«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 20

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հարցազրույց.
«Բիլ Գեյթսը տեխնոլոգիաների աշխարհում իր դերի և ապագայի մասին իր կանխատեսումների մասին»

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Դավիթ Մինասյան
«Ուսումնական հաստատությունների Web կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ»

Մեթոդական մշակումներ

Հակոբ Հակոբյան
«Բնագիտական առարկաների դասավանդման կազմակերպումը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Սեյմուր Բայջան
«Թիֆլիս. միշտ քիչ է»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը».
Հենրի Հոլմսի նախաբանը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանե Գևորգյան «Խորհրդայնացում»

Աշոտ Տիգրանյան
«Լեոն մեր ժանակակակիցն է»

Աշոտ Տիգրանյան
«Երրբ առաջարկը պահանջարկի կարիք չունի»


Վոլտեր

Բաբելոնի արքայադուստրը

1-ին գլուխ

Բաբելոնի տիրակալը՝ ծեր Բելը, իրեն մեծարում էր որպես մահկանացուների մեջ ընտրյալի, քանզի նրա բոլոր պալատականները միաբերան դա էին ասում, իսկ պատմաբաններն ամրապնդում էին փաստարկներով։ Նրա փառասիրության արդարացում կարող էր լինել միայն այն, որ 30000 տարի առաջ, իրոք, նախնիներն էին հիմնել Բաբելոնը, իսկ ինքն անձամբ նպաստել էր քաղաքի բարեկարգմանը։ Հայտնի է, որ նրա պալատն ու զբոսայգին տեղավորված էին Բաբելոնից մի քանի փաղանգի վրա, փռված էին Եփրատ ու Տիգրիս գետերի արանքում, որոնց ջրերը ողողում էին այդ չքնաղ ափերը։ Լայնարձակ պալատը՝ ճակատային մասով՝ երեք հազար քայլ, հասնում էր մինչև ամպերը։ Հարթ տանիքը շրջափակված էր 50 ֆուտ բարձրության սպիտակ մարմարյա կողաքարերով, իսկ վրան տեղադրված էին բոլոր արքաների և պետության մեծ այրերի հսկայական անդրիները։ Աղյուսի երկու շերտից շարված այդ հարթ տանիքի վրա, որ ծայրից ծայր ծածկված էր արճճի խիտ շերտով, լցված էր հողի տասներկուֆուտանոց շերտ։ Այդ հողի վրա աճում էին ձիթապտղի, նարնջի, արմավենու, մեխակի, կոկոսի և դարչինի ծառերի՝ ծառուղիներ կազմող ամբողջ անտառներ, որոնք անթափանց էին արևի ճառագայթների համար։ Եփրատի ջրերը, որ պոմպով մղվում էին հարյուրավոր դատարկ սյուներով դեպի վեր, հոսում էին այդ ծառերի արանքով՝ լցնելով ընդարձակ մարմարյա լողավազանները և հետո թափվում ներքև ուրիշ ջրանցքներով ու ձևավորում զբոսայգում 6000 ֆուտ երկարությամբ ջրվեժներ և 100000 շատրվաններ, որոնք խփում էին այնքան բարձր, որ ջրի շիթերի կատարները հազիվ էին նշմարվում. հետո ջրերը նորից դառնում էին Եփրատի հունը։

Մի քանի հարյուրամյակ անց Շամիրամի՝ Ասիան շլացնող կախովի այգիները ընդամենը այս հին հրաշալիքների համեստ նմանակումն էին, քանի որ Շամիրամի օրոք սկսվել էր ինչպես արական, այնպես էլ իգական սեռերի անկումը։

Սակայն Բաբելոնում ամենաչքնաղը, որ ստվեր էր նետում մնացած ամեն ինչի վրա, թագավորի դուստրն էր՝ Ֆարմազանտան։

Դարեր անց նրա նկարների և քանդակների հիման վրա Պրակսիտելը քանդակեց Աֆրոդիտեին, որը հայտնի է Կալիպիգոսյան Վեներա անվանումով։ Բայց, տեր Աստված, որքա՜ն մեծ է տարբերությունը բնօրինակի և կրկնօրինակի միջև։ Եվ Բելը, հիրավի, իր դստերով ավելի էր հպարտանում, քան թագավորությամբ։

Աղջիկն արդեն տասնութ տարեկան էր։ Ժամանակն էր արժանի ամուսին գտնելու։ Բայց որտե՞ղ փնտրեին նրան։ Շատ ծեր Գուշակը կանխորոշել էր, որ Ֆարմազանտան կպատկանի նրան, ով կարողանա Նեմրութի աղեղի լարը ձգել։ Նեմրութը՝ աստծու ամենամեծ որսորդը, իրենից հետո յոթ ֆուտ երկարությամբ սև փայտից մի բաբելոնական նետ էր թողել, որը ավելի ամուր էր, քան Կովկասյան լեռների երկաթը, որ կոփում են Դերբենտի դարբնոցներում։ Ոչ մի մահկանացու Նեմրութի ժամանակներից ի վեր չէր կարողացել ձգել այդ կախարդական աղեղի լարը։

Կանխագուշակված էր նաև, որ այն ձեռքը, որ կձգի այդ աղեղը, կսատկացնի ամենասարսափելի, ամենադաժան առյուծին, ինչպիսիք լինում են միայն բաբելոնյան կրկեսի ասպարեզում։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Նետահարը՝ առյուծին հաղթողը, պետք է գերազանցեր իր բոլոր մրցակիցներին և, ամենագլխավորը, պետք է ունենար սուր միտք, լիներ ամենաուժեղն ու ամենաբարեգործը մարդկանց մեջ և տերը լիներ ամենահազվագյուտ գանձի, որ երբևէ գոյություն է ունեցել երկրի վրա։
 
Երեք տիրակալներ՝ եգիպտական փարավոնը, Հնդկաստանի շահը և սկյութների մեծ խանը, համարձակվեցին վիճարկել Ֆարմազանտայի ձեռքը։

Բելը նշանակեց մենամարտի օրը և դրա համար տեղ ընտրեց զբոսայգու հեռավոր անկյունում մի լայն դաշտ, որի ափերը ողողվում էին Եփրատի և Տիգրիսի միախառնված ջրերով։ Մարտադաշտի շուրջը կանգնեցրին մարմարյա ամֆիթատրոն, որը կտեղավորեր հինգ հարյուր հազար հանդիսատես։ Ամֆիթատրոնի դիմաց տեղադրեցին գահը արքայի, ով պիտի դուրս գար Ֆարմազանտայի հետ՝ իր պալատականների ուղեկցությամբ։ Աջից ու ձախից՝ գահի ու ամֆիթատրոնի միջև, տեղ էր հատկացված երեք հավակնորդների և այն բոլոր թագավորների համար, ովքեր կցանկանային ներկա լինել այդ օգոստափառ տոնախմբությանը։

Առաջինը ներկայացավ Եգիպտոսի փարավոնը։ Նա գալիս էր Սուրբ Ապիս ցուլի վրա, ձեռքին՝ աստվածուհի Իզիդայի սիստրը (քնարը)։ Նրան ուղեկցում էին 2000 ներքինի, 2000 մոգ և 2000 ռազմիկ։ Նրանից հետո շուտով հայտնվեց Հնդկաստանի արքան՝ 12 փիղ լծած կառքով։ Նա շրջապատված էր ավելի ճոխ ու բազմանդամ շքախմբով, քան Եգիպտոսի փարավոնը։

Վերջինը սկյութների արքան էր։ Նրա հետ միայն ընտրյալ մարտիկներ էին՝ նետ ու աղեղով զինված։ Արքան հեծել էր վարժեցրած հոյակապ մի վագր, որը նույնքան հաղթանդամ էր, որքան պարսկական ամենահրաշալի նժույգը։ Իր փառահեղ կեցվածքով արքան ստվերում էր մրցակիցներին։

Նրա սպիտակ, մերկ մկանուտ ձեռքերը, թվում էր, արդեն ձգել են Նևրոդի աղեղը։

Տիրակալները փռվեցին հատակին՝ Բելի և Ֆարմազանտայի ոտքերի տակ։ Եգիպտական փարավոնը ընծայեց արքայադստերը նեղոսյան երկու շատ գեղեցիկ կոկորդիլոս, երկու գետաձի, երկու վագերաձի, երկու եգիպտական առնետ, երկու մումիա և Մեծ Հերմեսի գրքերը, որոնք, ինչպես ինքն էր կարծում, երկրային ամենահազվագյուտ գանձերն էին։

Հնդկաստանի արքան ընծայեց 100 փիղ, որոնց մեջքներին վեր էին ձգվում փայտե ոսկեզօծ աշտարակիկներ, և նրա ոտքերի տակ դրեց անձամբ Քսակեսի ձեռքով գրված «Վեդաները»։

Սկյութների արքան, որ գրել ու կարդալ չգիտեր, նվիրեց նրան 100 մարտական ձի՝ սևաթույր աղվեսների մորթուց կարած թամբատակով։

Արքայադուստրը գլուխ տվեց իր երկրպագուներին և վեհ, արժանապատվորեն խոնարհվեց նրանց։

Բելը հրամայեց տեղավորել թագավորներին նրանց համար նախատեսված տեղերում։

-Ինչո՞ւ ես երեք դուստր չունեմ,- բացականչեց նա,- այսօր ես վեց հոգու կերջանկացնեի։

Հետո նա հրամայեց վիճակ գցել, թե ով պետք է առաջինը ձգի Նեմրութի աղեղը։ Երեք հավակնորդների անունները գցեցին ոսկե սաղավարտի մեջ։ Առաջին վիճակն ընկավ Եգիպտոսի փարավոնին, երկրորդը՝ Հնդկաստանի թագավորին։ Սկյութների արքան, նայելով աղեղին և իր մրցակիցներին, նույնիսկ վատ չզգաց, որ վերջինն է։

Մինչև նախապատրաստվում էին փայլուն փորձություններին, 20 000 մանկլավիկներ և 20 000 երիտասարդ աղջիկներ ճարպկորեն սահում էին հանդիսականների շարքերով՝ առաջարկելով զովացուցիչ ըմպելիքներ։

Բոլորը միաձայն որոշեցին, որ աստվածներն ստեղծել են թագավորներին սոսկ նրա համար, որ ամեն օր տոնախմբություն կազմակերպեն, և որ կյանքը շատ կարճ է ինչ-որ այլ բանով լցնելու համար, որ փոխադարձ ամբաստանությունները, դավադրությունները, պատերազմները ու աստվածաբանական բանավեճերը՝ ամբողջը, որ կարճում է մարդու կյանքը, անմիտ է և զզվելի, որ մարդը ծնվել է երջանկության համար, որ նա այդքան կրքոտ ու հաստատուն չէր սիրի հաճույքը, եթե ստեղծված չլիներ դրանց համար, և որ մարդկային բնույթն է բավականություն ստանալը. իսկ մնացածն ունայնություն է։ Այս հոյակապ բարոյականությունը երբեք ոչնչով չի ժխտվել, բացի փաստերից։

Երբ ամեն բան պատրաստ էր մրցմանը, որ պիտի Ֆարմազանտայի ճակատագիրը որոշեր, ինչ-որ երիտասարդ անծանոթ, միաեղջյուր հեծած, ծառայի ուղեկցությամբ, որը նույնպես միաեղջյուր էր հեծել, մոտեցավ անջրպետին՝ ձեռքին մի մեծ թռչուն։ Պահակախումբն ապշել էր այդքան աստվածակերպ մարդու հայտնվելով, որը միաեղջյուր էր հեծել։ Նա, հետո ասում էին, մարմնով նման էր Հերակլեսին, իսկ դեմքով՝ Ադոնիսին։ Փառահեղությունը և նրբագեղությունը միասին էին։ Նրա սև հոնքերը, երկար ոսկեգանգուր մազերը (գեղեցկության ներդաշնակում, որ մինչ այդ Բաբելոնում տեսնված չէր), գերեցին հավաքվածներին։ Ամբողջ ամֆիթատրոնը ոտքի կանգնեց, որ ավելի լավ տեսնի երիտասարդին։ Պալատական տիկնայք տարակուսած նայում էին նրան։ Ինքը՝ Ֆարմազանտան, որ անընդհատ նստած էր՝ աչքերը գետին հառած, նայեց նրան ու կարմրեց։ Երեք արքաները գունատվեցին։ Հանդիսականները, համեմատելով Ֆարմազանտային անծանոթի հետ, բացականչեցին. «Ողջ աշխարհում ոչ ոք գեղեցկությամբ չի կարող համեմատվել արքայադստեր հետ, բացի այս երիտասարդից»։

Պահակախումբը, զարմանքից քարացած, հարցրեց նրան, թե արքա չէ՞ արդյոք։ Օտարականը պատասխանեց, որ ճակատագիրն իրեն չի արժանացրել այդ պատվին, բայց ինքը եկել է հեռվից, որովհետև հետաքրքիր էր տեսնել՝ կա՞ն արդյոք երկրի վրա արքաներ, որ արժանի լինեն Ֆարմազանտային։

Նրան իր ծառայի, միաեղջյուրների ու թռչունի հետ տարան ամֆիթատրոնի առաջին շարքը։ Նա միչև գետին խոնարհվեց Բելի և նրա դստեր, երեք արքաների ու ամբողջ ժողովրդի առաջ և համեստորեն զբաղեցրեց իր տեղը։ Միաեղջյուները մեկնվեցին նրա ոտքերի տակ, թռչունը թևածեց ու նստեց նրա ուսին, իսկ ծառան, որ բռնել էր մի ոչ մեծ պարկ, նստեց կողքին։

Մրցությունն սկսվեց։ Ոսկե պատյանից դուրս բերվեց Նեվրոդի աղեղը։ Գլխավոր արարողապետը՝ 50 մանկլավիկների ուղեկցությամբ և 20 փողհարների առաջնորդությամբ աղեղը մատուցեց եգիպտական փարավոնին, ով իր մոգերին հրամայեց օրհնել այն։ Հետո դրեց սուրբ Ապիս ցլի գլխին։ Հիմա նա հաստատ համոզված էր, որ այս առաջին փորձությունից հաղթող դուրս կգա։ Նա դուրս եկավ կենտրոն, փորձեց ձգել աղեղը, լարեց բոլոր ուժերը, ցնցվող շարժումներ արեց՝ առաջացնելով հանդիսատեսների ծիծաղը, անգամ ստիպելով ժպտալ Ֆարմազանտային։

Ահա նրա գլխավոր մոգը մոտենում է նրան.

-Թող Ձերդ մեծությունը,- ասաց նա,- հրաժարվի այս դատարկ պատվից, որի համար հարկավոր են միայն նյարդեր ու մկաններ։ Դուք կփառաբանվեք մնացած բաներում։ Դուք կհաղթեք առյուծին, քանզի ձեզ է պատկանում Օսիրիսի թուրը։ Բաբելոնի արքայադուստրը պետք է պատկանի այն տիրակալին, որ բոլորից իմաստուն է։ Իսկ դուք բացահայտել եք գաղտնիքներ։ Պետք է նրա կինը դառնա, ով բոլորից բարեգործ է, իսկ դուք այդպիսին եք, քանի որ դաստիարակված եք Եգիպտոսի մոգերի կողմից։ Նրան իրենը կարող է կոչել ամենաառատաձեռնը։ Իսկ դուք նրան եք նվիրել երկու ամենագեղեցիկ կոկորդիլոսներին և ամբողջ դելտայում 2 ամենագեղեցիկ առնետներին։ Ձեզ է պատկանում սուրբ Ապիս ցուլը և Հերմեսի գրքերը, որոնք աշխարհի ամենահազվագյուտ գանձերն են։ Ոչ ոք ավելի արժանի չէ Ֆարմազանտային։

- Դուք ճիշտ եք,- պատասխանեց փարավոնը և վերադարձավ իր տեղը։

Աղեղը մատուցեցին Հնդկաստանի արքային։ Սրա ձեռքերից կոշտուկները մրցույթից տասնհինգ օր հետո էլ չէին անցել, և ինքն իրեն մխիթարում էր նրանով, որ սկյութների արքան ավելի երջանիկ չի լինելու, քան ինքը։ Եվ ահա սկյութների արքան ձգեց լարը։ Նա թե՛ ճարպկություն, թե՛ ուժ ցուցաբերեց։ Թվաց՝ աղեղը նրա ձեռքում որոշակի ճկունություն է ձեռք բերել. նրան հաջողվեց մի քիչ կորացնել այն, բայց լարը ձգել այդպես էլ չկարողացավ։ Հանդիսականները, որոնց արքայի հաճելի դեմքը նրա նկատմամբ բարյացակամություն էր ներշնչել, հիասթափության հոգոց արձակեցին այդ անհաջողությունից և մտածեցին, որ գեղեցկուհի արքայադուստր Ֆարմազանտային վիճակված չէ ամուսնանալ։

Այդ ժամանակ երիտասարդ անծանոթը մի ցատկով հայտնվեց ասպարեզում։

-Մի՛ զարմացեք, Ձե՛րդ մեծություն,- ասաց նա սկյութների արքային,- որ դուք մինչև վերջ չհասաք հաջողության։ Սև փայտից այս աղեղներն արտադրում են իմ հայրենիքում, այստեղ հարկ է իմանալ, թե ինչպես բռնել։ Ձեզ համար սա թեթև կորացնելն ավելի մեծ պատիվ է, քան ինձ համար՝ լարելը։

Արագ վերցնելով նետը՝ նա ձգեց Նեմրութի աղեղը, և նետը սլացավ հեռու՝ մրցասպարեզի սահմաններից դուրս։ Ծափահարությունների փոթորիկը ողջունեց այդ սխրանքը։ Բաբելոնը որոտում էր ողջույնի գոչյուններից։ Իսկ կանայք բացականչում էին.

-Ի՜նչ երջանկություն է, որ այսպիսի երիտասարդն այսպիսի ուժի տեր է։

Հետո գրպանից հանելով փղոսկրյա փոքրիկ սկավառակ՝ նա ոսկե ասեղով վրան մի բան փորագրեց, ամրացրեց աղեղին և հանդիսատեսին գերող նրբագեղությամբ մատուցեց այն արքայադստերը։ Հետո համեստորեն վերադարձավ իր տեղն ու նստեց ծառայի ու թռչունի միջև։ Բոլոր բաբելոնցիներն ապշած էին։ Երեք տիրակալները շփոթված էին։ Անծանոթը, թվում էր, ոչինչ չի նկատում։

Ֆարմազանտան ավելի զարմացավ՝ կարդալով փղոսկրյա սկավառակի վրա հետևյալ տողերը՝ գրված հոյակապ խալդի լեզվով։

Նեմրութի աղեղը մարտական զենք է,
Իսկ Ամուրի աղեղը՝ սիրո գործիք։
Այն հիմա Ձերն է՝ կարող եք պարգևել
Վերերկրային բավականություն՝
Բորբոքելով արյան մեջ կրակ։
Երեք հզոր արքա մրցության մեջ մտավ,
Եվ Ձեր մի հայացքն է հիմա օրենքը։
Հաղթողին՝ բախտավոր պսակ,
Իսկ ամենից դժբախտը պարտվողն է։

Այս նրբաճաշակ ոտանավորը բոլորովին չբարկացրեց արքայադստերը։ Մի քանի ծեր պալատականներ քննադատեցին այն՝ ասելով, որ կար ժամանակ, երբ Բելին համեմատում էին արևի հետ, իսկ Ֆարմազանտային՝ Լուսնի, նրա պարանոցը՝ աշտարակի, իսկ կուրծքը՝ քառատված ցորենի։ Նրանք պնդում էին, որ օտարականը չունի երևակայություն, և նա նահանջել է իսկական պոեզիայի օրենքներից, բայց տիկնայք բանաստեղծությունը համարեցին նրբաոճ։ Նրանք հիանում էին, որ այդքան ճարպկորեն աղեղի լարը ձգող մարդը նաև այդքան խելացի է։ Արքայադստեր շքախմբի գլխավոր տիկինն ասաց.

- Ձերդ մեծություն, ահա իսկական տաղանդներ, որ կորչում են ունայնության մեջ։ Ի՞նչ կտան այս երիտասարդին իր խելքն ու Նեմրութի աղեղը։

- Համընդհանուր հիացում,- պատասխանեց Ֆարմազանտան։

-Ահա թե ինչ,- ատամների տակից մրթմրթաց գլխավոր տիկինը։ -Եվս մեկ ոտանավոր, և նրան կսիրեն։

Այդ ընթացքում Բելը, խորհրդակցելով իր մոգերի հետ, հայտարարեց, որ չնայած երեք արքաներից ոչ մեկը չձգեց Նեմրութի աղեղի լարը, այնուամենայնիվ իր դուստրը պետք է ամուսնանա և կպսակվի նրա հետ, ով կսպանի ահռելի առյուծին, որ գազանանոցում հատուկ բտել էին սրա համար։ Եգիպտոսի փարավոնը՝ դաստիարակված իր հայրենիքի իմաստության բոլոր կանոններով, որոշեց, որ վերին աստիճանի անհեթեթ է արքային վայրի գազանի կողմից պատառոտվելու վտանգին ենթարկելը միայն նրա համար, որ ամուսնանա։ Նա չէր հերքում, որ Ֆարմազանտային տիրանալը մեծ պարգև է, բայց կարծում էր, որ եթե առյուծն իրեն պատառոտի, ինքը մեկընդմիշտ կզրկվի գեղեցկուհի բաբելոնուհու ամուսինը դառնալուց։

Հնդկաստանի թագավորը համամիտ էր եգիպտացու հետ։ Նրանք որոշեցին, որ Բաբելոնի արքան իրենց ծաղրում է, և պետք է զորքերը կանչել ու նրան պատժել, իրենք բավականին հպատակներ ունեն, ովքեր պատիվ կհամարեն իրենց տիրակալների հրամանով մեռնելը։ Իսկ իրենց գլխից մազ անգամ չի պակասի։ Իրենք հեշտությամբ կարող են գահընկեց անել Բաբելոնի արքային և վիճակ գցել, թե իրենցից ով տիրանա գեղեցկուհի Ֆարմազանտային։

Այսպիսի համաձայնության գալով՝ երկու արքաներն իրենց երկիր սուրհանդակ ուղարկեցին՝ հրամայելով հավաքել 300000-անոց բանակ, որ Ֆարմազանտային առևանգեն։

Միայն սկյութների արքան ելավ ասպարեզ՝ կեռ թրով զինված։ Նա անհունորեն սիրահարված չէր չքնաղ Ֆարմազանտային։ Մինչ այս պահը նրա կիրքը միայն փառքն էր, որն էլ նրան Բաբելոն էր բերել։ Նա ուզում էր ապացուցել, որ եթե Հնդկաստանի և Եգիպտոսի տիրակալներն այնքան խելամիտ էին, որ չցանկացան գլուխ դնել առյուծի հետ, ապա ինքն այնքան խիզախություն ունի, որ կընդունի մարտը և կվերականգնի արքայական պսակի պատիվը։ Նրա հազվագյուտ քաջությունը թույլ չտվեց նրան անգամ իր վագրի օգնությանը դիմել։ Նա դուրս եկավ առյուծի հետ մենամարտի թեթև զինված, գլուխը ծածկած ոսկե վրադիրով պողպատյա սաղավարտով, որի մեջ խրած ծածանվում էր ձիու երեք ձյունաճերմակ պոչ։

Նրա դեմ բաց թողեցին ամենահսկայական առյուծը, որը երբևէ սնուցվել էր Անտիլիբանանի սարերում։ Թվում էր՝ առյուծի հրեշավոր ճանկերը ընդունակ են պատառոտելու միանգամից բոլոր երեք թագավորներին, իսկ հսկայական երախը՝ կուլ տալու նրանց։ Կրակոտ մռնչոց տարածվեց ողջ ամֆիթատրոնով։ Երկու քաջ մարտիկները նպատակային ցատկով նետվեցին միմյանց ընդառաջ։ Քաջ սկյութը խոր խրեց թուրը առյուծի լայն բացված երախը, բայց շեղբը, դիպչելով անխոցելի ամրության ժանիքներից մեկին, փշրվեց, և հրեշը, վերքից կատաղած, արդեն արյունոտ ճանկերը մխրճում էր արքայի մարմնի մեջ։

Երիտասարդ օտարականը, հուզված այն վտանգից, որ սպառնում էր այդքան քաջ արքային, ակնթարթորեն նետվեց ասպարեզ ու այնպես ճարպկորեն կտրեց առյուծի գլուխը, ինչպիսի ճարպկությամբ մեր երիտասարդ ասպետները ավելի ուշ կարուսելի վրայից թռցնում էին մավրի գլուխը կամ օղակը։

Հետո հանեց փոքրիկ մի տուփ, մատուցեց սկյութների արքային և ասաց.
-Ձերդ մեծություն, դուք այստեղ իսկական բալասան կգտնեք, որը ստեղծվում է իմ հայրենիքում։ Դրանով ակնթարթորեն կբուժվեն Ձերդ մեծության վերքերը։ Միայն պատահականությունը խանգարեց Ձեզ սպանել առյուծին, բայց դա չի նվազեցնում Ձեր արիությունը։

Սկյութների արքան, որ ավելի հակված էր երախտապարտության, քան նախանձի, շնորհակալություն հայտնեց իր փրկիչին, նրան քնքուշ գրկեց և հեռացավ դեպի իր սենյակները, որ բալասանը վերքերին դնի։

Օտարականը առյուծի գլուխը տվեց իր ծառային, սա լվաց այն ջրամբարում, որ ամֆիթատրոնից ներքև էր, մաքրեց արյունը և պարկից հանելով աքցանը՝ դուրս քաշեց առյուծի երախի բոլոր 40 ժանիքները, դրանց փոխարեն տեղադրեց 40 տարբեր չափերի ալմաստ։

Նրա տերը, իրեն հատուկ համեստությամբ վերադարձավ իր տեղը։ Նա առյուծի գլուխը տվեց թռչունին։
-Չքնա՛ղ թռչուն,- ասաց նա,- իմ հիացումի այս չնչին նշանը տար Ֆարմազանտայի ոտքերի տակ դիր։

Թռչունը թռավ՝ ճանկերում ահեղ ավարը։ Նա դրեց այն արքայադստեր ոտքերի տակ՝ հարգալից գլուխը խոնարհելով ու թևերը լայն բացելով՝ պառկեց նրա ոտքերի առջև։ Հավաքվածների աչքերը ալմաստից կուրացել էին։ Դա հարուստ Բաբելոնում մինչ այդ չտեսնված շքեղություն էր։ Այնտեղ համարում էին, որ զմրուխտը, տոպազը, սուտակը և կարբունկունը ամենաթանկ զարդերն են։ Բելն ու բոլոր պալատականները հիացած էին։ Թռչունը, որ մատուցեց այդ ընծան, նրանց ավելի շատ շլացրեց։ Մեծությամբ նա հավասար էր արծվին, բայց աչքերը նույնքան խոնարհ ու քնքուշ էին, որքան հպարտ ու ահեղ են արծվի աչքերը։ Նրա կտուրը վարդագույն էր և ինչ-որ անբացատրելի մի բանով հիշեցնում էր Ֆարմազանտայի հիասքանչ շուրթերը։ Թռչունի պարանոցը շողում էր ծիածանի բոլոր գույներով, բայց՝ ավելի պայծառ ու ավելի շլացնող, քան ծիածանինն են։ Փետրազարդումը խտղտում էր հազարարավոր ոսկերանգ գույներով։ Թաթերը կարծես արծաթի ու ծիրանու խառնուրդ լինեին, իսկ պոչի առաջ նսեմանում էին նույնիսկ այն կախարդական թռչունների պոչերը, որոնք հետագայում տանում էին Յունոնայի երկանիվը։

Բոլոր պալատականների ուշադրությունը, հետաքրքրությունը, հիացմունքը, հրճվանքը ուղղվում էր մեկ 40 ալմաստներին, մեկ թռչունին։ Թռչունը տեղավորվեց Բելի ու նրա դստեր արանքում։ Ֆարմազանտան շոյում, փայփայում, համբուրում էր նրան։ Թվում էր՝ թռչունը ընդունում է նրա գգվանքը արժանապատիվ հաճույքով։ Երբ արքայադուստրը նրան համբուրում էր, նա փոխադարձում էր համբույրները, իսկ հետո նայում էր արքայադստերը հուզառատ հայացքով։ Նա արքայադստեր ձեռքից իր արծաթածիրանագույն թաթով վերցնում էր բլիթն ու գետնանուշը և աննկարագրելի շնորհալիությամբ մոտեցնում կտուցին։

Բելը, որ ուշադիր ուսումնասիրում էր ալմաստները, մտածեց, որ հազիվ թե իր երկրի տարածքներից որևէ մեկը կարողանար փոխհատուցել այսքան հարուստ ընծայի արժեքը։ Նա հրամայեց օտարականի համար ավելի ճոխ նվերներ պատրաստել, քան երեք տիրակալների համար էր նախատեսված։

-Այս երիտասարդը,- պնդում էր արքան,- անկասկած չինական կայսեր որդին է, կամ երկրագնդի այն հատվածի թագավորը, որ Եվրոպա է կոչվում, և որի մասին ինծ լուրեր են հասել։ Կամ էլ՝ նա աֆրիկյան արքայի որդին է, ում տիրույթները, ասում են, սահմանակից են Եգիպտոսին։

Արքան շտապ ուղարկեց իր արարողապետին՝ ողջունելու օտարականին և հարցնելու, թե նա արդյոք վերոհիշյալ պետություններից մեկի թագավորը կամ թագաժառանգը չէ՞։ Եվ ինչո՞ւ, տիրապետելով այդպիսի շլացուցիչ գանձերի, եկել է մի ծառայի ուղեկցությամբ և փոքրիկ պարկով։

Այն ժամանակ, երբ արարողապետը մոտեցավ ամֆիթատրոնին, որ կատարի հրամանը, երևաց մի ուրիշ ծառա՝ միաեղջյուրին հեծած։ Նա դիմեց երիտասարդին հետևյալ բառերով.
-Օրմա՛ր, Ձեր հայրը լքում է այս աշխարհը, և ես եկել եմ Ձեզ դա հայտնելու։

Օտարականը նայեց երկնքին, լաց եղավ և բացականչեց.
-Գնացինք։

Արարողապետը, հաղորդելով Բելի ողջույնը առյուծին հաղթող, քառասուն ալմաստներ նվիրող, հրաշալի թռչունի տեր օտարականին, հարցրեց նրա ծառային, թե որ թագավորության տիրակալն է այս երիտասարդ հերոսի հայրը։

-Նրա հայրն իր շրջապատում ջերմորեն սիրված ծեր հովիվ էր,- պատասխանեց ծառան։

Մինչն այս կարճ զրույցն ընթանում էր, օտարականը հասցրեց հեծնել միաեղջյուրը։

-Տեա՛ր,- ասաց նա արարողապետին,- բարի եղեք փոխանցելու իմ խորին հավատարմության հավաստիքը Բելին և նրա դստերը և ասեք Ֆարմազանտային, որ ես աղերսում եմ նրան՝ իր հովանավորության տակ վերցնել թռչունը, որին թողնում եմ։ Այս թռչունը նման է իրեն՝ արքայադստերը. նա անկրկնելի է։

Այս ասելով՝ նա կայծակնորեն սլացավ։ Երկու ծառաները սլացան նրա ետևից ու շուտով տեսադաշտից անհետացան։

Թռչունը՝ շրջվելով դեպի ամֆիթատրոն, ուր նստած էր իր տերը և նրան չտեսնելով, տխուր կծկվեց։ Հետո ուշադիր նայեց արքայադստերը, կտուցով քնքուշ քսվեց նրա գեղեցիկ ձեռքին։ Նա, թվաց, նվիրում է իրեն աղջկան՝ ի ծառայություն։

Արքան միանգամայն ապշած էր՝ իմանալով, որ արտասովոր երիտասարդը հովվի որդի է, և չհավատաց դրան։ Նա հրամայեց հետևել օտարականին, բայց շուտով զեկուցեցին, որ միաեղջյուրներին, որոնց վրա սլացան երեք հեծյալները, անհնար է հասնել, քանզի այդպիսի վարգով, ինչպես սլացան, նրանք երևի անում են օրական հարյուր լյո։

2-րդ գլուխ

Ռուսերենից թարգմանեցին Մանուշակ Չորեկյանը,
Հասմիկ Ղազարյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.