«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Հակոբ Հակոբյան

Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անժխտելի է այն պնդումը, որ յուրաքանչյուր հասարակություն ստեղծում է իր զարգացման պահանջներին համահունչ իր դպրոցը: Հետևաբար «լավ» կամ «վատ» դպրոց (կրթություն) հասկացությունները հարաբերական են, և դրանք պետք է քննարկել տվյալ հասարակության ընդհանուր ֆոնի վրա պրոեկտված: Երբ հասարակությունը արմատական փոփոխությունների է ենթարկվում, դպրոցը չի կարող մնալ նախկինը:

Խորհրդային Միությունը զարգացած արդյունաբերական պետություն էր: Այդ հասարակության հիմքը գիտատար արդյունաբերությունն էր, որը կարիք ուներ գիտելիքների բավականաչափ մեծ ծավալ ունեցող աշխատողների: Հետևաբար դպրոցի առջև դրված էր աշակերտին հիմնարար գիտելիքների որոշակի ծավալ (որքան այդ ծավալը մեծ լիներ, այնքան լավ) հաղորդելու գերխնդիրը: Խորհրդային դպրոցը գիտելիքի դպրոց էր: Ենթադրվում էր, որ գիտելիքը ինքնին կարող է աշակերտին տալ ինքնուրույն նոր գիտելիքներ «արտադրելու» և դրանք պրակտիկայում կիրառելու հմտություններ: Խորհրդային դպրոցը տասնամյակներ շարունակ բավարար հաջողությամբ լուծում էր այդ խնդիրը: Բայց հասարակության ներսում անլուծելի հակասությունների կուտակման և ճգնաժամի խորացման հետ այդ դպրոցը հայտնվեց փակուղու մեջ:

Առավել վատ վիճակում հայտնվեցին բնագիտական առարկաները: Բնագիտական առարկաների նկատմամբ սովորողների գերակշռող մասի բացահայտ բացասական վերաբերմունքը սկսել է ձևավորվել դեռևս անցած դարի 80-ական թվականներից: Երևույթն ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Այդ ժամանակներից սկսած (գուցե դրանից էլ վաղ)` դպրոցական կրթությունը աստիճանաբար կորցնում է իր ինքնուրույն դերն ու նշանակությունը և աստիճանաբար վեր է ածվում բուհական կրթություն ստանալու համար պարտադիր, բայց ոչ անհրաժեշտ պայմանի: Երբ այդ միակ գործառույթն էլ դպրոցից անցավ մասնավոր պարապմունքների համակարգին, դպրոցը հայտնվեց անիմաստ և անհեթեթ վիճակում: Ավարտական դասարանում աշակերտները (ավելի ճիշտ` նրանց մի մասը) քիչ թե շատ սովորում էին միայն այն առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնեին բուհական ընդունելության ժամանակ: Իսկ մնացած առարկաներից գնահատականներ, այն էլ ոչ ցածր, ստանում էին` ցուցաբերելով բացարձակ անտարբերություն և արհամարհանք այդ առարկաների նկատմամբ: Սա լավագույն դեպքում: Աշակերտների մի զգալի մասն էլ ընդհանրապես ոչ մի առարկա չէր սովորում: Բայց բոլորն էլ` գրագետ, կիսագրագետ թե անգրագետ, ստանում էին միևնույն արժեքն ունեցող (ավելի ճիշտ կլինի ասել` արժեք չունեցող) ավարտական վկայականներ: Դրան մեծապես նպաստում էր պարտադիր միջնակարգ կրթության պետական պահանջը: Այսպիսի վերաբերմունքը սկսվեց համարվել տրամաբանական (գործնական, նպատակային) ու տարիների ընթացքում ընդունելի դարձավ ծնողների, ուսուցիչների և ամբողջ հասարակության կողմից: Աշակերտների կողմից դպրոցը, դասը ընկալվում էին ավելի շատ որպես հասակակիցների հետ շփման, հաղորդակցման և ժամանցի միջավայր, որի մեջ պարտավորված էին լինել, քան որպես կրթական միջավայր:

Այսպիսով, իր գոյության վերջում խորհրդային դպրոցը որևէ կրթական խնդիր չէր լուծում: Այս իմաստով դպրոցի արմատական բարեփոխումների խնդիրն անխուսափելի էր:

Իրավիճակն ավելի բարդացավ, քանի որ կատարվեց հասարակարգի որակական փոփոխություն: Գիտության և տեխնիկայի զարգացման տեմպերի աննախադեպ արագացումը հանգեցրեց նրան, որ XX դարի կեսերից սկսեց ձևավորվել մարդկային համակեցության բոլորովին նոր մակարդակ` ինֆորմացիոն հասարակությունը: Հասարակության հիմքը աստիճանաբար դառնում է տեղեկատվությունը: Ամբողջ աշխարհում տեղի են ունենում մեծամասշտաբ, մինչ այդ անծանոթ երևույթներ: Ինֆորմացիոն հոսքի շեշտակի աճը, ինֆորմացիայի փոխանակման հնարավորությունները և արագությունը, կյանքի տեմպի կտրուկ արագացումը, արագ թափով իրականացվող գլոբալացումը, հասարակության ներսում, մարդու ու շրջակա միջավայրի միջև կոնֆլիկտային իրավիճակների հաճախության մեծացումը և նման այլ երևույթներ հանգեցնում են նրան, որ հաջողությամբ գոյատևելու համար անհատը պետք է օժտված լինի միանգամայն նոր որակներով: Ժամանակակից տեղեկատվական հասարակությունը բոլոր ուսումնական հաստատությունների, առաջին հերթին դպրոցի առջև դնում է այնպիսի մարդ նախապատրաստելու խնդիր, որը կարող է`

  1. կողմնորոշվել կյանքի արագ փոփոխվող իրավիճակներում, ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ և կիրառել դրանք գործնական խնդիրների լուծման համար.
  2. ինքնուրույն և քննադատաբար մտածել, տեսնել ծագող խնդիրները և օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները` փնտրել դրանց լուծման ռացիոնալ ուղիները. նոր իդեաներ արտադրել, ստեղծագործաբար մտածել.
  3. գրագետ աշխատել ինֆորմացիայի հետ (կոնկրետ խնդրի լուծման համար հավաքել անհրաժեշտ ինֆորմացիա, վերլուծել և անել անհրաժեշտ հետևություններ, գտնված լուծումը համեմատել նման կամ այլընտրանքային լուծումների հետ, վիճակագրական և տրամաբանական օրինաչափություններ հայտնաբերել, հիմնավորված եզրակացություններ անել, կիրառել գտնված լուծումը նմանատիպ այլ խնդիրների լուծման ժամանակ).
  4. գործնական հարաբերություններ ստեղծել ցանկացած խմբի հետ աշխատելիս, կանխարգելել հակամարտությունը կամ հնարավոր քիչ կորուստներով դուրս գալ առաջացող կոնֆլիկտներից:

Ասվածից հետևում է, որ նոր հասարակության ամենագլխավոր արժեքը դառնում է իր ներսում` հոգով և մտքով ազատ մարդը:

Թվարկված խնդիրներն ավանդական դպրոցի բովանդակության մեջ ուղղակի չեն տեղավորվում և նրա տեխնոլոգիաներով չէին կարող լուծվել: Կրթության մեջ անհրաժեշտ էին սկզբունքորեն նոր մոտեցումներ: Իրականացվող բարեփոխումների արդյունքը պետք է լիներ նոր տիպի` անհատական ուղղվածություն ունեցող կրթական համակարգի ստեղծումը: Կրթություն «բոլորի համար» թեզն անհրաժեշտ էր փոխարինել կրթություն «յուրաքանչյուրի համար» նոր թեզով, «գիտելիքի» մանկավարժությունը` «հետազոտության» մանկավարժությամբ: Այսպիսի մոտեցման դեպքում առաջնահերթ կարևորություն է ստանում աշակերտի անձը, նրա անհատական մտածողությունը, կյանքի փորձը և ստեղծագործական պոտենցիալը: Կրթության հիմնական ուղղություններում փոփոխությունները հնարավոր կլինեին միայն նրա գլխավոր բաղկացուցիչ մասերի` նպատակների, բովանդակության, մեթոդների և կազմակերպման ձևերի վերաիմաստավորման դեպքում: Աղյուսակում ամփոփված է կրթության բարեփոխման էությունը:


Հասարակական ուղղվածություն

Կրթություն

Անհատական ուղղվածություն

Գիտելիքի

Մանկավարժություն

Ճանաչողության

Վերարտադրում

Ուսուցում

Արտադրում, հետազոտում

Կրթության գործընթացի օբյեկտ

Աշակերտ

Կրթության գործընթացի սուբյեկտ

Դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, լաբորատոր սարքավորումներ  

Դիդակտիկ բազան
(աշխատանքային գործիքը)

Կրթական միջավայր

Կրթվածությունը                

Չափորոշիչը

Կրթվելու պատրաստվածությունը

Դպրոցի բարեփոխումների հիմնական ուղղությունները: Հիմա, երբ այդ բարեփոխումների կարևոր փուլը ետևում է, և ուզում ես հասկանալ թե ինչ է փոխվել դպրոցում, համոզվում ես, որ մեծ հաշվով` համարյա ոչինչ: Բարեփոխումների արդյունքում ունեցանք ավելի մեծաքանակ դասարաններ, տնօրենի կամքից կախված, ավելի վախվորած ուսուցիչ, նախկինից համարյա չտարբերվող ծրագրեր և դասագրքեր: Այս պայմաններում ավելորդ է խոսել ուսուցման նոր տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառությունների մասին:

Այս տեսանկյունից իրավիճակն այլ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Տեղին չէ և մի զեկուցման սահմաններում հնարավոր էլ չէ պատմել այն աշխատանքների մասին, որ կատարվում են մեր կրթահամալիրում: Բնականաբար կխոսենք մեզ հետաքրքրող հարցի` բնագիտական առարկաների ուսուցման կազմակերպման մասին:

Նախ նշենք այն կարևոր փաստը, որ ըստ կրթահամալիրի կանոնադրության բնագիտական առարկաները պետք է ուսուցանվեն փոքրաքանակ խմբերով (դասարանը այդ ժամերին բաժանվում է երկու խմբի) և միայն փորձարարական հիմքի վրա:

«Գիտելիքի» մանկավարժությունից «ճանաչողության» մանկավարժության անցման ժամանակ ամենաբարդը սովորողին ուսուցման գործընթացի օբյեկտից այդ գործընթացի սուբյեկտ դարձնելն է: Դրա համար անհրաժեշտ է մոդելավորել և կազմակերպել այնպիսի կրթական միջավայր, որն օժտված լինի պոտենցիալ ակտիվությամբ, որով աշակերտին հնարավորություններ տա և մղի, որ նա ցանկանա իրականացնել ճանաչողական գործողություններ:

Կրթական միջավայրի ստեղծումը թելադրված է ոչ միայն վերևում թվարկված հիմնարար խնդիրներով, այլ նաև կրթահամալիրի զարգացման ծրագրով: Այն ունի մի շատ կարևոր բաղկացուցիչ` սովորողների նախասիրությունների զարգացումը: Յուրաքանչյուր աշակերտ պետք է կրթվի իր նախասիրությունների համաձայն: Այս տեսակ խնդիրների լուծման համար դասասենյակը խիստ «նեղ է»: Անհրաժեշտ է բազմաֆունկցիոնալ կրթական միջավայր:

Կրթական միջավայր տերմինը գրականության մեջ օգտագործվում է ամենատարբեր իմաստներով: Առարկայական կրթական միջավայր ասելով` մենք հասկանալու ենք գիտելիքների որոշակի տեսակի (մեր դեպքում` բնագիտական գիտելիքներ) ուսուցման համար նախատեսված, տարածականորեն առանձնացված մի տարածք, որտեղ կենտրոնացված են համապատասխան առարկաները ուսուցանելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական և մարդկային ռեսուրսները: Աշակերտը կրթվում է միջավայրի տարբեր բաղկացուցիչ մասերի հետ անհատական, համալիր փոխազդեցությունների արդյունքում: Հետևաբար, թե ինչպիսի աշակերտ կունենանք կրթական պրոցեսի ավարտին` մեծապես կախված է կրթական միջավայրի ուղղվածությունից: Անհատական ուղղվածությամբ կրթական միջավայրը բնութագրվում է երկու առանձնահատկությամբ.

  • միջավայրը պետք է հնարավորություն տա աշակերտին լինելու ուսուցման պրոցեսի ակտիվ սուբյեկտ,
  • միջավայրը պետք է ապահովի աշակերտների ինքնուրույնության զարգացումը, որը իրականացվում է ուսուցման պրոցեսում սովորողներին ազատության տրամադրմամբ, այնպես որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա շարժվել սեփական կրթական հետագծով:

Բնագիտական առարկայական կրթական միջավայրի ստեղծման հիմքում դրել ենք բնագիտության ուսուցման վերաբերյալ մեր ունեցած մի քանի հիմնարար սկզբունքներ:

  1. Բնագիտական գիտելիքները` որպես մարդկային քաղաքակրթության անբաժանելի մաս, անհրաժեշտ են բոլոր աշակերտներին շրջապատող աշխարհի վերաբերյալ ամբողջական գիտական պատկերացում ունենալու համար:
  2. Բնագիտական կրթությունը պետք է ուղղված լինի աշակերտների մտածողության ձևավորմանը: Սովորողների մեջ պետք է մշակել դիտելու, համեմատելու, վերլուծելու և համակցելու, տրամաբանական և մոդելավորված մտածելու կարողություններ: Այդ գործընթացում հաղորդվող տեղեկատվությունն օժանդակ դեր պետք է կատարի:
  3. Բնագիտության ուսուցման ընթացքում աշակերտների մեջ պետք է ձևավորվի բնապահպանական գիտելիքների որոշակի համակարգ և շրջակա միջավայրում ադեկվատ գործելու հմտություններ:
  4. Բնագիտության համընդհանուր-պարտադիր ուսուցումը պետք է իրականացվի հիմնական դպրոցի 5-6-րդ դասարաններում «Բնագիտություն» ինտեգրացված առարկայի ուսուցմամբ (խոսքը այն առարկայի մասին չէ, որը այժմ դասավանդվում է): 7-9-րդ դասարաններում բնագիտությունը դասավանդվում է առանձին առարկաների տեսքով: Ավելի բարձր դասարաններում զգացվում է նոր, ինտեգրող բնագիտական-հասարակական-բնապահպանական առարկայի անհրաժեշտություն, որպիսին առայժմ չունենք:
  5. Բնագիտական առարկաների ուսուցումը չի կարող կազմակերպվել դասասենյակում և ամբողջ դասարանի համար միաժամանակ: Դա պետք է կազմակերպվի փոքր խմբերով (10-12 աշակերտ) և մասնագիտական լաբորատորիաներում:
  6. Յուրաքանչյուր աշակերտ պետք է սովորի այնքան և այնպես, որ թույլ է տալիս նրա ներուժը:
  7. Դասավանդման հիմքում պետք է դրվի աշակերտների ինքնուրույն փորձնական հետազոտական աշխատանքները և տեխնիկական ստեղծագործությունը:
  8. Անհրաժեշտ է բնագիտական հետազոտական միջավայր և համապատասխան մթնոլորտ, որտեղ և´ աշակերտը, և´ ուսուցիչը կիրագործեն իրենց ստեղծագործական ներուժը:

Մեր ստեղծած բնագիտական առարկայական կրթական միջավայրի մոտավոր կառուցվածքը պատկերված է նկար 1-ում (կենսաբանության ջերմոց- լաբորատորիան դեռ կիսակառույց է):

Բնագիտական առարկայական կրթական միջավայրը կազմում է համալիրային կրթական միջավայրի մի մասը և կապված է վերջինիս հետ բազմաթիվ կապերով: Բայց այնուամենայնիվ այն պետք է ունենա որոշակի ինքնատիպություն:

Համառոտ բնութագրենք կրթական միջավայրի բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրը:

1. Լաբորատորիաներ, գործիքներ, սարքեր: Բնագիտության ուսուցման պրակտիկայում սրանք միշտ էլ եղել են դիդակտիկ հիմնական բազան: Հիմա էլ պահպանում են իրենց նշանակությունը: Բայց ինչպես ամեն ինչ, այնպես էլ դպրոցական լաբորատորիաների կառուցվածքը և դրանցում եղած գործիքներն ու սարքերը նախատեսված են ռեպրոդուկտիվ ուսուցման համար: Օրինակ` սարքերը այնքան  կոպիտ են, որ դրանց օգնությամբ դժվար է հետազոտական աշխատանք իրականացնել: Այդ պատճառով կատարել ենք որոշակի փոփոխություններ: Փոխել ենք լաբորատորիայի կառուցվածքն այնպես, որ հարմար լինի խմբային և անհատական աշխատանքներ կատարելուն: Աշխատանքայն սեղանները բավականին մեծ չափսեր ունեն, այնպես որ յուրաքանչյուրի շուրջը կարող է աշխատել երկու խումբ (4 աշակերտ): Աշխատասեղանները հեշտությամբ կարելի է տեղափոխել և դասավորել տվյալ կոնկրետ դասին հարմար ձևով: Ամեն անգամ սեղանները դասավորելիս պետք է հետևել, որ դրանք այնպես դրվեն, որ ուսուցիչը և աշակերտները ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենան:

Լաբորատոր սարքավորումները և նյութերը տեղավորված են բաց պահարաններում, իսկ անմիջական օգտագործման սարքերը` ուղղակի ցուցադրական սեղանի վրա: Դասապրոցեսի ընթացքում ուսուցիչը գործիքներ բաժանելու ժամանակ չունի: Աշակերտներն իրենք են վերցնում փորձի համար անհրաժեշտ սարքերը:

Որոշակի սկզբունքային բարդություններ կան լաբորատոր սարքավորումների հարստացման և նորացման գործում: Արդեն ասել ենք, որ գոյություն ունեցող լաբորատոր սարքավորումները և գործիքները նախատեսված են եղել ռեպրոդուկտիվ ուսուցման նպատակով, ուստի դրանց մեծ մասը ինչ-որ բան ցուցադրելու համար է, այլ ոչ թե հետազոտական աշխատանք կատարելու համար: Ուստի ձգտում ենք ձեռք բերել համեմատաբար ճշգրիտ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու անհատական հետազոտական աշխատանքներ:

2. Դասավանդողների աշխատանքային սենյակը նախատեսված է հետազոտական աշխատանքի համար: Այդտեղ աշխատում են ուսուցիչները, կամ ուսուցիչը աշակերտների փոքր խմբերի հետ: Կա համակարգիչ, տպիչ և «սքաներ»: Այստեղ ենք անցկացնում նաև մասնագիտական սեմինարները:

3. Տեխնիկական գրադարանը ստեղծել ենք վերջերս: Նպատակն այն է, որ մի տեղ կենտրոնացվեն, դասակարգվեն տեխնիկական տպագիր և էլեկտրոնային ռեսուրսները, ստեղծվեն հնարավորություններ անհրաժեշտ տեղեկությունն արագ գտնելու համար: Գրադարանը, դասավանդող ուսուցիչների և սովորողների ուժերով կկազմակերպի բազմաբնույթ, տեխնիկական ուղղվածությամբ արտադասային միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար և ուսուցման պրոցեսի բաղկացուցիչ մասը կկազմեն: Գրադարանը կահավորված է ժամանակակից տեխնիկական միջոցներով (հեռուստացույց, տեսամագնիտաֆոն, DVD, համակարգիչ), որը հնարավորություն է տալիս լայնորեն օգտագործել պատրաստի էլեկտրոնային նյութերը:

4. Տեխնիկական արհեստանոցները: Մեզ հաջողվել է կահավորել երկու ռադիոարհեստանոցներ, որտեղ մեր աշակերտները հմուտ մասնագետների օգնությամբ ռադիոտեխնիկական հմտություններ են յուրացնում: Այստեղ գալիս են 5-6-րդ դասարանցիները (մեկ խումբ) և 7-8-րդ դասարանցիները (մեկ խումբ): Երկրորդ արհեստանոցը արհեստագործական դպրոցում է (երեք խումբ): Այս խմբերում, բացի մեր համալիրի աշակերտներից, սովորում են նաև մոտակա դպրոցների աշակերտներ: Մենք շատ ծրագրեր ունենք կապված ապագա ջերմոց-լաբորատորիայի հետ, որը դեռևս կիսակառույց է: Դրա շահագործումը հնարավորություն կտա իրականացնելու տարբեր մեծամասշտաբ բնագիտական հետազոտական նախագծեր:

5. Համակարգչային միկրոմիջավայր: Համակարգիչների և էլեկտրոնային ժամանակակից այլ միջոցների մուտքը դպրոց էապես փոխում է կրթական միջավայրի բովանդակությունը: Համակարգիչն ինքն արդեն առանձին կրթական միկրոմիջավայր է, եթե լրացվում է այնպիսի ծրագրային մոդուլներով, որոնք օժտված են պոտենցիալ ակտիվության հատկությամբ: Այդպիսի մոդուլ-ծրագրերի մշակման բավականաչափ բարձր մակարդակի դեպքում դրանք կարող են ապահովել աշակերտների կողմից գիտելիքների ինքնուրույն և ինքնակազմակերպվող յուրացումը:

6. Դասապրոցեսի կազմակերպումը: Ակախ ամեն ինչից, դասապրոցեսը դեռ երկար ժամանակ կմնա ուսուցման հիմնական օղակներից մեկը: Բայց առաջադրված նոր խնդիրները հաջողությամբ լուծելու համար արմատապես պետք է փոխվի դասապրոցեսի կազմակերպումը: Արդեն շեշտել ենք, որ բնագիտական առարկաների ուսուցման հիմքում (հատկապես 7-9-րդ դասարաններում, որտեղ բնագիտության դասավանդումը հետապնդում է բոլորովին այլ նպատակներ, քան ավագ դպրոցում) պետք է ընկած լինի սովորողի կողմից իրականացվող փորձը: Կազմակերպման ձևերը կարող են լինել տարբեր, բայց աշակերտը պետք է սովորի փորձերի միջոցով, իր անձնական հնարավորություններին և ունեցած կենսափորձին համապատասխան: Մենք աշխատում ենք երկու ուղղություններով: Առաջինը, որ արդեն մի քանի տարի մշակվում և փորձարկվում է, կիրառվում է հիմնականում ֆիզիկայի դասերի ժամանակ: Դասի կազմակերպման հիմքը այն հատուկ առաջադրանքներն են, որ մենք ենք ստեղծում: Եթե դասապրոցեսին նայեք, կարող է թվալ, թե աշակերտները սովորական լաբորատոր աշխատանք են կատարում (դասի կազմակերպման ռեպրոդուկտիվ ձև): Իրականում դա այդպես չէ: Իրականում խոսքն ինքնուրույն, փնտրողական, ստեղծագործական աշխատանքի մասին է: Գաղտնիքը առաջադրանքների մեջ է: Բանն այն է, որ այդ առաջադրանքները պարունակում են նվազագույն պատրաստի ինֆորմացիա. դրա փոխարեն օգնելով, հուշելով, խորհուրդներ տալով` աշակերտներին մղում են ինքնուրույն աշխատանքի: Առաջադրանքներում ամփոփված է նաև աշխատանքի գնահատման ամբողջ համակարգը: Առաջադրանքները գրված են առաջին դեմքով, շարադրման լեզուն հնարավորին չափ մոտեցված է առօրյա խոսակցական լեզվին: Մեր նպատակն այն է, որ առաջադրանքը դառնա աշակերտի գործընկերը, խորհրդատուն: Այլ հարց է, թե դա որքանով է մեզ հաջողվում:

Դասարանները բաժանվում են երկու խմբերի և աշխատում են միատեսակ կահավորված երկու լաբորատորիաներում, երկու ուսուցիչների ղեկավարությամբ: Աշխատում են երկու հոգանոց, կայուն խմբերով: Աշխատանքային խմբերը կազմում ենք տարեսկզբին, առավելագուն չափով հաշվի առնելով սովորողների ցանկությունները: Կարող են լինել նաև մինչև չորս հոգանոց խմբեր, երբ դրանք առաջանում են ինքնաբերաբար և աշխատում են արդյունավետ:

Դասի սկզբում խմբերը վերցնում են առաջադրանքները և շարունակում են աշխատանքը այն տեղից, որտեղ կանգնել էին նախորդ դասին: Ես մոտենում եմ յուրաքանչյուր խմբին, ճշտում եմ` աշխատելու ինչ տրամադրություն ունեն, և տալիս եմ առաջադրանքը: Լավ իմանալով խմբի հնարավորությունները` առաջարկում եմ այնպիսի ծավալի աշխատանք, որ մեկ դասաժամում հասցնեն կատարել: Արագ նշում եմ այն դժվարությունները, որոնք կան աշխատանքում: Լսում եմ աշակերտների առարկությունները, դրանց հիմնավորումները և գալիս ենք ընդհանուր համաձայնության: Դրանից հետո նրանք պատասխանատու են աշխատանքը լրիվ ծավալով կատարելու համար: Հնարավոր է, որ այդ պահին աշակերտը չի ուզում (դրա համար պատճառներ շատ կարող են լինել) ֆիզիկայով զբաղվել: Առաջարկում եմ այլ գործով զբաղվել: Միակ պարտադիր պահանջս այն է, որ դասարանում անգործ մարդ չպետք է լինի: Դասի ավարտից մոտ հինգ րոպե առաջ առաջարկում եմ հանձնել աշխատանքները, ճշտում եմ ինչ են հասցրել անել, հավաքում են աշխատատեղը, և ազատ են:

Դասպրոցեսի այսպիսի կազմակերպման դեպքում ուսուցիչն աշխատում է շատ բարձր տեմպով և առավելագույնս ռացիոնալ: Պետք է հասցնել օգնել բոլորին: Դրա համար ուսուցչից պահանջվում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, ուսումնասիրվող նյութի խորը իմացություն: Նա մինչև վերջին նշանը պետք է իմանա առաջադրանքները, յուրաքանչյուր դեպքում կարողանա գտնել ծագած հարցի ամենակարճ բացատրությունը: Արագ պետք է կողմորոշվի և մատնանշի փորձի անհաջողության պատճառները: Ամբողջ դասապրոցեսում պետք է հետևի և մտքում գնահատի խմբերից յուրաքանչյուրի աշխատանքը:

Փորձերի հիման վրա դասի կազմակերպման մյուս ձևը, որը սկսել ենք կիրառել այս տարի, ինտեգրված (առայժմ քիմիա-կենսաբանություն) դասերի անցկացումն է: Հայտնի է, որ նշված առարկաները (ինչպես նաև ֆիզիկան) բազմաթիվ թեմաներով ունեն շփման տեղեր: Մեթոդի իմաստը հետևյալն է. ընտրվում է հարմար թեմա, կազմվում է սովորողների խումբ (խմբի մեջ ընդգրկվում են զուգահեռ դասարանների աշակերտներ), խմբի անդամներն ուսումնասիրում են թեման, կատարում անհրաժեշտ փորձերը, փորձերի ընթացքը` աշակերտների համապատասխան մեկնաբանություններով նկարահանվում է, մշակվում է թեմայի ներկայացման բովանդակությունը և ձևը: Դրանից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը իր դասարանում անցկացնում է տվյալ թեմային նվիրված դասը (կամ դասերը):

Թեմաների բավարար քանակի դեպքում, սովորողներից յուրաքանչյուրը մասնակցած կլինի դրանցից գոնե մեկի մշակմանը: Դասապրոցեսի անցկացման այս ձևը նոր ենք կիրառում, թերությունների և առավելությունների մասին խոսելը վաղաժամ է, բայց մի կարևոր բան ակնհայտ է` լայն հնարավորություններ են ստեղծվում համակարգչի և տեխնիկական այլ միջոցների բազմապիսի կիրառությունների համար, և դա հետաքրքրել է աշակերտներին:

Ձեզ ներկայացվածն այն էր, ինչ մեզ հաջողվել է ստեղծել որպես բնագիտական առարկայական կրթական միջավայր: Այդ համակարգը բաց է և դինամիկ զարգացող: Անմիջական և սերտ կապեր կան համալիրի այլ օղակների, այդ թվում` գրադարանի (որը մեկ այլ ինքնուրույն կրթական միջավայր է), արհեստանոցների, կրտսեր դպրոցներում գործող բնագիտական լաբորատորիաների հետ: Սովորողների և միջավայրի փոխազդեցության արդյունքում փոխվում և զարգանում է ոչ միայն աշակերտը, այլ նաև միջավայրը: Այս հարցի վրա մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում: Ուզում ենք, որ աշակերտներն իրենց աշխատանքով հարստացնեն փորձարարական բազան: Բազմաթիվ են նաև միջավայրի զարգացման մեր ծրագրերը: Դրանցից մեկը ես արդեն նշել եմ` ջերմոց-լաբորատորիայի կառուցումը ավարտելը: Զարգացման կարևոր ուղղություններից է նոր մասնագիտական արհեստանոցների ստեղծումը: Որքան շատ տարաբնույթ զբաղմունքներ կարողանանք առաջարկել սովորողներին, այնքան լավ:  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.