Հայոց լեզու, գրականություն. ավագ դպրոց

10-12-րդ դասարան

Հանրակրթության պետական չափորոշչով «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի ուսուցումը նպատակաուղղված է.

  • մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
  • հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը.
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը.
  • գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանում բնագավառը ներկայացված է հետևյալ դասընթացներով.

  • Ընդհանուր հանրակրթություն
    Հայոց լեզու. 10-11-րդ դասարան (144 ժամ)
    Գրականություն. 10-11-րդ դասարան (144 ժամ)
    Հայոց լեզու. 12-րդ դասարան (136 ժամ)
    Հայ գրականություն. 12-րդ դասարան (102 ժամ)
  • Սովորողների ընտրությամբ
    Լեզվաբանի ակումբ
    Ընթերցասերի ակումբ
    «Հայոց լեզվի քերականություն» դասընթաց՝ 10-11-րդ դասարան (144-ական ժամ)
    Հայոց լեզու, գրականություն. նախամասնագիտական դասընթաց (144 ժամ)
  • Լրացուցիչ կրթություն
    Հայոց լեզու, հայ գրականություն. մեկամյա ուսուցման ծրագիր, երկամյա ուսուցման ծրագիր, եռամյա ուսուցման ծրագիր (204-692 ժամ)
    Տնային աշխատանքի նախագծեր

Ընդհանուր հանրակրթական «Հայոց լեզու» դասընթացը 10-11-րդ դասարանում  կազմակերպվում է որպես սովորողի խոսքի մշակում. ուսումնական նյութ են հիմնականում գրականությունից ընթերցվող տեքստերը։ Ծրագիրը ներառում է նաև սովորողի խոսքի զարգացումը այլ բնագավառների դասընթացներում նրա ուսումնական գործունեությամբ, ուսումնական բլոգով։ 12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» դասընթացներն ուղղված են պետական ավարտական քննության նախապատրաստությանը։

Սովորողի ընտրությամբ «Հայոց լեզվի քերականություն»,  Հայոց լեզու, գրականություն. նախամասնագիտական դասընթացները կազմակերպվում են որպես սովորողի անհատական-խմբային հետազոտական-ստեղծագործական աշխատանք, սովորողի առավելագույն չափի ինքնուրույն աշխատանքի հիման վրա և ոչ թե դասախոսությունների ու վարժանքի[1] միջոցով։

Լրացուցիչ կրթության «Հայոց լեզու» դասընթացը տրոհվում է առանձին դասընթացների՝ հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության, ուղղագրության, կետադրության, և ուղղված է պետական ավարտական-միասնական քննությունների նախապատրաստմանը։

Հայոց լեզվի,  գրականության ուսուցման խնդիրներն են .

  • խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացման միջոցով սովորողի մտքի և գործունեության ազատության զարգացում
  • ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
  • ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում[2].
  • ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում.
  • ընթերցելու, լսելու կարողությունների զարգացումը.
  • գրական-գեղարվեստական ճաշակի ձևավորմանը նպաստում.
  • հայալեզու ուսումնական, հրապարախոսական, գիտա-հանրամատչելի նյութերի ստեղծում և դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր).
  • ավագ դպրոցի շրջանավարտի` հայոց լեզվի, գրականության պետական ավարտական քննությանը նախապատրաստում։

Սովորողի ընտրությամբ  դասընթացների խնդիրները.

  • սովորողի նախընտրած բանասիրական կրթության հիմքերի ստեղծում և լավացում.
  • լեզվաբանական աշխատանքի հմտությունների զարգացում.
  • օժտվածության զարգացում։

Սահմանված կարգով գործող «Ընթերցասերի», «Լեզվաբանի» ակումբներում սովորողներն իրենց ընտրությամբ մշակում և իրականացնում են ուսումնական հետազոտական-ստեղծագործական նախագծեր, զարգացնում նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, ներառելու և ներառվելու, համագործակցելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, կազմակերպելու հմտություններ:

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը`

  • ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.
  • ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.
  • դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.
  • քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.
  • հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

Մեդիամիջավայրը`

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

  • տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).
  • թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).
  • աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).
  • աուդիո-, տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).
  • ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման համար` Smart Notebook, MS Power Point, նման այլ.
  • էլեկտրոնային օրագրի, նշումների գրքի տարբերակներ (ինչպես MS Onenote):

Դասավանդողի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի, գրականության ուսուցչի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի...) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։

Բլոգի բովանդակությունը.

  • իրականացվող ուսումնական ծրագրերը.
  • իրականացվող ուսումնական նախագծերը.
  • ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.
  • անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն, գրականագիտություն, դասագրքեր (վերնագրեր, հղումներ, խորհուրդներ).
  • դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր (օրինակ՝ առանձին թեմաներով ինտերակտիվ դաս, խոսքային ընդհանուր սխալների ուղղում), մեթոդական հոդված, թարգմանություն.
  • պետական քննությանը պատրաստող հարցերի, առաջադրանքների, նյութերի փաթեթ[4].
  • ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
  • ինքնակրթությամբ զբաղվող սովորողների լեզվաբանական, գրականագիտական հարցերի և դրանց պատասխանների բաժին[5].
  • դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝ բացատրական, արմատական, հոմանիշների, հայկազյան, ուղղագրական, թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ լեզուներով բացատրական բառաններ՝ սովորողին ցույց տալու համար, որ երբեմն բացատրական բառարաններում օտար լեզվով բառի բոլոր իմաստները չեն լինում), սովորողների բլոգներում դասընթացի էջերի հղումները և այլ տեղեկություններ։

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

  • դասավանդողի բլոգը
  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը
  • սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ....
  • սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ...)

Հայոց լեզու և հայ գրականություն ընդհանուր հանրակրթական դասընթացի բաղկացուցիչ մոդուլներ

  • Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում՝ տարեկան ժամաքանակի 1/8-ի չափով
  • Հայոց լեզվի պատմություն. հնչյունական օրենք. գրապայքար, դրա ժամանակակից դրսևորումը. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
  • Հայ գրականության պատմություն. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/4-ի չափով
  • Ժամանակակից հայերենում բառօգտագործման, ձևաբանական, շարահյուսական տարածված սխալները. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
  • Խոսքի հատվածներ` նկարագրություն, դիմանկար, համեմատություն, վերլուծություն, եզրակացություն (հետևություն), զրույց (գրավոր, բանավոր) 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
  • Տեղեկատվական խոսք. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
  • Վերլուծություն-քննարկում-բանավեճ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
  • Ռեֆերատ. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագիծ
  • Հարցազրույց (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
  • Լրատվություն-լուսաբանում (տեքստ, աուդիո-, տեսանյութ, ֆոտոպատում). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/8-ի չափով
  • Թարգմանություն (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
  • Խմբագրում-սրբագրում. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
  • Պետական ավարտական քննության շտեմարաններ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի ½-ի չափով
  • Ուսումնական ճամբարի նախագծեր. 10-12-րդ դասարանում՝ հունվարին և հունիսին, 12-րդ դասարանում՝ հունվարին
  • Ուսումնական ստուգատեսային նախագծեր. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր

Ծրագրի իրականացում: Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլների հերթականությունը պայմանական է, ուսուցման ժամկետները՝ մոտավոր։ Դրանց  հերթականությունը՝ իրենց ժամաքանակով, ուսումնական նախագծերով, ուսումնական ճամփորդություններով, որոշում է դասընթացը վարող ուսուցիչը՝ նախապես հրապարակելով իր (դասարանի) ծրագիրը: Պարտադիր չէ, որ դասարանի բոլոր սովորողները միասին նույն ուսումնական նույն մոդուլը կամ նույն նախագիծն իրականացնեն. ուսումնական կիսամյակի սկզբին մշակվում (ճշգրտվում) է սովորողի անհատական ուսումնական ծրագիրը՝ անհատական ուսումնական աշխատանքի բովանդակությունը։ Մոդուլի աշխատանքային ուսումնական նյութը և արդյունքում ստացվող նյութը դասավանդողի առաջարկությամբ կամ համաձայնությամբ կարող է լինել նաև այլ դասընթացի ծրագրով որոշված նյութ։ Կարևորն այն է, որ աշխատանքը ինքնանպատակ չլինի:

Ուսումնական պարապմունք։ Ծրագրի իրականացման համար ուսումնական տարվա ընթացքում սահմանված կարգով կազմակերպվում են տարբեր տեսակի ուսումնական պարապմունքներ՝ կաբինետային (որ կարող է կազմակերպվել կաբինետում կամ դպրոցի, կրթահամալիրի տարածքում), բացօթյա-բակային, ճամբարային, պարապմունք քաղաքի, հանրապետության կրթական-մշակութային, արտադրական և այլ հաստատությունում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություն-պարապմունք, ստեղծագործական հավաք-պարապմունք, դաշտային աշխատանք-պարապմունք (ուսումնական նյութերի հավաքում, հետազոտություն և այլն)։

Ուսումնական պարապմունքը ծրագրվում է այնպես, որ ոչ միայն դասընթացի ծրագրով որոշված բովանդակությունը յուրացվի ուսումնական պարապմունքների միջոցով, այլև գործեն հեղինակային կրթական ծրագրի սկզբունքները` ուսուցման անհատականացումը, մոբիլությունը, օգտագործվեն ուսուցման անհատական թվային միջոցները, համակարգչային ծրագրերը, սովորողը զբաղվի ուսումնական գործունեության տարբեր տեսակներով` ուղղված ուսումնական տարբեր հմտությունների յուրացմանը: Ըստ իրականացվող ուսումնական մոդուլի, նախագծի՝ պարապմունքի մասնակիցները կարող են աշխատել միասին մեկ տարածքում կամ տարբեր տեղերում:

Սովորողի աշխատանքի բովանդակությունը։

Տեքստային աշխատանք, այդ թվում՝

  • գրական ընթերցանություն (հայ գրականություն, արտասահմանյան գրականություն)[6]
  • մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում՝ գրական ստեղծագործության (հանրակրթական դասընթացի ծրագրով պարտադիր, սովորողի ընտրությամբ ակումբի կամ այլ ակումբների ուսումնական բաց նախագծի ծրագրով որոշված, այլ դասընթացի ծրագրով որոշված նյութի).
  • աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.
  • սեփական տեքստի ստեղծում
  • ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք
  • բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր
  • գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
  • թարգմանություն
  • հարցազրույց
  • խմբագրում, սրբագրում

Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։

Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում

Գնահատումը: Սովորողի կատարած աշխատանքը գնահատվում է երկու մասով՝ կատարած աշխատանքի քանակով և որակով։ Սովորողը ընդհանուր հանրակրթական առարկաների, իր ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացների, ընտրած ակումբի աշխատանքների և ուսումնական արդյունքների համար գնահատվում է առանձին-առանձին։ Ընդհանուր հանրակրթական առարկայից  գնահատականի բաղկացուցիչ է նաև այլ առարկաներից կատարած որակյալ գրավոր հետազոտական կամ նախագծային աշխատանքը, եթե հրապարակվածը սովորողի խոսքն է, ոչ թե համացանցից արտագրած էջ։ Գնահատվում են սովորողի բլոգում հրապարակված աշխատանքները, դրանց քանակը (մինիմալ դրական) և պահանջված որակը՝ ըստ ամեն աշխատանքի համար նախօրոք ներկայացվող չափանիշի։ Սովորողն է որոշում, թե իր կատարած որ աշխատանքներով իրեն գնահատեն: Եթե դասավանդողը սովորողի բլոգում հանդիպում է աշխատանքի, որի հիման վրա կարող է ավելի բարձր գնահատել, գնահատում է այդ աշխատանքով՝ սովորողին բացատրելով առավելությունները:

Գնահատումը` 10 միավորանոց համակարգով: Հայոց լեզվի ընդհանուր հանրակրթական դասընթացից սովորողի գնահատականը 8-ից բարձր կարող է լինել սովորողի առանձնահատուկ ջանքերի, այլ դասընթացների, ակումբների ծրագրերով խոսքային աշխատանքի որակի համար։ Ուսումնական նույն աշխատանքի համար սովորողը կարող է երկու և ավելի գնահատականներ ունենալ՝  խոսքի որակի և դրա գրավոր դրսևորման կանոնավորության համար, գրականությանն առնչվող խնդրի կատարման որակի համար, գնահատում այլ դասընթացից։

Այսպիսով՝ գնահատվում են.

Գրականությունից`

  • կարդացած գրականության ծավալը
  • քննարկումների, բանավեճերի ժամանակ մասնակցության ակտիվությունը-արդյունավետությունը
  • կարդացած ստեղծագործության մասին ստեղծած տեղեկությունը (վերլուծություն, ասույթների բառարան, վերացարկում՝ ըստ ընթերցած նյութի)
  • ստեղծած աուդիո- կամ տեսանյութը՝ ըստ կարդացած ստեղծագործությունների, դրանց ձևավորումը իր արած նկարներով
  • մասնակցությունը գրական առցանց քննարկումների։

Լեզվից`

  • ստեղծած տեքստերի քանակը
  • գնահատված (բլոգmskh, «Լուսաստղ»,  «Դպիր», հանրապետական ԶԼՄ-ներ տարված) տեքստերի քանակը
  • խոսք կառուցելու վարպետությունը (արագություն, պատում, խոսքի կանոնավորություն, արտահայտչականություն)
  • անսխալությունը քերականական, ուղղագրական և իմաստային տեսակետներից։

Սովորողի աշխատանքը գնահատելու համար լրացվում են սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.

  • սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով (բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին).
  • ընթերցանության ցուցանիշներ.
  • խոսքային աշխատանքի ցուցանիշներ.
  • ուսումնական նախագծերի մասնակցության ցուցանիշներ:

Ուսումնական աշխատանքների ցուցանիշների գրանցման ամփոփաթերթը ծրագրի հավելվածն է:

Մեթոդական մշակումներ


[1] Իհարկե, սովորելու ընթացքում վարժանքի անհրաժեշտությունը չենք  մերժում։ Դա համարում ենք վարժվողի գործը, ոնց որ առավոտյան մարզանքն ու լիցքային վարժությունը։ Ուսուցիչը բոլորի համար կարևորում է այլ հմտություններ՝ աշխատելու սովորություն, դժվարության արձանագրում-քննարկում, հարցերի առաջադրում, դժվար ու անլուծելի խնդիրները, լուծումն ու իբրև լուծում ենթադրվող պատասխանը տարբերելը և այլն։

[2] Սա կապվում է նաև այլ դասընթացների ծրագրերի հետ։ 1. Սովորողը հնարավորություն/պարտականություն ունենա որպես լեզվական գործունեություն՝ ուսումնական կյանքում արած ընտրությունների մասին  խոսելու, 2. սովորողը հնարավորություն ունենա ուսումնական նյութ ընտրելու, այլ դասընթացների իր աշխատանքը մյուս դասընթացի ծրագրով որպես արդյունք ներկայացնելու։ Եվ էլի...

[3] Ուսումնական գործընթացում սովորողը և դասավանդողը ոչ միայն մեդիագրադարանին պատվիրում են թվայնացնել նյութեր, ոչ միայն մեդիագրադարանից վերցնում են, այլ նաև մեդիագրադարանին տրամադրում իրենց թվայնացրած  էջեր, գրքեր, իրենց ստեղծած նյութերը:

[4] Պետք են ոչ թե թեստային հարցեր ու առաջադրանքներ, այլ դրանց ուսումնասիրությանը, դրանք կատարել փորձելուն, յուրացմանն ու գնահատմանն ուղղված։ Ասենք՝ ա). ..... բաժնի առաջադրանքներից հանել .... , բ) .... բաժնում գտնել լուծում չունեցող առաջադրանքներ, գ) խմբավորել .... առաջադրանքները, դ) գրախոսել ... բաժնի առաջադրանքները և այլն։

[5] Ուսուցիչը սովորաբար տրվող հարցերը և դրանց պատասխանները գրանցոմ է և սովորեցնում օգտվել հարց տվողներին։

[6] Սովորողներն ընթերցում են ընդհանուր քննարկման համար նախատեսած գրականությունը և/կամ գրական երկեր իրենց ընտրությամբ։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский