«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել

Լեգիտիմությունն ինձ համար երկու չափանիշ ունի՝ իշխանության (պետական և համայնքային) մարմինների ձևավորման օրինականություն և իշխանության մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից մարդու (քաղաքացու) անօտարելի իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգում: Իշխանությունը ոչ լեգետիմ է, եթե նրա ձևավորումը (ընտրական գործընթացը) անհատական գիտակցության ընկալմամբ հասարակայնորեն ճանաչված է որպես անօրինական: Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով Հայաստանը՝ որպես պետություն, պարտավոր է իր տարածքում ապահովել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Ուրեմն այսօր իշխանությունը ոչ լեգետիմ է նաև, որ չի ապահովում մարդու իրավունքների ու ազատության պաշտպանությունը: Երկու չափանիշով էլ ոչ լեգիտիմ իշխանություն ունենք Հայաստանում. անպաշտպան է քաղաքացին (փաստ է), նաև անօրինական են ձևավորվել (ՙընտրվել՚) ոչ միայն օրենսդիր և գործադիր մարմինները, այլև գործող Սահմանադրությունը: Սահմանադրական վերջին հանրաքվեի ժամանակ արձանագրվեց, որ ընտրական գործընթացը կարելի է կազմակերպել և առանց ընտրողի. ՀՀ օրենքով ձևավորվող ընտրական հանձնաժողովները և ՀՀ օրենքով վարվող փաստաթղթերը (ընտրական ցուցակներ, քվեաթերթիկներ, արձանագրություններ) բավարար են: Ընտրողի մասնակցությունը ծախսատար է ու հոգսեր է առաջացնում: Իրավունքի դասականի մոտ եմ կարդացել՝ իրավապահ մարմինները (այդ թվում՝ պետական իշխանության ամենազգայուն մարմինները՝ դատարանները) արդարադատություն իրականացնելու իրենց ուժն ստանում են օրինական ձևավորված օրենսդիր և գործադիր իշխանությունից: Մեր դատարանն այսօր անուժ է իրավունքի պաշտպանության համար: Մարդկանց իրավունքները կարող են անպատիժ ու անվերականգնելի ոտնահարվել համայնքի և պետության մակարդակով: Աքսիոմատիկ պնդում է (մեր իրականությունը վկա)՝ բարեկեցիկ հասարակություն, մրցունակ տնտեսություն և անվտանգ քաղաքացի չեն լինում առանց գործուն արդարադատության: Մենք այս ոչ լեգիտիմ կյանքով բավականաչափ երկար ենք ապրում՝ հասարակայնորեն հարմարվելու աստիճանի: Սրա հաղթահարումը և՛ դժվար կլինի, և՛ հատուկ կազմակերպում է պահանջում:

Ինչո՞ւ է այսպես

Հին պատմություն է, եթե թողնեմ չարչրկված հղումը ազգային մենթալիտետին, մենք՝ մեր եղունգով մեր գլուխը քորողներս ու յոլա գնացողներս, հայտնվել ենք մեր ՙմոր փորում՚, մեր ստեղծած անկարգ ու անօրինական կյանքում սկսել ենք զգալ ինչպես ձուկը ջրում: Ես Հ. Թումանյանի մոտ եմ կարդացել ավանդույթի ուժով այս արատի պատճառի մասին՝ մեզանում գաղափարի մարդը իր հրապարակած գաղափարին չի ծառայում: Այսօր սա, ցավոք, միայն մեր հասարակության ֆորմալ լիդերներին (բոլոր մակարդակի իշխանավորներին) չի վերաբերում: Ավա¯ղ, այս արատը՝ որպես բացիլ, հասել է նաև մեր հասարակության ոչ ֆորմալ լիդերներին՝ լրագրողին ու ձեռնակատերին, ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործչին, ուսուցչին ու դասախոսին, արվեստագետին ու գիտնականին, ովքեր իրենց ստացած կրթությամբ և զբաղեցրած դիրքով հասարակության որևէ խմբի (հանրույթի) վրա ազդեցություն ունեն: Մեր իրականության ողբերգությունը կատարյալ է, քանզի գաղափարին չի ծառայում (դադարել է ծառայելուց) նաև շարքային կոչվող քաղաքացին, Հայաստանում ապրող մարդը, ում գաղափարը մեկը պետք է լիներ՝ հարգել օրենքները, իր և այլոց իրավունքները: Ընտրողը տարբեր պատճառաբանություններով դադարել է օրենքով (օրինական) իշխանություն ձևավորելուց՝ այսպիսով իր չընտրած իշխանավորի և առանց լիազորության ազգի անունից հրապարակավ հանդես եկող գրագետի հետ կազմելով մռայլ երրորդություն:

Ի՞նչ անել

Երբ իշխանություններն անօրինական են, սոսկ քննադատելը մի տեսակ նրանց օրինականացնելու ձև է: Խնդիրը երկու չափանիշով էլ հայաստանյան իշխանության օրինականացումն է: Մենք մեր անհատական՝ սոցիալական-քաղաքական-քաղաքացիական իրավունքների և ազատությունների համար չենք պայքարել և չենք նվաճել դրանք՝ որպես մեր անհատական պայքարով ձեռք բերած արդյունք: Էլ չեմ խոսում սոցիալական-քաղաքական-քաղաքացիական ազատություններն ամեն օր անհատական ջանքերով պահպանելու մասին: 1988-1990թ.թ. երանությունը բոլորս ճաշակեցինք՝ որպես երկնային մանանա, որն ունեցանք հասարակական համաձայնության մեր պոռթկումի պահին՝ հանուն մեր ազգային իղձի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման: Այո, կարճատև, բայց ցույց տվեցինք, թե մարդկային ինչպիսի որակներ ենք կրում, ինչ ասել է հասարակական կյանք, ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներով տոգորված ժողովուրդ: Ինչպես եկել էր, այդպես էլ գնաց: Ազգային եռանդն ու ոգևորվածությունը չփոխարինվեցին աշխատավոր մարդու անհատական ազատությունների և իրավունքների համար զրկանքներով ու վտանգներով ուղեկցվող անդադրում և տևական պայքարով: Ծուլացանք, չկարևորեցինք, ընդունակ չեղանք... Այսքա¯ն գործազուրկ և կյանքի իրավունքի այսպիսի¯ արհամարհում, և ո՛չ մի գործադուլային շարժում: Այսքա¯ն կեղծված ընտրություններ, քաղաքացու այսպիսի ստորացում, և ետքվեարկության բողոքի մի քանի օրից բացի ոչ մի լուրջ ընդվզում: Չի կարելի հաշտ ապրել այս ՙոչ լեգիտիմ՚ իրականության հետ ու չսկսել համեստ անհատական պայքարը: Չի կարելի կեղծել՝ թերթով, հեռուստացույցով, լսարանի (այդ թվում սովորողների) առաջ խոսել օրինական ընտրությունների անհրաժեշտության մասին, իսկ քիչ հետո վաճառել հանձնաժողովի տեղերը կամ ընտրական այլ անօրինականություն կատարել ու մտնել աշխատանքային կոլեկտիվ ու դասարան, քարոզել հաջորդ վեհ գաղափարները, կարծես ոչինչ էլ չի եղել:

Ի դեպ, ընտրությունները երբեք չեն ավարտվում, անընդհատ են: Իսկ ի՞նչ օրինականություն, երբ հայտնի ու հաճախ անհաղթահարելի խոչընդոտներ կան՝ հասարակության մեջ քաղաքական գաղափարների տարածում (գործադիրի կողմից կառավարվող եթեր, խաղաղ երթերի և հանրահավաքների անցկացման թույլտվություն, ժողովների համար դահլիճների հայթայթում), քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար գլխավոր դատախազի կողմից կառույցների ստեղծում, երբ Հայաստանով մեկ քաղաքական կուսակցությունները ոչ միայն զբաղված են ընտրակաշառք (ապրանք, փող և ծառայություններ) բաժանելով, այլև դա հեռուստաեթերով գովազդում, որպես կարևոր լրատվություն են ներկայացնում հասարակությանը, երբ վաղվա օրվա համար համատարած վախ կա... Սրանք ընտրության օրինականությունը բացառող հանգամանքներն են՝ յուրաքանչյուրն առանձին-առանձին և միասին վերցրած: Պիտի խիզախի մեզանից յուրաքանչյուրը, պիտի վտանգի իրեն, ունեցած-չունեցածը, որ հաղթահարենք հասարակությանը բռնած վախը: Չխոսենք ազգի անունից և չգուժենք ազգի կործանման մասին՝ այ, եթե այս անգամ էլ…, ապա ազգը կկործանվի: Ազգին հանգիստ թողնենք: Համեստություն է պետք, որ յուրաքանչյուրս հանդես գանք մեր անունից կամ այն խմբի, ում լիազորությունն օրինական ստացել ենք: Յուրաքանչյուրս անելիք և լիազորություն ունենք՝ ինքներս մեզանից սկսելու, օրինական գործելու, որպես քաղաքացի լեգիտիմանալու համար:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.