«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Դասագրքերն ընտրում են ըստ կազմերի

Հատված Ռիչարդ Ֆեյնմանի «Դուք, իհարկե, կատակում եք, պարոն Ֆեյնման» գրքից

Վաթսունականների սկզբին իմ ընկերներից շատերը դեռ խորհրդատվական ծառայություններ էին մատուցում կառավարությանը: Իսկ ես այդ ժամանակ ոչ մի պատասխանատվություն չէի զգում հասարակության առաջ և ամեն կերպ դիմադրում էի Վաշինգտոն գնալու առաջարկներին, ինչի համար այն ժամանակ որոշակի քաջություն էր պետք:

Այդ ժամանակ առաջին կուրսեցիների համար ֆիզիկայի դասախոսություն էի կարդում, և դասախոսություններից մեկից հետո Թոմ Հարվին, որ ինձ օգնում էր ցուցադրական փորձերը կատարելիս, ասաց. «Պետք է տեսնես, թե ինչ է մաթեմատիկայի վիճակը դպրոցական դասագրքերում: Աղջիկս դասագիրք է տուն բերում, որում լիքը անհեթեթություն է գրված»:

Նրա բառերին առանձնապես ուշադրություն չդարձրի:

Բայց մյուս օրը ինձ զանգահարեց Փասադենայում հայտնի իրավաբաններից մեկը՝ կրթության գծով նահանգի խորհրդի անդամ: Նա հարցրեց, թե չէի ցանկանա արդյոք մասնակցել նոր ուսումնական պլաններ մշակող նահանգային հանձնախմբի աշխատանքներին, որը նոր դասագրքեր էր ընտրում Կալիֆորնիայի դպրոցների համար: Նահանգում օրենք էր գործում, որի համաձայն միջնակարգ դպրոցի բոլոր դասագրքերը պետք է հաստատված լինեին Կրթության խորհրդի կողմից: Դրա համար հանձնախումբ էր կազմավորվել, որը պետք է կատարեր դասագրքերի նախնական ընտրությունը: Այդ հանձնախումբը Խորհրդին երաշխավորում էր, թե որ գրքերն ընտրեն:

Պարզվեց, որ գրքերի մեծամասնությունը նվիված էր թվաբանության դասավանդման նոր մեթոդին, որը ստացել էր «նոր մաթեմատիկա» անվանումը: Բայց քանի որ այդ գրքերը սովորաբար միայն ուսուցիչներն էին տեսնում և կրթական համակարգի պատասխանատու անձիք, որոշվել էր, որ լավ կլիներ, որ դասագրքերի գնահատման գործում ներգրավեին մեկին, որ մասնագիտորեն է օգտվում մաթեմատիկայից, ով պատկերացնում է վերջնական արդյունքը և հասկանում, թե ինչու պետք է երեխաներին մաթեմատիկա սովորեցնել:

Հավանաբար այդ ժամանակ ես խղճի խայթ էի զգում, որ չէի մասնակցում կառավարական ծրագրերին և համաձայնեցի դառնալ այդ հանձնախմբի անդամ:

Անմիջապես սկսեցին հրատարակիչների նամակներն ու հեռախոսազանգերը: Ինձ ասում էին. «Շատ ուրախ ենք, որ Դուք ընդգրկվել եք հանձնաժողովի կազմում, քանի որ միշտ ցանկացել ենք, որ գիտնականները...», և «Հիանալի է, որ գիտնականն ընդգրկվել է հնաձնաժողովի կազմում, քանի որ մեր գրքերը գիտական ուղղվածություն ունեն»: Բայց նաև ասում էին. «Կցանկանայինք բացատրել, թե ինչի մասին է մեր գիրքը...», և «Ուրախ կլինենք, որ մեր գրքերի գնահատման ժամանակ ձեզ ինչ-որ օգնություն ցուցաբերել կարողանանք...» Դա ինձ լրիվ վայրենություն էր թվում: Ես օբյեկտիվ գիտնական եմ և մտածում էի՝ քանի որ աշակերտները և ուսուցիչները պետք է գործ ունենան միայն դասագրքերի և ձեռնարկների հետ, հրատարկչի կողմից տրամադրվող ցանկացած լրացուցիչ տեղեկություն միայն կխանգարի: Դրա համար ես խուսափում էի հրատարակիչների հետ բոլոր խոսակցություններից և միշտ պատասխանում էի. «Ոչինչ պետք չէ բացատրել: Վստահ եմ, որ իրենց մասին գրքերն իրենք կխոսեն»:

Ես ներկայացնում էի որոշակի շրջան, որն ընդգրկում է Լոս-Անջելեսի մարզի մեծ մասը, բացի բուն քաղաքից. քաղաքը ներկայացնում էր Լոս-Անջելեսի դպրոցական համակարգից մի սիրունատես տիկին, որին միսիս Ուայթհաուզ էին անվանում: Պարոն Նորիսը ինձ առաջարկեց հանդիպել նրան և պարզել, թե ինչով է զբաղված հանձնաժողովը և ինպես է աշխատում:

Միսիս Ուայթհաուզն ինձ սկսեց պատմել, թե ինչ են պատրաստվում քննարկել հաջորդում նիստում (մեկն արդեն տեղի էր ունեցել. ինձ ավելի ուշ էին նշանակել): «Պետք է քննարկվեն բնական թվերը»: Գաղափար չունեի, թե ինչ են դրանք, բայց պարզվեց, որ դրանք այն թվերն են, որոնց ես միշտ անվանել եմ ամբողջ թվեր: Նրանք բոլոր հասկացությունների համար այլ անվանումներ ունեին, այնպես որ հենց սկզբից ինձ համար բավականին բարդություններ առաջացան:

Նա ինձ պատմեց, թե դասագրքերի գնահատումն ինչպես է կատարվում սովորաբար: Հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր գրքից մեծ քանակությամբ ուղարկում են ուսուցիչների և շրջանի պատասխանատու աշխատողների: Հետո հավաքում են կարծիքները: Ես ուսուցիչների և պաշտոնյաների շրջանում մեծ ծանոթություն չունեի: Բացի դրանից, համարում էի, որ գրքերը կարդալով՝ ինքս էլ կարող էի որոշել՝ դրանք ինձ դուր գալիս են, թե ոչ: Այնպես որ, որոշեցի բոլոր գրքերն անձամբ կարդալ: (Իմ շրջանում մի քանի մարդիկ կային, որ սպասում էին, թե գրքերն իրենց ցույց կտան և ցանկանում էին իրենց կարծիքն արտահայտել: Միսիս Ուայթհաուզը նրանց առաջարկել էր իրենց հաշվետվությունները կցել իր անձնականին, որպեսզի այդ մարդիկ իրենց լավ զգան, իսկ ինձ ամենևին չէին անհանգստացնում նրանց բողոքները: Նրանք դրանով բավարարվեցին և ինձ համար ավելորդ դժվարություններ չստեղծեցին):

Մի քանի օրից ինձ զանգահարեց գրքի պահեստի աշխատակիցը և ասաց. «Մենք պատրաստ ենք գրքերը Ձեզ ուղարկելու, պարոն Ֆեյնման: Երեք հարյուր ֆունտ է ստացվում»:

Ես ցնցված էի:

- Ոչինչ, պարոն Ֆեյնման, մեկին կգտնենք, որ Ձեզ օգնի դրանք կարդալու:

Ես դա չհասկացա. գիրքը կա՛մ կարդում ես, կա՛մ չես կարդում: Իմ աշխատասենյակում, ներքևում, դրանց համար առանձին դարակ հատկացրի (դրանք տասնյոթ ոտնաչափ տեղ զբաղեցրեցին) և սկսեցի այն գրքերից, որոնք պետք է քննարկվեին հաջորդ նիստում: Պատրաստվում էինք սկսելու տարրական դպրոցի դասագրքերից:

Դա հսկայական աշխատանք էր, և օրերով տանջվում էի իմ աշխատասենյակում: Կինս ասում էր, որ ընտանիքը կարծես հրաբխի վրա է ապրում. «Որոշ ժամանակ ամեն ինչ հանդարտ է, բայց հանկարծ դըմփ-դըրըմփ՝ ներքևում սկսվում էր «հրաբխի» ժայթքումը:

Հարցն այն էր, որ գրքերը շատ վատն էին: Դրանց մեջ շատ սխալներ կային: Դրանք շատ հապշտապ էին գրված: Ճշգրտության ձգտում զգացվում էր, բայց բերված էին օրինակներ (օրինակ՝ փողոցի ավտոմեքենաները «բազմության» համար), որոնցում կարծես ամեն ինչ լավ էր, բայց միշտ որոշակի անճշտություններ էին մնում: Սահմանումները խիստ չէին: Ոչինչ միանշանակ չէր: Երևում էր, որ հեղինակներն այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե ինչ է ճշգրտությունը, «հարմարեցնում էին»: Նրանք սովորեցնում էին այն, ինչը իրենք ամբողջությամբ չէին հասկանում, և ինչը էականորեն անօգուտ էր երեխայի համար:

Ես հասկացա նրանց մտադրությունը: «Արբանյակից» հետո շատերը մտածում էին, որ ռուսներից ետ ենք մնում, և դիմել էին մաթեմատիկոսներին, որ նրանք ուսումնական ծրագրերում նոր, հետաքրքիր մաթեմատիկական հասկացություններ ներմուծեն: Ցանկանում էին երեխաների համար գրավիչ դարձնել մաթեմատիկան, որը նրանց համար ձանձրալի էր:

Բերեմ օրինակ. այդ դասագրքերում խոսվում էր համրանքի տարբեր համակարգերի մասին՝ հինգական, վեցական և այլն, որպեսզի ցույց տրվեին բոլոր հնարավորությունները: Դա կարող է հետաքրքրել այն երեխային, որը գիտի, թե ինչ է տասական համակարգը: Այդպիսի երեխայի համար դա զվարճանք կլինի: Բայց ստացվում էր, որ յուրաքանչյուր սովորող պետք է սովորի համրանքի այլ համակարգ: Հետո սկսվում էր սովորական մղձավանջը. «Տրված թվերը յոթական համակարգից ձևափոխեք հնգականի»: Թվերի ձևափոխումը համրանքի մի համակարգից մյուսին բացարձակ անօգուտ զբաղմունք է: Եթե կարողանում եք դա անել, ձեզ կհետաքրքրի, չեք կարողանում` մոռացեք դրա մասին: Դա ոչ մեկին պետք չէ:

Ինչ էլ լիներ, ես այդ գրքերը կարդում ու կարդում էի, և ոչ մեկում չհանդիպեցի, որ խոսվեր գիտության մեջ թվաբանության կիրառության մասին: Եթե հանդիպում էլ էին թվաբանության կիրառության օրինակներ (իսկ հիմնականում դա ժամանակակից վերացարկված անպետքություն էր), դրանք վերաբերում էին դրոշմանիշների գնմանը:

Վերջապես հասա մի գրքի, որտեղ գրված էր. «Մաթեմատիկան լայնորեն կիրառվում է գիտությունների մեջ: Կբերենք օրինակ աստղագիտությունից` աստղերի մասին գիտությունից»: Թերթում եմ էջը և կարդում. «Կարմիր աստղերի ջերմաստիճանը չորս հազար աստիճան է, դեղին աստղերինը` հինգ հազար ... »,- դե, ոչինչ: Շարունակությունը. «Կանաչ աստղերն ունեն յոթ հազար աստիճան ջերմաստիճան, երկնագույն աստղերը` տասը հազար, իսկ մանուշակագույն աստղերը՝ ... (ինչ-որ մեծ թիվ)»: Կանաչ և մանուշակագույն աստղեր չեն լինում, իսկ մնացածի համար ջերմաստիճանները մոտավորապես են ճիշտ: Ընդհանուր առմամբ կարծես ամեն ինչ ճիշտ է, բայց անընդհատ խափանումներ են: Եվ այդպես էր ամեն տեղ. գրված է մեկի կողմից, ով ըստ էության չգիտի, թե ինչի մասին է գրում: Արդյունքում միշտ ինչ-որ բան սխալ է ստացվում: Չեմ հասկանում, թե ինչպես ենք պատրաստվում լավ սովորեցնել, եթե դասագրքերը գրում են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ չեն հասկանում այն, ինչի մասին գրում են: Եվ ստացվում են այլանդակ գրքեր: Ամբողջովին այլանդակ:

Բայց համենայն դեպս, այս գրքից գոհ էի, քանի որ առաջին անգամ էի հանդիպում, որ բերվում էր թվաբանությունը գիտության մեջ կիրառելու օրինակ: Մի քիչ դժգոհ էի, երբ աստղերի ջերմաստիճանի մասին կարդացի: Մի քիչ, քանի որ ամեն ինչ կարծես քիչ թե շատ ճիշտ էր, ուղղակի սխալներ էին թողնված: Հետո խնդիրներ էին: Այսպիսի. «Ջոնը և նրա հայրը դուրս եկան աստղերին նայելու: Ջոն տեսնում էր երկու երկնագույն և մի կարմիր աստղ: Նրա հայրը տեսնում էր մի հատ կանաչ և երկու դեղին աստղ: Ինչքա՞ն է Ջոնի և նրա հոր տեսած աստղերի ընդհանուր ջերմաստիճանը»,- և կատաղությունից ես պայթում եմ:

Կինս սա էր անվանում «հրաբուխ ներքևում»: Սակայն ես ընդամենը մի օրինակ բերեցի, իսկ այդպես էր մշտապես: Մշտական զառանցանք: Բացարձակ անիմաստ է աստղերի ջերմաստիճանը գումարելը: Այդ բանը երբեք ոչ ոք չի անում, բացի, հնարավոր է, այն միակ դեպքից, երբ միջին ջերմաստիճան են հաշվում, բայց ոչ երբեք աստղերի գումարային ջերմաստիճան: Սարսափելի է: Այդ ամենը ընդամենը խաղ էր, որպեսզի ստիպեին գումարել, և հեղինակները չէին հասկանում այն, ինչի գրել էին: Թվում էր, թե համարյա առանց տպագրական սխալների տեքստ ես կարդում, և հանկարծ՝ ամբողջ նախադասությունն է գլխիվայր: Մաթեմատիկայի վիճակը հենց այդպիսին էր: Բոլորովի՛ն անհույս:

Եվ ահա գնացի առաջին խորհրդակցությանը: Հանձնաժողովի մյուս անդամները գնահատականներ էին դրել մի քանի գրքերի, և ինձ էլ հարցրին, թե ինչ եմ գնահատել: Իմ գնահատականները հաճախ տարբերվում էին բոլոր մյուսներից, և ինձ հարցնում էին. «Ինչո՞ւ եք այս գիրքն այսքան ցածր գնահատել»:

Բացատրում էի, որ այդ գրքի այսինչ էջերում կան հետևյալ թերությունները: Ես ամեն ինչ գրառել էի:

Նրանք հայտնագործեցին, որ իսկական գանձ եմ. ես միշտ կարողանում էի հանգամանորեն բացատրել, թե ինչով է լավ կամ վատ տվյալ գիրքը: Իմ բոլոր գնահատականները հիմնավորված էին:

Իսկ երբ ես էի հարցնում, թե այսինչ գիքը ինչու է նրանց բարձր գնահատականին արժանացել, պատասխանում էին. «Իսկ Դուք ի՞նչ եք մտածում գրքի մասին...»: Պատասխանի փոխարեն ինձ էին հարց տալիս, և ոչ մի կերպ հնարավոր չէր լինում պարզել, թե ինչու են գրքերը գնահատվել այդպես, այլ ոչ թե այլ կերպ:

Հերթը հասավ հրատարակչություններից մեկի թողարկած եռահատորյակի մասը կազմող մի գրքի, և ինձ հարցրեցին, թե ինչ եմ ես մտածում դրա մասին:

Ասացի. «Պահեստից ինձ այդ գիրքը չեն ուղարկել, բայց մյուս երկուսը լավն էին»:

Ինչ-որ մեկը փորձեց հարցը կրկնել. «Դուք այդ գրքի մասին ի՞նչ եք մտածում»:

- Արդեն ասացի, որ այդ գիրքն ինձ չեն ուղարկել: Այնպես որ ես չեմ կարող դրա մասին դատողություններ անել:

Գրապահեստի աշխատողն էլ այդտեղ էր և ասաց. «Ներողություն, ես կարող եմ ամեն ինչ բացատրել: Ձեզ չեմ ուղարկել այդ գիրքը, քանի որ այն դեռ ավարտված չէր: Կարգի համաձայն մենք գրքերը պետք է ունենանք որոշակի ժամկետում, իսկ հրատարակիչը մի քանի օր ուշացրել էր: Դրա համար մեզ ուղարկել էին գրքի մակետը` կազմով և դատարկ էջերով: Ընկերությունը ներողություն է խնդրում և հույս հայտնում, որ եռահատորյակը կքննարկվի, չնայած երրորդ հատորի ուշանալուն»:

Պարզվեց, որ այդ դատարկ կաղապարը գնահատվել էր հանձնաժողովի մի քանի անդամների կողմից: Նրանք չէին կարողանում հավատում, որ գիքը չկա. գնահատականները կային, չէ՞: Դեռ ավելին. գոյություն չունեցող գրքի գնահատականներն ավելի բարձր էին, քան մյուս երկու հատորներինը: Այն հանգամանքը, որ գիրքը չկա, ոչնչով չէր խանգարել դրա գնահատմանը:

Մտածեցի, որ համակարգը հետևյալ կերպ է աշխատում. երբ մարդկանց գիրք եք բաժանում կարդալու, դա նրանց ամենևին չի հետաքրքրում: Նրանք զբաղված են, նրանք մտածում են. «Այդ գիրքը հո մենակ ես չեմ կարդալու, այլ շատերը: Այնպես, որ կարևոր չէ, թե ինչ կգրեմ»: Եվ հենց այնպես թվանշան են նշանակում: Գոնե որոշ մասը: Ոչ բոլորը, բայց մի մասն այդպես է վարվում: Հետո կարծիքներ եք ստանում և չգիտեք, թե ինչու է հենց այդ գիրքն ամենաքիչ արձագանքն ստացել, այսինքն՝ մի գրքի համար ստացել եք, օրինակ, տասը կարծիք, իսկ մյուսի համար՝ ընդամենը վեց: Հետո միջինացնում եք ստացված գնահատականները՝ բնականաբար, հաշվի չառնելով չստացված գնահատականները: Այնպես որ ստացված գնահատականը ձեզ խելամիտ է թվում: Այս միջինացման ժամանակ ուղղակի աչքաթող է արվում այն հանգամանքը, որ կազմի մեջ բացարձակապես ոչինչ չկա:

Այս տեսությունը կառուցել եմ՝ տեսնելով, թե ինչ կատարվեց մեր հանձնաժողովում: Դատարկ կազմը գնահատել էր տասը անդամներից վեցը, իսկ մյուս գրքերը՝ տասից ութ կամ ինը մարդ: Միջինացման արդյունքն ավելի վատը չէր, քան ութը կամ ինը գնահատականի միջինացման դեպքում: Երբ ամեն ինչ բացահայտվեց, բոլորը շատ շփոթվեցին, և դա ինձ վստահություն ներշնչեց: Պարզվեց, որ հանձնաժողովի մյուս անդամները հսկայական աշխատանք են կատարել՝ բաժանել են գրքերը, կարծիքներ հավաքել, մասնակցել բոլոր հավաքներին և ընդունելություններին, որտեղ հրատարակիչները բացատրություններ են տվել իրենց գրքերի վերաբերյալ ավելի շուտ, քան իրենք կհասցնեին դրանք կարդալ:

Հանձնաժողովում ես միակն էի, որ կարդացել էր բոլոր գրքերը և հրատարակիչներից ոչ մի ուրիշ ինֆորմացիա չէր ստացել, բացի նրանից, ինչ գրքերում գրված կար և պետք է, ի վերջո, հասներ դպրոց:

Ո՞րն է գրքի մասին կարծիք կազմելու լավագույն եղանակը՝ ուշադիր կարդալո՞վ, թե՞ անուշադիր թերթած շատ մարդկանցից կարծիքներ հավաքելով. այս հարցը հիշեցնում է մի հայտնի խնդիր: Ոչ մեկին չի թույլատրվում տեսնել չինական կայսերը: Հարցը հետևյալն է՝ ի՞նչ երկարություն ունի չինական կայսեր քիթը: Սա պարզելու համար առաջարկվում է շրջել ամբողջ երկրով և յուրաքանչյուր բնակչի հարցնել, թե ինչ է մտածում միապետի քթի երկարության մասին: Հետո գտեք միջին թվաբանականը: Պատասխանը շատ «ճիշտ» կլինի, քանի որ հսկայական թվով տվյալներ եք միջինացնում: Ցավոք, այդ եղանակով ոչինչ էլ չեք իմանա: Միջին թվաբանականը, որը ստացվել է թեկուզ շատ մեծ քանակի, բայց չհետաքրքրված և անուշադիր մարդկանց կարծիքներից, իրավիճակի ձեր ընկալումը չի լավացնի:

Սկզբում գրքի արժեքի քննարկումը մեր պարտականությունների մեջ չէր մտնում: Մեզ ասել էին, թե քանի գիրք կարող ենք ընտրել, դրա համար էլ մենք որոշեցինք այնպիսի ծրագիր, որը լրացուցիչ շատ գրականություն էր պահանջում, քանի որ բոլոր նոր դասագրքերն էլ այս կամ այն թերություններ ունեին: Ամենալուրջ թերությունները «նոր մաթեմատիկական» դասագրքերն ունեին. դրանցում չէր հիշատակվում մաթեմատիկայի կիրառումների մասին, և շատ քիչ էին տեքստային խնդիրները: Դրանցում խոսք անգամ չկար անգամ դրոշմանիշների վաճառքի մասին, փոխարենը շատ էին ընդարձակ դատողությունները կոմուտացիայի և վերացարկված այլ հասկացությունների մասին, իսկ առօրյա որևէ կոնկրետ իրավիճակում մաթեմատիկայի կիրառման մասին ոչինչ չկար: Ի՞նչ ես անում՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում: Այդ պատճառով ամեն դասարանի համար բացի սովորողի հիմնական դասագրքից առաջարկեցինք մեկ-երկու լրացուցիչ դասագիրք, որոնցում գոնե ինչ որ բան կար մաթեմատիկայի կիրառությունների մասին: Երկար վիճաբանություններից հետո կարողացանք այդ ամենը բերել հավասարակշռության վիճակի:

Երբ մեր երաշխավորությունները ներկայացրինք Կրթական խորհրդին, մեզ ասացին, որ իրենք ավելի քիչ փող ունեն, քան ենթադրել են, այնպես որ մենք պետք է ամեն ինչը նորից վերանայեինք, կրճատեինք՝ արդեն հաշվի առնելով դասագրքերի գները և քանդեինք այնքան մանրամասնորեն կազմած ծրագիրը, որտեղ ուսուցիչը հնարավորություն ուներ անհրաժեշտ օրինակներ գտնելու:

Երբ հնարավոր դասագրքերի ընտրության կանոնները փոխվեցին, և մենք զրկվեցինք ծրագիրը քիչ թե շատ հավասարակշռելու հնարավորությունից, պարզ ասենք՝ այն դարձավ բավական քրջոտ: Բայց երբ հասավ սենատի բյուջեն որոշող հանձնաժողովին, այն ավելի խուզեցին: Այդ ժամանակ իսկապես դարձավ քրջոտ ծրագիր: Երբ այդ հարցը քննարկվում էր սենատում, ինձ խնդրեցին ելույթ ունենալ նահանգի սենատորների առաջ, բայց ես հրաժարվեցի. այդ ժամանակ արդեն հոգնել էի այդ թեմայով բազմաթիվ վիճաբանություններից: Կրթության խորհրդի համար մեր երաշխավորությունները պատրաստել էինք, և ես համարում էի, որ դրանք նահանգին ներկայացնելը Խորհրդի պարտականությունն է, ինչը ճիշտ էր օրենքի տեսակետից, բայց խելամիտ չէր քաղաքականության տեսակետից: Այդքան արագ չպետք է հանձնվեի, բայց երբ լավ հավասարակշռված ծրագիր կազմելու նպատակով այդպիսի լարված աշխատանքից և այդ դասագրքերի բազմաթիվ քննարկումներից հետո արդեն վերջում մեր արած ամբողջ աշխատանքը աղբանոց են նետում, մարդ ուղղակի ընկճվում է: Մեր կատարած աշխատանքը, պարզվեց, ոչ մեկին պետք չէր, այն ուղղակի կարելի էր շուռ տալ գլխիվայր և կատարել հակառակը, սկսել գրքերի գնից և ընտրել նրանք, որ գրպանիդ հարմար են:

Հարցը վերջնականապես որոշվեց և ինձ ստիպեց հանձանաժողովից դուրս գալ այն հանգամանքը, որ հաջորդ տարի պետք է քննարկվեին բնական գիտությունների դասագրքերը: Մտածում էի, որ դրանք, հնարավոր է, լավը լինեն, և մի քանիսը վերցրի նայելու:

Բայց այստեղ էլ նույն բանն էր. առաջին հայացքից ընդունելին ուշադիր դիտարկումից հետո պարզվում էր՝ սարսափելի է: Օրինակ` գրքերից մեկն սկսվում էր չորս նկարով՝ լարովի խաղալիք, ավտոնեքենա, հեծանվորդ և էլի ինչ-որ նկար: Եվ ամեն նկարի տակ հարց. «Ի՞նչն է սա շաժման մեջ դնում»:

Մտածեցի. «Հա, հասկանում եմ: Ցանկանում են պատմել մեխանիկայի մասին` ինպես է աշխատում խաղալիքի զսպանակը, քիմիայի մասին` ինչպես է աշխատում ավտոմեքենայի շարժիչը. կենսաբանության մասին` ինչպես են աշխատում մկանները»:

Այդպիսի հարցեր հայրս էր սիրում. «Ի՞նչն է ստիպում դրան շարժվել: Շարժվում է, որովհետև արևը լուսավորում է»: Եվ մենք կզվարճանայինք՝ դա քննարկելով:

- Ոչ, խաղալիքն աշխատում է, որովհետև զսպանակը լարված է,- կասեի ես:

- Իսկ ինչո՞ւ է զսպանակը լարված,- կհարցներ հայրս:

- Ես եմ լարել:

- Իսկ ինչո՞ւ ես դու կարողանում շարժվել:

- Որովհետև ուտում եմ:

- Իսկ սնունդը ստացվում է, քանի որ արևը լուսավորում է:

Այդպիսով կծնվեր այն բանի ընկալումը, որ շարժումը պարզապես արևի ձևափոխված էներգիան է:
Թերթում եմ էջը: Լարովի խաղալիքի համար պատասխանն է. «Էներգիան է այն շարժում»: Եվ հեծանվորդ տղայի համար՝ «Էներգիան է նրան շարժում»: Ամեն ինչի համար՝ «Էներգիան է շարժում»: Բայց դա լրիվ անմտություն է: Պատկերացրեք, որ գրված լիներ. «Վակալիկս»: Ահա ձեզ ընդհանուր սկզբունք. «Վակալիկսն է շարժման մեջ դնում»: Դա գիտելիք չի ավելացնում: Երեխան ոչինչ չի իմանում, դա ուղղակի բառ է:

Նրանք պետք է ուսումնասիրեին լարովի խաղալիքը, դիտարկեին ներսի զսպանակը, մինչև վերջ հասկանային դրա աշխատանքը, հետո պարզեին անիվների հարցը և հանգիստ թողնեին «էներգիան»: Հետագայում, երբ երեխաները հասկանան, թե ինչպես է աշխատում լարովի խաղալիքը, կարելի է քննարկել և ավելի ընդհանուր «էներգիա» հասկացությունը:

Բացի դրանից, ընդհանրապես ճիշտ չէ ասելը. «էներգիսն ինչ-որ բան շարժման մեջ է դնում»: Քանի որ, եթե ինչ որ բան էլ կանգ է առնում, նույն հաջողությամբ կարող ենք ասել. «Էներգիան կանգնեցրեց»: Նրանք նկատի ունեին կուտակված էներգիայի ձևափոխումը այլ տեսակի, ինչը «էներգիա» հասկացության նուրբ առանձնահատկություններից է: Այս օրինակներում էներգիան ո՛չ ավելանում է, ո՛չ նվազում. այն մի տեսակից փոխարկվում է մյուսին: Եվ երբ մարմինը կանգ է առնում, էներգիան վեր է ածվում ջերմության, այն անցնում է ընդհանուր քաոսին:

Բայց այդ գրքերն այդպիսինն էին: Դրանցում գրվածը մարդուն շփոթեցնում էր, անօգտակար էր, խճճված, ոչ միարժեք և մասամբ ոչ ճիշտ: Չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի այդպիսի գրքերով գիտություն սովորեցնել: Որովհետև դա գիտություն չէ:

Երբ ես տեսա այդ բոլոր սարսափելի գրքերը, որոնք ունեին նույն թերությունները, ինչ որ մաթեմատիկայի գրքերը, զգացի, որ իմ ներսում նորից հրաբխային պրոցես է սկսվում: Այդ ժամանակ հոգնել էի մաթեմատիկական գրքերը կարդալուց և արդեն համոզվել էի, որ չարչարանքս անօգուտ է: Այդ պատճառով էլ, այդպիսի ջանքերի մի տարի էլ պատկերացնելով, դուրս եկա հանձնախմբից:

Որոշ ժամանակ անց իմացա, որ այն գիրքը, որտեղ էներգիան էր ամեն ինչ շարժման մեջ դնում, երաշխավորվելու է կրթության Խորհրդի կողմից: Ես մի վերջին փորձ արեցի: Հանձնախմբի նիստերի ժամանակ ներկաներին թույլատրվում էր ելույթ ունենալ դիտողություններով, և ես վեր կացա ու ասացի, թե ինչու եմ այդ գիրքը վատը համարում:

Հանձնախմբում ինձ փոխարինող մարդն առարկեց. «Այս գրքին հավանություն են տվել այսինչ ինքնաթիռաշինական ընկերության վաթսունհինգ ինժեներներ»: Ես չէի կասկածում, որ այդ ընկերությունում մի քանի շատ լավ ինժեներներ են աշխատում: Բայց վաթսունհինգ մարդը` արդեն շատ է: Այդ քանակի մարդկանց ունակությունների ընդգրկումը պետք է որ շատ լայն լինի: Այնպես, որ նրանց մեջ, հավանաբար, եղել են նաև ոչ պիտանիները: Սա նորից միապետի քթի երկարության միջինացման խնդիրն էր, կամ միայն կազմից բաղկացած գրքի գնահատում: Ավելի լավ կլիներ, եթե ընկերությունն ընտրեր իր մի քանի ամենաընդունակ ինժեներներին և գրքի գնահատումը նրանց առաջարկեր: Ես ինձ վաթսունհինգ մարդուց ավելի խելացի չէի համարում, բայց միջին վիճակագրական մեկ վաթսունհինգերորդից` իհարկե: Ինձ չհաջողվեց ոչինչ ապացուցել, և գիրքը արժանացավ Խորհրդի հավանությանը:

Երբ դեռ աշխատում էի հանձնախմբում, մի քանի անգամ հարկ եղավ Սան-Ֆրանցիսկո մեկնելու` տարբեր խորհրդակցությունների և, Լոս-Անջելես առաջին ուղևորությունից վերադառնալով, մտա հանձնախմբի գրասենյակը, որպեսզի ծախսերի փոխհատուցում ստանամ:

- Ինչքա՞ն նստեց Ձեզ վրա ուղևորությունը, պարոն Ֆեյնման:

- Այսպես, թռել եմ Սան-Ֆրանցիսկո, նշանակում է՝ ինքնաթիռի տոմսի արժեքը և օդանավակայանում իմ մեքենայի կայանման վճարը:

- Տոմսը Ձեզ մո՞տ է:

Պարզվեց տոմսն ինձ մոտ էր:

- Իսկ մեքենայի կայանման անդորրագիրն ունե՞ք:

- Ոչ, բայց դա նստել է 2 դոլար և 35 ցենտ:

- Բայց մեզ անդորրագիրն է պետք:

- Ես ասացի` որքան է ինձ վրա նստել: Եթե ինձ չեք հավատում, ապա ինչո՞ւ եք լսում, երբ ես արտահայտում եմ իմ կարծիքը դպրոցական դասագրքերի թերությունների և առավելությունների մասին:

Այս հարցի շուրջը մեծ աղմուկ բարձրացավ: Ցավոք, ես վարժվել էի դասախոսություն կարդալ որևէ ընկերության, համալսարանի, սովորական մարդկանց համար, բայց ոչ կառավարության: Ես վարժվել էի ուրիշ վերաբերմունքի: «Որքա՞ն եք ծախսել». «Այսքան».  «Խնդրեմ, պարոն Ֆեյնման»:

Այդ ժամանակ որոշեցի, որ նրանց այլևս ոչ մի անդորրագիր չեմ ներկայացնելու:

Սան-Ֆրանցիսկո կատարած երկրորդ ուղևորությունից հետո նորից տոմս և անդորրագիր ուզեցին:

- Չունեմ:

- Այսպես չի կարող շարունակվել, պարոն Ֆեյնման:

- Երբ ինձ ընդգրկում էին հանձնախմբում, ասացին, որ կվճարեք իմ բոլոր ծախսերը:

- Բայց մենք սպասում էինք, որ դուք անդորրագրերը կներկայացնեք, որպեսզի հաստատեք Ձեր ծախսերը:

- Ես ոչինչ չունեմ, որով հաստատեմ ծախսերը, բայց գիտեք, որ ես Լոս-Անջելեսում եմ ապրում և մեկնում եմ այլ քաղաքներ. իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս եմ այնտեղ հայտնվում, սատանան տանի:
Նրանք տեղի չտվեցին, բայց ես էլ չհանձնվեցի: Հասկանում եմ, որ երբ նման իրավիճակում ես հայտնվում և Համակարգին ենթարկվել չես ցանկանում, ապա երբ քո մոտեցումը չի աշխատում, հետևանքների համար ստիպված ես ինքդ հատուցել: Այդպիսով ես ինձ բավարարված զգացի, չնայած իմ ուղևորությունների համար ոչ մի փոխհատուցում չստացա:

Սա միայն այն խաղերից մեկն է, որ ես խաղում եմ: Իրենց անդորրագի՞ր է պետք: Ես նրանց անդորրագիր չեմ տալիս: Այդ դեպքում փող չես ստանա: Լավ, այդ դեպքում ես փողը չեմ վերցնում: Նրանք ինձ չեն վստահո՞ւմ: Սատանան իրենց հետ, պետք չէ վճարել: Իհարկե, սա անհեթեթ է: Գիտեմ, որ հենց այսպես է աշխատում կառավարությունը. դե, գրողի ծոցը այդ կառավարությունը: Ես կարծում եմ, որ մարդը մյուսների հետ պետք վերաբերվի, ինչպես մարդու: Եվ քանի դեռ ինձ չեն վերաբերում, ինչպես մարդու, նրանց հետ գործ չունեմ: Նրանց համար վա՞տ է: Վատ է: Ինձ համար էլ է վատ: Ուղղակի մոռանանք այդ մասին: Գիտեմ, նրանք «հարկատուին» են պաշտպանում, բայց միայն տեսեք, թե հարկատուն ինչքան հուսալի էր պաշտպանված հետևյալ իրավիճակում:

Երկու գիրք կար, որոնցից երկար քննարկումների արդյունքում չէինք կարողանում մեկն ընտրել. իրար շատ նման էին: Այդ պատճառով էլ այդ հարցը թողեցինք Խորհրդի հայեցողությանը: Քանի որ Խորհուրդը արդեն գիրքն ընտրելիս առաջնորդվում էր դրա գնով, որոշեց իմանալ դրանց գները և ընտրել ավելի էժանը:

Այդ ժամանակ հարց առաջացավ. «Դպրոցները դասագիրքը կստանան սովորական ժամանակի՞ն, թե՞ կարող են դրանք ստանալ նախօրոք` նախքան ուսումնական կիսամյակի սկսվելը»:

Հրատարակիչներից մեկի ներկայացուցիչը կանգնեց և ասաց. «Շատ ուրախ ենք, որ ընդունեցիք մեր առաջարկած գինը, և կարող ենք գրքերը տրամադրել մինչև հաջորդ կիսամյակի սկիզբը»:

Պարտվող հրատարակչության ներկայացուցիչը նույնպես մասնակցում էր խորհրդակցությանը: Նա կանգնեց և ասաց. «Քանի որ մեր առաջարկած գինը նախատեսում էր գրքերի մատակարարման ավելի ուշ ժամկետ, կարծում եմ, որ ավելի շուտ մատակարարման դեպքում կարող ենք նոր գին առաջարկել, և կարող ենք գրքերն ավելի շուտ տալ»:

Պարոն Նորիսը, ով Փասադենայի Խորհրդի իրավաբանն էր, հարցրեց երկրորդ հրատարակչության ներկայացուցիչին. «Եվ ի՞նչ կարժենա ձեր գրքերի ավելի շուտ ստացումը»:

Նա թիվ արտասանեց. նախորդից ցածր գին էր:

Այդ ժամանակ ոտքի կանգնեց առաջին տղան և ասաց. «Եթե նա փոխում է գինը, այդ դեպքում ես էլ իրավունք ունեմ փոխելու իմ գինը». և ավելի ցածր գին ասաց:

Նորիսը հարցրեց. «Մի՞թե այդպես լինում է. գրքերն ավելի շուտ ենք ստանում, և դրանք ավելի էժա՞ն են»:

- Այո,- ասաց նրանցից մեկը:- Կարող ենք կիրառել տպագրության օֆսեթ եղանակը, որը սովորաբար չենք կիրառում...,- և էլի բացատրություններ, թե ինչու հանկարծ գրքերն էժանացան:

Մյուսը համաձայնում է. «Ինչքան գրքերն արագ ես տպում, այնքան էժան են նստում»:

Մենք իսկապես շոկի մեջ էինք: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ գրքերը երկու միլիոն դոլարով էժան ստացվեցին: Այս հանկարծակի փոփոխությունը շատ զայրացրեց Նորիսին:

Իրականում տեղի էր ունեցել հետևյալը. գրքերի մատակարարման ժամկետի անորոշությունը այդ տղաներին նոր գին առաջարկելու հնարավորություն էր տվել: Սովորաբար, երբ գրքերն ընտրվում էին առանց դրանց գինը հաշվի առնելու, գինը իջեցնելն իմաստ չուներ. հրատարակիչներն իրենց հայեցողությամբ կարող էին կամայական գին նշանակել: Գնի իջեցումը ոչինչ չէր փոխի. որպեսզի պատվեր ստանային, պետք է հանձնախմբի անդամների վրա տպավորություն թողնեին ըստ կազմված ուսումնական ծրագրի:

Ի միջայլոց, երբ էլ որ հանձանխումբը հավաքվում էր նիստի, իսկույն հայտնվում էին հրատարակիչները, որոնք զբաղեցնում էին հանձնախմբի անդամներին նրանց հրավիրելով ճաշելու և պատմելով իրենց գրքերի մասին: Ես միշտ հրաժարվում էի այդպիսի առաջարկություններից:

Հիմա դա լրիվ ակնհայտ է թվում, բայց երբ մի անգամ չրերով և այլ բաներով լցված մի տուփ ստացա, որ ուղարկել էին «Ուէսթերն Յունիոն»-ի միջոցով ու «Մեր ընտանիքից ձեր ընտանիքին. շնորհավոր ձեր Գոհության օրը: Պամիլիոների ընտանիք» մի գրությունով, ես գլխի չէի ընկել, թե դա ինչ էր:

Ծանրոցը մի ընտանիքից էր, որի մասին երբևէ չէի լսել և որն ապրում էր հեռավոր Լոնգ-Բիչում: Միանգամայն ակնհայտ էր, որ ինչ-որ մեկը ցանկացել է ուղարկել իր բարեկամների ընտանիքին, բայց անունն ու հասցեն սխալ է գրել, այդ պատճառով էլ որոշեցի ամեն ինչ շտկել: Զանգահարեցի «Ուէսթերն Յունիոն», վերցրի ուղարկողի հեռախոսի համարը և զանգահարեցի:

- Բարև ձեզ, ես պարոն Ֆեյնմանն եմ: Ես ծանրոց եմ...

- Հա՜, բարև ձեզ, պարոն Ֆեյնման, Փիթ Պամիլիոն է,- և նա այնքան բարեկամաբար է սա ասում, որ սկսում եմ կասկածել, թե մենք ծանոթ ենք: Սովորաբար դժվարությամբ եմ հիշում մարդկանց:

Այդ պատճառով ասացի. «Կներեք, պարոն Պոմիլիո, բայց ես լավ չեմ հիշում, թե դուք ով եք... »

Պարզվեց, որ այն հրատարակչություններից մեկի ներկայացուցիչն է, որի գրքերը պետք է գնահատեի հանձնախմբում ուսումնական ծրագիր կազմելիս:

- Պարզ է: Բայց դա կարող է ճիշտ չմեկնաբանվել:

- Բայց դա ուղղակի նվեր է մի ընտանիքից մյուսին:

- Այո, բայց ես գնահատում եմ ձեր հրատարակած գիրքը, և ինչ-որ մեկը կարող է ճիշտ չմեկնաբանել ձեր բարությունը: Ես շատ լավ գիտեի, թե ինչ է կատարվում, բայց որոշել էի ինձ լրիվ ապուշի տեղ դնել:

Նման մի դեպք էլ պատահեց, երբ հրատարակիչներից մեկն ինձ կաշվե պայուսակ էր ուղարկել, որի վրա ոսկյա տառերով իմ անունն էր գրված: Նրան նույնպես պատասխանեցի. «Չեմ կարող դա ընդունել: Ես գնահատում եմ ձեր հրատարակած գրքերը: Կարծում եմ, որ Դուք դա չեք հասկանում»:
Հանձնախմբի անդամներից մեկը, ով այդտեղ ամենաերկարն էր աշխատում, ասաց.«Ես երբեք ոչ մի բան չեմ վերցնում. դա ինձ վիրավորում է: Բայց միևնույն է, ոչինչ չի փոխվում»:

Բայց մի հնարավորություն ես իսկապես բաց եմ թողել: Եթե միայն կարողանայի ավելի արագ գլխի ընկնել, ապա կարող էի շատ լավ անցկացնել այն ժամանակը, երբ հանձնաժողովի անդամ էի: Սան-Ֆրանցիսկո էի ժամանել երեկոյան, որպեսզի մյուս օրը գնայի իմ առաջին խորհրդակցությանը և որոշեցի գնալ քաղաքով թափառելու ու մի բան ուտելու: Վերելակից դուրս եկա և տեսա, որ հյուրանոցի նախասրահում նստարանին երկու տղա է նստած: Ինձ տեսնելով՝ նրանք վեր թռան ու ասացին. «Բարի երեկո, պարոն Ֆեյնման: Ո՞ւր եք ուղևորվում: Միգուցե Ձեզ ինչ-որ բա՞ն ցույց տանք Սան-Ֆրանցիսկոյում»: Նրանք ինչ-որ հրատարակչությունից էին, և ես չէի ցանկանում նրանց հետ կապվել:

- Գնում եմ ինչ-որ բան ուտելու:

- Կարող ենք Ձեզ ընթրիքի հրավիրել:

- Ոչ, ուզում եմ մենակ մնալ:

- Շատ լավ, կարող ենք Ձեզ օգնել ամեն ինչում, որ ցանկանաք:

Չկարողացա դիմանալ: Ասացի. «Դե լավ, գնում եմ մի փորձանքի հանդիպելու»:

- Կարծում ենք, որ այդ հարցում էլ կարող ենք օգտակար լինել:

- Չէ, վստահ եմ, որ դրանից ինքս գլուխ կհանեմ:

Իսկ հետո մտածեցի. «Ինչ սխալ արեցի: Պետք է նրանց թույլ տայի ամեն ինչ անել և օրագիր պահեի, որպեսզի Կալիֆոռնիայի բնակիչներն իմանային, թե ուր են հասել հրատարակիչները»: Երբ իմացա երկու միլիոն դոլարի տարբերության մասին, միայն Աստծուն է հայտնի, թե ինչքան եմ ափսոսացել, որ դա չեմ արել:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.