«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 23

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան,
Հայկազ Մարգարյան
«Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը քաղաքակրթական բախումների և երկխոսության համատեքստում»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (շփման ուժ)

Մեթոդական մշակումներ

Ով է առաջնորդը

Եթե ծաղրածուի դեր է, արդեն ծիծաղելի  չէ

Ուսումնական նյութեր

Անրի Բարբյուս
«Քնքշություն»


Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Երբ բացում են դասագիրքը... և փակում սովորելու ցանկությունը»


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Հեգել

Գիմնազիայի տնօրենի ճառերը
(հատվածներ)

Սկիզբը

Այդ տարանջատման և սահմանափակման շնորհիվ նա (իմա`հին լեզուների ուսումնասիրությունը. Ա. Տ.) իր իրական տեղն ու ավելի ազատ և ավելի լիարժեք զարգանալու հնարավորություն ստացավ: Բնահատուկ համակարգի ազատության և ուժի անեղծ հատկանիշն այն է, որ այնտեղ պարփակվող տարբեր կողմերն ինքնախորանում են, դառնում ինքնուրույն, յուրաքանչյուրն առանց նախանձի և սարսափի անում է իր գործը, տեսնում մյուսների հաջողությունները, ընդ որում նրանք բոլորն ընդամենը մի մեծ ամբողջության մասերն են:

Միայն այն, ինչն իր առանձնության մեջ հանգում է իր սկզբունքի կատարելությանը, դառնում է հետևողական ամբողջական, այսինքն՝ նրանից ստացվում է ինչ-որ որոշակի բան. վերջինս խորություն և բազմակողմանիության գործուն հնարավորություն է ձեռք բերում: Միակողմանիության անհանգստությունն ու վախը չափազանց հաճախ հատկանիշն են թուլության, որը միայն բազմակողմանի անհետևողական մակերեսայնության է ընդունակ:

Եվ եթե հիմա, ինչպես նախկինում, հին լեզուների ուսումնասիրությունը մնում է գիտական կրթության հիմքը, ապա ներկա սահմանափակման պայմաններում նույնպես կարևոր գործառույթ ունի: Որևէ ժողովրդի մշակույթը, արվեստը և գիտությունը ոտքի կանգնեցնելը, անկասկած, արդար պահանջ է: Ինչ վերաբերում է նոր աշխարհի կրթությանը, մեր լուսավորությանը, բոլոր արվեստների և գիտությունների հաջողություններին, կարո՞ղ ենք արդյոք հաշվի չառնել, որ այլևս նրանց հագով չեն Հունաստանի ու Հռոմի մանկական կոշիկները, շատ մեծ են արդեն նախկին սատարման համար և կարող են սեփական հիմքի վրա հենվել: Թող որ հների ստեղծագործություններում միշտ կմնա մեծ թե փոքր արժեք, բայց հարկ է, որ նրանք անցնեին հուշերի, գիտության տոնական արժանիքների ոլորտը, միայն պատմականի դասին դասվեին, որը կարելի է ընդունել կամ չընդունել, բայց որն ինքնին չի կարող մեր ոգու ավելի բարձր կացության հիմքն ու ակունքը կազմել:

Սակայն եթե ընդունենք, որ ընդհանրապես կատարյալից պետք է ելնել, ապա  ավելի բարձր կրթության համար առավելապես հույների գրականությունը պետք է հիմք լինի ու մնա և հետո հռոմեացիների: Այդ գլուխգործոցների կատարելությունն ու շքեղությունը պետք է հոգուն ճաշակի ու գիտության առաջին ու հավերժ մնայուն հիմնական երագներն ու գույները տվող հոգևոր մկրտության ավազան, աշխարհիկ կնունք դառնան: Այդպիսի ընծայնման համար անբավարար է հների հետ ընդհանուր արտաքին ծանոթությունը, պետք է համամարմնավորվենք նրանց հետ, ընկալենք նրանց օդը, նրանց պատկերացումները, նրանց բարքերը և նույնիսկ, եթե հաճո է, նրանց մոլորություններն ու նախապաշարմունքները, այդ աշխարհում զգանք ինչպես տանը՝ մեր եղած տներից լավագույնում: Եթե առաջին դրախտը մարդկային բնույթի դրախտն էր, ապա սա`երկրորդը, մարդկային ոգու, որն իր հիասքանչ բնականությամբ, ազատությամբ, խորությամբ և կենսուրախությամբ ներկայանում է, ինչպես հարսնացուն իր լուսասենյակից: Հորիզոնում նրա հայտնվելու առաջին մոլեգին պերճությունը ձևի թովչանքով է հաղորդված և գեղեցկությամբ սանձահարված. նրա խորությունը ոչ թե խրթինությունը,վհատությունը կամ ամբարտավանությունն է, այլ անբռնազբոս պարզությունը, նրա զվարթությունը  մանկական խաղ չէ, այն ծավալվում է թախծի վրա, գիտի ճակատագրի ծանրությունը, բայց դրանից դուրս չի մղվում ճակատագրից վեր ազատ ճախրանքից և չափի իմացությունից: Ինձ թվում է, որ ես շատ չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ նա, ով չի իմացել հների ստեղծագործությունները, գեղեցիկը չճանաչելով է ապրել:

Եվ, ահա, կրթության այս տարրում, շնորհիվ նրա, որ ներծծել  ենք հին մշակույթը, ոչ միայն հոգու բոլոր ուժերն են շարժման մեջ դրվում, զարգանում և վարժվում, այլև հենց ինքը (իմա`հին մշակույթը. Ա.Տ.) ներկայանում է որպես յուրօրինակ նյութ, որի շնորհիվ հարստանում ենք և մեզ համար լավագույն սուբստանցիա (անփոփոխ էություն. Ա. Տ) նախապատրաստում:

Ինչպես ասվել է, ոգու գործունեությունը կարող է ցանկացած նյութով մարզվել, և ամենանպատակահարմարը համարվել են մասամբ արտաքուստ օգտակար, մասամբ զգայական առարկաները, որոնք պատանեկան և մանկական տարիքի համար ըստ էության ամենահարմարն են, քանի որ վերաբերում են ինքնին այդ տարիքին հատուկ պատկերացումների շրջանակին և տեսակին:

Եթե նույնիսկ վարժանքն առանձնացված է իրեն վերաբերող առարկաների շրջանակից, եթե նույնիսկ չի կապվում այդ շրջանակին (ինչպես հնարավոր է, որ ողջ ձևականն է զատված մատերիայից, իսկ հնարավոր է, որ դա այդպես չէ), ապա չէ՞ որ խոսքը բնավ միայն վարժանքի մասին չէ: Ինչպես բույսն է լույսով ու օդով ոչ թե պարզապես վերարտադրության իր ուժերը վարժում, այլև միաժամանակ այդ գործընթացում սնունդ ներծծում, այնպես էլ նյութը, որով բանականությունն ու ընդհանրապես հոգու ունակություններն են զարգանում ու վարժվում, միաժամանակ այդպիսի սնունդ պետք է լինի: Դա այն, այսպես կոչված օգտակար, զգայական նյութը չէ, որն անմիջականորեն պորտալարից է տրվում երեխայի պատկերացումների շրջանակ. միայն ինքնին արժեք ու նշանակություն ունեցող հոգևոր բովանդակությունն է ամրացնում հոգին և այնպիսի անմիջական հենարան ստեղծում, այնպիսի սուբստանցիալ միջուկ, որը ոգու ինքնատիրապետման, ողջամտության, ոգու ներկայության և արթնության մայրն է, դա իրենով սնուցված հոգին ինքնուրույն արժեք, բացարձակ նպատակ ունեցող էության է վերածում, միայն դա է կազմում հանընդհանուր պիտանիության հիմքը, և բոլոր դասերում դա պետք է ամբարել: Մի՞թե վերջին ժամանակներս չենք տեսել նույնիսկ ամբողջ պետություններ, որոնք ուշադրություն չեն դարձրել և քամահրել են իրենց հպատակների հոգիներում այդպիսի ներքին հիմք ստեղծելու և զարգացնելու անհրաժեշտությունը, նրանց դեպի զուտ օգտակարություն են ուղղորդել, իսկ հոգևորը համարել են միայն միջոց.  հենարան չունենալով՝ նրանք փլուզման վտանգի առջև են՝ իրենց բազում օգտակար կարողություններով հանդերձ:

Եվ, ահա, ամենաընտիր սնուցող նյութը ամենաընտիր ձևով`ոսկե խնձորները արծաթե սկահներում, հների ստեղծագործություններում անհամեմատ ավելի մեծ չափով է պարունակվում, քան որևէ ժամանակի և ազգի ցանկացած այլ ստեղծագործություններում: Բավական է հիշեցնեմ միայն նրանց մտածելակերպի վեհության, բարոյական որևէ երկիմաստությունից ազատ գեղակերպ առաքինության և հայրենասիրության մասին, նրանց գործերի ու բնավորությունների վսեմության, ճակատագրերի, սովորույթների և ոգու հակվածության բազմակերպության մասին, որպեսզի արդարացնեմ այն պնդումը, որ կրթության ոչ մի նյութում այդքան շատ հրաշալիություն, արտասովորություն, յուրօրինակություն, բազմակողմանիություն և ուսանելիություն միավորված չէ:
Մինչդեռ այդ հարստությունը կապված է լեզվի հետ, և միայն նրա շնորհիվ ու նրանով կարող ենք հասու լինել դրան (իմա`հների ստեղծագործությունների հարստությանը. Ա. Տ.)՝ իր ողջ յուրատեսակությամբ: Թարգմանությունները բովանդակությունն են հաղորդում, բայց ոչ ձևը, ոչ նրա նրբագույն հոգին: Նրանք արհեստական վարդի նման են, որ ձևով, գույնով, գուցե նաև հոտով կարող են բնականի նման լինել, բայց չունեն իսկականի հաճելիությունը, նրբությունը և քնքշությունը: Եվ ընդհանրապես ընդօրինակության պաճուճագեղությունն ու նրբագեղությունը միայն իրեն են հատուկ, և նրանում իրեն զգալ է տալիս բովանդակության և այդ բովանդակության հետ միասին չաճած ձևի հակադրությունը: Լեզուն երաժշտական տարերք է, թարգմանություններում անհետացող սրտառուչության տարերք, նուրբ բույր է, որի շնորհիվ կարելի է վայելել հոգու համակրանքը, և առանց նրա ստեղծագործությունը նույնն է, ինչ որակը կորցրած հռենոսյան գինին:

Այդ հանգամանքը հների լեզուները հիմնավորապես ուսումնասիրելու, դրանց տիրապետելու ծանր թվացող անհրաժեշտություն է պարտադրում մեզ, որպեսզի ստեղծագործություններն իրենց բոլոր կողմերի և առավելությունների հնարավոր ամբողջությամբ վայելելու հնարավորություն ունենանք: Եվ եթե սկսեինք տրտնջալ այն ջանքերի համար, որ անհրաժեշտ է գործադրել այդ (իմա`հների լեզուները սովորելու. Ա. Տ.) նպատակով, վախենալ կամ զղջալ, որ այդ պատճառով ստիպված ենք հետին պլանում թողնել այլ գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը, ապա պետք է գանգատվեինք ճակատագրից, որն այդ դասական ստեղծագործությունները մեզ մեր մայրենի լեզվով չի տվել, որը դժվարին ճանապարհորդությունը դեպի հին աշխարհ ավելորդ կդարձներ և այդ արժեքներին փոխարինող կտար մեզ:

Կրթության նյութի մասին ասվածից հետո կցանկանայի ևս մի քանի բառ ասել այդ նյութի բնույթում պարունակվող ձևականի մասին:

Բանն այն է, որ կրթության առաջընթացը չի կարելի դիտարկել որպես բնականոն ավելացում մի շղթայի, որում հաջորդ օղակները նախորդներին միացված են վերջիններիս հաշվառմամբ, բայց պատրաստված են այլ նյութից, ընդ որում հաջորդ աշխատանքը չի հակասում նախորդին: Իսկ կրթությունը պետք է ունենա նախկին նյութն ու առարկան, որի վրա աշխատում է, այն փոփոխում ու վերստին կազմավորում:

 Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.