«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 18

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Դավիթ Մինասյան
«Web կայք: Ստեղծման գործընթացը»

Մեթոդական մշակումներ

Ն. Նարիցին
«Ո՞ւմ են պետք հրաշամանուկները»

Ուսումնական նյութեր

Թամեռլան Թադտաև
«Որդին»

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XII ընթերցումներից

Լյուդմիլա Կոժուրինա
«Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը»

Տատյանա Բաբուշկինայի ռոստովյան ակումբը ներկայացնում է

Լյուդմիլա Պեչատնիկովա
«Շալվա Ամոնաշվիլու բաց դասը»

Դաստիարակությունը և բարդ համակարգերը, երեխաներ, մեծահասակներ, դպրոց

Ելենա Կուցենկո
«Ուսուցիչ-աշակերտ փոխներգործություն:
Ըմբռնում փոխաբերական խաղի միջոցով»


Լյուդմիլա Ռոստովա
«Ստիպել կարելի է, բայց արդյո՞ք անհրաժեշտ է«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դիպակ Չոպրա
«Ծնողների դերն ու Ոգու շնորհը»

ԱՐՁԱԳԱՆՔ


Լյուդմիլա Պեչատնիկովա

Շալվա Ամոնաշվիլու բաց դասը

Թվում է, թե ինչ կապ կարող է լինել մաթեմատիկայի և երեխաների դաստիարակության միջև: Դե. գրականությունը, պատմությունը դեռ հասկանալի են: Իսկ մաթեմատիկան, ինչպես հայտնի է, ուղեղի մարզանք է: Նա ավելի հեռու է բարոյական խնդիրներից, քան բոլոր մյուս դպրոցական առարկաները: Սակայն առաջին իսկ րոպեներից ընդհանուր տարակուսանքը ցրվեց: Ընթերցումների երկրորդ օրը առավոտյան Ուսուցչի տան Մեծ դահլիճում հավաքված ուսուցիչների համար սկսելով մաթեմատիկայի իր դասը` Շալվա Ամոնաշվիլին ներկաներին հիշեցրեց, թե ինչպես ծնվեց Լոբաչևսկու նոր երկրաչափությունը` երևակայության երկրաչափությունը. մեն-միակ վարկածի շնորհիվ, որ ցանկացած կետով կարելի է տանել տրվածին զուգահեռ մի քանի ուղիղներ: Այդպես է և նոր մանկավարժությունը. անսովոր դասը խիզախ մտահղացումների և առանձին ուսուցիչների բացահայտումների հիման վրա է ծնվում: Երբեմն դրանք խաբուսիկ ենթադրություններ են լինում, բայց առանց դրանց անհնար է, քանի որ մեր մասնագիտությունը` մանկավարժությունը, դասատվությունը, դաստիարակությունը, բացարձակապես սուբյեկտիվ է:

Եվ մեր աշխատանքում ամեն ինչ մեկ ամբողջություն է: Դասը` որպես առանձին իրողություն, գոյություն չունի: Մի պարապմունքը կապակցվում է մյուսին. ստեղծվում է չընդհատվող շղթա:

Առանձին դաս չկա նաև այլ պատճառով: Ամեն պարապմունքի մեջ այնքան դաս կա, որքան դասարանում նստած երեխաներ կան, որովհետև ուսուցիչը յուրաքանչյուր երեխայի համար պատրաստում է նրա դասը:

Եվ ամեն անգամ իրեն հարց է տալիս` ինչ եմ ես ուզում սովորեցնել այս երեխային` մաթեմատիկա՞, թե՞ ավելի բարձր մի բան: Յուրաքանչյուր դասի մեջ, ինչպես լավ գրքում, հետաքրքիր տեքստ կա և խորը ենթատեքստ: Սակայն դասի նախաբանը վերջանում է: Եվ Շալվա Ամոնաշվիլին դասախոսից վերածվում է մանկավարժի: Մանկավարժը դիմում է բեմում նստած դպրոցականներին: Նրանք ուսուցիչներ են, որոնք լիքը սրահում, բոլորի աչքի առաջ համարձակվել են աշակերտի դեր ստանձնել, նշանակում է` պատրաստ են նոր բան սովորելու, սխալվելու: Իրենց սխալները ուղղելու:

Բոլորին, ովքեր կարդացել են Ամոնաշվիլու գրքերը, հայտնի է, թե ինչ նշանակություն է նա տալիս հասարակ «բարև ձեզ» բարի խոսքին: Եվ հիմա նա դիմում է իր հանկարծաստեղծ դասարանին.

- Մտածեք, թե ինչ եք ուզում ինձ հայտնել կամ մաղթել: Խնդրում եմ, պատրաստեք այդ բառը:
Համապատասխան կարգավորումը տրված է, դասի ճիշտ ինտոնացիան գտնված է: Հիմա` ներքին կարգավորումը…

- Գիտե՞ք, թե հիմա ով եք: Ոչ, բոլորովին աշակերտներ չեք, դուք մաթեմատիկոսներ եք: Կրկնեք մտքում` ես մաթեմատիկոս եմ, մաթեմատիկա շատ եմ սիրում: Դուք մաթեմատիկոս եք, իսկ ես` ձեր աշակերտը: Ես հարցեր կտամ, իսկ դուք ինձ կբացատրեք, կապացուցեք, ականջիս կասեք ձեր լուծումները: Ինձ կօգնեք, որ ես էլ կարողանամ բոլոր խնդիրները լուծել:

Այո, իսկ ի՞նչ է մաթեմատիկան: Ամոնաշվիլին վստահ է` դա թվերի սիմֆոնիան է: Բեմի մաթեմատիկները «սիմֆոնիա» բառը տարբեր կերպ են հասկանում: Բայց միանման փորձում են նրանում ինչ-որ ներդաշնակ ու գեղեցիկ բան գտնել: Նշանակում է, էականը ոչ թե խնդիրներն ու բանաձևերն են, այլ գեղեցկությունն ու ներդաշնակությունը:

Գրատախտակին մի քանի ռեբուս կա: Աչքերը չեն կտրվում, ցանկանում են յուրաքանչյուրը քննարկել, բայց դասը արագ թռչում է: Աշակերտները դեռևս հասարակ և բոլորին քաջ հայտնի մի գլուխկոտրուկ են լուծել`  յոթ չափիր, մեկ կտրիր: Պարզվում է` սա այսօրվա դասի խնդիրն է` սովորել յոթ անգամ չափել, զգուշորեն որոշումներ ընդունել, իսկ հետո դրանք իրականացնել: Յոթ անգամ չափել` նշանակում է կասկածել և ակնհայտը ճշմարտության տեղ չընդունել:

Գրատախտակին ևս մեկ ռեբուս է` դժվարություններ փնտրես, կգտնես… Ի՞նչ: Հաջողությո՞ւն: Հաղթանա՞կ: Աշակերտները մտածում են: Բայց այդ ժամանակ գրատախտակին հայտնվում է նոր խնդիր` երեք գիծ: Մեկը` առաջին հայացքից ամենաերկարը, ծայրերից փակված է կետերով: Մաթեմատիկոսները գիտեն` դա հատվածն է: Մյուսն ավելի կարճ է, կետից միայն սկսվում է, իսկ հակառակ ծայրից սահմանափակում չկա: Վեկտոր է` հիշում են խելացի աշակերտները: Ամենակարճ գծիկի ոչ մի կողմից կետ չկա: Հարց` ամենաերկարը ո՞ր գիծն է: Այո, այդ ամենակարճը, առանց սահմանների: Այդպես խաբուսիկ է տեսածը, երբ խոսքն անսահմանության մասին է: Սա ոչ միայն մաթեմատիկոսների, այլ նաև փիլիսոփաների սիրելի հասկացությունն է: Մեծ էկրանին հայտնվում են 2 քառակուսիներ` ներսում խաչվող գծերով` Ա գծագիր և Բ գծագիր: Որի՞ մեջ ավելի շատ քառակուսի կա: Աշակերտներն ըմբռնումով իրար են նայում: Հասկանալի է, որ քառակուսիների քանակը շատ է այնտեղ, որտեղ խաչվող գծերը շատ են: Դա համարյա ամբողջ դասարանի միասնական որոշումն է: Պարզվում է` ճիշտ չէ: Նորից` ամենակարևորը աչքով չես տեսնի:

Նկարներին փոխարինում են թվերի շարքերը: Դրանք պետք է արագ հիշել, գլխի ընկնել ինչ-որ օրինաչափություններ:

- Դրանք, իհարկե, շատ հասարակ խնդիրներ են,- համարյա ներողություն է խնդրում Շալվա Ալեքսանդրովիչը: Եվ հանկարծ սկսում է պատմել գերմանացի մի ծեր ուսուցչի մասին, որը մաթեմատիկան ավելի էր սիրում, քան երեխաներին: Նա երեխաներին բարդ խնդիրներ էր տալիս և շատ խիստ էր գնահատում: Բայց դասարանում եղավ Կարլ Ֆրիդրիխ անունով մի երեխա, որը համարյա վայրկենապես լուծում էր ամենաերկար վարժությունները: Նա կարծես թե չէր հաշվում, չէր գումարում, չէր բազմապատկում, ուղղակի գտնում էր հարկավոր պատասխանը: Մանկարվարժին դա հոգնեցրեց, և նա մի անգամ գերդժվար մի խնդիր հորինեց: Այս մեկը հաստատ  ոչ ոք չի կարող լուծել, նույնիսկ այդ անպետք տղան: Որքա՞ն կստացվի, եթե 1-ից 100 բոլոր թվերը գումարենք: Դասատուն չէր հասցրել բավարարված նստել իր աթոռին, երբ այդ ճարպիկ Կարլ Ֆրիդրիխը ձեռք բարձրացրեց: Նա լուծել էր դժվար խնդիրը: Տղայի ազգանունը Գաուս էր:

- Գուցե այսօր ձեր մեջ էլ այդպիսի հանճար կա:

Ամոնաշվիլու վարպետության դասերից մեկի ժամանակ գոնե մի երեխա եղել է, որ գտել է իմիջիայլոց տրված այդ նույն հարցի պատասխանը:

- Դա ինչպե՞ս դա արեցիր:

- Չգիտեմ,- պատասխանել է երեխան:

- Իսկ այս խնդիրը ձեզ եմ թողնում: Փորձեք դժվար վարժություններ լուծել չլուծելով:

Շատ խնդիրներ, ինչպես կյանքում է լինում, միանշանակ լուծումներ չունեն: Եթե այսպես նայենք` մի բան է ստացվում, եթե այլ կերպ` ուրիշ բան: Միշտ չենք կարող ընդհանուր որոշման հանգել, կարևորը ուրիշ մարդու տրամաբանությունը հասկանալն է:

Համենայն դեպս, դասը մնում է դաս: Աշակերտները ամեն ինչ չէ, որ կարողանում են: Մեկը տրտնջում է, որ չի հասցրել: «Մաթեմատիկոսն օդի մեջ պետք է կարողանա ամեն ինչ բռնել»,- պարզաբանում է մանկավարժը: Սակայն համենայնդեպս կանգ է առնում: Մեկը ինչ-որ բան լավ չի լսել: «Նույն բանը կրկնելով չեմ կարող վիրավորել ձեզ»,- բարկանում է ուսուցիչը: Բայց և այնպես կրկնում է:

Նրա ձայնը մեկ բարձրանում է, մեկ վերածվում շշուկի: Իհարկե, բոլորին հայտնի են Ամոնաշվիլու գործելու եղանակները. գլուխներդ սեղանին դրեք, փակեք աչքերդ, մտածեք: Իսկ երբ լուծեք վարժությունը, վերև բարձրացրեք մատները: Նա շարժվում է շարքերի արանքով, սեղմում նրանց մատները, ովքեր ճիշտ պատասխանը գտել են, շնորհակալություն հայտնում: Չէ՞ որ ուսուցչին նվեր է, երբ աշակերտը դժվար հարցի ճիշտ պատասխանը գտել է: Իսկ աշակերտի համար մանկավարժի հիացմունքն է նվեր, նրա գնահատումը: Շալվա Ամոնաշվիլին կամաց շշնջում է  մեկի ականջին. «Մտածի´ր, քեզ էլի կմոտենամ»: Ծանոթ, բազմիցս նկարագրված ձևեր: Բայց ի~նչ դժվար է դրանք կրկնելը: Անհնար է: Կարելի է միայն այն դեպքում, եթե Ամոնաշվիլու հետ ընդունես, որ երեխան երևույթ է, հատուկ մարդ, որը և´ մաթեմատիկայում, և´ կյանքում իր ուղին ունի:

Վերջին խնդիրը թվերի հայելային շարքի մասին է. կարծես թե բոլորովին չի լուծվում: Կա´մ շատ դժվար հարց է, կա´մ էլ աշակերտներն են հոգնել: Ուսուցիչը դիմում է դասարանի արական մասին` այս խնդիրը լուծեք, որ բոլոր աղջիկները հիանան: Ստեղծագործելու հզոր խթան է: Գրեթե բոլոր աշակերտներն արդեն հավաքվել են գրատախտակի մոտ` փորձելով պատասխանը գտնել: Ամոնաշվիլին նստել է աշակերտական նստարանին: Հիմա նա իսկապես աշակերտ է, որի առջև շատ ուսուցիչներ են: Նա փորձում է ինչ-որ բան հասկանալ:

Դասն ավարտվում է, ինչպես հարկն է, տնային առաջադրանքներով` մեկը ձեզ համար, սիրելի աշակերտներ, իսկ մյուսը`ձեր ծնողների, տատիկների և պապիկների համար: Չէ՞ որ նրանց հետաքրքիր է, թե դպրոցում ինչ եք արել: Իսկ նրանց ի՞նչ եք պատմելու: Ի՞նչ է եղել դասին: Եվ գուցե հանկարծ հիշեք դասի սկզբի այն չլուծված ռեբուսը. ով դժվարություններ է փնտրում... Վերջապես մեկը գլխի ընկավ` ով դժվարություն է փնտրում, իմաստություն է գտնում: Դասաժամն ավարտվեց զանգի հետ: Բայց իրականում դասը չի ավարտվում: Իհարկե, եթե դա դաս է ոչ թե գիտելիքի համար, այլ կյանքի:

Հրաժեշտ տալով աշակերտներին` Ամոնաշվիլին դեռ երկար չէր կարողանում հեռանալ բեմից: Նրան հարցեր են տալիս, խնդրում են  լուսանկարվել նրա կողքին, ծրագրեր են տալիս կարդալու. «Ստորագրեք, խնդրում եմ: Ձեր բոլոր գրքերը կարդացել եմ, դրանք ինձ համար շատ կարևոր են:

- Հանդիպումների շարունակությունը հավանաբար հումանիտար մանկավարժության լաբորատորիայի  սեմինարները կլինեն: Այս հուսադրող նոտայով էլ Շալվա Ամոնաշվիլին  արագ հեռանում է դահլիճից: Նրան սպասում են ուրիշ քաղաքում, ուրիշ քաղաքներում:


Ինչո՞ւ է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակելը

Ինչու է մեզ համար դժվար երեխաներին դաստիարակե՞լը: Որովհետև հենց մեզ համար է դժվար: Չէ՞ որ իրականում չենք դաստիարակում, այլ միայն ուզում ենք ինչ-որ բան դաստիարակել:  Իսկ ինչպե՞ս ենք հասնում մեր նպատակին: Պահանջում ենք, ստիպում: Մի՞թե դրանք դաստիարակելու ձև են:

Մենք ջանադրաբար սովորեցնում ենք երեխաներին: Բայց ուսուցումը միայն գիտելիքներ է տալիս և ոչ թե դաստիարակություն:  Իսկական դասը կյանքի էներգիայի աղբյուր է: Այն ոչ թե գիտելիքի համար է, այլ մանկան կյանքի, որ մինչև դպրոց գալը տարերային հոսում էր, իսկ այստեղ մեր օգնությամբ կլինի հատուկ, խելացի, լի ոչ միայն ուսուցմամբ:  Դաստիարակությունը աշակերտի հոգու սնունդն է: Պետք է նրա հոգին լցնենք պայծառ, գեղեցիկ կերպարներով: Որովհետև եթե դա չանենք, երեխաների ներքին աշխարհը ուրիշ բանով կարող է լցվել:

Իսկ որտեղի՞ց մանկավարժը վերցնի այդ գեղեցիկ կերպարները, այդ ներքին լույսը: Բարդ հարց է: Մի ժամանակ Սուխոմլինսկին ասել է. եթե ուսուցիչը ցանկանում է երեխային գոնե փոքրիկ կրակ տալ, իր ներսում լույսի ծով պիտի ունենա: Շատերը պնդում են, որ մեր դաժան աշխարհում դժվար է մարդկային մնալը: Սակայն կյանքը միշտ է այդպիսին: Իսկ ես ապրում եմ այնպես, ինչպես ապրում եմ, հենց այն պատճառով, որ այլ կերպ չեմ կարող ապրել: Իսկ  ով դա չի հասկանում, ուղղակի պետք է դուրս գա դպրոցից:

Պետք է խոստովանել, որ դպրոցը, կրթությունը միշտ հակասություններ են ծնում: Հեղինակավոր ուսուցիչը դա սրում է: Մարդկային ուսուցիչը հարթում, ջանում է երեխայի կյանքը հեշտացնել: Եթե աշակերտը սխալվում է, ինձ համար խնդիր է: Ես ջանում եմ դա լուծել: Իհարկե, բարձր դասարաններում արդեն անհնար է մատները շոյել, ականջին շշնջալ պատասխանները: Բայց խնդիրը դա չէ: Յուրաքանչյուր տարիք իր մանկավարժությունն ունի: Ուսուցիչը, միևնույն է, ցանկացած դասարանում, ցանկացած առարկայի ժամին աշակերտի` որպես անկրկնելի անհատականության հետ աշխատելու ձև է փնտրում:

Անընդհատ ասում ենք` մարդասեր ուսուցիչ, մարդասեր մանկավարժություն: Ո՞րն է նրա տարբերությունն ավանդականից: Չկա ավանդական մանկավարժություն: Կա հավերժական մանկավարժություն: Կենցաղային, ժողովրդական: Եվ կա, այսպես կոչված, գիտական: Գիտությունը փորձում է բացահայտել անխախտ օրենքները: Նա գոյություն ունի ժամանակի, տարածության  և մատերիայի խիստ շրջանակում: Իսկ մարդկային մանկավարժությունը գիտի չորրորդ չափումը` ուսուցչի անհատականությունը: Ե´վ կրթության, և´ դաստիարակության խնդիրները հենց նա է  լուծում: Մենք` այստեղ նստածներս, ենք լուծում: Հատկապես եթե միավորվում ենք:

Նորից ուզում ենք հիշել Սուխոմլինսկուն` առանց հոգեկան ընդհանրության դաստիարակություն չի կայանում:

Շալվա Ամոնաշվիլի

Ինչու

«Ինչո՞ւ» բառ է, որն այնքան հաճախ են արտասանում մեր երեխաները: Եվ գուցե հենց դա է այն «ոսկե բանալին», որը բացում է Մանկության ամրոցի գաղտնի դուռը: Ո´վ մեծահասակ, մանուկների դաստիարակության  մասին քեզ ավելի հաճախ հարցեր տուր, փնտրիր պատասխանները. տես` գուցե այնքան էլ դժվար չլինի:

Նատալյա Բորովկովա, Սանկտ- Պետերբուրգ

Դժվար է

Դժվար է, որովհետև դաստիարակության ընթացքը անընդհատ է: Դաստիարակություն դասին, դասամիջոցին, դպրոցական ճաշասրահում, հանդերձարանում, խմբակի պարապմունքին, թատրոնում, արշավի ժամանակ: Միշտ և ամենուր: Իսկ ուսուցչի համար դժվար է: Ավելի հեշտ է սա. «գիտելիք-կարողություն-հմտություն» տվեցիր, զանգը եղավ, և…. լրիվ անտարբերություն և անթափանց դեմք: Աշխատանքն ավարտված է:

Դաստիարակությունը միջնորդավորված է. մեր խոսքին ինչպե՞ս կարձագանքեն: Շատերը դրա մասին չեն մտածում: Իսկ եթե մտածեն, դժվար չի լինի: 

Ս. Սադովսկայա, Նիժնի Նովգորոդ

Թարգմանեց Մարինե Ամիրջանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.