«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 2

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ
Աշոտ Բլեյան
«Այս ոչ լեգիտիմ կյանքը մեզ ո՞վ է տվել»

Աիդա Պետրոսյան
«Թատրոնը նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Գայանե Թերզյան, Նաիրա Նիկողոսյան, Գայանե Նիկողոսյան
«Արև-շաբաթ. ինտեգրված թեմատիկ միավոր»

Նունե Մովսիսյան
«Մայրենիի առաջադրանքների փաթեթ»

Ուսումնական նյութեր
Հակոբ Հակոբյան
«Բնագիտություն. փորձեր և առաջադրանքներ 6-րդ դասարանցիների համար»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ շվեդական դպրոցում»

Դանիել Գրինբերգ
«Դպրոց, որտեղ ուսուցիչները չեն սովորեցնում երեխաներին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Կրթությունը կյանք է»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը»
(երկրորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ
(մանկավարժական ակումբ)

Սեմյոն Սոլովեյչիկ
«Քաղաքավարի երեխանե՞ր»

Սեմյոն Սոլովեյչիկ
«Ազատ մարդ»

Մոհանդաս Գանդի
«Իմ հավատամքը հակաբռնությունն է»

Ալբերտ Էյնշտեյն
«Իմ հավատամքը»

ԱՐՁԱԳԱՆՔ

2005թ. ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրում մշակվում և փորձարկվում է ՙՆախակրթարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի մշակում և փորձարկում՚ հանրապետական ծրագիրը, նրա ՙՀանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում՚ բաղկացուցիչը

Մանկան թատրոն

ՙԱռողջ երևակայությունը ոչ թե անիրականի հետ գործ ունի, այլ պատկերացման հարուցած մտավոր իրացումների: Դրա աշխատանքը փախուստ չէ դեպի երազանք ու իդեալ. դա իրականի տարածման ու իրագործման մեթոդ է՚: Ջ. Դյուի

Նպատակը` երեխայի զարգացումը

Խնդիրները`
երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
խոսքի զարգացում
անհատականության դրսևորում
ինքնադրսևորում
ինքնարատահայտում
ինքնակազմակերպում
նախաձեռնելու, ակիվ գործելու մղումների ակտիվացում
սոցիալական հարաբերությունների զարգացում
կերպավորման, կերպարանափոխության հմտությունների զարգացում
իմպրովիզ անելու կարողության զարգացում
խմբով աշխատելու կարողության զարգացում
վերլուծելու, համադրելու ունակության ձեռքբերում
գեղարվեստական մտածողության, գեղագիտական ճաշակի զարգացում
միմիկայի զարգացում

ՙ… Երեխաները հանպատրաստից պիեսներ են հորինում, անհրաժեշտ մինիմում բեմական միջոցներն իրենց ձեռքով պատրաստում, որպես դերասաններ հանդես գալիս՝ տրված թեմայով իմպրովիզացիա են անում, հանդիսատեսներին ներկայացման մեջ ներքաշում: Եվ այս ամենը` ՙանկրկնելիության՚ նշանի տակ. այստեղ թատրոնը ՙկյանքի պահ՚ է, ոչ թե ՙապրածի վերարտադրություն՚: Անձամբ ինձ համար ՙԹատրոն-Խաղ-Կյանք՚ սկզբունքը շատ ընդունելի է: Դա հորինող երեխային կօգներ ընդլայնելու իր մտահորիզոնը: Առաջին իմպրովիզացիաներից հետո, որպեսզի խաղը չսառչի, այն պետք է ինչ-որ բանով հագեցնել, հարստացնել: Ազատությունը ՙտեխնիկայի՚ աջակցության կարիքն ունի՚: Ջ.Ռոդարի Թատրոնը երեխայի կյանքին միախառնված մեծ խաղ է: Այդ խաղը պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել` խաղարկային իրավիճակ (դերային խաղեր) և ներկայացում` խաղ-աշխատանքի ընթացքում ծնված սցենարով:
Խաղարկային իրավիճակների վերարտադրումը ՙտունտունիկ՚ խաղի նման է, դերային խաղ` երեխային լավ ծանոթ, ապրված իրավիճակներով և հարաբերություններով: Ամեն մեկն իր դերն է ընտրում ու խաղում: Նա միաժամանակ սոցիալական հարաբերությունների մեջ է մտնում հասակակիցների հետ, վերարտադրում հասարակության մեջ գործող սոցիալական հարաբերությունները, հասարակության մեջ ընդունված օրենքները, ապրում այդ օրենքներով: Առաջին հայացքից թվում է, թե նա ընդամենը պասիվ ընդօրինակող է: Իրականում նա նոր տարրեր է ներմուծում, այլ կերպ է մեկնաբանում իրավիճակն ու հարաբերությունները, նոր երանգ է ներմուծում սովորական առօրյան վերարտադրող իրավիճակի մեջ` ելնելով իր կենսափորձից, աշխարհընկալումից: Նրա համար այդ խաղը ոչ թե նմանակում է, այլ կյանքի պահ:

Դրա արդյունքը փոքրիկ էտյուդներն են:
ՙՆմանակումն այն միջոցներից մեկն է, որոնցով մեծահասակների գործունեությունն ազդակ է դառնում, այնքան հետաքրքիր, բազմազան, նոր, որ մտքի արագ առաջընթացի ծայր է տալիս: Սակայն միայն նմանակումը մտածողությունը չէր խթանի, եթե պարզապես ուրիշների արտաքին արարքները թութակների պես պատճենելով սովորեինք՚: Ջ. Դյուի

Խաղարկային իրավիճակները կարող են նաև քիչ կապ ունենալ կամ ընդհանրապես կապ չունենալ առօրյայի, կենցաղի հետ, դրանց ստեղծողը երեխայի երևակայությունն է, այս դեպքերում նրա մտածողությունն ավելի ազատ է, անկաշկանդ:

Դերային խաղն ապահովում է արդյունավետ հաղորդակցություն, զարգացնում է ընդհանրության զգացումը, ուշադրությունը, սովորեցնում է ճիշտ արտահայտել մտքերը, կառուցել երկխոսություններ, զարգացնում է խոսքը: Երեխան սովորում է արտահայտել զգացումները, ձգտումները, սովորում է ենթարկել իր գործողությունները խաղի կանոններին, սովորում է նպատակաուղղված լինել:            

Դերային խաղերը հաճախ խաղում են ազատ խաղերի ժամանակ, դրանք սովորաբար մեծերի կյանքի մանկական մեկնաբանություններ են, որոնցում արտահայտվում է փոքրերի վերաբերմունքը մեծերի ՙխաղի՚ նկատմամբ:

Դերային խաղեր կազմակերպում է նաև դաստիարակը, ինքն էլ խաղում է երեխաների հետ: Դրանք կարող են հստակ խնդիրներով փոքրիկ խաղ-ներկայացումներ լինել:

Երեխաների մի խումբը ընկերների համար խաղում է, մյուս խումբը հանդիսատես է դառնում: Հետո դերերը փոխվում են: Թատրոնում (հատկապես մանկական թատրոնում) հանդիսատեսը նույնքան կարևոր է, որքան դերասանը: Նա աստիճանաբար, աննկատ ներքաշվում է խաղի մեջ, իր վերաբերմունքով, միջամտություններով ազդում է ընթացքի վրա: Նա միաժամանակ նախանշում է իր անելիքը` հաշվի առնելով ընկերների ՙբացթողումները՚, իր աշխարհայացքը, իր դիտարկումները: Դաստիարակվում է կիրթ, դիտարկող, մտածող հանդիսատես, որը կարողանում է գնահատել, վերաբերմունք արտահայտել, հետևություններ անել, ներկայացման մասնակիցը դառնալ: Միշտ կարելի է հանպատրաստից բեմ սարքել և ՙթատրոն-թատրոն՚ խաղալ, ինչպես մեծերն են անում:

Խաղարկային իրավիճակներ
- Տունտունիկ
- Բժիշկ-բժիշկ
- Դպրոց-դպրոց
- Խանութ-խանութ
Ես
Այս խաղով երեխան իրեն է ներկայացնում տարբեր իրավիճակներում, տարբեր տրամադրությամբ, նա պատմում է և ցուցադրում.
- Երբ բարկացած եմ…
- Երբ ուրախ եմ…
- Երբ տխուր եմ…
- Երեկ ես…
- Այսօր առավոտյան ես…
Երեխան ինքն է ստեղծում իրավիճակներ և խաղում, դաստիարակը երբեմն հուշող, կազմակերպող, աջակից, խաղակից, երբեմն էլ կազմակերպող է դառնում:

Էտյուդ ըստ առաջադրված իրավիճակի
- Կորած իրի փնտրտուք
- ՙԱռևտուր՚

Հանդիպումների խաղ
Հանդիպում են
- հարազատները (հորաքույրեր, քեռիներ…)
- վաղուց իրար չտեսած ընկերները
- ծանոթ հեքիաթների հերոսներ
- բնության երևույթներ (անձրևն ու քամին, ցուրտն ու ամառը…)
- հասկացություններ (ուրախն ու չարությունը, կատակն ու կռիվը, ձայնն ու լռությունը, բարևն ու արևը…)

Հյուր (այցելություն) …-ին
- դերձակին
- վարսավիրին
- բժշկին…
- հեքիաթի հերոսին

Ա՛յ քեզ օր…
Միասին որոշում են այդ օրվա գույնը, անունը, պտրաստում են օրվա ՙնշանը՚. դա կարող է գլխարկ լինել, թիկնոց, վզկապ, ակնոց կամ որևէ այլ բան:
- Ծաղիկների օր
- Տիկնիկների օր
- Արևի օր
- Որևէ գույնի օր (Նախօրոք կպայմանավորվեն այդ օրը օրվա գույնի շորեր հագնել, այդ օրը կնկարեն միայն այդ գույնով, ամեն մեկը կդառնա այդ գույնի որևէ բան և օրը կանցկացնի այդ դերում)
- Հաճոյախոսությունների օր
- Ուրախ ու տխուր օր
- Տատիկների-պապիկների օր
- Կոշիկները (շորերը) թարս հագնելու օր
- Զարմանալու օր

Օրվա ընթացքում կարող են մեկ-երկու էտյուդ խաղալ, մնացած ողջ օրը երեխաները իրենք կկազմակերպեն իրենց խաղերը և կխաղան` ինչ ուզում են: Օրվա նշանը, որը չեն հանի մինչև օրվա վերջ, նրանց կհիշեցնի օրվա ՙխորհուրդը՚:

ՙՙԵթե իրոոք՚-ի ներազդման ուժի գաղտնիքը նաև այն է, որ չի խոսում իրական փաստի մասին, այն մասին, ինչ կա, այլ միայն այն մասին, ինչը կարող է լինել...ՙԵթե իրոք՚… Այս խոսքը ոչինչ չի հաստատում: Նա միայն ենթադրում է, առաջադրում լուծման սպասող հարցեր՚: Ստանիսլավսկի Ռոդարիական ՙԻնչ կլիներ, եթե…՚ մեթոդը թատերախաղի միջոցով անսահման հնարավորություն է տալիս երեխայի երևակայությանը. խաղն ակտիվացնում է միտքը, մղում ակտիվ գործողությունների, հորինելու, ստեղծագործելու:

Ինչ կլիներ, եթե…
- մոխրամանը գորտ լիներ, իսկ ձեռնոցը` մուկ (Ստանիսլավսկու օրինակը).
- բաժակը արջ լիներ, իսկ պայուսակը` փիղ.
- դռան ետևում կախարդ կանգնած լիներ:

Ես … եմ, դու… ես
- Ես վերարկու եմ, դու` գլխարկ:
- Ես կոշիկ եմ, դու` ձեռնոց:
- Ես կապիկ եմ, դու` գնդակ:
- Ես ծաղիկ եմ, դու` փուշ:
- Ես օճառ եմ, դու` ձեռք:
Ռոդարիական հնարքների կիրառումը թատերախաղի միջոցով ոչ միայն ավելի հետաքրքիր ու արդյունավետ կդարձնի դրանք, այլև ավելի կընդարձակվեն երեխայի երևակայության սահմանները, խաղի ընթացքում նոր, անսպասելի լուծումներ կծնվեն: Թատերական խնդիրը ավելի գրավիչ կդարձնի նյութը և ՙաշխատանքը՚ այդ նյութով (տե՛ս Բանավոր խոսքի մշակում):

Մնջախաղ
Առանց բառերի՝ մնջախաղով կարելի ցուցադրել, խաղալ ամեն ինչ: Մնջախաղ կարող են խաղալ խոհանոցում, ծեսերի ժամանակ, այգում աշխատելիս. ամենուր, ցանկացած գործունեության ժամանակ, եթե դաստիարակը կարևորում է գործունեության այդ ձևը և երեխաներին աննկատ տանում է դրան:

Մնջախաղի ժամանակ երեխան
- ավելի է կենտրոնանում,
- փորձում ավելի լավ հասկանալ այն, ինչ պիտի ցուցադրի,
- աշխատում է տիրապետել իր մարմնին,
- աշխատում է իմաստավորել իր շարժումները,
- միացնում-նույնացնում է բառն ու շարժումը:

Մնջախաղը յուրօրինակ մտածողություն է ձևավորում, նպաստում է ստեղծագործական երևակայության զարգացմանը, մարմինն ավելի ճկուն դարձնում, զարգացնում է միմիկան, երեխայի մկանային համակարգը:

Բոլոր երեխաներն էլ հայրիկի ու մայրիկի կոշիկները հագնել սիրում են, որ նրանց պես լինեն, որ ավելի բարձրահասակ լինեն, որ պարզապես ուրիշ լինեն: Վերազգեստավորման խաղը բացի իր խորհրդանշականությունից, դրանից բխող գրոտեսկային էֆեկտի շնորհիվ միշտ զվարճալի է: Սա թատրոն է. հետաքրքիր է ուրիշի զգեստներ հագնելը, ինչ-որ դեր խաղալը, ոչ քո կյանքով ապրելը, օտար շարժուձևեր կրկնելը՚: Ջ. Ռոդարի

Հանդերձարանը թատրոն-խաղարան կդառնա, եթե առանձին կախիչից կախված լինեն երեխաների ծնողների հին հագուստները, փողկապները, հատակին շարված լինեն նրանց հին կոշիկներն ու հողաթափերը, արկղով դրված լինեն ձեռնոցներ, թաշկինակներ, գլխաշորեր, գլխարկներ… Ամեն ինչ պիտի նախապես ախտահանված լինի: Երեխան կուզի մեծի հագուստով խաղալ, կհագնի իր ուզած շորը, կկերպարանափոխվի, կխաղա իր ծնողների դերերը, այլ խաղեր ու ներկայացումներ կկազմակերպի: Ծնողների հագուստները, կոշիկները հագնելը ոչ միայն բավարարում է երեխաների շատ ձգտումներ (հաճախ անիրականանալի թվացող), այլև ակտիվացնում է նրանց երևակայությունը:
Հանդերձարանում իրար կողք շարված կոշիկները կարող են կոշիկի թատրոն դառնալ:

Խաղ հայելու առջև
Հայելին խաղի, ներկայացման, ինքնաճանաչման անփոխարինելի միջոց է: Հայելու դեմ երեխան կզրուցի ինքն իր հետ, հեքիաթ կպատմի ինքն իրեն, կարող է ներկայացում խաղալ` երկու դերասանով` ինքն ու ինքը: Հայելու մոտ նա սիրով խաղում է նաև ընկերների հետ: Կարելի է օգտագործել նաև հայելու էֆեկտը` ամեն ինչ հակառակ. հեքիաթի գործողությունները թարս պատմել, ծտի փոխարեն նանի ոտը փուշ մտնի, թագավորը ոսկի գտնի, աքլորը հափշտակի նրա գտած ոսկին…

Տիկնիկային թատրոն
ՙԵրբ իրերը նշաններ են դառնում, երբ դրանք ուրիշ իրեր ներկայացնելու, նշանակելու հատկություն են ձեռք բերում, խաղը ֆիզիկական ուժերի պարզ ավելցուկից մտավոր գործոնը ներառող գործունեություն է դառնում՚: Ջ. Դյուի

Նախ երեխան ու դաստիարակը պիտի ունենան հենց իրենց անունով իրենց ներկայացնող տիկնիկներ: Տիկնիկ դաստիարակն ավելի ընկալելի է և խաղարկային:

Տիկնիկը կախարդական զորություն ունի, նա խոսեցնում է նույնիսկ ամենալռակյաց երեխային, բազմաթիվ խաղային իրավիճակներ է հուշում, գործողությունների մղում: Տիկնիկային ներկայացումն էլ սոսկ սցենարի ներկայացում չէ:

Երեխան խաղում է իր պատրաստած տիկնիկով:
Այս կամ այն հերոսի տիկնիկը պատրաստելիս նա փորձում է պատկերացնել այդ հերոսի արտաքինը, նկարում է նրան, նրա հագուստը: Դեկորները պատրաստելիս վերարտադրում է այն միջավայրը, որում պատկերացնում է այդ հերոսին: Զարգանում է նրա պատկերային մտածողությունը:

Ամեն ինչ կարող է կերպար, խաղի առարկա, տիկնիկ դառնալ՝ երեխայի ձեռքը, ակնոցը, ավելը, գրիչը, փուչիկը, խոհանոցում մրգերից, բանջարեղենից պատրաստած կերպարները… Մի փոքր երևակայություն, մի քիչ աշխատանք՝ ու կարող է հետաքրքիր ու զարմանալի ներկայացում կամ խաղ ստացվել: Ձեռքը կկենդանանա, եթե նրան աչք-ունք նկարես, ավելը չարաճճի աղջիկ կդառնա, եթե նրա ՙմազերին՚ ժապավեն կապես…

Երեխան տիկնիկային ներկայացում կարող է խաղալ նաև սեղանին, արկղում լցված փոքրիկ ավազե հարթակի վրա (տե՛ս Ծրագրի իրագործման միջավայրը): Իսկ ամաչկոտ, անհամարձակ երեխաների համար շիրման իսկական փրկություն է. այն նրանց թաքցնում է իրենց հետևող բազում հետաքրքրասեր աչքերից, և նրանք ավելի համարձակ ու նախաձեռնող են դառնում՝ հաղթահարելով բարդույթները:

Փոքրիկ ներկայացման նյութ կարող են դառնալ առած-ասացվածքները, հատկապես նրանք, որոնց մեջ խաղ կա: Նյութը սեղմ է, ասելիքը՝ հստակ. այս դեպքում երեխաները կփորձեն արտահայտվելու, խաղը հստակեցնելու տարբեր լուծումներ փնտրել, կաշխատեն այնպես անել, որ խաղը հետաքրքիր լինի, ասելիքը՝ հասկանալի:
Ծեսերը, տոները վառ ու գունագեղ ներկայացումներ են դառնում (տե՛ս ՙԾիսարան՚ ժողովածուն):

Երգերի բեմադրում
Երգերի բեմադրումը երգի ուսուցման յուրօրինակ ներկայացում է:
Երգը լսում են, քննարկում բովանդակությունը` ինչի մասին է, ով կամ ովքեր կան երգում, ինչպիսին են նրանք, ինչ են անում, ինչպես են անում, կամ երգի այս կամ այն հատվածը ինչպես կարելի է ներկայացնել: Մաս-մաս խաղալով` սովորում են երգը: Հետո, տարբեր երգեր միացնելով, ամբողջական ներկայացում կստանան:
Արդյունքում մանկական փոքրիկ օպերա կստացվի:

Աիդա Պետրոսյան
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.