«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Կոժուրինա Լյուդմիլա

Ինչու է մեզ համար  դժվար երեխաներին դաստիարակելը

Ընթերցումների թեման մեկն է,  պատասխանները` շատ…

Ամեն տարի Մոսկվայի Ուսուցչաց  տան դահլիճներում միմյանց հանդիպելը երկրի շատ ուսուցիչների համար դարձել է ավանդական: Ո՛չ  եղանակը, ո՛չ  էլ ծրագիրը  մեզ ոչ մի անգամ հուսախաբ չեն արել: Ընթերցանության օրերը միշտ էլ պայծառ են եղել: Գեղեցիկ, մի քիչ էլ` հանդիսավոր: Հետաքրքի´ր: Տոնակա´ն: Խելացի´: Այս տարի հյուրերին դիմավորեցին խնձորներով: Կարմիր, դեղին, կանաչ: Սկուտեղների, անձեռոցիկների, մրգամանների, զամբյուղների մեջ. կե'ր ինձ: Խորհրդանի՞շ է: Փոխաբերությո՞ւն: Այո, իհարկե':  Իմացության  ծառի պտուղը, կյանքի և ընտանեկան հարաբերությունների խորհրդանիշն է:

Իսկ նրանց համար, ովքեր ճանաչում էին Տատյանա Բաբուշկինային, սա նաև  ուղղակիորեն զուգակցվում էր  նրա ինքնատիպ մանկավարժական աշխարհի մի  բացատի` «խնձորային մանկավարժության»  հետ: Այս գարուն Տատյանա Բաբուշկինան հեռացավ:  Տասներկուերորդ Սոլովեյչիկյան ընթերցումները  նվիրվում  են  նրա հիշատակին:

Առաջին օր

Ընթերցումները բացեց, թեման հայտարարեց, հյուրերին ողջունեց «Սեպտեմբերի մեկ» հրատարկչական տան խմբագիր Արտեմ Սոլովեյչիկը.

- Որ՞ն է դաստիարակության դժվարությունը: Դա  մեկ այլ մարդու ներաշխարհի հետ շփման  դժվարությունն է: Այստեղ ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, ամեն ինչ ուղղագիծ չէ: Յուրաքանչյուր ոք իր առանձնահատկություններն ունի, երեխաները շատ տարբեր են, և երբ դատողություններ ենք անում  դաստիարակության մասին, կարդում ենք ձեռնարկներ և տեղեկատու գրականություն, հարց է առաջանում` իսկ ինչպե՞ս այս ամենը կիրառենք կոնկրետ իրադրության մեջ, կոնկրետ երեխայի դեպքում: Դաստիարակողի  ընտրությունը դժվար է` հետևենք հրահանգների՞ն, թե՞ մեր նպատակը երեխայի արժանապատվությունն ու  ոգին ամրացնելն է: Եկեք մտածենք` ինչպիսի՞ մանկավարժական սկզբունքներ պիտի լինեն դպրոցի հիմքում, որը  առանց բարոյախոսական խրատների և առանց պատիժների կդաստիարակեր:
Հարցեր, հարցեր… Արդյո՞ք ընթերցումները սրանց պատասխանները կտան: Դա էլ է հարց:

Երբ ամեն ինչ ըստ ծրագրի էր ընթանում, ակնհայտ դարձավ, որ պատասխաններ կլինեն: Դատելով դահլիճի մտախոհ լարվածությունից, ինչ-որ ներքին զսպվածությունից` դրանք այնքան էլ ակնհայտ չեն լինի, ինչպես նախապես ենթադրվում էր:
 
Առաջին պատասխան

Լիարժեք չապրած մանկությունը մարդու և հասարակության բազմաթիվ հիմնախնդիրների աղբյուրն է: Մանկությանը պետք է հասունանալու հնարավորություն տալ:

… Տատյանա Բաբուշկինայի Ռոստովյան ակումբի ելույթին բոլորը չկարողացան մասնակցել. ազատ տեղ չկար, անգամ կանգնելու տեղ չկար: Կապույտ հյուրասրահում ուղիղ հեռարձակում էին, սակայն այնտեղ էլ նստելու տեղ չկար:
 «Երեխաներին վաղ ենք սոցիալականացնում, նրանց շտապող ու անազատ դարձնում… Նույնիսկ երեխայի` խաղալիքի նկատմամբ վերաբերմունքից միշտ երևում է` նա ազատ է, թե ոչ»,- հնչում է Տատյանա Վիկտորովնայի ձայնը, նրան տեսնում ենք էկրանին: Սակայն մի բան է  երեխայի մասին նրա խոսքի ճշգրտությունը, հիասքանչ անսովորությունն զգալը, բոլորովին այլ` հասկանալ, ինչ գնով է դա ձեռք բերվել:

Բեմում ռոստովցի Վետա  Խրյաշչևան, Վոլոդյա Ցեխը, Իրա Գոնչուկը, Մարինա Կիրնոսովան են.  նրանք թեև հուզվում են, բայց իրենց ուղուց չեն շեղվում.  «Փակե'ք աչքերը… լսե'ք… հիշե'ք… ». Մեծ դահլիճում, անծանոթ մարդկանց մեջ իսկական արիություն է: Նրանք փորձում են յուրաքանչյուրի մեջ կենդանացնել իր մանկության սիրելի վայրերի մասին հուշերը: Դժվար է, սակայն այլ կերպ չի լինի: Երեխայի տարածությունը մտնել, նրա ժամանակում կարելի է հայտնվել միայն ինքն իր մեջ ամենից նվիրականն ու ամենահարազատը` սիրած խաղալիքի  ջերմությունը, բլիթների բույրը, ձմռան սառնամանիքին դրսից բերված սպիտակեղենի թարմությունն արթնացնելով: Այդ ժամ բոլոր չափանիշները այլ են դառնում. լավը շատանում է, վատը` քչանում: Կարելի է խոսել բազմոցի հետ, իրեն հայտնաբերել կաղանբի մեջ, լույս խմել …

Որպեսզի ներաշխարհով մարդ ծնվի, երեխան խորքային մեծանա և մակերեսային էակ չդառնա, մանկությանը չի կարելի  ի միջի այլոց  վերաբերվել:

Կինոկադրերը շարունակվում են, Տատյանա Վիկտորովնան  ասում է.

 «Ի՞նչ է մանկավարժը: Սա իմ հարցը չէ, իմ երեխաների հարցը չէ»: Մենք նայում ենք, դիտում ենք նրա երեխաներին. թռչկոտում են անձրևի տակ, երգում են, քայլում են լեռնային արահետով, նստում են խարույկի մոտ, խնձոր կծում, քամի են բռնում, անձրև սարքում, ոզնի կերակրում: Կչկչում են ռեպ պարելիս` դիմակահանդեսային հագուստներով, նկարված մարմիններով և երջանիկ աչքերով. ահա արևի շտեմարանը:

Եվ բոլորին հասկանալի դարձավ. Տատյանա Բաբուշկինան դրա բանալին իր հետ չի տարել:

Երկրորդ պատասխան

Մեծահասակը երեխայի կողքին ոչ թե ինքն իրեն պետք է վստահի, այլ իր միջի երեխային: Դրա համար մեզանից յուրաքանչյուրում ապրող երեխան պիտի պահանջված լինի:

… «Ինչպես մեծահասակը բացահայտի իր ներսի երեխային» դասախոսության սկզբում Ալեքսանդր Լոբոկը միանգամից չէր գտնում ելակետը, երևում էր, որ նա  ենթագիտակցորեն «շոշափում»  էր այն. ո'չ մեջբերում, ո'չ կոնկրետ իրադրության օրինակ: Այդպես էլ հավանաբար երեխայի հետաքրքրությունը հնարավոր չէ պլանավորել, չի համապատասխանում մեր սպասելիքներին:

- Հարկավոր ոչ թե վերհիշել քո ներսի երեխային, այլ պիտի կարողանալ հասնել այդ բացառիկ իրավիճակին, երբ քո ռեակցիաները առավել ինքնաբուխ են դառնում,- ասում է դասախոսը:

Դահլիճում տարակուսում են. այսինքն ի՞նչ` սեփական խոսքերի համար պատասխանատու չլինե՞ն: Այդքան էլ այդպես չէ: «Անցման» օրինակը չհապաղեց. դասախոսը ճմռթում է թղթի կտորը. «Ինչի՞  նման է»: - «Ժապավենի»: «Եվ այս ժապավենը…» - «Տոնի ժամանակ կարելի է կապել»: - «Եվ…» … Երկխոսությունը ձգվում  է, տեմպը` համաչափ արագանում, ռի'թմ, ռի'թմ. մարդը չի կարողնում պատասխանները կշռադատել, նա տրվում է ակնթարթային զուգորդումների, հասնում ենթագիտակցության մակարդակ: Նա դուրս է պրծնում «ինչպես ճիշտ է»-ի  գերությունից  և ամբողջովին տրվում ինքնարտահայտմանը: Հենց սա էլ պետք էր ապացուցել` հենց այս  մանկական ազատությունը, անկանխատեսելիությունը ուղեկցվում է երկխոսության մասնակիցներից յուրաքանչյուրի դեմքի երջանիկ արտահայտությամբ:

Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ իր սեփական փորձառությունը հորինելով է զբաղվում, սակայն ինքն իրեն, իր ներսի մարդուն վստահել կարողանալը այնքան էլ հեշտ  գործ չէ:

Ահա  բոլորին սրտամոտ թեմա` կարգապահության սովորեցնելը: Ենթադրվում է, որ կարգապահության սովորություն պիտի մշակվի: Պայքարում են կարգապահության համար: Սակայն սա ինքնին նշանակում է մարդու իրավունքների հաստատում առարկայական խառնաշփոթի տիրույթի վրա  դրա կարգավորման սեփական հետագծով, կարգավորման գործողության համար սեփական նվիրապետությամբ: Ներքին ջանքերով, այլ ոչ թե ուրիշի կամքի ինքնաբերաբար կատարմամբ: Տարբերությունը շատ մեծ է: Մանկական քայլը արդեն իսկ ստեղծագործական է` իրականություն – ենթագիտակցություն - գործունեության փորձ: Մեծերը «այսպես է պետք» ալգորիթմների գերիներն են:

Իսկ  միշտ այլ կերպ է պետք…

Քննարկումների մեջ թերություններ չկային: Ծայրահեղ դեպքում շատերի համար սեփական մանկավարժական, ծնողական փորձից ինչ-որ բան պարզվեց. «Ամեն ինչ անում եմ, ինչպես հարկն է, և´ հասկանում եմ, և´ հաշվի եմ առնում նրա հետաքրքրությունները, պայմաններ եմ ստեղծում, սակայն ոչինչ չի ստացվում»: Չի ստացվի, քանի դեռ օտարված ենք մեր մանկությունից: Մեր ներսի երեխայից հեռու ենք:

Երրորդ պատասխան

Ինչպես ցանկացած բարդ համակարգում, մանկավարժության մեջ չի կարելի ուղղակի և արագ օգուտի ձգտել: Պետք է ձգտենք մանկավարժական մշակույթի բարդ բազմազանությունը և գեղեցկությունը հասկանալուն: 

…Վասիլի Կոլչենկոն դահլիճի հետ «Դաստիարակությունը և բարդ համակարգերը. երեխաներ, մեծեր, դպրոց» թեմայով զրույց է վարում:

- Կանխատեսելիությունը պարզ համակարգի հատկություն է,- ասում է Կոլչենկոն:- Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում մարդու, երեխայի հետ, չափազանց մեծ թվով գործոններից է կախված: Եվ եթե ստիպված ենք մեր առջև դաստիարակչական նպատակներ և խնդիրներ դնել, ապա ամեն օր դրանք պետք է խմբագրել: Չէ՞ որ անիրականանալի ցանկությունների դաշտ ստեղծելը նշանակում է մշտապես հիասթափվել:

Սակայն դպրոցը, ընտանիքը, երեխան մշտապես չափում են: Չափորոշիչներ ստեղծում են մարդիկ, ովքեր ոչինչ չեն հասկանում ո'չ դպրոցից, ո'չ երեխայից և ո'չ էլ մանկավարժությունից: Բարդ, բաց համակարգում պարզ, փակ համակարգի չափսերը կիրառելը արկածախնդրություն  է: Այո, չինովնիկներին այդպես ավելի հարմար է: Բայց ինչպես է դա ջղաձգում դպրոցը և այնտեղի մարդկանց: Դաստիարակությունը այս դեպքում դառնում է կախյալ, ենթակա, պարզունակ: Դառնում է իր հակադրությունը:

…Դահլիճի վերաբերմունքից հասկանալի է. թեման ցավոտ է: Չէ՞ որ երեխաների կողքին ոչ թե պետական պաշտոնյաներն են, այլ ուսուցիչները, տնօրենը:  Դպրոցական դաստիարակության վերաբերյալ «պատասխանատու» ղեկավարության տգետ որոշումների հետևանքների հետ նրանք են գործ ունենում: Ուսուցիչները խոսում էին իրենց դաստիարակչական անհաջողությունների, մրցակցության և համընդհանուր վերահսկման մթնոլորտում նորանոր սխալների անխուսափելիության մասին, այն մասին, թե ինչ դժվար է այդպես ապրելը, երբ հարկավոր է երեխաներին հաշվետվության համար անհրաժեշտ  գործողությունների վարժեցնել…

Օրն ավարտվեց Ֆեդերիկո Ֆելինիի  «Ամարկորդ»  ֆիլմի ցուցադրությամբ: Մի պատմություն է, որի հիմքում ռեժիսորի հուշերն են սեփական մանկությունից: Գաղափարն այն է, որ մարդկանց գոյության միօրինակությունն ու միաչափությունը ոչ այնքան արտաքին հանգամանքների հետևանք է, որքան մարդկային զանգվածների հոգեբանական հատկություն…

Երկրորդ օր

Այս օրը նվիրված էր դաստիարակության փորձին: Սեմինարներ, վարպետ-դասարաններ, բաց դասեր: Հյուրերի տրամադրությունը գործնական է, սակայն չի խանգարում շփվելուն:

Խոսակցությունների հիմնական միտքն այն է, որ լավ է` այս թեման բացել են: Շատ կարևոր բաների վրա ուշադրություն դարձրին. դատարկ ջուր չծեծեցին:

Ընթերցումների երկրորդ օրվա միջոցառումները հուսախաբ չարեցին:

Չորրորդ պատասխան

Թեև «բացահայտում», «հայտագործություն» բառերը մանկավարժության մեջ վաղուց արժեզրկվել են, այնուամենայնիվ, ո'չ ուսուցիչը, ո'չ սովորողը առանց «Էվրիկա, գտա» զգացողության չեն կարող կայանալ:

… Ծրագրում նշված է. «Բաց դասը վարում է Շալվա Ամոնաշվիլին»:

Բեմի վրա իսկական նստարաններ են, աթոռներ, գրատախտակ:

Շալվա Ալեքսանդրովիչը «աշակերտներին» դասի է հրավիրում:

- Կգնամ,- շշնջում է մի ուսուցչուհի մյուսին,- հետո կկարողանամ բոլորին ասել, որ Ամոնաշվիլուց եմ սովորել:
Դասարանը արագ հավաքվում է: Կարծես թե պարզ դաս է` տարրական դպրոցի մաթեմատիկա, թվեր, վանդակներ, գծեր: Բայց և անսովոր է. աշակերտների ենթադրությունների, կռահումների հիման վրա է կառուցված, հաճախ սխալ: Իսկ ի՞նչ անես: Անսխալականություն պահանջես` պասիվություն կստանաս: Միայն առարկան սովորեցնես` կհոգնես և ոչինչ էլ չես սովորեցնի:

 «Մաթեմատիկան թվերի սիմֆոնիա է»,- սկսում է Շալվա Ալեքսանդրովիչը: Նա գեղեցկություն և ներդաշնակություն է փորձում սովորեցնել, իսկ առաջադրանքներն «ի միջի այլոց» կլինեն: Ամենալավն այն է, որ մարդ կարողանում է դժվար խնդիրները լուծել` առանց լուծելու:

 ...«Աշակերտները» մտածում են, լարվում, ջանում, հիշում. կարծես այնքան էլ չի ստացվում: Բայց ահա դասերի դասը. իրենց սեփական ենթագիտակցության նկատմամբ մանկավարժների անվստահության խնդիրը բացահայտ դրսևորվում է: Ենթագիտակցությունը վարժված չէ, որովհետև պահանջարկ չի ունեցել: Այնուամենայնիվ, Ամոնաշվիլու դասի քառասուն րոպեն մեծամասնության համար բավական եղավ, որ դասի ամենավերջում դեմքերը լուսավորվեն  ըմբռնման պահի հաճույքից:

Իմ հարևանուհին իր տեղը վերադարձավ միանգամայն երջանիկ. «Տեսա՞ք: Իմ ձեռքը սեղմեց»:

Տեսանք: Ամոնաշվիլին իսկական ուսուցիչ է:

Հինգերորդ պատասխան

Հազար բացատրություն կլինի, թե ինչու դասին աշակերտի անձնական կարծիքը տեղ չունի: Իսկ երեխաների թանկարժեք դատողությունների հետ աշխատելու պատրաստակամություն մանկավարժները շատ հազվադեպ են դրսևորում:  Ինչու շատ հաճախ չես հանդիպում այնպիսի մանկավարժների, ովքեր պատրաստ են աշխատել արժանի մտքեր ունեցող երեխաների հետ:

Երբ Մարինա Բիտյանովան սկսեց «Դասի դաստիարակչական ներուժը» թեմայով սեմինարը, ունկնդիրներին պարզ դարձավ, որ խոսքը լինելու է այն մասին, թե դասի ժամանակ ինչպես պետք է աշխատել արժեքների և մտքերի հետ: Պատրաստվում էին պատասխանները գրի առնելու. հարկավոր է աշխատել ահա այսպես, կարելի է նաև այսպես և ահա այնպես:

Պարզվեց` ամեն ինչ այդքան ակնհայտ չէ: Նախ պետք է ինքդ քեզ պատասխանես` իսկ ինչպիսի՞ ուսուցիչ ես: Որ՞ն է քո մանկավարժական ոճը: Դրանից ելնելով էլ փորձիր քո առարկայի դասերին արժեքների հետ աշխատանքը «տեխնոլոգիացնել»:

Ի՞նչ կանխադրույթներից պետք է ելնել: Առաջին` ներկա պահին մարդը ինչով զբաղված է, հենց դա էլ նրան դաստիարակում է: Երկրորդ` մարդու համար ամենակարևորը մյուս մարդկանց հետ հարաբերություններն են: Երրորդ` մարդուն անհրաժեշտ է անհատական ուշադրություն. «Այ հիմա, այս ժամանակահատվածը քեզ հետ եմ անցկացնում»: Եվ վերջինը` գիտակցումը, ձևակերպումը և արժեքների ստեղծումը լինում են այն ժամանակ, ուսուցիչը ընտրություն և դրա հիմնավորումը պահանջող իրավիճակներ է մոդելավորում:

…Սեմինարն ավարտվեց, մինչդեռ ունկնդիրները շարունակում էին լուռ նստած մնալ տեղերում: Իհարկե, սովորեցնելը մեր առաջին գործն է: Սակայն գլխավորը, պարզվում է, բոլորովին այլ բան է: Այն է, ինչ չեն էլ հարցնում:

Վեցերորդ պատասխան

«Ճիշտ մոդելները» պատճենելուց անիմաստ բան չկա: Վարքի օրինակների համար չենք թրեյնինգների և վարպետության դասերի գնում:

…Բայց այդ մասին մտորող երիտասարդ ուսուցիչները Իգոր Վաչկովի «Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն: Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով» վարպետության դասն սկսվելուց առաջ շատ չէին: Դա էր պատճառը, որ «ընդվզող» աշակերտի համատեղ քննարկումը որոշակի պահի դրամատիկական ձևեր ընդունեց:

Պարապմունքի սյուժեի համաձայն հարկավոր էր պառավ Շապոկյլակի  (բողոքավոր վարքի փոխանուն) անկարգություններին վերջ դնելու միջոցներ մտածել: Ցանկը կազմելը դժվար չէր` անկեղծ զրույց, նվերներով բարիացում, ինքնասիրությունը շոյելու փորձ, թեկուզ կեղծ պաշտոնի շնորհում: Բայց ի~նչ դժվար է միմյանց հետ չվիճելը` սեփական «այդպես ճիշտ է»-ն պնդելով: Եվ ահա արդեն վարպետության դասի վիրավորված մի մասնակից ցուցադրաբար դուրս է գալիս դահլիճից:

Պետք է ընդամենը բոլոր աչքերին նայել. ահա ամեն մի մարդու բողոքական վարքի պատճառը` իր կարծիքի նկատմամբ հասարակության անուշադիր վերաբերմունքը, դա ընդունելու անհնարինությունը, իրեն ուղղված ցանկացած «չէ»-ն: Նախ և առաջ սա պետք է հաշվի առնել, իսկ մանկավարժական հնարքները արդեն կարող են շատ տարբեր լինել` ուղղակի և փոխաբերական, ընդունված և ինքնատիպ:

Յոթերորդ պատասխան

Դա գաղտնիքի մասին է:
Երկրորդ օրվա ընթացքում Կապույտ հյուրասրահում Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ճամփորդություն էր անցկացնում նրա մանկավարժական աշխարհի տարբեր անկյուններով: «Խառնաշփոթ մանկավարժություն», «հովանոցային», «խնձորային», «պատուհանային», «զարդատուփային», «հեքիաթային», «ստվերների մանկավարժություն». Ընդգրկուն և, թվում է, անվերջ տեղագրություն է: «Եվ էլի…». պարապմունքների ժամանակ սա Տատայանա Վիկտորովնայի սիրած նախաբանն էր: Իսկ դեպքերը չէին շարվում մեկը մյուսի հետևից, այլ մի պլանից անցնում էին մյուսը, փոխակերպվում էին:

… Գործընթացը Իրա Գոնչուկն է վարում, Տատյանա Վիկտորովնայի քսանի չափ աշակերտներ ընկերակցում-ձայնակցում են: Ահա հասարակ չփչված փուչիկը: «Ինչպիսի՞ն է»:  - «Վարդագույն… Անցյալում կարմիր... Տխուր… Հարկավոր է փչել»: - «Նա գովաբանությունից կուռչի: Գովեք փուչիկը»: Սկզբում պարզունակ խոսքեր են. «Դու գեղեցիկ ես… Քեզ սիրում ենք»: - «Էլի´, էլի´»: Ճիշտ որ այնքան էլ հեշտ չէ գովելը: Պետք է խորանալ: «Երբեք ոչ մեկին չես նեղացնի, չես վախեցնի»,-վերջապես համոզիչ խոսք է հնչում, և փուչիկները, բազմաթիվ ձիգ փուչիկներ պտտվում են մեր գլխավերևում: Թռիչքներ: Բայց արդեն ոչ միայն փուչիկներ են թռչում, այլ նաև թղթե ծիտիկներ: Ահա. թռիչքը` թռիչք, փուչիկից հասանք թռչունին: Իսկ թռչունի՞ց: Բնին. շուռ տված հովանոց` թղթե ծիտիկներով: Վա~յ, սա արդեն ոչ թե բույն է, այլ ճոճվող օրորոց, և այնտեղ` գույզգույն թղթերի կույտի տակ (դրանք արդեն ծիտիկներ չեն) լաթե մանկիկն է… «Նրա անունն ի՞նչ դնենք… Էլի… էլի»: Անընդհատության մեջ ամեն ինչ անտեսանելի թելերով կապված է ամեն ինչի հետ` անվան գաղտնիքը, իրի գաղտնիքը, մանկության գաղտնիքը:

Եվ ահա, թե ինչն է հետաքրքիրը. այս ամենը հասկանալ էին ուզում (վարպետության դասին եկել էին) երկու խումբ ուսուցիչներ` ամենաերիտասարդները և ամենափորձառուները, նրանք, ովքեր ավանդական հոսքային մանկավարժությունը չէին հասցրել ճանաչել, և նրանք, ովքեր արդեն հիասթափվել էին:

Ութերորդ պատասխան

Թող դաստիարակը երջանիկ լինի:

Ընթերցումների ծրագիրը Նինա Ալահվերդովայի հետ հանդիպմամբ եզրափակվեց: Սա կարծես «Կյանքի գիծն» էր, միայն թե առանց շպարի, առանձնահատուկ էֆեկտների և խմբագրումների: Եսի պատմությունն էր` մեծ և բովանդակալից կյանքից եկող լուր: «Ինչո՞ւ է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը: Որովհետև ամբողջ ընթացքում մասնավորից դեպի ընդհանուր ենք գնում»:

Ինչ որ ճիշտ է, ճիշտ է. մտածում ենք, դատողություններ անում արարքի հորիզոնում, իրավունքներին ապավինում, և այս ամենը դատարկ խոսակցություններ են: Եթե մեծահասակը ինքը կոտրված է, ճնշված, հոգեկան հենարանից զրկված, նրա կողքին երբեք երեխաները չեն կարող պաշտպանված զգալ, լավատեսորեն տրամադրվել: Լավատեսությունը շատ կարևոր է: Լավատես մարդիկ հեռու են գնում:

Եվ խոսքն ամենևին էլ սոցիալական խնդիրների մասին չէ, և ոչ էլ այն մասին, թե «պետությունը մեզ ինչ է անում»: Պետությունը վանդակից բացի այլ բան չի էլ կարող լինել: Հարցը այլ կերպ դրեք. այդ ամենի առումով դուք ինքներդ ինչի՞ կրող եք, ինչո՞վ եք պատրաստ պատասխանելու, ի՞նչ եք հակաճառելու: Հարցն այն չէ, թե նրանք ինչ են ասում և անում, կարևորն այն է` մենք ինչ ենք անում, ինչպես ենք մտածում, ինչպես ենք վերաբերվում դժվար հարցերին: Այդ պատճառով էլերեխաների դաստիարակության խնդրի շուրջ խոսակցությունը առավել ընդհանուր հիմնախնդիրների համեմատ մասնավոր է: Ինչո՞ւ է մարդու համար սեփական կյանքում լիարժեք ներկայության զգացումը, սեփական արժանապատվության զգացումը պահպանելն այդքան դժվար: Ինչո՞ւ նա չի կարողանում կյանքն ընդունել որպես օրհնված, հրաշքներով լի մի բան: Իսկ ինչո՞ւ է այդպես վախենում սիրելուց...

Իններորդ պատասխան

Կամ Ինչ պատմեցին ընթերցումների հյուրերը: Դաստիարակության մեջ շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված է մեծահասակների դրվածքից:

Ամենասկզբում ընթերցումների եկած հյուրերին հարցաթերթիկ էին բաժանվել. հարկավոր էր «Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը» թեմա-հարցի մեջ ընդգծել բառերից մեկը, որում թաքնված է խնդիրը:

Մանկավարժները ոչ միայն ընդգծել էին բառը, այլ նաև հիմնավորել: Երեխաներին չէին քննադատել: Դաստիարակության դժվարության պատճառները համարել էին մեծերի և երեխաների մեկուսացումը, սոցիալական հիմնախնդիրները, դպրոցում դաստիարակչական գործընթացի կառավարման արատները: Սակայն գլխավոր պատճառը, մեծամասնության կարծիքով, հենց մեր մեջ է: Մենք կամա թե ակամա ջանում ենք երեխաներին մեզ հարմար, լսող դարձնել: Տանը, դպրոցում: Ջանք ենք թափում ազդեցության և ոչ թե փոխազդեցության վրա: Դրանից չէ՞, որ այդքան հաճախ է մեր առջև հառնում այդ հուսահատ, անելանելի «Բայց ինչո՞ւ»-ն:

...Պատասխաններն ամբողջությամբ կարող եք կարդալ երկրորդ տետրի էջերում, որտեղ ընթերցումների բոլոր ելույթների սղագրությունը բերված է:

Սոլովեյչիկյան XII ընթերցումների իրադարձությունների ժամանակը սպառված է: Փակման արարողությունը եղել է. «Շատ շնորհակալ ենք ձեզանից, որ գալիս եք ընթերցումներին: Ձեզնից յուրաքանչյուրը օգնեց, որպեսզի ընթերցումները լինեն հենց այնպիսին, ինչպիսին եղան: Եվ դրանք յուրահատուկ եղան»:

Այնքան յուրահատուկ, որ դեռ երկար ժամանակ չէինք կարողանում հեռանալ:

Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.