«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ն. Ն. Նարիցին
բժիշկ-հոգեթերապևտ, հոգեվերլուծող

Ո՞ւմ են պետք հրաշամանուկները

Wunder-kind գերմաներենից բառացի թարգմանած նշանակում է «հրաշք երեխա», բայց եթե այս բառի մասերի տեղերը փոխենք, կստացվի «մանկական վերք» կամ «մանկությունից վիրավորված»  արտահայտությունները: Ավա~ղ, հավանաբար բառի այս երկրորդ «միջուկը» բոլորովին էլ պատահական չէ, քանի որ իրենց վաղ դրսևորված ընդունակությունների արդյունքը շատ հրաշամանուկների համար հոգեբանորեն վիրավորական է դառնում: Ինչո՞ւ: Այստեղ պետք է սկսել սկզբից. ինչպե՞ս մեծացնենք հրաշք-երեխա և ինչո՞ւ են հրաշք-երեխաներն այդքան հազվադեպ վերածվում հրաշք-մեծահասակների:

... Եթե վունդերկինդի ոչ  բառացի թարգմանության մասին խոսենք, ապա դա սովորաբար որպես «հատուկ օժտված» են թարգմանում: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ վուդերկինդ  երեխաներն իրենց բոլոր ընդունակությունների հետ առանձնապես օժտված են նաև ... իրենց ծնողների համառությամբ: Հրաշամանուկ մեծացնելու համար  միայն մանկան ընդունակութունները բավարար չեն,  անպայման պետք է լինի մեծահասակ, որը մեթոդաբանորեն և համառորեն, բոլոր դիմադրություններն ու կամակորությունները հաղթահարելով, ստիպի երեխային զարգացնել այդ ընդունակությունները և արդյուքներ ցուցաբերել: Որպես կանոն, նման ուսուցիչ կամ մարզիչ դառնում է ծնողը (կամ եթե անգամ երեխան մասնագետ-մանկավարժի հետ է պարապում, միևնույն է, ծնողը հետևում է պարապմունքներին, առաջադրանքների կատարմանը, ռեժիմին...): Միանգամայն հասկանալի է, որ հեռուստատեսային մրցույթներում, որոնց մասնակցում են շատ տաղանդավոր երեխաներ (երգիչ, պարող), մասնակցության համար որոշակի գումարը բոլորովին էլ երեխան չի վճարել  (ինչպես պահանջում են մրցույթի կանոնները), ինչպես նաև իր ելույթը չի նկարահանել և տեսաերիզը չի ուղարկել ընդունող հանձնաժողովին: Բայց եթե երեխային թույլատրել են մասնակցելու, նշանակում է, որ ինչ-որ մեկը այս ամենն արել է նրա փոխարեն, ինչ-որ մեկը ի վերջո, նախաձեռնություն է դրսևորել: Ժամանակակից լեզվով ասած՝ ինչ-որ մեկը երեխային «promotion» (խթանում) պիտի անի: Հասկանալի է, որ դա ծնողն է:

Ընդ որում հրաշամանուկի ձևավորման համար անհարժեշտ է ոչ թե ուղղակի, այլ հենց այնպիսի ծնող, որը փայտիկով կկանգնի երեխայի կողքին և կհետևի, որ երեխան ամեն ինչ այնպես անի, ինչպես պետք է, քանի որ ինքը երեխան աշխատանքի հանդեպ նման հասուն մոտեցման ուղղակի դեռևս պատրաստ չէ: Երեխաներն ընդհանրապես շուտ են «անջատվում», նրանց ուշադրությունն  անկայուն է: Երեխան դեռևս այնքան նստակեցություն չունի, որը նրան մի քանի ժամ ինքնուրույն պարապելու հնարավորություն կտար: Նա տևականորեն նույն  գործունեությամբ զբաղվելու ընդունակ չէ: Լուրջ ձեռքբերումների համար իր դրդապատճառները չունի (ո՛չ աշխատանքային, ո՛չ նյութական, ո՛չ անգամ հոգեբանական): Այսինքն` այն բոլոր որակները, որոնք սովորաբար մեծահասակների համար անվանվում են ինֆանտիլ (մանկամիտ), երեխայի համար բնական են: Այսպիսով անգամ ամենատաղանդավոր ոչ մի երեխա վաղ հասակում հատուկ հաջողություններ չի ունենա, եթե կողքին չլինի այն մեծահասակը, որը կստիպի նրան պարապել...

Այսինքն` գործնականում միայն «բնությունից օժտված»  հրաշամանուկներ չկան: Կա ծնողական համառության և մանկան ուժերից վեր աշխատանքի արդյունք: Որպես կանոն, այն ծնողներն են հրաշք-երեխա մեծացնելու խնդիր դնում, ովքեր իրենց կյանքում ցանկալի բարձունքների հասնել չեն կարողացել, և այդ պատճառով յուրաքանչյուր այսպիսի երեխա առաջին հերթին ծնողական խնդիրների արտացոլանքն է: Եվ այսպիսի ծնողի առաջին նպատակը հպարտանալու հնարավորությունն է. «Ահա ինչպիսին է իմ երեխան, ահա ինչպիսի ծնող եմ»: Եվ չեն մտածում, թե երեխային դա ինչքան է պետք:
Սրբապղծության նման է հնչում, սակայն իրականում ոչ բոլոր հրաշամանուկները տաղանդ ունեն: Շատ հաճախ այդ տաղանդն իրենք ծնողներն են հորինում... Օրինակ, փոքրիկը նկարահանվում է ֆիլմում: Նա  բոլորովին էլ դերասան չէ,  նրա հետ հաստատ տանջվել են ռեժիսորն ու  օգնականների մի  մեծ խումբ, սակայն էկրանին երևում է երեխայի հմայիչ, իր «մանկական  անմիջականությամբ» բոլորին հիացնող մռութը: Հանդիսատեսը հիացած է, փոքրիկ դերասանը լողում է հաջողության մեջ: Իսկ նրա ծնողներն այդ պահին որոշում են՝ վեերջ, մեր երեխան տաղանդավոր է, նա դերասանական փայլուն ապագա ունի...

Հնարավոր է, որ այդ երեխան նկարահանվի էլի մի քանի ֆիլմում (հիմնականում ծնողական ճնշմամբ): Բայց ժամանակ կանցնի, նախադպրոցականը կվերածվի անհամաչափ լոլոզ դեռահասի, ում մանկական անմիջականության  ողջ հմայքը կկորչի կամ անբնական կթվա: Բայց բացի դրանից, ընդհանուր առմամբ, ոչինչ էլ չկա... Լավ կլինի, որ ծնողը ժամանակին կանգ առնի և դադարի  երեխային հրել դեպի կինո: Սակայն լինում է և այնպես, որ ռեժիսորների համար արդեն հետաքրքրությունը կորցրած պատանի «արտիստին» շարունակում են քարշ տալ տարբեր կինոստուդիաներ` գեղարվեստական ֆիլմից մինչև գովազդային, և մի հիասթափությունից մյուսի արդյունքում երեխան կսկսի իր մասին ավելի ու ավելի վատ մտածել` ամբողջովին իջեցնելով ինքնագնահատականը: Եվ դեռ ծնողն էլ, իր հերթին  հիասթափվելով այն բանից, որ չստացվեց կինոաստղի «նախնի» դառնալ, սրտմտած կնետի՝ վա~յ, անտաղանդ. և խնդրեմ՝ «մանկությունից վիրավորված»...

Անկասկած լինում են նաև օժտված երեխաներ, բայց այս դեպքում էլ կարելի է ասել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Այդ թվում՝ և տաղանդի զարգացումը: Իսկ հիմնականում ոչ թե հռչակավոր հրաշամանուկների երգի կամ երաժշտության կատարման հենց որակն  է հիացնում, այլ այն, որ երեխան մեծահասակի մակարդակի արդյունք է ցուցաբերում: Հենց դա է գնահատվում որպես անսովորություն: Եվ դրա համար են մեծարում  պատանի արտիստին: Դեռ չասենք այն մասին, որ  էն գլխից երեխային ավելի բարձր են գնահատում, քան  մեծահասակին` երեխայի նկատմամբ կանխակալ հանդուրժողականություն ցուցաբերելով և ոչ մի կերպ չքննադատելով: Իսկ արդյունքում պատանի տաղանդը մանկությունից երկու հիմնական տպավորություն է ունենում. առաջին` վարժվում է անընդհատ գովեստներին և ոչ մի, անգամ կառուցողական (երբեմն միանգամայն անհրաժեշտ) քննադատություն չի կարողանում ընդունել, երկրորդ` այն պատճառով, որ  իրեն ստիպում են աշխատել մանկական հոգեբանությանն ու ֆիզիոլոգիային ոչ հատուկ ռեժիմով, նա առաջին իսկ հնարավորության դեպքում (երբ փոքր-ինչ թուլանում է ծնողական վերահսկողությունը) ընդհանրապես  դադարում է աշխատելուց: Ոչ թե որովհետև ծույլ է, այլ որովհետև մանկության ընթացքում անսահման հոգնել է....

Եվ ի՞նչ է ստացվում. ֆիզիկական աճը կա, իսկ ստեղծագործական առաջընթացը` ոչ: Եվ երբ միջին մեծահասակը բեմի վրա միջին մեծահասակին բնորոշ արդյունք է ցուցաբերում, ի՞նչն է զարմանալի: Այդպես էլ հաճախ հրաշամանուկները հրաշք-մեծահասակների չեն վերածվում... Ոչ միայն արվեստի ոլորտում, այլ ուսման մեջ է նույնը լինում: Երբ «հրաշամանուկ աճեցնելու» մարմաջով տարված ծնողները դպրոցին նախապատրաստելու շրջանակում երեխային սովորեցնում են այն, ինչը հաստատ չգիտեն և չեն կարողանում համադասարանցիները (նկատեմ, որ ոչ թե երեխան է հետաքրքրություն ցուցաբերում, ու նրան օգնում են, այլ ծնողները զոռով են այդ գիտելիքը խցկում), փաստ է, որ դա բոլորովին էլ երեխայի օգտին չի լինի: Նախ՝ առաջին դասարանի երեխաները կարող են  ճիշտ չգնահատել այդ ընդունակությունները. հիանալու փոխարեն գուցե ծաղրեն:

Այդպես պատահել է մի աղջնակի, ում մայրը հինգ տարեկանում սովորեցրել էր անգլերեն խոսել (ընդ որում ոչ միայն խոսել, այլև ակտիվորեն հոխորտալ): Երեխան գնաց առաջին դասարան և, ցանկանալով իր մասին անմիջապես բոլորին տեղեկացնել, սկսեց հասակակիցների հետ անգլերեն խոսել: Դասարանը համերաշխ ծիծաղեց, իսկ հետո ասում էին. «Ահա այն աղջիկը, որ ռուսերեն խոսել չգիտի», կամ ավելի վատ. «Ում լեզուն երևի կոտրված է»: Կատակը մի կողմ, բայց մի քանի ամիս անց հրաշք-աղջիկն ստիպված եղավ փոխել դպրոցը:

Երկրորդ՝ նախնական գիտելիքներ ստանալով և դասերի ժամանակ անկեղծորեն ձանձրանալով՝ երեխան սովորում է նրան, որ ուսուցչուհին մեխանիկորեն է իրեն հինգեր նշանակում, իսկ երբեմն էլ ընդհանրապես թույլ է տալիս դասի չգալ: Եվ նա կորցնում է (ավելի ճիշտ՝ ձեռք չի բերում) նոր գիտելիքներ ձեռք բերելու և յուրացնելու ինքնուրույն աշխատանքի հմտությունները: Միջին դպրոց անցնելով` նա այլևս չի կարող «հենց էնպես» գերազանցիկ լինել, քանի որ պահանջները և գիտելիքների մակարդակը փոխվում են: Եվ արդյունքում այսպիսի երեխան սկսում է երկուսներ ստանալ` ինքն էլ չնկատելով` ինչպես: Ահա խնդրեմ, հերթական «մանկության վերքը»:

Լավ, կասեն  այսպիսի երեխաների ծնողները, եթե իմ երեխան առաջին դասարանում ձանձրանում է, թող միանգամից երկրորդ դասարան գնա, կամ միանգամից չորրորդ և այսպես շարունակ... Իբր, եթե իմ երեխայի ընդունակությունները թույլ են տալիս դա ավելի արագ անել, ինչո՞ւ տասը տարի կորցնի»: Ընդ որում, այս երևույթը բացառիկ չէ, ինչքան երեխաներ կան, որ դպրոցում մեկ կամ մի քանի դասարան բաց են թողել, դպրոցական ծրագիրն էքսեռն ավարտել և 14 տարեկանում բուհի ուսանող դարձել: Բոլորը հիանում են, ուսուցիչները հառաչում նրանց համար, ուրիշ երեխաների ծնողները նախանձում, թերթերը գրում են, հեռուստատեսությունը նկարահանում է.... Բայց ինչպես մանկական մի երգի ագռավն է ասում՝ «Բա հետո՞»: Այդ առիթով լավ է ասել մի ծեր ուսուցչուհի, որը պատահմամբ հեռուստացույցով հաղորդում էր տեսել ՄՊՀ ուսանող դարձած տասնչորսամյա մի տղայի մասին: Գլուխն օրորել ու ասել է. «Վա~յ, այս ծնողները: Թե ո~ւր են շտապում: Կարելի է մտածել՝ նրանց տունը վառվում է»:

Ցավոք, ծեր ուսուցչուհին իրավացի է. այս դեպքում էլ հենց ծնողներն են շտապում, ոչ թե երեխան: Այո, փաստորեն  բոլոր երեխաներն էլ կարող են լավ սովորել, եթե նրանց ի սկզբանե չճնշեն, այլ  ընդհակառակը՝ զարգացնեն նրանց հետաքրքրությունը: Մտածողությունը զարգանում է, երեխաները հեշտ են տեղեկատվությունը ընկալում և օգտվում դրանից: Բայց որպեսզի ծնողի կամքով երեխային հրաշամանուկ դարձնեն, պետք է երեխային լցնել հնարավորինս շատ գիտելիքով: Դպրոցական ծրագիրը հնարավորինս շուտ պետք է յուրացնել, շուտ ընդունվել ինստիտուտ... Ինչո՞ւ: Նրա համար, որ մանկավարժները հիանան, ուրիշ երեխաների ծնողները նախանձեն, թերթերը գրեն, հեռուստատեսությունը նկարահանի. ընդ որում նկարահանի ոչ միայն հրաշք-աշակերտին, այլև նրա ծնողներին: Իբր տեսեք, թե ինչ գիտունիկ են մեծացրել:

Իսկ ինքը գիտունիկն ի՞նչ է զգում: Կարելի է ասել, իհարկե, որ նա ինչ-որ առավելություն է ստացել. մինչ նրա հասակակիցները բարձրագույն կրթություն ստանան, նա արդեն լավ աշխատանք կգտնի, շուտ կսկսի իր կարիերայով զբաղվել, շուտ ոտքի կկանգնի… Սակայն, ինչպես ասում են՝ ասելը հեշտ է, բա անելը: Մոռանում են, որ խոսքն այնուամենայնիվ ոչ թե 17, այլ 14 տարեկանի մասին է: Եվ նրան համապատասխան կընկալեն. երբեմն երեխաների համար մանկական կոլեկտիվում սոցիալականացվելու համեմատ ուսումը երկրորդական պլան է մղվում, իսկ երբ նման հրաշք-աշակերտն ուսանողների միջավայրում է հայտնվում, հավանաբար այդտեղ «օտար մարմին» կլինի...  Եվ ինչո՞վ պիտի աչքի ընկնի բուհում. բոլորն էլ ավարտել են դպրոցը, բոլորը քննություն են հանձնել և ընդունվել են: Պարզապես բոլորը 18 տարեկան են, իսկ  ինքը` 14: Իսկ դա արդյո՞ք հիացմունքի առիթ է: Ավելի շուտ ծիծաղի ու կատակի առիթ է. ասենք՝ դեռ ջահել ես, լռիր, երբ մեծերն են խոսում... Ուսանողական միջավայրում ոչ ոք նրան լուրջ չի ընդունի: Ամենայն հավանականությամբ մեծահասակ համակուրսեցիների հետ նա ընդհանուր լեզու չի գտնի: Եվ արդյունքում ուսանողական շրջապատում նա ոչ թե հեղինակություն կդառնա, այլ, հալածյալ: Ահա թերարժեքության բարդույթի առաջացման ևս մի առիթ. էլ չխոսենք այն ճնշման մասին, որ հիացմունքից ակնհայտ անտարբերության մատնված պատանի ուսանողն զգում է: Եվ ամեն ինչին գումարվում է այն, որ զուր էր այդքան ջանքը, հիմա արդեն ոչ ոք դա չի գնահատում...

Այսպիսով, հարգելի պարոն ծնողներ, եթե իսկապես երեխայի և ոչ թե սերունդների հաշվին ձեր ինքնահաստատման մասին եք հոգում, մտածեք՝ իրեն երեխային պե՞տք է արդյոք հրաշամանուկ լինելը: Այո՛, օժտվածությունը սկզբունքորեն հատուկ է բոլոր երեխաներին, և միանգամայն  կարելի է դա զարգացնել, խթանել, բայց պետք չէ կեղծել, կոտրել, երեխայի զարգացման բոլոր հոգեբանական և ֆիզիոլոգիական օրենքներին դեմ գնալ: Վերջիվերջո, երեխաները հաճախ են օժտված լինում որևէ բնագավառում, այդ պատճառով սպասեք, մինչև 7-8 տարեկան դառնա և ինքը կողմնորոշվի, թե որ ոլորտն է իրեն ամենից շատ գրավում, և  ինքը սկսի աշխատել իր հաջողությունների համար՝ սկզբում փոքր-ինչ մանկական ձևով, հետո ավելի լուրջ և ակտիվ: Այդ դեպքում նա, եթե կարելի է այդպես արտահատվել, ավելի լիարժեք կհասունանա, կստանա իր կարողությունները զարգացնելու և ավելի մեծ հավանականությամբ կդառնա հրաշք-մեծահասակ: Իսկ հրաշամանուկի դեպքում ծնողներն օժտվածության արդյունքներն ուզում են երեխայից ավելի շուտ քամել, քան դրանք կարող են ի հայտ գալ: Չէ՞ որ երեխային հրաշամանուկ դարձնելու համար պետք է սկսել մոտավորապես համարյա 1.5-2 տարեկանից...

Հատկապես ծայրահեղ ծնողներն ու մանկավարժները կարող են նկատել` մի՞թե դեմ եք մանկական տաղանդներին: Իհարկե, ոչ, դեմ չեմ, կողմ եմ, բայց ԿՈՂՄ եմ երեխայի ներդաշնակ զարգացմանը, որպեսզի առնվազն ինքը երեխան ընտրության հնարավորություն ունենա, այլ ոչ թե նրան համառորեն քարշ տան այն ուղղությամբ, որը հաճախ սնափառ ծնողն է ընտրում...

Հիշեք Կուզմա Պրուտկովին. «Մասնագետը լնդի բորբոքման նման է. նրա գիրությունը միակողմանի է»: Ճիշտ այդպես հրաշք-երեխայի բացառիկությունն է «միակողմանի» և նաև «արագաշտապ»: Ընդհանրապես, ինչպես մի ուրիշ փորձառու մանկավարժ է ասել. «Դեռ հայտնի չէ, թե որ երեխաներին է պետք հրաշք անվանել՝ նրանց, ում ծնողները հաջողության ձեռքբերման կարճաժամկետ մեքենա են դարձնում, թե նրանց, որ մանկուց սովորում են ինքնուրույն  հասնել հաջողության»:

18 հոկտեմբերի, 2006թ.

Թարգմանեց Լուսինե Փաշայանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.