«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Յոթ մահացու մեղքեր. Պաուլո Կոելիոյի վարկածը


Паоло Коэльо считает, что чрезмерно заточенное лезвие становится хрупким.Յոթ մահացու մեղքերը (սկզբում ութն էին) քրիստոնեության արշալույսին ձևակերպել է հույն քահանա Եվագրիոս Պոնտացին` թվարկելով մարդուն բնորոշ և նրան անշեղորեն դեպի դժոխք տանող հիմնական վատ հակումները (հետաքրքիր է, որ այդ ցուցակի պատվավոր տեղում է որկրամոլությունը): 6-րդ դարում Գրիգորիս Մեծ պապն այդ ցանկում խմբագրում արեց` փոխելով տխրությունը նախանձով և գոռոզությունը սնափառության հետ միավորելով: 17-րդ դարում ցուցակը նորից ենթարկվեց փոփոխության, և մելամաղձոտությունը դադարեց մեղք համարվելուց, նրան փոխարինեց ծուլությունը: Եվ այսպես մեր առջև «հիմնական ցուցակն» է:


Առաջին
մեղքը` գոռոզություն

Ըստ բառարանի դա իգական սեռի (1) գոյական է։ Հոմանիշներն են մեծամտությունը, ամբարտավանությունը, ինքնահավանությունը:

Համաձայն կաթոլիկ եկեղեցու ուսմունքի՝ դա ինքն իր հանդեպ բոլոր սահմաններն անցնող սերն է, որը բարձր է դասվում Աստծո հանդեպ սիրուց։ Դա հակասում է առաջին պատվիրանին («սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով, և քո ամբողջ հոգով, և քո ողջ գիտակցությամբ) և հրեշտակների ըմբոստության և Լյուցիֆերի անկման պատճառը եղավ:

Բուդդայական առակի համաձայն մեծն քահանայապետ Տոֆուկուն նկատել է, որ եկեղեցում հիվանդագին աշխուժություն է՝ վանականները դես ու դեն են վազվզում, քահանաները շարք են կանգնել` պատրաստվելով ինչ-որ կարևոր հյուրի ընդունելու:

- Ի՞նչ է պատահել,- հետաքրքվել է նա:

Նրան մի զինվորական է մոտեցել և մի երկտող մեկնել, որտեղ գրված էր. «Կիտագակին՝ Կիոտո քաղաքի նահանգապետը, հենց նոր մոտեցել է մենաստանի դարպասներին և խնդրում է իրեն ընդունել»:

- Այդ մարդու հետ խոսելու բան չունեմ,- պատասխանել է քահանայապետը:

Մի քանի րոպե անց հայտնվեց ինքը` նահանգապետը, ներողություն խնդրեց, երկտողի մեջ ինչ-որ բան ջնջեց և նորից տվեց քահանայապետին: Այնտեղ գրված էր. «Կիտագակին խնդրում է իրեն ընդունել»:

-Բարի՛ գալուստ,- պատասխանեց Տոֆուկուն:

2003 թվականի մայիսի 1-ին, երբ նախագահ Բուշը հայտարարեց Իրաքում խոշոր զինվորական գործողությունների ավարտի մասին, «Լինկոլն» ավիատարի վրա կախված էր « Հանձնարարությունը կատարված է» ցուցանակը: Զոհված ամերիկացի զինվորների թիվն այդ օրը կազմում էր 217 մարդ։ Այն օրը, երբ գրում եմ այս տողերը, նրանց թիվն անցնում է 2700-ից:

Ըստ րաբբի Ադին Շթեյնզալտցի՝ «երբ ինչ-որ մեկն ուզում է հասկանալ` ով է ինքն իրականում` որպես համեմատության աստիճան օգտագործելով երկրորդական բաներ, ապա միայն դատարկ խեցիների մի խուրձ է գտնում, որոնք կախված են մեկը մյուսից և միայն այդ դեպքում են իմաստ ստանում»:

«Սխալ է իրեն բնորոշելը որպես ինչ-որ մեկի ընկեր, ինչ-որ պաշտոն ունեցող մեկի որդի, այս ու այն պարտականությունները կատարող»։ Քանի որ այն ամենը, ինչ կարողանում ենք որոշել այդ եղանակով, հենց մեր սահմաններն են՝ որպես կանոն, ոչ ամբողջական և անորոշ սահմաններ, եթե մեկը փորձի ուրիշների հաշվին դա տեսանելի դարձնել»:

«Միակ հնարավոր հարաբերությունը Աստծո հետ հարաբերությունն է, և այդ դեպքում ամեն ինչ իմաստ է ստանում, իսկ մենք բացվում ենք բարձրագույն գաղափարին հասնելու համար»:
Ըստ Սուրբ Ավգուստինի՝ մեծամտությունը վեհություն չէ, այլ սնապարծություն: Գոռոզությամբ լցված՝ այն մեծ է թվում, բայց իրականում հիվանդություն է:

Խորհուրդներ «Դաո Դե Ցզին» գրքից.

Ավելի լավ է բաժակը մինչև վերջ չլցնել, քան փորձել այն տանել` չթափելով:

Չափից դուրս սրված սայրը դյուրաբեկ է լինում:

Երբ սրահը ոսկով ու նեֆրիտով է լցվում, ապա նա, ով տիրում է դրանց, չի կարող իր անվտանգությունն ապահովել:

Երբ հարստությունն ու մեծարանքը մեծամտության են հանգեցնում, դրան անպայման չարիքն է հետևում:

Երբ կատարում ենք մեր աշխատանքը, ու մեր անունը սկսում է փառաբանվել, իմաստությունն այն է, որ ստվերում մնանք մինչև մեր գործի ավարտը:

Երկրորդ մեղքը` ագահություն

Բառարանը բնորոշում է իբրև իգական սեռի գոյական։ «Անչափ անկուշտ ցանկությունների բավարարման ձգտում»: Հոմանիշներն են շահասիրությունը, ընչաքաղցությունը, կծծությունը:

Կաթոլիկ եկեղեցին բնորոշում է որպես 10-րդ՝ «Մի՛ ցանկացիր քո մերձավորի տունը, մի՛ ցանկացիր քո մերձավորի կնոջը, ո՛չ նրա հողը, ո՛չ նրա ստրուկին, ո՛չ նրա ստրկուհուն, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, ո՛չ նրա որևէ անասունի, ոչինչ, ինչ ունի քո մերձավորը» պատվիրանի խախտում: Հաճույքների կամ ձեռքբերումների հակումն է կամ անզուսպ ցանկությունը:

Փիլիսոփա Սենեկան ասել է՝ աղքատներն ուզում են ինչ-որ բան, հարուստները` շատ բան, ագահները` ամեն ինչ»:

Անապատային հայրերի պատմությունը ասում է. «Հա՛յր սուրբ,- դիմեց վանականը վանահորը,- իմ սիրտը սիրով է լցված ամբողջ աշխարհի հանդեպ, հոգիս զերծ է սատանայական փորձություններից: Ի՞նչ է պետք, որ անեմ հիմա»: Վանահայրը խնդրեց, որ վանականն ուղեկցի իրեն մի ծանր հիվանդի մոտ, որին պետք էր մեղքերի թողություն տալ: Ուժերը ներածին չափով մխիթարելով մերձավորներին` վանահայրն անկյունում մի սնդուկ նկատեց և հարցրեց, թե ինչ է այնտեղ: «Հագուստ,- պատասխանեց հիվանդի զարմիկը,- հագուստ, որն իմ քեռին երբեք չի հագել: Նա գնում էր իրեր` մտածելով, որ առիթ կլինի հագնելու այս կամ այն իրը, բայց արդյունքում այդ ամենը փտում է այդ սնդուկում»: «Մի՛ մոռանա այդ մասին,- երբ լքում էին մահացողի տունը, շշնջաց վանահայրը վանականին,- եթե քո սրտում հոգևոր գանձեր կան, մի՛ հապաղիր, գործի՛ դիր։ Այլապես կկորչեն ապարդյուն»:

Հոդվածը վերաբերում է 1997 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամին: Բորսայի միջնորդները գնում և վաճառում էին` համոզած, որ աշխարհը չի փոխվի, իսկ իրենք պետք է միայն ավելացնեն եռանդը և հետևեն, թե ինչպես է իրենց հարստությունն աճում: Նրանք ուշադրություն չէին դարձնում, թե ինչ վնաս են հասցնում տեղական (մալազիական) արժույթին: Եվ ահա շրջանառությունից 500 միլիարդ դոլար հանկարծակի դուրս եկավ: Իսկ երբ եկավ ժամանակը բացատրություն տալու բոլոր նրանց, ով կորցրել էր երկար տարիների ընթացքում և մեծ զոհողությունների գնով կուտակած խնայողությունները, պատասխանը մեկն էր՝ շուկան է մեղավոր: Բայց չէ՞ որ հենց իրենք են շուկան:

Մահն ու Ագահությունը մի անգամ նայում էին, թե ինչպես են մարդիկ կաշվից դուրս գալով ալմաստ փնտրում: «Մի քանիսին տանեմ,- մրմնջաց Մահը։- Այս մարդկանց մեկ երրորդն ինձ տո՛ւր, և ես կհեռանամ»: «Նրանք ինձ են պատկանում,- պատասխանեց Ագահությունը։- Նրանք իմ ստրուկներն են: Ոչ մեկին քեզ չեմ տա»: Այդժամ Մահն իր կախարդական ձեռնափայտով կպավ ջրին և թունավորեց: Եվ շուտով բոլորը, ովքեր կային այնտեղ, մեռան: «Ինչո՞ւ վերցրիր իմ բոլոր ստրուկներին»,- կատաղած գոռաց Ագահությունը: «Նրա համար, որ դու չուզեցիր տալ գոնե մեկին»,- պատասխանեց Մահը:

Ադոլֆ Հիտլերը, 6 միլիոն հրեայի մահվան հասցնող հոլոքոստի հիմքը պատրաստելով, իր ճառերից մեկում ասել է. «Արտադրելու իր անընդունակությամբ հրեա ժողովուրդը մակաբույծ է: Ագահությամբ առաջնորդվող հրեաներն իրենց շահերի համար օգտագործում են միջին խավի հիմարությունը»:

Շատ հարյուրամյակներ առաջ րաբբի Մոշե բեն Մայմոնն այսպես է ասել. «Աստված մարդու մոտ է ուղարկում իր սուրհանդակներին, որոնք «հիվանդություն» են կոչվում։ Աստվածային նախախնամությունն ինձ հանձնարարել է հոգ տանել իմ առողջության համար: Թող ամեն րոպե սերն ինձ ուղղորդի այն բանին, ինչ անում եմ: Թող երբեք ագահությունը, կամ իշխանասիրությունը, կամ ճանաչման ծարավը իմ աչքերը չփակեն, չստիպեն ինձ մոռանալ, որ ամեն մարդ պետք է ձգտի մյուսին տալու ամենալավը, որն ինքն ունի»:

«Դաո Դե Ցզին» գրքի խորհուրդը.

Մարդկային աչքը հինգ գույն է կուրացնում: Մարդկային ականջները հինգ նոտա խլացնում է: Հինգ համ ծվատում է երկինքը: Ձիարշավն ու որսորդությունը սրտում վայրի և անզուսպ կրքեր են արթնացնում: Բարիքները, որոնց կարելի է հասնել միայն հաղթահարելով վտանգավոր խոչընդոտները` հղի են վերքերով: Դրա համար էլ իմաստունը մերժում է մակերեսայնությունը և նախընտրում է խորասուզվելը:

3-րդ մահացու մեղքը` ցանկասիրություն
 
«Ցանկասիրությունը» բառարանը բնորոշում է որպես իգական սեռի գոյական։ Հոմանիշներն են հեշտասիրությունը, մոլորությունը, չափազանց վավաշոտությունը:

Կաթոլիկ եկեղեցին բնորոշում է որպես չափից դուրս ձգտում սեռական հաճույքների: Ցանկություններն ու արարքները համարվում են չափից դուրս, երբ չեն համաձայնում աստվածային ծրագրին, որը ամուսինների միջև փոխադարձ սերուն և սերունդը շարունակելուն նպաստելն է: Ցանկասիրությունը խախտում է 10 պատվիրաններից մեկը (Մի՛ շնանար):

Հենրի Կիսինջերը կարծում է, որ չկա ավելի ուժեղ գրգռող միջոց, քան իշխանությունը:

Բուդդայական լեգենդը պատմում է, թե ինչպես Չուն և Վուն, մի շաբաթ անցկացնելով եկեղեցում, որտեղ տրվել էին մեդիտացիայի, տուն էին վերադանում: Ճանապարհին նրանք քննարկում էին, թե ինչպիսի գայթակղություններ են ձգում մարդկանց:

Մոտենալով գետափին` նրանք տեսան մի գեղեցիկ կնոջ, որը չգիտեր, թե ինչպես անցներ գետը: Չուն գրկեց նրան և անցկացրեց գետը, որից հետո Վուի հետ շարունակեց իր ճամփան:
Քիչ անց Վուն հարցրեց.

- Մենք խոսում էինք գայթակղությունից, իսկ հետո դու գրկեցիր այդ կնոջը։ Եվ այդպիսով մեղքին թույլ տվեցիր սողոսկել հոգուդ մեջ:

- Իմ թանկագին,- նրան պատասխանեց Չուն,- ես բնական եմ վարվել: Հանդիպեցի կնոջ, անցկացրի հորձանուտը և թողեցի մյուս ափին: Իսկ այ դու շարունակում ես նրան գրկել քո մտքերում, ուստի դու մեղքին ավելի մոտ ես:

Անառակի օրագրից. «Մեկ ժամվա համար 350 շվեյցարական ֆրանկ եմ վերցնում։ Դա թանկ է։ Նշված ժամանակում պետք է հանվել, քիչ թե շատ ճշմարտանման ինչ-որ քնքշանք ցուցադրել, ակնհայտ բաների մասին խոսել և հագնվել. սեքսին որպես այդպիսին մնում է ընդամենը տասնմեկ րոպե:

Տասնմեկ րոպե։ Ողջ աշխարհը պտտվում է այն բանի շուրջը, որն ընդամենը տասնմեկ րոպե է տևում: Եվ ահա հանուն օրվա ընթացքում այդ տասնմեկ րոպեի (ակնհայտորեն չկատարվող այն պայմանով, որ ամեն օր բոլոր տղամարդիկ իրենց կանանց հետ սիրով են զբաղվում) ամուսնանում են, ապահովում ընտանիքը, հանդուրժում նորածինների լացը, գտնում ճշմարտանման բացատրություններ, երբ սովորականից ուշ են վերադառնում, նայում են տասնյակ կամ հարյուրավոր կանանց, որոնց հետ Ժնևյան լճի ափին շրջելուն դեմ չէին լինի, իրենց համար թանկարժեք հագուստ են գնում և էլ ավելի թանկ նրանց համար, վճարում են անառակներին, որ փոխհատուցեն պակասը, իսկ թե ինչի՞ պակասը հատկապես՝ իրենք էլ չգիտեն, կոսմետիկայի, դիետայի, ֆիտնեսի, պոռնոգրաֆիայի հսկայական արդյունաբերություն են պահում և չնայած տարբեր կարծիքների` տղամարդկանց շրջանում ոչ թե կանանցից, այլ գործերից, փողից, սպորտից են խոսում: Ինչ-որ բան այն չէ մեր քաղաքակրթության հետ:

Ցանկասիրություն և թվեր (2002 թվականի տվյալներով). Ուիլյամ Լայոնը « Ազատ խոսքի կոալիցիա» գրքում հաշվել է, որ հենց միայն համացանցում պոռնոկայքերը տարեկան 10 - 12 միլիարդ դոլար եկամուտ են բերում, ինչը մի քանի անգամ գերազանցում է «Մայքրոսոֆթ» ընկերության եկամուտը: 1999 թվականին տեսաարտադրանք վաճառողների և դրանք ծրագրերով ապահովողների միությունը հայտարարել է, որ պոռնոֆիլմերի վաճառքն ու վարձույթը բերել է 4,1 միլիարդ դոլար, ինչը նույնիսկ հոլիվուդյան ամենաթանկարժեք ֆիլմերի եկամուտից  շատ ավելի մեծ եկամուտ է:
«Դաո Դե Ցզին» գրքում ասվում է. «Անխափան միասնության մեջ պահպանի՛ր հոգուդ զգայունությունը և մարմնիդ կենդանական սկիզբը»:

Կենսական ուժը կարողացիր այնպես սանձել, որ կրկին վերածվես նորածնի:

Երբ կարողանաս ձերբազատվել քո երևակայության խորհրդավոր պատկերներից, ապա անբիծ կլինես:

Մաքրվիր և տրամաբանության ուժը մի՛ օգտագործիր, որ Գաղտնիքի պատասխանը գտնես:

Ըմբռնումը թափանցում է չորս կողմ, բայց միևնույն է, դու չես հասկանա, թե ինչն է կյանք տալիս և պահպանում այն:

Ինչը կյանք է տալիս, տիրապետում չի պահանջում: Բարեգործություն է անում` չսպասելով երախտագիտության: Ազդում է` չցուցաբերելով իշխանատենչություն: Այդպիսին է այն, ինչը «խորհրդավոր որակ» կոչվում է:

4-րդ մահացու մեղքը` զայրույթ

Բառարանը բնորոշում է որպես արական սեռի գոյական։ Հոմանիշներն են վրդովմունքը, մոլեգնությունը, վրեժխնդրությունը:

Կաթոլիկ եկեղեցին պնդում է, որ զայրույթը ոչ միայն ուրիշների դեմ է ուղղված, այլ կարող է ուղղվել և նրա դեմ, ով նրան թույլատրել է իր հոգում ծիլեր արձակել, և այդ դեպքում այն կարող է ինքնասպանության հանգեցնել: Հարկ է գիտակցել, որ պատիժն ու դրա ի կատար ածումը պատկանում են Աստծուն:

Verba Seniorum («Նախնիների խոսքը») ժողովածուում պատմվում է. երկու իմաստուններ Սահարա անապատի միևնույն խցում էին ապրում, և ահա նրանցից մեկն ասում է մյուսին. «Արի, հայհոյենք իրար , այլապես շուտով կարգին չենք հասկանա` ինչ կրքեր են մեզ տանջում»:

«Ես չգիտեմ` ինչպես կռիվ սկսեմ»,- պատասխանում է երկրորդ անապատականը:

 «Այսպես կանենք. ես այս պնակը կդնեմ այստեղ, իսկ դու կասես` սա իմն է: Ես էլ կպատասխանեմ` դա ինձ է պատկանում: Կսկսենք վիճել, հետո էլ կռվենք:

Այդպես էլ արեցին: Մեկն ասաց, որ պնակն իրենն է, մյուսն առարկեց: «Ժամանակ չկորցնենք,- ասաց այդ ժամանակ առաջինը։- Քեզ վերցրու։ Այնքան էլ հաջող չէր վեճի հետ կապված քո միտքը: Երբ մարդ գիտակցի, որ հոգու անմահություն ունի, երբեք չի սկսի վիճել իրերի պատճառով»:

Ջենիս Ուիլյամսի կողմից  6 տարի 13 000 հետազոտվողների շրջանում անցկացված լաբորատոր հետազոտությունները թույլ տվեցին հաստատել, որ հեշտ և հաճախ նյարդայնացող 45-ից 64 տարեկան մարդկանց շրջանում ինֆարկտի հավանականությունը 3 անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր են հոգեկան հավասարակշռվածություն են պահպանում:

Այդպես է, քանի որ Զայրույթի յուրաքանչյուր բռնկումից ադրենալինի քանակն արյան մեջ ավելանում է, ինչը հանգեցնում է սրտխփոցի հաճախացմանը և միաժամանակ արյան անոթների նեղացմանը, որից բարձրանում է զարկերակային ճնշումը: Դրա արդյունքը սովորաբար ինֆարկտի հետ կապված երկու հիվանդագին երևույթ է՝  սրտի ռիթմի խանգարում և անոթների պատերի հատվածների կտրուկ լայնացում: (Աղբյուրը` Գ. Ժ. Բալոնե «Կատաղություն և ատելություն, նեգատիվ հույզեր»)

Բրազիլական հայտնի երգում ասվում է.«Քանի դեռ սիրտս խփում է, իմ կրծքում միայն բան կա՝ վրեժ: Վրե՛ժ, վրե՛ժ: Բոլոր սրբերին վկա եմ կանչում. երկրի վրա տեղ չես գտնի, կթռչես՝ ինչ ուղղությամբ քամին փչի, ծուխ կդառնաս, կփտես, կկորչես» (Լուպիսինիո Ռոդրիգես)։

Ուիլյամ Բլեյքն այսպես է ասել.«Ընկերոջս վրա բարկացած էի և նրան ասացի այդ մասին. բարկությունս անցավ։ Բարկացած էի թշնամուս վրա և նրան չեմ ասել այդ մասին. բարկությունս սաստկացել է»:

Ուրիշի հանդեպ ատելություն (քսենոֆոբիա). «Մահմեդականները ներխուժել են բոլոր արևմտյան երկրները: Այդ եկվորներից ոմանք նույնիսկ ընդունակ են կիրթ խոսելու` սպասելով հարմար վայրկյանի, որ մեզ քարկոծեն: Մեզ հավատացնում են, որ սեպտեմբերի 11-ի իրադարձությունները թշնամական քաղաքակրթությունների բախումն է: Սուտ է. երկու քաղաքակրթությունների բախման համար պետք լինեն երկու քաղաքակրթություններ, այն դեպքում, երբ միայն մեկը կա` մերը (Դանիական ժողովրդական կուսակցության ղեկավարության հայտարարությունից, որը սերմանում է ատելություն և նոր ֆաշիզմ, որի աճին ո՛չ Եվրոպան, ո՛չ մնացած ողջ աշխարհը չեն ընդդիմանում)»:

«Դաո Դե Ցզին» գրքում ասվում է. «Ցանկացած զենք չարիք է և չպետք է գործադրվի իմաստուն տիրակալի կողմից: Միայն խստագույն անհրաժեշտության դեպքում է նա դրանք կիրառում: Հանգստությունն ու չգործելը նրան ավելի շատ կշիռ և նշանակություն  են տալիս. նրա ցանկալի չէ զենքի ուժով ձեռք բերված հաղթանակը:

Ով այդպիսի հաղթանակն է անհրաժեշտ համարում, անկասկած վկայում է, որ ուրիշ մարդկանց սպանելուց հաճույք է ստանում և չի կարող ղեկավարել պետությունը:

Եթե մեկին ուզում ենք թուլացնել, ուրեմն սկզբից պետք է ուժեղացնենք նրան: Եթե մեկին տապալելու մտադրություն ունենք, ապա նախ պետք է նրան բարձրացնենք: Եթե մտքներիս կա սնանկացնել, պետք է հեղեղենք նրան նվերներով: Սա է, որ կարող է ճշգրիտ հաշվարկ կոչել:
Եվ այդպես ենթականերն ու թույլերը կհաղթեն դաժաններին ու ուժեղներին:

Ռուսերենից թարգմանեց Մարինե Ամիրջանյանը

Շարունակությունը

1) Կան լեզուներ (այդ թվում՝ պորտուգալերենը, ռուսերենը), որոնց գոյականները ձևով բաժանվում են սեռերի՝ արական, իգական, չեզոք (ծանոթ.՝ խմբագրի)։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.