Ինքնակրթությունը՝ ինքնավստահության աղբյուր

Վերջերս համացանցում մի տեքստ էի կարդում, ինձ հատկապես դուր եկավ հետևյալ միտքը. «Եթե այգեպանը շարունակաբար հետևում և մշակում է իր ծառը, ապա նա հետագայում առատ բերք է ստանում: Նույն կերպ, եթե դու մշտապես հետևում և զարգացնում ես քո սեփական արդյունավետությունը, ապա ապագայում ունենում ես բազմաթիվ առավելություններ»:

Շատ գեղեցիկ համեմատություն էր: Այո, եթե ուզում ես ինքնավստահ լինել,
հաստատուն քայլերով առաջ քայլել, ապա երբեք չպետք է դադարես սովորել, երբեք
չպետք է բավարարվես նրանով, ինչ ունես, պետք է անընդհատ ավելացնես գիտելիքներիդ, հմտություններիդ ու կարողություններիդ պաշարը:
Մայր և ուսուցիչ լինելն ինձ պարտավորեցնում է, ինչու՞ ոչ, որոշ դեպքերում նաև պարտադրում, որ ես չմոռանամ իմ զարգացման մասին: Իմ դեպքում գուցե ավելի հեշտ է այդ ուղուց չշեղվելը, քանի որ երեք բալիկների մայր եմ և աշխատում եմ մի միջավայրում, որտեղ չսովորել նշանակում է չապրել:
Քայլել, վազել, ցատկել, գլուխկոնծի տալ, հեծանիվ վարել, լողալ,բարձունք հաղթահարել, շատ ու շատ նման գործունեությունների արդյունքում կարողանում եմ ֆիզիկական ակտիվությունս պահպանել, իսկ մտավոր պաշարը փորձում եմ զարգացնել կարդալով, թարգմանչական աշխատանքներ կատարելով:
Կրթահամալիրում աշխատանքային առօրյան միշտ հագեցած է, ինքնակրթության հնարավորություններն՝ անսպառ: Ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ հասկացա, որ ամենօրյա ինքնազարգացման հնարավորությունները պակասել են, ուստի տիար Գևորգի առաջարկը՝ զբաղվել մաթեմատիկական հոդվածների թարգմանությամբ, փրկօղակ էր այդ իրավիճակում:
«Մաթեմատիկա» և «թարգմանել», ահա այն երկու, կարելի է ասել, բանալի բառերը, որոնց հետ կապված ցանկացած աշխատանք ինձ ոգևորում է, իսկ դրանց համատեղությունն իդեալական տարբերակ է:
Հեքիաթներ, առակներ, փոքրիկ տեղեկատվական նյութեր շատ էի թարգմանել, բայց ոչ ավելին: Այդ պատճառով, երբ առաջարկվեց Իգոր Առնոլդի «Թվերի ընտրության և թվաբանական խնդիրների կազմության սկզբունքները» հոդվածները թարգմանել, սիրով ստանձնեցի: Առաջին փորձությունը, կարծում եմ՝ պատվով հաղթահարեցի, քանի որ դրան հետևեց հաջորդը՝ Այզեկ Ազիմովի «Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա» աշխատությունը թարգմանելու առաջարկը:

Երբ ծանոթացա գրքի բովանդակությանը, ոգևորությունս բազմապատկվեց, որովհետև շատ հետաքրքիր թեմաներ էին ներկայացված՝ «Թվերի նշանակումից» մինչև «Անվերջություն»:

Չնայած գրքի թարգմանությունն ավարտեցի մոտ 10 ամսում, բայց այդ ընթացքում
ոգևորությունս չպակասեց: Ընդհակառակը՝ յուրաքանչյուր թեմա թարգմանելիս ինձ համար նոր բացահայտումներ էի անում:
 Յուրաքանչյուր գլխի թարգմանության ավարտից հետո զգում էի իմ լեզվական կարողությունների զարգացումը, որի արդյունքում ավելի հեշտ ու արագ էի թարգմանում հաջորդ գլուխը: Ամեն անգամ, երբ ավարտում էի հերթական գլուխը, անհամբեր սպասում էի, թե երբ է այն տիար Գևորգի խմբագրելուց հետո «Դպիր»-ում հրապարակվելու, համեմատում էի իմ թարգմանության հետ, ուշադիր հետևում, թե ո՞ր նախադասության կամ ո՞ր բառի թարգմանության ընթացքում եմ բացթողում ունեցել, որպեսզի հաջորդ անգամ չկրկնեմ:
Ոգևորիչ էին նաև ընկերներիս կարծիքները, երբ տիար Գևորգի առաջարկով մանկավարժական ճամբարի ընթացքում ընթերցել և քննարկել էին 1-ին և 2-րդ գլուխները:
Չնայած հիմա ծանրաբեռնվածությունս թույլ չի տալիս նման ծավալուն գործերի թարգմանությամբ զբաղվել, բայց մի փոքր հնարավորության դեպքում անպայման կվերսկսեմ:
Ինձ համար հետաքրքիր ինքնակրթության տարբերակ էր նաև տիար Գևորգի վերջերս սկսած առցանց պարապմունքներին մասնակցելը:
Երբ առաջադրանքը կատարում և ուղարկում եմ, անհամբեր սպասում եմ պատասխան նամակին, որպեսզի տեսնեմ՝ որտեղ եմ վրիպել: Իսկական իմացումի հրճվանք եմ ապրում, երբ տիար Գևորգի դիտարկումների և խորհուրդների շնորհիվ գտնում եմ ճիշտ լուծումը:
Ինքնաբավարվածության մեկ այլ տարբերակ էլ յուրաքանչյուր երեքշաբթի Գրական ակումբին մասնակցությունն է: Շնորհակալ եմ տիկին Մարիետին, որ կիրակնօրյա ընթերցանությունն ինձ համար ավանդույթ դարձրեց: Կիրակի երեկոյան էլեկտրոնային փոստում պարտադիր փնտրում եմ տիկին Մարիետի նամակը: Երեքշաբթի օրվա քննարկման համար նախատեսված նյութն ընթերցելուց հետո փորձում եմ ստեղծագործությունից ինձ դուր եկած հատվածներն առանձնացնել, «գուշակել» հեղինակի ասելիքը: Մեծ բավարարվածություն եմ զգում, երբ պարզվում է, որ այն համընկնում է մեր ավագ ընկերների՝ տիկին Մարիետի, տիկին Նունեի, պատվելի Թամարի և մնացածի կարծիքների հետ:
Իմ կարծիքով, յուրաքանչյուր հասուն մարդ ինքն է պատասխանատու իր ինքնավստահության համար: Ինքնավստահ է նա, ով երբեք չի դադարում սովորել, ով հաճույք է ստանում նոր բան սովորելուց: Հաճելի է, երբ համընկնում են ցանկություններն ու անհրաժեշտը:
Ինքնակրթությունն ինձ ուրախություն ու հաճույք է պատճառում:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский