«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ12

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նունե Մովսիսյան
«Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում»

Մեթոդական մշակումներ

Ն. Կոնոպլյովա
«Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք»

Հետարքրքությո՞ւն, զվարճա՞նք, թե՞ պահանջմունք
Դեռահասներին ի՞նչ է տալիս «չաթը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Սեյմուր Բայջան
«Չորս ռոմանտիկ պատմվածք»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Մասնավոր դպրոցի մոդել

Ամերիկայի այլընտրանքային դպրոցների միություն
«Դպրոցի փորձից, որը ղեկավարում է Ջերրի Մինցը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Տեսլայի հետազոտական մեթոդը

Մինչև երեքն եմ հաշվում: Երեխաներին արդյոք պատժել գիտե՞ք

ԱՐՁԱԳԱՆՔ


Ն. Կոնոպլյովա

Հրաշամանուկների ճակատագիրը: Դրա մասին մտածե՞լ եք

Երբեմն-երբեմն, դեռ խորհրդային ժամանակներից, թերթերում և ամսագրերում 12-13 տարեկանում արդեն մայրաքաղաքի բուհի ուսանող դարձած օժտված տղայի (հետաքրքիր է` ինչո՞ւ հենց տղայի) մասին տեղեկություն էր հայտնվում: Բայց ոչ մի հրատարակչություն չի փորձել այդ տղայի ճակատագրին գեթ մի անգամ անդրադառնալ, հետաքրքրվել, թե իրեն շրջապատող հասարակության մեջ նման երեխան ինչ է զգում, և գլխավորը` երբ նա մեծացել է, ինչ է եղել…

Օժտված երեխա ունենալը շատ ծնողների երազանքն է: «Հրաշամանուկը» բառացիորեն «հրաշք մանուկն» է: Նրա հիմնական հատկանիշներն են մտավոր աշխատանքի նկատմամբ սերը և մտավոր կարողությունների արագացված զարգացումը: Բայց ո´ւմ մտքով կանցնի, որ բնության այդ հրաշքը պատասխանատու, պարտավորեցնող և ոչ միշտ ուրախ նվեր է: Շփման հաշմանդամ…

Պավլիկը 3 տարեկան էր, որ մտքում բարդ հաշվարկներ կատարել սովորեց և քիչ անց՝ արագ կարդալ: Վինի-Թուխի արկածներն ու մայրիկի համալսարանական դասագրքերն էր կարդում: 5 տարեկանում մորը սովորեցրեց մտքում լոգարիթմներ հաշվարկել (դա ո´չ դպրոցում և ո´չ բուհում չեն սովորեցնում. աղյուսակ կա): Երաժշտական գրագիտությունը ինքնուսույցով յուրացրեց և սիրված երգերն սկսեց նոտաներով նվագել (ընտանիքում երաժիշտ չկար, և ոչ մեկը նրան օգնել չէր կարող): Հետո նա Մենդելեևի պարբերական աղյուսակը տեսավ և մինչև վերջ պարզեց նրա օրինաչափությունները: 8 տարեկանում ֆիզիկայից մի բարդ խնդիր էր լուծել: Դա ցույց էին տվել ակադեմիկոս Կոլմոգորովին, նա գովել էր. «Շատ սիրուն լուծում է»: Բայց ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ, որ 8 տարեկան տղան դպրոցից տուն գնալու ճանապարհին մտքի մեջ էր խնդիրը լուծել (օժտված բարձր դասարանցիների Կոլմոգորովյան մաթեմատիկական դպրոցում այդպիսի խնդիրները 14 տարեկաններին էին հասանելի և այն էլ` ոչ բոլորին):

Հասկանալով, որ իրենց տղան ճակատագրի հատուկ տոմսն է քաշել, Պավլիկի ծնողներն անհանգստացան: Դժվարությամբ գտան օժտված երեխաների հետ «ընդհատակյա» զբաղվող մասնագետների (այն ժամանակ տիրող գաղափարաբանությունը երեսպաշտորեն չէր հանդուրժում ոչ միայն ունեցվածքի, այլ մտավոր անհավասարություն): Թեստերը ցույց տվեցին երեխայի մեծ օժտվածությունը: Մասնագետների կարծիքը միանշանակ էր. ամենահավանականն այն էր, որ նա գիտնականի ճակատագիր և, իհարկե, շատ խնդիրներ է ունենալու: Դրանցից առաջինը անհատական ծրագրով ուսուցումն է:

Ծնողներն այդ մասին նույնիսկ երազել չէին կարող, և 7 տարեկանից Պավլիկին հանրակրթական դպրոց ուղարկեցին: Նրա ստացած առաջին գնահատականը «մեկն» էր: Ուսուցչուհու գոռգոռոց, պատիժներ (իսկ երեխան ընդամենը ձանձրանում էր և նա ինքն իրեն զբաղեցնում էր իր «գործով»), համադասարանցիների ծաղրանք. չէ՞ որ նա նրանց նման չէր…

Համահարթեցման դեռ ոչ հեռավոր այն շրջանում իշխանությունները կտրականապես դեմ էին դպրոց կամ գոնե դասարան բացելուն, որտեղ նման օժտված երեխաները հատուկ ծրագրով կսովորեին. իբր երեխաներն իրենց առանձնահատկությունը կտեսնեին, իսկ դա հակամանկավարժական էր: Այն ժամանակ միայն բարձր դասարանցիների համար սակավաթիվ ֆիզիկա-մաթեմատիկական դասարաններ կային: Սակայն օժտվածությունն ավելի վաղ՝ մինչև 8 տարեկանն է ի հայտ է գալիս, իսկ ավելի մեծ օժտվածությունը` էլ ավելի փոքր հասակից:

Քանի որ ուրիշ տարբերակ չկար, սովորական դպրոցներում (ոչ բոլոր) հրաշամանուկներին 1, նույնիսկ 2 կամ 3 դասարան «թռցնելու» փորձ էր մշակվել: Փոխադրվելով առաջինից չորրորդ՝ Պաշան միանգամից գերազանցիկ դարձավ. 4-րդ դասարանի ծրագիրը նրան ավելի էր համապատասխանում, չնայած դա էլ էր քիչ: Բայց տեղնուտեղն էլ ի հայտ եկավ շփման խնդիրը: Տարիքային տարբերության պատճառով այդպիսի երեխաները դասընկերների հետ և´ ֆիզիկապես, և´ հոգեպես դժվար են հարաբերվում: Նրանք դառնում էին «շփման հաշմանդամ»: «Երեխաները ինձ քշում են, ես նրանց կանոնները չգիտեմ»,- տրտնջում էր փոքրիկ Պաշան:

Երեխայի ապրումները տեսնելով՝ ծնողներն աշխատում էին երեխային սպորտով զբաղեցնել, «բախտակից» ընկերներ էին փնտրում: Եվ գտնում էին: Հանդիպում էին, ընտանիքներով բարեկամանում. ջրի օղակների նման մի ընտանիքից մյուսն էր փոխանցվում, թե ինչպիսի գրքեր կարդալն է օգտակար, որ մանկավարժներ են օժտված երեխաներին կիսագաղտնի հավաքում իրենց դասարաններում: Երեխաները հաղթում էին մաթեմատիկական և այլ օլիմպիադաներում, 12, 13, 14 տարեկանում գերազանց ավարտում դպրոցը և բուհ ընդունվում: Երբեմն նրանց մասին թերթերում էին գրում` «Կարմիր վզկապով ուսանողը»…


Քսան տարի անց

Ինչպիսի՞ն եղավ Պավլի ճակատագիրը: 15 տարեկանում համալսարան ընդունվեց, 18- ում` ասպիրանտուրա: Հեշտ, հավեսով էր սովորում: Սակայն մտավոր մեծ ընդունակություններով մարդուն օժտելով՝ բնությունը նրան «ռիսկի խմբում» է ընդգրկում. այդպիսի մարդիկ հաճախ են հիվանդանում: Պավլի բախտն ահավոր չբերեց: Նա անհաջողակների տոկոսի մեջ հայտնվեց. բնության որոշած՝ մարդկության դաժան հատուցումն այն բանի համար, որ խելոքանում է: Հաջողության բարձունքից նա գահավիժեց հոգեկան վիհը: Կրթության ոչ համապատասխան համակարգը, ոչ լիարժեք շփումը, հասարակության կողմից չհասկացվածությունը (այս վունդերկինդները ի´նչ տարօրինակ ու «անհարմար» են) խորացնում էին ցավը: Հրաշքն ընտանիքի համար խորագույն ողբերգությամբ ավարտվեց:
Կաշչենկոյի հիվանդանոցում հոգեկան ցավը կարողանում են բթացնել: Էլ ի՞նչ է պետք: Ձեռ ու ոտը կան, բարձր ինտելեկտը պահպանվել է, լավ կրթությունն ունի: Բայց հնարավոր չէ աշխատել, մտածողության հրաշալի գործիքի բանալին է կորսված: Ահավոր հիվանդությունը ֆիզիկական առողջության արագ քայքայմամբ է ուղեկցվում:

Պաշայի մայրն սկսեց ծանոթ հոգեբույժների, նման հրաշամանուկների ծնողներին զանգել: Ինչպե՞ս են: Գուցե ինչ-որ խորհո՞ւրդ տան: Պարզվեց` ամեն մեկինը տարբեր է: Կա մեկը, որ նույնպես հիվանդ: Շատ տաղանդավոր Միշան ինքնասպան է եղել: Իսկ, այ, Ալյոշան աշխարհում հայտնի ծրագրավորող դարձել է: Դանյան ԱՄՆ-ում է սովորում, նոբելյան մրցանակի դափնեկրի ասպիրանտն է: Կոստյան օժտված երեխաների դպրոցում դասավանդում է… Մեծ մասը լավ կրթություն, գիտական աստիճան է ստացել, բայց հիվանդագին խնդիրներ բոլորն էլ ունեն. ոչ բոլորի կարիերան է ստացվում, անձնական կյանքը չի դասավորվում…
 
«Նախկին հրաշամանուկի ախտանիշ». հոգեբանության մեջ այսպես անվանում են այն յուրահատուկ նևրոզը, որն արտահայտվում էր հիվանդագին ինքնասիրությամբ, իր ընդունակությունները ցուցադրելու, անընդմեջ ինքնահաստատվելու մշտական ցանկությամբ…
 «Տաղանդը Տեր Աստծո առաջադրանքն է»,- ասել է բանաստեղծ Եվգենի Բարատինսկին: Իսկ նևրոզի, որի մասին խոսվում է, գլխավոր պատճառը այդ առաջադրանքի, որը գուցե միակ կարևոր բանն է աշխարհում, կատարելու ցանկության և հնարավորության դրամատիկ անհամապատասխանությունն է:

Այո, նրանց կյանքը մշտապես վտանգի մեջ է: Բնությունը, շռայլ պարգևելով միտք, հաճախ մոռանում է շրջապատող աշխարհի հետ հավասարակշռության մեջ մնալու հնարավորություն տալ, և փլուզումը վերածվում է հիվանդության: Ստեղծական, գեղարվեստական մասնագիտությունների տեր մարդկանց (նկարիչներ, գրողներ, դերասաններ, երաժիշտներ) կյանքի միջին տևողությունը 14 տարով պակաս է սովորականից: Երկարամյա հետազոտությունների արդյունքում այդպիսի եզրակացության է հանգել ամերիկացի պրոֆեսոր հոգեբան Ջիմ Ֆոուզլը: Ինչքան օժտվածությունը մեծ է, այնքան տեսությունը վատն է: Ամենավատ ցուցանիշը հանճարինն է: Հանճարները մարդկության առաջընթացի համար վճարող մարտիրոսներն են` Սոկրատես, Ջորդանո Բրունո, Գալիլեյ, Վան Գոգ, Նիկոլայ Վավիլով…

Մտավոր կատարելություն այդ մարդկանց կյանքը հեշտ չէ, երբեմն էլ ողբերգական. հանրաճանաչությունը չափազանց հազվադեպ է կենդանության օրոք լինում, ծանր սթրեսները, անկումային տրամադրությունը հետապնդում են, հոգեկան հիվանդության վտանգը մեծ է (սովորականից 7-8 անգամ ավելի):

Տարբեր ժամանակաշրջաններում հոգեկան հիվանդ հանճարները` Գոգոլ, Վրուբել, Նիժինսկի, Վան Գոգ, Գարշին, Դոստոևսկի… կարելի է շարունակել թվարկելը, գլուխգործոցներ են ստեղծել: Պարադոքս է, սակայն հասարակությանը հենց այդպիսի մարդիկ են օգնում մեծ թռիչքներ իրականացնելու գիտության և արվեստի մեջ: Ոչ ստանդարտ մտածելով՝ նրանք ընդունակ են զգալու և ձևակերպելու սովորական մտքին անհասանելի բաները, քանի որ սոցիալական ճնշումից, ընդունված, վերագրված ճշմարտություններից ազատ են: Այդ թռիչքների վարձն անտանելի դժվար է, և դա ոչ թե հասարակությունն է վճարում, այլ հանճարեղ անհատը: Նրանք բոլորի և իրենք իրենց համար «անհարմար» են: Նրանք միայնակ են և հեշտ խոցելի: Նրանք բոլորից մոտ են ճշմարտությանը (Անդրեյ Տարկովսկին է ասել), սակայն հաճախ նրանց չեն հասկանում: Ականջներիս մեջ հանճարեղ ձևակերպում կա՝ «խելքից պատուհաս»: Դրա հեղինակը` նախկին հրաշամանուկ Գրիբոյեդովը գիտեր` ինչի մասին էր խոսքը: Չնայած խելքը մեծ օժտվածության միայն մի բաղադրիչն է:

Կա նաև փխրուն, թեստավորմանն ու քանակական հաշվառմանը դժվար տրվող ստեղծագործական օժտվածություն: Այն կարելի է պարզապես չնկատել: Կարելի է նաև նկատել և ահաբեկված փորձել կանգնեցնել, երեխային քշել սովորական շրջանակի մեջ: Դա արդեն ողբերգական տարբերակ է. օժտվածության պահանջարկ չունենալը կարող է դրամայի, հիվանդության վերածվել:

Մյուս վտանգավոր սխալը լրիվ սովորական երեխաների զարգացումն արհեստականորեն արագացնելու որոշ ծնողների ձգտումն է: Կան բազմաթիվ օրինակներ, և դրանք տխուր են… Ի դեպ, սովորական երեխան ևս հանրաճանաչ դառնալու հնարավորություն ունի: Շատ աշխատանք, մի քիչ հաջողություն և գլխավորը` նպաստավոր պայմաններ, հասարակության բարյացակամ վերաբերմունքը: Եվ այնուամենայնիվ նրա մակարդակը, մտավոր աշխատանքի որակը չեն կարող համեմատվել նրանց հետ, ում բնությունն ընտրել է` Աստծո առաջադրանքը կատարելու:

Շիզոիդ, շիզիկ. սովորական խոսքում վիրավորական, դատավճիռ պարունակող բառեր են: Այո, կան անվիճելիորեն տարօրինակ մարդիկ` ոչ սովորական ներաշխարհով, ոչ սովորական կարողություններով: Նրանք տարօրինակ են խոսում, շարժվում են ոչ ճկուն, չեն կարողանում համակերպվել վիրավորական իրականության հետ: Մանկուց նրանց ծաղրում ու նսեմացնում են: Բայց և այնպես շիզոիդները ստեղծական օժտվածության գերազանց նյութ են: Չնայած այդ անունը հիվանդության անուն (շիզոֆրենիա) է հիշեցնում, շիզոիդները հիվանդ չեն: Նրանք պարզապես այլ կերպ են ստեղծված և հարմարվելու, մարդկանց հետ շփվելուն, շատ փող աշխատելու ընդունակ չեն: Նրանք այնպիսին չեն, ինչպես բոլորը, հաճախ ինչ-որ բանով լավն են:

Շիզոիդությունը հաճախ հանդիպում է մտավոր և ստեղծագործական օժտվածությամբ մարդկանց մեջ: Ակնհայտ շիզոիդներ եղել են Նիկոլայ Գումիլևը, Վելեմիր Խլեբնիկովը, Օսիպ Մանդելշտամը, Վլադիմիր Նաբոկովը, Դմիտրի Շոստակովիչը, Իոսիֆ Բրոդսկին, Բորիս Պաստեռնակը… Հաճախ շիզոիդներ հանդիպում են մաթեմատիկոսների մեջ, ավելի քիչ` ավելի կոնկրետ ֆիզիկոսների մեջ:

Ի՞նչ արժեն հանճարեղ ուղեղները

Մեծ օժտվածությունը, հանճարեղությունը հոգեկան զարգացման մեջ ուղեղի սովորական կառուցվածքից շեղումներն են: Ռուս նշանավոր գենետիկ Վ. Պ. Եֆրոիմսոնի տվյալներով այդպիսի դաժան շնորհ բաժին է ընկնում մոտավորապես հազարից մեկին, անհրաժեշտ չափերով զարգանում է միլիոնից մեկի մեջ, իսկ իրական հանճար դառնում է 10 միլիոնից մեկը: Թվերը շատ պայմանական են, բայց այդ թվերի կարգը, ըստ էության, ճշմարտությունը բավարար է արտահայտում:

Իր սիրելի երեխային՝ Homo sapiens-ին էլ ավելի կատարյալ դարձնելու ձգտմամբ բնությունը փորձարկում ու փորձում և երբեմն էլ սխալվում է: Բայց այդպիսի շեղումների կրողները հենց այն խմորիչն են, որոնց վրա հենվում է մարդկային քաղաքակրթության առաջընթացը: Ինչպե՞ս չծանոթանանք այդ հազվադեպ շնորհին:

Հայտնի մանկական հոգեբան, պետական մրցանակի դափնեկիր Վիկտորյա Յուրկևիչի տվյալներով 4 տարեկանում երեխան ի հայտ է բերում այն մտավոր ունակությունների 50%-ը, որոնց վիճակված է ի հայտ գալ, 6 տարեկանում` 70 %-ը, 8 տարեկանում`90 %-ը: Հենց այդ տարիքում հնարավոր է օժտվածությունը հայտնաբերել և հատուկ պայմաններ ստեղծել:

Մտավոր և ստեղծագործ ունակությունները ազգային գլխավոր հարստությունն են: Ճապոնացիները, որոնք դողում են իրենց օժտված երեխաների վրա և նրանց ուսուցման և զարգացման համար ոչինչ չեն խնայում, դա վաղուց են հասկացել: Իսրայելում օժտված երեխաների ուսուցման արդյունավետ համակարգ կա, և դա պետական գաղտնիք է: ԱՄՆ-ում ստեղծվել է օժտվածության խթանման և զարգացման գործուն համակարգ: Պատահական չէ, որ, այսպես կոչված, «brain drain»-ը՝ «ուղեղների արտահոսքը», հիմնականում ԱՄՆ-ի կողմն է ուղղված:
Մարդկության պատմությունը վիճակագրական բավական նյութ է կուտակել, որից հետևում է, որ հանրության համար հրաշամանուկները մեծ արժեք են:

Հանճարեղ Մոցարտն արդեն 3 տարեկանում համերգ էր տալիս: Անգլիայում հրատարակված «Ազգային կենսագրական բառարանում» հիշատակված 1030 մեծ մարդկանցից 292-ը անվիճելիորեն հրաշամանուկ են եղել: Եվ այդ 1030-ից միայն 44-ը հրաշամանուկ չի եղել (նշանակում է՝ մեծ է հավանականությունը, որ մնացածներն էլ այնուամենայնիվ հրաշամանուկ են եղել): Անգլիացի հայտնի 64 նկարիչներից և երաժիշտներից 40-ը մանկության ժամանակ դրսևորվել է որպես հրաշամանուկ: Ըստ վիճակագրական տվյալների Ֆրանսիայում 287 մեծագույն մարդկանցից 231-ը մինչև 20 տարեկանը ցուցաբերել է իր բնածին վառ օժտվածությունը: ԱՄՆ-ում հետևել են 282 օժտված երեխաների ճակատագրին. նրանցից 105-ը կյանքում նկատելի հաջողությունների է հասել:

Ցավոք սրտի, Ռուսաստանի համար նման ճշգրիտ տվյալներ չկան: Սակայն հիշենք փայլուն պոետ, կոմպոզիտոր, շատ լեզուներ իմացող Ա. Ս. Գրիբոյեդովին, որ 11 տարեկանում է ընդունվել Մոսկվայի համալսարան: Հայտնի ֆիզիկոս Լ. Դ. Լանդաուն ուսանող է դարձել 13 տարեկանում: Ստեղծագործական տիպի հրաշամանուկներ են եղել Միխայել Լերմոնտովը, Ալեքսանդր Բատյուշկովը, իսկ հիմա ապրողներից` Անդրեյ Վոզնեսենսկին:

«Հանճարները երկնքից են ընկնում: Եվ պալատի դարպասներին հանդիպելու մեկ դեպքին ընկնում է հազար դեպք, որ շրջանցում է այն»,- ասել է մեծն Դիդրոն: Այլ կերպ ասած՝ սխալ դաստիարակությունը, ստանդարտ ուսուցումը, անհատական մոտեցման բացակայությունը անում են իրենց գործը: Եթե հանճարեղությունը չկայացավ, օժտված երեխան մեծանում է որպես բարդութավորված, չշփվող, ծանր բնավորությամբ անհաջողակ: Ճիշտ է, չկայացած հանճարի այլ, թեթև տեսակն էլ կա՝ անհոգ, աշխատել չկարողացող, հոսանքով գնացող, նվազագույն դիմադրության ուղիով ապրող մարդը:

Ամենաբարվոք տարբերակը, այսպես կոչված, նորմալ օժտվածությունն է: Մասնագետները լավագույն չափաքանակ են համարում, երբ բնությունը հաջողակին օժտած է լինում անհրաժեշտ ամեն ինչով` և´ սովորելու մեծ ընդունակությամբ, և´ արտաքին պայմաներին հեշտ հարմարվելով, շփվողականությամբ, ֆիզիկական առողջությամբ և գլխավորը` լավ դաստիարակությամբ: Այդպիսիների մասին ասում են` հաջողակին ջուրը գցիր, ձուկը բերանը՝ դուրս կլողա: Աստված ավելի շատ հաջողություն թող տա:

Մսուր կամ մանկապարտեզ գնացած հրաշամուկներ գործնականում չեն հանդիպում: Այդ նուրբ տարիքում շատ կարևոր դեր ունի սիրող մայրը: Մասամբ ճակատագրից է կախված՝ երեխայի բնածին օժտվածությունը հետագա կյանքում արդյոք կդրսևորվի՞, բայց առաջին հերթին` հասարակությունից. պե՞տք է արդյոք նրա տաղանդը:

Դրա հետ մեկտեղ օժտված երեխաների ծնողներն ու ուսուցիչները նրանց դաստիարակության և կրթության հարցում անասելի դժվարություններ են ունենում: Որոշ անձնվեր ծնողներ նման երեխաներին տանն են ուսուցանում: Դա երեխային փրկում է դպրոցում անխուսափելի նևրոզից, բայց դատապարտում է միայնության:

«Ես անմարդամոտ և անփույթ, ոչ հաստատուն հոգեբանությամբ դեռահաս էի ստացվել»,- իր կյանքի մասին «Նախկին հրաշամանուկը» գրքում գրում է կիբեռնետիկայի ստեղծող Նորբերդ Վիները, որին դպրոցական և ոչ դպրոցական իմաստնությունները հումանիտար կրթությամբ հայրն է ուսուցանել: Ամենազարմանալին այն է, որ նրան հաջողվել է այդ տիպի ամենահաջող փորձերից մեկը՝ տաղանդավոր երեխա էր ցանկանում մեծացնել և մեծացրեց: Բայց ի՞նչ գնով: Հայրն իր երեխային երջանիկ դարձրե՞ց արդյոք:

Լիցեյ Սոկրատների համար` հատային արտադրություն

Օժտված երեխաների համար ամենամեծ չարիքներից մեկը մտավոր թերբեռնվածությունն է: Ժամանակը, որի յուրաքանչյուր ժամը երիտասարդ տարիքում կարևոր է, անդարձ անցնում է: Սարսափելի է, որ ուսումնական ծրագրի արատների պատճառով դպրոցական ուսուցման նկատմամբ հետաքրքրությունն է կորչում: Եթե ծրագիրն ընդունակություններին չի համապատասխանում, ապա երեխաների մեջ կամային հմտություններ, դժվարություններին դիմադրելու կարողություն չեն ձևավորվում, չի ամրապնդվում մշտական աշխատանքի սովորությունը, քանի որ ամեն ինչ հեշտ է տրվում: Իսկ դպրոցը բոլորի համար պետք է դժվար լինի, որպեսզի «կամքի մկանները» ձգվեն:

Ռուսաստանցի հրաշամանուկների բախտը վերջապես բերեց: 1989 թվից Մոսկվայում ռուսական կրթության ակադեմիային կից հոգեբանական ինստիտուտում գործում է այդպիսի երեխաներով զբաղվող լաբորատորիա: Նրա օգնությամբ սկսեցին հայտնվել օժտված երեխաների համար հատուկ դպրոցները, որտեղ նրանց հետ սկսում են զբաղվել 6 տարեկանից (որոշ դպրոցներում` 5-ից): Իսկ ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր ոչ սովորական երեխայի զարգացման համար արդեն ստեղծվում են անհատական ծրագրեր, որպեսզի նրան, ինչպես Հեգելն է ասել, «իրեն ամբողջացնելու» հնարավորություն տան:

Օժտված երեխաների ուսուցումը ոչ միայն խիստ պատասխանատու, այլ նաև թանկ գործ է: Դա իսկապես «հատային արտադրանք է»: Անհրաժեշտ են ավելի շատ ուսուցիչներ (առարկայական ուսուցումն սկսվում է առաջին դասարանից), ընդ որում հատուկ պատրաստված, նրանցից շատերը երեխաների հետ աշխատանքի ընթացքում լրացուցիչ սովորում են: Դասարանում երեխաները 10-12-ից շատ չեն, մեծ մասը՝ տղա (այդպես է տնօրինել բնությունը): Սրան ավելացրեք համարյա յուրաքանչյուր երեխայի համար հանրագիտարանը, ֆիզիկայի և քիմիայի պարապմունքների համար փորձարարական լավ սարքավորումները: Ցանկալի է նաև հրատարակչություն ունենալ: Արդեն նախապատրաստական դասարաններում երեխաները հիանալի պատմություններ, ոտանավորներ, ֆանտաստիկ նովելներ են հորինում: Իրենց ստեղծագործությունները, հրապարակախոսությունները և փոքրիկ գիտնականների հետազոտական աշխատանքներն իրենց ամսագրերում հրատարակելը նրանց համար ի՛նչ հետաքրքիր կլինի:

Իսկ բժշկական ծառայությո՞ւնը, իսկ խելամտորեն կազմակերպված հանգստի սենյակնե՞րը, որտեղ երեխաները կարող են թուլանալ և հանգստանալ մտավոր մեծ աշխատանքից:

Իրոք, օժտվածների համար ուսումնական հաստատությունների ստեղծումն ու պահպանումը քիչ միջոցներ չեն պահանջում: Իսկ ուսուցումն առայժմ անվճար է: Համենայն դեպս, այդպիսի դպրոցներն ու լիցեյները չէին հրաժարվի բարոյապես օժտված հովանավորներից, որոնք օժտվածների խնդիրներն ի վիճակի են հասկանալու: Չէ՞ որ օժտվածների ուսուցումը ոչ թե շահութաբեր, այլ բարոյական գործ է:

Իսկ հանրությունն ի՞նչ կստանա: Որոշ խելացի աշակերտներ նրա զարդը և հպարտությունը կդառնան, մյուսներին կկոտրի հիվանդությունը, երրորդները, կպարզվի, սովորական կամ պարզապես անհաջողակ են: Եվ այնուամենայնիվ հրաշամանուկների մեկ երրորդը հանգամանքների շնորհիվ (հաճախ էլ՝ հակառակ հանգամանքներին) կյանքում բարձունքների է հասնում:

Օժտված երեխաների լիցեյներից մեկի տնօրենին` Ռուսաստանի վաստակավոր ուսուցիչ Տատյանա Վլադիմիրովնային, օժտված երեխաները վաղուց են հետաքրքրում: Եվ երբ, նրա մոտ բերեցին փոքրիկ Սավելիին, որի համար շատ դժվար էր սովորական դպրոցում, կարողացավ նրա ուսուցումը անհատական ծրագրով կազմակերպել: Տղայի ոչ սովորական ընդունակությունները կարողացան բացահայտել և զարգացնել: Հասակակիցների և ուսուցիչների հետ շփման դժվարություններին ըմբռնումով էին վերաբերվում:

10 տարեկանում Սամվելին ֆիզիկայի շատ հետաքրքիր դասագիրք էր հորինել (այսօր դպրոցի ծրագրում դա երբեմն գործածում են): 10 տարեկանում Սամվելի Կոսենկոն միջնակարգ դպրոցն ավարտեց և բուհ ընդունվելով՝ ընկավ Գինեսի ռեկորդների գիրքը: Հիմա նա 16 տարեկան է, ավարտել է ինստիտուտը, միանգամից սովորելով 2 ֆակուլտետներում, և հիմա շարունակում է ուսումը ԱՄՆ-ում:

Հետո հայտնվեց ևս մեկ հրաշամանուկ` Դանիել Լանտուխովը: Նա դպրոցը հաջողությամբ ավարտեց և ինստիտուտ ընդունվեց, երբ դեռ 12 տարեկան չկար: Վարժարանից մի աղջիկ էլ 13 տարեկանից սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:
Իհարկե, նշված դեպքերում նպատակը ռեկորդ չէր: Ո´չ ուսուցիչները, ո´չ ծնողները նման գերակատարման չեն ձգտել: Բայց ընդունակությունների բուռն զարգացումը արհեստականորեն հետ պահելը հաճախ ուղղակի անհնար, նաև վտանգավոր է (նևրոզի պատճառով): Նման առաջխաղացման մեջ ոչ միայն ակնհայտ պլյուսներ, այլ նաև ոչ քիչ ակնհայտ մինուսներ կան (դրանց մասին արդեն խոսվել է): Դրա համար էլ ուսուցիչների, հոգեբանների, բժիշկների խնդիրներից մեկը բոլոր բացասական հետևանքները հնարավորին չափով հարթելն է. օժտված երեխային ոչ թե հիացմունք, այլ օգնություն է պետք:

ՌԳԱ հոգեբանության ինստիտուտի առաջավոր գիտաշխատող Վ. Ս. Յուրկևիչը, տասնյակ տարիներ զբաղվելով օժտված երեխաներով (դեռ այն ժամանակներից, երբ այդ թեման լուռ արգելված էր), արտակարգ շատ բան է արել նման երեխաների ուսուցման կայացման համար, իսկ գիտությունների դոկտոր Ն. Ս. Լեյտասի ջանքերի շնորհիվ (մեր երկրում օժտված երեխաների դաստիարակությամբ զբաղվող առաջիններից մեկը) բոլոր այս տարիներին չի մարել այսքան կարևոր հետազոտական աշխատանքը:

Այսօր օժտվածների թեման մոդայիկ է: Հայտնվում են դպրոցներ, որոնք թեթև վերցնում են այդ գործը: Նրանք իրենց գլխավոր խնդիրը համարում են ուսուցման համար հատուկ հարմարավետ պայմանների ստեղծումը: Ահա, թե ինչ: Օժտված երեխաների (և ընդհանրապես երեխաների) համար ավելի վտանգավոր բան չկա, քան ավելորդ հարմարավետությունը: Պատահական չէ, որ աշխարհի ամենաէլիտար՝ Անգլիայի «Իթոն» դպրոցում ընդհանրապես սպարտայական պայմաններ են: Ահա, օժտվածների համար ռուսական դպրոցները նույնպես կառուցվում են զարգացնող անհարմարավետության գաղափարով. անհրաժեշտ է բարդ, լարված գործունեություն, որտեղ անգամ օժտված երեխան է ստիպված լինում քրտնաջան աշխատել: Ինչքան էլ պարադոքսալ լինի, բայց ուսուցման ոչ հետաքրքիր պահերը ևս անհրաժեշտ են, երեխաները պետք է հաղթահարեն իրենց` մարզելով «կամային մկանները»: Մտավոր աշխատանքը դժվար պետք է լինի:

Բնությունը փորձ է դնում օժտվածների վրա: Եվ երբեմն` անհաջող: Հասարակության մեծ կարեկցանքին, պաշտպանությանը և հոգատարությանն են արժանի նրանք, որ իրենց առողջությամբ և կյանքով են վճարում մարդկության առաջընթացի համար, նրա համար, որ նա ամեն սերնդի հետ ավելի խելոք է դառնում: Եթե դուք և ձեր երեխաները «բոլորի նման» եք, դա ձեր երջանկությունն է: Բայց զարգացումը, որպես կանոն, առաջ են տանում ոչ նրանք, ովքեր «բոլորի նման» են: Մեր պարտքն է աջակցել նրանց թեկուզ այն պատճառով, որ նրանց համար դժվար է:

Յուրաքանչյուրն է տաղանդավոր, և տաղանդն էլ չափ ունի

Գիտական հոգեբանության մեջ տարբերում են 2 տիպի օժտվածություն` մտավոր և ստեղծագործական: Առաջին տեսակն ուսումնական մեծ ընդունակություններով, հանրագիտարանային գիտելիքներով է առանձնանում: Երկրորդ՝ ստեղծագործական տիպի մարդիկ առաջին հերթին օժտված են ոչ սովորական մտածելակերպով, մատուցվող գիտելիքներին հավատ չեն ընծայում, ամեն ինչին ձգտում են իրենց խելքով հասնել: Ոչ միայն նրանց ուղեղն է այլ կերպ կառուցված, այլ նաև անհատականությունն է այլ կերպ կազմակերպված (տանը, դպրոցում, ինստիտուտում նրանց օժտվածությունն այդպես էլ կարող են չնկատել): Ստեղծագործական ընդունակություններն անպայման ենթադրում են զարգացած գիտակցություն, իսկ մտավոր օժտվածները ստեղծագործական ընդունակություններ կարող են բոլորովին չունենալ:

Ժամանակակից մեթոդիկաները բավականին օբյեկտիվ են գնահատում և´ մտավոր, և´ ստեղծական ընդունակությունների մակարդակը: Նորմայից բարձր ընդունակությունների մակարդակով մարդիկ մոտ 10 տոկոս են: Այստեղ մտնում են և´ ուղղակի ընդունակները, և´ տաղանդավորները, և´ հանճարները. նրանց բոլորին հատուկ է մտավոր մեծ աշխատունակությունը: Շատ բարձր մակարդակով օժտվածների խմբում շուրջ 0,5 % է:

Օժտվածության՝ մանրամասն մշակված մեթոդիկաներով թեստավորումն անցկացվում է ռուսական կրթական ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի երեխաների օժտվածության զարգացման հոգեբանության լաբորատորիայում:

Թարգմանեց Մարինե Ամիրջանյանը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.