«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Սելեստեն Ֆրենե

Մանկավարժական ինվարիանտներ

1-5-րդ ինվարիանտներ

Իվարիանտ 6 (նախորդից բխող).Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում:

Մեծի թե երեխայի, ում հրամայում են ինչ-որ բան անել, առաջին պոռթկումն ինքնաբերաբար լինում է «ոչ» պատասխանելը: Գոնե մասամբ դա է պատճառն այն բացասական արձագանքի, որ նկատվում է 7-9 տարեկան երեխաների մոտ, երբ կարգապահության վարժեցնելու պատրվակով մեծերը նրանց «քշում» են: Շատ ծնողներ կարծում են, որ իսկական դաստիարակությունն այն է, որ երեխաներին սովորեցնեն անխոս հնազանդվել իշխող հրամաններին: Այդպես որոշակի հակասություն է առաջանում երեխայի, որն ուզում է փորձը ինքնուրույն ձեռք բերել և իր պահանջմունքներին համապատասխան ապրել, և երեխայից անառարկելի հնազանդություն պահանջող մեծահասակի միջև:

Որոշ ժամանակ այդ պայքարը մշտապես լինում է, բայց ի վերջո շատ երեխաներ տեղի են տալիս և վարժվում ենթարկվելուն: Սակայն որոշ երեխաներ շարունակում են համառորեն դիմադրել բռնությանը և դառնում անհնազանդ, հարմարվելուն անընդունակ կամակորներ, որը հետագայում նրանց կյանքը բարդացնում է թե՛ հասարակական, թե՛ անձնական առումով: Այդպիսի երեխաների համար գործունեության շատ ձևեր, հատկապես դպրոցում, հենց այն պատճառով են անտանելի դառնում, որ պարտադրված են վերևից: Նրանք աշխատելուց հետ են վարժվում, վերանում է աշխատանքի հակումը, տարբեր վախեր և լուրջ բարդույթներ են առաջանում: Մանկավարժական ճիշտ համակարգը թույլ է տալիս այդ ամենից խուսափել:

Թեստ

Ավտորիտար հրամաններից ձեռնպահ մնալ: Գտնել ուրիշ միջոցներ, որոնք երեխաների մեջ աշխատելու ցանկություն կառաջացնեին: Կանաչ

Հետևողականորեն մեղմացնել իշխող ոճը, հրաժարվել նրա առավել կտրուկ դրսևորումներից: Դեղին

Թեև սեփական իշխանության դրսևորման ավելի մեղմ ձևով՝ նախկինի պես գործածել կարգապահություն պահպանելու հրամայական եղանակներ: Կարմիր

Ինվարիանտ 7 (նախորդից բխող). Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ:

Եթե տուփից կոնֆետ հանեք և տաք երեխային, նա, իհարկե, գոհ կլինի, բայց այնուամենայնիվ հետաքրքրասեր հայացքը չի կարող կտրել նրանից, ինչ տուփի մեջ մնաց: Իսկ եթե առաջարկեք տուփից իր ձեռքով կոնֆետ ընտրել, դա նրան ավելի մեծ բավականություն կպատճառի, եթե անգամ այդ կոնֆետն ամենամեծը և ամենահամեղը չլինի: Արդեն պատմել ենք, թե աշխատանքի նախապատրաստվելիս երեխաներին ինչպես ենք հնարավորություն տալիս ընտրելու թեման՝ հրամայական կարգով նրանց որոշելու փոխարեն: Այս ինվարիանտը լավ է բացատրում մեր ինքնաստուգման քարտարանի գործածության մեծ արդյունավետությունը: Երբ երեխան ձեռքի տակ միայն թվաբանության դասագիրք ունի, նրա հնարավորությունները որոշակիորեն սահմանափակ են: Կա՛մ դասագիրքը, կա՛մ ուսուցիչը առաջադրանք են թելադրում, և բացի անառարկելիորեն ենթարկվելուց երեխային ոչինչ չի մնում: Իսկ եթե երեխաներին աշխատանքի, դրա կատարման թափի ու ժամանակի ազատ ընտրություն տրվի, ապա ամեն ինչ փոխվում է: Երբ աշակերտներին հանձնարարում են որևէ տեքստ կարդալ կամ սովորել, նրանց մեջ ո՛չ ցանկություն է առաջանում  և ո՛չ էլ առավել ևս խանդավառություն: Բայց եթե նրանց ընտրության ազատություն է տրվում, ինչպես ազատ տեքստերի համակարգի օգնությամբ մեզ մոտ է արվում, ապա անմիջապես ուսումնական աշխատանքի համար բարենպաստ մթնոլորտ է առաջանում: Յուրաքանչյուր մարդու համար առավել նախընտրելի այս սկզբունքը բացատրում է Ֆրանսիայում արհեստավորության մնացուկների գոյությունը: Առավոտից իրիկուն գործարանում աշխատելու փոխարեն բանվորը գերադասում է սեփական փոքր գործն ունենալ, որտեղ ինքն է իր համար աշխատանքի ժամանակ և արագություն ընտրում, եթե անգամ դրանից իր  աշխատանքային օրն ավելի երկար և հոգնեցուցիչ է դառնում:
Թեստ
Աշխատանքի բաժանումն այնպես եք կազմակերպել, որ երեխաները միշտ այն տպավորությունն ունեն, թե իրենք են իրենց զբաղմունքն ընտրում։ Կանաչ

Գոնե ֆրանսերենի և թվաբանության պարապմունքներին ազատ ընտրություն թույլ եք տալիս։ Դեղին

Երեխաների հետ երբեք չհամաձայնեցնելով՝ ինքներդ եք առաջադրանք տալիս։Կարմիր

Ինվարիանտ 8 (նախորդից բխող). Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի:

Երեխային անշարժ մարզասարքի ոտնակը պտտելու գործին դրեք, և դա նրան շուտ կհոգնեցնի: Բայց իսկական հեծանվով նա պատրաստ է թեկուզ աշխարհի ծայրը գնալու: Հետագայում կտեսնենք, թե կենդանի և գիտակցված աշխատանքի հանգեցնող կանաչ լույսն ուր կարող է հասցնել մեզ:

Պետք է մարզասարքի օրինակի՝ աննպատակ գործող կամ, ծայրահեղ դեպքում, երեխաներին խորթ նպատակներ հետապնդող դպրոցական բոլոր վարժությունների ցուցադրական գործընթաց կազմակերպել: Միայն վատ գնահատականների համար նախատեսված կարմիր լույսը դնենք բոլոր աննպատակ վարժությունների առաջ:
Կարմիր լույս` մեջբերումների և տեքստերի, որ երեխաները չեն հասկանում, մեխանիկական սերտման դեմ:

Կարմիր լույս` բոլոր շարադրությունների և փոխադրությունների դեմ, որոնք երեխայի ինքնադրսևորման և հաղորդակցման բնական պահանջմունքի ոչ մի կապ չունեն, և որոնց միակ ընթերցողն ուսուցիչն է:

Այստեղ, ճիշտ է, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել նաև առկայծող դեղին լույսին: Գոյություն ունեցող պայմաններում դեռ երկար ժամանակ դժվար կլինի ավանդական պարապմունքներց մեր մանկավարժության հիմքը կազմող հիմնավորված գործունեությանն անցնել: Այդ իսկ պատճառով հաճախ ստիպված ենք հարմարվել նրան, ինչ կա, գոյություն ունեցող պայմանները հարմարեցնել մեր մեթոդիկային և այդ դատապարտված ավանդական մանկավարժության մեջ ազատության և առաջընթացի տարրեր դնել:

Այդպիսի տարրերից մեկը, որին, ի տարբերություն հոգեբանների, ոչ թե կանաչ, այլ դեղին լույս ենք տալիս, դառնում է խաղը, որը միայն աշխատանքի փոխարինող է, բայց ոչ իսկական գործունեություն:

Թեստ

Ձեզ համար արժեքավոր է երեխաների ցանկացած գործունեություն, եթե համապատասխանում է նրանց կենսակերպին և հետաքրքրություններին։ Կանաչ

Կազմակերպում եք պարապմունքներ, որոնք հաճախ կարող են ազատ և մոտիվացված թվալ, բայց ըստ էության ավելին չեն, քան իսկական ազատ գործունեության փոխնյութ։ Դեղին

Հավատարիմ եք մնում պարտադիր խնդիրների ավանդական համակարգին։ Կարմիր

Ինվարիանտ 9 (նախորդից բխող). Անհրաժեշտ է ձգտել նրան, որ աշխատանքը մոտիվացված դառնա:

Մեր գրքերից մեկում ցույց էր տրված զինակոչիկի՝ նպատակից և շարժառիթից զուրկ և միայն պատժվելու վախից, նվազագույն էներգիայով կատարվող աշխատանքի և մեր կողմից «սիրով աշխատանք» անվանումը ստացած, մարդուն իր միջավայրից չկտրող, մոտիվացված աշխատանքի սկզբունքային տարբերությունը: Մեջբերում ենք այդ գրքից մի հատված։

                                               Լուսավորող աշխատանք

Այո, իհարկե, կան տարբեր բահեր և գութաններ, կան հնարամիտ մեխանիզմներ, որոնք և՛ հերկում են հողը, և՛ ցանում, և դուք ստիպված չեք լինում նույնիսկ ձեռք տալ հողին: Բայց ես սիրում եմ իմ ձեռքերով ընտրել սերմերը, քարերից մաքրելով՝ հողը թափել մատներիս արանքից, նախապատրաստել այնպես, ինչպես նորածնի օրորոցը: Այնպես որ նույն գործը կարող է պարտադրված լինել կամ էլ ազատ ստեղծագործական աշխատանք: Եվ այստեղ բանը ոչ թե աշխատանքի նորությունն է, այլ խելամտությունն ու արդյունավետությունը:

Գիտե՞ք` զինվորական խոհանոցում կարտոֆիլն ինչպես են մաքրում: Մի այսպիսի արվեստ կա (հին դպրոցում անգամ ավանդույթ էր դարձել)՝ ինչքան հնարավոր է դանդաղ աշխատել, թեկուզ առանց ընդմիջումների: Դա ստախանովյան մեթոդի ընդհակառակն է: Իսկ ավելի վատ է, երբ պետք է ավելը վերցնել, որ մաքրություն արվի. կարծես բոլոր զինվորները զրկվում են ձեռքերից, այնպես որ երբեմն ստիպված կապրալն է ավլում:

Բայց երբ զինվորին տուն են թողնում, որ հանդիպի երիտասարդ կնոջը, այս դեպքում ճաշ եփելը, կարտոֆիլ մաքրելը նրան այնպիսի բավականություն են պատճառում, որ նա ուղղակի ձգտում է այդ աշխատանքին: Եվ այն ամենը, ինչ զորանոցում նրա համար պատիժ էր, տանը պարգև է դառնում: Նույնը կարող է կատարվել նաև դպրոցում, որտեղ գործունեության որոշ ավանդական ձևեր վաղը կդառնան այնպես գրավիչ, ինչպես և նոր պարապմունքները: Մեծ ուշադրության մի՛ արժանացրեք նորույթը, հրաժարվե՛ք մեխանիզմը կատարելագործելուց, եթե մարդու իրական պահանջմունքներին չի համապատասխանում:

Այն բազմաթիվ զբաղմունքներից, որ Ձեզ առաջարկվում են, առաջին հերթին պետք է ընտրել նրանք, որ ձեր կյանքը լուսավոր կդարձնեն: Թե՛րթ լույս ընծայեք, հավաքե՛ք և դասակարգե՛ք նյութեր, փորձե՛ր արեք, որոնք դեպի գիտական մշակույթ տանող ճանապարհի առաջին քայլերն են:
Բողբոջները թող բացվեն. առավոտյան ցողը նրանց չի խանգարի:
Իսկ մնացածն ինքնիրեն կլինի:

Մեր դասարաններում հնարավոր դարձավ աշխույժ գիտակցական աշխատանքը, սիրով աշխատանքը: Ահա սա է այն նորությունը, որ մանկավարժություն ենք բերել:

Երբ երեխան իր թերթի համար հաճույքով տեքստ է պատրաստում, կանաչ լույս է:

Երբ նա իր հասակակցին նամակ է գրում, կանաչ լույս է:

Երբ նա տպագրում է, նկարում է, փորձեր է անում, զեկույց է պատրաստում, կանաչ լույս է:

Երեխաները շատ շուտ են սկսում հասկանալ մոտիվացված աշխատանքի և սովորական դպրոցական քարացածության տարբերությունը:

Թեստ

Ձեր դասարանում երեխաները մոտիվացված գործունեությամբ են զբաղված, որին տրվում են ամբողջությամբ: Կանաչ

Դուք ձգտում եք աշխուժացնել պարապմունքները, ավելի ազատ դարձնել: Դեղին

Ձեր դասերին երեխաներն ավանդական դպրոցական աշխատանքով են զբաղվում: Կարմիր

Ինվարիանտ 10.Անհրաժեշտ է վերջ դնել սխոլաստիկային:
Սխոլաստիկան դպրոցի կյանքի և աշխատանքի կանոնների համակարգ է՝ դպրոցից դուրս ոչ մի արժեք չունեցող, քանի որ ի զորու չէ նախապատրաստելու երեխաներին կյանքի բազմազանությանը:

Սխոլաստիկայի ճանաչման հասարակ միջոց ենք առաջարկում: Եթե ուզում եք իմանալ, թե աշխատանքի այս կամ այն ձևը որքանով է սխոլաստիկ, և հետևաբար ինչ գույնով` կարմիր թե դեղին, պետք է նշել, ձեզ հետևյալ հարցերը տվեք: Եթե ինքս ստիպված լինեի անել այս աշխատանքը, արդյո՞ք հաճույքով և արդյունավետ կանեի: Եթե լինեի այս աշակերտի փոխարեն, արդյո՞ք մեծ եռանդով և խանդավառությամբ կաշխատեի: Եթե դասարանի դուռը բաց թողնեի, և աշակերտները կարողանային ազատ դուրս գալ դասարանից, նրանք կշարունակեի՞ն իրենց աշխատանքը, թե՞ կփախչեին, որ ուրիշ բանով զբաղվեն:

Թեստ
Ձեր կազմակերպած ուսումնական աշխատանքն այնքան հետաքրքիր է, այնպես է գրավում աշակերտներին և ուսուցիչներին, որ նրանք դրանով են զբաղվում ազատ ժամերին` չնկատելով, թե ինչպես է թռչում ժամանակը: Կանաչ

Ուսումնական պարապմունքների մեջ աշխատում եք նոր մանկավարժության տարրեր մուծել, սակայն հասարակության և դպրոցի արդի պայմաններում ամբողջովին չեք կարող հրաժարվել սխոլաստիկ մեթոդներից: Դեղին

Դուք միայն ավանդական սխոլաստիկ պարապմունքներն եք եք ընդունում: Կարմիր

Ինվարիանտ 10ա . Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության: Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից:
Հատկապես պնդում ենք այս ինվարիանտը, ավանդական դպրոցի ողջ համակարգն անհաջողության վրա է հիմնված:

Առաջին աշակերտները լավ են սովորում ոչ միայն իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ լավ գնահատականներ են ստանում և հաջող են հանձնում քննությունները: Մյուսներին դպրոցը ճնշում է` նրանց վրա անհաջողությունների և ձախողումների հեղեղ թափելով, այդ թվում՝ և՛ վատ գնահատականները, և՛ կատարված առաջադրանքը ընդգծած կարմիր մատիտը, և՛ տետրում «Ուղղել» կամ «Տետրը վատ ես պահում» գրառումները... Այս բնույթի դիտողությունները հաջողության հասնելուն հազվադեպ են օգնում: Սեփական անհաջողությունից վհատված երեխան ինչ-որ հաջողության հասնելու համար այլ, սովորաբար դատապարտելի, ուղիներ է փնտրում: Անհրաժեշտ է միշտ նպաստել երեխաների հաջողությանը: Ուսուցման արդյունավետությունն անմիջականորեն դրանից է կախված: Ուսուցիչներն ու ծնողները,իհարկե, կասեն, որ անբավարար աշխատանքի համար լավ գնահատական դնել կամ տետրը վատ պահելու համար աշակերտին գովել ամեն դեպքում չի կարելի: Բայց մենք էլ դրան չենք կոչում:

Մեր մանկավարժությունը երեխաներին թույլ է տալիս հաջողության հասնել ուրիշ միջոցներով. սիրով կատարված նրանց  աշխատանքները համընդհանուր հավանություն են ստանում, նրանք երբեմն արվեստի իսկական գործ համարվող խեցեգործական առարկաներ և նկարներ են ստեղծում, լսարանի կողմից «կեցցե»-ներով ընդունվող զեկուցումներ են անում:

Անհրաժեշտ է փոխել հենց դպրոցի մոդելը և ուսուցչի դերը, որի հիմնական խնդիրը պիտի լինի ոչ թե աշակերտական աշխատանքների բծախնդիր ստուգումը, այլ բազմակողմանի օգնությունը երեխաներին:

Թեստ

Դուք անվերապահորեն կողմ եք հաջողության մանկավարժությանը: Կանաչ

Աշխատում եք, որ երեխաներն անհաջողության չհանդիպեն: Դեղին

Դուք մասսայական անհաջողությունների հանգեցնող ավանդական մանկավարժության կողմից եք: Կարմիր

Ինվարիանտ 10 բ . Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը:

Պնդելով այս ինվարիանտը, հաստատելով աշխատանքի առաջնայնությունը` վիճում ենք հոգեբանական տեսությունների և ժամանակակից մանկավարժության հետ:

Մոլորությունն սկսվում է դեռ մանկապարտեզից, որը դա նաև ընտանիքին է փոխանցում: Բավական է նայել խոշոր հրատարակությունների կատալոգները, որպեսզի համոզվենք՝ այնտեղ աշխատանքի ոչ մի գործիք չկա, բայց դրա փոխարեն կան շատ ամենատարբեր խաղեր: Երեխաներին աշխատանքի մեջ չներգրավելը ընտանիքում նույնպես սովորական է դարձել: Երեխան պարապ-սարապ ապրում է թագավորի պես, որին մնում է միայն խաղալ:

Կրթության հաջորդ աստիճաններում խաղի հնարավորությունները զգալիորեն նվազում են: Տարրական և միջին դպրոցում ողջ աշխատանքը հանգում է վարժություններին և ուսուցչի առաջադրանքներին: Լավագույն դեպքում այդ առաջադրանքները կարող են միմիայն մակերեսային հետաքրքրություն առաջացնել, բայց ոչ մի դեպքում չեն համապատասխանում մեր պատկերացումներին բնական և մոտիվացված աշխատանքի մասին, որի բոլոր արժանիքների մասին դեռ շատ քիչ բան է ասված:

Մեր համակարգը իսկական աշխատանքի մանկավարժությունն է: Նրա վաստակը աշխատանքի գործիքների և մեթոդների ստեղծումը, փորձարկումը և տարածումն է, որոնց գործածումը մեր դասարաներում արմատապես փոխում է ուսումնական կյանքը:
 
Թեստ:  
Դուք իսկական աշխատանքի դպրոց եք ստեղծել: Կանաչ

Աշակերտներին տալիս եք ինչպես ավանդական առաջադրանքներ, այնպես էլ իսկական աշխատանք: Դեղին

Ձեր պարապմունքների ընթացքում իսկական աշխատանք դեռ չկա: Կարմիր

11-րդ ինվարիանտ

Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.