«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կրթությունն ինքը կյանքն է: Ի՞նչ կդառնա ինքնուրույն ավագ դպրոցը

Կրթության և գիտության նախարարությունն ուշացումով, բայց, ուզում եմ հավատալ, գործնականում սկսել է զբաղվել կրթության նոր կառուցվածքի կազմակերպմամբ. նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի կազմում ստեղծվել է առանձին գործող ավագ դպրոցի գործունեության հայեցակարգ մշակող աշխատանքային խումբ, իսկ խմբի աշխատանքները համակարգելու, առանձին գործող ավագ դպրոցի փորձնական ներդրման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև հանրապետությունով մեկ ինքնուրույն ավագ դպրոցի ցանցի ստեղծման այլ աշխատանքները համադրելու նպատակով ԿԳ նախարարն ստեղծել է հանձնաժողով՝ իր ղեկավարությամբ:

Ինքնուրույն ավագ դպրոցը (12-ամյա հանրակրթական դպրոցի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ)՝ որպես ինքնուրույն կրթական ծրագիր, հարկ է դիտել մասնագիտական կրթության համակարգում: Կարծում եմ՝ լրացուցիչ փաստարկման կարիք չկա՝ մասնագիտական կրթության գործող համակարգը պարազիտիկ է ու կեղծիքի մեջ թաթախված, նրա գերխնդիրը ոչ թե այսօր ապրող անհատն է ու վաղվա քաղաքացիական հասարակությունը, այլ երեկվա իրականության՝ զարգացման չտրվող-մսխող ուսումնական հաստատությունը, դրա պահպանումը: Մասնագիտական կրթության (արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական՝ հիմնական ու լրացուցիչ) գործող համակարգը պիտի չկաշկանդի աշխատանքային խմբին և հանձնաժողովին՝ ավագ դպրոցի արդիական հայեցակարգ մշակելու, այնպիսի հայեցակարգ, որը ոչ միայն կներառվի հանրապետության մասնագիտական կրթության համակարգում, այլև փոփոխություններ կառաջարկի նրանում: Ես անհոգնել կրկնում եմ, որ մի փուլում ենք, որ հանրակրթության փոփոխությունները ճիշտ ուղղություն և դինամիզմ ձեռք կբերեն, եթե առաջանցիկ ու վճռական փոփոխություններ սկսվեն կատարվել մասնագիտական կրթության համակարգում: Ուզում եմ հավատալ, որ ինքնուրույն ավագ դպրոցի հայեցակարգին զուգահեռ (ոչ թե դրանից հետո) կձևավորվի ընդհանուր կրթության նոր համակարգը՝ բազային կրթության (մեր կարծիքով՝ 6-ամյա) և պարտադիր դպրոցի (7-8-9-րդ դասարաններ) ինքնուրույն կրթական ծրագրերով: Այո, տարատեսակ, ուսուցման տարբեր տևողությամբ և խնդիրներով ինքնուրույն ավագ դպրոցի հայաստանյան ու միջազգային փորձը պիտի վերջապես անաչառ ուսումնասիրվի:

Կենսունակ, արդյունավետ ավագ դպրոցի գործունեությունը ենթադրում է այնպիսի պարտադիր դպրոց (9-ամյա հանրակրթություն), որի շրջանավարտը բազմազան ավագ դպրոցում կրթությունը շարունակելուն մասնագիտորեն կողմնորոշված է կամ բավարար հմտություններ և քաղաքացիական պատրաստություն ունի ինքնուրույն աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Մեր նոր ձեռնարկությունները կարող են և պիտի գործեն նաև որպես ուսուցման կենտրոններ՝ իրենց 14-16 տարեկան աշխատողների համար: Այո, ուսուցում՝ ողջ կյանքի ընթացքում, անընդհատ կրթություն, նաև ստացիոնար աշխատանքային գործունեությանը զուգահեռ, ուսուցման անհատական ծրագրերով, մանավանդ որ շատ ընտանիքներ այսօր գոյատևում են իրենց 14-16 տարեկան երեխաների աշխատանքի շնորհիվ:

Ինքնուրույն ավագ դպրոցը ենթադրում է սովորողի ընտրությամբ մասնագիտացված ուսուցում և ընդհանուր կրթություն՝ ուսուցման տարբեր (1-ից 3 տարի) տևողություններով: Ահա ինչու մեծ, շատ մեծ է վտանգը, որ գործող միջնակարգ դպրոցի և մասնագիտական կրթության արատները կթափանցեն անունով նոր և ինքնուրույն հաստատությունները, կզրկեն նրանց էությունից, իմաստից՝ վերածելով դրանք միայն միջնակարգ կրթության և մասնագիտական ուսուցման վկայականներ բաշխող-վաճառող հաստատությունների: Հաստատություններ, որտեղ մեծերիս քմահաճույքով մեր 15-18 տարեկան պատանիները ստիպված լինեն 1-3 տարի ՙնստել՚ ու ՙնավթալինոտ տեսություններ՚ լսել՝ փոխանակ իրենց տաղանդին ու հակումներին համապատասխան ստեղծագործ ուսումնառություն անցնելու: Պարզ է նաև, որ գործող դպրոցական համակարգը՝ իր մարդկային և նյութական ներուժով, ծրագրերով, ավանդույթով, անկարող է ծնել առողջ և ինքնուրույն զարգացող ավագ դպրոց: Ես վստահ եմ, որ միայն ազատական (լիբերալ) գաղափարախոսությունը կկարողանա մրցակցային տնտեսության և բաց հասարակության սպասարկու արդիական և ինքնուրույն ավագ դպրոցներ ստեղծել:

Ինչպե՞ս ինքնուրույն ավագ դպրոցը զերծ պահենք կրթական համակարգը կերած կեղծիքից, անբանությունից ու անորակությունից (ձևականությունից): Ինչպե՞ս անհատականացված որակյալ ուսուցմամբ այն գրավիչ դարձնենք այսօրվա 14-17 տարեկանների և օգտակար՝ հասարակության մեր վաղվա օրվա համար: Ինչպե՞ս ինքնուրույն ավագ դպրոցի ձևավորումը կազմակերպենք որպես ներդրումային ծրագիր՝ գրավիչ և՜ քաղաքացիների (ծնողների), և՜ գործատուների (ձեռներեցների) համար: Չեմ կարծում, թե առանց հայաստանյան ներդրումների, միայն միջազգային ինչ-ինչ դրամաշնորհներով ու վարկերով էական գործ կարվի: Ավագ դպրոցի կայացման ճանապարհին պիտի խորտակվի հասարակության և կրթության միջև տասնյակ տարիներ կառուցված անջրպետը: Ժամանակակից կյանքի և կրթության օրինական և ներդաշնակ ամուսնությունից կարող է ծնվել այսօր ապրող անհատին անհրաժեշտ մասնագիտացված ուսուցման ավագ դպրոցը: Սրանք լուրջ հարցեր են: Եվ օգտակար կլինի, եթե նոր ավագ դպրոցի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցեն նրա բոլոր շահառուները: Կրթության բոլոր պատասխանատուները կկարողանա՞ն ուժ հաղորդել անգամ շատ թույլ արտահայտված նախաձեռնություններին և առաջարկներին: Տեսնենք, տեսնենք...

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.