Ինչպես ենք մտածում. գլուխ 6

Հեղինակ: 

Սկիզբը

Երկրորդ մաս: Դատողություններ տրամաբանականի բնույթի մասին

Վեցերորդ գլուխ
Մտածողության լրիվ ակտի վերլուծություն

Առաջին գլխում ռեֆլեկտիվ մտածողության բնույթի կարճ քննարկումից հետո երկրորդում անցանք դրա դաստիարակության անհրաժեշտությանը: Հետո անդրադարձանք դրա միջոցներին, դժվարություններին և դաստիարակման խնդրին: Այդ դատողությունների նպատակն էր ուսումնասիրողի առջև բացել մտքի դաստիարակության ընդհանուր խնդիրը: Երկրորդ մասի, որը հիմա սկսում ենք, նպատակն է տալ մտածողության բնույթի և նորմալ աճի լրիվ պատկերը, որը կնախապատրաստի եզրափակիչ մասում մտքի դաստիարակության ընթացքում առաջացող հատուկ դժվարությունները դիտարկելուն: 

Այս գլխում կվերլուծենք մտածողության պրոցեսը` իր շեմին կամ տարրական բաղկացուցիչ մասերում, վերլուծությունը հիմնավորելով որոշակի թվով շատ պարզ, բայց անդրադարձի իրական դեպքերի նկարագրությամբ[1]:

1. «Օրերս, երբ քաղաքում` 16-րդ փողոցում էի, աչքս ընկավ ժամացույցին: Տեսա, որ սլաքները ցույց են տալիս ժամը 12-ն անց 20 րոպե: Հիշեցի, որ խոստացել էի ժամը մեկին լինել 124-րդ փողոցում: Մտածեցի, քանի որ վերգետնյա գնացքով գալու համար ինձ հարկավոր եղավ մեկ ժամ, նույն ճանապարհով վերադառնալու դեպքում կուշանամ 20 րոպե: Կարող եմ 20 րոպե շահել ստորգետնյա արագընթացով: Բայց մոտակայքում կայարան կա՞: Եթե չկա, կարող եմ 20 րոպե կորցնել փնտրելու վրա: Այդ ժամանակ մետրոյի մասին մտածեցի և երկու թաղամաս հեռու տեսա այն: Բայց որտե՞ղ էր կայարանը: Եթե իմ գտնվելու փողոցից մի քանի թաղամաս այս կամ այն կողմ, ապա ժամանակ շահելու փոխարեն կկորցնեի: Միտքս վերադարձավ ստորգետնյա արագընթացին, որպես ավելի արագ, քան մետրոն. բացի դրանից հիշեցի, որ այն 124-րդ փողոցի ինձ հարկավոր մասին ավելի մոտ է անցնում, քան մետրոն, և ես կշահեմ ճանապարհի վերջնամասում: Թեքվեցի ստորգետնյա ճանապարհի կողմը և նշանակված վայր հասա ճիշտ ժամանակին»:

2. «Լաստանավի, որով ամեն օր անցնում եմ գետը, վերին տանիքից գրեթե հորիզոնական դուրս է ցցված սպիտակ ձող, որ ծայրին ոսկեջրած գունդ կա:  Երբ առաջին անգամ տեսա, այն դրոշակ համարեցի. նրա գույնը, ձևը և ոսկեջրած գունդը համապատասխանում էին այդ գաղափարին, և այդ հիմնավորումները կարծես հաստատում էին իմ վստահությունը: Բայց շուտով դժվարություններ առաջացան: Ձողը գրեթե հորիզոնական էր, ինչը ոչ սովորական դիրք էր դրոշակաձողի համար. մյուս կողմից` չկար ոչ ճախարակ, ոչ օղակ, ոչ պարաններ՝ դրոշը ամրացնելու համար. վերջապես, մեկ ուրիշ տեղում երկու ուրիշ ուղղաձիգ ձող կար, որոնցից, անհրաժեշտության դեպքում, կախվում էին դրոշները. հավանական էր թվում, որ ձողը դրոշ կախելու համար չէր:

Այդ ժամանակ փորձեցի պատկերացնել այդ ձողի տարբեր կիրառություններ և որոշել, թե դրանցից որին է այն ավելի հարմար: ա) Գուցե այն զարդարանքի համար էր, բայց քանի որ բոլոր լաստանավերը և նույնիսկ քաշող նավերը այդպիսի ձողեր ունեին, այդ ենթադրությունը դեն նետեցի:  բ) Կարող է պատահել, որ դա անլար հեռագրի ծայրն էր: Բայց նույն դատողությունը դա անհավանական դարձրեց: Դրանից բացի, դրա համար ամենահարմար տեղը նավի ամենաբարձր մասը կլիներ՝ ղեկավարման տնակի տանիքը: գ) Դրա նշանակությունը կարող էր լինել նավի շարժման ուղղությունը ցույց տալը:

Այդ եզրահանգումը հաստատելիս բացահայտեցի, որ ձողն ավելի ցածր էր ղեկավարման տնակից. այդ դեպքում ղեկավարողը կարող էր այն տեսնել: Բացի այդ, ծայրը ավելի բարձր էր հիմքից. այդ դեպքում ղեկակալի տեղից այն պետք է թվար նավի քթից դուրս եկող: Մյուս կողմից, գտնվելով նավի քթին մոտիկ, ղեկակալը պետք է որ ուղղություն ցույց տվողի կարիք ունենար: Քարշող նավերն էլ այդպիսի նպատակով ձողի կարիք ունեն: Այս վարկածն այնքան հավանական թվաց մյուսներից, որ այն ընդունեցի: Եզրահանգում արեցի, որ ձողը տեղադրված էր, որպեսզի ղեկակալին ցույց տար այն ուղղությունը, որով նավը գնում էր, և օգներ նրան ճիշտ ղեկավարելու»:

3. «Երբ բաժակները լվանում ես տաք օճառաջրով և բերանի վրա դնում ափսեում, սկզբում պղպջակներ են առաջանում բաժակի դրսի կողմում, իսկ հետո անցնում են բաժակի ներսը: Ինչո՞ւ: Պղպջակների առկայությունը ցույց է տալիս, որ օդ կա, որը, կարծում եմ, պետք է դուրս գա բաժակի միջից: Տեսնում եմ, որ օճառաջուրը ափսեի վրա խանգարում է օդի դուրս գալուն, բացի պղպջակներից: Իսկ ինչո՞ւ պետք է օդը դուրս գա բաժակից: Այնտեղ ոչ մի նյութ չի լցվել, որ օդին ստիպեր դուրս գալ: Այն հավանաբար ընդարձակվում է: Այն կարող է ընդարձակվել ջերմաստիճանի բարձրանալու կամ ճնշման անկման պատճառով, կամ էլ միաժամանակ երկուսի պատճառով: Կարո՞ղ էր օդը տաքանալ բաժակը տաք օճառաջրից հանելուց հետո: Ակնհայտ է, ոչ այն օդը, որը արդեն կար ջրի մեջ: Եթե պատճառը տաք օդն էր, սառը օդը պետք է ներթափանցեր բաժակները ջրից ափսե տեղափոխելիս: Փորձում եմ ստուգել՝ ճի՞շտ է այդ ենթադրությունը, էլի մի քանի բաժակ հանելով: Մի քանիսը թափահարում եմ, որպեսզի վստահ լինեմ, որ դրանց մեջ սառը օդ մտավ: Մյուսները հանում եմ բերանքսիվայր, որպեսզի խանգարեմ սառը օդի մտնելը: Պղպջակները հայտնվում են առաջինների դրսի կողմից, իսկ երկրորդների`  ոչ մի: Եզրակացությունս, հավանաբար, ճիշտ է: Արտաքին օդը տաքանում է բաժակի տաքությունից, ինչը բացատրում է պղպջակների արտաքինից հայտնվելը:

Իսկ ինչո՞ւ են նրանք ներս անցնում: Սառնությունը կրճատվում է: Բաժակը սառեց՝ նրա մեջ եղած օդն էլ հետը: Լարվածությունը վերացավ և դրա համար էլ պղպջակները հայտնվեցին ներսում: Դրանում համոզվելու համար փորձում եմ սառույց դնել բաժակի վրա, երբ պղպջակները դեռ դրսի կողմից են:  Նրանք արագ անցնում են հակառակ կողմը»:

Այս երեք դեպքերը լավ էին ընտրված, որ ցույց տան ռեֆլեքսիայի ավելի տարրականից ավելի բարդին անցնելը: Առաջինը ցույց է տալիս ուշադրության այն ձևը, որը օրվա ընթացքում կատարվում է յուրաքանչյուրի կողմից, որտեղ ո´չ փաստերը, ո´չ դրանց ուսումնասիրությունը չեն անցնում առօրյայի սահմանը: Երրորդը դեպք է, որտեղ ոչ խնդիրը, ոչ դրա լուծումը չէին կարող առաջանալ, ոչ այլ կերպ, քան որոշակի գիտական պատրաստվածություն ունեցող մարդու մոտ: Երկրորդ դեպքը բնական անցում է, նրա բովանդակությունը լավ տեղավորվում է առօրյայի, ոչ հատուկ փորձի սահմաններում, բայց խնդիրը անձնական խնդիրներից առաջանալու փոխարեն, առաջանում է գործունեությունից՝ անուղղակի ճանապարհով և դրան համապատասխան դառնում է տեսական և անշահախնդիր հետաքրքրություն: Հետագա գլուխներից մեկում կանդրադառնանք համեմատաբար կիրառականից և անմիջականից վերացարկված մտածողության զարգացմանը. հիմա մեզ միայն հետքրքրում են բոլոր տեսակներում հանդիպող ընդհանուր տարրերը:

Յուրաքանչյուր դեպքը դիտարկելիս քիչ թե շատ պարզորոշ երևում են հինգ առանձին տրամաբանական աստիճան. (I) դժվարանալու զգացողություն, (II) դրա որոշումը և դրա սահմանների որոշումը, (III) հնարավոր լուծման պատկերացում, (IV) պատկերացումների հարաբերությունների քննարկման ճանապարհով զարգացում, (V) հետագա դիտարկումներ, որոնք հասցնում են ընդունելու կամ մերժելու, այսինքն` վստահություն կամ անվստահություն հաստատելու:  

1. Առաջին և երկրորդ աստիճանները հաճախ համատեղվում են: Դժվարությունը պետք է բավարար որոշակիությամբ զգացվի, որպեսզի անմիջապես մտքին ստիպի դատողություններ անել հնարավոր լուծման մասին, կամ սկզբում կարող է զգացվել որոշակի անհարմարություն կամ ազդակ, որը հետո կհանգեցնի որոշակի փորձի՝ իմանալու թե ինչն է հարցը: Առանձին են երկու աստիճանները, թե միասին, ռեֆլեքսիայի մասին մեր իսկական հաշվետվությունում այստեղ նշվում է մեկ գործոն՝ հատկապես կասկածը, կամ դժվարությունը: Բերված երեք դեպքերից առաջինում դժվարությունը գոյություն ունեցող պայմանների և ցանկալի կամ ոչ պետքական արդյունքի միջև հակասությունն է, նպատակի և դրան հասնելու միջոցների միջև: Խոստումը ժամանակին կատարելու մտադրությունը և իրական ժամանակը՝ կապված գտնվելու վայրի հետ, իրար չեն համապատասխանում: Մտածողության առարկան դրանց միջև համապատասխանություն ստեղծելն է: Տրված պայմանները չեն կարող իրենք իրենց փոխվել. ժամանակը ետ չի գնա, և 16-րդ և 124-րդ փողոցների միջև հեռավորությունը չի կրճատվի: Խնդիրը միջանկյալ օղակների գտնելն է, որոնք տեղադրվելով հեռավոր նպատակի և անմիջական տվյալների միջև, կհամաձայնեցնեն մեկը մյուսին:

Երկրորդ դեպքում զգացվող դժվարությունը առաջացած և ընդունված (ժամանակավորապես) կարծիքի, որ ձողը դրոշակաձող է, անհամատեղելիությունն է մի քանի այլ փաստերի հետ: Դիցուք` դրոշակաձողի մասին պատկերացում առաջացնող որակները նշանակել ենք a, b, c տառերով, դրան հակասող պատկերացմանը՝ p, q r: Իհարկե որակների միջև ինքնին ոչ մի անհամապատասխանություն չկա, բայց միտքը տարբեր և անհամատեղելի եզրակացությունների հանգեցնելով, դրանք բախվում են, այստեղից էլ` խնդիրը: Այստեղ խնդիրը այնպիսի (0) օբյեկտ գտնելն է, որի որակները կարող են լինել a, b, c և p, q, r, ինչպես առաջին դեպքում խնդիրը գործողությունների հաջորդականությունն էր, որը կմիավորեր գոյություն ունեցող տվյալները հեռավոր նպատակի հետ մեկ ամբողջությունում: Լուծման մեթոդն էլ է նույնը՝ միջանկյալ հատկություններ գտնելը (ղեկավարման տնակի, ձողի դիրքը, նավի ուղղությունը ցույց տալու անհրաժեշտությունը), որոնք կնշանակենք d, g, l. o տառերով, և որոնք անհամատեղելի որակները իրար կկապեն:

Երրորդ դեպքում բնության և միանմանության օրենքներով դաստիարակված դիտորդը պղպջակների վարքում ինչ-որ տարօրինակ կամ բացառիկ բան է նկատում: Խնդիրը թվացյալ շեղումները խիստ սահմանված օրենքների շրջանակներում տեղավորելն է: Այստեղ էլ լուծելու մեթոդը նախորդող անդամներ որոնելն է, որոնք ճիշտ կապով կկապեն անսովորները, ըստ երևույթին, պղպջակների շարժումը,այստեղ ընթացող պրոցեսներից բխող պայմանների հետ:

2. Ինչպես հենց նոր նշվեց, առաջին երկու աստիճանները՝ հակասության կամ դժվարության զգացողությունը և դժվարության բնույթը որոշելու համար դիտարկելու գործողությունները, երբեմն կարող են համընկնել: Զարմանալի նորության, կամ անսովոր խճճվածության դեպքերում, դժվարությունը հաճախ սկզբում ներկայացվում է որպես խթան, որպես զգայական գրգռիչ, որպես անսպասելիության, ինչ-որ սխալ, վախենալու, ծիծաղելի, մտահոգող բանի շատ թե քիչ անորոշ զգացողություն:  Նման դեպքերում անհրաժեշտ են դիտարկումներ, որոնք կանխամտածված հաշվարկված են այն բանի համար, որպեսզի լուսաբանեն, թե ինչն է դժվարությունը, կամ պարզաբանեն խնդրի մասնավոր բնույթը: Մեծ չափով այս աստիճանի առկայությունը կամ բացակայությունը  տարբերությունն է բուն ռեֆլեկտիվ կամ հսկվող քննադատական եզրակացության և չհսկվող մտածողության միջև: Եթե դժվարության սահմանները որոշելու համար բավարար ճիգ չի գործադրվել, դրանից դուրս գալու պատկերացումները կլինեն շատ կամ քիչ սահմանափակ: Պատկերացրեք հիվանդի մոտ հրավիրված բժշկի: Հիվանդը նրան սխալ է բացատրում, բայց նրա փորձառու աչքը առաջին հայացքից որոշակի տեսնում է այլ հիվանդության ախտանիշներ: Բայց եթե նա թույլ տա, որ այդ որոշակի հիվանդության մասին պատկերացումը ժամանակից շուտ գրավի իր միտքը, դառնա ընդունված եզրակացություն, նրա գիտական մտածողությունը զգալիորեն կկրճատվի: Նրա տեխնիկայի զգալի մասը, որպես փորձառու մասնագետի, այն է, որ չօգտվի առաջին ծագած պատկերացումից, նույնիսկ կանխի շատ որոշակի պատկերացման առաջացումը, մինչև դժվարությունը՝ խնդրի բնույթը, հիմնավորապես չուսումնասիրվի: Բժշկության մեջ այդ գործողությունը հայտնի է որպես ախտորոշում, բայց նման դիտարկում պահանջվում է յուրաքանչյուր  նոր և դժվարին դրությունում, որպեսզի խուսափենք հապճեպ եզրակացությունից: Քննադատական մտածողության էությունը կալանավորված դատողությունն է, իսկ այդ կալանման էությունը խնդրի բնույթի ուսումնասիրույունն է՝ նախքան դրա լուծմանը անցնելը: Սա ավելի, քան որևէ այլ բան, սովորական եզրակացությունը դարձնում է ստուգված եզրակացություն, նրկայացվող եզրակացությունը՝ ապացույց:

3. Երրորդ գործոնը պատկերացումը կամ ենթադրությունն է: Վիճակը, երբ առաջանում է դժվարությունը, առաջացնում է այնպիսի բան, որը տրված չէ զգայարաններին. տրված տեղանքը՝ ստորգետնյա կամ մերտրոպոլիտենի մասին միտքը, աչքի առաջ եղած ձողը՝ դրոշակաձողի, զարդարանքի, անլար հեռագրի գաղափարը, օճառե պղպջակները՝ ջերմությունից մարմինների ընդարձակվելը կամ ցրտից՝ սեղմվելը: ա) Պատկերացումը կամ ենթադրությունը մտահանգման ամենկենտրոնական մասն է. այն անցումն է տրված մի բանից բացակայողին: Այդ պատճառով էլ այն շատ թե քիչ մտացածին է, վտանգավոր: Քանի որ եզրակացությունը դուրս է գալիս իրականում տրվածի սահմաններից, այն թռիչք, ցատկ է պարունակում, հատկություն, որից չի կարող ամբողջապես ապահովագրվել ապագայում, ինչ նախազգուշական միջոցներ էլ որ ձեռնարկվեն: Դրա հսկողությունն ուղղակի չէ, մի կողմից` մտքի հմտություններից կապված, միաժամանակ ձեռնարկող և զգուշավոր, մյուս կողմից՝ կախված այն ընկալմանը համապատասխան առանձին փաստերը ընտրելուց և առաջարկելուց, որից բխում է պատկերացումը: բ) Պատկերացված ելքը, քանի որ ընդունված չէ, բայց պահպանվում է փորձի համար, գաղափար է: Նրա համար հոմանիշներ են ենթադրությունը, կռահումը, վարկածը և (մշակված տեսքով) տեսությունը: Քանի որ կասեցված պնդումը կամ հետաձգված վերջնական եզրակացությունը հետագա ապացույցների քննարկման ժամանակ մասամբ կախված է առաջ շարժվելու լավագույն ուղղություն ընտրելու կամ ամենհավանական բացատրության համար հակառակ ենթադրությունների գոյությունից, ապա մեծ քանակությամբ իրար բացառող պատկերցումների կամ ենթադրությունների դաստիարակումը ճիշտ մտածողության կարևոր գործոն է:

4. Հարաբերությունների բացահայտման պրոցեսը, կամ ինչպես ավելի հատուկ ասում են` որևէ գաղափարի և որևէ խնդրի միջև թաքնված կապերը (implications) անվանում են դատողություն[2]: Ինչպես գաղափարը ստացվում է տրված փաստերից, այնպես էլ դատողությունը բխում է գաղափարից: Մետրոպոլիտենի գաղափարը զարգանում է կայարանը գտնելու դժվարության, տեղափոխության համար անհրաժեշտ ժամանակահատվածի, կայարանից մինչև նշված վայրը հեռավորության մասին գաղափարին: Երկրորդ դեպքում դրոշակաձողի հատկանիշը ուղղաձիգ վիճակն էր, անլար ապարատինը՝ նավի վերնամասում գտնվելը և, բացի դա, ցանկացած քարշող նավի վրա դրա բացակայությունը. մինչդեռ նավի շարժման ուղղությունը ցույց տալու գաղափարը զարգացնելով բավարարում էր այդ դեպքի բոլոր պայմաններին:

Դատողությունը առաջացած լուծման պատկերացման վրա նույն ազդեցությունն է թողնում, ինչպես բուն խնդրի ավելի մոտիկ և մանրամասն քննարկումը: Իր սկզբնական տեսքով պատկերացումն ընդունելուց պահպանում է դրա ավելի հիմնավոր քննարկումը: Առաջին հայացքից հնարավոր թվացող ենթադրությունները, հաճախ ոչ պիտանի և նույնիսկ տխուր են, երբ պարզվում է դրանց բոլոր հետևանքները: Նույնիսկ երբ հետևանքների քննարկումը չի հանգեցնում ենթադրությունը մերժելուն, գաղափարը այն ձևով է զարգացնում, որը ավելի է համապատասխանում խնդրին: Օրինակ, միայն երբ ձողը որպես ցույց տվող ձող ենթադրությունը մտածվեց իր բոլոր կողմերից, հնարավոր եղավ քննարկել դրա հատուկ կիրառությունը տվյալ դեպքում: Հաճախ սկզբում օտար և վայրենի թվացող պատկարեցումները այնպես են փոխվում դրանցի հետևությունները մշակելու ընթացքում, որ դառնում են կիրառելի և արգասաբեր: Քննարկելու միջոցով գաղափարի զարգացումը, գոնե, օգնում է գտնել միջնորդող կամ միջանկյալ անդամներ, որոնք մի միասնական ամբողջության մեջ են միավորում թվացող հակադիր ծայրահեղությունները:  

5. Վերջին և ամփոփիչ աստիճանը ենթադրության վրա հիմնված գաղափարի փորձնական ստուգումը և ամրապնդումն է: Դատողությունը ցույց է տալիս, եթե գաղափարը ընդունվի, որոշակի հետևանքներ տեղի կունենան: Մինչև այս պահը եզրակացությունը ենթադրյալ է և պայմանական: Եթե նայենք և գտնենք տեսության պահանջած բոլոր պայմանները, եթե գտնենք մրցակցող այլընտրանքների բոլոր բնորոշ հատկությունների բացակայությունը, ապա հավատալու, ընդունելու ձգտումը դառնում է գրեթե անհաղթահարելի: Երբեմն անմիջական դիտումը հաստատում է, ինչպես նավի վրայի ձողի դեպքում: Ուրիշ դեպքերում, ինչպես պղպջակների դեպքում, փորձ է պահանջվում, այսինքն դիտավորյալ ստեղծվում են գաղափարի կամ վարկածի պահանջած պայմանները, որպեսզի տեսնեն, թե տեսականորեն ստացված արդյունքները իսկապես տեղի կունենան: Եթե պարզվի, որ փորձարարական տվյալները համապատասխանում են տեսականներին, կամ կիրառական ձևով ստացվածներին, և եթե հիմք կա համարելու, որ միայն տվյալ պայմանները կարող են այդպիսի արդյունք տալ, ապա հաստատումը այնքան ուժեղ է, որ հանգեցնում է եզրակացության՝ համենայնդեպս, քանի դեռ հակառակ փաստերը վերանայման տեղիք չեն տա:

Դիտարկումը հայտնվում է պրոցեսի սկզբում և նորից վերջում. սկզբում, որպեսզի ավելի ճշգրիտ և պարզ որոշենք դժվարության բնույթը, որի հետ գործ ունենք, վերջում, որպեսզի գնահատենք վարկածների տեսքով առաջ քաշված եզրակցությունների առավելությունները: Դիտարկման այս երկու սահմանների միջև առավել որոշակի գտնում ենք ամբողջ մտածելու պրոցեսի մտավոր կողմը. (1) բացատրության կամ լուծման ստացումը, պատկերացումը կամ ենթադրությունը, (2) պատկերացումների կամ ենթադրությունների հենքի վրա դատողություններ, հարաբերությունների կամ բացահայտված կապերի զարգացումը:  Դատողությունը հաստատվելու համար փարձարարական դիտարկումներ է պահանջում, մինչդեռ փորձը կարող է կատարվել արդյունավետ և խնայողաբար միայն դատողության միջոցով զարգացած գաղափարի հենքի վրա:

Դաստիարակության նպատակը այնպիսի միտքն է, որը կարողանա դատել, թե առանձին դեպքերում մինչև ուր պետք է հասցնել յուրաքանչյուրն աստիճանը: Անխախտ կանոններ չեն կարող լինել: Յուրաքանչյուր դեպք պետք է քննարկվի այն ժամանակ, երբ առաջանում է՝ դրա կարևորության և այն բանի հենքի վրա, ինչի հետ կապված առաջանում է: Մի դեպքում կիրառել չափից շատ աշխատանք նունքան անմտություն է, նույնքան անտրամաբանական, որքան մեկ այլ դեպքում՝ չափից քիչը: Մի ծայրահեղության դեպքում արագ և որոշակի գործողության հանգեցնող գրեթե ցանկացած եզրակացություն ավելի լավ է, քան մեկ ուրիշ երկարաձգված եզրակացություն. մինչդեռ ուրիշ դեպքում լուծումը կարող է հետաձգվել երկար ժամանակով, հնարավոր է, ամբողջ կյանքի համար:  Կարգապահ միտքն այն է, որ ավելի լավ է հասկանում դիտարկման աստիճանը, գաղափարների ձևավորումը, դատողությունները և փորձնական ստուգումները, որոնք պահանջվում են յուրաքանչյուր առանձին դեպքում, և որը հետագայում առավել լավ է օգտվում անցյալում կատարած սխալներից:  Կարևոր է, որ միտքը զգայուն լինի խնդիրների նկատմամբ և ունակ՝ մոտեցումների և լուծումների մեթոդներում:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը


[1] Ծանոթագրություն: Դրանք գրեթե բառացի վերցված են ուսանողների գրառումներից:

[2] Ծանոթագրություն: Երբեմն այս տերմինը տարածվում է ամբողջ ռեֆլեկտիվ պրոցեսը նշանակելու համար, ճիշտ այնպես, ինչպես դուրսբերումը՝ inference (որը ստուգման իմաստով ավելի շուտ պատկանում է 3-րդ աստիճանին) կիրառվում է երբեմն նույն լայն իմաստով: Բայց դատողությունը(reasoning or ratiocination) հատկապես կիրառելի է, թվում է, արտահայտելու այն, ինչը նախորդ գրողները անվանել են «մտածողություն հասկացություններում» (notional) կամ տրված գաղափարից հասկացության «դիալեկտիկական» ստացման պրոցես:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский