Սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումը հանրակրթական դպրոցներում

Այլոց փորձի ուսումնասիրում

ԱՄՆ կրթության դեպարտամենտի պաշտոնական կայքի հաճախ տրվող հարցերի բաժնում մի այսպիսի հարց կա. «Ասում են, որ թեստային քննությունները հարկադրում են ուսուցիչներին, որ նրանք դասաժամերի ընթացքում սովորողներին նախապատրաստեն թեստերին: Դա ճի՞շտ է»:
Պատասխան. «Դասարանում պետք է ուսուցանել պետական չափորոշիչների վրա հիմնված առարկայական ծրագրով: Եթե ուսուցիչները չափորոշիչներով որոշված նյութը լավ ուսուցանեն, ապա սովորողները կյուրացնեն այն նյութը, որով իրենց քննելու են, և միգուցե ավելին կիմանան: Այդ դեպքում սովորողները քննությունը լավ հանձնելու համար կարիք չեն ունենա հատուկ թեստային նախապատրաստության»:

Որքա՜ն ազնիվ է այս պատասխանը: Ըստ ԱՄՆ հանրակրթական դպրոցների կրթական կարգի՝ երրորդ դասարանից մինչև 8-րդ դասարանը ներառյալ սովորողները ամեն տարի պարտադիր արտաքին ամփոփիչ (summative) քննություն են հանձնում անգլերենից և մաթեմատիկայից: Ոչ մի ծնող, ոչ մի աշակերտ, ոչ մի ուսուցիչ և առավել ևս՝ կրթության բնագավառի ոչ մի ղեկավար անձ չի բողոքում այս կարգի դեմ, որովհետև ազնիվ են իրենց կյանքով ու աշխատանքով. թեստային պահանջները համապատասխանում են չափորոշիչներին և ամենօրյա ուսուցմանը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների լրագրողների միության՝ կրթական թեմաներով փոխտնօրեն Էրիկ Ռոբելենը իր «Թեստային քննությունը և դրան նախապատրաստվելը. որքա՞ն շատն է չափազանց» (Testing and Test Prep: How Much is Too Much?) հոդվածում գրում է, որ ուսուցիչները ուստարվա ընթացքում միջին հաշվով 14 օր ծախսում են նահանգային և 12 օր՝ շրջանային պարտադիր արտաքին քննություններին սովորողներին նախապատրաստելու համար: Այդ օրերի ընթացքում ուսուցիչները սովորողներին թեստային քննություններ հանձնելու ռազմավարությունն են սովորեցնում: Այդուհանդերձ, երկրում հաստատված կրթական կարգից չեն դժգոհում, ու բողոքողներ էլ չկան, քանի որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու սովորողները, կրթության շրջանային, նահանգային համակարգողները և երկրի կրթության դեպարտամենտը ազնվությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում հաստատված կարգին. ուսուցումը, քննական թեստերը համապատասխանում են ընդունված չափորոշիչներին: Մոտավորապես նույն կրթական կարգն է գործում նաև շատ այլ երկրներում: Այո, դաժան է, բայց ազնիվ է: Այն ինձ հիշեցնում է հայկական ժողովրդական հնագույն Լախտի խաղը, որը ցավոտ է, բայց ոչ ոք չի տրտնջում. դու համաձայնել ես խաղի կանոնններին, ու ամեն ինչ ազնիվ է:

Այդուհանդերձ, այնպիսի առաջադեմ մանկավարժներ, ինչպիսիք են Քեն Ռոբինզոնը, Ջոն Հոլտը, Ջոն Թեյլոր Գատոն և Լուիս Փոլ Բենեզեթը այլընտրանքային մոտեցում են ունեցել ԱՄՆ կրթական համակարգին: Օրինակ՝ Ջոն Հոլթը կրթության իսկական բարեփոխումը տեսնում էր տնային կրթության մեջ՝ կրթության ապադպրոցականացման մեջ: Ջոն Թեյլոր Գատոյի «Միացյալ Նահանգների բթացումը. պարտադիր դպրոցական կրթության թաքցրած ծրագիրը» (Dumbing US down: The Hidden Curriculum of Compulsory Schooling) 1992-ին գրած գրքի 200000 օրինակը արագ վաճառվեց, և այն շարունակվում է վերահրատարակվել: Գիրքը ցույց է տալիս, թե որքան մեծ է դպրոցի բացասական ազդեցությունը երեխայի կրթության գործում: Լուիս Փոլ Բենեզեթը մաթեմատիկայի ուսուցման նոր հեղափոխական առաջարկություններ և գործնական քայլեր է կատարել ԱՄՆ կրտսեր և միջին դպրոցներում 1929-1932թթ: ԱՄՆ ժամանակակից մանկավարժ Քեն Ռոբինզոնը իր հրապարակային ելույթներում, հոդվածներում անընդհատ պայքարում է ամերիկյան դպրոցներում երեխաների ստեղծականությունը սպանողների դեմ: Բայց և այնպես, պետական կրթական համակարգը չափազանց դժվարաշարժ-ծանր մեքենա է, չի փոխում կրթության կազմակերպման ձևերն ու գնահատման գործիքները, քանի որ դրանք հարմարեցված են այն ծրագրին և առաքելությանը, որին ծառայում է։

Հանրակրթության ձեռքբերումների միջազգային գնահատման ծրագրով (PISA) երեք տարին մեկ անցկացվող մրցույթների արդյունքներից պարզ է դառնում, որ սովորաբար առաջին և միջին տեղեր են զբաղեցնում այն երկրները, որտեղ վերը նշված կրթական կարգն ամենախիստ ձևով է իրականացվում՝ Չինաստան, Հոնկոնգ, Ճապոնիա, Կորեա, Սինգապուր (վերջերս այս երկրում կրթական այլ զարգացումներ են ընթանում), ԱՄՆ, Էստոնիա, Շվեյցարիա, Լեհաստան, Նիդերլանդներ…: ԱՄՆ-ը գրեթե միշտ միջին տեղերն է զբաղեցրել:

Նշված ցուցակում միտումնավոր կերպով չներառեցի միշտ պատվավոր առաջին տասնյակում իր տեղը զբաղեցնող Ֆինլանդիան՝ մի երկիր, որտեղ 1980-ականների կրթական հեղափոխությամբ լիովին ապակենտրոնացվեց կրթության կառավարումը՝ ուսուցչին տալով գործելու ազատություն, ցուցաբերոլով նրա նկատմամբ լիակատար վստահություն, և միևնույն ժամանակ, հոգատարությամբ, ու մեծագույն հարգանքով մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուր սովորողի անձին՝ նրա անհատականությանը: Այս առումով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հեղինակային, այլընտրանքային մանկավարժական մոտեցումներով որոշակի ընդհանրություններ ունի Ֆինլանդիայի կրթական համակարգի հետ: Ֆինլանդիայում մինչև երեխայի 3 տարեկան դառնալը ծնողներից մեկին աշխատավարձ են տալիս, որպեսզի նա ոչ մի այլ տեղ չաշխատի և միայն երեխայի խնամքով զբաղվի: Մեր կրթահամալիրում հնարավորություն է տրվում մայրերին մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, ցանկության դեպքում, շարունակել մանկավարժական աշխատանքը մեդիայի օգնությամբ՝ իր երեխայի զարգացմանը վերաբերող դիտարկումներով, հոդվածներով, թարգմանություններով, հեռավար այլ աշխատանքով:

2015 թվականին աշխարհն սկսեց խոսել այն մասին, որ Ֆինլանդիայում հենց առաջին դասարանում երեխաներին սկսում են սովորեցնել տառերը և համակարգչային մուտքագրում: Նույն մոտեցումը մեր կրթահամալիրում սկսվել է իրագործվել ավելի վաղ: Ֆինլանդիայում երեխային դպրոց ընդունելիս նրա գիտելիքները, մտավոր կարողությունները ախտորոշիչ թեստերով չեն քննում, ինչպես անում են, օրինակ, Ամերիկայում և մեր հանրապետության շատ դպրոցներում: Մեր կրթահամալիրում կրթությունը նույնպես ներառական է: Սովորողները չեն տեսակավորվում ըստ իրենց մտավոր կարողությունների: Մեր կրտսեր դպրոցներում սովորողներին չեն գնահատում մինչև երրորդ դասարանը ներառյալ, իսկ 4-5-րդ դասարաններում, Միջին և Ավագ դպրոցներում սովորողները ամենօրյա ընթացիկ գնահատականներ չեն ստանում: Նրանք գնահատվում են ըստ ստեղծական և հետազոտական մոտեցում պահանջող նախագծային աշխատանքների, որոնց արդյունքները երևում են ուսումնական բլոգներում: Այլ հարց է, թե ինչ հաջողությամբ են դա իրականացնում բոլոր դասավանդողները և սովորողները:

Ֆինլանդիայում սովորողներն ընդհանրապես թվանշաններով չեն գնահատվում: Ուսուցիչները նախընտրում են գիտելիքների և կարողությունների ձևաչափական ստուգումները (Formative testing), որոնց հիմնական նպատակն է պարզել, թե որքան լավ են սովորողները յուրացնում ծրագրային նյութը: Ուսուցիչն իր մոտ մոտավորապես այսպիսի նշումներ է անում յուրաքանչյուր սովորողի անվան դիմաց. «լավ է, կարիք ունի լրացուցիչ վարժանքի, թեմայի N կետի բացատրության կարիքն ունի…»: Այդ նշումներն ուսուցիչը գաղտնի է պահում. ցույց չի տալիս դրանք ո՛չ սովորողին, ո՛չ նրա ծնողին և ո՛չ էլ դպրոցի տնօրենին: Այդ նշումները յուրաքանչյուր սովորողի հետ անհատական աշխատանք անելու համար են:

Ֆինն ուսուցիչները սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգման համար հաճախ են դիմում նաև ինքնագնահատման մեխանիզմին: Գնահատման այս ձևն օգտագործվում է նաև մեր կրթահամալիրում: Ոչ մի ֆինն սովորող վատ չի զգում այն բանից, որ ուշ է հասկանում մի որևէ լեզվական, մաթեմատիկական կամ բնագիտական երևույթ, նույն կերպ էլ՝ ոչ մի սովորող չի ունենում հպարտանալու զգացողություն այն բանի համար, որ բոլորից շուտ է հասկանում այդ երևույթները: Չի ստեղծվում արհեստական մրցակցություն: Ֆինլանդիայի դպրոցների պատերին չկան գերազանցիկների լուսանկարներով ցուցանակներ: Մեր կրթահամալիրում նույնպես չի կարևորվում գերազանցիկությունը՝ շնորհիվ անհատական ուսումնական պլանների և ընտրությամբ գործունեության:

Ֆինլանդիայում հանրակրթական դպրոցի սովորողն առաջին անգամ պետական քննություն է հանձնում հիմնական դպրոցը ավարտելիս՝ 16 տարեկանում, սակայն այդ առաջին քննությունը սթրեսային չէ ո՛չ սովորողների, ո՛չ ուսուցիչների և ո՛չ էլ՝ ծնողների համար: Ինչո՞ւ: Պատասխանը որքան կարճ է, նույնքան էլ՝ պարզ: Պետությունը իր կրթական համակարգով յուրաքանչյուր սովորողի գիտելիքների և կարողությունների երաշխավորն է: Ինչպե՞ս:

Հիմնական դպրոցի յուրաքանչյուր սովորողի վրա պետությունը ծախսում է տարեկան $ 7200: Հիմնական դպրոցում ուսումնառության բոլոր տարիներին սովորողներին ամեն օր երեքանգամյա սնունդ են տալիս, որի համար ծնողները չեն վճարում, և բոլոր սովորողներն անխտիր մնում են երկարօրյա ռեժիմում, որի համար ծնողները նույնպես ոչինչ չեն վճարում: Դասերից հետո սովորողներն ըստ իրենց նախասիրությունների մասնակցում են մարզական, երաժշտական կամ այլ ակումբների պարապմունքներին, խաղերին: Ժամանակ է տրամադրվում նաև կատարելու ուսուցիչների հանձնարարությունները, որոնք չեն կոչվում տնային հանձնարարություններ, քանի որ դրանք դպրոցում են արվում մինչև երկարօրյայի վերջը, մանկավարժ-մասնագետի հսկողությամբ: Սովորողները տուն են գնում՝ իրենց հանձնարարությունները կատարած ու նոր թեման հասկացած, իսկ հաջորդ օրը դպրոց են գալիս նույն անհոգ ուրախությամբ: Ուսուցիչներն իրենց օրագրերում կանոնավոր կերպով խոսքով (վերբալ) գնահատում են յուրաքանչյուր սովորողի առաջադիմությունը՝ ըստ առարկայական ծրագրի: Թվանշային գնահատականներ չեն դրվում:

Հիմնական դպրոցն ավարտելիս սովորողներն ամփոփիչ քննություն են հանձնում իրենց հիմնական ուսուցչի կազմած թեստերով: Հենց սովորողների ուսուցիչներն էլ հանձնում են հիմնական դպրոցի ավարտական վկայականները: Այս երկրում $ 5000 աշխատավարձ ստացող ուսուցչի հեղինակությունը բարձր է և նրան վստահում են մինչև վերջ: Քննության արդյունքները չեն հրապարակվում: Յուրաքանչյուր սովորող իմանում է միայն իր արդյունքի մասին, որն իր համար անակնկալ չէ՝ շնորհիվ ինքնագնահատման մեխանիզմի պարբերական գործադրման:

Քննության արդյունքների հիման վրա սովորողների մոտ 60%-ը շարունակում է իր ուսումը ավագ դպրոցում, որից հետո ճանապարհ է բացվում դեպի համալսարանները, իսկ 40 %-ը շարունակում է իր կրթությունը արհեստագործական ուսումնարանում: Ավագ դպրոցն ավարտելիս սովորողներն առաջին անգամ արտաքին քննություն են հանձնում: Քննությունը կազմակերպում է կրթության նախարարությունը և կոչվում է ազգային ավարտական քննություն (National Matriculation Examination): Սովորողները քննություն են հանձնում հետևյալ 4 առարկաներից՝ 1. պարտադիր մայրենի լեզու, որն ունի նաև ինքնուրույն տեքստ շարադրելու առաջադրանք 2. սովորողի ընտրությամբ հետևյալ 4 ուսումնական առարկաներից երեքը՝ երկրորդ ազգային լեզու (ֆիններեն՝ շվեդական ծագում ունեցողների համար, և շվեդերեն՝ ֆիննական ծագում ունեցողների համար), օտար լեզու, մաթեմատիկա կամ բնագիտական որևէ առարկա, հումանիտար առարկաներից մեկը: Լեզուների և մաթեմատիկայի համար կա թեստերի 2 տարբերակ՝ հիմնական (basic), համեմատաբար հեշտ առաջադրանքներով, և ավելի բարձր (advanced), որն ավելի բարդ առաջադրանքներ ունի: Օտար լեզվի քննությունը ներառում է գրելու կարողությունը, կարդալով և լսելով հասկանալու կարողությունները: Համալսարաններն իրենք են կազմակերպում իրենց ընդունելության քննությունները՝ հաշվի առնելով ավարտական քննությունների գնահատականները:

Այն սովորողները, որոնք 9-րդ դասարանից հետո ընտրում են արհեստագործական ուսումը, ազգային ավարտական քննությունը չեն հանձնում, բայց իրավասու են դիմելու համալսարան՝ արհեստագործական ուսումնարանը ավարտելուց հետո:

Տրամաբանական ու եզրահանգող հարց ՀՀ ԿԳ նախարարությանը։
Կարո՞ղ եք այժմյան իններորդցիների գիտելիքների և կարողությունների երաշխավորը լինել 2019-ի մայիսին: Եթե այո, ապա ի՞նչ տրամաբանությամբ:

Տրամաբանական չէ հենց այս ուսումնական տարվա վերջին անաչառ քննություն անցկացնելը: Իններորդցիները պաշտոնական դիրքերը չարաշահած պաշտոնյաներ չեն, որ բռնացվեն, ու նրանց ուսուցիչներն էլ պարսավանքի ենթարկվեն: Ձեր լեզվով ասած՝ քա՛յլ արեք, առանց ցնցումների, հոգատար հետևողականությամբ բարեփոխեք մեր կրթական համակարգը: Կա այլ երկրների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջադեմ մանկավարժական փորձը:

Օգտագործված տեղեկություն համացանցից

  1. Educational website for reporters, parents and community members -“The Glossary of education reform
  2. Glossary of Education – Standerdized Tests
  3. US Department of Education Frequently asked questions
  4. https://www2.ed.gov/nclb/accountability/ayp/testing-faq.html#4
  5. Kinds of Exams
  6. Testing and Test Prep: How Much is Too Much?
  7. Education in Finland
  8. Matriculation Examination in Finland
  9. Finnish National Agency of Education – Organization of Education
  10. Սինգապուրում երեխաներն այլևս քննության արդյունքներով չեն գնահատվի
  11. Յուրա Գանջալյան, Գնահատե՞լ, թե՞…
  12. Այլոց փորձի ուսումնասիրում, Անընդհատ սերտել ու անընդհատ քննությո՞ւն տալ
  13. Յուրա Գանջալյան, Ավարտական քննությունը պետք է արտահայտի չափորոշչային կարողությունները
  14. Սուսան Մարկոսյան, Նորից նույն թեմայով

Լուսանկարը՝ Լիլիթ Յախինյանի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский