«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Սեյմուր Բայջան

Թիֆլիս. միշտ քիչ է
Էսսե պիոներական ոճով

Թիֆլիս: 20-րդ դարի սկզբում այստեղ ապրող թուրքերը, հայերը, վրացիները և նույնիսկ քրդերը գիտեին միմյանց լեզուները, գոնե կենցաղային մակարդակով: Հենց այստեղ էր (ի դեպ, հայկական թաղամասում) 20 հազար տպաքանակով լույս տեսնող «Մոլլա Նասրեդին» ամսագրի խմբագրությունը: «Մոլլա Նասրեդին» ամսագիրը կարդում էին ողջ մուսուլմանական աշխարհում, չնայած այն ժամանակ մահմեդականների սոսկ երեք տոկոսը գրագետ լինելու պատիվ ուներ:
Սեմինարիա Գորիում: Ադրբեջանի իրական պատմության սկիզբը: Ջալիլ Մամեդկուլիզադեն, ակադեմիական երաժշտության հիմնադիր Ուզեիր Հաջիբեկովը և շատ ուրիշներ այստեղ են սովորել: Նրանք շաբաթ և կիրակի օրերին Թիֆլիսում էին հանգստանում: Ադրբեջանի գրականության մեջ Թիֆլիսը միշտ ակտիվ թեմա է: Քանի որ Թիֆլիսն այն ժամանակ եղել է (և հիմա էլ է) Կովկասի հոգևոր, մշակութային մայրաքաղաքը: Նորմալ, քաղաքակիրթ մարդիկ Թիֆլիսում էին արժանանում մշակույթի օդը շնչելու, խմելու, զբոսնելու, իրենց ցուցադրելու, սիրախաղ անելու, իրենց ստեղծական գործերով զբաղվելու պատվին: Այն ժամանակ Բաքվում նորմալ մարդկային հագուստով փողոց դուրս գալն անհնար էր. մարդիկ ծիծաղում էին և «ինտիլիգենտ» կոչում: «Մտավորական» բառն այն օրերին ավելի վիրավորական էր հնչում, քան «արվամոլը»:

Ամեն մարդ իր քաղաքն ունի։ Իմ քաղաքը Թիֆլիսն է: Քաղաք, որտեղ ազատ եմ: Այստեղ էներգիա կա, միստիկա, որն ինձ ձգում է: Մի քաղաքի մասին միայն մի անգամ կարող եմ գրել: Երկրորդ անգամ նույն քաղաքի մասին գրել չի լինում, նույնիսկ եթե այնտեղ ինչ-որ շատ հետաքրքիր բան է եղել: Բայց Թիֆլիսը բացառություն է: Միակ քաղաքն է, որի մասին գրում եմ նորից ու նորից: Ամեն անգամ, տուն դառնալով, գրում եմ Թիֆլիսի մասին: Եվ դրա համար էլ շատ հոդվածներ ունեմ, որ այսպես են սկսվում`

Մի անգամ Թիֆլիսում…

Թիֆլիսը գրական քաղաք է: Յուրաքանչյուր փողոցից, ամեն մի սրճարանից, պատառաքաղներից, դանակներից, ափսեներից գրականություն է բուրում: Իշխանական զարմերի տանջալից երկար բաժակաճառերը ևս գրականություն են: Խոստովանում եմ, որ համաձայնել եմ մասնակցել անմիտ սեմինարների ու համաժողովների, միայն նրա համար, որ Թիֆլիսում լինեմ: Եվ կրկին կհամաձայնեմ, եթե դրանք Թիֆլիսում լինեն:

Արդ ուրեմն մի անգամ այս գրական քաղաքում ծանոթացա մի գրական մարդու հետ: Միանգամից հասկացա` այդ մարդը մենախոսության համար է ստեղծված: Իմանալով, որ ես Բաքվում եմ ապրում, նա բացվեց, և ինչպե~ս բացվեց: Ռուսներն ասում են, որ օղու ամենալավ ակռատը ոչ թե աղ դրած վարունգն է, այլ այն մարդը, որի հետ խմում ես, որը նստած է կողքիդ կամ դիմացդ, դե, սկզբունքորեն տարբերություն չկա` ինչպես է նստած: Մոռացել եմ նրա անունը, բայց հիշում եմ և´ այն ամենը, ինչ ասում էր, և´ խոսելաձևը, և´ թե ինչպես էր ձեռնածություն անում: Երբ նա իր ուժերով ինստիտուտ էր ընդունվել, հայրը նրան մեծ գումար էր տվել և ասել` վերցրու ու ծախսիր ոնց կուզես, քո փողերն են: Պարզվում է` հայրն այդ գումարը կուտակել էր, որ կաշառք տար և որդուն ինստիտուտ ընդունել տար: Եվ ահա նա վերցրել է այդ փողերն ու ուղևորվել Բաքու: Ինքն էլ չիմանալով, թե ինչու հենց Բաքու: Մենախոսության համար ստեղծված մարդը նկարագրում էր ինձ այն փողոցները, որտեղ կանգ էր առել, պատմում էր` որտեղ է զբոսնել, ինչպես է զբոսնել: Խոսում էր մեծ հաճույքով: Զգում էի, որ դրանք եղել են նրա կյանքի ամենաերջանիկ օրերից: Նա երկար խոսեց և արդեն ավարտելիս ավելացրեց. «Բաքվում ես մեծ սեր եմ ունեցել»: Այստեղ արդեն չէի կարող լուռ լսել և ստիպված էի նրան ընդհատել.

- Տարօրինակ է, մեզ մոտ հազվադեպ է պատահում փոխադարձ սեր: Մի անգամ ստույգ եղել է, բայց երբ, ոչ ոք չգիտի: Աղջիկը նետվել է աշտարակից:

- Չէ, Դուք ճիշտ չհասկացաք: Աղջկան ինձ հետ Թբիլիսիից էի տարել: Վրացուհի էր:

- Միանգամից այդպես ասեիր, որ հասկանալի լիներ: Թե չէ մտածեցի` չափազանցնում է…

Ամեն անգամ, երբ Թիֆլիս-Բաքու գնացքը շարժվում է, զգում եմ, որ ժամանակը կրկին չհերիքեց: Անմիջապես հիշում եմ այն վայրերը, ուր անպայման պետք է գնայի, բայց չհասցրի: Ամեն անգամ Թիֆլիսից գնալով` մտածում եմ այն մասին, թե այստեղ ինչ քիչ մնացի: Թիֆլիս, այն միշտ քիչ է, չէ՞ որ Թիֆլիսը մեզ համար`

Թթվածնի բարձիկ է

Եկեք նայենք` ովքեր են մեր հարևանները: Ղազախստան. մեկնաբանություններ չկան: Թուրքմենստան. նույնպես, առանց մեկնաբանությունների: Իրան. ընդհանրապես առանց մեկնաբանությունների: Դաղստան. այստեղ մի փոքրիկ մեկնաբանություն է պետք: Դաղստանում բնակչության կեսը թոշակառուներն են, մյուս կեսը` սպորտսմենները, ըմբիշները: Մախաչկալայում հատուկ ծառայություն կա, որտեղ ականջ են կոտրում: Ով ժամանակին չի հասցրել սպորտով զբաղվել` դրա համար լուրջ պատճառներ ունենալով, կոտրում է ականջները, որպեսզի սպորտային տեսք ունենա: Որպեսզի մարդիկ կարողանան ականջներով որոշել, որ ժամանակին ըմբշամարտ է պարապել և շատ լուրջ պատճառներով է սպորտը թողել: Չնայած Հայաստանի հետ հրադադարի ռեժիմ է, մեզ համար նա էլ չի կարող թարմ օդի ումպ լինել: Իրենց էլ թթվածնի բարձիկ է պետք: Մնում է միայն Թիֆլիսը: Եվ մոտիկ է: Եվ տեղ հասնելն էժան է նստում: Ուղևորվելուց մեկ ժամ առաջ նույնիսկ կարելի է գնացքի տոմս գնել: Բոլորին հերիքում է:

Կրկին մի անգամ Թիֆլիսում

Նստած խմում էինք: Սեղանի մոտ նստած էր բանաստեղծ Շոթան: Նա, որ Ռուսթավելին չէ: Մեր ժամանակակիցն է: Հանկարծ հիշեցի իմ գրականության դասագիրքը: Այնտեղ գրված էր մոտավորապես այսպես. «Ադրբեջանական դրամատուրգիայի հիմնադիրը ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում: Նա այնտեղ բարեկամություն է արել հայ և վրացի լուսավորիչների հետ»: Հիմա չեմ հիշում` հատկապես ում հետ: Բայց ինտերնացիոնալը ստույգ կար: Այդ մասին հիշելով` նոր ճշմարտություն բացահայտեցի: Իհարկե, ինձ Ախունդովի հետ չեմ համեմատում: Պարզապես ինձ համար ճշմարտությունն արդեն մի քանի անգամ բացահայտվում է զուգահեռ իրավիճակների միջոցով: Ահա, ես էլ հաճախ եմ լինում Թիֆլիսում: Վրացի ընկերներ ունեմ: Նույնիսկ հայի կարելի է գտնել տեսականու համար: Բանաստեղծներ, գրողներ: Նրանցից մեկը,օրինակ, Շոթան է: Տարօրինակ է, իրար հետ շատ ենք խմել, բայց ես Շոթայի գրած ոչ մի տող չեմ կարդացել: Գուցե հետաքրքիր է գրում: Նա էլ չգիտի, թե ես ինչ եմ գրում: Ինչի մասին, ինչ թեմաներով, ինչ ժանրով, ոճով: Պարզապես գիտի` ես գրող եմ: Ես գիտեմ` նա բանաստեղծ է: Ու վերջ: Բաժակաճառ ասելու հերթն էլ հենց իմն էր: Եվ ես ասացի այն մասին, ինչ այդ պահին հիշել էի: Խորհրդային Միության ժամանակ (ես խորհրդային աշակերտ եմ եղել) մեր գրականության դասագրքում գրված էր. «Ադրբեջանական դրամատուրգիայի հիմնադիրը ապրել և արարել է Թիֆլիսում: Այնտեղ նա բարեկամություն է արել հայ լուսավորիչ այնինչ-ՅԱՆ-ի և վրացի լուսավորիչի այնինչ-ՇՎԻԼՈՒ կամ ՁԵ-ի հետ: Միմյանց համար կարդում էին իրենց ստեղծագործությունները, խորհրդակցում էին միմյանց հետ, շատ ուժեղ աջակցում էին միմյանց: Իհարկե, հետո շատ լուրջ պատճառներով հայերին դասագրքերից հանեցին: Պարզվում է` Ախունդովն այն ժամանակ գիտեր, թե հայերն ով են, և բարեկամություն չի արել նրանց հետ: Մնացին վրացիները: Բայց իմ կարծիքով նրանք միմյանց իրենց ստեղծագործությունները չեն կարդացել: Պարզապես բարեկամություն են արել: Միասին կերել են, գուցե նաև խմել: Ախունդովը չգիտեր, թե ինչ են գրում ՅԱՆ-ը, ՁԵ-ն, ՇՎԻԼԻ-ն… ՅԱՆ-ը, ՁԵ-ն, ՇՎԻԼԻ-ն էլ չգիտեին, թե ինչ է գրում Ախունդովը: Ինչպես ես և Շոթան: Խմում ենք, զբոսնում, ընկերություն անում: Բայց չգիտենք, թե ընկերն ինչ է գրում: Եթե վաղը կայսրություն ձևավորվի, այս ընկերությունը կվերածվի պատմության: Շոթան և Սեյմուրը բարեկամություն են արել, աջակցել են միմյանց… Միմյանց համար կարդացել են իրենց ստեղծագործությունները… Կայսրությունում շատ հեշտ է փոքր ժողովրդի համար պատմություն ստեղծելը: Մի անգամ արդեն ստեղծել են: Փորձ կա: Կայսրությունում փոքր ժողովրդի պատմություն ստեղծելն այնքան հեշտ է, ինչքան Մախաչկալայում ականջ կոտրելը և ըմբիշի տեսք ունենալը: Դու չես պարապել, չես վազել, չես թռել, քաշ չես գցել, ականջներդ կոտրել ես, և վերջ: Մարդիկ նայում են և ասում` նա էլ է սպորտսմեն: Ինքդ էլ հավատում ես, որ սպորտսմեն ես: Սպորտային պատմություններ ես սկսում հորինել: Այդ ձևով ռուսները հայերի համար, վրացիների համար, ուզբեկների համար, ղազախների համար պատմություն ստեղծեցին, գրականություն, թատրոն, մշակույթի տուն: Կոտրեցին նրանց ականջները, և նրանք սպորտսմենի տեսք ստացան: Սիրելի ընթերցողներ, մի´ մոռացեք. այն, ինչ դուք կարդում եք, բաժակաճառ է: Շշի շուրջը երազելը վտանգավոր չէ: Ես շարունակում եմ իմ բաժակաճառը: Բայց եթե կայսրություն չլինի, մեր բարեկամությունը կվերածվի խումհարի:

Այն օրը երկար նստեցինք, մինչև ուշ գիշեր, և շատ խմեցինք: Կայսրության հետ այն, որ մենք միասին խմել էինք, վերածվեց պատմության, առանց կայսրության` սովորական թիֆլիսյան խումհարի: Գլուխդ ցավո՞ւմ է: Մի շիշ գարեջուր է պետք: Կամ «Բորժոմի» մեջ կիտրոն քամիր: Խմում ես: Ամեն ինչ տեղն է ընկնում:
13.02.2009

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.