ԴՊԻՐ 23
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»
Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)
Մեթոդական մշակումներ
Ով է առաջնորդը
Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի չէ
Ուսումնական նյութեր
Անրի Բարբյուս
«Քնքշություն»
Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»
Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»
Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»
Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Յոթ մահացու մեղքեր. Պաուլո Կոելիոյի վարկածը
Սկիզբը
Հինգերորդ մեղքը` որկրամոլություն
Բառարանը բնորոշում է որպես իգական սեռի գոյական։ Ուտելիքի և խմիչքի չարաշահումն է։ Շատակերությունը:
Ըստ կաթոլիկ եկեղեցու՝ ուտելիքից և խմիչքից հաճույք ստանալու չափից դուրս մեծ ցանկությունը: Առողջության համար վնասակար մթերքներից կախվածություն զգալ չի կարելի: Չի կարելի ուտելիքին չափից շատ մեծ նշանակություն տալ: Թունավորման հանգեցնող անկառավարելի շատակերությունն իսկական անմիտ արարք է և մահացու մեղք:
Պետեր դը Վրիսը կարծում է, որ շատակերությունը վկայում է ներքին խռովքի մասին. ներսից ինչ-որ բան կրծում է մեզ:
“Verba Seniorum” («Նախնիների խոսքը») ժողովածուում պատմվում է: Մի անգամ եղբայրներից մեկի հետ զբոսնող վանահորը հրավիրում են ընթրիքի: Սուրբ հայրերի ներկայությունն իրեն պատիվ համարելով ՝ տանտերը պատվիրում է սեղանին ամենալավ բաները դնել: Այնինչ վանականն այդ ժամանակ պաս էր պահում, և երբ ճաշը բերում են, կանաչու մի ճյուղ վերցրեց ու սկսեց դանդաղ ծամել: Եվ բերանն այլևս ոչինչ չդրեց։
Իսկ ընթրիքի վերջում վանահայրն ասաց նրան.
- Եղբա´յր, երբ հյուր ես գնում, աշխատի´ր, որ քո բարեպաշտությունը վիրավորանքի չվերածվի: Եվ երբ հաջորդ անգամ որոշես պաս պահել, ընթրիքի հրավերք մի´ ընդունի:
Տրյուֆելով սագի լյարդ (բաղադրատոմս): Լյարդը լավ լվանալ, տրյուֆելի հետ կտրտել։ Խոզի ճարպի շատ բարակ կտորների հետ շերտ-շերտ դնել փոքր բարձր կաթսայի մեջ: Մի քիչ աղ ու պղպեղ ավելացնել: Եզրերին խմոր քսելով՝ ամանը հերմետիկ փակել և «ֆուա-գրան» ջրային բաղնիքով դնել ջեռոցը: Հետո վրայից ծանրոց դնել այնպես, որ ստացված զանգվածը միասեռ և պինդ լինի:
Աշխարհում սով է: Զարգացող երկրներում 2030 թվին սովյալների թիվը ներկայիս 777 միլիոն մարդուց պետք է կրճատվի մինչև 440 միլիոն: Սա նշանակում է, որ այդպես էլ չի իրականանա այն նպատակը, որ 1996 թվին Համաշխարհային պարենային կազմակերպությունն էր հռչակել, այն է՝ կրկնակի կրճատել սովյալների թիվը (1990-92թթ տվյալներով` 815 միլիոն մարդ): Հատկապես մտահոգիչ է վիճակը Սև Աֆրիկայի երկրներում, որտեղ խրոնիկ սովյալների թիվը 2030 թվականին այժմյան 194 միլիոն մարդուց իջնելու է ընդամենը մինչև 183 միլիոն: (Աղբյուրը FAO (1)-ի զեկույցն է՝ Համաշխարհային գյուղատնտեսական արտադրություն. 2015 -2030 թթ հեռանկար):
Սոփեստական ավանդությունը պատմում է, թե ինչպես ոմն հացթուխ վաղուց էր ցանկանում ծանոթանալ Ուվայսի հետ, և մի անգամ ահա վերջինս մուրացկանի կերպարով մտնում է նրա փուռը: Սկսում է հաց խնդրել, բայց տերը աքացիներով նրան փողոց է քշում:
- Անմի´տ,- գոչում է սրբի աշակերտներից մեկը:- Մի՞թե չես տեսնում, որ դուրս արեցիր ուսուցչին, ում հետ ուզում էիր ծանոթանալ:
Ամոթահար հացթուխը հարցնում է, թե ինչ կարող է անել, որ ներման արժանանա:
«Կերակրի´ր ինձ և իմ աշակերտներին»,- պատասխանեց Ուվայսը:
Հացթուխը նրանց տարավ ամենալավ խորտկարանը և պատվիրեց ամենաթանկ ուտելիքները:
- Ահա այսպես լավ մարդուն կարող ենք տարբերել վատից,- ասաց Ուվայսն աշակերտներին:- Այս մարդն ընդունակ է 10 ոսկի ծախսելու հայտնի մարդու հյուրասիրության համար, բայց քաղցածին մի կտոր հաց չի մեկնի:
«Դաո Դե Ցզին» գրքում ասված է. «Մի գնդի վրա երեսուն շյուղ է շարվում` անիվ ստեղծելով, բայց անիվի ճիշտ աշխատանքը կախված է ճաղերի միջև եղած դատարկությունից: Կավից անոթներ պատրաստում, բայց դրանց գործածումը կախված է նրանց ներսի դատարկությունից: Դռներ և պատուհաններ են բացում, որ տուն ստեղծեն, բայց տան օգտագործումը կախված է նրա մեջ եղած դատարկությունից: Ահա թե ինչու ինչ-որ բան ունեցողի օգտակարությունը կախված է դատարկությունից:
Վեցերորդ մեղքը` նախանձ
Բառարանը բնորոշում է որպես իգական սեռի գոյական, որ ծառայում է արտահայտելու մի զգացում, որում միանում են կատաղությունն ու զղջումը: Անբարեհաճությունը մեկի բարեկեցության կամ ուրախության հանդեպ: Ինչ-որ բանի, որն ուրիշին է պատկանում, տիրանալու ցանկությունը:
Կաթոլիկ եկեղեցին հաստատում է, որ նախանձը խախտում է տասներորդ պատվիրանը: Առաջին անգամ հիշատակվում է Սուրբ գրքում՝ Կայենի և նրա եղբայր Աբելի դրվագում:
Հին հրեական ավանդությունը պատմում է, թե ինչպես աշակերտը հարցրել է ուսուցիչներին Սուրբ գրքի այն հատվածի մասին, որտեղ ասված է. «Եվ Աստված նայեց Աբելին և նրա ընծային, իսկԿայենին և նրա ընծային չնայեց: Կայենը խիստ տխրեց, և մթնեց նրա դեմքը: Եվ ասաց Աստված Կայենին` ինչո՞ւ տխրեցիր, և ինչի՞ց մթնեց քո դեմքը»:
Րաբբիները նրան պատասխանեցին.
- Աստված պետք է հարցներ Կայենին՝ ինչո՞ւ տխրեցիր: Նրանից, որ մերժեցի քո ընծա՞ն, թե՞ որ ընդունեցի քո եղբոր ընծան:
Լրագրող Զունիր Վենտուրան կարծում է, որ նախանձը «տաշում է», «կրծում», այսինքն՝ ավերիչ ազդեցություն է ունենում: Դրա հետ մեկտեղ պետք է նախանձը դիտարկել որպես մարդուն բնորոշ ռեակցիա: Բոլոր տեսաբանները համակարծիք են, որ նախանձի դեմ պայքարի ամենալավ միջոցը խոստովանելն է, որ նա այս կամ այն չափով բնորոշ է բոլորին և յուրաքանչյուրին:
Գրող Ջովանի Պապինի. «Քեզ ստորացնել ցանկացողներից վրեժխնդիր լինելու ամենալավ ձևը հետևյալն է՝ պետք է ձգտել հասնելու ամենաբարձր կետին: Իսկապես իմաստուն մարդը հայհոյանքից կօգտվի, որ ավելի հստակ բացահայտի իր կերպարը և լույսը փակող ստվերները վերացնի: Եվ այդ ժամանակ նախանձորդը, ինքն էլ չուզենալով, կնպաստի քո կատարելագործմանը»:
Նախանձը և էթիկան։ Գիտնական դոկոտոր Ուիլյամ Շելտոնի կարծիքով նախանձը անհաջողության մատնված և իրականությունից հեռանալ ձգտող, «բարոյական արժեքների», «վեհ նպատակների» և «սոցիական արդարության» վերականգնման ծխե քողի հետևում թաքնված մարդկանց ռեակցիան է: Իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ, երբ կրթական համակարգն ուսանողի մեջ սկսում է հաջողակ մարդկանց բացասաբար վերաբերվելու հնարավորություն ընձեռող պայմաններ զարգացնել՝ ցանկացած հաջողություն բացառապես կոռուպցիայով, ճարպկությամբ և բարոյական նորմերի անտեսմամբ բացատրելով: Քանի որ հաջողության հասնելու ձգտումը ինքնին հատուկ է մարդկային բնույթին, ուսանողները շիզոֆրենիկ ձևով սկսում են ատել հենց այն, ինչը կարող էր հաջողության հանգեցնել: Այդպիսով ուժեղանում է տանջալից անձկությունը և հասարակությունը թարմացնելու և բարելավելու ընդունակությունը պակասում է:
Սատանան և չարքերը։ Չարքերը մի անգամ բողոքում են Մթության իշխանին. «Երկու տարի շարունակ փորձում ենք գայթակղել ճգնավոր անապատականին: Նրան փող ենք առաջարկել, կին ու այն ամենը, որ կա մեր զինանոցում. և ամեն ինչ անօգուտ է»:
- Կարգին աշխատել չեք կարողանում,- պատասխանեց Սատանան:- Նայեք, թե նման դեպքում ինչպես պետք է վարվել:
Եվ նրանք բոլորը թռան քարանձավի մոտ, որտեղ ճգնավորն էր ապրում: Եվ Սատանան նրա ականջին շշնջաց.
- Քո ընկեր Մակարը հենց նոր դարձավ Ալեքսանդրիայի եպիսկոպոսը:
Եվ վանականն անմիջապես սկսեց հայհոյել Աստծուն ու կործանեց իր հոգին:
«Դաո Դե Ցզին» գրքում ասվում է. հին ժամանակներում նրանք, ովքեր գիտնականության ընդունակություն ունեին, մանրագույն և նրբին բաներ գիտեին: Բայց ուրիշներին նրանց խորությունը չէր երևում. նրանք վեհերոտ էին նրանց նման, ովքեր գարնանային բարակ սառույցի վրայով անցնում են գետը, զգույշ, ինչպես այն մարդը, ով հյուր է չափազանց ծիսակատար մի տանտիրոջ, պարզունակ, ինչպես չտաշած փայտը, որին մարդկային ձեռքերը դեռ ինչ-որ ձև չեն տվել:
Ո՞վ կարող է միայն հոգեկան հավասարակշռությամբ աստիճանաբար մաքրել ամենը, ինչ մաքուր չէ: Ո՞վ կարող է անդորրի հասնել և միշտ մնալ: Ով հետևում է կատարելության ուղիերին, ոչ մի բանով չի ցանկանում լցվել:
Յոթերորդ մեղքը` ծուլություն
Բառարանը բնորոշում է որպես իգական սեռի գոյական: Աշխատանքի հանդեպ զզվանքն է, աշխատել չցանկանալը, անփութությունը, ալարկոտությունը:
Կաթոլիկ եկեղեցին հաստատում է, որ բոլոր կենդանի արարածները պարտավոր են իրենց քրտինքով վաստակել իրենց հացը` ընդ որում չմտածելով արագ և երաշխավորված արդյունքների մասին: Ծուլությունը, որպես ֆիզիկական և հոգևոր ջանքի բացակայություն, ապականում է հոգին և հանգեցնում ունայնության ու տխրության:
Լեգենդը պատմում է, որ Ժուանը մեռնում է ու հայտնվում մի գեղեցիկ վայրում, որտեղ ամեն ինչ ազատ է, հարմար և հենց այնպես, ինչպես ինքը միշտ երազել է: Սպիտակ զգեստով մեկը մոտեցել է նրան և ասել. «Դու իրավունք ունես պահանջելու ինչ ուզում ես` ցանկացած զվարճանք, հաճույք, համեղ ուտելիք»:
Ուրախացած Ժուանը սկսում է ապրել այնպես, ինչպես միշտ երազել էր: Իսկ մի շատ տարներ անց նա դիմում է սպիտակ շորերով մարդուն.
- Արդեն հագեցել եմ այն ամենից, ինչ ուզում էի: Այժմ ինձ աշխատանք է պետք, որ ինձ օգտակար զգամ:
- Շատ եմ ցավում,- պատասխանում է նա,- բայց դա միակ բանն է, որ չեմ կարող տալ: Այստեղ աշխատանք չկա:
- Ինչպե՞ս թե: Հար ու հավետ դատապարտված եմ ձանձրույթից տանջվելո՞ւ: Ոչ, դժոխք ընկնելը հազար անգամ ավելի լավ կլիներ:
Սպիտակ հագած էակը մոտենում է և հազիվ լսելի հարցնում.
- Իսկ քո կարծիքով դու որտե՞ղ ես:
Ուինի Ալբերտը հարցնում է` արդյոք կարո՞ղ է հասարակությունը գոյատևել, եթե ավելի ու ավելի է հրապուրվում սառեցված մթերքներով, ակնթարթային լուսանկարներով, կարտոֆիլի պյուրեով, արագ ընթերցանությամբ և էլեկտրոնային հաշվիչներով:
Ծուլության սոցիոլոգիան։ Ե՛վ նա, ով ջանասիրաբար աշխատում է, և՛ նա, ով աշխատանքից խուսափում է, նույն կերպ են վարվում՝ աշխատում են հեռու մնալ մարդկային կյանքին հատուկ խնդիրներից, չմտածել իրականության և պատասխանատվության մասին, առանց որի նորմալ կյանք հնարավոր չէ: (Աղբյուրը` Ստիպողական աշխատանք, Օքսֆորդ, 2001)
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ ծուլությունն ավանդաբար համարվում է հոգու արթնացմանը խոչընդոտող հիմնական գործոններից մեկը: Ծուլությունը դրսևորվում է երեք ձևով՝ նախկին տեղում, որտեղ հարմար ու լավ է մեզ համար, միշտ մնալու ցանկություն. կա սրտի ծուլություն, երբ ունայնության մեջ ենք ընկնում և տանջվում խթանի բացակայությունից: Եվ վերջապես կա մորմոքի ծուլություն, երբ ամեն ինչ մեզ համար մեկ է, և այլևս այս աշխարհին չենք պատկանում:
«Դաո Դե Ցզին» գրքում ասվում է. ճանապարհով գնացող մարդը հարմարվում է ճանապարհին: Բարեգործությամբ ապրող մարդը հարմարվում է բարեգործությանը: Ինչ-որ բան կորցրած մարդը հարմարվում է կորստին: Ճանապարհն ուրախ է ընդունում նրան, ով հարմարվել է ճանապարհին: Բարեգործությունը՝ նրան, ով ապրում էր բարեգործությամբ: Ով հաշտվում է կորկորստի հետ, նրան ընդունում է Կորուստը:
Սովորել ենք ինքներս մեզ հարցնելու. «Որտեղի՞ց է ներշնչանքը: Որտե՞ղ է թաքնվում ապրելու ուրախությունը»: Ամբողջ անցյալ տարվա ընթացքում ջանացել ենք դուրս գալ սեփական շրջանակներից, տեղաշարժել հորիզոնները, ապահովել ենք մեր ընտանիքները, աշխատել ենք ողջ ուժով, բայց միևնույն է, չենք հասել նրան, ինչին ձգտել ենք: Լույսի Զինվորը գիտակցում է, որ հոգու զարթոնքը երկար ընթացք է, որ նպատակին հասնելու համար պետք է հավասարակշռության բերել հայեցողությունն ու գործողությունը: Այո, գուցե ամեն ինչ ճիշտ ենք արել, իսկ արդյունքն այդպես էլ չի երևում: Այնուամենայնիվ, ես համոզված եմ՝ արդյունք կա: Եվ անպայման դա կերևա, եթե միայն հետ չկանգնենք մեր անելիքից, հետ չշրջվենք:
1) FAO (անգլ.)՝ ՄԱԿ-ի պարենային և գյուղատրտեսական կազմակերպություն (ծանոթ.՝ խմբագրի)
Ռուսերենից թարգմանեց Մարինե Ամիրջանյանը
|