Հայոց լեզու, գրականություն. ավագ դպրոց
10-12-րդ դասարան
Հանրակրթության պետական չափորոշչով «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի ուսուցումը նպատակաուղղված է.
- մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
- հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը.
- սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը.
- գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:
Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանում բնագավառը ներկայացված է հետևյալ դասընթացներով.
- Ընդհանուր հանրակրթություն
Հայոց լեզու. 10-11-րդ դասարան (144 ժամ)
Գրականություն. 10-11-րդ դասարան (144 ժամ)
Հայոց լեզու. 12-րդ դասարան (136 ժամ)
Հայ գրականություն. 12-րդ դասարան (102 ժամ) - Սովորողների ընտրությամբ
Լեզվաբանի ակումբ
Ընթերցասերի ակումբ
«Հայոց լեզվի քերականություն» դասընթաց՝ 10-11-րդ դասարան (144-ական ժամ)
Հայոց լեզու, գրականություն. նախամասնագիտական դասընթաց (144 ժամ) - Լրացուցիչ կրթություն
Հայոց լեզու, հայ գրականություն. մեկամյա ուսուցման ծրագիր, երկամյա ուսուցման ծրագիր, եռամյա ուսուցման ծրագիր (204-692 ժամ)
Տնային աշխատանքի նախագծեր
Ընդհանուր հանրակրթական «Հայոց լեզու» դասընթացը 10-11-րդ դասարանում կազմակերպվում է որպես սովորողի խոսքի մշակում. ուսումնական նյութ են հիմնականում գրականությունից ընթերցվող տեքստերը։ Ծրագիրը ներառում է նաև սովորողի խոսքի զարգացումը այլ բնագավառների դասընթացներում նրա ուսումնական գործունեությամբ, ուսումնական բլոգով։ 12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» դասընթացներն ուղղված են պետական ավարտական քննության նախապատրաստությանը։
Սովորողի ընտրությամբ «Հայոց լեզվի քերականություն», Հայոց լեզու, գրականություն. նախամասնագիտական դասընթացները կազմակերպվում են որպես սովորողի անհատական-խմբային հետազոտական-ստեղծագործական աշխատանք, սովորողի առավելագույն չափի ինքնուրույն աշխատանքի հիման վրա և ոչ թե դասախոսությունների ու վարժանքի[1] միջոցով։
Լրացուցիչ կրթության «Հայոց լեզու» դասընթացը տրոհվում է առանձին դասընթացների՝ հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության, ուղղագրության, կետադրության, և ուղղված է պետական ավարտական-միասնական քննությունների նախապատրաստմանը։
Հայոց լեզվի, գրականության ուսուցման խնդիրներն են .
- խոսքային ինքնարտահայտման հմտությունների զարգացման միջոցով սովորողի մտքի և գործունեության ազատության զարգացում
- ուսումնական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում.
- ինքնուրույն գործունեության (ընտրություն, սեփական ընտրության և արարքի համար պատասխանատվություն, սեփական կյանքի բարելավում, սեփական ուսումնական հետագծի որոշում և խմբագրում) հմտությունների զարգացում[2].
- ինքնուրույն սովորելու հմտությունների զարգացում.
- ընթերցելու, լսելու կարողությունների զարգացումը.
- գրական-գեղարվեստական ճաշակի ձևավորմանը նպաստում.
- հայալեզու ուսումնական, հրապարախոսական, գիտա-հանրամատչելի նյութերի ստեղծում և դրանց տարածում համացանցով (գրավոր և բանավոր).
- ավագ դպրոցի շրջանավարտի` հայոց լեզվի, գրականության պետական ավարտական քննությանը նախապատրաստում։
Սովորողի ընտրությամբ դասընթացների խնդիրները.
- սովորողի նախընտրած բանասիրական կրթության հիմքերի ստեղծում և լավացում.
- լեզվաբանական աշխատանքի հմտությունների զարգացում.
- օժտվածության զարգացում։
Սահմանված կարգով գործող «Ընթերցասերի», «Լեզվաբանի» ակումբներում սովորողներն իրենց ընտրությամբ մշակում և իրականացնում են ուսումնական հետազոտական-ստեղծագործական նախագծեր, զարգացնում նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, ներառելու և ներառվելու, համագործակցելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, կազմակերպելու հմտություններ:
Ուսուցման միջավայրը
Նյութական միջավայրը`
- ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.
- ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.
- դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.
- քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.
- հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։
Մեդիամիջավայրը`
- անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).
- դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.
- կրթահամալիրի մեդիագրադարան [3].
- հանդեսներ՝ «Լուսաստղ», «Հեռադիտակ», «Թարգմանիչ», «Բլոգmskh», «Դպիր»
- mskh.am, ավագ դպրոցի կայքը, այլ ենթակայքեր
- վիրտուալ պահոցներ և ցանցեր (onedrive, googledrive, YouTube, facebook և այլն).
- այդ թվում նաև՝ աշխատանքային նյութի այլ փաթեթներ, ինչպես, օրինակ՝ Բոլոր ժամանակների և ժողովուրդների լեզվաբանական խնդիրներ, Լեզվաբանական ամառային դպրոց, Լեզվաբանություն դպրոցականների համար, Հ. Աճառյանի «Լիակատար քերականությունը», էլեկտրոնային բառարանների (օրինակ՝ nayiri.com), գեղարվեստական գրականության (ինչպես՝ Համահայկական էլեկտրոնային գրադարան, Գրքամոլ, koob.ru և այլ) էլեկտրոնային գրադարաններ.
- ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։
Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:
Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`
- տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).
- թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).
- աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).
- աուդիո-, տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).
- ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման համար` Smart Notebook, MS Power Point, նման այլ.
- էլեկտրոնային օրագրի, նշումների գրքի տարբերակներ (ինչպես MS Onenote):
Դասավանդողի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ
Հայոց լեզվի, գրականության ուսուցչի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի...) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։
Բլոգի բովանդակությունը.
- իրականացվող ուսումնական ծրագրերը.
- իրականացվող ուսումնական նախագծերը.
- ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.
- անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն, գրականագիտություն, դասագրքեր (վերնագրեր, հղումներ, խորհուրդներ).
- դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր (օրինակ՝ առանձին թեմաներով ինտերակտիվ դաս, խոսքային ընդհանուր սխալների ուղղում), մեթոդական հոդված, թարգմանություն.
- պետական քննությանը պատրաստող հարցերի, առաջադրանքների, նյութերի փաթեթ[4].
- ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
- ինքնակրթությամբ զբաղվող սովորողների լեզվաբանական, գրականագիտական հարցերի և դրանց պատասխանների բաժին[5].
- դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։
Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:
Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝ բացատրական, արմատական, հոմանիշների, հայկազյան, ուղղագրական, թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ լեզուներով բացատրական բառաններ՝ սովորողին ցույց տալու համար, որ երբեմն բացատրական բառարաններում օտար լեզվով բառի բոլոր իմաստները չեն լինում), սովորողների բլոգներում դասընթացի էջերի հղումները և այլ տեղեկություններ։
Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ
Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.
- դասավանդողի բլոգը
- սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը
- սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ....
- սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ...)
Հայոց լեզու և հայ գրականություն ընդհանուր հանրակրթական դասընթացի բաղկացուցիչ մոդուլներ
- Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում՝ տարեկան ժամաքանակի 1/8-ի չափով
- Հայոց լեզվի պատմություն. հնչյունական օրենք. գրապայքար, դրա ժամանակակից դրսևորումը. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
- Հայ գրականության պատմություն. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/4-ի չափով
- Ժամանակակից հայերենում բառօգտագործման, ձևաբանական, շարահյուսական տարածված սխալները. 10-11-րդ դասարաններում ոչ ավելի, քան ժամաքանակի 1/18-ի չափով
- Խոսքի հատվածներ` նկարագրություն, դիմանկար, համեմատություն, վերլուծություն, եզրակացություն (հետևություն), զրույց (գրավոր, բանավոր) 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
- Տեղեկատվական խոսք. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
- Վերլուծություն-քննարկում-բանավեճ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով
- Ռեֆերատ. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագիծ
- Հարցազրույց (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով
- Լրատվություն-լուսաբանում (տեքստ, աուդիո-, տեսանյութ, ֆոտոպատում). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի 1/8-ի չափով
- Թարգմանություն (տեքստ, աուդիո-, տեսանյութ). 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/9-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
- Խմբագրում-սրբագրում. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
- Պետական ավարտական քննության շտեմարաններ. 10-11-րդ դասարաններում ժամաքանակի 1/18-ի չափով, 12-րդ դասարանում տարեկան ժամքանակի ½-ի չափով
- Ուսումնական ճամբարի նախագծեր. 10-12-րդ դասարանում՝ հունվարին և հունիսին, 12-րդ դասարանում՝ հունվարին
- Ուսումնական ստուգատեսային նախագծեր. սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր
Ծրագրի իրականացում: Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլների հերթականությունը պայմանական է, ուսուցման ժամկետները՝ մոտավոր։ Դրանց հերթականությունը՝ իրենց ժամաքանակով, ուսումնական նախագծերով, ուսումնական ճամփորդություններով, որոշում է դասընթացը վարող ուսուցիչը՝ նախապես հրապարակելով իր (դասարանի) ծրագիրը: Պարտադիր չէ, որ դասարանի բոլոր սովորողները միասին նույն ուսումնական նույն մոդուլը կամ նույն նախագիծն իրականացնեն. ուսումնական կիսամյակի սկզբին մշակվում (ճշգրտվում) է սովորողի անհատական ուսումնական ծրագիրը՝ անհատական ուսումնական աշխատանքի բովանդակությունը։ Մոդուլի աշխատանքային ուսումնական նյութը և արդյունքում ստացվող նյութը դասավանդողի առաջարկությամբ կամ համաձայնությամբ կարող է լինել նաև այլ դասընթացի ծրագրով որոշված նյութ։ Կարևորն այն է, որ աշխատանքը ինքնանպատակ չլինի:
Ուսումնական պարապմունք։ Ծրագրի իրականացման համար ուսումնական տարվա ընթացքում սահմանված կարգով կազմակերպվում են տարբեր տեսակի ուսումնական պարապմունքներ՝ կաբինետային (որ կարող է կազմակերպվել կաբինետում կամ դպրոցի, կրթահամալիրի տարածքում), բացօթյա-բակային, ճամբարային, պարապմունք քաղաքի, հանրապետության կրթական-մշակութային, արտադրական և այլ հաստատությունում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություն-պարապմունք, ստեղծագործական հավաք-պարապմունք, դաշտային աշխատանք-պարապմունք (ուսումնական նյութերի հավաքում, հետազոտություն և այլն)։
Ուսումնական պարապմունքը ծրագրվում է այնպես, որ ոչ միայն դասընթացի ծրագրով որոշված բովանդակությունը յուրացվի ուսումնական պարապմունքների միջոցով, այլև գործեն հեղինակային կրթական ծրագրի սկզբունքները` ուսուցման անհատականացումը, մոբիլությունը, օգտագործվեն ուսուցման անհատական թվային միջոցները, համակարգչային ծրագրերը, սովորողը զբաղվի ուսումնական գործունեության տարբեր տեսակներով` ուղղված ուսումնական տարբեր հմտությունների յուրացմանը: Ըստ իրականացվող ուսումնական մոդուլի, նախագծի՝ պարապմունքի մասնակիցները կարող են աշխատել միասին մեկ տարածքում կամ տարբեր տեղերում:
Սովորողի աշխատանքի բովանդակությունը։
Տեքստային աշխատանք, այդ թվում՝
- գրական ընթերցանություն (հայ գրականություն, արտասահմանյան գրականություն)[6]
- մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում՝ գրական ստեղծագործության (հանրակրթական դասընթացի ծրագրով պարտադիր, սովորողի ընտրությամբ ակումբի կամ այլ ակումբների ուսումնական բաց նախագծի ծրագրով որոշված, այլ դասընթացի ծրագրով որոշված նյութի).
- աուդիոնյութի, տեսանյութի ստեղծում՝ որպես գրական ընթերցանության, վերլուծության աշխատանքի ներկայացում, տեսակետի, վերաբերմունքի արտահայտության ձև.
- սեփական տեքստի ստեղծում
- ա) ընթերցած տեքստին առնչվող աշխատանք
- բ) սեփական ասելիքի արտահայտում՝ հրապարակախոսություն, ակնարկ, դիմանկար, լուր
- գ) հետազոտական աշխատանքի ամփոփում՝ հաշվետվություն, եզրակացություն, ռեֆերատ
- թարգմանություն
- հարցազրույց
- խմբագրում, սրբագրում
Ստեղծվող, թարգմանվող տեքստերը կարող են առնչվել ինչպես հայոց լեզվի դասընթացի ծրագրով առաջարկվող նախագծերին, այնպես և սովորողի ընտրած ակումբային գործունեությանը, նախամասնագիտական ուսուցմանը, այլ դասընթացի ծրագրով իրականացվող ուսումնական նախագծերին։
Պետական ավարտական քննության նախապատրաստական աշխատանք. քերականական, գրական գիտելիքների ստուգում
Գնահատումը: Սովորողի կատարած աշխատանքը գնահատվում է երկու մասով՝ կատարած աշխատանքի քանակով և որակով։ Սովորողը ընդհանուր հանրակրթական առարկաների, իր ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացների, ընտրած ակումբի աշխատանքների և ուսումնական արդյունքների համար գնահատվում է առանձին-առանձին։ Ընդհանուր հանրակրթական առարկայից գնահատականի բաղկացուցիչ է նաև այլ առարկաներից կատարած որակյալ գրավոր հետազոտական կամ նախագծային աշխատանքը, եթե հրապարակվածը սովորողի խոսքն է, ոչ թե համացանցից արտագրած էջ։ Գնահատվում են սովորողի բլոգում հրապարակված աշխատանքները, դրանց քանակը (մինիմալ դրական) և պահանջված որակը՝ ըստ ամեն աշխատանքի համար նախօրոք ներկայացվող չափանիշի։ Սովորողն է որոշում, թե իր կատարած որ աշխատանքներով իրեն գնահատեն: Եթե դասավանդողը սովորողի բլոգում հանդիպում է աշխատանքի, որի հիման վրա կարող է ավելի բարձր գնահատել, գնահատում է այդ աշխատանքով՝ սովորողին բացատրելով առավելությունները:
Գնահատումը` 10 միավորանոց համակարգով: Հայոց լեզվի ընդհանուր հանրակրթական դասընթացից սովորողի գնահատականը 8-ից բարձր կարող է լինել սովորողի առանձնահատուկ ջանքերի, այլ դասընթացների, ակումբների ծրագրերով խոսքային աշխատանքի որակի համար։ Ուսումնական նույն աշխատանքի համար սովորողը կարող է երկու և ավելի գնահատականներ ունենալ՝ խոսքի որակի և դրա գրավոր դրսևորման կանոնավորության համար, գրականությանն առնչվող խնդրի կատարման որակի համար, գնահատում այլ դասընթացից։
Այսպիսով՝ գնահատվում են.
Գրականությունից`
- կարդացած գրականության ծավալը
- քննարկումների, բանավեճերի ժամանակ մասնակցության ակտիվությունը-արդյունավետությունը
- կարդացած ստեղծագործության մասին ստեղծած տեղեկությունը (վերլուծություն, ասույթների բառարան, վերացարկում՝ ըստ ընթերցած նյութի)
- ստեղծած աուդիո- կամ տեսանյութը՝ ըստ կարդացած ստեղծագործությունների, դրանց ձևավորումը իր արած նկարներով
- մասնակցությունը գրական առցանց քննարկումների։
Լեզվից`
- ստեղծած տեքստերի քանակը
- գնահատված (բլոգmskh, «Լուսաստղ», «Դպիր», հանրապետական ԶԼՄ-ներ տարված) տեքստերի քանակը
- խոսք կառուցելու վարպետությունը (արագություն, պատում, խոսքի կանոնավորություն, արտահայտչականություն)
- անսխալությունը քերականական, ուղղագրական և իմաստային տեսակետներից։
Սովորողի աշխատանքը գնահատելու համար լրացվում են սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.
- սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով (բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին).
- ընթերցանության ցուցանիշներ.
- խոսքային աշխատանքի ցուցանիշներ.
- ուսումնական նախագծերի մասնակցության ցուցանիշներ:
Ուսումնական աշխատանքների ցուցանիշների գրանցման ամփոփաթերթը ծրագրի հավելվածն է:
Մեթոդական մշակումներ
- Մարգարիտ Սարգսյան Ես հենց քո նախագիծն եմ․ գտիր ինձ․․․
- Կրկին ընթերցանության նախագծերի մասին
- Իսկ ինչո՞ւ կարդանք…
- Նախագծային մեթոդ - ինքնարտահայտվելու հնարավորություն
- Գրականաֆոբիա կամ ժամանակավրեպություն
- Շարունակականություն, զարգացում…
- Սոֆյա Այվազյան Հանրակրթական դասընթաց մասնագիտական կողմնորոշում ունեցող սովորողի համար
- Հասմիկ Ղազարյան Համաշխարհային գրականության փունջը երկու ամսում
- Ի պետս քերականության
- Կրթության ամենակարևոր մեթոդը չխանգարելն է
- Թամար Ղահրամանյան Արտադրական ուսուցման ծրագիրն ընտրած սովորողի խոսքի մշակում
- Ելենա Սարգսյան Պետական ավարտական, միասնական քննություններին պատրաստվելը սովորողի ինքնուրույն անհատական աշխատանքն է
- Սուսան Մարկոսյան Թարգմանություն ուսումնական աշխատանք
[1] Իհարկե, սովորելու ընթացքում վարժանքի անհրաժեշտությունը չենք մերժում։ Դա համարում ենք վարժվողի գործը, ոնց որ առավոտյան մարզանքն ու լիցքային վարժությունը։ Ուսուցիչը բոլորի համար կարևորում է այլ հմտություններ՝ աշխատելու սովորություն, դժվարության արձանագրում-քննարկում, հարցերի առաջադրում, դժվար ու անլուծելի խնդիրները, լուծումն ու իբրև լուծում ենթադրվող պատասխանը տարբերելը և այլն։
[2] Սա կապվում է նաև այլ դասընթացների ծրագրերի հետ։ 1. Սովորողը հնարավորություն/պարտականություն ունենա որպես լեզվական գործունեություն՝ ուսումնական կյանքում արած ընտրությունների մասին խոսելու, 2. սովորողը հնարավորություն ունենա ուսումնական նյութ ընտրելու, այլ դասընթացների իր աշխատանքը մյուս դասընթացի ծրագրով որպես արդյունք ներկայացնելու։ Եվ էլի...
[3] Ուսումնական գործընթացում սովորողը և դասավանդողը ոչ միայն մեդիագրադարանին պատվիրում են թվայնացնել նյութեր, ոչ միայն մեդիագրադարանից վերցնում են, այլ նաև մեդիագրադարանին տրամադրում իրենց թվայնացրած էջեր, գրքեր, իրենց ստեղծած նյութերը:
[4] Պետք են ոչ թե թեստային հարցեր ու առաջադրանքներ, այլ դրանց ուսումնասիրությանը, դրանք կատարել փորձելուն, յուրացմանն ու գնահատմանն ուղղված։ Ասենք՝ ա). ..... բաժնի առաջադրանքներից հանել .... , բ) .... բաժնում գտնել լուծում չունեցող առաջադրանքներ, գ) խմբավորել .... առաջադրանքները, դ) գրախոսել ... բաժնի առաջադրանքները և այլն։
[5] Ուսուցիչը սովորաբար տրվող հարցերը և դրանց պատասխանները գրանցոմ է և սովորեցնում օգտվել հարց տվողներին։
[6] Սովորողներն ընթերցում են ընդհանուր քննարկման համար նախատեսած գրականությունը և/կամ գրական երկեր իրենց ընտրությամբ։
- Բացվել է 4904 անգամ