«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Թամար Ղահրամանյան

Ամփոփիչ դաս
Ե. Չարենցի «Հայրենիքում» և «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունների

Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի ընթերցարանի ծրագրային հեղինակներից է Եղիշե Չարենցը, իսկ որպես ուսուցողական նյութ՝ զետեղված են նրա «Հայրենիքում» և «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունները: Բանաստեղծի կյանքին ծանոթանալուց հետո էլեկտրոնային գրատախտակի վրա դիտեցինք Չարենցի ծննդավայրի` Կարսի մասին պատմող ուսումնական նյութը, որն անցած տարի պատրաստել էին մեր 9-2 դասարանի աշակերտները: Նյութը նպաստեց, որ յոթերորդցիները նույնպես հետազոտական աշխատանք կատարեն. քարտեզի վրա գտնեն Կարսը, հանրագիտարանից նոր տեղեկություններ բերեն քաղաքի մասին և այլն:

Երկու բանաստեղծություններն անցնելուց հետո որոշեցինք մի ամփոփիչ դաս անել, համեմատել 2 գործերն էլ, գտնել դրանց ընդհանրությունները և տարբերությունները: Դասի թեման հայրենիքն է` Հայաստանը, նրա պատմության և մշակույթի չարենցյան ընկալումը: Դասը սկսում ենք մտագրոհի մեթոդով: Սա խմբային աշխատանքի պարզագույն, բայց արդյունավետ մեթոդ է, որը տեղին է գործածել խթանման փուլում: Այս մեթոդը մտքերի տարափ են անվանում, քանի որ հաճախ խրախուսվում են պարզապես ուսումնասիրվող նյութին այս կամ այն կերպ առնչվող բառեր թվարկելը կամ գաղափարներ արտահայտելը: Յոթերորդցիները, հիմնվելով նախորդ դասերի վրա, թվարկում են այն մտքերը, ձևակերպումներն ու բառերը, որոնք շեշտվել են անցած դասերի ընթացքում: Ահա այդ մտքերից մի քանիսը, որ առանձնացրել են երեխաները.

Հայաստանում կան ձյունապատ լեռներ և կապույտ լճեր:
Չարենցը սիրում է իր հայերենի արևահամ բառը:
Հայաստանում լինում են խստաշունչ ձմեռներ:
Նարեկացին և Քուչակը հայ բանաստեղծներ են:
Չարենցը գործածում է գեղեցիկ բառեր և մակդիրներ:

Մտագրոհը տևում է 5-7 րոպե: Այնուհետև դասարանը բաժանվում է 4 խմբի: 1-ին խմբին հանձնարարվում է գտնել երկու բանաստեղծությունների նման պատկերները, արտահայտությունները, բառերը: 2-րդ խումբը պետք է դուրս գրի բանաստեղծությունների մակդիրները և համեմատի դրանք: 3-րդ խմբին տրվում է դուրս գրել բոլոր բարդ և ածանցավոր բառերը և այդ բառերի բաղադրիչներով կազմել նոր բառեր: Իսկ ահա 4-րդ խմբին հաձնարարվում է գրել մի փոքրիկ կապակցված խոսք` օգտագործելով երկու ստեղծագործություններում իրենց դուր եկած բառերը, պատկերները և արտահայտությունները:

Խմբերից յուրաքանչյուրն ընտրում է իր գրագրին, իսկ աշխատանքն ավարտելուց հետո նաև որոշում, թե ամեն խմբից ով է ներկայացնելու կատարած աշխատանքը: Այդ ընթացքում շրջում եմ խմբերում, օգնում հարկ եղած դեպքում, խրախուսում: 15 րոպե հետո սովորողներից պահանջվում է վայր դնել գրիչները` ամփոփելով իրենց հանձնարարված աշխատանքը:

Առաջին խմբի աշխատանքը ներկայացնում է Գարիկը: Խումբը լավ է աշխատել, գտել է հետաքրքիր ընդհանրություններ:
Օրինակ` կապույտ լճեր - լիճը լուսե
 ձյունապատ լեռներ - Արարատի նման ճերմակ գագաթ
 երկինքներ որպես մանկական աչքեր - երկինքը մուգ

Երկրորդ խմբի աշխատանքը ներկայացնում է Արթուրը: Նրանք դուրս են գրել մակդիրները, ինչպես աստղային, անհուն կարոտ, արևահամ բառ, լուսե լիճ, լուսապսակ ճակատ և այլն, ու իրենց կարողացածի չափ համեմատել են դրանք: Նրանց ամենից շատ դուր է եկել արևահամ մակդիրը:

Երրորդ խմբի ներկայացուցիչը` Մարիամը, կարդում է իրենց դուրս գրած բարդ, ածանցավոր բառերը, ապա նաև դրանց բաղադրիչներից կազմած նոր բառերը:
Օրինակ` երկաթագիր - երկաթակուռ, մատենագիր, գրատախտակ
 Լուսապսակ - արևալույս, պսակաթերթ, լուսարձակ
 Ձյունապատ - ձնագնդի, պարսպապատ, ձյունասպիտակ

Չորրորդ խումբը աշխատել է, որքան կարողացել է: Իրենց կապակցված խոսքի մեջ նրանք համարյա չեն օգտագործել բանաստեղծություններից բառեր, արտահայտություններ, աշխատանքը թերի է, բայց ես խրախուսում եմ նրանց: Ահա այն. «Մեր Հայաստանը բոլորի համար թանկ է: Հայաստանը պետք է պահել մաքուր: Երբ անձրև է գալիս, արևը մայր է մտնում, իսկ երբ անձրև չի գալիս, արևը բացվում է ծիածանի հետ: Շատ գեղեցիկ են մեր Մասիս սարը, մեր լեռները, մեր գետերը»:

Յուրաքանչյուր խմբի աշխատանքը լսելուց հետո քննարկում ենք, զրուցում և ապա գտնում այդ պահին ծագած հարցերի պատասխանները: Ապա խմբերը իրենք իրենց աշխատանքները գնահատում են 10 միավորանոց համակարգով: Ամենաբարձր միավորը վաստակում է առաջին խումբը լուռ, կազմակերպված աշխատանքի, անթերի ներկայացնելու և կագապահության համար:

Դասին մնացել է 16 րոպե, և իբրև ամփոփիչ աշխատանք՝ գրատախտակի վրա գծում եմ Վեննի դիագրամը ու սովորողների մասնակցությամբ լրացնում բանաստեղծությունների ընդհանրություններն ու տարբերությունները:

Դասի վերջին մի քանի րոպեներին լրացնում ենք պրիզմա հայրենիք բառով: Այս մեթոդը խթանում է սովորողների ասոցիատիվ մտածողությունը և այն դարձնում ավելի պատկերավոր ու ամբողջական: Ահա մեր ստացած պրիզման:

Պրիզման ավարտելուց հետո իբրև տնային աշխատանք հանձնարարում եմ հայրենիք սկզբնաբառով և Հայաստան վերջնաբառով որևէ միտք, աֆորիզմ ձևակերպել տանը: Հաջորդ դասին բերված ձևակերպումները շատ էին, ահա դրանցից մի քանիսը.
Ինձ համար Հայաստանից բացի ուրիշ հայրենիք չկա: (Վիկա)
Մարդն իրեն երջանիկ է զգում իր Հայաստան հայրենիքում: (Վարդուհի)
Իմ հայրենիքը Հայաստանն է: ( Արամ)
Հայաստան և հայրենիք բառերը ես շատ եմ սիրում: (Արեգ)
Այսքանը… Ամփոփիչ դասն ավարտված է, բայց չարենցյան դասերը շարունակվում են:

Առջևում Չարենցի ծննդյան 113-րդ տարեդարձն է: Երանելի ծնունդ, ծնունդ, ում ստեղծագործությունը շարունակում է ոգեշնչման աղբյուր լինել մեծին ու մանուկին: Ծնունդդ շնորհավոր, Ուսուցի՛չ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.