«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Սելեստեն Ֆրենե

Մանկավարժական ինվարիանտներ

Կյանքի օրենքներն այսպիսին են: Անհրաժեշտ է դրանց համապատասխան գործել: Այդ նպատակով դրանք բացահայտում և ամբողջ մարդկության համար ընդհանուր` մարդու իրավունքների հետ ենք միավորում:

Մ. Մոնտեսորի, Երեխայի ընկալուն գիտակցությունը

Ֆրենեի Նոր դպրոցի մեթոդիկան ներկայումս փորձարկման 35-ամյա ճանապարհ է անցել և այժմ Ֆրանսիայում ու արտասահմանում լայնորեն և մեծ հաջողությամբ կիրառվում է:

Սակայն դաստիարակության համակարգում այդպիսի արմատական փոփոխություններն իսկական հեղափոխության նման են, ինչի կապակցությամբ առաջանում է նոր տիպի դաստիարակների պատրաստման հարցը և նրանց վերապատրաստման, ովքեր մանկավարժության մեջ երկար ժամանակ հենվել են ավանդական մեթոդների վրա: Քանի դեռ պաշտոնական օրգաններն այդ վերապատրաստմամբ չեն զբաղվում, ստիպված ենք մեր ձեռքի տակ եղած միջոցներով բավարարել այն ուսուցիչների պահանջները, ովքեր ուզում են տիրապետել մեր մեթոդիկային: Նրանց համար «Ինչից սկսել» վերնագրով փոքրիկ ձեռնարկ էինք պատրաստել, որը, մեր կարծիքով, սկզբի համար բավական էր: Սակայն պարզվեց, որ բոլոր գործնական խորհուրդները, որ տվել էինք, ոչ միայն անօգուտ կարող են լինել, այլև սկսնակ մանկավարժներին ինքնավստահությունից կարող են զրկել, եթե ուսուցման մեր համակարգի ինչպես տեխնիկական կողմին, այնպես էլ ոգուն վերաբերող ավելի ճշգրիտ ցուցումներով չլրացնենք:

Այսպիսով, ընթերցողներին պետք է խթանել վերաիմաստավորելու մանկավարժական, հոգեբանական և սոցիալական կողմի շատ հասկացություններ ու գործնական մեթոդներ, որոնք ավանդական դպրոցի համար միշտ անխախտ և հիմնական են թվացել: Ճշմարտության որոնումների գործընթացում սեփական փորձով և առողջ դատողությամբ առաջնորդվելով` ձգտել ենք դպրոցական արժեքների նոր համակարգ հաստատել: Որպես ինվարիանտ ընդունված (այսինքն` ճշմարիտ և վերանայման ոչ ենթակա) սկզբունքների հիմքում որոշակի մանկավարժական կոդ է մշակված.

Կանաչ լույս
 - մեթոդներ և միջոցներ, որոնք լիովին համընկնում են տրված ինվարիանտներին և, առանց որևէ կասկածի, դաստիարակների կողմից կարող են գործածվել, քանի որ նախկինում հաջողությամբ փորձարկվել են:

Կարմիր լույս  -
մեթոդներ և միջոցներ, որոնք հակասում են տվյալ ինվարիանտներին, և որոնցից անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել:

Դեղին լույս –
մեթոդներ և միջոցներ, որոնք որոշ հանգամանքներում բավական արդյունավետ են, բայց միևնույն ժամանակ վտանգ են պարունակում և հատկապես ուշադիր վերաբերմունք պահանջում մանկավարժից, որը պիտի հստակ գիտակցի դրանց ժամանակավոր բնույթը:  

Ինդիկացիայի նման համակարգի դիմելով` ավելի կոնկրետ գործնական խորհուրդներ կարող ենք տալ, որոնք նվազագույն ռիսկի և ջանքերի գնով կօգնեն ձեզ նպատակին հասնել:

Հ. Գ.
«Եթե ընդհանուր հոգեբանության որևէ դասական աշխատանքի անդրադառնանք,- գրել է դոկտոր Վիարը,- ապա այնտեղ հոգեկան բազմաթիվ ախտանիշների հրաշալի նկարագրություններ կարելի է գտնել: Օրինակներով հարուստ և մանրակրկիտ այդ աշխատանքները տպավորություն են ստեղծում, թե հոգեբանությունն ինչ-որ շատ բարդ բան է, և հմուտ հոգեբան դառնալու համար երկար տարիների փորձ է պետք: Ընդ որում շատ դեպքերում, միևնույն է, միանգամայն համոզված չեն լինում, որ ուրիշ մարդու վարքի գնահատումը ճիշտ է:

Մենք մտածեցինք, որ հոգեբանական ֆենոմենների մանրազնին քննությունից հետո կարելի է նրանց և անհատների միջև ինչ-որ ինվարիանտ կապ գտնել, որի անփոփոխությունը համընդհանուր բնույթ ունի...

Ինվարիանտի սահմանումը հենց իր անվան մեջ է: Դա այն է, որ չի փոփոխվում և ոչ մի ժողովրդի մոտ, ոչ մի պայմաններում չի կարող փոխվել:

Ինվարիանտը ամենահաստատուն հիմքն է: Այն ոչ մի անգամ չի խաբում և սխալներից ապահովում է»:

Ինվարիանտ 1.  
Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է:

Երեխան նման է մատղաշ ծառի, որը դեռ չի աճել, սակայն զարգանում, ուժ է հավաքում և միջավայրին ընտելանում այնպես, ինչպես մեծ ծառը: Երեխան զգում, տառապում, հարմարվում է այնպես, ինչպես և դուք, սակայն այլ ռիթմով, որովհետև մի կողմից իր օրգանական թուլությունը, անփորձությունը, անտեղյակությունը խանգարում են, իսկ մյուս կողմից կենսական անսահման ներուժ ունի, որը մեծերի մեջ հաճախ պակասած է լինում: Երեխան գործում և արձագանքում է հանգամանքներին համապատասխան և ապրում է` հետևելով այն նույն սկզբունքներին, ինչ որ դուք: Նրա և ձեր տարբերությունը ոչ թե բնույթը, այլ միայն զարգացման աստիճանն է:

Հետևաբար, նախքան երեխային քննադատելը կամ պատժելը ինքներդ ձեզ հարց տվեք` եթե նրա փոխարեն լինեի, իմ արձագանքը ո՞րը կլիներ: Եվ ինչպե՞ս էինք վարվում նրա տարիքում:

Անկեղծ պատասխանեք հետևյալ թեստի հարցերին:

Ջանացի՞ք արդյոք ընդունել այս ինվարիանտը: Կանաչ

Դեռ չվճռելով ներդնել սեփական փորձում` տեսականորեն համաձա՞յն եք դրա հետ: Դեղին

Ձեր վարքը հաճախ չի՞ բխում այն մտքից, որ երեխան իր բնույթով ձեզնից տարբեր է: Կարմիր

(Խորհուրդ ենք տալիս ազնվորեն վերաբերվել և թեստերի վանդակները խնամքով ներկել: Հետո, երբ թերթեք այս գրքի էջերը, գույների հաշվեկշիռը ցույց կտա, թե ձեր մանկավարժական և հոգեբանական դիրքորոշումներն իրականում ինչպիսին են: Եվ այդ ժամանակ ձեզ համար պարզ կլինի, թե ինչ ուղղություններով պետք է գործել, որ կամաց-կամաց կարմիրը ջնջեք` փոխարենը ավելացնելով դեղինի և կանաչի բաժինը:)

Ինվարիանտ 2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում:

Բարձրահասակ մարդը հակված է ցածրագույն էակներ համարելու նրանց, ովքեր իրենից ցածր են: Բայց առավելության այդպիսի զգացողություն ունենում է նաև այն մարդը, որ սարի գագաթին կամ 8-րդ հարկի պատշգամբում է հայտնվել և վերևից նայում է ներքևում քայլող մարդկանց: Հասկանալի է, որ դա խաբուսիկ զգացողություն է, և պետք է դրան դիմադրել:

Ուսուցիչն այսպես թե այնպես իր աշակերտներից բարձրահասակ է, սակայն դա բավակարար չէ նրա համար: Նրան անպայման պետք է կանգնել հարթակին, որ հաստատի իր առավելությունը: Այդպիսի պատկերացումներն ապագա մանկավարժներին ավելի շատ վնաս են պատճառում, քան առաջին հայացքից թվում է:

Որպեսզի համոզենք գերիշխելու պահանջմունքից հրաժարվել, ձեզ առաջարկում ենք կատարել մի քանի զուտ խորհդանշական գործողություններ, որոնք սակայն առաջընթացի համար միանգամայն անհրաժեշտ են:

Վերացրեք բոլոր հարթակները, որոնց վրա ձեր սեղանն է, և միանգամից երեխաների հետ նույն հարթության վրա կհայտնվեք: Նրանց ոչ թե ուսուցչի կամ ղեկավարի, այլ սովորական մեծի կամ նույնիսկ հենց երեխայի աչքերով կնայեք և դրանով իսկ կնվազեցնեք աշակերտների և ուսուցիչների միջև վտանգավոր այն խզումը, որն առկա է ավանդական դպրոցում:

Եթե տնօրինությունն արգելի հարթակները վերացնել, խորհուրդ ենք տալիս գոնե «գահազրկել» ուսուցչի սեղանը, այնպիսի աստիճանի վրա և այնպիսի տեղում դնել, որ աշակերտներից բարձր չլինի և դրանով չճնշի նրանց:

Հարթակն ու ամբիոնն անհրաժեշտ պարագա են ավանդական մանկավարժության համար, որտեղ իշխում է դատարկախոսությունը, իսկ դասի հաղորդումն ու հարցումներն ինչքան ունկնդիրների մակարդակին քիչ համապատասխանեն, այնքան արդյունավետ և հեղինակավոր կհամարվեն: Դրան ավելացնենք նաև, որ աշակերտների և ուսուցիչների միջև սովորական հակամարտությունը վերջիններիս ստիպում է խստագույն կարգուկանոն հաստատել, որին ուսուցչի` ուղղակի թե փոխաբերական իմաստով «բարձր» դիրքն անպայման նպաստում է:

Իջե´ք ձեր «բարձունքից» և միանգամից կհաղորդակցվեք նոր մանկավարժությանը: Դուք ստիպված կվերանայեք ձեր սովորությունները և ձեր վարքի մասին կմտածեք:

Թեստ
Հարթակները վերացնել և աշխատել` հաշվի առնելով բոլոր հետևանքները, որ այդ գործողությունը կունենա:  Կանաչ

Ուսուցչական սեղանը տեղադրել աշակերտական սեղանների հետ միևնույն հարթության վրա: Դեղին

Հարթակները թողնել և նախկինի պես օգտագործել:  Կարմիր

Չեմ կարող ինձ զրկել Ժիրոդուի (1) «Ինտերմեցո»-ից մի հատված մեջբերելու հաճույքից:

(Ուսուցչուհի Իզաբելան աշակերտուհիների հետ բացօթյա դաս է վարում: Այդ ժամանակ հայտնվում է տեսուչը:)  
Տեսուչ - Աշակերտուհիներ, մտե´ք... (Նրանք ծիծաղում են:) Ինչո՞ւ են ծիծաղում:
Իզաբելլա -  Որովհետև ասում եք` մտեք, իսկ դուռ չկա:
Տեսուչ - Այս բացօթյա պարապմունքներն իսկական հիմարություն են, դրանից տեսուչի բառարանն իր բառերի կեսը կորցնում է....  (Փսփսոց:) Լռեցե´ք: Օրիորդ, ձեր աշակերտուհիներն անտանելի են:
Իզաբելլա – Իսկ ինչպե՞ս պատժեմ նրանց: Երբ դասերը բացօթյա են, պատիժների համար համարյա ոչ մի առիթ չի մնում: Այն ամենը, ինչ դասարանում չի կարելի անել, այստեղ տեղին և խելամիտ է: Պատժեմ աշակերտուհուն, որ առաստաղի՞ն է նայում: Նայեք այդ առաստաղին:
ՏեսուչԻրոք որ այդպես է: Ուսուցման ժամանակ առաստաղը հենց նրա համար է, որ երևա, թե ուսուցիչն ինչքան է բարձր աշակերտից: Իսկ ով համաձայնում է երեխաներին բացօթյա ուսուցանել, իր գերազանցության բոլոր ապացույցներն է զոհաբերում»:

Ինվարիանտ 3.  Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից է կախված:

Ոմանք հակված են ենթադրելու, որ երեխան, ով վատ է աշխատում կամ իրեն վատ է պահում, դիտավորյալ է անում, իր չարությունն արտահայտելու համար: Այս ենթադրությունը մարդասիրական չէ:

Իհարկե, երբեմն և այնպիսի դեպքեր են լինում, և ստիպված ենք լինում դիմանալու դրանց հետևանքներին, բայց դա չի նշանակում, թե իր վարքի թերությունների համար միայն երեխան է ամբողջությամբ պատասխանատու: Հիշեք, ինքներդ էլ եք վատ աշխատում, երբ ձեր գլուխը կամ ատամը ցավում են, եթե ստամոքսի ինչ-որ խնդիր ունեք կամ քաղցած եք (սոված փորին էլ ի~նչ երգ):  Շատ նյարդայնանում եք, եթե աշխատանքը չի ստացվում, եթե վեճի ժամանակ ձեր ընդդիմախոսը ձեզանից ուժեղ է, եթե կարևոր մտահղացումն իրականացնել չեք կարողանում: Նույնն էլ երեխաների հետ է լինում: Եթե երեխաների վարքի մեջ խախտումներ եք նկատում, հարցրեք ինքներդ ձեզ` արդյո՞ք դրա պատճառը վատառողջությունը, անհավասարակշռությունը կամ շրջապատի հետ տարաձայնությունները չեն: Առաջին հերթին պետք է վերը նշված պատճառները վերացնեք, սակայն եթե անգամ դա չի հաջողվում, գոնե ավելի մարդկայնորեն կվերաբերեք և դրանով իսկ ձեր դասարանի մթնոլորտն անհապաղ կբարելավեք:

Թեստ

Փորձեք գտնել մի քանի երեխայի վատ վարքի հոգեբանական կամ սոցիալական պատճառները: Կանաչ

Ձեր հաջողություններն այդ իմաստով խիստ հարաբերական են: Դեղին

Դուք կառչում եք ավանդական մեթոդներին և ուշադրություն չեք դարձնում ձեր աշակերտների անհատական առանձնահատկություններին: Կարմիր

Ինվարիանտ 4. Ոչ ոք (այդ թվում` և երեխան, ինչպես և մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են:
 
Դրանով միաժամանակ ֆիզիոլոգիական և հոգեբանական ռեֆլեքս է դրսևորվում: Եթե մարդը ճանապարհ է ընկնում, ուրեմն վստահում է իր ընտրած ուղուն: Իսկ եթե ինչ-որ կասկածներ են ծագում, նա վարանում է, անվստահ և դանդաղ է առաջ ընթանում կամ էլ ետ է դառնում, որ ճանապարհը նորից սկսի: Սակայն երբ ինչ-որ մեկը թիկունքից հրում է, ուրիշ ռեֆլեքս է գործում: Այդպես պատահում է այն մարդու հետ, որը պատրաստվում է ինքնուրույն ջուրը ցատկել, բայց հետևից հանկարծակի հրում են: Մարդը բնազդաբար մեխանիկորեն ջանում է հաղթահարել ուժային ազդեցությունը և հավասարակշռությունը պահպանել: Դա ինչպես ֆիզիոլոգիական ոլորտում, այնպես էլ բարոյականության և հասարակական հարաբերությունների բնագավառում գործող ընդհանուր օրենք է:

Բոլորս ենք այդպես ստեղծված, և այդ պատճառով յուրաքանչյուր հրամայական շարժում կամ հրաման ինքնաբերաբար դիմադրություն են հարուցում. մարդը կարմրում է, նրա մտքերն ու զգացմունքները խառնվում են, և նրա առաջին պոռթկումը հրամանին չենթարկվելն է: Ուստի օրինաչափ է հետևյալ պնդումը` ավտորիտար (իշխանական) յուրաքանչյուր հրաման սկզբունքորեն միշտ սխալ է: Սրան կարող է հետևել այն առարկությունը, թե իբր երեխան դեռ անփորձ է, և նրան պետք է ուղղորդել, իսկ երբեմն էլ հրել այնտեղ, ուր ուզում է գնալ: Այստեղ սխալները քիչ չեն: Անհրաժեշտ է մանկավարժական այնպիսի հնարներ գտնել, որոնց դեպքում երեխային իր ուղու ընտրության առավելագույն ինքնուրույնություն է տրվում, իսկ մեծերն ավելի քիչ են դիմում ավտորիտար մեթոդների: Հենց սրա վրա է հիմնվում մեր մանկավարժությունը. երեխային ձայնի, անհատական և համատեղ գործունեության նախաձեռնության իրավունք է տրվում. աշխատում ենք հրապուրել նրան, այլ ոչ թե խստորեն կառավարել:

Երբ աշխատանքի պլան ենք կազմում, դասարանին 3-4 թեմա ենք առաջադրում, որից երեխաները կարող են ընտրել, թե հատկապես որն են ուզում խմբով կամ անհատապես ուսումնասիրել: Թեմաները բաշխելիս 2 եղանակով կարելի է վարվել: 1-ին` հրամայական եղանակը սովորական է ավանդական դպրոցի համար. 1-ին թեման տրվում է X աշակերտին, 2-րդ թեման` Y աշակերտին և այլն: Իհարկե, երեխաներից ոչ մեկին այդ եղանակը չի բավարարում: Մենք այլ կերպ ենք վարվում: Երեխաներին ասում ենք` ահա աշխատանքի երեք թեմա: Ընտրեք` որը ձեզ հետաքրքրում է: Ով հասցնում է հայտ ներկայացնել, իր նախընտրած թեման է ստանում: Իսկ ով ժամանակին չի հասցնում դա անել, ստիպված բավարարվում է նրանով, ինչ մնացել է: Այսպիսով, ընտրելու իրավունքը տարածվում է ոչ բոլորի վրա: Բայց և այնպես երեխաներին ոչ ոք չի հարկադրում, և այդ իսկ պատճառով բոլորն էլ բավարարված են զգում: Եթե երեխայի վզին այս կամ այն աշխատանքը փաթաթեն, ինքնաբերաբար դիմադրության կհանդիպեն: Նրան ընտրության ազատություն տվեք, և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Բռնի միջոցները սխալ են, և դրանցից հրաժարվելը բարերար ազդեցություն կթողնի ձեր աշխատանքի վրա:

Թեստ

Ձեր մանկավարժական մեթոդիկայում որոշել եք հրաժարվել ավտորիտար մեթոդներից:
Կանաչ

Ավելի մեղմ, լիբերալ մեթոդներ եք փնտրում, բայց դրա հետ մեկտեղ պահպանվում են իշխանամիտության մնացուկները:
Դեղին

Ցանկացած հանգամանքներում գերադասում եք ավտորիտար գործել:
Կարմիր

Ինվարիանտ 5 (նախորդից բխող). Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել:

Կան խաղեր կամ կոլեկտիվ պարապմունքներ, օրինակ՝ սպորտային, երբ այդպիսի հրամանը ընկալվում է որպես անհրաժեշտ պայման և ոչ մի խնդիր չի առաջացնում: Հաճախ դա վարչական կամ տեխնիկական անհրաժեշտությամբ է պայմանավորվում կամ էլ հաստատված է լինում վերևից, և ստիպված դրան ենթարկվում են ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը: Այդպիսի դեպքերում բավական է երեխաներին բացատրել, թե ինչու է անհրաժեշտ ենթարկվել այս կամ այն կարգադրությանը:

Օրինակ`եթե գնացքը շարժվում է առավոտյան ժամը 6-ին, ապա անհրաժեշտ է տնից դուրս գալ 5-անց 30 րոպեին, որպեսզի հասցնեք:

Կարելի է ասել, որ տարրական կարգուկանոնի պահպանումը մեծ տհաճություններ չի պատճառում և աշակերտների հետ ուսուցիչների  հարաբերությունների վրա այնքան էլ չի ազդում: Բայց այս դեպքում էլ ուսուցիչը չպիտի չարաշահի իր դիրքը: Վտանգը ծագում է այն ժամանակ, երբ երեխաները կարգը անիմաստ են համարում, և ըստ նրանց դա ընդամենը մեծի չարակամ ցանկությունն է` ապացուցելու իր իշխանությունը և ցուցադրելու, որ իր հրամաններին պիտի անառարկելիորեն ենթարկվեն: Այդպիսի սխալ կարգի օրինակ է զինվորական կարգապահությունը, որն անտանելի է շարք քշված մարդկանց համար, և զինվորների ու սպաների բոլոր հարաբերությունները կարգավորում է խստորեն: Որ զինվորական կարգապահությունը հակասում է կյանքի բնական օրենքներին և ուղղված է միայն ավտորիտար իշխանությունն ավելացնելուն՝ ապացույցն այն է, որ այդ կարգապահությունը թուլանում և համարյա վերանում է պատերազմների ժամանակ կամ պատմական բուռն ժամանակաշրջանում:

Այդպես է նաև դպրոցում: Անհրաժեշտ է որոշակի կարգապահություն, որը կապահովի համատեղ աշխատանքի համար կազմավորված խմբերում նորմալ համագործակցություն: Երեխաները հասկանում են այդ կարգապահությունը և եթե զգում են նրա անհրաժեշտությունը, ապա ընդունում են և պահպանում: Եվ պետք է հասնել հենց այդպիսի կարգապահության`բացառելով յուրաքանչյուր «զգաստ» հրամանը, որի կարիքը երեխան երբեք չի ունեցել: Պետք է հրաժարվել երեխաներին կարգադրությամբ դասարան տանելու պահանջից: Կարգապահությանը, կարգ ու կանոնին կարելի է հասնել առանց բռնության, առանց շարք կանգնեցնելու և հրամանների:

Թեստ  
Հրաժարվել ավտորիտար պահանջներից, զինվորական կարգապահությունից դպրոցում և անցնել աշխատանքային համագործակցության կարգապահությանը: Կանաչ

Փորձել խիստ կարգապահությանը հասնել նվազագույն արտաքին հարկադրումով: Դեղին

Նախկինի պես հավատարիմ մնալ խստավարժության զուտ ավտորիտար մեթոդներին: Կարմիր

1) Ժան Ժիրոդուն 20-րդ դարի ֆրանսիացի գրող է: «Ինտերմեցո» պիեսը լույս է տեսել 1933թ.:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.