ԴՊԻՐ12
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»
Մեթոդական մշակումներ
Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»
Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»
Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Մասնավոր դպրոցի մոդել
Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Տեսլայի հետազոտական մեթոդը
Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Սեյմուր Բայջան
Չորս ռոմանտիկ պատմվածք
Առաջին պատմվածք
Մեր ականջներն ինքնաձիգների կրակահերթերին էին վարժվել, մեր աչքերը վարժվել էին զինված մարդկանց տեսնելու: Սակայն քչերն էին պատրաստ հրթիռային հարձակման: Եղբայրս նստած էր դարպասի աջ կողմում՝ գազի խողովակի վրա: Քույրս դաշնամուրի պարապմունքի էր գնացել, երաժշտական դպրոց: Մայրս հիվանդանոցում էր: Նրա ահավոր հիվանդությունից չէր բուժվում, պարզապես բուժքույր էր աշխատում: Հայրս, օղուց թունավորած, երկու տարի առաջ էր մահացել: Նա դրախտում էր կամ դժոխքում: Տարբերությունն էական չէ: Իսկ ես այդ ժամանակ անցնում էի շուկայի մոտով:
Սկսվեց հրթիռակոծումը: Ասացին, որ «Կրիստալ»-ն է: Հրթիռի ավերիչ ուժն այնքան էլ հզոր չէ, բայց սարսափելի աղմկոտ է: Վախն իմ բերանն անհայտ ծագման հեղուկով լցրեց:
Եթե հիշողությունս չի դավաճանում, վերջին «Կրիստալն» ընկավ շուկայի այն մասում, որտեղ ընտանի թռչուններ էին վաճառում: Շրջակայքը կորավ փոշու և խիտ ծխի մեջ: Մարդիկ խելահեղ վայնասուն բարձրացրին: Օդում փետուրների մրրիկ բարձրացավ: Մի քանի հավեր կառչեցին թթենու ճյուղերից: Կարող էր թվալ, թե ծառը հավ պտուղ է տվել: Ճիշտ ու ճիշտ, ինչպես պատերազմի մասին ֆիլմերում:
Երկրորդ պատմվածք
Նա մենակ էր ապրում, խաչմերուկից 400 մետր հեռու, հենց գյուղի մուտքի մոտ, աջից երկրորդ տանը: Հորից հսկայական բակ, բազմաթիվ պտղատու ծառեր, խոր ջրհոր ու փոքրիկ տնակ էր ժառանգել:
Խորհրդային բանաստեղծները կայսրության բռնակալների և բռնապետների մասին ասում էին այն ամենը, ինչ մտածում էին: Ու դա խելոք էին անում՝ քննադատությունը գործող անձանց, ավելի հաճախ ծաղրածուների և տկարամիտների շուրթերին դնելով: Նա ո´չ ծաղրածու էր, ո´չ տկարամիտ: Հիվանդ էր, պարզապես հիվանդ: Շալվարը համարյա մինչև կուրծքն էր քաշում: Գոտին այնքան ուժեղ էր ձգում, որ թվում էր, թե ուր որ է կպոկվի, շալվարը կընկնի ոտքերը, ու դա տեսնելով՝ գյուղի կանայք, չարաճճիորեն դեմքերը յաշմայով(1), ծածկելով, կսկսեն քչփչալ: Շրջում էր կրկնակոշիկներով՝ շալվարի փողքերը գուլպաների մեջ խցկած: Հարսանիքներում ճարպկորեն ցատկոտում էր մի ոտքի վրա, իսկ քելեխներին ամենաքիչը երկու ափսե փլավ էր ուտում: Տարին բոլոր մորուք էր թողնում: Մետաղական ամեն ինչ բակ էր քարշ տալիս՝ աղբի մեջ գտած երկաթե տարաներ, կոոպերատիվի ծակ, ճամփեզրին թափված դույլեր, ժանգոտ խլացուցիչներ և այլն: Կարող եմ երդվել, որ նրա բակի մետաղի ջարդոնի շեղջը 20-22 մետր բարձրության էր հասնում: Ոչ ոք չէր համարձակվում նույնիսկ մոտենալ այդ գերեզմանաթմբին: Նա ցանկացածի գլուխը կարող էր ջարդել: Այդպես վճռական էլ հաշվեհարդար էր տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր փորձում էին ծաղրել:
Շարունակ պնդում էր. «Ինքնաթիռ եմ սարքելու ու թռչեմ էստեղից: Սարքելը կսարքեմ, բայց կթռչի, թե չէ, չգիտեմ: Կանեմ՝ հետո կերևա…»: Աստված վկա, այդպես էլ ասում էր: Չար լեզուներն ասում էին, թե կարդացած գրքերի չափից մեծ քանակից է խելքը գցել:
Այդ օրը, երբ հայերը հարձակվեցին գյուղի վրա, բոլորը փախան և փրկվեցին: Միայն նա գերի ընկավ: Ճիշտ ու ճիշտ, ինչպես պատերազմի մասին ֆիլմերում:
Երրորդ պատմվածք
Այս պատմությունն իմացել եմ ղարաբաղյան պատերազմի մասնակցից՝ Ռեյ Քերիմօղլուց: Ստորև կմեջբերեմ նրա պատմածը:
Մեր փոքրիկ շտաբը տեղակայված էր մի խաղաղ գյուղում, որտեղ մոտակա շրջաններում ազգականներ չունեցող 5-6 տարեց բնակիչներ էին մնացել:
Միայնակ մի ծերունի տանը արևածաղիկ, հատով ծխախոտ, իրանական մաստակ էր վաճառում: Նա ծանր էր լսում: Մենք`զինվորներս, որպեսզի նրանից ինչ-որ բան գնենք, դուռը չէինք ծեծում և չէինք կանչում: Միևնույն է, չէր լսի: Ուղղակի կրակահերթ էինք բացում, և ծերունին դուրս էր գալիս: Այդպիսի կարգավորված առևտրական հարաբերությունները ձեռ էին տալիս ինչպես մեզ, այնպես էլ նրան:
Բոլորի համար անսպասելի՝ հայերը հարձակվեցին գյուղի վրա: Փոխհրաձգություն սկսվեց: Լսելով շատ բազմաթիվ ինքնաձիգների աղմուկը՝ ծերունին դուրս վազեց բակ: Մտածեց, որ այս անգամ իրենից արևածաղիկ, հատով ծխախոտ և մաստակ գնել ցանկացողների քանակը մի քանի անգամ ավելացել է: Գնդակը նրան հենց բակում խոցեց՝ տան առջև: Ճիշտ ու ճիշտ, ինչպես պատերազմի մասին ֆիլմերում:
Չորրորդ պատմվածք
Նրան անձամբ չէի ճանաչում: Բայց նրա մասին անթիվ անեկդոտներ էի լսել: Քչերը գիտեին, թե ինչ է նրա անունը, բոլորը նրան ազգանունով էին դիմում: Հոգեհանգստի ժամանակ մոլլաներին ծաղրելու սովորություն ուներ: Աղմկոտ քեֆերի ժամանակ ուրախացնում էր գյուղական բուրժուազիային: Կյանքում իրենց գյուղի սահմաններից դուրս չէր եկել: Խորհրդային բանակում չէր ծառայել: Հայհոյախոս էր, բայց ոչ մեկին նրա գռեհկությունը չէր վիրավորում: Որ ընկերախմբերում հայտնվում էր, բոլորն անպայման ժպտում էին: Նա իսկական գյուղական դասական էր: Մարդիկ կերակրում, մեքենայով տանում, հագցնում էին նրան: Եվ միշտ անվճար: Հետն էլ գրպանը փող էին դնում: Կարճ ասած, գյուղում հայտնի էր: Ես զրուցել եմ նրան վերջինը ողջ տեսած մարդու հետ: Ահա, թե ինչ նա ինձ պատմեց:
Ուրեմն լքում էի գյուղը: Մեքենայում վառելիք համարյա չէր մնացել: Թրթռում էր կարմիր ինդիկատորը: Բենզին ունեցող բոլոր վարորդներն արդեն վաղուց հեռացել էին: Բլուներից այն կողմ փոխհրաձգություն էր: Տեսնեմ՝ մայթին հանգիստ նստած՝ ծխում է: Սովորաբար բանաստեղծներն են ռիթմեր որոնելիս այդպես ծխում: Շտապող մարդու նման չէր: Հայացքը դեպի հեռուներն էր, դեմքը մտահոգ: Ծխուկը նետեց, երկրորդ ծխախոտը վառեց: Ճիշտ ու ճիշտ, ինչպես պատերազմի մասին ֆիլմերում:
- Վե´ր կաց: Ի՞նչ ես ոտդ կախ գցել: Բենզինը վերջանում է: Ինձ հետ չգաս, գերի կընկնես:
- Տեսնո՞ւմ ես է ն կամուրջը:
- Տեսնում եմ:
- Կամրջից է ն կողմ ինձ ոչ ոք չի ճանաչում: Ախր ո՞ւր գնամ:
1)ադրբեջանական տարազի մաս, որը ծածկում էր ողջ դեմքը, բացի աչքերից (ծանոթությունը՝ թարգմանչի):
Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը
|