«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Թամեռլան Թադտաև

Որդին

Երբ հրաձգությունն սկսվեց, ես և Օլեգը վազեցինք դեպի ձախ ափը: Օլեգը սլանում էր մեր գնդացիրով, իսկ ես ուսիցս կախ ընկած գնդակների ժապավեններով փոքրիկ բաքերն էի շխկշխկացնում:

- Ա~յ քեզ շոգ,- բացականչեց Օլեգը, երբ անցնում էինք հին կամուրջը:- Հը՞, չլողա՞նք:

- Գժվե~լ ես,- պատասխանեցի `հաճախակի կուլ տալով տաք օդը:
-Տե´ս`ինչ կեղտոտ է ջուրը:

Շուրջը գնդակներ էին սուլում, իսկ թիկունքից քաղաքում արկեր էին պայթում: Չէի համբերում, թե երբ պիտի հասնենք քաղաքային զբոսայգու վերջում գտնվող մանկապարտեզին, որտեղից երևում էին վրացիների դիրքերը…

- Թքած,- գոռաց անհանգիստ Օլեգը:- Երբ վերադառնանք, անպայման կսուզվեմ Լիախվան:

Նա հանկարծ կտրուկ կանգ առավ և, թիկունքով շրջվելով դեպի անտառը, որտեղից կրակում էին, կռացավ և հետույքը թնդանոթի տեղ դրած` համազարկ արձակեց թշնամու ուղղությամբ: Ես վազելով հասա զինկոմիսարիատի եռահարկ դեղին շենքին և արդեն այնտեղից սկսեցի հետևել այդ ծաղրածուին: Ազնիվ խոսք, վախից սկսեցի դողալ, երբ նա սկսեց խեղկատակություն անել: Դե ահա, ամենահաջողված համարը. Օլեգը բարձրանում է կամրջի բազրիքին (մեր գնդացիրն էլ հետը) և ակրոբատի նման քայլում նրա վրայով: Բայց ակրոբատին չեն կրակում, երբ զգուշությամբ շարժվում է ձգված լարի վրայով. նա չի վախենում, որ քսանմետրանոց բարձրությունից լեռնային փոթորկուն գետը կընկնի. նրան հանդիսատեսը ծափահարում է: Հետն էլ նա ապահովագրված է: Բայց դու հո ակրոբատ չես, ես քո…Կարծես իմ լարված ու մերկ նյարդերի վրայով ես քայլում, իսկ ես`քո միակ հանդիսատեսը (ձախ ափի էրեխեքն ինչ-որ չեն երևում) ամբողջ ուժով կխփեի քո դատարկ գլխին, եթե պատասխան ստանալուց չվախենայի: Իսկ դու ինչո՞վ ես ապահովագրվել, Օլեգ: Սեփական անմտությամբ, ա´յ թե ինչով: Ա´յ թե ընկեր ունեմ. ամեն վայրկյան կարող է ցած ընկնել գնդացրի հետ: Լավ, ասենք շտապում է իրենով ձկներին կերակրել, զենքն ինչո~ւ է սուզում:
Թեթևացած շունչ քաշեցի, երբ Օլեգը բարձր բազրիքից թռավ և դիմացի` ճանապարհի մյուս կողմի երկհարկանի աղյուսե տունը մտավ: Պատերազմից առաջ այդ հին շենքի առաջին հարկում կոմիսիոն խանութ կար: Երբեմն մտնում էի այնտեղ և զննում փոշեծածկ հին վերարկուներն ու արհեստական կաշվից անձրևանոցները: Ի դեպ, երբեմն կաշվից բաճկոններ էլ էին հանդիպում, բայց ոչ իմ չափսով: Չէ´, սուտ եմ ասում, ուղղակի փող չկար, թե չէ ինձ համար անպայման կառնեի, որ նոր, ավելի ճիշտ` հին շորով պճնված` իրիկունը զբոսնեի հրապարակում: Հիմա այնտեղ ձախափայինների զինամթերքի պահեստն է: Օլեգը տնից դուրս թռավ`ձեռքին գնդակների ցինկը:

- Ասֆալտը հալվում է,- հայտնեց նա`ափսոսանքով նայելով իր նոր սպորտային կոշիկներին:- Չէ´, տեսա՞ր`ինչպես են ոտքերը խրվում:

Զինկոմիսարիատը կիսով չափ թաղվեց վիթխարի բարդիների ստվերում, որոնց կատարները ամենամեղմ քամուց էլ տատանվում էին: Մտանք զբոսայգի, որպեսզի վերջին ռազմերթից առաջ շունչ քաշենք:

- Բա էրեխեքն ո՞ւր են,- հարցրեց Օլեգը:- Որտե՞ղ են թաքնվել բոլորով:
Նա ցինկը դրեց խոտերին ու նստեց վրան: Գնդացիրը դրեց ծալված ծնկներին:

- Երևի թաղում են գնացել,- կռահեցի ես:- Երեկ փոխհրաձգությունից հետո քանիսի~ն չտեսանք:

- Ռուխսագ ուտ լապպուտա (հոգիներդ լուսավորվի, տղերք),- տխուր ասաց Օլեգը:- Հիշո՞ւմ ես, էնտեղից վերջինը իջանք և մեր կորուստների մասին դեռ չգիտեինք…

Չէի լսում նրա դատարկախոսությունը: Մարտից առաջ միշտ էլ ուզում էի դատարկվել, բայց երբեմն դանդաղում էի`ականջ դնելով մարող սրտիս ձայնին: Հանկարծ շուրջը գույներն ավելի վառ դարձան, ստվերները` ավելի մուգ: Իսկ հետո այդ ամենը մի մեծ շագանակագույն կծիկ դարձավ, որից կախվել ու ճոճվում էր պատառոտված սպորտային կոշիկներով մի զույգ ոտք: Ոտքերը չեչոտկա էին պարում, իսկ շրջանակը աչքերիս առաջ թռվռում էր: Խոտի, անձրևից հետո չչորացած հողի, իրենց բամբակը թափող բարդիների բույրերը խցկվում էին քիթս. թվում էր` հնարավոր մահից առաջ ինքը բնությունն էր ինձ կյանքը շնչել տալիս: Կարծես տենդի մեջ դողում էի: Զգացողություններս ծայրաստիճան լարված էին:

«Հարկավոր է շարժվել,- մտածում էի:- Հա´, հա´, թե չէ գժվե´լ կարելի է»: Նայեցի Օլեգին, որը դեռ ինչ-որ բանի մասին խոսում էր:

- Բերանդ փակի´ր,- գոռացի:- Գնում ենք:

- Կորի´,- ժպտաց Օլեգը և վեր կացավ:

Համարյա խլացել էի ռմբակոծությունից. իմ կարծիքով Օլեգն էլ էր կոնտուզիա ստացել, որովհետև ես լսում էի ընկնող ականի սուլոցը, իսկ նա, թվում է, ոչ:

- Օլե´գ, պառկի´ր, ականը,- բացականչեցի և բերանքսիվայր պառկեցի ուղիղ ջրափոսի մեջ: Պայթյուն չլսեցի, փոխարենը զգացի` ինչպես մեկը բարձրացավ մեջքիս:

- Էդ ես էի սուլում,- լսեցի Օլեգի ձայնը:- Գիտե՞ս` կանայք ինչու են քեզնից խրտնում: Որովհետև կուզիկանում ես: Բայց ես քեզ հիմա կուղղեմ: Նա մի քիչ թռավ մեջքիս վրա` հարցնելով` լավ եմ, թե չէ: Պարտքը տալով է գեղեցիկ: Անցած անգամ ես նրան նույնը արեցի, ճիշտ է, այն ժամանակ նա նաև ջղաձգվում էր…

Արդեն հենց բռնցքամարտի դպրոցի մոտով էինք անցնում, որից միայն գորշ պատերն էին մնացել, երբ արկերը նորից սուլեցին:

- Սա արդեն հիմարություն է,- ասացի:- Նույն կատակի վրա երկու անգամ չեն ծիծաղի… Պայթյունն ինձ մի կողմ շպրտեց ու ծածկեց ամեն տեսակ աղբով…

Օլեգը ինձ շալակած հասցրեց հիվանդանոց: Նա կարծես խենթացած լիներ: Բժիշկներին ու բուժքույրերին էր խփում, երբ փորձում էին ինչ-որ բան բացատրել նրան: Մի ակնթարթ մոտեցավ վիրահատական սեղանին, որտեղ ինձ դրել էին, ու ասաց, որ ոչ մի բանի համար  չանհանգստանամ, որովհետև շուտով ամենալավ վիրաբույժն է գալու, և այդ ժամանակ ամեն ինչ լավ է լինելու: «Ամենալավը» հայտնվեց և, խեթելով Օլեգին, որը զենքը պահել էր նրա վրա, դողդողացող ձեռքերով ճղեց որովայնս: Բժիշկն իմ աղիքներով երկար չզբաղվեց: Հենց որ Օլեգը դուրս եկավ վիրահատարանից` իր կարիքները հոգալու, վիրաբույժը փախավ`թողնելով ինձ պատռված որովայնով: Որոշ ժամանակ անց ինձ տուն բերեցին:

Մայրս ինձ լացուկոծով դիմավորեց. - Գիտեի, որ քո վերջը սա է, որդի´ս: Մարդիկ, նայե´ք` ինչ են արել նրան: Դու միշտ անհնազանդ ես եղել և ամեն ինչ արել ես, որ սիրտս կոտրես: Ամեն անգամ, երբ քո գնդացրով փախչում էիր տնից այնտեղ, որտեղ կրակում էին, ես մտքով քեզ հրաժեշտ էի տալիս, իսկ երբ վերադառնում էիր, ուրախանում ու հպարտանում էի, որ այդպիսի որդի ունեմ: Երբ Ցխինվալում լուր էր տարածվում, որ մեկին սպանել են, իսկ դու այդ ժամանակ տանը չէիր լինում, ես խելագարի նման վազում էի քաղաքով` հարցնելով սպանվածների անունները: Բայց հետո դրան վարժվեցի, հոգնեցի, ու սիրտն իմ քարացավ: Նույնիսկ արցունք չի մնացել, որ լացեմ քո վրա, մա խյաբուլ (իմ բալա): Գոնե ամուսնացած լինեիր, որդի´ս: Էն ժամանակ քեզ համար նույնիսկ աղջիկ էի գտել, հիշու՞մ ես: Բայց, չգիտես ինչու, քեզ դուր չեկավ: Իսկ նա, ում դու էիր սիրում, այստեղից հեռացավ: Բայց դու, միևնույն է, ուզում էիր քո սխրանքներով գրավել նրան: Դու հենց էլ հերոս էիր, բայց նրա ծնողներն ատում էին քեզ: Նրանք ոչ մի դեպքում իրենց աղջկան քեզ չէին տա: Չէ՞ որ իրենք հարուստ մարդիկ էին, դու ո՞վ էիր…Աղքատի որդի: Քո մասին ի~նչ ասես չէին խոսում, մա խյաբուլ: Քեզ մարդասպան ու թմրամոլ էին ասում, որովհետև հաբեր էիր կուլ տալիս, և քո քաջությունը շատերին այնքան էլ սովորական չէր թվում: Ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ քո սիրտն է հիվանդ: Այդ հաբերը միշտ գրպանումդ էիր պահում` նոպայի ժամանակ խմելու: Կարելի՞ է` ցույց տամ դրանք: Տեսնու՞մ եք…

Հաջորդ օրը մայրս ասաց, որ ինձանից սարսափելի հոտ է գալիս, և լավ կլինի` դագաղը, որտեղ ինձ դրել էին, կափարիչով փակեն: Օլեգը սկզբում այդ մասին լսել անգամ չէր ուզում, բայց ամբողջ գիշեր տղաների հետ սենյակում ինձ հետ մնալով` նույն եզրակացությանը հանգեց: Ինձ թաղեցին հինգերորդ դպրոցի բակում: Հոգնած տղերքը, ծուլորեն բարձրացնելով ավտոմատները, կրակահերթ արձակեցին երկինք:

Գերեզմանատունը, որտեղ հանգիստ գտան իմ հողեղեն նշխարները, մեծացել է: Մանավանդ պատերազմից հետո, երբ ավազակախմբերի միջև պարզաբանումները հասան իրենց գագաթնակետին: Եվ ամեն անգամ համազարկ տվողները ավելի ու ավելի պակասում էին, իսկ տապանաքարերը`ավելանում: Իհարկե, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից էլ էին դագաղներ բերում, բայց քիչ: Պատերազմի աստվածը բարեհաճ էր մեր նկատմամբ: Պատերազմի զոհերը ձգտում էին անպայման հենց այս դպրոցի բակն ընկնել, որովհետև այստեղ լինելը մի տեսակ ավելի պատվաբեր էր, համ էլ բոլոր տղերքը ծանոթ էին: Հանգուցյալները նեղում էին դպրոցին, բայց արդեն թաղելու տեղ չկար, և Զգուդերսկի գերեզմանատունը կրկին սկսեց «աշխատել»: Սկզբում դեռ մեզ այցելում էին: Հետո մեզ այցելողներն իրենք էլ պառկեցին մեր կողքին, և մեր գերեզմանաթմբերը խոտով ծածկվեցին…

26 հունվարի 2008թ.

Ռուսերենց թարգմանեց Ելենա Սարգսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.