«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 31

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարինե Մկրտչյան
«Երաժշտությունը կրտսեր դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
«Գետի նման» գրքից

«Մատիտի մասին»


«Գիշերազգեստով ննջեցյալը»

Բաց եղիր սիրո առաջ
Մարդկային էության տարօրինակությունը
Տան նորոգումը
Զվարճասեր Նորման

Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին կամրջի մոտ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մանուկ Մկրտչյան
«Ժամանակակից դիդակտիկայի հիմունքները ըստ Վ. Կ. Դյաչենկոյի»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան

Գրականություն և դպրոց. ահավասիկ Հանրապետությունն Արարատյան

«Աչքներս լույս. մենք նորից միասին ենք, տոնական մարմարյա սրահում
»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արկադի Ավերչենկո
«Երեխաների մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
«Մեր ընկեր Հակոբը»

Աշոտ Տիգրանյան
«Գիտնականը մեր կողքին»


Պաուլո Կոելիո

Գիշերազգեստով ննջեցյալը

«Գետի նման» գրքից

Պաուլո Կոելիո

Մի էլեկտրոնային կայքում կարդում եմ, որ 2004 թվականի հունիսի 10-ին Տոկիո քաղաքում գիշերազգեստով ննջեցյալի են գտել: Դե, ի´նչ է եղել որ. ըստ իս  եթե մարդը մահանում է գիշերազգեստով, ապա.
- նա մահացել է ինքն իրեն, երազի մեջ.
- նրա հետ եղել են նրա հարազատները, կամ նա մահացել է հիվանդանոցի մահաճակալի վրա:

Երկու դեպքում էլ վախճանն անսպասելի չի եղել, և բոլորն էլ ժամանակ են ունեցել պատրաստվելու անսպասելի «հյուրի»՝ մահվան այցելությանը, ինչպես ասում էր բրազիլացի բանաստեղծ Մանուել Բանդեյրան:

Բայց կարդում եմ շարունակությունը. մահվան ժամանակ նա եղել է իր սենյակում: Հիվանդանոցի մահճակալի տարբերակը հերքվում է: Հետևաբար նա մահացել է քնի մեջ, առանց տանջվելու, նույնիսկ չկասկածելով, որ այլևս չի տեսնելու արևի լույսը:

Չնայած մի վարկած էլ կա: Ըստ այդ վարկածի նա բռնությամբ է մահացել՝ դիմակայելով գողերի հարձակմանը:

Ում  ծանոթ է Տոկիոն, նա գիտի, որ այդ հսկա քաղաքը ամենաապահովներից է աշխարհում: Հիշում եմ, երբ մի անգամ կանգնեցինք` մի ռեստորանում ճաշելու համար, նախքան քաղաքի շրջաններից մեկը շարժվելը: Մեր բոլոր իրերը գցված էին մեքենայի ետևի նստարանին: Ես անհանգստացա, որովհետև մեր պայուսակները դրված էին բոլոր անցորդների աչքերի առջև: Դրանք կարող էին գրավել ինչ-որ մեկին, և մենք կմնայինք առանց շորի և առանց փաստաթղթի: Ընկերս ծիծաղեց իմ այդ անհանգստության վրա և խորհուրդ տվեց չանհանգստանալ, որովհետև իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չէր լսել նմանատիպ դեպք Տոկիոյում: Եվ իրոք մեր իրերի հետ ոչինչ չպատահեց:

Բայց վերադառնանք գիշերազգեստով ննջեցյալին. նրա վրա կռվի, բռնության կամ նմանատիպ այլ բանի հետքեր չեն հայտնաբերվել: Այս առիթով ոստիկանության սպաներից մեկը  հայտնել է թերթերից մեկին, որ հավանաբար մահը սրտի կաթվածից է եղել: Ուրեմն բռնության վարկածն էլ կարելի է մի կողմ դնել:

Դիակը հայտնաբերվել էր շինարարական ընկերության աշխատողների կողմից, երկրորդ հարկում, այն մասում, որը ենթակա էր քանդման: Դրանից հետևում է, որ գիշերազգեստով ննջեցյալը, խուսափելով թանկարժեք հյուրանոցներից, իր ապաստանն ուղղակի գտել է այնտեղ, որտեղ ստիպված չի եղել վարձ տալ:

Եվ այստեղ հասնում ենք պատմության ամենատխուր հատվածին: Պարզվում է, որ մեր ննջեցյալը գիշերազգեստ հագած կմախք էր: Նրա գլխավերևում էլ 1984 թվականի փետրվարի 20-ի թվագրումով թերթ է եղել: Հարևան սեղանիկի վրա դրված օրացույցը ևս նույն ամսաթիվն է ցույց տվել:

Այլ կերպ ասած` ննջեցյալն իր անկողնում պառկած է մնացել 20 տարի:

Նրան ճանաչել են որպես շենքը կառուցած ընկերության աշխատակցի, որն այդտեղ է տեղափոխվել ամուսնալուծվելուց հետո: Այդ թերթը կարդալիս նա 50 տարեկանից մի քիչ մեծ է եղել:  Եվ հանկարծ մեռել է: Այդ մարդու նախկին կինը ոչ  մի անգամ չի հետաքրքրվել նրան ճակատագրով: Փորձելով գտնել այն ֆիրման, որտեղ նա աշխատել է, պարզել են, որ անմիջապես շինարարությունից հետո ֆիրման սնանկացել է, քանի որ ոչ մի բնակարան չի գնվել. ուստի զարմանալի չէ, որ ոչ ոք չի զարմացել, որ աշխատակիցներից մեկը գործի չի եկել: Իսկ գործընկերները որոշել են, որ ի վիճակի չլինելով պարտքերը փակել` նա փախել է պարտատերերից:

Վերջում գրված էր, որ նրա հանգուցյալի մնացորդները հանձնվել են նախկին կնոջը:

Այս վերջին արտահայտությունն ինձ մտքերի մեջ գցեց. նախկին կինը մինչև հիմա ապրում է, սակայն քսան տարվա մեջ ոչ մի անգամ չի փորձել նրա մասին ինչ-որ բան իմանալ: Ի՞նչ է եղել նրա հոգում: Նեղացե՞լ է, որ ամուսինը հիասթափվել է իրենից: Կասկածել է, թե նա անհետ կորել է, որովհետև ուրիշ կնո՞ջ է գտել: Կյանքում այդպես է լինում. հենց վերջանում են ձևականությունները, և ամուսնությունը լուծվում է, նախկին ամուսինների միջև ինչ-որ հարաբերություն շարունակելու անհրաժեշտությունը վերանում է: Պատկերացնում եմ,  թե ինչ ապրումներ է ունեցել  կինը, երբ իմացել է այդպիսի մահվան մասին այն մարդու, ում հետ ապրել է իր կյանքի մեծ մասը:

Հետո մտածում էի նրա՝ գիշերազգեստով ննջեցյալի, նրա լիակատար, անհույս մենակության մասին, այնպիսի մենակության, որ քսան տարի ողջ աշխարհում ոչ մի մարդ ուղղակի չի նկատել նրա անհայտ կորչելը:

Եվ եկա այն եզրահանգմանը, որ սովից, ծարավից, գործազրկությունից, անպատասխան սիրուց, պարտության դառնությունից վատ է այն գիտակցումը, որ աշխարհում ոչ մեկին, բացարձակապես ոչ ոքի պետք չես: Եկեք հիմա լուռ աղոթենք այդ դժբախտի  համար և նրան շնորհակալ լինենք այն բանի համար, որ ստիպեց մեզ հիշել ընկերության նշանակության մասին:

Ռուսերենից թարգմանեց Լիանա Առաքելյանը, 10-րդ դասարան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.