«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Դանիել Գրինբերգ
Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին

Այստեղ գործում են բոլորովին այլ կարգեր ու օրենքներ. աշակերտներն իրենք պետք է ինչ-որ բան սովորելու ցանկություն ունենան: Եվ միայն այդ ժամանակ են նրանց օգնության գալիս մեծերը:

ՙԲա որ հանկարծ նա ոչինչ էլ չսովորի՚: Այս վախը մեզ ստիպում է մշտապես հսկել:
Մենք նրանց լավն ենք ուզում, ջանք չենք խնայում նրանց համար, բայց չենք հավատում նրանց: Սա է մանկավարժական համակարգերի միջև ամենասկզբունքային սահմանը: Ուսուցիչներ, որոնք քաջություն ունեն հետևելու երեխաների բնականոն զարգացմանն ու սպասելու, թեկուզ տարիներով, մինչև նրանք գտնեն իրենց ճանապարհը: Եվ նրանք, ովքեր սիրով, քնքշությամբ, սակայն անշեղորեն իրենց կերպարով ու նմանությամբ են աշակերտ ծեփում: Որպեսզի լինի բոլորի նման, ինչպես ընդունված է:
Իհարկե, մեզանից ամենահամարձակներն անգամ մեր դպրոցներում չեն հանդգնի անել այն, ինչին Սադբերի հովտի դպրոցում հեշտությամբ հասնում են:

Եվ, այնուամենայնիվ, կարելի է երեխային հենց հիմա և ամեն ինչ վստահել:

Ձկնորսություն
Ամեն տարի հունիսի սկզբին Ջոնը գալիս է դպրոց՝ ինձ հետ իր որդու մասին զրուցելու: Ջոնը փափուկ, կիրթ տղամարդ է և շատ է հետաքրքրվում իր որդի Դանով: Ջոնը փոքր-ինչ անհանգստանում է: Շատ քիչ, սակայն այդքանն էլ ավական է, որ տարին մեկ անգամ այցելի: Նա գալիս է, որպեսզի վստահություն ձեռք բերի: Ես մոտավորապես գիտեմ, թե ինչպես կընթանա զրույցը:
- Ես Ձեր դպրոցական փիլիսոփայությանը ծանոթ եմ և ընդունում եմ: Բայց պետք է Ձեզ հետ խոսեմ: Ես անհանգստացած եմ:
- Ի՞նչ խնդիր կա: (Իհարկե, գիտեմ: Երկուսս էլ գիտենք: Ուղղակի սա է ծիսակարգը: Հինգ տարի անընդմեջ նույն բանն ենք խոսում):
- Դպրոցում Դանը օրերով ձկնորսությամբ է զբաղվում:
- Հետո ի՞նչ:
- Ամբողջ օրը, ամեն օր: Աշնանը, ձմռանը, գարնանը: Նրա միակ զբաղմունքը ձկնորսությունն է:

Նայում եմ Ջոնին և սպասում հաջորդ նախադասությանը:
- Ես վախենում եմ, որ նա ոչինչ չի սովորի: Շուտով կմեծանա և կբացահայտի, որ ոչինչ էլ չգիտի:
Այստեղ սկսվում իմ ելույթը, որն էլ Ջոնը ցանկանում էր լսել: ՙԱմեն ինչ կարգին է: Դանն արդեն շատ բան է սովորել: Առաջին հերթին նա ձկնորսության մասնագետ է: Մեծահասակներից ավելի շատ բան գիտե ձկների մասին: Հնարանոր է՝ նա Անվանի ձկնորս դառնա՚:

Այստեղ Ջոնը մի քիչ վատ է զգում: Հավանաբար ՙԴանը ձկնորսության մեջ գլխավոր հեղինակությունն է՚ պատկերը նրան ճշմարտանման չի թվում: Բայց ես շարունակում եմ. ՙԴանն ուրիշ բաներ էլ է հասկացել: Նա սովորել է որսը ձեռքից բաց չթողնել, գնահատել ազատությունը: Նա սովորել է երջանիկ լինել՚:

Եվ իսկապես, Դանը դպրոցում ամենաերջանիկ երեխան է: Դեմքին միշտ ժպիտ է շողում, բոլորը՝ մեծից փոքր, սիրում են նրան: Իմ խոսքը մոտենում է ավարտին. ՙԵրբ էլ ձկնորսության նկատմամբ հետաքրքրությունը կորչի, նա նույնպիսի ջանասիրություն կցուցաբերի մեկ այլ գործում: Մի՜ վախեցեք՚:

Ջոնը շնորհակալ կլինի ինձ և կգնա: Մինչև հաջորդ տարի:
Բայց մի անգամ էլ Ջոնը չեկավ մեր սովորական զրույցին: Ինչո՞ւ: Դանը թողեց ձկնորսությունը: Տասնհինգ տարեկանում նա տարվեց համակարգչով: Տասնվեց տարեկանից սկսեց աշխատել տեղի գործարանում: Տասնյոթ տարեկանում երկու ընկերների հետ համակարգիչների վաճառքի և սպասարկման սեփական ընկերություն հիմնեց: Իսկ տասնութում շարունակեց կրթությունը քոլեջում: Ինքնուրույն վաստակած իր գումարներով: Դանը չէր մոռացել այն, ինչ սովորել էր ձկնորսության ժամանակ շատ տարիներ առաջ:

Թվաբանություն
Իմ դիմաց նստած 9-12 տարեկան տասներկու աղջիկներ ու տղաներ են: Մի շաբաթ առաջ նրանք խնդրեցին իրենց թվաբանություն սովորեցնել՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում և այլն:
- Իրականում դուք չեք ուզում դա իմանալ,- մեկ շաբաթ առաջ ասացի նրանց, երբ նրանք առաջին անգամ մոտեցան ինձ:
- Ուզում ենք, մենք համոզված ենք:
- Ո՜չ,- համառեցի ես:- Հնարավոր է, որ ձեր ընկերները կամ ծնողներն են ցանկանում, իսկ դուք կգերադասեիք այգում խաղալը:
- Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում՝ թվաբանություն սովորել: Սովորեցրե՜ք մեզ, և մենք կապացուցենք: Մենք կկատարենք ձեր բոլոր առաջադրանքները և համառորեն կաշխատենք:

Ես գիտեի, որ սովորական դպրոցներում թվաբանության պարապմունքները մի քանի տարի են տևում, և համոզված էի, որ երեխաների հետաքրքրությունը երկու շաբաթից կսպառվի: Բայց ընտրություն չունեի, ինձ անկյուն էին քշել:
- Եթե լրջորեն որոշել եք թվաբանություն սովորել, ես ձեզ այս սենյակում կսպասեմ ուղիղ ժամը տասնմեկին՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին: Եթե հինգ րոպե ուշանաք, դասը կհետաձգվի: Երկու հետաձգում, և վերջ, պարապմունքները կդադարեցնենք:
- Համաձայն ենք,- ասացին երեխաները:
Գումարման վրա երկու դասաժամ ծախսեցինք: Նրանք սովորեցին ամեն ինչ գումարել՝ երկար ու բարակ, կարճ ու հաստ ծառերը, երկար հաստերը: Տասնյակներով վարժություններ էին կատարում: Հանումը նույնպես երկու դասաժամ տևեց, բայց ՙպարտք տալը՚ լրացուցիչ բացատրելու հարկ եղավ: Արդիական ֆինանսական խնդիր է: Ու առաջ գնացին: Անհրաժեշտության դեպքում օգնում էին միմյանց:

20-րդ դասից հետո նրանք հաղթահարել էին դպրոցական բազմամյա դասընթացի բոլոր իմաստությունները:
Եվ յուրաքանչյուրը հաստատուն գիտեր նյութը:
Մի հրաշալի երեկույթով նշեցինք դասընթացի ավարտը:
Պետական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ալան Ուայթին այդ արդյունքը չզարմացրեց:
ՙՀայտնի է, որ դասավանդվող նյութը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Բայց իրականում դժվար է, փաստորեն հնարավոր չէ դա մտցնել երեխաների գլուխները, որոնք ատում են քո յուրաքանչյուր փորձը: Միակ ձևը տարիներով, բայց ամեն օր քիչ-քիչ լցնելն է: Շատ վեցերորդցիներ, այնուամենայնիվ, մաթեմատիկայից բացարձակ անգրագետ են մնում: Տվեք ինձ երեխա, որն ուզում է մաթեմատիկա սովորել, և մեկ ամիսն էլ կբավարարի:

...իզմեր
Դիսլեկսիայի դեպք Սադբերի հովտի դպրոցում չկար: ԵՎ ոչ ոք ճշգրիտ չգիտեր, թե ինչու: Դիսլեկսիան ֆունկցիոնալ խախտում է, որը դժվարեցնում է կարդալ-գրել սովորելը: Որոշ մասնագետներ կարծում են, որ բնակչության քսան տոկոսն այդ խնդիրն ունի: Բայց մենք դրան երբեք չենք բախվել: Միգուցե այն պատճառով, որ երբեք կարդալ չենք սովորեցրել: Մեծահասակներից ոչ ոք չի ասել. ՙՀիմա սովորի՜ր կարդալ՚: Ոչ ոք չի հարցրել. ՙՉես ուզում կարդալ սովորել՚: Մեր նշանաբանն է՝ աշակերտի՜ առաջին քայլին սպասիր:

Մեր դպրոցում որոշ երեխաներ կարդալը վաղ են սկսում, ոմանք՝ ուշ: Բայց հատկապես այն ժամանակ են սովորում, երբ իրենք դրան պատրաստ են: Որոշ ՙուշ՚ կարդացողներ մատով ցույց տալու ընթերցասերներ են դառնում:

Կարդալ սովորեցնելու ոչ մի դասագիրք, ոչ մի այբենարան չունենք: Հետաքրքիր է՝ ուսուցրչներից բացի որևէ մեծահասակ նայու՞մ է այդ գրքերը: Դրանք պարզունակ են, տխուր ու սահմանափակ: Հեռուստատեսությամբ մեծացող ժամանակակից երեխաների համար այդ գրքերն ապուշություն են թվում: Յուրաքանչյուր աշակերտ ի՜ր մեթոդով է կարդալ սովորում: Ոմանք, երբ նրանց համար բարձրաձայն են կարդում: Մյուսները՝ կոնֆետի թղթերից, խաղի կանոններից, փողոցային ցուցանակներից: Մարդ կա՝ հնչյունական տառերն է հիշում, մարդ կա՝ վանկերով է կարդում, մարդ էլ կա՝ ամբողջ բառերը: Պետք է ազնվորեն խոստովանենք, որ չգիտենք, թե ինչպե՜ս են աշակերտները կարդալ սովորում: Եվ երեխաներն իրենք չեն կարողանում մեզ դա բացատրել: Հնարավոր է, որ երեխայի համար ընթերցանությունը նման է խոսելու կարողությանը: Ինչո՞ւ են երեխաները խոսել սովորում: Աշխարհում մարդիկ խոսքի միջոցով են հաղորդակցվում: Իսկ երեխաներն ամենից շատ այդ աշխարհն են ուզում ունենալ: Փորձե՜ք թույլ չտալ: Սադբերի հովտի դպրոցում նման մի բան էլ ընթերցանության հետ է լինում: Երբ երեխաներին իրենց նախասիրությունները հասկանալու հնարավորություն են տալիս, նրանք իրենք են հասկանում, որ մեր աշխարհում գրված բառը կախարդական բանալի է դեպի գիտություն: Եվ հետաքրքրասիրությունն ի վերջո ստիպում է օգտվել այդ ՙբանալուց՚:

Դասեր
Բառերի հետ զգույշ լինենք: Երբ մի բառը գոնե երկուսի համար նույն բանն է նշանակում, դա պարզապես հրաշք է: Օրինակ՝ ՙդասարան՚ բառը: Հնարավոր է, որ այդպիսի բան ընդհանրապես չկա: Մարդկանց մեծ մասը դա որպես սենյակ է ընկալում, որտեղ աշակերտները նստարաններին են նստած և ուսուցչից հրահանգներ են ստանում: Առաջ են գալիս այլ զուգորդումներ՝ ՙդասաժամ՚, ՙտնային աշխատանք՚, ՙդասագիրք՚: Նաև՝ ձանձրույթ, ճնշում, հաջողություն, մրցակցություն:

Մեր դպրոցում այդ բառն ընդհանրապես այլ բան է նշանակում: Դասարանը երկու կողմերի համաձայնություն է: Այն առաջանում է, երբ մեկը կամ խումբը որոշում է հատուկ ինչ-որ բան սովորել, օրինակ՝ հանրահաշիվ, ֆրանսերեն կամ աշխատանքի ուսուցում: Որոշ ժամանակ երեխան ինքնուրույն է աշխատում, գտնում է գիրք կամ համակարգչային ծրագիր: Բայց դա դեռ դասարան չէ: Դա ուղղակի ուսուցում է:

Հետո երեխան կարող է բացահայտել, որ ինքնուրույն գլուխ չի հանում: Այդժամ նա փնտրում է մեկին, ով կօգնի, կսովորեցնի: Երբ գտնում է, կնքվում է համաձայնություն, ձևակերպվում են փոխադարձ պարտավորությունները: Այդ ժամանակ էլ հայտնվում է դասարանը: Նրանք, ովքեր նախաձեռնություն են ցուցաբերում, աշակերտներն են: Ով համաձայնություն է կնքում, ուսուցիչն է: Ուսուցիչ կարող են դառնալ և՜ երեխաները, և՜ դպրոցի մեծահասակ աշխատակիցները, և՜ հրավիրված մասնագետներ:

Մեր դպրոցի ուսուցիչները պետք է պատրաստ լինեն այնպիսի համաձայնություն կնքելու, որն աշակերտների պահանջներին համապատասխանում է: Մենք մեր դպրոցում աշխատել ցանկացողների շատ նամակներ ենք ստանում: Նրանք մանրամասն նկարագրում են, թե աշակերտներին ի՜նչ կարող են տալ: Բայց մեզ համար կարևորն այն է, թե ինչ են աշակերտները ցանկանում ստանալ: Արհեստավարժ ուսուցչի համար շատ դժվար է այդ նրբությունը որսալը: Բոլոր պայմանները դասարանն է թելադրում: Ուսուցիչը համաձայնում է նշված ժամանակահատվածում աշակերտների տրամադրության տակ լինել: Դասագիրքն ընտրվում է, և աշխատանքային պլան է կազմվում: Եթե ուսուցիչը հասկանում է, որ այլևս աշակերտներին տալու բան չունի, ապա աշակերտները ստիպված են լինում ուրիշ ուսուցիչ փնտրել: Իսկ եթե աշակերտներն այլևս չեն ցանկանում սովորել, ուսուցիչը պետք է որոշի, թե ինչով է զբաղվելու այդ ժամերին:

Աշակերտության հրաշքը
Ինչքա՞ն ժամանակ երեխան պետք է մնա դպրոցում: Ե՞րբ է գալիս այն լքելու ժամանակը: Տասնչորս տարեկանում Սաուլը տարվեց լուսանկարչությամբ: Դպրոցում մութ սենյակ ստանալով՝ նա այնտեղ լաբորատորիա ստեղծեց: Բայց տասնվեց տարեկանում տղան ցանկացավ վարպետից սովորել: Շաբաթներով թափառում էր Բոստոնում՝ փնտրելով մի լուսանկարչի, որը կհամաձայներ իրեն ուսուցանել: Պատասխանները չէին ոգևորում: Այն ժամանակ, երբ Սաուլը հանդիպեց Ջոնին, արդեն գիտեր, թե ինչպես պետք է խնդրեր և ինչպես կանխեր մերժումը: Ջոնը չէր ցանկանում երիտասարդին ուսուցանելու ռիսկին դիմել: ՙԵս արդեն դեռահասների հետ գործ ունեցել եմ, նրանք բոլորն են անպատասխանատու: Ժամանակին չեն գալիս, ծուլություն են անում՚: Սաուլը համառեց: Շաբաթը երկու օր նա ավտոբուսով Բոստոն էր հասնում և աշխատում Ջոնի հետ: Առանց ուշացման, բացթողումների և հիմար կատակների: Տարվա վերջում նրան խնդրեցին լաբորատորիայում մնալ: Այսօր Սաուլը գործընթացի տեխնիկական կողմին կատարելապես տիրապետող լուսանկարիչ-արվեստագետ է: Միայն մեկ անգամ է նրա ՙաշակերտությունը՚ հանդիպել անհաջողության: Վարպետն էր անպատասխանատու եղել և պարտականությունը չէր կատարել: Աշակերտը թողել էր նրան և գտել ուրիշ մասնագետի:

Աշակերտները պատասխանատվության փորձը գրքերից և դասախոսություններից չեն ստանում, այլ իրական կյանքի փորձից: Դո՜ւ և միայն դո՜ւ ես պարտավոր որոշում կայացնել և դրանով ապրել: Ոչ ոք քո փոխարեն չի մտածի և գործողությունների հետևանքներից չի պաշտպանի:

Տեղեկանք
Սադբերի հովտի դպրոցը (Sudbury Valley School) բացվել է 1968-ին Մասաչուսեթս նահանգում:
Այնտեղ սովորում են 4-19 տարեկան երեխաները:

Աշակերտներն ազատ են դասագրքեր, ուսուցիչներ, ուսումնական նյութեր ընտրելիս: Ո՜չ մի ուսումնական պլան, ո՜չ մի ծրագիր չկա: Բոլոր նախաձեռնությունները երեխաներից են բխում, իսկ ուսուցիչները միայն արձագանքում են այդ նախաձեռնություններին:

Դպրոցն ընդհանուր ժողովն է կառավարում, որտեղ յուրաքանչյուր աշակերտ և մեծահասակ աշխատակից ունեն հավասար իրավունքներ: Այդ թվում՝ նաև կարգուկանոնի, բյուջեի, մեծահասակների և երեխաների ընդունելու կամ հեռացնելու մասին որոշումներ ընդունելիս: Դպրոց ասածը մի առանձնատուն է: Նրա շուրջը տասը ակրի չափ հինավուրց պուրակ կա, անտառ, հանդեր, բլուրներ, լճակ: Ունի օժանդակ տնտեսություն, ախոռ:

Ֆինանսական հիմքը կազմում են ծնողական ներդրումները, հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները և հենց դպրոցի բնակիչիների՝ մեծահասակների ու երեխաների աշխատած գումարները:

Դպրոցի կյանքը հիմնվում է Արիստոտելի երկու հազար տարի առաջ ասած դրույթի վրա. ՙՄարդ արարածները բնույթով հետաքրքրասեր են՚։ Դա նշանակում է, որ երեխաները սովորում են իրենց բնական հակումների շնորհիվ՝ անելով այն, ինչ իրենք են ցանկանում՝ ամբողջ օրը, ամեն օր:

Թարգմանությունը՝ՙՄխիթարՍեբաստացի՚ մանկավարժական ուսումնարանի երկրորդ կուրսի

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.