«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մոհանդաս Գանդի
ԻՄ ՀԱՎԱՏԱՄՔԸ ՀԱԿԱԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է


Ես հայտնաբերել եմ, որ ավերակների մեջ էլ կյանք կա, և, հետևաբար, պետք է ավելի բարձր օրենք գոյություն ունենա, քան ավերելու օրենքն է: Միայն այդպիսի օրենքի դեպքում հասարակությունը խելացի և ճիշտ կառուցված կլինի, և կյանքն արժանի կլինի նրան, որ ապրենք: Եվ եթե դա է կյանքի օրենքը, մենք պետք է դա կիրառենք ամենօրյա կյանքում: Որտեղ էլ որ վեճն առաջանա, որտեղ էլ ընդդիմախոսը ձեզ դիմադրի, նրան սիրո՜վ նվաճեք: Իմ կյանքում տարերայնորեն սրան եմ հանգել: Սա չի նշանակում, որ իմ բոլոր խնդիրները լուծված են: Բայց նկատել եմ, որ սիրո այս օրենքն այնպես է գործում, ինչպես ավերման օրենքը երբեք չի գործել: Այս օրենքի ամենալայնամասշտաբ գործունեության համոզիչ ցուցադրությունը Հնդկաստանում տեսանք: Դրանից ելնելով՝ չեմ պնդում, թե բոլոր երեք հարյուր միլիոն մարդն էլ անպայման համակված էր հակաբռնությամբ, բայց պնդում եմ, որ այն թափանցել էր ավելի խորը, քան ցանկացած այլ գաղափար, ընդ որում՝ անհավանական կարճ ժամանակամիջոցում: Մենք բոլորս հակաբռնության միատեսակ համախոհներ չէինք, և ճնշող մեծամասնության համար հակաբռնությունը քաղաքականության հարց էր։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ՝ հասկանաք, որ երկիրը հակաբռնության գաղափարի օգնությամբ է հսկայական առաջընթաց քայլ արել:

Բավականին լարված նախապատրաստություն է անհրաժեշտ, որպեսզի հակաբռնությունը դառնա մենթալիտետի բաղկացուցիչ: Ամենօրյա կյանքում դա պետք է կարգապահության ճանապարհը լինի (չնայած ոմանց սա կարող է և դուր չգալ), ինչպես, օրինակ, զինվորի կյանքն է: Բայց համաձայն եմ, որ քանի դեռ գիտակցության կողմից ուժգին անկեղծ աջակցություն չկա, կարգուկանոնի միայն արտաքին պահպանումն ընդամենը դիմակ կլինի՝ վնասակար ինչպես կրողի, այնպես էլ ուրիշների համար։ Վիճակի կատարելության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ միտքը, մարմինն ու խոսքը համաձայնության մեջ են: Բայց դա լարված մտավոր մշտական աշխատանք է: Չի կարելի ասել, թե ես ընդունակ չեմ, օրինակ, ցասման, բայց համարյա բոլոր դեպքերում ինձ հաջողվում է ղեկավարել իմ զգացմունքները:

Արդյունքն ինչ էլ լինի, իմ մեջ միշտ գիտակցական պայքար կա հակաբռնության օրենքին նպատակասլաց ու անընդհատ հետևելու համար: Այդպիսի պայքարը մարդուն ավելի ուժեղ է դարձնում հետագա պայքարի համար: Խաղաղությունն ուժեղների զենքն է: Թույլերի մոտ դա հեշտությամբ կարող է վերածվել երեսպաշտության: Վախը և սերը հակասական հասկացություններ են: Սերը խենթորեն տալիս է՝ չմտածելով, թե փոխարենն ինչ կստանա: Սերը պայքարում է ամբողջ աշխարհի դեմ, ինչպես և ինքն իր դեմ, և ի վերջո իշխում է մնացած բոլոր զգացմունքներին: Իմ (նաև ինձ հետ աշխատող մարդկանց) ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խնդիր լուծելի է, եթե վճռականորեն տրամադրված ենք ճշմարտության և հակաբռնության օրենքը կյանքի օրենք դարձնելու։ Ինձ համար ճշմարտությունը և հակաբռնությունը նույն մեդալի կողմերն են:

Սիրո օրենքը միշտ գործում է, ինչպես ձգողականության օրենքը, անկախ նրանից՝ դա գիտակցում ենք, թե ոչ: Ինչպես գիտնականն է հրաշքներ է գործում՝ տարբեր ձևերով օգտագործելով բնության օրենքը, այդպես էլ սիրո օրենքը խնամքով կիրառող մարդը կարող է ավելի մեծ հրաշքներ գործել: Խաղաղության ուժը անսահման ավելի նուրբ և հրաշալի է, քան բնության նյութական ուժերը, ինչպես օրինակ՝ էլեկտրականը: Սիրո օրենքը բացահայտած մարդիկ ավելի մեծ գիտնականներ են եղել, քան ժամանակակից որևէ գիտնական: Ուղղակի առայժմ մեր հետազոտությունները բավարար չեն, այդ պատճառով էլ բոլորը չեն կարող տեսնել հաջողությունները: Համենայն դեպս այսպիսին է պատրանքը (եթե պատրանք է), որն ինձ օգնում է, որ աշխատեմ: Ինչքան շատ եմ դիտարկում այս օրենքը, այնքան ավելի շատ եմ զգում կյանքի ուրախությունը, մեր տիեզերքի կառուցվածքում առկա ուրախությունը: Դա ինձ հակաբռնություն է տալիս և բնության այն գաղտնիքների բացատրությունը, որոնք անկարող եմ նկարագրել:

Ռուսերենից թարգմանեց
Գևորգ Հակոբյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.