«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Էռնեստ Հեմինգուեյ

 Ծերունին կամրջի մոտ (1)

Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորորով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին`մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:

Իմ գործը կամուրջն անցնելն էր, այն կողմի կամրջագլխի ամրությունը հետազոտելը և պարզելը, թե մինչև ուր է առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:

- Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեցի ես նրան:

- Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:

Դա իր հայրենի քաղաքն էր, և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն ու նա ժպտաց:

- Ես կենդանիներ էի պահում,- բացատրեց նա:

- Օ՜,- արտաբերեցի՝ լավ չհասկանալով:

- Այո՛,- ասաց նա,- հասկանո՞ւմ եք, ես ապրում էի կենդանիներ պահելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:

Նա ո՛չ հովվի էր նման, ո՛չ էլ նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակով ակնոցին ու ասացի.

- Ի՞նչ կենդանիներ էին:

- Տարբեր,- ասաց ու թափահարեց գլուխը:- Ես ստիպված էի նրանց թողնել:

Դիտում էի Էբրոյի՝ աֆրիկյան տեղանքի նմանվող ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը, ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:

- Ի՞նչ կենդանիներ,- հարցրի:

- Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա,- երկու այծ ու մի կատու: Նաև չորս զույգ աղավնի կար:

- Եվ դու ստիպված էիր թողնե՞լ նրանց,- հարցրի:

- Այո՛, հրետանու պատճառով: Հրետանու պատճառով կապիտանն ինձ կարգադրեց գնալ:

- Իսկ ընտանիք չունե՞ս,- հարցրի ես՝ նայելով կամրջի մյուս ծայրին, որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:

- Ո՛չ,- ասաց նա,- արդեն ասացի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:

- Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես,- հարցրի:

- Ես քաղաքականություն չունեմ,- ասաց նա:- Ես յոթանասունվեց տարեկան եմ: Ես արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:

- Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես:- Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:

- Մի քիչ կսպասեմ,- ասաց նա,- ու հետո կգնամ: Ո՞ւր են գնում բեռնատարները:

- Դեպի Բարսելոն,- ասացի նրան:

- Այդ կողմերում ոչ մեկին չեմ ճանաչում,- ասաց նա,- բայց շա՛տ շնորհակալություն: Կրկին շատ շնորհակալություն:

Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո ինչ-որ մեկին իր վշտին հաղորդակից դարձնելու համար ասաց. «Կատվի ոչինչ չի լինի, համոզված եմ: Կարիք չկա անհանգստանալու կատվի համար: Բայց մյուսները.... Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի մյուսներին:

- Դե, նրանք էլ հավանաբար բարեհաջող դուրս կպրծնեն:

- Այդպե՞ս ես կարծում:

- Իսկ ինչո՞ւ ոչ,- ասացի՝ դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:

- Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:

- Դու աղավնիների վանդակը բա՞ց ես թողել,- հարցրի ես:

- Այո՛:

- Ուրեմն նրանք կթռչեն:

-Այո՛, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները … Ավելի լավ է, չմտածեմ մյուսների մասին,- ասաց նա:

- Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես,- պնդեցի ես:- Վեր կաց և փորձիր քայլել:

- Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ:- Ես կենդանիներ էի պահում,- վհատորեն ասաց նա, բայց արդեն ոչ ինձ:- Ես կենդանիներ էի պահում:

Նրան ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստներն առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Դա և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, միակ մխիթարությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:

Թարգմանեց Յուրա Գանջալյանը

Թարգմանչի կողմից

Պատմությունը կրկնվում է

Տարիներ առաջ էր: Ես տղայիս հետ գնացել էի Հայաստանի Պետական Կինո-ֆոտո արխիվը` որոշ ձայնագրություններ ձեռք բերելու: Տղաս մտավ ներս, իսկ ես մնացի այգում: Երևանի հյուսիսային ծայրամասի մի ամայի վայրում էր այդ արխիվի շենքը: Մի ծերունի մոտեցավ ինձ ժպտալով: Այգու պահակն էր: Այդ տարիներին շատ հազվադեպ էին արխիվ այցելում: Այգու պահակն էր, բայց այգում օտար մարդ տեսնելով՝ ուրախանում էր: Նա շատ միայնակ էր: Ես շատ շուտ հասկացա, որ վարպետորեն էր կարողանում խոսքն իր քաղցր հուշերի կողմը տանել: Նրա տունը Շահումյանում էր եղել, բայց թողել էր այն հրետանու պատճառով: Մինչև հիմա հիշում եմ նրա խոսքերը. «Ես միայն իմ այգին էի մշակում: Գիտե՞ս՝ ինչ այգի ունեի: Տենաս՝ ո՞վ է տերը հիմա: Ժամանակի՞ն են էտում: Էս ի՞նչ արեցին: Ապրում էինք, էլի: Հիմա չեմ ապրում: Հիմա սպասում եմ մեռնելուն»:

1) 1936 թվականի ամռանը Իսպանիայում սկսվեց ֆրանկոյական գեներալների խռովությունը: Էռնեստ Հեմինգուեյի համակրանքը Իսպանական Հանրապետության կողմն էր: 1936 թվականի վերջին սանիտարական մեքենաների գնման համար հավաքելով 40000 դոլար և 1937-ին գլխավորելով դրանց ձեռք բերման և Իսպանիա տանելու գործով զբաղվող կոմիտեն՝  Հեմինգուեյն ուղևորվեց Իսպանիա: 1938 թվականի մարտին Ֆրանկոյական զորքերը Էբրո գետի մոտ ճեղքեցին ռազմաճակատը: Հանրապետականների նոր անհաջողությունները Հեմինգուեյին շատ վշտացրին: Կատալոնիայից նահանջող հանրապետականների զորքերի հետ միասին փախչում էին նաև խաղաղ բնակիչները: Գրողն ականատես եղավ վտարանդիների տանջանքներին: Այդ օրերի տպավորության տակ է գրվել Էռնեստ Հեմինգուեյի ամենակարճ պատմվածքներից մեկը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.