«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Արկադի Ավերչենկո

Արկադի Ավերչենկո - 1881-1925թթ հայտնի, ինքնատիպ ռուս գրող-հումորիստ: Ունի պատմվածքների շարք, որ կոչվում է «Փոքրերի մասին մեծերի համար»: Այդ շարքից մի քանի պատմվածք եմ ներկայացնում:

Երեխաների մասին
(Նյութեր հոգեբանների համար)

Երեխաների մեջ միշտ հանդիպում է մտքերի տարօրինակ ընթացք, ինչի ընկալումը հաճախ մեծերին անհասանելի է լինում:

Նրանց մտքերը գնում են իրենց ճանապարհով. նրանց ուղեղում ձևավորվող պատկերներից բուրում է սքանչելի վայրի թարմություն:

Ահա մի քանի փոքրիկ դեպք, որ մնացել է հիշողությանս մեջ:

I.
Մի փոքրիկ աղջիկ, իր թաթիկներով վիզս գրկած և ուսիս հենված, պատմում էր.
- Կար-չկար մի փիղ կար: Մի օր այդ փիղը գնաց անապատ և պառկեց քնելու... Նա երազում տեսնում է, թե ջուր խմելու է եկել մի մեծ, հսկայական լճի մոտ, որի մոտ հարյուր տակառ շաքար կա: Մեծ տակառներ: Հասկանո՞ւմ ես: Մի քիչ այն կողմ հսկայական սար կա: Նա երազում տեսնում է, թե արմատահան է անում մի մեծ, շատ մեծ կաղնի և դրանով կոտրտում շաքարով լցված հսկայական տակառները: Այդ ժամանակ թռավ եկավ մի մեծ մոծակ: Շատ մեծ` ձիու չափ մոծակ:

- Ա՜յ քեզ բան,- անհամբերությամբ ընդհատեցի նրան:- Քո պատմության մեջ ամեն ինչ հսկայական է, լիճը հսկայական է, կաղնին հսկայական է, մոծակը հսկայական է, տակառները հարյուր հատ են...

Նա նայեց երեսիս և ինքնագոհ տեսքով ուսերը թոթովեց.

- Բա ի՞նչ էիր կարծում, չէ՞ որ նա փիղ է:

- Հետո՞ ինչ:

- Քանի որ նա փիղ է, երազում մեծ բաներ է տեսնում: Նա չի կարող երազում փոքրիկ ապակե բաժակներ կամ թեյի գդալներ տեսնել, կամ շաքարի մի կտոր:

Լռեցի, բայց ինքս ինձ մտածեցի. «Ավելի շուտ այս աղջիկը կհասկանա փղի հոգեբանությունը, քան մեծերս` մանկանը»:

II.
Մի անգամ երեք տարեկան մի տղայի հետ ծանոթացա: Նրան ծնկիս նստեցնելով՝ հարցրեցի.
- Ի՞նչ ես կարծում, ինձ ի՞նչ են կոչում:

Նա նայեց ինձ և ազնվորեն աչքերիս նայելով՝ պատասխանեց.
- Կարծում եմ, Անդրեյ Իվանիչ:

Անիմաստ հարցին ստացա սխալ, բայց հարգալից, արժանապատվությամբ շնչող պատասխան:

III.
Մի անգամ, երբ հյուր էի գնացել իմ ամուսնացած քրոջը, ճաշից հետո պառկեցի մի քիչ քնելու:
Արթնացա գլխիս ստացած հարվածից, այնպիսի հարվածից, որից գանգս կարող էր ցրիվ գալ:
Ցնցվեցի և արթնացա:

Երեք տարեկան փոքրիկը կանգնած էր առջևս` ձեռքին մի մեծ փայտ, և հետաքրքրությամբ ինձ էր նայում:

Այդպես լուռ երկար նայեցինք միմյանց:

Վերջապես նա հետաքրքրվեց.
- Ի՞նչ ես ծամում:

Կարծում եմ, այդ արարքը և հարցը ա՛յ թե ինչով էին պայմանավորված. սենյակներում ման գալով՝ փոքրիկը հասել էր ինձ մոտ և ուշադիր նայել քնածիս: Այդ ժամանակ, հավանաբար, քնած տեղս շարժել եմ շուրթերս: Այն ամենը, ինչ կապված էր ծամելու և ուտելիքի հետ, շատ էր հետաքրքրում փոքրիկին: Որպեսզի ինձ արթնացնի, նրան ոչինչ չէր մնում անել, քան բերել փայտը, հարվածել գլխիս և տալ իրեն հետաքրքրող միակ հարցը.
- Ի՞նչ ես ծամում:
Կարելի՞ է արդյոք սիրել երեխաներին:

V. Քննական խնդիրը
Երբ ուսուցիչը բարձրաձայն թելադրեց խնդիրը, բոլորը գրեցին, և ժամացույցը հանելով՝ ուսուցիչը հայտարարեց, որ խնդրի լուծման համար տալիս է քսան րոպե, Սեմյոն Պանտալիկինը թանաքի բծերով ծածկված ձեռքով շփեց կլորիկ գլուխը և ինքն իրեն ասաց.
- Եթե այս խնդիրը չլուծեմ, կորած եմ:

Երազող և հորինող Սեմյոն Պանտալիկինը բոլոր դեպքերը չափազանցելու, կյանքի բոլոր երևույթներին և, ընդհանրապես, առարկաներին շատ մռայլ նայելու սովորություն ուներ:

Եթե հանդիպեր իրենից հասակով բարձր տղայի, որն աջ ոտքն ու ուսը առաջ մղած և կողքերը նայելով, որ ուրիշ մարդ չլինի, չարախնդորեն հարցներ. «Ի՞նչ ես փքվել, թշվառ անասուն», ապա Սեմյոն Պանտալիկինը սփրթնում էր և իր հոգու աչքերով արդեն տեսնելով իր գլխավերևում պտտվող մահվան ուրվականը՝ կամացուկ շշնջում էր.

- Կորած եմ:

Ուսուցիչը կանչեր գրատախտակի մոտ, կամ տանը անզգուշորեն թափեր թեյը մաքուր սփռոցին, միշտ ինքն իրեն շշնջում էր այդ թաղումային արտահայտությունը՝ կորած եմ:

Իսկ ամբողջ վախճանը առաջին դեպքում ապտակով էր ավարտվում, երկրորդ դեպքում՝ «անբավարարով» և թեյի սեղանից հեռացնելով՝ երրորդ դեպքում:

Բայց այնպես համոզիչ, այնպես մռայլ էր հնչում թաղումային այդ  արտահայտությունը՝ «Կորած եմ», որ Սեմյոն Պանտալիկինը ամեն տեղ այն խցկում էր:

Այս արտահայտությունը, ի դեպ, գողացված էր Մայն Ռիդի մի վեպից, որտեղ հերոսները ջրհեղեղից փրկվելու համար բարձրացել էին մի ծառ. մի կողմից՝ սպասվում էր հնդկացիների հարձակումը, մյուս կողմից՝  ծառի սաղարթներում թաքնված յագուարի սուր ճանկերը, և բոլորը միաբերան որոշում են.

- Կորած ենք:

Նրանց վիճակը ավելի ամբողջական նկարագրելու համար անհրաժեշտ է նշել, որ ջրում` ծառի մոտ լողում էին կոկորդիլոսներ, իսկ ծառի մի կողմը ծխում էր, քանի որ շանթահարվել էր:

Մոտավորապես այդ վիճակում էր իրեն պատկերացնում Պանտալիկին Սեմյոնը, երբ նրան դժվար խնդիր տվեցին և դեռ լուծման համար էլ ընդամենը քսան րոպե տվեցին:

Խնդիրը հետևյալն էր.
 «Երկու գյուղացիներ Ա կետից միաժամանակ դուրս եկան՝ Բ գնալու, ընդ որում նրանցից մեկը ժամում անցնում էր չորս վերստ, իսկ մյուսը` հինգ: Պետք է պարզել, թե մի գյուղացին մյուսից ինչքան շուտ կհասնի Բ կետ, եթե երկրորդը առաջինից քառորդ ժամ շուտ է դուրս եկել, իսկ Ա կետից մինչև Բ կետը այնքան վերստ է, ինչքան կստացվի, եթե երկու գինեվաճառներ երրորդին վաճառեն այնքան տակառ գինի, որը առաջին գինեվաճառին 120 ռուբլու օգուտ կբերեր, իսկ երկրորդին` ութսուն, իսկ մի տակառը բերում էր քառասուն ռուբլի օգուտ»:

Այս խնդիրը կարդալով՝ Սեմյոն Պանտալիկինը ինքն իրեն ասաց.

- Այսպիսի խնդիրը քսան րոպեո՜ւմ: Կորած եմ:

Մի երեք րոպե կորցնելով մատիտը սրելու  և գծավոր թուղթը, որի վրա պատրաստվում էր ցուցադրել իր մաթեմատիկական գիտելիքները, հարմար անկյունով տեղադրելու համար, Սեմյոն Պանտալիկինը իր վրա ջիգ գործադրեց և սկսեց խնդրի մասին խորհրդածել:

Նրա պարտքը եղավ նախ մտածելը՝ այս ի՞նչ գյուղացիներ են՝ «առաջին» և «երկրորդ»:

Այս չոր համարակալումը ոչինչ չէր ասում ո՛չ նրա մտքին, ո՛չ սրտին: Հնարավոր չէ՞ր գյուղացիներին սովորական մարդկային անուններ տալ:

Իհարկե, նրանց Իվան և Վասիլի կարել է և չկոչել (ներքուստ նա զգում էր այդ անունների պրոզայիկ, կենցաղային լինելը), բայց ինչո՞ւ նրանցից մեկին Վիլյամ, իսկ մյուսին Ռուդոլֆ չկնքել:

Եվ հենց որ Պանտալիկինը «առաջինին» և «երկրորդին» վերանվանեց Ռուդոլֆ և Վիլյամ, երկուսն էլ իր համար հասկանալի և մտերիմ դարձան: Նա իր մտքի հայացքով արդեն տեսնում էր գլխարկի սպիտակ երիզը Վիլյամի ճակատին, որի դեմքը վառվել էր արևի այրող ճառագայթներից : Իսկ Ռուդոլֆը նրան պատկերանում էր որպես լայնաթիկունք տղամարդ՝ հագին կապույտ պարուսինե շալվար և գետկուղբի կաշվից կարված բաճկոն:

Եվ ահա, քայլում են նրանք՝ մեկը մյուսից քառորդ ժամ առաջ...

Պանտալիկինի գլխում նոր հարց ծագեց.

- Արդյոք ծանո՞թ են նրանք` այդ երկու քաջարի հետիոտները: Հավանաբար ծանոթ են, եթե հայտնվել են նույն խնդրում... Բայց եթե ծանոթ են, ինչո՞ւ չէին պայմանավորվել, որ միասին գնան: Միասին, իհարկե, ավելի ուրախ կլիներ, իսկ որ ժամում մեկը մյուսից մեկ վերստ ավելի էր  անցնում, անմտություն է, արագ գնացողը կարող էր մի փոքր զսպել իր մեծ-մեծ քայլերը, իսկ դանդաղ գնացողն էլ կարող էր մի փոքր արագ շարժվել: Բացի դրանից, երկուսով գնալն ավելի անվտանգ է` ավազակներ կարող են հարձակվել կամ վայրի գազան...

Մի հետաքրքիր հարց էլ ծագեց.
- Նրանք հրացան ունեի՞ն, թե՞ ոչ:

Ճանապարհ ընկնելիս լավ կլիներ հրացաններ վերցրած լինեին, դրանք  նաև Բ կետում պետք կգային, քաղաքային ավազակներից` խուլ թաղամասերի ցնցոտիավորներից պաշտպանվելու համար:

Իսկ, կարո՞ղ է պատահել, որ Բ կետը փոքր քաղաք է, որտեղ ավազակներ չկան...

Բան են գրել` Ա կետ, Բ կետ: Էս ի՞նչ անուններ են: Սեմյոն Պանտալիկինը չոր, անհոգի տառերի տակ ոչ մի կերպ չէր պատկերացնում քաղաք կամ գյուղ, որտեղ ապրում, պայքարում և տանջվում են մարդիկ: Ինչո՞ւ մի քաղաքը չանվանենք Սանտա-Ֆե, իսկ մյուսը` Մելբուռն:

Հազիվ էր Ա կետը ստացել Սանտա-Ֆե անվանումը, իսկ Բ կետը դարձել Ավստրալիայի մայրաքաղաքը, երկու քաղաքներն էլ դարձան պարզ ու հասկանալի: Փողոցներն անմիջապես էկզոտիկ ճարտարապետության սքանչելի շենքերով ծածկվեցին, ծխնելույզներից ծուխ բարձրացավ, մայթերով մարդիկ քայլեցին, փողոցներով ձիեր վազեցին՝ իրենց վրա տանելով հեծվորներին` զինամթերքի ետևից քաղաք եկած վայրերիների, վակերոների և հեռավոր կալվածքների տեր իսպանացիների...  

Այ թե դեպի ինչ քաղաք էին շտապում երկու հոտիոտները` Ռուդոլֆը և Վիլյամը...
Շատ ափսոս, որ խնդրում նշված չէ նրանց ճանապարհորդության նպատակը: Այդ ի՞նչ էր եղել, որ ստիպել էր նրանց թողնել իրենց տները և գլխապատառ սլանալ հարբեցողներով, խաղամոլներով, մարդասպաններով լցված այդ սարսափելի քաղաքը՝  Սանտա-Ֆե:

Մի հետաքրքիր հարց էլ. ինչո՞ւ Ռուդոլֆն ու Վիլյամը ձիով չէին, այլ ոտքով էին ճամփա ընկել: Արդյո՞ք նրանք որոշել էին գնալ այն հետքերով, որ թողել էր հեծելախումբը, թե՞ նախորդ գիշեր խորհրդավոր անծանոթը կտրել էր նրանց ձիերի ջլերը, որպեսզի չկարողանան հետևեն իրեն՝ Կարմիր Ռնգեղջյուրի ադամանդների գաղտնիքն իմացողին...

Այս ամենը շատ տարօրինակ է...  Այն, որ Ռուդոլֆը Վիլյամից քառորդ ժամ ուշ է դուրս եկել, ապացուցում է, որ այդ ազնիվ սկվատերը այնքան էլ չէր վստահում Վիլյամին և այս դեպքում ուղղակի որոշել էր հետևել այդ արկածախնդրին, ում արդեն երեք օր է գիշերով փորձում էր մոտենալ թիկնոցավոր կրեոլը՝ փրփրակալած երախով ձի հեծած:

... Նստած է Սեմյոն Պանտալիկինը՝ իր մոլեգին, երազկոտ, պատկերներով լցված գլուխը հենած կավճով ու թանաքով կեղտոտված ձեռքին:

Եվ աստիճանաբար նրա ուղեղում գծագրվում է ամբողջ խնդիրը, դրա ողջ գաղտնիքը:

Խնդիր.
... Դեռ արևը չէր հասցրել ոսկեզօծել հնդկարմավների գագաթները, դեռ իրենց բներում քնած էին արևադարձային գույնզգույն թռչունները, դեռ սև կարապները դուրս չէին լողացել ավստրալական ջրաշուշաններից, երբ Վիլյամ Բլոկերը` այդ մարդասպանը, ով ահ ու սարափի մեջ էր պահում Սիմփսոն-Կրիկի ամբողջ ծովափը, գաղտագողի գնում է հազիվ նշմարվող անտառային արահետով. . .  Նա ժամում ընդամենը չորս վերստ էր անցնում` ավելի արագ շարժվելուն խանգարում էր վիրավորված ոտքը, որը նախորդ գիշերը վիրավորել էր չարակամը` կրակելով լայնատերև մագնոլիայի ետևից:

- Սատանան տանի,- շշնջում էր Վիլյամը:-  Եթե ծեր Բիլի մոտ լիներ նրա ձին...  Բայց ... թող քրքրվեմ, թե չգտնեմ այդ սրիկային, ով կտրել էր ձիու ջլերը: Չի բոլորի երեք լուսին:

Այդ ժամանակ նրա ետևից, գետնին կպած գնում էր սկվատոր Ռուդոլֆ Կաուտերսը, և նրա առնական ունքերը խոժոռվում էին, երբ նա դիտում էր Վիլյամի երկարաճիտք կոշիկի հետքը, որը պարզորեն դաջվել էր ավստրալական անտառի խոնավ հողին:

- Ես կարող էի ժամում հինգ վերստ էլ անցնել (ի դեպ, ինչո՞ւ վերստ, որ թե «մղոն» կամ «յարդ»),- շշնջաց սկվատորը,- բայց ես ցանկանում եմ հետևել այդ խորամանկ աղվեսին:

Իսկ Բլոկերը արդեն ետևում ձայներ էր լսել, և ցատկելով թաքնվեց ծառի ետևում, որը, պարզվեց, անգամ էվկալիպտ էր:

Նկատելով խոտի վրայով սողացող Ռուդոլֆին՝ նշան բռնեց ու կրակեց:

Եվ ձեռքով կուրծքը բռնած` ընկավ ազնիվ սկվատորը:

- Հա-հա~,- ծիծաղեց Վիլյամը,- դիպուկ կրակոց էր: Օրն ապարդյուն չէր անցել և ծեր Բիլը գոհ էր իրենից.....

- Դե, քսան րոպեն լրացավ,- ինչպես ամպոպը պարզ երկնքում, հնչեց թվաբանության ուսուցչի ձայնը:- Դե ինչ, բոլո՞րը լուծեցին: Այ դու, Պանտալիկին Սեմյոն, ցույց տուր` գյուղացիներից ո՞վ առաջինը հասավ Բ կետը: 

Քիչ էր մնում, որ խեղճ Պանտալիկինը ասեր, որ, իհարկե, սրիկա Բլոկերը առաջինը հասավ Սանտա-Ֆե, քանի որ սկվետոր Կաուտերսը պառկած է խոցված կրծքով` դեմքին մահվան տանջանք, պառկած է միայնակ, անապատում, ավստրալիական թունավոր «օձի ծառի» ստվերում:
Բայց նա այդ ամենը չասաց: Կմկմաց միայն՝ չեմ լուծել... չեմ հասցրել...

Անմիջապես տեսավ, թե ինչպես մատյանում իր անվան դիմաց օձի նման ոլորվեց հաստ երկուսը:

- Կորած եմ,- շշնջաց Պանտալիկին Սեմյոնը:- Կմնամ նույն դասարանում: Հայրս կաշիս կքերթի, հրացան չեմ ստանա, մայրս «Աշխարհի շուրջը» չի բաժանորդագրվի...

Եվ պատկերացավ Պանտալիկինին, որ ինքը նստած է «օձի ծառի» մնացորդներին... Ներքևում անձրևից վարարած ջուրն է փոթորկում, ջրում կոկորդիլոսներն են ատամները չխչխկացնում, իսկ խիտ տերևներում յագուարն է թաքնված, որը շուտով կհարձակվի իր վրա, քանի որ ծառը բռնած կրակը շուտով կհասնի կատաղած գազանին:

Կորա՜ծ եմ:

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.