«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Մարինե Մկրտչյան

Երաժշտությունը կրտսեր դպրոցում

Երաժշտության դասավանդման նպատակը հանրակրթական դպրոցում երեխայի ներդաշնակ հոգևոր զարգացումն է երաժշտության միջոցով: Այդ նպատակի իրագործման համար հարկավոր է լուծել մի շարք խնդիրներ, որոնց լուծման միջոցներից մի քանիսը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Հանրակրթական դպրոցում ուսում են ստանում են տարբեր երաժշտական ունակություններ ունեցող երեխաներ, ի տարբերություն երաժշտական դպրոցի, որտեղ սովորում են երաժշտական ունակություններով օժտված երեխաները: Այս է պատճառը, որ հանրակրթական դպրոցում երաժշտության դասավանդումը հարկավոր է կազմակերպել այնպես, որ ոչ այնքան լավ երաժշտական լսողություն ունեցող երեխաները լիարժեք մասնակից լինեն երաժշտական գործունեությանը: Այդ նպատակով առաջարկում եմ նոտագրագիտության բաժնի ուսուցման հեշտ, մատչելի, արդյունավետ ձև (միջոց, մեթոդ)` աշխատանքային տետրերի գործածմամբ: Ուսուցման այս ձևը զարգացնում է ռիթմի զգացողությունը, բազմաձայն լսելու և կատարելու ունակությունը, հնարավորություն է տալիս ստեղծագործելու: Սկսելով պարզ ռիթմիկ վարժություններից (բոլոր ռիթմիկ վարժությունները ներկայացված են աշխատանքային տետրում)` երեխաներն անցնում են երկձայն և եռաձայն ռիթմիկ վարժությունների կատարմանը: Միաձայն վարժությունները կատարվում են նաև կանոնի նման (երկձայն, եռաձայն, քառաձայն)` ինչպես «բնական» (ծափ, մատների ճթթոց, հարված ծնկներին, ոտքի դոփյուն), այնպես էլ որոշ հարվածային ու շրխկան նվագարաններով: Բացի առաջարկված վարժություններից, ստեղծում են նորը, կարողանում են ինքնուրույն կատարել որևէ մեղեդու կամ երգի ռիթմական նվագակցություն, ստեղծել ռիթմական ստեղծագործություն` առանց երաժշտության ուղեկցության, ռիթմիզացված տեքստերով ստեղծել փոքրիկ երգեր:

Գործնական աշխատանքը ցույց է տվել, որ բոլոր երեխաներն էլ կարողանում են ոչ միայն լինել լիարժեք մասնակից, այլև կատարում են բավական դժվար երաժշտական առաջադրանքներ, դրանց թվում` բարդ ռիթմիկ պատկերներ: Աշխատանքային տետրում կան նաև երկձայն, եռաձայն ռիթմիկ առաջադրանքներ: Դասարանը բաժանվում է երկու կամ երեք խմբի, յուրաքանչյուր խումբ ուշադիր հետևում և կատարում է իր պարտիան:

Երաժիշտ դասավանդողները «Մեթոդական ուղեցույց»-ում կգտնեն առաջարկված մեթոդի նկարագրությունը, որից ներկայացնում եմ որոշ հատվածներ:

Երգի անընդմեջ ուսուցում` «արձագանք»

Նախքան երգի ուսուցանումը սկսելը, նախօրոք փնտրել և գտնել երգի բովանդակության հետ կապված հեքիաթ, բանաստեղծություն, պատմություն: Կարելի է հորինել, եթե չկա, և, վերջապես, ելնելով բովանդակությունից, ներկայացնել: Մեկ անգամ երգել, բացատրել անծանոթ բառերը, արտահայտությունները:

Երգի ուսուցման օրինակ. «Արև, արև, եկ, եկ»
Դասավանդողը երգի ռիթմով արտասանում է.
- Ա-րև, ա-րև, եկ, եկ:

Երեխաները, ռիթմի մեջ, առանց ժամանակ կորցնելու կամ ընդհատելու, կրկնում են: Դասավանդողը, առանց ընդհատելու, երգի ռիթմով արտասանում է մյուս հատվածը.
- Զի-զի քա-րին վեր եկ:

Երեխաները նորից, ռիթմի մեջ, առանց ընդհատելու, կրկնում են: Եվ այսպես` մինչև քառատողի վերջը: Ապա, առանց կանգ առնելու, նույն կերպ ուսուցանվում է քառատողը` երաժշտության հետ: Նորից, առանց ընդհատելու, սկսում են երգել սկզբից ամբողջ քառատողը: Այսպես, անընդմեջ, ուսուցանվում է ամբողջ երգը` մաս-մաս ուսուցանելով և ընթացքում իրար միացնելով: Եթե սխալ է լինում, չի ընդհատվում, ուղղվում է` ճիշտ երգելով սխալ կատարված հատվածը և, նորից, երգի ռիթմի մեջ, միացվում ուսուցանված նախորդ հատվածին: Որքան հնարավոր է, ուսուցումը չի ընդհատվում: Ուսուցանելուց հետո, առաջարկվում է ծափերով ներկայացնել երգի ռիթմիկ կառույցը: Նույնը կատարել` հարվածելով ծնկներին կամ ոտքերով դոփելով: Որոշել, թե ինչ այլ ռիթմիկ կառույցով կարելի է կատարել «բնական նվագարաններ»-ից յուրաքանչյուրով, որոնք հաջորդելու են իրար: Երգել երգը «բնական նվագարաններ»-ի ուղեկցությամբ: Փոխարինել «բնական»-ը հարվածային նվագարաններով (փայտեր, շրխկաններ և այլն): Փորձել բեմականացնել` նվագակցելով «բնական» և հարվածային նվագարաններով:

Այս ձևը` «արձագանք», թույլ է տալիս արագ և արդյունավետ իրագործել երգի ուսուցումը: Երեխաները չեն հոգնում, չեն կենտրոնանում սխալի վրա, չեն ներփակվում և հիմնական ուշադրությունը բևեռում են ճիշտ կատարման վրա: Շատ կարևոր է բառերի հստակ, մաքուր, պարզ արտաբերումը երգելիս: Եթե խաղերգ է, կարելի է միանգամից խաղալով ուսուցանել և բեմականացնել: Պարերգը ուսուցանել, ապա փորձել պարզ պարային շարժումներով կատարել: Ծիսական երգերի կատարումն ուղեկցվում է ծեսին համապատասխան ծիսական գործողությունների այն չափով, որքան այդ տարիքի երեխան կարող է ըմբռնել:

Արտասանական կանոն

Միասին հստակ ռիթմով արտասանում են Ա. Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունը:

Պըզզան, պըզզան, պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կըծծես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած` տուն կգաս:

Լավ յուրացնելուց հետո, արտասանել կանոնի նման: Մի խումբը սկսում է, երկրորդ խումբը միանում է երկրորդ տողից` սկսելով սկզբից: Եթե կարող են, կարելի է նաև եռաձայն: Փորձել հորինել երկու կամ երեք հնչյունով երաժշտություն և նույնը կատարել երգելով: Կարելի է ամեն տողի վերջում ավելացնել «պըզզ, պըզպըզան» բառակապակցությունը:

Դինամիկայի նշաններ. խաղեր այս թեմայով
 «Քուն»
Նստել աթոռին ուղիղ դիրքով, ձեռքերը` ծնկներին: Արտասանելով տեքստի առաջին տողը` թեքվել առաջ` ձեռքերը ծնկների վրայից սահեցնելով մինչև ոտքերի ծայրը: Մի փոքր դադարից հետո, արտասանելով երկրորդ տողը, կատարել նույն գործողությունը` այս անգամ ոտքերի ծայրից վերադառնալով դեպի ծնկներ:
Մենք փակում ենք աչիկները` քուն մտանք:

Տի-տի–տի–տի-տի-տի-տի-տի, տա, տա, տա: (քառորդ ֆերմատա)

Մենք բացում ենք աչիկները` արթնացանք:

Տի-տի–տի–տի-տի-տի-տի-տի, տա, տա, տա:
Առաջին տող - արտասանությունն սկսվում է մի փոքր ուժեղ ձայնով, հետզհետե ձայնի ուժը թուլանում է, իսկ վերջում լսվում է համարյա շշուկով:
Երկրորդ տող - արտասանությունն սկսվում է համարյա շշուկով, հետզհետե ձայնն ուժեղանում է, իսկ վերջում լսվում է բավական ուժեղ:

Գործողությունները շարունակվում են մնջախաղով - «Արթնանալուց» հետո գնում են «լվացվելու», ձեռքերը «չորացնում են ցամքոցով», ատամները «լվանում ատամի խոզանակով», «վերցնում պայուսակը» և ռիթմիկ քայլերով «ուղևորվում դպրոց»:

Մնջախաղը կատարվում է համապատասխան երաժշտության ուղեկցությամբ, որը կատարում է երաժիշտ դասավանդողը:

Դասավանդողը երեխաներին առաջարկում է ծափահարել: Ձեռքերի շարժումով ցույց է տալիս, որ ծափահարեն մեղմ: Հետզհետե, ձեռքերը բարձրացնելով վեր և ափերը բացելով, ցույց է տալիս, որ ծափերը ուժեղացնեն: Այսպես, փոխելով ձեռքերի դիրքը և դեմքի արտահայտությունը, նա մեկ` ուժեղացնում, մեկ` մեղմացնում է ծափերը: Այսպես, երեխաները կատարում են` ուժեղ, մեղմ, crescendo, diminuendo, միևնույն ժամանակ ծանոթանում խմբավարի շարժումներին: Նույնը կատարում են ոտքերի դոփյունով:

Երեխաներին առաջարկել նույնը կատարել ձայնավորներով: Նախ, որոշում են, թե որ ձայնավորը ձեռքերի պայմանական ինչ ժեստով է ցույց տրվելու.

  • ա~ - ձեռքերը կրծքից քիչ հեռու, ափերը նայում են դիմաց
    ո~ւ - ափերը դեպի ներքև
    ի~ - ափերը «նայում» են իրար` մատները վերև
    օ~ - բութ մատը միանում է ցուցամատին` դառնալով օղակաձև, մյուս մատները վերև են պարզած
    մ~ - միջնամատը, ցուցամատն ու բութ մատը մոտեցրած են իրար (ձայնը արտաբերվում է փակ բերանով)
    է~ - բութ մատը ցուցամատի հետ ցույց է տալիս ուղիղ անկյուն, մյուս մատները ծալված են:

Ինչպես ծափերի և դոփյունի դեպքում, այստեղ էլ` մեղմը, ուժեղը, crescendo-ն, diminuendo-ն ձեռքերը, ձայնավորի համապատասխան ժեստով, կատարում են նույն շարժումները: Կարելի է փորձել կատարել բազմաձայն: Դասարանը բաժանվում է երկու խմբի: Մի խումբը հետևում է աջ, իսկ մյուսը` ձախ ձեռքին: Դասավանդողը յուրաքանչյուր ձեռքով ցույց է տալիս տարբեր ձայնավորներ, որոնք կատարվում են տարբեր ուժգնությամբ (մեղմ, ուժեղ, մեղմից ուժեղ, ուժեղից մեղմ):

Այս խաղային վարժությունները հիմք են դնում նաև բազմաձայն կատարմանը:

Երեխաները գործնականում ծանոթանում են խմբավարի, նրա ժեստերի հետ, կարողանում են կատարել դրանք:
 
Հետևյալ վարժությունները օգնում են շնչառությունը մշակելուն

5 սմ տրամագծով կտրել չորս թղթե շրջան: Երկուսը սոսնձել իրար` նախօրոք մեջտեղում դնելով թել, որից պետք է կախվի: Մյուս երկուսի մեջտեղից բարակ շերտով սոսնձել և կպցնել թելով իրար կպած շրջանների երկու կողմից մեջտեղի մասում: Չսոսնձված մասերը երկու կողմից մի փոքր առաջ բերել այնպես, որ նմանվի գնդի: Այն հանգիստ թիթեռի նման պտտվում է, երբ փչում են:
Երեխաները կանգնում են շրջանաձև կամ ուղիղ գծով:

Դասավանդողը յուրաքանչյուրին առաջարկում է փչել «թիթեռնիկի» վրա այնպես, որ նա թռչի իրենից, որքան հնարավոր է, հեռու:

Դասավանդողը «թիթեռն» անցկացնում է երեխաների դեմքի մոտով` առանց կանգ առնելու: Յուրաքանչյուրը փչում է այնպես, որ «թիթեռը» չհասցնի մոտենալ իր դեմքին:

Դասավանդողն առաջարկում է, որ յուրաքանչյուրը փչի, որքան հնարավոր է, երկար (շունչ առնել, նորից փչել) այնքան, որ «թիթեռն» անընդհատ հեռու մնա:

Դասավանդողը «թիթեռը» պահում է երեխաների դեմքին մոտ: Յուրաքանչյուրը կարճ, արագ-արագ արտաշնչելով, թույլ չի տալիս, որ «թիթեռը» մոտ գա իր դեմքին:

Նույնը կատարում են մոմով` սովորելով կատարել կարճ և երկար արտաշնչում:

Դասավանդողը յուրաքանչյուրին առաջարկում է փչել այնպես, որ վառվող մոմի կրակը մարի:
Փչել այնպես, որ կրակը չմարի:

Կատարել հետևություն` ինչպիսի արտաշնչում է կատարվում երկու դեպքում:

Կարմիր խորանարդով նշել երկար, իսկ կապույտով` կարճ շունչը: Դասավանդողը սեղանին է դնում երկու կարմիր և երկու կապույտ խորանարդ և առաջարկում փչել համապատասխան շնչով: Ապա սկսում է տեղափոխել խորանարդները: Երեխաները կատարում են ըստ տեղափոխված հաջորդականության: Տեղափոխությունը կատարվում է անընդմեջ: Դասավանդողը երեխաներին առաջարկում է փոխարինել իրեն: Հետևել, որ կատարեն անընդմեջ:

«Մեծի» և «երեխայի» քայլ - քառորդ և ութերորդ տևողություն
Սեղանին դրված է 4 կարմիր խորանարդ: Դասավանդողը ձեռքը դնում է առաջին խորանարդին և, դեմքի միմիկայով ու գործողությունը կատարելով, հասկացնում, որ փչեն: Նա ձեռքը դնում է նախ առաջին խորանարդին, ապա հերթով, հավասար տեմպով, մյուսներին: Ցույց տալով բոլոր չորս խորանարդները, նա, նույն ռիթմի մեջ, վերադառնում է դեպի առաջինը (ռեպրիզա): Այս անգամ հրահանգ է տալիս` «ծափ», որի կատարումից հետո` հարված ծնկներին, ապա` դոփել ոտքերով: Ոտքի դոփելը կատարել մի քանի անգամ, ասելով, որ այսպես քայլում է հայրը: Մի պահ դադարեցնելով, հարցնել, թե ինչպես է քայլում երկու կամ երեք տարեկան երեխան: Երեխաները ցուցադրում են: Դասավանդողը սեղանին է դնում կապույտ խորանարդները և կատարում նույնը, ինչ կարմիրներով: Ապա երեխաներից մեկին առաջարկում է կատարել փոքր երեխայի դերը և քայլել իր կողքով: Կատարելով առաջարկը` հայտնաբերվում է, որ մեկ մեծի քայլին համընկնում է փոքրի երկու քայլ: Բնականաբար, մեկ կապույտ խորանարդին համապատասխանում է մեկ, իսկ երկուսին` երկու քայլ, երկու կարճ շունչ, երկու ծափ, երկու հարված ծնկին, երկու ոտքի դոփյուն: Դասավանդողը փորձում է տարբեր հաջորդականությամբ դասավորել կապույտ և կարմիր խորանարդները, որոնք, ըստ հրահանգի, կատարվում են մե´կ ծափով, մե´կ դոփյունով և այլն: Դասավանդողը գրատախտակին գրում է մեծի քայլի նշանը, ապա փոքրինը: Գծում է երկու զուգահեռ հորիզոնական գծեր և պատկերում նրանց քայլերը (ճանապարհը):

Որպեսզի հեշտացվի արտահայտվելու ձևը, մեծի քայլին տալիս են «տա» անվանումը, իսկ փոքրի քայլին` «տի»: Գրատախտակին գրված մեծի երկու քայլերը, փոխարինելով երկու կարմիր խորանարդով, դրվում է սեղանին: Դասավանդողի հրահանգով երեխաներն ասում են` «տա-տա» (դասավանդողը ձեռքը խորանարդից խորանարդ տեղափոխում է քառորդ տևողության չափով) և հետո 2 ծափ են տալիս համապատասխան տևողությամբ: Մի կողմ է տարվում կարմիրը և դրվում է 4 կապույտ խորանարդ: Դասավանդողի հրահանգով երեխաներն ասում են` «տի-տի-տի-տի», և, նորից, առանց ընդմիջելու, համապատասխան տևողությամբ 4 ծափ տալիս: Մի կողմ է դրվում 2 կապույտը և փոխարինվում 1 կարմիր խորանարդով: Նույն կերպ ասում և ծափ են տալիս: Ասելիս ծափ չեն տալիս և հակառակը: Այսպես բարդացնելով, երեխաները պրակտիկ կատարում են քառորդ և ութերորդ տևողության նոտաները: Դասավանդողին փոխարինում են երեխաները:
Ուսուցման այս ձևը թույլ է տալիս առանց դժվարության կատարել բավական բարդ ռիթմիկ պատկերներ (աշխատանքային տետր):

Աշխատանքային տետր.
- Կատարել համապատասխան օրինակները. 1. 2. 3. 4.
- Նկարել քառակուսիներ և ներկել կարմիր և կապույտ գույներով: 8. 9.
- Նկարել կլոր գնդիկներ (մատիտը դնել թղթին և, շրջանաձև պտտելով, ստանալ որոշակի մեծության գնդիկ):
- Նկարել կլոր գնդիկ, ապա, մատիտը գնդիկից չկտրելով, դեպի վեր գծել ուղիղ գիծ:
- Նկարել կարմիր քառակուսի, իսկ կողքին` քառորդ տևողության նշանը:
- Նկարել երկու կապույտ քառակուսի, իսկ կողքին` երկու ութերորդ տևողության նշան, որոնք իրար են միացված գծով:

Դասարանը բաժանվում է երկու խմբի: Առաջին խումբը ծափ է տալիս «մեծի», իսկ երկրորդ խումբը` «փոքրի» քայլերը: Ապա կատարում են հակառակը:

Բառերի ռիթմիզացիա
Առաջարկվում է ռիթմիզացնել տարբեր բառեր, անուններ, բառազույգեր, բառակապակցություններ:

Ամեն բառ կամ բառակապակցություն արդեն պայմանավորված «տա», «տի»-ով որոշակի ռիթմիկ կառույցով ասում են, ծափ տալիս, կազմում են խորանարդներով և գրում աշխատանքային տետրի մեջ:

Արտասանելիս կարելի է ռիթմով օրորվել մի ոտքից մյուսը:
Առաջարկվում է ամեն ռիթմիզացված տող երգել երկու հնչյունով:
Եր - կին - քը կա - պույտ է:
Տի - տի - տի - տի - տա - տա:
Սոլ- սոլ - մի - մի - սոլ - մի:
Եթե կարող են, թող երգեն երեք և ավելի հնչյունով:
Առաջադրանք. Աշխատանքային տետր. 6.
Գտնել համապատասխան բառեր տրված ռիթմիկ պատկերով:

Դադար
Դասավանդողը երեխաներին առաջարկվում է արտասանել Ղ. Աղայանի «Ծիտը և բազեն» ոտանավորից 4 տող.
Ծիտը ծառին ծլվլում է.
-Ծի~վ, ծի~վ, ծի~վ,
Բազեն գլխին պտտվում է.
-Վու~յ, վու~յ, վու~յ:

«Ծի~վ, ծի~վ, ծի~վ» բառերից հետո կա փոքր դադար, որը լրացվում է թեթև ծափով, նույնը` «վու~յ, վու~յ, վու~յ»-ից հետո: Տեքստը ռիթմիզացնում են, գրում, իսկ ծափի տեղում գրում են նոր նշան` քառորդ դադարի նշանը և անվանում «տամ»: Կառուցում են խորանարդներով, իսկ նոր նշանը ցուցադրում դեղին գույնով: Աշխատանքային տետրում ռիթմիզացնում են այն նկար - առաջադրանքները, որոնց ռիթմիկ կառույցի մեջ կա դադար:

Ռիթմիզացնում են տեքստեր, որոնց ռիթմիկ կառույցի մեջ կա քառորդ դադար:
Աշխատանքային տետր. Առաջադրանք 5.
                     
Բարձր, միջին և ցածր ձայն
Երեխաներն ընտրում են որևէ բանաստեղծություն և արտասանում: Դասավանդողն առաջարկում է նույնը կատարել փոքրիկի, մայրիկի, ապա հայրիկի ձայնին նմանեցնելով: Պարզում են, որ փոքրիկը խոսում է բարակ, բարձր ձայնով, մայրիկը` միջին, իսկ հայրիկը` ցածր ձայնով: Փորձում են ձեռքով ցույց տալ.
.- ցածր ձայնը (ձեռքը իջած է, ափը նայում է գետնին),
.- միջինը (ձեռքը գոտկատեղի մակարդակին է, ափը նայում է գետնին),
.- բարձրը (ձեռքը կրծքի մոտ է, ափը նայում է գետնին):

Հերթով արտասանում են բանաստեղծությունը` ամեն անգամ փոխելով ձայները և ձեռքով ցույց տալով համապատասխան ժեստը: Դասավանդողը մի փոքր բարդեցնում է և սկսում ընթացքում խառը ցույց տալ մեկ` փոքրի, մեկ` հայրիկի, մեկ` մայրիկի համապատասխան ձեռքի շարժումը:
Արագ կողմնորոշվելով` երեխաները կատարում են համապատասխան ձայներով: Դասավանդողը ձեռքը ներքևից դանդաղ վերև է բարձրացնում, իսկ երեխաները սահուն, կատարելով գլիսանդո, անցնում են մի ձայնից մյուսը:

Երաժշտառիթմիկ վարժություն. «Պարող ոտքեր»
Կատարվում է նստած, ոտքերը միասին` ռիթմիկ երաժշտության կամ երգի ուղեկցությամբ:

Ոտքի թաթերը տանել կողք( կրունկները տեղում )
թաթերը միացնել( այս երկու շարժումները կրկնել երկու անգամ)
թաթերը միասին, կրունկները տանել կողք
կրունկները միացնել( այս երկու շարժումները կրկնել երկու անգամ)
միաժամանակ կատարել - աջ ոտքն առաջ, ձախը` հետ
ոտքերը միացնել
ձախ ոտքն առաջ` ձախը` հետ
ըտքերը միացնել
ոտքերը տանել կողք, միացնել (կրկնել երկու անգամ)

Մնջախաղ
. Ցուցադրել ջրի եռալը
«Կաթսա» երեխաները կազմում են շրջան, որոնց շուրջ շրջան են կազմում «կրակ» երեխաները: Նրանց մեջտեղում կանգնում են «ջուր» երեխաները: «Ջուրն» սկսում է «եռալ»: «Կրակ» երեխաները ցուցադրում են կրակի վառվելը` շրխկան, «բնական» և հարվածային նվագարաններով, ձայնով կրակի վառվելուն բնորոշ ձայներով ուղեկցելով այն: Նույնն էլ անում են «ջուր» երեխաները: Ցանկալի է, որ երեխաներն ինքնուրույն ցուցադրեն: Ուսուցիչը կարող է միայն ուղղություն ցույց տալ` հատկապես ճիշտ հարցադրումների միջոցով:

ա. Ցուցադրել տարվա եղանակ
բ. Ձվից ճուտիկի դուրս գալը
գ. Թրթուրից թիթեռի դուրս գալը
դ. Ծովի ալիքներ
ե. Փուչիկի թռչելը
զ. Ջրի եռալ

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.