«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ12

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»

Մեթոդական մշակումներ

Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»

Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մասնավոր դպրոցի մոդել

Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Տեսլայի հետազոտական մեթոդը

Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք

ԱՐՁԱԳԱՆՔ


Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք

Ցանկանում ենք, թե չէ, բայց երեխաներին ստիպված ենք լինում պատժել՝ զանցանքների, անհնազանդության, կոպտության, ստի, երկուսի և այլ «հանցագործությունների» համար: Արդյոք դա ճի՞շտ ենք անում: Փորձենք հասկանալ:

«Բնական հետևանքների» մեթոդը

Հավանաբար պատժի ավելի մարդասիրական, բանական և արդյունավետ եղանակ, քան «բնական հետևանքներն» են, չկա: Այդ մեթոդն առաջարկել է դեռ Ժան Ժակ Ռուսոն, իսկ շատ ծնողներ ենթագիտակցորեն են դրան դիմում:

Սկզբում մտորենք պատժի նպատակի մասին: Ծնողները դիմում են պատժի, որպեսզի ապագայում երեխան չկատարի այնպիսի արարքներ, որոնց հետևանքներն անցանկալի են: Բայց արդյոք ինքը` երեխան, մի՞շտ է դա հասկանում: Ինչպե՞ս օգնենք նրան՝ զգալու իր արարքի իրական վնասը: Կարելի է, օրինակ, ուշացնել այդ վնասի վերացումը: Ձեր որդին հերթական անգամ կորցրել է գնդակը կամ կոտրել հեծանիվը, և դա բացառապես նրա անփութության հետևանքն է: Ի՞նչ անեք: Պարզապես մի´ շտապեք նոր իրեր գնել. թող պարապ թափառի բակում, ուրիշից հեծանիվ խնդրի (և կհասկանա, որ դա արդեն այն չէ), համոզվի, որ առանց գնդակի ավելի դժվար է իր շուրջը խումբ հավաքել… Դա կսովորեցնի նրան ավելի խնայող լինել: Բնական հետևանքների մեթոդը կիրառելի է ցանկացած գիտակից տարիքում: Եթե փոքրիկն իր վրա է շրջել բաժակի պարունակությունը, մի´ շտապեք փոխել շորերը: Խոնավ և սառը հագուստի անհարմարությունը կստիպի նրան հաջորդ անգամ ավելի զգույշ լինել: Ի միջի այլոց, ծնողներին այդքան հարմար «պամպերսների» թերություններից մեկն այն է, որ կարևոր պատճառա-հետևանքային կապը երեխայի գիտակցության մեջ խախտում են. չէ՞ որ «մեղավոր» փոքրիկը չի զգում խոնավ տակաշորերի ողջ «հմայքը», հետևաբար ժամանակին իրեն պետքարան տանելու պահանջ ներկայացնելու խթան չունի: Եթե դպոցական երեխան շաբաթվա համար տրված փողը ծախսել է երկու օրում, մինչև շաբաթվա վերջ նոր գումար մի´ տվեք: Թող այդ դեպքում առանց մաստակի յոլա գնա, կինո գնալու փոխարեն մաքուր օդում զբոսնի և նույնիսկ իր ընկերոջը չայցելի՝ ծննդյան օրը շնորհավորելու, քանի որ ծախսել է նվերի փողը (եթե ձեր տված գումարը նախատեսված էր նաև դրա համար): Թող իր կաշվի վրա զգա, թե ինչ դժվար է աշխարհում առանց դրամի, և թե սեփական ծախսերը պլանավորելն ու վերահսկելը ինչ կարևոր են: Այսպիսով «բնական հետևանքների» մեթոդն այնքան, ներեցեք կրկնաբանության համար, բնական է, որ միայն այն դեպքերում արժե այլ պատիժներ կիրառել, երբ այս մեթոդը հարմար չէ:

Ինչպե՞ս ճիշտ օկիրառենք «բնական հետևանքների» մեթոդը.

1.         Սա հարմար է միայն այն դեպքերում, երբ հետևանքները չնայած տհաճ են, բայց անվտանգ: Սա թողնում ենք առանց մեկնաբանությունների:

2.         Ժամանակի մեջ հետևանքները պատճառից շատ հեռու պիտի չլինեն: Չնայած, ինչքան մեծ է երեխան, այնքան հեռավորությունը կարող է մեծ լինել: Բայց դժվար թե արդյունավետ լինի սպասելը, մինչև մսուրային տարիքի փոքրիկի սենյակն աղբանոց դառնա, և նա կարգի ու մաքրության պահպանման կարևորությունը հասկանա: Իսկ արդեն բարձր դասարանցու նկատմամբ այս «փորձը» կարելի է դնել:

3. Երեխայի համար հետևանքներն ակնհայտ պետք է լինեն: Ոչ մի իմաստ չունի 4 տարեկանին ասել. «Այն պատճառով ես կամակորություն անում, որ չափազանց շատ ես հեռուստացույց նայում»: Ավելի լավ է պարզապես նրան այլ բաներով զբաղեցնել և հեռուստացույց նայելու հնարավորություն չտալ:

4.         Հետևելով, թե երեխան ինչպես է «բնական հետևանքներն» իր վրա կրում,  մի´ ծաղրեք և ոչ մի դեպքում ձեր վարքը մի´ ներկայացրեք որպես վրեժի դրսևորում: Եթե երեխան փոքր է, պարզապես ասացեք, որ հիմա հետևանքների վերացմամբ զբաղվելու ժամանակ չունեք, թող մի քիչ սպասի: Ավելի մեծին բացատրեք, թե ինչով էր հղի իր արածը (կամ չարածը), և ինչ նպատակ եք հետապնդում՝ անմիջապես օգնության չհասնելով:

5.         Եվ, իհարկե, պետք է վստահ լինեք, որ երեխան իսկապես ի վիճակի էր խուսափելու այդ հետևանքներից: Միայն այդ դեպքում պատիժն արդարացի կլինի:

«Արի մտածենք, թե ինչպես ուղղենք»

«Բնական հետևանքների մեթոդի» տրամաբանական շարունակությունն իրավիճակից դուրս գալու ելքի համատեղ որոնումն է: Որոշ դեպքերում ընդհանրապես չարժե պատժել երեխային, պետք է միայն, որ նա ինքն ուղղի հետևանքները: Իսկապես ավելի լավ է, որ մայրը հանձնարարում է փոքրիկին հավաքել թափածը, քան որ նրա վրա գոռգռում է և ինքը հավաքում: Ձեր երեխան վիրավորե՞լ է ընկերոջը: Թող ինքը գտնի հաշտվելու ուղին: Դասերն անհարգելի պատճառով չի՞ կատարել: Թող ինքը մտածի, թե վաղը ուսուցչին ինչ պետք է ասի: Նրան վարքի ավելի լավ տարբերակ հուշեք: Կարելի է նստել դասին ու դողալ՝ կկանչի-չի կանչի, բայց կարելի է, օրինակ, նախօրոք մոտենալ ուսուցչին, իրավիճակը բացատրել, պայմանավորվել առաջադրանքի հանձնման ժամկետների մասին: Դա երեխայից մեծ խիզախություն կպահանջի և, հնարավոր է, ոչ միշտ բերի ցանկալի արդյունք: Բայց այդ ձևով նա կսովորի սեփական սխալները կառուցողական ճանապարհով ուղղել: Մի՞թե հենց այդ չէ կենսական ամենակարևոր հմտություններից մեկը:

Ծեծե՞նք, թե՞ չծեծենք

Ի՞նչը կարող է երեխայի համար ավելի սարսափելի, ստորացուցիչ լինել, քան ֆիզիկական պատիժը: Նրա ֆիզիկական և հոգևոր առողջության համար ի՞նչը կարող է ավելի վնասակար լինել: Սա, իհարկե, կասկածի ենթակա չէ, եթե խոսքը երկարատև ծիսական ճիպոտահարման կամ կատաղի ծեծի մասին է: Սակայն դա դեռ ողջ ճշմարտությունը չէ ֆիզիկական պատիժների մասին: Եթե կոտրված ծաղկամանի համար մայրը պահի ազդեցությամբ մի հարված հասցնի երեխայի ծոծրակին, չարժե ողբերգություն սարքել: Ծնողները ևս մարդ են և կարող են համբերությունը կորցնել, իսկ երեխան իսկապես պետք է ավելի զգույշ լինի:

Հավատացնում եմ, որ այդպիսի «բռնությունն» անհամեմատ ավելի քիչ վնաս կպատճառի, քան հուզական  «Քառասուն րոպե անկյուն կանգնիր: Ժամացույցը տեսնո՞ւմ ես: Ավելի շուտ դուրս գաս, նորից քառասուն րոպե կկանգնես» տիպի սառը պատիժները: Բծախնդիր և անդրդվելի ծնողները, ովքեր անգամ փոքրագույն ներողամտության ընդունակ չեն, երեխայի հետ հարաբերությունների մեջ հսկայական անդունդ են ստեղծում: «Ճիշտ դաստիարակությունը» օրինակելի կվարժեցնի երեխային, բայց նրան իսկական հոգատարությունից ու ջերմությունից կզրկի, իսկ ծնողները չեն կարող մանկական պատասխան սիրո հույս ունենալ: Եվս մի բան: Մի մեծ մանկավարժ ֆիզիկական պատիժը համարում է միակ թույլատրելին այն դեպքում… Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր: Այն դեպքում, երբ երեխային անհրաժեշտ է զգացնել, թե ինչ է ցավը: Եթե նա տանջում է շնիկին կամ խփում փոքրերին, հնարավոր է, որ պարզապես չի պատկերացնում, թե նրանք ինչ են զգում… Չէ՞ որ ուրիշի վշտին ավելի շատ ենք կարեկցում, եթե ինքներս էլ այն կրել ենք: Այնպես որ երեխային պատճառած ցավը, որը նպատակ ունի նրան տուժածի տեղը դնելու, ըստ երևույթին, արդարացված է: Բայց այս դեպքում նրան պետք է բացատրեք, թե ինչու այդպես վարվեցիք:  

«Բա ծնողնե՞րդ...»: «Գոռում էին…»

Ծանոթ տեսարան է, չէ՞: Որպես երեխայի հետ հարաբերությունները պարզելու սովորական եղանակ՝ գոռգոռոցը վա՞տն է, թե՞ շատ վատը: Իհարկե, լավագույն տարբերակը երեխայի վրա ընդհանրապես չգոռալն է: Բայց այս «լավագույնն» իրատեսական չէ. դժվար է պատկերացնել մի մոր, որ երեխային սառը դեմքով առաջարկում է դադարեցնել փայտով հեռուստացույցին հարվածելը: Այսինքն՝ երեխաների որոշ արարքներ երբեմն մեզանում առաջացնում են ոչ լավագույն հույզերը: Իսկապես, եթե դուք շտապում եք և քսան անգամ ասել եք երեխային, որ հագնվի, իսկ նա այդ ողջ ժամանակ երազկոտ նստած՝ դեռ մի ոտքն է մտցրել շալվարի փողքը, միայն ինչպես հարկն է գոռալը կօգնի նրան սթափվել: Հիշեք նաև, որ չի գոռում նա, ով անտարբեր է: Այսպես, իրենց աշխատանքի նկատմամբ անտարբեր ուսուցիչները հազվադեպ են կորցնում համբերությունը: Երեխան անհասկացո՞ղ է, է´հ, Աստված իր հետ… Ինչո՞ւ «բարի» չլինեք, եթե ձեզ ո´չ երեխաներն են հետաքրքրում, ո´չ էլ իրական արդյունքը: Այլ բան է, եթե միշտ եք գոռում երեխաների վրա, և նրանք դադարում են հասկանալ հանգիստ ձայնի ելևէջը: Առավոտը մեր վերևի բնակարանում, օրինակ,  երկու կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հիստերիկ մոր գոռում - գոչյունով և հիշոցներով է սկսվում: Սարսափելի է: Ուստի կարողացեք ժամանակին «փակել» ճիչ սադրած իրավիճակը և այնուհետև երեխայի հետ նորմալ կզրուցեք:


Ամենաարդյունավետ պատիժը պատժի բացակայությունն է

Այս սկզբունքը կիրառելի է ավելի մեծ երեխաների՝ դեռահասների և բարձր դասարանցիների նկատմամբ: Ուշ ժամի տուն վերադարձած զավակին հանդիմանելու փոխարեն ¥իսկ դա 100 %-ով բռնի անջատման ռեակցիա կառաջացնի¤ պարզապես ասեք. «Փա´ռք Աստծո, որ ամեն ինչ կարգին է: Միայն իմանայիր՝ ի´նչ անհանգիստ էի: Ախր վստահ էի, որ ուղղակի ուշանալու դեպքում զանգ կտայիր»: Հասկանալով, որ իրեն սկանդալ չի սպառնում, երեխան «պաշտպանության» չի անցնի և միայն այդ ժամանակ կարող է ապրումակցել ծնողներին: 15-ամյա մի աղջնակ այդպես էլ ասաց մորը. «Հիմա, երբ վրաս չես գոռում, իրոք խղճում եմ քեզ»: Սակայն մի սպասեք, որ այդ բառերն անպայման հնչեն. դեռահասները հակված են թաքցնելու իրենց հույզերը: Բայց, ցանկացած դեպքում, ձեր հանգիստ արձագանքն անպայման իրենց ականջին օղ կանեն:

Ներկայացում պետք չէ

Այնուամենայնիվ, փորձելով երեխայի մեջ մեղքի զգացում առաջացնել, ոչ մի դեպքում կեղծիքի մի´ դիմեք: Ձեր հիստերիկան և կատվարմատի թուրմի կաթիլների ցուցադրական հաշվարկը միայն հակառակ արդյունքը կունենան: Իմ ծանոթներից մեկը պատմում էր, որ երբ ինքը 5 տարեկան է եղել, մի օր տատիկը հագցրել է նրան մանկապարտեզ տանելու: Եվ նա՝ աղջնակը, կա´մ կոպտել է տատիկին, կա´մ մի այլ վատ բան արել. չի հիշում, բայց տատիկը նեղացել է: Արդեն գնալու ժամանակն է եղել, բայց տատիկը նստել է խոհանոցում, գլուխը բռնել և իբր ողբ կապել. «Ես մտածում էի, թե թոռնիկս լավն է, տատիկին սիրում է, իսկ նա…»: Ծանոթս պատմում էր. «Պարզ տեսնում էի, որ ձևացնում է: Ես արդեն հագած կանգնած էի, մինչ այդ մենք շտապում էինք, բայց այժմ ես պետք է մոտենայի նրան, հանգստացնեի, ներողություն խնդրեի… Չնայած փոքր էի, բայց լավ հասկանում էի, որ դա ներկայացում է: Ես, իհարկե, արեցի այն, ինչ ինձնից սպասում էին, բայց ինձ համար այդ ամենը նողկալի էր»: Այսպիսով, հիշեք, որ նույնիսկ ամենափոքր երեխաները միշտ ճանաչում են մեր կեղծավորությունը: Մի այդպիսի դրվագը կարող է երեխայի հիշողության մեջ մեխվել, և այդ ժամանակ մենք այլևս չենք կարող նրա վստահությունն ակնկալել:


Կանխատեսելի եղեք

Ոչինչ այնքան չի նյարդայնացնում երեխային, որքան իր արարքների նկատմամբ ծնողների արձագանքի անկանխատեսելիությունը: Եթե մի «երկուսի» համար նրան սփոփել եք, իսկ մյուսի համար՝ պատժել (ընդ որում, «երկուս» ստանալու պայմանների մեջ սկզբունքային տարբերություն չի եղել), երրորդ «երկուսը» նրա հոգում անհայտության վախ կծնի: Հավատացեք, այն անհամեմատ ծանր է  պատժի վախից: Նույնիսկ խիստ ծնողներին, իմանալով նրանց պահանջները, երեխան կարող է հարմարվել, իսկ, ահա, անհետևողականներից փրկություն չկա: Ուստի հիշեք՝ երեխային պատժելու բարոյական իրավունք ունենք միայն այն դեպքում, եթե նա վաղօրոք ստույգ իմանա, որ այդ իրադրությունում պատժվելու է: Իսկ եթե մենք շարունակ «101-րդ չինական վերջին նախազգուշացումն» ենք անում, որին ոչինչ չի հետևում, ապա սպառնալիքի իրականացումը 102-րդ անգամ, նրա համար լրիվ անսպասելի կլինի:

Ներողամիտ եղեք

Չնայած այն բանին, որ երեխայի գիտակցության մեջ «ինչն է լավ և ինչը վատ» պատկերացումների շրջանակը պետք է հստակ գծագրված լինի, առաջիկա պատիժները չպետք է ճնշեն իրենց անխուսափելիությամբ: Երեխայի աչքում անզգացմունք ռոբոտ մի´ եղեք, նրա զանցանքի վրա երբեմն կարողացե´ք ձեռք թափ տալ, ներել կամ գոնե մեղմացնել պատիժը: Երբեմն (ընդգծում եմ` միայն երբեմն) նրան ձեզ համոզելու հնարավորություն տվեք, ինչ-որ անգամ երեխային թո´ւյլ տվեք անել այն, ինչ սկզբունքորեն չի կարելի, օրինակ, չգնալ դպրոց: Այդպիսի միջոցները դաստիարակությանը բնավ չեն վնասի: Ընդհակառակը, երեխաները կհասկանան, որ եթե ինչ-որ բան պնդում եք, ուրեմն լուրջ է, քանի որ որոշ դեպքերում կարող եք զիջել: Իսկ եթե դուք միատեսակ եռանդով պահանջեք, որ երեխան չվերցնի ուրիշի ունեցվածքը և որ ուտի միայն սեղանի մոտ, ապա նա ինչպե՞ս գլխավորը երկրորդականից տարբերել սովորի:
  
Եվ վերջինը: Հիշե´ք, որ երեխաների հետ շփման լավագույն պահերը նրանք են, երբ մենք պարզապես միասին ենք, վայելում ենք միմյանց ընկերակցությունը, կատակում ենք և… մոռանում դաստիարակության մասին:

Թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.