«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 6

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նիկիտա Պողոսյան «Հեռավորություն տարածության մեջ»
Աշոտ Տիգրանյան
«Հայոց պատմություն համաշխարհային պատմության համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Մարիամ Սիմոնյան
«Կարաոկեն ուսումնական գործունեություն»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգ»

Ուսումնական նյութեր
Ռադյարդ Կիպլինգ
«Եթե»


ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ չեխական դպրոցում»
Ալեքսանդր Սավենկով
«Մանկական հետազոտությունները տնային ուսուցման պայմաններում
»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողների հունիսյան ուսումնահետազոտական ճամբար 2007թ.

«Նոր դպրոցի» ամառային ուսումնահետազոտական ճամբարի
գործունեության հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (հինգերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Սեմյոն Սոլովեյչիկ
«Նվեր մտքեր»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Ա. Տիգրանյանի գնահատման գործակցային համակարգի մասին»


Ջոն Դյուի

ԴՊՐՈՑԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հինգերորդ գլուխ
Ուսուցման ֆրեբելյան համակարգի սկզբունքները
(Նախորդ գլուխը)

Չիկագոյի համալսարանին կից կրտսեր դպրոցում դեռ հիշում են մի կնոջ մասին, որ դպրոցի գոյության սկզբնական օրերին այցելել էր՝ մանկան պարտեզը տեսնելու: Նրան ասել էին, որ դպրոցը մանկան պարտեզ դեռ չի կազմակերպել. այդ ժամանակ նա հարցրել էր, թե դպրոցում չկա՞ն եգեցողություն, նկարչություն, ձեռքի աշխատանք, խաղեր ու մանկական ներկայացումներ և հասարակության կյանքի հետ երեխայի կապը պահպանելու ձգտում: Երբ այդ հարցերին դրականորեն էին պատասխանել, նա հաղթականորեն և միևնույն ժամանակ մի քիչ վրդովմունքով նկատել էր, որ դա հենց այն է, ինչ ինքը նկատի ունի՝ մանկան պարտեզ ասելով, և չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում իրեն ասված խոսքը, թե դպրոցը մանկան պարտեզ չունի: Դիտողությունը, թերևս, արդարացի էր սկզբունքորեն, եթե ոչ տառացիորեն: Դա ակնարկ էր պարունակում այն մասին, որ մեր դպրոցը խնդիր էր դրել ուսուցման ամբողջ ընթացքում (ընդունելով չորսից մինչև տասնչորս տարեկան երեխաներին) որոշակի իմաստով գործողության մեջ դնել սկզբունքներ, որոնք առաջին անգամ Ֆրեբելն էր գիտակցաբար առաջ քաշել: Ընդհանուր գծերով այդ սկզբունքները հետևյալն են:

1)         Դպրոցի առաջին պարտականությունը երեխաներին համագործակցության ու փոխօգնության վարժեցնելն է, փոխադարձ կախվածության գիտակցությունը զարգացնելը, գործնականում երեխաների այնպիսի կարողությունների զարգացմանը նպաստելը, որոնք կօգնեն այդ ոգին իրենց հասարակական գործունեություն ներմուծել:

2)         Մանկավարժական գործունեության հիմնական արմատը երեխաների բնազդների, ներքին խթանների ու ակտիվության զարգացումն է, այլ ոչ թե արտաքին նյութի հարմարեցումն ու հաղորդումը (անկախ ձևից՝ ուրիշների մտքերը փոխանցելո՞ւ, թե՞ զգայական ընկալումների միջոցով)։ Դրան համապատասխան՝ մանկան ակտիվության բազմաթիվ դրսևորումները՝ խաղերը, զվարճությունները, կրկնօրինակման ձգտումները, նույնիսկ փոքր երեխաների աննպատակ շարժումները (սրանք բոլորը դրսևորումներ են, որ նախկինում անտեսվում էին՝ որպես դատարկ, անպետք և նույնիսկ վատը համարվող) բոլորն օգտակար են կրթական նպատակներով, դեռ ավելին՝ դրանք մանկավարժության անկյունաքարերն են:

3)         Ճիշտ օգտագործելու դեպքում այս անհատական ձգտումներն ու ակտիվության դրսևորումներն ուղղակիորեն նպաստում են կյանքում համագործակցության ստեղծմանը, որի մասին արդեն ասվել է, դրանցից օգտվելով՝ երեխային կարելի է նախապատրաստել ավելի լայն, հասուն հասարակությանը (ուր նա ի վերջո մտնելու է) բնորոշ գործերի ու աշխատանքների, և միայն արդյունավետ ու ստեղծագործական աշխատանքն է երաշխավորում ու հաստատում իսկական արժեքավոր գիտելիքը:

Ինչքանով որ այս դրույթները ճշգրտորեն են վերարտադրում կրթության ֆրեբելյան փիլիսոփայությունը, այնքանով մեր դպրոցը որպես նմուշ պետք է դիտարկել: Ինչպես չորս, այնպես էլ տասներկու տարեկանների համար դրանք նույն անկեղծությամբ ու նրանց պիտանելիության նկատմամբ հավատով կիրարկելու փորձ է արվում։ Բայց այսպես կոչված «մանկան պարտեզը» դպրոցին վերագրելու և այնտեղով անցկացնելու փորձը աշխատանքների որոշ ձևափոխությունների անհրաժեշտություն է առաջացնում, աշխատանքներ, որոնք կատարվում են երեխայի կյանքի՝ «մանկան պարտեզի շրջան» տեխնիկական անվամբ փուլում, այսինքն՝ չորսից վեց տարեկան երեխաների հետ: Անհրաժեշտ է միայն պարզել այն պնդման հիմքը, որ չնայած այդ փոփոխություններից մի քանիսի արմատական բնույթին, նրանք հավատարիմ են մնում Ֆրեբելի ոգուն:

ԽԱՂԵՐ ԵՎ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐ

Խաղը չպետք է նույնացվի երեխայի կյանքի արտաքին կամայական դրսևորման հետ։ Ավելի շուտ խաղն արտահայտում է նրա մտավոր վիճակը՝ իր ամբողջականությամբ ու միասնականությամբ: Դա ազատ ու ներքին խաղն է, որն արտահայտում է երեխայի բոլոր ընդունակությունները, նրա մտքերն ու ֆիզիկական շարժումները, նրա մարմնացումը՝ իրեն բավարարող ձևով, նրա կերպարը, նրա հետաքրքրությունների ամբողջությունը: Բացասական կողմը տնտեսական ճնշումից՝ գոյության միջոցների հայթայթումից, ուրիշներին օգնելու անհրաժեշտությունից և ընդունված, հատկապես մեծահասակներին բնորոշ պատասխանատվությունից ազատ լինելն է: Դրական կողմը այն բանի բացահայտումն է, որ երեխայի բարձրագույն նպատակն իր զարգացման ամբողջականությունն է՝ իր բացվող հզորության արտահայտությունների ամբողջականությունը, ինչը նրան միշտ մղում է մի նախաձեռնությունից մյուսին:

Սա շատ ընդհանուր դրույթ է և այսպիսի ընդհանուր տեսքով՝ շատ մշուշոտ ու զուրկ գործնական որևէ կիրառական նշանակությունից: Նրա ուժը մանրամասների, կիրառության մեջ է, և այնուամենայնիվ այն խոսում է մանկապարտեզում գործերի ընթացքի արմատական փոփոխությունների հնարավորության, որոշ դեպքերում՝ նույնիսկ անհրաժեշտության մասին: Այն փաստը, որ «խաղն» արտահայտում է երեխայի հոգեկան վիճակը և ոչ թե նրա արտաքին գործողությունները, նշանակում է ամբողջական ազատագրում նախօրոք տրված կամ որոշված համակարգին հետևելուց կամ «Ֆրեբելի նվերներից», խաղերից, զվարճություններից: Իհարկե, խելամիտ ուսուցչուհին իր համար ազդակներ կփնտրի այն ակտիվ դրսևորումներում, որոնց մասին Ֆրեբելը հիշատակել է իր «Մայրական խաղեր» գրքում ու մյուսներում և դրանց հետագա ժողովածուներում, որոնք այդքան մանրամասն մշակել են նրա աշակերտները, բայց ուսուցչուհին նաև պետք է հիշի, որ խաղի բնույթն իրենից պահանջում է դրանց ուսումնասիրություն և քննադատություն. նա պետք է որոշի, թե իսկապե՞ս դրանք իրեն վստահված երեխաների ակտիվության դրսևորումներ են, թե՞ այդպիսին էին անցյալում, ուրիշ հատուկ պայմաններում: Ինչ վերաբերում է զբաղմունքներին, զվարճություններին և այլ բաների պարզ կրկնությանը, որոնք նշվել են Ֆրեբելի և նրա առաջին աշակերտների կողմից, ապա դրանց վերաբերյալ կարելի է վստահորեն ասել, որ շատ կողմերով պրեզումպացիան դրանց դեմ է (պրեզումպացիան այն է, որ Ֆրեբելի համակարգի արտաքին կողմի նկատմամբ ակնածանքը պահելով՝ դադարում ենք հավատարիմ մնալ նրա սկզբունքներին):

Իր նպատակին հասնելու աղբյուրներ փնտրելիս ուսուցիչը պետք է բացարձակապես ազատ լինի և միայն ինքն իրեն հետևյալ երկու հարցը տա. նախ՝ առաջարկվող խաղի ձևը երեխային կթվա՞ որպես իր հորինածը, կլինի՞ այնպիսի մի բան, որն անմիջական արմատներ ունի երեխայի մեջ, և կնպաստի՞ երեխայի մեջ եռացող ու ժայթքելու ձգտող ընդունակությունների հասունացմանը: Եվ հետո՝ ենթադրվող գործունեությունը տալի՞ս է այդ իմպուլսների արտահայտմանն այնպիսի տեսք, որը նպաստի երեխայի գիտակցության բարձրացմանն ու արարքների հասունացմանը, թե՞ միայն կգրգռի նրան՝ թողնելով նույն վիճակում, որ նախօրոք կար, նույնիսկ ավելի վատ՝ կառաջացնի նյարդային էներգիայի կորուստ և ապագայում ավելի ուժեղ գրգիռների անհրաժեշտություն:

Գոյություն ունի որոշակի վկայություն, որ Ֆրեբելն ամենաուշադիր կերպով, այժմ կարող ենք ասել՝ ինդուկտիվորեն ուսումնասիրել է իր ժամանակի մանկական խաղերն ու այն խաղերը, որոնցով մայրերը զվարճացնում էին իրենց փոքրիկներին: Նա նաև շատ ջանք է թափել, որ «Մայրական խաղեր» գրքում դուրս բերի այդ խաղերում ամփոփված, կարևոր նշանակություն ունեցող որոշ սկզբունքներ: Նա ցանկանում էր իր սերնդի գիտակցությանը հասցնել, որ դրանք ամենևին էլ դատարկ ու մանկական բաներ չեն, որ իրականում դրանք երեխայի զարգացման կարևոր գործոններ են: Ոչ մի ակնարկ չեմ տեսնում, որ նա ենթադրեր, թե հենց այդ խաղերը և միայն այդ խաղերն են կարևոր, կամ որ նրա փիլիսոփայական բացատրությունը ուրիշ հիմք ունենար, քան այն, ինչ ենթադրում էի: Հակառակը, հավատում եմ, որ նա իր հետնորդներից ավելի շուտ սպասում էր այդ խաղերի հետագա զարգացումը ժամանակակից կյանքի պայմանների և գործունեության ուսումնասիրության՝ իր աշխատանքները շարունակելու միջոցով, քան թե իր հավաքած խաղերին տառացիորեն կառչելը: Բացի դրանից, հազիվ թե կարելի լինի ենթադրել, թե Ֆրեբելն ինքը կվիճարկեր այն կարծիքը, որ այդ խաղերի մեկնաբանությունների մեջ ինքը մի քիչ ավելին է արել, քան դրանց նկատմամբ ամենախորը հոգեբանական ու փիլիսոփայական հայացքների կիրառումը, որոնք հասանելի էին նրան այն ժամանակ, և կարելի է ենթադրել, որ նա կլիներ առաջիններից մեկը, որ կողջուներ ավելի լայն ու կատարյալ հոգեբանության զարգացումը (միևնույն է՝ ընդհանուր, փորձարարական, թե երեխայի հոգեբանության), և կօգտվեր դրա եզրակացություններից, որպեսզի երեխայի գործունեությանը նոր մեկնաբանություն տա, դիտարկի դրանք ավելի քննադատաբար՝ ելնելով կրթության նկատմամբ դրանց կարևորության նոր տեսանկյունից:

ՍԻՄՎՈԼԻԶՄ

Պետք է հիշել, որ ֆրեբելյան սիմվոլիզմի զգալի մասը նրա կյանքի ու գործունեության երկու հատուկ պայմանների արդյունք են: Նախ և առաջ՝ երեխայի աճի հոգեբանական և ֆիզիոլոգիական սկզբունքների մասին այն ժամանակվա անբավարար գիտելիքի պատճառով նա ստիպված էր հաճախ տալու խաղի կարևորության երկար ու արհեստական բացատրություն: Անկողմնակալ դիտորդի համար լրիվ պարզ է, որ նրա դրույթներից շատերը լայնածավալ են, ձգված, և վերացարկված փիլիսոփայական բացատրություններ են տրվում այն երևույթներին, որոնք հիմա կարող են պարզ, առօրյա ձևակերպումներ ստանալ: Երկրորդ՝ ընդհանուր քաղաքական և սոցիալական պայմանները Գերմանիայում այնպիսին էին, որ թույլ չէին տալիս անմիջական կապ ենթադրել մանկապարտեզում ազատ կյանքի ու համագործակցության և արտաքին կյանքի միջև: Դրանց համապատասխան՝ նա չէր կարող դպրոցական սենյակի պարապմունքներին նայել որպես ընդհանուր կյանքին բնորոշ ժողովրդագրական սկզբունքների տառացի վերարտադրության. վերջիններս հաճախ շատ հրամայական ու սահմանափակ էին, որպեսզի նմանակման օրինակ դառնային:

Այդ պատճառով նա ստիպված էր դրանք վերացարկված, էթնիկ և փիլիսոփայական սկզբունքների արտահայտություն, խորհրդանիշ համարել: Մեր օրերի Միացյալ Նահանգների կյանքի սոցիալական պայմաններում ակնհայտ են փոփոխություններն ու առաջընթացը այն ժամանակվա Գերմանիայի համեմատ, որպեսզի արդարացնեն, որ մանկապարտեզներն ավելի բնականորեն, ավելի անմիջականորեն ու ավելի իրական վերարտադրեն կյանքը, քան դա անում էին Ֆրեբելի աշակերտները: Եվ այնուամենայնիվ, Ֆրեբելի փիլիսոփայության ու գերմանական քաղաքական իդեալների միջև անհամապատասխանությունը առաջ բերեց Գերմանիայի իշխանությունների կասկածամիտ վերաբերմունքը մանկապարտեզների նկատմամբ (նույնիսկ այն տեսքով, որ նրանք գոյություն ունեին), և փաստ է, որ միայն նրանց ճնշմամբ մանկապարտեզների սոցիալական պարզությունը վերափոխվեց բացառապես մտքի տեխնիկայի:

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԵՐ

Անկասկած է, որ սիմվոլիզմի չափազանց ընդգծումն ազդում է երևակայության զարգացման վրա: Իհարկե, ճշմարիտ է, որ երեխան ապրում է ֆանտազիայի աշխարհում: Որոշակի իմաստով նա միայն երազել կարող է: Նրա գործողությունները վերարտադրում են կամ փորձում են վերարտադրել այն կյանքը, որ նա տեսնում է իր շուրջը: Քանի որ նրա գործողությունները վերարտադրողական են, դրանք կարելի է խորհրդանշական համարել, բայց պետք է հիշել, որ երևութականությունը կամ խորհրդանշականությունը կապ ունեն այն իրականության հետ, որից առաջացել են: Եթե երեխայի համար դրանք մնան իրական ու որոշակի, ինչպես մեծահասակների համար իրենց գործողություններն են, դրա անխուսափելի հետևանքը կլինի արհեստականությունը, նյարդային խանգարումը և ֆիզիկական կամ զգայական գրգռվածությունը կամ ընդունակությունների այլ թուլացումները:

Մանկապարտեզում հետաքրքրական, համարյա անհասկանալի ավանդույթ է դարձել միայն այդ նյութի հետ աշխատելը: Դրա կողմնակիցները հենվում էին այն բանի վրա, որ մանկապարտեզը ձգտում է երեխայի պահանջմունքները բավարարել, և այդ պատճառով նյութը, որ այնտեղ օգտագործվում է, պետք է արհեստական լինի, և որ ինչքան հնարավոր է, պետք է երեխային հեռու պահել իրական առարկաներից և իրական գործողություններից: Խոսում էին մանկապարտեզների մասին, որտեղ սերմերի փոխարեն ավազի հատիկ էին ցանում, երեխան երևակայական ավելով ավլում էր երևակայական սենյակը, երևակայական լաթով երևակայական փոշի էր սրբում, սեղանին թեյի խաղալիք սպասքի փոխարեն, ինչով խաղում էր տանը, մանկապարտեզից դուրս, դնում էր միայն թղթից կտրած ամաններ (այն էլ՝ դեպի երկրաչափական պատկերները հակված): Տիկնիկը, խաղալիք գնացքը, քարշիչն արգելվում էին՝ որպես չափազանց կոպիտ իրական առարկաներ, որոնք չէին զարգացնում մանկական երևակայությունը:

Սա չափազանցություն է: Երեխայի մտքի երևակայության խաղն անցնում է բազում կռահումների, հիշողությունների ու կանխազգացումների միջով, որոնք կուտակվում են այն առարկաների շուրջը, որոնցից երեխան օգտվում է: Ինչքան բնական ու ճիշտ են վերջինները, այնքան ամուր է հիմքը՝ արթնացնելու, համապատասխանեցնելու և միացնելու այն ամենը, որ նրա երևակայության խաղը դարձնում է իրականի կրկնօրինակը: Սովորական եփել-թափելը, աման լվանալը, փոշի սրբելը, որ սովորաբար երեխաներն անում են, նրանց համար ավելի սովորական ու գործնական չեն, քան ասենք «Հինգ Ասպետ» խաղալը: Երեխաների համար այդ խաղը և դրա նմանները չափազանց հագեցած են խորհրդավորության զգացողությամբ, ինչով լցված է այն ամենը, որ կապված է նախնիների կյանքի հետ. այդ պատճառով երեխաների հետ պարապմունքների համար պետք է ընտրել իրական, նրա կյանքի հետ անմիջական կապ ունեցող և որոշակի նյութեր, որքան թույլ են տալիս հանգամանքները:

Բայց նշված սկզբունքի կիրառումն այդքանով չի ավարտվում. խորհրդանշանային իրականությունը չպետք է անցնի երեխայի հասկացողության սահմաններից: Երբեմն համարում են, որ երևակայելն օգտակար է այնքանով, որքանով հետագայում նպաստում է մետաֆիզիկական և հոգևոր էությունների զարգացմանը: Մեծ մասամբ կարելի է ասել, որ մեծահասակներն այստեղ սխալվում են: Նրանք գիտեն և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ իրականը, և՛ խորհրդանիշը և այդ պատճառով հասկանում են դրանց միջև եղած տարբերությունը: Քանի որ ճշմարտությունը կամ վերարտադրված իրականությունը երեխայի ընկալման ոլորտից հեռու են, ենթադրվող խորհրդանիշը նրա համար խորհրդանիշ չէ, այլ որոշակի, բայց յուրօրինակ առարկա: Ինչ նա ստանում է դրանցից, գործնականում դրանց ֆիզիկական և զգայական նշանակությունն է՝ գումարած, հաճախ, արտահայտությունների ու ձևերի հեշտությունը, որ նրանից սպասում է ուսուցիչը. բայց այս ամենը՝ առանց մտքի համապատասխան մասնակցության: Հաճախ երեխային սովորեցնում ենք կեղծավորության, սենտիմենտալիզմ ենք ներարկում և սնում հակում դեպի սենսացիաները, մինչդեռ կարծում ենք, թե սիմվոլների օգնությամբ հոգևոր ճշմարտություններ ենք սովորեցնում: Այդ պատճառով երեխայի կողմից վերարտադրվող իրականությունը պետք է նրան ծանոթ լինի, պետք է բնույթով անմիջական և իրական լինի՝ որքան հնարավոր է: Գլխավորապես սրա հիման վրա մեր դպրոցին կից մանկապարտեզում աշխատանքը կենտրոնանում է հիմնականում ընտանեկան կամ հարևանների կյանքի վերարտադրման վրա, ինչն էլ մեզ հանգեցնում է մանկապարտեզում պարապմունքի բովանդակությանը նվիրված թեմային:


ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Ընտանեկան կյանքը, շենքը, կահույքը, կահ-կարասին և այլն, ընտանեկան գործերի հետ միասին ապահովում են համապատասխան նյութ, որի հետ երեխան իրական ու անմիջական կապ ունի և որը, բնականաբար, ձգտում է վերարտադրել իր երևակայության մեջ: Այնտեղ նաև բավականին շատ բարոյագիտական տարր և բարոյական պարտքի ցուցում կա, և այդ պատճառով նաև բարոյական կողմից է ապահովում երեխային անհրաժեշտ ամբողջ սնունդը: Ծրագիրը ուրիշ շատ մանկապարտեզների ծրագրերի համեմատ հասարակ է, բայց դեռ վիճելի է՝ չունի՞ արդյոք որոշակի առավելություններ իր այդ սահմանափակմամբ: Երբ խնդիրը լայն է դրվում (օրինակ՝ ընդգրկում է արդյունաբերությունը, բանակը, եկեղեցին, պետությունը և այլն) ծրագրի համար չափազանց խորհրդանշական դառնալու վտանգ է առաջանում: Չորս-հինգ տարեկան երեխայի փորձի ու հասկացողության ոլորտից դուրս այնքան շատ նյութ կա, որ այն, ինչ նա գործնականում կարող է ստանալ դրանցից, ֆիզիկական և զգացմունքային ռեֆլեքսն է. նա չի կարող նյութի մեջ իրական խորացման հասնել: Դեռ ավելին, այդպիսի հավակնոտ ծրագրերի դեպքում հենց երեխայի սեփական ինտելեկտի կողմից հակազդման վտանգ կա: Այդպիսի երևակայական ձևով ճանապարհորդելով համարյա ամբողջ տիեզերքով՝ նա դառնում է blase՛ , կորցնում է իր անմիջական փորձի ոլորտում սովորական առարկաների նկատմամբ ձգտումը և այդ պատճառով տարրական դպրոցի առաջին դասարանի նյութերին վերաբերվում է այնպես, իբր ինքն արդեն դրանք բոլորն անցել է: Մանկապարտեզային փուլից հետո երեխայի կյանքի հաջորդ տարիներն իրենց իրավունքներն ունեն, և մակերեսային, մաքուր զգայականորեն առաջ վազելը կարող է երեխային լրջորեն վտանգել:

Դեռ ավելին, գոյություն ունի ևս մի վտանգ՝ արագ մի թեմայից մյուսին անցնելը երեխայի մտքի սովորությունը դարձնելը: Փոքր երեխան բավականին համբերությամբ և հատուկ համառությամբ է օժտված: Ճիշտ է, որ նա նորություն ու բազմազանություն է սիրում, շուտ է հոգնում այն գործունեությունից, որ նոր դաշտեր չի տանում և հետազոտության համար նոր արահետներ չի բացում: Ես միատեսակության պաշտպանը չեմ: Բայց բավականաչափ բազմազանություն եմ տեսնում ընտանեկան պայմաններում տները կահավորելու և խնամելու աշխատանքներում, որտեղ երեխաներն անընդհատ դիտարկումներ են անում: Մե՛րթ այստեղ, մե՛րթ այնտեղ ընտանեկան կյանքը հպվում է հասարակական արդյունաբերական կյանքին. իհարկե, վերջինին կարելի է անդրադառնալ նաև բացատրություններ տալու համար՝ բայց չխաթարելով հիմնական թեմայի ամբողջությունը:

Այդպիսով բարենպաստ առիթ է առաջանում այն զգացման դաստիարակման համար, որն ընկած է ուշադրության և ցանկացած մտավոր գործունեության հիմքում՝ անընդհատության զգացման: Այս անընդհատությունը հաճախ խախտվում է հենց այն մեթոդներով, որոնց խնդիրը անընդհատության երաշխավորումն է: Երեխայի տեսանկյունից միասնականությունը բովանդակության մեջ է. փաստ է, որ ինքը մշտապես գործ ունի մի առարկայի հետ՝ ընտանեկան կյանքի: Ուշադրությունը կենտրոնացած է դրա վրա՝ աստիճանաբար անցնելով մի փուլից մյուսին, մի զբաղմունքից՝ մյուսին, կահավորման մի առարկայից՝ մյուսին և այդպես շարունակ, ոչ մի տեղ չծավալվելով. ուշադրությունը կենտրոնանում է կյանքի միևնույն ձևի վրա, չնայած որ դրա մե՛կ այս, մե՛կ այն կողմը մյուսներից ավելի վառ է երևում: Երեխան ամբողջ ընթացքում աշխատում է էականորեն նույն բանի վրա. նրան աստիճանաբար ավելի պարզ ու որոշակի են երևում այդ միասնության առանձին կողմերը, որոնք, կապվելով միմյանց հետ, արդյունքում դառնում են մի ամբողջություն: Իսկ երբ բովանդակության մեծ բազմազանություն կա, այդ դեպքում անընդհատություն փնտրելիս հեշտորեն բավարարվում են միայն ձևական կողմով, այլ խոսքով՝ անընդհատություն փնտրում են «դպրոցական աշխատանքի» հաջորդականության պլաններում, զարգացման խիստ հաստատված ծրագրերում, որտեղ նշված է յուրաքանչյուր թեման՝ «միտք յուրաքանչյուր օրվա համար», ինչից ենթադրվում է, որ աշխատանքը չի կարող ավելի ընդարձակվել: Որպես կանոն, այդպիսի հաջորդականությունը մաքուր-վերացական է, մտային, և հետևաբար, ընկալվում է միայն ուսուցչի կողմից՝ անցնելով երեխաների գլուխների վրայով: Այդ պատճառով մի տարվա, կես տարվա, մի ամսվա, մի շաբաթվա համար կազմված ծրագիրը պետք է հենվի այն հաշվարկի վրա, թե ընդհանրապես որքան նյութ է հնարավոր յուրացնել այդ ժամանակահատվածում, և ոչ թե մտավոր կամ բարոյական սկզբունքների հիման վրա:
           

ՄԵԹՈԴ

Դպրոցի ցածր դասարաններում հատուկ խնդիր է երեխայի բնածին բնազդների և իմպուլսների տիրապետումն ու դրանց ուղղորդումն այնպես, որ զարգանան երեխայի ըմբռնելու և դատելու կարողությունները, ինչպես նաև նրանում աշխատանքի լավագույն կարողություններ ձևավորվեն. այդպիսով լայնանում և խորանում է նրա գիտակցությունը, աճում է իր գործողություններին տիրապետելու կարողությունը: Այնտեղ, որտեղ այս արդյունքին չեն հասնում, պարապմունքներն ունեն ուղղակի զվարճության բնույթ և կորցնում են իրենց կրթական նշանակությունը:

Թվում է՝ ընդհանրապես կոնստրուկտիվ կամ կառուցողական աշխատանքը, մասնավորապես՝ խաղալիք շենք կառուցելը (իհարկե, ուղեկցվում է երգերով, պատմություններով, խաղերով, որքանով որ դրանք կարող են կապված լինել շինարարության հետ և համարվում են ցանկալի), ուրիշ զբաղմունքներից ավելի շատ է երաշխավորում երկու գործոններին հասնելը՝ մանկական իմպուլսներին ծանոթանալը և երեխային զարգացման ավելի բարձր աստիճանի հասցնելը: Այս աշխատանքը երեխային շփման մեջ է դնում տարբեր նյութերի հետ՝ փայտի, անագի, կաշվի, թելերի և այլն, հնարավորություն է տալիս միայն հեռակա, սիմվոլիկ նշանակություն ունեցող վարժությունների ճանապարհով գնալու փոխարեն դրանք օգտագործել՝ անմիջապես աշխատանքում կիրառելով, աշխատանքն առաջ է բերում երեխայի զգացողության կենդանություն և դիտարկման սրություն, պահանջում է նպատակների (ինչին պետք է հասնել) հստակեցում, նախագծման համար առաջացնում է ճարպկության ու հնարամտության կարիք, առաջ է բերում ուշադրության կենտրոնացում և անձնական պատասխանատվություն կատարման համար, քանի որ արդյունքն այնքան շոշափելի է, որ դժվար չէ երեխային հասցնել նրան, որ ինքը դատի իր աշխատանքի մասին և կարողանա լավացնել իր պատրաստածը:

Մի քանի խոսք պետք է ասել կրկնօրինակման և ներշնչման հոգեբանության մասին, որ կիրառվում է մանկապարտեզում աշխատանքի նկատմամբ: Ոչ մի կասկած չկա, որ փոքր երեխան մեծ հակում ունի կրկնօրինակելու և հեշտորեն տրվում է ներշնչման, նաև ոչ մի կասկած չկա, որ նրա չզարգացած ընդունակություններն ու չհասունացած գիտակցությունը մշտական կարիք ունեն սնվելու և ուղղորդվելու այդ երկու ուղիներով: Այդ հարցով պետք է շատ կարևոր պահանջ ներկայացնել. կարողանալ ընտրություն կատարել երեխայի կրկնօրինակման և ներշնչման ընդունակությունների այնպիսի օգտագործումների միջև, որոնցից մեկը մաքուր արտաքին բնույթ ունի և կապված չէ երեխայի հոգեբանության հետ, իսկ մյուսը երեխայի անձնական գործունեության հետ իր օրգանական կապով ամբողջովին արդարացված է: Որպես ընդհանուր կանոն՝ երեխայի ոչ մի գործունեություն կրկնօրինակումից չպետք է ծնվի: Նախաձեռնությունը պետք է երեխայից լինի. նկարը կամ մոդելը դրանից հետո կարող են տրվել երեխային այն նպատակով, որ նրան օգնեն ավելի պարզ պատկերացնելու իր ուզածը, մի խոսքով՝ նրան հասցնելու լրիվ գիտակցման: Դրանց արժեքն այն չէ, որ կարող են կրկնօրինակաման համար մոդել ծառայել, այլ այն, որ կարող են նպատել երեխայի ստեղծագործական մտքի պարզեցմանն ու համապատասխանեցմանը: Եթե երեխան չի կարողանում աշխատանքի կատարման ընթացքում անցում անել մոդելից իր սեփական կերպին, մնում է ստրկական կախման մեջ և զարգացման չի հասնում: Կրկնօրինակումը գալիս է, որպեսզի ամրապնդի ու դուրս բերի դժվարություններից և ոչ թե նախաձեռնություն հաղորդի:

Այստեղ ոչ մի հիմք չկա պնդելու, որ ուսուցիչը ոչինչ չպետք է հուշի աշակերտին, քանի դեռ նա գիտակցորեն չի արտահայտել իր ցանկությունն այդ ուղղությամբ: Նրբազգաց ուսուցիչը, հավավանաբար, երեխայից ավելի լավ գիտի նրա ձգտումներն ու ցանկությունները: Բայց այդ հուշումը պետք է համընկնի երեխայի զարգացման գերակայող ձևի հետ. այն պետք է միայն խթան լինի ավելի ճիշտ ձևով առաջ տանելու համար այն, ինչը երեխան արդեն ցանկանում է կատարել՝ խավարի մեջ թափառելով: Միայն երեխային դիտարկելով և նկատելով, թե նա ինչպես է ընկալում իրեն արված ակնարկները, կարելի է ասել՝ դրանք ծառայել են որպես երեխայի զարգացմանը նպաստող գործոննե՞ր, թե՞ եղել են նորմալ զարգացմանը խանգարող արտաքին կամայական գրգռիչներ:

Նույն սկզբունքը կիրառվում է, նույնիսկ ավելի խիստ իրականացվում է, այսպես կոչված «հանձնարարվող դասերի» ընթացքում: Ավելի անհեթեթ բան չկա, քան այն ենթադրությունը, թե միջին գոյություն չունի երեխային առանց ուսուցչի ղեկավարող օգնության իր սեփական հակումներին ու ֆանտազիային թողնելու և տրված ցուցումները ձևականորեն կատարելու պահանջով նրա գործունեությունը հսկելու միջև: Հենց նոր նշվեց, որ ուսուցչի գործն է իմանալ, թե զարգացման այդ փուլում երեխայի ո՛ր ուժերն են ձգտում արտահայտվել, և դրանց իրագործման համար ինչ տեսակի աշխատանքն է օգտակար, որպեսզի նրան համապատասխան ազդակներ հաղորդի և անհրաժեշտ նյութ տրամադրի: Եթե դիտարկենք խաղալիք տան օրինակը այդ տունը կահավորելու և այլ աշխատանքների տեսակետից, լրիվ բավարար է նորմալ հինգ տարեկան երեխայի համար: Կրկնօրինակումը և ներշնչումը գալիս են բնականորեն ու անխուսափելիորեն՝ բայց որպես նրա ցանկություններն ու մտքերն իրագործելուն օգնող միջոցներ: Դրանք ծառայում են իրականացնելու, շոշափելի դարձնելու այն, ինչն արդեն ձգտում է բացահայտվելու դեռ աղոտ, մշուշապատ և այդ պատճառով էլ ոչ իրական ձևով: Հոգեբանական տեսանկյունից վստահաբար կարելի է ասել՝ երբ ուսուցիչը ստիպված հենվում է կարգադրությունների վրա, դա այն պատճառով է, որ երեխան չունի սեփական պատկերացում, թե ինքն ինչ պետք է անի և ինչու պետք է անի: Այդ պատճառով էլ, հարմարվելով պատրաստի հրահանգներ տալուն, ուսուցիչն աշխատանքները ղեկավարելու հնարավորություն ձեռք բերելու փոխարեն իրականում կորցնում է դա և դառնում արտաքին աղբյուրից կախված:

Վերջում պետք է ասել, որ պարապմունքների նման բովանդակությունը և դրանց անցկացման մեթոդը անմիջականորեն վերաբերում են վեց տարեկան երեխաների հետ տարվող աշխատանքին (ինչը համապատասխանում է տարրական դպրոցի առաջին աստիճանին): Խաղ-պարապմունքը, որ վերարտադրում է ընտանեկան կյանքը, բնականորեն վեր է ածվում սոցիալական աշխատանքներին ավելի լայն ու մանրամասն ծանոթացման, որոնցից կախված է ընտանեկան կյանքը։ Միևնույն ժամանակ երեխայի սեփական ընդունակություններին ներկայացվող՝ ծրագրեր կազմելու և դրանք իրականացնել կարողանալու պահանջների անընդհատ աճը նրան բերում է իր ուշադրությունը տնօրինելու ավելի մեծ կարողության, որն անկասկած ուղղված է ավելի ինտելեկտուալ թեմաների: Չի կարելի մոռանալ, որ «մանկան պարտեզի» և «առաջին դասարանի» աշխատանքների միջև անընդհատությունն ապահովելու համար անհրաժեշտ գործողությունները չեն կարող ամբողջությամբ դրվել վերջինիս վրա: Դպրոցական աշխատանքի փոփոխությունը պետք է աստիճանաբար ու աննկատ կատարվի, ինչպես աստիճանաբար ու աննկատ են երեխայի զարգացման փոփոխությունները: Դրան չի կարելի հասնել, եթե նախապատրատական աշխատանքը ենթարկվում է նրանից մեկուսացված ինչ-որ բանի, և հակառակը, ողջունելի է, երբ նյութերը և միջոցները, ինչպիսին էլ դրանք լինեն, համապատասխանում են երեխայի աճի մակարդակին և այդպիսով նրան պատրաստ են պահում սպասվող մոտակա աշխատանքը կատարելուն:

(Հաջորդ գլուխը)

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.