«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Հեգել

Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին
Զեկույց թագավորական պրուսական լուսավորության նախարարությանը
 (հատվածներ)

Նյուրենբերգ, 1816թ. օգոստոսի 2

Նախ և առաջ համարձակվում եմ ցուցանել, որ գիմնազիաներում այդ թերության վերացմանը ծառայող միջոցառումը կարող է ազդեցություն թողնել միայն նրանց վրա, ովքեր մինչև համալսարան ընդունվելը հաճախել են այդ ուսումնական հաստատությունները: Բայց գոյություն ունեցող օրենքներով համալսարանների ռեկտորատները պարտավոր են համալսարանական ընկերակցություն ընդունել նաև չկրթված և անգիտակ պատանիների, եթե միայն այդպիսիները ներկայացնում են վկայագիր իրենց այդ լիակատար տհասության մասին: Համալսարանների նախկին կարգը, երբ ֆակուլտետի դեկանը տվյալ ֆակուլտետ ընդունվել ցանկացողներից քննություն էր ընդունում, ճիշտ է, այլասերվել էր ձևականության, այնուամենայնիվ համալսարաններին հնարավորություն և իրավունք էր թողնում թույլ չտալու ընդունվել բոլորովին չկրթված և տհաս մարդկանց: .... Որպես գիտա-քննական հանձնաժողովի անդամ... ես հնարավորություն ունեի տեսնելու, որ համալսարանում ընդունվելու համար վկայագիր ստացող անձանց տգիտությունը ընդգրկում է բոլոր աստիճանները, և նախապատրաստությունը, որը կարող է կազմակերպվել այդպիսի սուբյեկտների քիչ թե շատ նշանակալից քանակի համար, որոշ դեպքերում պետք է սկսվի մայրենի լեզվի ուղղագրությունից: Միաժամանակ լինելով տեղի համալսարանի պրոֆեսոր՝ համալսարանում սովորողների գիտելիքների ու կրթության այդպիսի անկատարության առկայությամբ կարող եմ միայն երկյուղ կրել ինձ և գործընկերներիս համար, երբ մտածում եմ, որ  այդպիսի մարդկանց սովորեցնելը մեր խնդիրն է, և որ մենք պատասխանատվություն ենք կրում այն հաճախակի դեպքերի համար, երբ բարձրագույն կառավարության ծախսերով հետամտվող նպատակին չենք հասնում. նպատակ, որը բաղկացած է ոչ միայն մասնագիտական նեղ նախապատրաստությունից, այլ նաև համալսարան ավարտողների ոգու կրթությունից: Որ համալսարանական կրթության պատիվն ու հարգանքը չեն բազմապատկվում այդպիսի կատարելապես տհաս պատանիների ուսման թույլտվությունից, հավանաբար կարիք չունի հետագա մեկնաբանությունների:

Ես պատիվ կհամարեմ Թագավորական նախարարությանը գիտա-քննական հանձնաժողովում կատարած  իմ դիտարկումներն այնուամենայնիվ շարադրելը: Այն է`եթե այդպիսի քննությունները նպատակ են հետապնդում նրանց տրված ատեստատի միջոցով համալսարանի համար անբավարար պատրաստված բոլորին ցույց տալ իրենց գիտելիքների մակարդակը և դրանով խորհուրդ տալ մի փոքր հետաձգել համալսարան ընդունվելն ու նախապես լրացնել նախապատրաստության բացերը, ապա այդ նպատակին սովորաբար չենք հասնում` չէ՞ որ, ինչպես ինձ թվում է, քննվողներին ոչ մի նոր բան չի ասում իրենց չիմացության վավերացումը. նրանք լրիվ գիտակցությամբ այն բանի, որ չգիտեն ո՛չ լատիներեն, ո՛չ հունարեն, ո՛չ մաթեմատիկա, ո՛չ պատմություն, այնուամենայնիվ, համալսարան ընդունվելու վճիռ են կայացնում, և ընդունված որոշման համաձայն ոչ մի այլ բան չեն ցանկանում հանձնաժողովից, բացի ատեստատի օգնությամբ ընդունվելու հնարավորություն ստանալուց: Այդպիսի ատեստատը, հավանաբար, նրանց համար ամենաքիչը  համալսարան չընդունվելու խորհուրդ է, չէ որ հենց այդ ատեստատով, անկախ նրա բովանդակությունից, նրանց ձեռքն է տրվում համալսարան մտնելու անհրաժեշտ պայման:

Որպեսզի անցնենք անմիջականորեն Թագավորական նախարարության մատնանշած առարկային` գիմնազիաներում հայեցողական (մտազննական) մտածողությանը նախապատրաստությանը և իմաստասիրության ուսումնասիրությանը, ես ստիպված եմ որպես ելակետ ընդունել տարբերությունը՝ նյութական և ձևական պատրաստության միջև: Եվ չնայած առաջինն այստեղ ունի ավելի անուղղակի ու հեռավոր առնչություն, ինձ հնարավոր է թվում քննել որպես հայեցողական մտածողության սեփական հիմք, այդ իսկ պատճառով` չշրջանցել լռությամբ:

Սակայն քանի որ այդպիսի պատրաստության նյութական կողմը ես կհամարեի ինքնին ուսուցումը գիմնազիայում, ապա ինձ անհրաժեշտ է անվանել այդ առարկաները և հիշատակել նպատակի (որի մասին այստեղ խոսվում է) նկատմամբ նրանց հարաբերության մասին:

Մեկը առարկաներից
, որոնք ես կցանկանայի թվարկել այստեղ, կլիներ հների ուսումնասիրությունը, քանի որ դրա շնորհիվ երիտասարդության մտածողության և պատկերացումների մեջ են ներարկվում անհատների և ժողովուրդների մեծ պատմական ու գեղարվեստական մտածելակերպերը, նրանց արարքները և ճակատագրերը, ինչպես նաև նրանց առաքինությունները, բարոյական սկզբունքները և համոզմունքները: Բայց ոգու և նրա ավելի խորը գործունեության համար դասական գրականությունը միայն այն ժամանակ կարող է դառնալ իրապես արգասաբեր, երբ գիմնազիայի բարձր դասարաններում լեզվի ձևական իմացությունը կդիտարկվի ավելի շուտ որպես միջոց, այն ժամանակ, երբ առաջինը` գրականության բովանդակությունը, կդառնա գլխավոր, իսկ այն, որ բանասիրությունում վերաբերում է գիտնականությանը, կմնա համալսարանի և նրանց համար, ովքեր հետագայում կցանկանան իրենց բանասիրությանը նվիրել:

Մյուս առարկան ոչ միայն ինքնին ունի ճշմարտությունը՝ որպես բովանդակություն, ինչը նաև հետաքրքրություն է ներկայացնում իմաստասիրության համար՝ որպես ճանաչողության ինքնատիպ եղանակ, բայց և միաժամանակ այդ բովանդակություն մեջ ունի անմիջական կապ հայեցողական մտածողության ձևական կողմի հետ: Այդ տեսանկյունից էլ ես կցանկանայի հիշատակել այստեղ մեր կրոնի դոգմատիկ բովանդակությունը, քանի որ վերջինը ոչ միայն պարունակում է ճշմարտությունն իրենում և իր համար, այլև այնպիսի հակադրությամբ բովանդակում է այն հայեցողական (սպեկուլյատիվ) մտածողությանը, որ ինքը անմիջապես էլ բերում է իր ետևից ներհակություն բանականությանը և ճնշում է դատողությանը: Այդ բովանդակությունն այդպիսի կողմից կապված կլինի հայեցողական մտածողության նախապատրաստության հետ, կախված է նրանից, թե կրոնի դասավանդման մեջ եկեղեցական դոգմատիկ ուսմունքը շարադրված կլինի արդյոք միայն պատմական զետեղվածքով, ընդ որում ընդհանրապես չի արծարծվի իսկական, խորը ակնածանքը կրոնի նկատմամբ, իսկ ծանրության կենտրոնը կտեղափոխվի դեպի դեիզմի ծեծված ճշմարտությունները, բարոյական ուսմունքները կամ նույնիսկ միայն ենթակայական զգացմունքները: Դասավանդման վերջին եղանակի դեպքում, ընդհակառակը, ավելի շուտ դաստիարակվում են ընդունակություններ, որոնք հակադիր են մտազննական մտածողությանը, դա լրման է հասցնում ինքնահավանությունը և բանականության կամայականությունը, և այդ ժամանակ գիտակցությունը կա՛մ հանգում է պարզ անտարբերության իմաստասիրության նկատմամբ, կա՛մ դառնում է սոփեստության ավարը:

Ե՛վ մեկը, և՛ մյուսը՝ դասական մտածելակերպը և կրոնական ճշմարտությունը, (որքան վերջինը դեռ եկեղեցու հին դոգմատիկ ուսմունքն է) ես այդ պատճառով կհամարեի իմաստասիրական պարապմունքներին նախապատրաստության սուբստանցիական (սուբստանցիա - անփոփոխ էություն. ծանոթություն թարգմանչի) կողմը, այնպես որ եթե պատանու խելքն ու ոգին չեն համակվում նրանցով, ապա համալսարանական ուսուցմանը բաժին կմնա հազիվ թե իրագործելի խնդիր` ընդամենը արթնացնել ոգին սուբստանցիալ բովանդակության համար և հաղթահարել արդեն ձևավորված փառասիրությունն ու ուղղվածությունը դեպի սովորական պահանջմունքները, որոնք այդ հանգամանքներում այդպես հեշտությամբ բավարարում են գտնում:

Իմաստասիրության սեփական էությունը հարկ է համարել այն, որ այդ ներքնապես ծանրակշիռ բովանդակությունը ձեռք բերի մտազննական ձև: Բայց ես կարիք չունեմ իմաստասիրության դասավանդումը հանելու գիմնազիայի ուսումնական պլաններից, թողնելով այն համալսարանների համար, քանի որ Թագավորական նախարարության բարձրագույն շնորհագիրը, որը նախատեսում է այդպիսի բացառումը, ազատում է ինձ դրանից:

Այսպիսով, հատուկ գիմնազիայում ուսուցման համար մնում է միջին օղակը, որը պետք է քննել որպես անցում պատկերացումներից և հավատից (այդ ներքնապես ծանրակշիռ բովանդակության վերաբերմամբ) դեպի իմաստասիրական մտածողություն: Այդպիսի միջին օղակը հարկ կլինի տեսնել ընդհանրական պատկերացումների, իսկ ավելի ճիշտ` խոհական և իմաստասիրական մտածողության համար ընդհանուր մտքի ձևերի օգտագործման մեջ: Այդպիսի պարապմունքներն ավելի սերտորեն կապված կլինեին հայեցողական մտածողության հետ մասամբ այն պատճառով, որ վերջինը ենթադրում է իր համար վերացական մտքերում առաջ շարժվելու կարողություն, առանց զգայական նյութի, որը դեռ առկա է մաթեմատիկական բովանդակության մեջ, մասամբ էլ այն պատճառով, որ մտքի ձևերը, որոնց իմացությունը ձեռք կբերվի պարապմունքների ժամանակ, ավելի ուշ կօգտագործվեն հենց իմաստասիրության մեջ, ինչպես նաև կկազմեն իմաստասիրության մեջ վերմշակվող նյութի հիմնական մասը: Բայց հատկապես այդ ծանոթությունը և մտքերում ձևականին դիմելու սովորությունը հենց այն է, ինչ կարելի է դիտարկել որպես համալսարանում իմաստասիրության ուսումնասիրման համար անմիջական նախապատրաստություն:

Ինչ վերաբերում է գիտելիքների որոշակի շրջանակին, ինչով հարկ կլիներ սահմանափակել ուսուցումը գիմնազիայում, կցանկանայի առաջին հերթին և անվերապահորեն բացառել իմաստասիրության պատմությունը, չնայած սկզբնապես այն հաճախ թվում է հարմար գիմնազիայում դասավանդման համար: Եթե չի նախադրվում հայեցողական գաղափար, ապա իմաստասիրության ուսումնասիրումը դառնում է ոչ այլ ինչ, եթե ոչ պատմություն պատահական, անբովանդակ կարծիքների մասին և հեշտությամբ հանգեցնում է բացասական, արհամարհական կարծիքի և հատկապես` պատկերացման, իմաստասիրության մասին (երբեմն այդ կցանկանային դիտարկել որպես նրա ուսումնասիրման նպատակ և հանձնարարականներ), որ անօգուտ է ուժեր ծախսել այդ գիտության վրա, և առավել ևս իզուր է սովորող երիտասարդության ուժերը նրա վրա մսխել:

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.