«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ելենա Կուցենկո

Վարպետության դաս «Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»

Վարող` Իգոր Վաչկով, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեքիաթաթերապևտների միության նախագահ, «Դպրոցական հոգեբան» թերթի գլխավոր խմբագիր

Աշխատանք այսպես կոչված «դժվար» աշակերտների հետ` ուսուցչի համար ի՞նչը կարող է ավելի բարդ լինել:  

Այնուամենայնիվ վարպետության դասը վարողն իր մոտ եկած գործընկերներին առաջարկեց այս հավերժական և ցավոտ հիմնախնդրի առաջին հայացքից  անլուրջ թվացող լուծում: Խաղ:
Այսպիսով, ուսուցիչները  ոչ միայն այս բովանդակալից մանկավարժական խնդիրը լուծելով զբաղվեցին, այլև սեփական փորձով զգացին առաջարկված տեխնոլոգիայի` փոխաբերական խաղի առանձնահատկությունները:

Մասնակիցները տեղավորվեցին նախօրոք շրջանաձև շարված աթոռներին, և վարողն առաջարկեց, որ յուրաքանչյուրը հիշի վերջին տարում իր մանկավարժական պրակտիկայում հանդիպած այնպիսի դեպք, երբ աշակերտի հետ աշխատելը դժվար է եղել: Մի քանի վայրկյան մտածում են, և ահա առաջին խոսել ցանկացողը ձեռք է բարձրացնում.   

- Երկրորդ դասարանցի աղջիկը ուսուցչների բոլոր առաջարկություններին, բոլոր առաջադրանքներին, հետաքրքրելու և համատեղ աշխատանքում ներգրավելու փորձերին մի ձևով է արձագանքում` չեմ ուզում:

Վարողը ուշադիր լսում է և մանկավարժական իրավիճակը արտահայտում փոխաբերությամբ. «Կարելի՞ է այդպիսի երեխային անվանել ընդվզող աշակերտ»,- այսպես գրատախտակին հայտնվում է առաջին գրառումը:

Հետագա կարճ պատմությունները նույնպես եզրահանգվում էին փոխաբերություններով:

- Երկարօրյայում պարապմունքների ժամանակ անհնար է երեխաներին կենտրոնացնել: Նրանք ոչ մի րոպե չեն լսում, ոչ մի րոպե հանգիստ չեն նստում և անընդհատ իրար վրա են գցում, թե  իբր նա է առաջինն սկսել:  «Ասես կապիկ լինեն»,- վշտացած ավարտեց ուսուցչուհին: Ահա փոխաբերությունն էլ պատրաստ է: Գրատախտակին հայտնվեց մի գրառում ևս` աշակերտներ-կապիկներ:

Դրանց ավելացան աշակերտ-հսկիչ, փութկոտիկ, մերժված, աշակերտ-առվակ (դարան է մտնում և դպրոցական տարածությունից տեղնուտեղը հոսում անձնական), թախծող: Այստեղ կանգ առան և սկսեցին ընտրել պրոբլեմատիկ աշակերտի այն տիպը, որը հետաքրքրում էր ներկաների մեծամասնությանը:  Պարզվեց, որ մեծամասնության համար ամենադժվարը ընդվզող աշակերտներն են:

Որպեսզի այս մանկավարժական խնդիրը նոր տեսանկյունից դիտարկեն և թերևս համագործակցության ոչ ստանդարտ մեթոդներ գտնեն, նորից դիմեցին փոխաբերության օգնությանը: «Հիշեք հեքիաթներից, կինոֆիլմերից, մուլտֆիլմերից իրավիճակներ, որտեղ հերոսները կցուցաբերեին ընվզող աշակերտի վարք»,- առաջարկեց վարողը: Եվ միանգամից ստացավ մի ամբողջ խումբ գործող անձինք, որոնք վարվում էին «չեմ ուզում և չեմ անի» սկզբունքով` պառավ Շապոկլյակը, Անտոշկան, Թոմ Սոյերը և վնասարարության, հետաքրքրասիրության կամ  հիմարության պատճառով արգելքները խախտող ուրիշ շատ գրական հերոսներ: Բայց իսկական լիդերը պառավ Շապոկլյակն էր. նրա վարքագիծը հատկապես գունեղ հիշեցին:

Իրավիճակը կոնկրետացնելու և խաղի հետագա ընթացքը պլանավորելու համար մասնակիցներից մեկը  հնարավորին չափ մանրամասն նկարագրեց պառավի վնասարարությունը և դրական հերոսներին նրա հակադրվելը ներկայացնող մի դրվագ: «Կառուցում էին Չեբուրաշկայի տունը: Նրա ընկերները գործով էին զբաղված, իսկ պառավ Շապոկլյակը քարշ էր տալիս, գողանում էր շինապրանքները, կեղևներ նետում, որոնց վրա բոլորը սայթաքում էին, և ընդհանրապես ամեն հարմար առիթով դավեր էր նյութում»: Պատմության ընթացքում վարողը հետևողականորեն ճշտում էր` ինչպիսի տեսարան էր, հատկապես ինչ էին անում հերոսները, գործողությանն  ով էր մասնակցում: Աստիճանաբար հիշեցին բոլորին` Գենա, Չեբուրաշկա, դպրոցական աղջիկ, նրա Շնիկը և  չարագործ Շապոկլյակը Լարիսկա առնետի հետ:  

Սա անհրաժեշտ էր, որպեսզի բոլոր ներկաները բաժանվեին կերպարների թվով խմբերի: Յուրաքանչյուր խումբը պառավի անկարգություններին վերջ դնող մի քանի միջոց մտածելու առաջադրանք ստացած կոլեկտիվ կերպար էր:  Քանի որ հավաքված էին մարդասեր մարդիկ, ենթադրվում էր հակամարտության խաղաղ կարգավորման հասնել: Խորհուրդները նախատեսվում էին Չեբուրաշկայի համար, քանի որ նա էր խելամտության սկզբունքը կրող գլխավոր հերոսը, իսկ պառավին խորհուրդներ տալը միևնույն է անիմաստ էր:

Հրահանգներ տալով` վարողը խմբի ուշադրությունը կենտրոնացնում էր նրան տրված կերպարի բնավորության գծերի վրա. «Դուք, Գենա, իմաստուն, հարգելի սողուն եք, Ձեր կենսափորձի բարձունքից ի՞նչ կարող եք առաջարկել  Ձեր երիտասարդ միամիտ ընկերոջը»: Կամ. «Դու, աղջիկ, աշխատանքի շարքային մասնակից ես, որին կողքից շատ բան է տեսանելի, ի՞նչ կարող ես խորհուրդ տալ Չեբուրաշկային»: Ինքը գլխավոր հերոս- խումբը պետք է կենտրոնանար հիմնախնդրի վրա և պլանավորեր իր գործողությունները: Իսկ Շապոկլյակը մտածում էր, թե  մյուս կերպարների մտածած որ գործողությունները բարերար կազդեին իր անտանելի բնավորության վրա:

Յուրաքանչյուր խումբ ստացավ  մի մեծ թուղթ և ֆլոմաստերներ: Քանի դեռ քննարկում էին, վարողը գրատախտակին գծեց վեց սյուն` ամեն մի կերպարի առաջարկը գրի առնելու համար: Քննարկման 15 րոպեների ընթացքում մասնակիցները մտածեցին բավականին շատ ամենաբազմազան մոտեցումներ`  նվերներով սիրաշահելուց մինչև հոգեվերլուծություն:   

Արդյունքները ներկայացրին հերթով` անկեղծորեն փորձելով խոսել իրենց կերպարի անունից:  Օրինակ, առաջինը խոսող Չեբուրաշկան հայտարարեց. «Պատրաստ եմ վիրավորանքները մոռանալ և   Շապոկլյակի մեջ տեսնել իմաստուն, բարի ծեր կնոջ: Կամ կփորձեմ շոյել նրա ինքնասիրությունը` առաջարկելով ղեկավարել շինարարությունը: Ոչ իսկապես, այլ ձևի համար: Մենք առաջվա պես կաշխատենք, իսկ նա թող իրեն ղեկավար համարի: Կարող ենք նրանից օգնություն խնդրել շինությունը պահպանելու համար, որպեսզի նրա մեջ ոչ թե թշնամի փնտրենք, այլ պահապան:  

Եթե համագործակցել չստացվի, կփորձենք կաշառել նրան` առաջարկելով տան կեսը` որպես չարամիտ ծառայությունների բյուրո և Լարիսկայի համար որջ:  Կարելի է նաև նրա համար փեսացու գտնել, ուղարկել հումանիտար մանկավարժության դասընթացների կամ առողջարան»: Հաշվի առնելով այս ամենը` Չեբուրաշկան հառաչեց և ավելացրեց. «Բայց այս ամենն անելու համար սկզբում նրան սիրել պետք է կարողանամ»:  

Չեբուրաշկան օրինակ տվեց, սակայն բոլոր կերպարները նույնքան արտիստիկ չէին և իրենց խորհուրդների կատարման հնարավորությունը այնքան էլ իրատեսորեն չէին գնահատել:  

Որոշ առաջարկություններ ակնհայտորեն կասկած առաջացրին մյուս խմբերի մոտ: Օրինակ` «չարությանը բարությամբ պատասխանել  և պառավին շնորհակալ լինել նրա արած ամեն մի վատ արարքի համար»: Այս համակերպվողական  դիրքորոշումը նույնիսկ դրական կերպարների կասկածն առաջացրեց:    

Եղան և առաջարկներ, որոնք  պարզապես «օդում էին պտտվում». գրեթե բոլոր խմբերն իրարից անկախ արտահայտեցին: Այսպես, մի քանի անգամ ասվեց  այն խորհուրդը, որ պետք է Շապոկլյակին լավ պաշտոն տալ` ազդեցիկ և հետագա առաջընթացի առումով հեռանկարային: Ասենք` պահակախմբի պետ կամ շինարարության հսկիչ:

Պարզվեց, մեծ ժողովրդականություն է վայելում բարեկամական հարաբերություններն օգտագործու հնարավորության  գաղափարը. թող Շապոկլյակը որդեգրի Չեբուրաշկային կամ նրա տատիկը դառնա: Չէ՞ որ դժվար կլինի վատություն անել մեկին, ում համար գուլպա ես գործում կամ բլիթ թխում: «Թող վերջապես իրեն կին զգա»,- ոգևորված առաջարկում էր, իր իսկ խոսքերով ասած, չարագործական արարքներ կարարողի դերի մեջ ներքաշված Լարիսկան: 

Յուրաքանչյուր ելույթից հետո խումբը պատասխանում էր հարցերին: Հատկապես ակտիվ էր պառավ Շապոկլյակը: Նա իր հակադրվող խառնվածքի ոգով թունոտ մեկնաբանում էր առաջարկությունները: Օրինակ`ի պատասխան իրեն ղեկավարի ձևական պաշտոն առաջարկելու փորձի նկատեց. «Ի~նչ երկերեսանի եք: Ի՞նչ է, կարծում եք, չեմ կարո՞ղ անկեղծ  առաջարկությունը կեղծիքից տարբերել»: 

Քննարկման դրամատուրգիան հենց այս խաղային երկխոսությունն էր ըստ էության: Իհարկե, դերին մինչև վերջ չէին ենթարկվում, և գրեթե բոլոր խորհուրդների ետևում լավ երևում էին հոգեբանական թրենինգների փորձն ու մանկավարժական վարպետությունը:   Օրինակ` «հանդիպում կազմակերպել Շապոկլյակի հետ, ներկայացնել նրան իր ուժեղ կողմերը և առաջարկել ընտրություն անել համագործակցելու մի քանի տարբերակներից»: Այսպիսով` զրույցը ավելի ու ավելի շատ էր տարվում խիստ մասնագիտական մակարդակում:

Հենց այստեղ վարողն առաջարկեց փոխաբերական դաշտից  առօրյա իրականություն անցնել, որտեղ Չեբուրաշկան վերածվում է ուսուցչի, իսկ Գենան` վարչական աշխատողի: Աղջիկը աշակերտն է, որը հակամարտությանը կողքից է հետևում: Շնիկը, որը աղջկա կողքին է, բայց համենայնդեպս փոքր-ինչ մի կողմ քաշված, ծնողներն են:  Այսինքն` խաղացվող հեքիաթային էպիզոդը կարող է օգնել արտացոլելու մանկավարժական բարդ իրադրություն: Իսկ դա նշանակում է, որ նաև գրատախտակին գրված նախադասությունները աշխատանքի համար նյութ կդառնան:

Այս մասին մասնակիցները խոսեցին վարպետության դասի ավարտին, երբ վարողն առաջարկեց կատարվածի մասին տպավորություններ փոխանակել: Եղան մասնագիտական և անհատական բացահայտումներ: Առաջին անգամ հասկացա հակադրվելու խորքային պատճառը` անհասանելիություն, հաջողության անհնարինություն: Նաև կասկածներ եղան. ինչպե՞ս փոխաբերության էներգիան մանկավարժական գործունեության էներգիայի փոխակերպել: Եվ առաջարկված ձևի արդյունավետության նկատմամբ վստահություն կար. նման խաղը հետագա նախագծման սկզբնակետ կարող է դառնալ: Եվ միանգամայն կոնկրետ, բացարձակ ուսուցչական հարց` որտե՞ղ է հնարավոր այս փոխաբերական խաղի տեխնոլոգիայի մասին մանրամասն կարդալ: Ուրեմն խաղը հաջողվել է:  

Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակե՞լը: 

Որովհետև մեզ համար նախևառաջ մենք ենք դժվար. հաճախ ներքին աններդաշնակություն ենք զգում, մեր զգացմունքները չենք վերահսկում, դժգոհ ենք լինում մեր արարքներից: Այս ամենով հանդերձ ուրիշ մեկի, ասենք երեխայի  հետ համագործակցելը կարո՞ղ է հեշտ լինել: 

Ընդ որում, բոլորովին էլ միշտ չէ, որ խնդրահարույց երեխայի համար դժվար է մեզ հետ: Մենք տանջվում ենք, նրա հետ ճիշտ մոտեցում փնտրում, ծանր ենք տանում, երբ իրեն այնպես չի պահում, իսկ երեխան կարծում է` ամեն ինչ լավ է: Նա լիովին լավ է զգում: Ավելի  հազվադեպ հակառակն է լինում. մանկավարժը կարծում է, որ աշակերտի մոտ ամեն ինչ կարգին է. նա ոչ մի հոգս չի պատճառում: Իսկ աշակերտը դժվարություններ ունի, և բավականին շատ: Այսպիսի իրավիճակը ուսուցչի ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի ցուցանիշն է:

Ժամանակի ընթացքում, փորձ ձեռք բերելով, երեխաների հետ հարաբերություններում ուսուցիչն ավելի քիչ խնդիրներ է ունենում: Սակայն նա հաղթահարում է միայն տեխնոլոգիական դժվարությունները. նա հիմա կարողանում է հարթել կոնֆլիկտային իրավիճակները, հասկանում է, թե երբ երեխան օգնության կարիք ունի: Սակայն առաջվա նման չի կարողանում դաստիարակչական, մարդկային համընդհանուր խնդիրները լուծել: Ընդհակառակը, որքան փորձառու է ուսուցիչը, այնքան խորն է այն համոզմունքը, որ դաստիարակելը շատ դժվար գործ է: 

Իգոր Վեչկով

Մեզ (ինձ)


Ես պետք է նախ ինձ դաստիարակեմ: Սա ուշացած եմ ասում. բավականին շատ սխալներ և լուրջ դաստիարակչական անհաջողություններ են մնացել ետևում: Բայց մինչ այդ չէի հասկանում: Չնայած ինչ-որ բան, և  նույնիսկ շատ լավ, հասկանում էի: Տեսության մեջ: Բայց ուրիշ  բան էր պետք հասկանալ: Նախ` գործնականը. գործունեության մեջ ինչպես իրականացնես այն, ինչ «գլխով» հասկանում ես: Երկրորդը որոշ չափով առաջինի պատասխանն է` արժեքային գիտակցում: Ինչպե՞ս դա քեզ համար ներքին արժեք դառնա այնպես, որ դու այլ կերպ չկարողանաս վարվել:

Մեզ… ինձ չի բավարարում համբերատարությունը, բարությունը, մարդկային սերը: Մարդկանց նկատմամբ սերը, յուրաքանչյուր մարդու նկատմամբ, բոլորի նկատմամբ, ամբողջությամբ: Չի բավարարում ճկունությունը, աշխարհը նրա աչքերով տեսնելու կարողությունը,  ոչ թե տեսականորեն, այլ իրականում զգալ, որ բոլորը աշխարհը տեսնում են տարբեր կերպ, և այն, ինչ ես եմ տեսնում, այն չէ, ինչ կա իրականում: Սա, հավանաբար, ճիշտ կլիներ եսասիրություն անվանել: Չնայած (այս ակնարկում ամենահաճախ օգտագործվող բառն է «չնայած») … ես ինձ էլ սիրել չեմ կարողանում, և դա է ազդում ուրիշներին սիրել չկարողանալու վրա: Ընդ որում կարևոր է սիրել ոչ թե նրանց, որոնց առանց այդ էլ սիրում ես (չնայած նրանց էլ չեմ կարողանում), այլ ամեն մեկին, յուրաքանչյուրին: Սիրել մարդուն` որպես համագործակցության հիմք և ապրիորի, հատկապես «դաստիարակչական» համագործակցության: Իմ մեջ եղած արժեքավորին առնչվող անքննարկելի այսպիսի նախապայմանն արգելում է գործնականում չարություն, սանձարձակություն, անմարդկայնություն գործել:

Տարօրինակ է, տեքստի վերջում մտածեցի, որ «ինչու» բառն անբաժանելի է «մեզնից»: «Ինչու մեզ»: «Ինչու ինձ»:

Շատ բան այն ամենից, ինչ գրում եմ, «պետք է որ» իմ մեջ վաղուց դաստիարակված լիներ: Եվ մտածում եմ` այնուամենայնիվ արդյոք կարո՞ղ եմ դա  իմ մեջ հիմա դաստիարակել: Բավարա՞ր է ախտորոշումը, թող որ այսքան դաժան, որ այնուամենայնիվ բուժվես: Չէ՞ որ պետք է շարունակել ապրել: Իսկ այս ամենի հետ չի կարելի ապրել:  Շնորհակալություն հատկապես այս շատ կարևոր թեմայի ընթերցանության համար:   

… Հավանաբար, իմ հարցն է` ինչո՞ւ եմ ես դա վատ անում… (Անկեղծ ասած` գրածս նույնիսկ չեմ կարող վերընթերցել):

Թարգմանեց Մարիետ Սիմոնյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.