«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Ֆրենսիս Բեկոն
 (1561-1626)

Բարոյական և քաղաքական փորձեր կամ հորդորներ
Հատվածներ

 VII. Ծնողների և երեխաների մասին

Ծնողների ուրախությունները ծածուկ են այնպես, ինչպես նրանց դառնությունները և վախերը. նրանք չեն կարողանում բացահայտ դրսևորել առաջինները և չեն ցանկանում հայտաբերել երկրորդները: Երեխաները հոգսերը դարձնում են ավելի հաճելի, իսկ դժբախտությունները, ընդհակառակը, ավելի դառն. նրանք ավելացնում են կյանքի դժվարությունները, բայց և մեղմացնում մահվան մասին խորհրդածությունը: Տեսակի շարունակումը հատուկ է բոլոր կենդանիներին, իսկ հիշողության, արժանիքների և ազնվաբարո գործերի պահպանումը բնորոշ է միայն մարդուն: Չէ՞ որ, անշուշտ, յուրաքանչյուրին պետք է հայտնի լինի, որ ամենաազնվաբարո գործերն ու նախաձեռնությունները ծագում են այն մարդկանցից, ովքեր երեխա չունեն, և ձգտում են սերունդներին իրենց ոգու պատկերները թողնել, քանի որ արդեն չի հաջողվել իրենց մարմնի նկարագրերը նրանց թողնել. այնպես որ սերնդի հոգսն ավելի ուժեղ է նրանց մոտ, ովքեր ժառանգ չունեն: Նրանք, ովքեր առաջինն են հռչակավոր դարձնում իրենց տոհմը, ավելի ներողամտորեն են վերաբերվում իրենց զավակներին՝ համարելով նրանց ոչ միայն իրենց տոհմի, այլ նաև իրենց գործի շարունակությունը, այսինքն` ոչ միայն երեխաներ, այլ նաև ստեղծագործություններ:

Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ, եթե նրանք մի քանիսն են, շատ դեպքերում միանման չէ, իսկ երբեմն ծնողները, հատկապես` մայրը, սիրում են նաև անարժաններին: Սողոմոնը մի անգամ ասել է. «Խելացի որդին ուրախացնում է հորը, իսկ հիմարը` վշտացնում մորը»: Երեխաներով լի տանը կարելի է տեսնել, որ ավագներից մեկին կամ երկուսին հարգում են, իսկ ամենափոքրերին` երես տալիս, սակայն ամենալավ մարդիկ հաճախ ձևավորվում են հենց միջնեկներից, որոնց կարծես թե մոռանում են: Երեխա պահելիս ծնողների ժլատությունը վնասակար սխալ է. այն երեխաներին անազնիվ է դարձնում, մղում խորամանկությունների, ստիպում ընկնել վատ շրջապատ և հարկադրում ավելի շատ տրվել շռայլության, երբ հարստանում են: Եվ դրա համար էլ լավագույն արդյունքը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ծնողներն ավելի շատ մտածում են երեխաների մոտ իրենց հեղինակության, քան քսակի մասին:

Մարդիկ (ծնողներ, դպրոցի ուսուցիչներ և ծառաներ) մանկության տարիներին եղբայրների միջև մրցակցություն առաջացնելու և դրան աջակցելու հիմար սովորություն ունեն, իսկ դա բազմիցս հանգեցրել է վեճերի, երբ նրանք չափահաս են դարձել, և խախտել ընտանիքների անդորրը: Իտալացիները համարյա տարբերությւն չեն դնում իրենց երեխաների և եղբոր ու քրոջ որդիների կամ մյուս արյունակից հարազատների միջև. նրանց համար միևնույն է՝ նրանք իր սեփական մարմնի արգասիքն են, թե ոչ, քանզի պատկանում են նույն տոհմին:

Եվ եթե ճիշտն ասենք, բնության մեջ էլ շատ նման բան է կատարվում, ընդ որում այն աստիճանի, որ երբեմն, պատահում է, տեսնում ենք երեխայի, ով ավելի նման է քեռուն կամ այլ հարազատի, քան իր ծնողին: Թող ծնողները կանխապես ընտրեն զբաղմունք և կարիերա, որոնց, իրենց կարծիքով, պետք է նվիրվեն երեխաները, քանի որ այդ ժամանակ նրանք ավելի ենթարկվող են, և թող ծնողները շատ չղեկավարվեն իրենց երեխաների հակումներով՝ համարելով, որ նրանք ավելի լավ կկապվեն այն բանին, ինչին ավելի շատ են տրամադրված: Ճիշտ է, եթե երեխաները դրսևորում են ինչ-որ բացառիկ ձիրքեր կամ ընդունակություններ, ապա ճիշտ կլինի չընդդիմախոսել նրանց, բայց սովորաբար լավ է հետևյալ պատվիրանը` Optimum elige, suave et facile illud faciet consuetude» (1): Կրտսեր եղբայրները սովորաբար ավելի հաջողակ են, բայց հազվադեպ կամ երբեք այնտեղ, որտեղ ավագ եղբայրները զրկված են ժառանգությունից:

XXXVIII. Մարդկային բնության մասին

Բնությունը մարդու մեջ հաճախ թաքցված է, երբեմն` ճնշված, բայց հազվադեպ՝ ոչնչացված: Բռնադատումը ստիպում է բնությանը դաժանորեն վրեժխնդիր լինել իր համար, խրատները փոքր-ինչ զսպում են նրա պոռթկումները, և միայն սովորությունն է կարող նրան վերափոխել ու հնազանդեցնել:

Ով ձգտում է հաղթել իր մեջ բնությանը, թող իր առջև չդնի ոչ չափազանց բարդ, ոչ էլ շատ հեշտ խնդիրներ, քանզի առաջին դեպքում կընկճվի հաճախակի անհաջողություններից, իսկ երկրորդ դեպքում շատ քիչ հաջողություններ կունենա, չնայած հաճախ կհաղթի: Եվ թող սկզբում թեթևացնի իր գործը այն լողորդի նման, ով ապավինում է լողապարկերին կամ եղեգնի խրձերին, իսկ մի քիչ հետո, ընդհակառակը, դնի իրեն դժվարին պայմաններում, ինչպես վարվում են պարողները, երբ վարժություններ են անում ծանր կոշիկներով: Քանզի լրիվ կատարելության համար պետք է, որ նախապատրաստությունը ավելի դժվար լինի, քան ինքը` գործը:

Որտեղ բնությունը հզոր է և հետևաբար՝ հաղթանակը դժվար, դեպի այն տանող առաջին քայլը պետք է լինի սեփական պոռթկումը ժամանակին սանձելու կարողությունը. այսպես, ոմանք ցանկանալով սառեցնել զայրույթը, մտքում կրկնում են այբուբենը: Այնուհետև պետք է ինքնասահմանափակվել. այսպես, գինուց տարավարժվելիս կենաց գավաթներից անցնում են ճաշին մի կում խմելու, այնուհետև ընդհանրապես թողնում իրենց սովորությունը: Բայց եթե միանգամից վերջ տալու համար մարդուն բավարարում են իր համառությունը և վճռականությունը, ապա ավելի լավ՝ Optimus ule animi vindex, laedentia pectus Vincula qui rupit, dedoluitque semel (2).

Կարող է ճիշտ լինել և հին կանոնը՝ ծռել բնությունը դեպի հակառակ կողմը, որպեսզի հենց այդպիսով ուղղել, բայց դա, իհարկե, միայն այն դեպքում, երբ հակառակ ծայրահեղությունն արատ չէ:

Թող ոչ ոք չստիպի ինքն իրեն ինչ-որ բան անել անընդհատորեն, այլ իրեն թող կարճատև դադար տա: Որովհետև այն թույլ է տալիս ուժ հավաքել նոր փորձերի համար, իսկ բացի դրանից, եթե մարդը, դեռ չհաստատվելով նոր կանոններում, անդադար իրեն վարժեցնում է, նա լավերի հետ միաժամանակ վարժեցնում է նաև իր վատ հատկությունները՝ ամրապնդելով իր մեջ նրանց հանդեպ սովորությունը, և այստեղ կարելի է օգնել միայն պատեհաժամ դադարով: Եվ թող ոչ ոք լիովին չհավատա իր բնության դեմ տարած հաղթանակին, քանզի բնությունը կարող է երկար ժամանակ իրեն զգալ չտալ և կրկին վերակենդանանալ առիթի կամ գայթակղության դեպքում: Այդպես եղավ կատվից կնոջ փոխակերպված եզովպոսյան կույսի հետ. ի~նչ վայելչորեն էր նա նստել սեղանի մոտ, քանի դեռ նրա կողքով չվազեց մուկը: Դրա համար էլ թող մարդը կա՛մ բոլորովին խուսափի գայթակղությունից ու փորձությունից, կա՛մ ավելի հաճախ ենթարկվի նրանց, որպեսզի նրանց նկատմամբ անզգայուն դառնա:

Մարդու բնությունն ավելի հեշտ է ի հայտ բերել մենության ժամանակ, քանզի այդ ընթացքում նա իրենից դեն է նետում ողջ ցուցադրականը, կրքի պոռթկման ժամանակ, քանզի այդ ընթացքում մոռանում է իր կանոնները, ինչպես նաև նոր հանգամանքներում, քանզի այդ ժամանակ նրան լքում է սովորության ուժը:

Երջանիկ են նրանք, ում բնությունն իրենց զբաղմունքների հետ համաձայնության մեջ է. այլ կերպ նրանք կարող են ասել. «Multiim incola fuit anima mea» («Երկար է ապրել իմ հոգին». Հին Կտակարան, Դավթի սաղմոս, 119), երբ հարկադրված են զբաղվել այնպիսի բաներով, որոնց նկատմամբ հակումներ չունեն: Զբաղվելով գիտություններով՝ թող մարդը ժամեր նշանակի այն բաների համար, ինչին իրեն հարկադրում է, իսկ այն բաների համար, ինչ ներդաշնակ է իր բնությանը, թող չմտահոգվի և հատուկ ժամանակ հատկացնի, քանզի նրա մտքերն իրենք դրանց կանդրադառնան, որքանով թույլ կտան ուրիշ գործերը և զբաղմունքները:

Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դուրս է գալիս կա՛մ որպես հացազգի, կա՛մ որպես մոլախոտ. դե, թող նա ժամանակին ջրի առաջինները և քաղհանի երկրորդները:

XXXIX. Սովորության և դաստիարակության մասին

Մարդիկ բնական հակումների համապատասխան մտածում են, գիտելիքների և ներշնչված կարծիքների համապատասխան խոսում, բայց նրանք գործում են սովորության համապատասխան: Ուստի ճիշտ է նկատում Մաքիավելին (չնայած և ըստ որում նողկալի օրինակ է ընտրում), որ չի կարելի վստահել ո՛չ բնության ուժին, ո՛չ ճարտասանության ուժին, եթե նրանց չի միանում նաև սովորությունը: Իսկ նրա օրինակն այն է, որ արյունալի դավադրության հաջողության համար պետք չէ հույս դնել ո՛չ բնածին վայրագության, ո՛չ վճռականության արտահայտման վրա, այլ անպատճառ ընտրել նրան, ով արդեն մի անգամ շաղախել է իր ձեռքերն արյունով: Ճիշտ է, Մաքիավելին չգիտեր ո՛չ եղբայր Կլեմանին (3), ո՛չ Ռավալյակին (4), ո՛չ Ժորեգիին (5), ո՛չ Բալթազար Ժիրարին (6), և այնուամենայնիվ նրա կանոնը մնում է ուժի մեջ. ո՛չ մարդու բնույթը, ո՛չ էլ խոսքային պարտավորվածությունները չունեն այն ուժը, ինչ սովորությունը: Բայց միայն սնահավատությունն այժմ այնպիսի հաջողությունների է հասել, որ սկսնակներն էլ ցուցաբերում են անուղղելի մարդասպանից ոչ պակաս աներերություն, և նույնիսկ արյունոտ գործում երդումը հավասարազոր է դարձել սովորությանը: Մնացած ամեն ինչում սովորությունը թագավորում է ամենուրեք, այնպես որ զարմանք ես կտրում՝ լսելով, թե ինչպես են մարդիկ հավատացնում, վստահեցնում, պարտավորվում, բարձրաձայն երդվում, իսկ հետո վարվում ճիշտ այնպես, ինչպես առաջ, կարծես նրանք բոլորը մեռած կուռքեր են, ովքեր շարժման մեջ են դրվում միայն սովորության մեխանիզմով:
Լավ հայտնի է նաև, թե ինչի է հանգեցնում սովորության բռնակալությունը: Հնդիկները (այստեղ ես նկատի ունեմ նրանց իմաստունների կաստան), իրենց զոհաբերության դատապարտելով, հանգիստ խարույկ են բարձրանում, և նույնիսկ նրանց կանայք ձգտում են այրվել իրենց ամուսինների մարմինների հետ միասին: Հին Սպարտայի պատանիներն առանց երերալու ենթարկում էին իրենց խարազանման Դիանայի զոհասեղանի վրա: Հիշողության մեջ է մնացել, որ Ելիզավետա Անգլիացու գահակալության սկզբում մի դատապարտված իռլանդացի խռովարար խնդրում էր կուսակալին, որպեսզի իրեն խեղդեն ոչ թե պարանով, այլ ուռենու որթով, որովհետև հենց այդպես էին վարվում խռովարարների հետ նախկինում: Իսկ Ռուսաստանում պատահում է, որ վանականները ապաշխարելու համար ողջ գիշեր մնում էին ջրով լի տակառում, մինչև լրիվ չէին սառչում: Դեռ կարելի է բերել մարմինների և հոգիների վրա սովորության ու սովորույթի ամենազոր իշխանության բազմաթիվ օրինակներ: Եվ քանի որ սովորությունը մարդկային կյանքի գլխավոր կառավարիչն է, ապա հարկ է ողջ ուժերն ուղղել լավ սովորություների հաստատմանը:

Սովորությունն ամենահաստատունն է, երբ սկիզբ է առնում պատանի տարիներին. հենց դա էլ անվանում ենք դաստիարակություն, որն ըստ էության ոչ այլ ինչ է, եթե ոչ վաղ ձևավորված սովորություններ: Պատանեկության տարիներին լեզուն էլ օտար բարբառների ուսուցման ժամանակ ավելի հնազանդորեն է վերարտադրում հնչյունները, և հոդերն էլ ավելի ճկուն են շարժումներում ու վարժություններում: Իսկ ետ մնացած աշակերտն արդեն չի կարող ողջը վերցնել, եթե միայն չի պատկանում այն մտածողությանը, որը չի ենթարկվել ոսկրացման, այլ պահպանել է ընկալունակությունը և կատարելագործվելու պատրաստակամությունը, ինչը հանդիպում է շատ հազվադեպ:

Բայց եթե այդպիսին է առանձին մարդկանց սովորության ուժը, ապա անհամեմատ ավելի հզոր է սովորույթի ուժը մարդկային զանգվածների մեջ: Չէ՞ որ այստեղ մարդուն սովորեցնում է օրինակը, քաջալերում են ընկերները, խթանում է մրցակցությունը և պարգևատրում հավանությունը. այնպես որ սովորույթի ուժն այստեղ իր համար ամենաբարենպաստ պայմաններն ունի: Իհարկե, մարդկային բնության մեջ առաքինության բազմապատկումը կախված է հասարակության հաջող կառուցվածքից: Որովհետև հանրապետությունները և լավ կառավարությունները փայփայում են արդեն հասունացած առաքինությունը՝ նկատելի ազդեցություն չգործելով նրա սերմերի վրա: Բայց հենց դա է դժբախտությունը, որ ամենագործուն միջոցները մեր օրերում ուղղված են ամենաքիչ ցանկալի նպատակներին:

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

1) «Ընտրիր լավագույնը, իսկ սովորությունը այն հաճելի և թեթև կդարձնի».  այս ասույթը վերագրվում է Պյութագորասին – ծանոթությունը՝ թարգմանչի
2) «Նա է բոլորից լավ իր ոգուն հաղթում, ով մարմինը շղթայազերծելով, դադարում է նաև տրտմելուց»: Օվիդիոս
3) Դոմինիկյան վանական, ով Ֆրանսիայում կրոնական պատերազմների ժամանակ դաշունահարեց Հենրիխ 3-րդին:
4) Մոլեռանդ կաթոլիկ, ով սպանեց Ֆրանսիայի արքա Հենրիխ 4-րդին:
5) Մահափորձ է կատարել Օրանի դուքս, Հոլանդիայի փոխարքա Վիլհելմի դեմ:
6) Նախորդ մահափորձից երկու տարի անց սպանեց Վիլհելմին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.