Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է

Սեբաստացիների ուսումնական տարվա երրորդ շրջանը՝ հեռավար-առցանց, ընտանեկան միջավայրում

Այսպես ստացվեց։ Մարտի 2-ից սկսված հեռավար-առցանց ուսուցումը փուլ առ փուլ՝ մարտի 2-6-ը,  մարտի 16-20-ըմարտի 23-27-ի ուսումնական գարունով, մարտի 30-ից ձևավորված ընտանեկան դպրոցներով, շարունակվում է մինչև մայիսի 14-ը՝ փաստացի համընկնելով ուսումնական 3-րդ շրջանի ավարտի հետ։

Այս շրջանում է, որ միշտ առցանց կապի մեջ, քննարկման ռեժիմում, ձևավորեցինք սեբաստացիական կրթական համայնքը, ավելի ու ավելի դարձանք կրթական համայնքի դպրոցներ։ Կրթահամալիրի մանկավարժական խորհրդի այսօրվա առցանց հավաքը հաստատեց, որ կրթական ֆիզիկական միջավայրը փոխարինելով ամեն մեկի տան միջավայրով, ամենօրյա առցանց բաց հանդիպումներով, ընտանեկան-առցանց-հեռավար ուսուցման հեղինակային կազմակերպման ուղեցույցներով՝ հայտնվել ենք մեդիա ուսումնական միասնական միջավայրում։ Կրթահամալիրի դպրոցները, քոլեջը, ուսումնական կենտրոնները ապրիլի 14-ին կրթահամալիրի կառավարման խորհրդին են ներկայացնում հեռավար-առցանց շրջանի հաշվետվությունները, որին ամեն մի ընտանեկան դպրոց կարող է մասնակցել իր լրացում-առաջարկով։ Ուղենշային կարող է դառնալ Դավիթ և Շահեն Իսպիրյանների մայրիկ- ընտանեկան դպրոցի ուսուցիչ Մադլեն Մինասյան-Իսպիրյանի ուղերձը։

Ծաղկուն Արևելյան դպրոց

Հիմա մեր դիմաց մեր ընտանեկան-հեռավար-առցանց ուսումնական շրջանի՝ ապրիլի 13-ից սկսվող հերթական փուլն է։
Հրապարակում ենք ապրիլի 13-ից ապրիլի 30-ի կրթահամալիրային առցանց քննարկումների օրացույցը, որոնցում, ինչպես պայմանավորվել ենք, ընդգրկվելու են նախագծային խմբեր, սովորողներ, այս շրջանում որպես ուսուցիչ գործող ծնողներ, այս շրջանի մեր գործունեությանը հետևող բարեկամներ։

Այս փուլում՝

  • ընտանեկան նախագիծ է դառնում բլոգային ուսուցման յուրացումը, գործածումը, բլոգներին ներկայացվող պահանջների քննարկումը ընտանիքներում.
  • կարևորվում են կրթական ծրագրերի ելքի-մուտքի ստուգատեսները՝ 3-րդ, 5-րդ, 8-րդ դասարանցիների անհատական հմտությունների-կարողությունների ներկայացումը, 12-րդ դասարանցիների հետ կրթահամալիրի տնօրենի բաց առցանց հանդիպում-զրույցները, 6 տարեկանների մեդիագրագիտության ստուգատեսը.
  • առաջին պլան է մղվում ընտանեկան դպրոցում սովորողի ուսումնական աշխատանքի անհատականացումը. գնահատման է ենթակա յուրաքանչյուր սովորողի անհատական աշխատանքը. եթե որևէ մեկը հապաղել է, թերացել է, ունի խնդիրներ, այս փուլում պիտի շտկի, լրացնի՝ ունենալով ուսուցիչ-կազմակերպիչների օգնությունը, աջակցությունը։   

Լուսանկարները՝ Նարեկ Սարոյանի, 5-րդ դասարան

Զուգահեռ՝ սա մուտքի շրջան է ոչ սեբաստացի սովորողների համար, որոնք ուզում են սահմանված կարգով ընդունվել կրթահամալիրի դպրոցներ, քոլեջ։ Հրավեր-ծանուցում-տեղեկացում է, կամավորական աշխատանքի միջավայր՝ մասնագետների, ընտանեկան դպրոցներում ուսուցիչ դարձած ծնողների համար, որ ուզում են սահմանված կարգով համալրել հեղինակային մանկավարժության հեղինակների կազմը։

Սեբաստացի մանկավարժական աշխատողի համար սա իր կարգավիճակի հրապարակային, բաց հաստատումն է՝ ընտանիքում սովորողի ուսուցիչ դարձած ծնողի, իր կրթության կազմակերպիչ դարձած սովորողի իրական նախագծային-բլոգային ուսուցման կազմակերպմամբ, հեղինակային մանկավարժության,  իր աշխատանքային պայմանագրով որոշված պահանջներով։ 
Սա նաև Բլեյան կրթական ցանցի՝ Երևանի հարավարևմտյան զանգվածից դուրս ծավալման շրջան է։

Կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում շարունակվում են գործել կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը, շենք-շինությունների, բակերի պահպանության, խնամքի, բարելավման ծառայությունները։ Ապրիլի 13-ից կրթահամալիրի մարզիչները կմիանան այդ աշխատանքին՝ մաքրելով-հարթեցնելով Մայր դպրոցի մարզադաշտերը, փառատոնային պուրակը։ Արտակարգ ռեժիմի կանոնների, անհատական հիգիենայի խստիվ պահպանմամբ՝ բացօթյա աշխատանքի նախագծեր են կրթահամալիրի ներդպրոցական, միջդպրոցական նոր ճեմուղիների, ծաղկոցների ստեղծումը։
Սովորելու ներքին մղումով, ինքնավար, ստեղծական աշխատանքի մի նոր շրջան է սկսվում Սուրբ Զատիկով։

Հնձանի գինի։ Արտադրությամբ ուսուցում։

Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, կրթահամալիրի փոխտնօրեն
Սուսան Մարկոսյան, մանկավարժության կենտրոնի ղեկավար

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский