկացությունները` երեխաներին մղելով մասերից ամբողջ, ամբողջից մասեր ստանալու վարժությունների: Թվի մասին այդ ըմբռնումը առնվազն նույնքան կարևոր է, ինչքան և հաշվի ժամանակ երեխաների մեջ ձևավորվող այն ըմռնումը, որին Մոնտեսորիի «Երկար աստիճանը» այնքան հրաշալի նյութ է տալիս:  Ֆրյոբելի նյութը միանգամայն հարմար է համրանքի համար, իսկ  Մոնտեսորիի նյութը որոշ չափով հանգեցնում է բազմապատկման և բաժանման: Քանի որ խոսքը թվաբանությանն է վերաբերում, ապա նյութի այս երկու տեսակների համատեղումը և´ հնարավոր է, և´ ցանկալի: Ազատական մանկապարտեզը, մաթեմատիկական նպատակներով նյութերից և պարապմունքներից հրաժարվելով, չեն էլ փորձում իրենց սաներին անմիջականորեն նախապատրաստել դպրոցական առարկաների յուրացմանը:

Այսպիսով` մանկապարտեզի համեմատությամբ Մոնտեսորիի համակարգը հետևյալ հետաքրքիր տարբերություններն ունի.

  • նա անսահման ազատության արմատական սկիզբ է դնում.
  • նրա նյութերն ուղղված են զգացմունքների ուղղակի և ֆորմալ դաստիարակությանը.
  • նա երեխայի զուտ ֆիզիկական զարգացումը հեշտացնող գործիքներ է ներմուծում.
  • սոցիալական զարգացումն իրականացվում է անմիջական և իրական սոցիալական պարտավորություններով.
  • և վերջապես, նա դպրոցական առարկաների յուրացման անմիջական նախապատրաստում է տալիս:

Մյուս կողմից` մանկապարտեզը ոչ այն է հեղինակության ճնշմամբ, բայց և ոչ առանց դրա, երբ մյուս միջոցներն անզոր են, երեխաներին խթանող խմբային պարապմունքներ է իրակացնում. նախապես երեխաների ստեղծագործական փորձերի համար նախատեսված նրա նյութերը նպաստում են մաթեմատիկական վերլուծությանը և նկարչությանը, բացի դրանից` մանկապարտեզի պարապմունքները երևակայությանն են սնունդ տալիս:

Սակայն անհրաժեշտ է նշել մի հանգամանք` երկու համակարգերը քննարկվող այս հարաբերություններում ամբողջովին միանգամայն անհամատեղելի չեն: Մանկապարտեզների շատ պարապմունքներ ամբողջովին ազատ են, իսկ «Երեխաների տներում» ամբողջովին վերացված չէ թելադրանքը, դա է վկայում դրանց «Օրակարգը»: Մանկապարտեզի աշխատանքը ներառում է նաև զգացմունքների անմիջական դաստիարակում, իսկ  Մոնտեսորին թույլատրելի է համարում, օրինակ,  նկարչության և կառուցման ժամանակ ֆրյոբելյան աղյուսիկների կիրառումը, մանկապարտեզների աշխատանքը ներառում է զուտ մկանային շատ վարժություններ, իսկ տիկին Մնտեսորին իր մոտ մանկապարտեզներին հատուկ մի շարք խաղեր է ներդրել, մանկապարտեզն ընդունում է այգեգործությունը, կենդանիների խնամքը, շինության կահավորումը և տնտեսական զբաղմունքները, իսկ  Մոնտեսորիի համակարգը թույլատրելի է համարում երևակայության տարրեր պարունակող որոշ  սոցիալ-դերային խաղեր, երկու համակարգերն էլ (բայց ոչ ազատական մանկապարտեզները) անմիջականորեն պատրաստում են դպրոցական առարկաների յուրացմանը. և քանի որ այս երկու ծրագրերի միջև կարգի, ինտենսիվության և աստիճանի տարբերություն կա, ապա ինչո՞ւ անգլիական և ամերիկյան դպրոցներին ավելի հարմար զուգակցումներ չմշակվեն:

Ուշադիր ուսումնասիրության դեպքում պարզ է դառնում, որ  Մոնտեսորիի համակարգի և մանկապարտեզի միջև գլխավոր տարբերությունը հետևյալն է. մինչ  Մոնտեսորիի սաները համարյա ամբողջ ժամանակը ծախսում են որոշակի բաներով զբաղվելու վրա` ելնելով անհատական առանձնահատկություններից և անհատապես ղեկավարվելով, մանկապարտեզի սաները սովորաբար զբաղված են խմբային աշխատանքով և երևակայության վրա հիմնված խաղերով:

Կարծում ենք, որ երկու համակարգերի խաղաղ համատեղումը այսպիսի բնույթ կունենար. զգացմունքային և մտավոր ֆորմալ դաստիարակության համար նախատեսված առարկաներով աշխատանքը պետք է անհատապես կամ միայն կամավորների խմբով արվի, հնարովի (երևակայության տարրերով) և սոցիալական բնույթի աշխատանքը պետք է ճիշտ խմբերով կատարվի: Այս սկզբունքն առաջարկում ենք միայն որպես մանկապարտեզային տարիքի երեխաների դաստիարակության հնարավոր հիմք. մեծանալով` երեխաները պետք է սովորեն դասարաններում, և այնտեղ, իհարկե, կսովորեն հորինված և սոցիալական միջոցառումներ կատարել ազատ խմբերով (առաջինը, ավելի հաճախ` մենակ): Պետք չէ կարծել, թե մեր առաջարկած սկզբունքը կանոն է, որը բացառություններ չի ենթադրում: Այն պարզապես առաջարկվում է որպես աշխատանքային վարկած, որի արժեքավորությունը փորձով պետք է ստուգվի:

Եվ թեև մանկապարտեզի դաստիարակները վաղուց են նկատել, որ ֆրյոբելյան նյութերով խմբային աշխատանքները, հատկապես երկրաչափական վերլուծություն կամ ֆորմալ նկարչություն են պահանջող աշխատանքները շուտ են ձանձրացնում երեխաներին, բայց համարվում է, որ դաստիարակը կարող է այնպես անել, որ երեխայի ուշադրությունը չթուլանա, կամ երեխան չհոգնի, եթե արագ նկատի դրանց առաջին նշանները և անմիջապես դադարեցնի աշխատանքը: Ավագ երեխաների փոքրաթիվ խմբերը նման աշխատանքներն առանց դժվարության և հաճույքով են անում, խմբային պարապմունքների դժվարությունը աննկատ գործոն է, որի ճնշող գործողությունը լավ դաստիարակը հեշտությամբ հաղթահարել: Իսկ փոքր երեխաների դեպքում լիակատար ազատության ռեժիմն է, ըստ երևույթին, լավագույն արդյունքները երաշխավորում, գոնե առարկաների հետ աշխատելիս: Մյուս կողմից` խմբային խաղերն ավելի քիչ են ճնշում և այնքան հոգնեցուցիչ չեն: Գործունեության այդ երկու տեսակների հնարքները փոփոխելը մանկավարժական ծրագրում դրանք համադրելու լավագույն ձևն է, որ լավ արդյունքներ է երաշխավորում:

Խոսելով այսպիսի դաստիարակչական ծրագրի մասին` միանգամից մոտենում ենք Մոնտեսորիի համակարգի այն էական հարցին, որը պետք է դիտարկենք մանկապարտեզի նկատմամբ նրա վերաբերմունքից անկախ: Դա հասարակական կողմն է, որին տիկին  Մոնտեսորին անդրադարձել է իր առաջին դպրոցի մասին պատմելիս: Քննարկելով տիկին  Մոնտեսորիի համակարգի պիտանելիությունը անգլիական  և ամերիկյան դպրոցների, հատկապես ամերիկյան ժողովրդական ուսումնարանների և անգլիական նախարարական դպրոցների համար` պետք է հիշենք այն երկու ընդհանուր պայմանների մասին, որոնց առակայությամբ տիկին  Մոնտեսորին սկսեց իր գործունեությունը Հռոմում:

Նրա սաները համարյա ամբողջ օրը նրա հետ էին, և նա փաստորեն ողջ օրը կարող էր հետևել նրանց կյանքին: Նրանք հիմնականում բանվոր դասակարգի երեխաներ էին: Չենք կարող հույս ունենալ, որ տիկին  Մոնտեսորիի ձեռք բերած արդյունքներին կհասնենք, եթե երեխաները միայն առավոտյան երկու–երեք ժամը մեր ղեկավարությամբ լինեն. նաև չենք կարող ակնկալել, որ բացառապես նույն արդյունքները կստացվեն այն երեխաների դեպքում, որոնց ժառանգականությունն ու պայմանները և´ պակաս զգացմունքային են դարձրել, և´ պակաս շարժուն, և´ ազդեցությունների ավելի քիչ տրվող, քան  Մոնտեսորիի երեխաները: Մոնտեսորիի նախագիծը գործնականում իրականացնելու ցանկության դեպքում պետք է դիտարկենք նաև տարատեսակները, որոնց անհրաժեշտությունը կարող է բխել սոցիալական պայմանների տարբերությունից: Իրականում այն պայմանները, որոնցում տիկին  Մոնտեսորին Հռոմում բացեց իր առաջին դպրոցը, հատուկ են աշխարհի բոլոր մեծ քաղաքներին: Կարդալով նրա պատկերավոր «բացման խոսքը»` դժվար է զսպել այն ցանկությունը, որ մանկան կյանքի կենտրոնը մեծ քաղաքի տներում «ընտանեկան դպրոցը» դառնա: Հասկանալի է, որ ավելի լավ կլիներ, եթե չլինեին բնակելի փեթակների նման տուն-տուփերը, եթե ամեն մի ընտանիք կարողանար իր երեխաներին խաղի և պարապմունքի համար անհրաժեշտ տարածք ու մաքուր օդ տալ:

Իսկ շատ ավելի լավ կլիներ, եթե ծնողները գոնե մի քիչ ծանոթ լինեին երեխայի հոգեբանությանն ու հիգիենային: Բայց քանի որ հազարավոր աղքատ մարդիկ ապրում են մեծ քաղաքների զզվելի բարաքներում, Երեխայի տան սոցիալական խնդիրների վերաբերյալ տիկին  Մոնտեսորիի լայնախոհությունը պիտի ողջունենք: Այդ դպրոցներն ինչ նյութ էլ գործածեն, տիկին  Մոնտեսորիից պիտի փոխառեն ուսումնական երկարատև օրը, երեխաների նկատմամբ ավելի բազմակողմանի խնամքը, ընտանիքի հետ ավելի սերտ համագործակցությունը և ավելի լայն նպատակները: Հավանաբար այդպիսի դպրոցներում տիկին  Մոնտեսորիի աշխատանքի երկու կարևոր գծերը` ազատության սկզբունքը և զգացմունքների դաստիարակության պլանը, ամենաամբողջական և արդյունավետ իրագործումը կունենան: Բայց հենց այս սկզբունքներն են ամենից շատ քննադատություն հարուցում, երբ աչքաթող է արվում առաջին «Մանկան տան» սոցիալական միջավայրը:

Մարդաբանական չափումները, լողացնելը, ինքնասպասարկման սովորության ձևավորումը, սննդի մատուցումը, այգեպանությունն ու կենդանիների խնամքը անառարկելիորեն խորհուրդ է տրվում բոլոր դպրոցներին, նույնիսկ նրանց, որտեղ պարապմունքներին երեք ժամ է տրվում, և սաները ճնշված դասերի երեխաներն են. սակայն անհատական ազատությունը և զգացմունքների դաստիարակությունը ավելորդ են համարվում նույնիսկ այն դպրոցների աշխատանքում, որոնց պայմանները մոտ են Սան-Լորենցոյի դպրոցների 12 պայմաններին:

Իհարկե, ոչ մի գործող մանկավարժ հախուռն կերպով բոլոր դպրոցների համար լողատաշտեր չի պահանջի, և, հավանաբար, խելամիտ պահպանողականություն կցուցաբերվի դպրոցի հետ համագործակցող ընտանիքներում այժմ հաջողությամբ իրագործվող գործառույթները դպրոցին փոխանցելու հարցում: Ավելի դժվար է բոլոր դպրոցներում Մոնտեսորիի ոգով կարգուկանոնի և զգացմունքների դաստիարակության սկզբունքային պահանջների հետ կապված խնդիրները լուծելը: Արդյո՞ք անհատական ազատությունը մանկավարժական ունիվերսալ սկզբունք է, թե՞դա սկզբունք է, որը պետք է ձևափոխվի առաջին «Մանկան տների» սոցիալական խմբին չպատկանող դպրոցներում: Արդյո՞ք բոլոր երեխաները զգացմունքների դաստիարակության կարիք ունեն, թե՞ միայն անհաջող ժառանգականությամբ կամ ընտանեկան աննպաստ պայմաններով երեխաները: Մոնտեսորիի համակարգի լուրջ ուսումնասիրությունը այս հարցերն անտեսել չի կարող:

1) էկլեկտիկ (հուն. ekiektikos - ընտրող)` հակադիր, անհամատեղելի մոտեցումները առանց որևէ սկզբունքի համատեղող:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.