«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարիա Մոնտեսորի

Երեխայի տունը

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Հենրի Հոլմսի նախաբանը

սկիզբը

Եվ այս հարցերին ի պատասխան մեր կողմից ամբողջ գրվածը մի նպատակ ունի` պարզել և ընդգծել յուրաքանչյուր առանձին դեպքում գլխավոր որոշիչ գործոնի՝ ժամանակակից դպրոցի վիճակի նշանակությունը: Այս հարցերը փիլիսոփայական և գիտական մի ամբողջ շարք փաստարկներ զարգացնելու բավարար առիթ են տալիս: Առաջինը էթիկայի հարցն է, երկրորդը` հոգեբանության, և դրանք երկուսն էլ զուտ մետաֆիզիկական հարցերի շարքն են դասվում:

Տիկին Մոնտեսորին հավատում է աշակերտի ազատությանը, որովհետև կյանքում տեսնում է §հավերժ նոր հաղթանակներ նվաճող չքնաղ աստվածուհուն¦: Խոնարհությունը, նվիրվածությունը, ինքնազոհաբերումը նրան թվում են կյանքի պատահական կարիքներ, ոչ թե նրա հավերժական դրսևորման էական բաղկացուցիչները: Մեր կարծիքով պետք է խորապես տարբերել փիլիսոփայական տեսությունը և հավատը: Տիկին Մոնտեսորին, ըստ երևույթին, պնդում է նաև, որ զգայական ընկալումը մտավոր, հետևապես և բարոյական կյանքի միակ հիմքն է, որ §զգացմունքների դաստիարակությունը ամուր հիմք է պատրաստում, որի վրա երեխան կարող է կառուցել պարզ և ուժեղ ոգի¦` ակնհայտորեն ներառելով նաև բարոյական իդեալները, որ երեխայի հաստատակամության, երևակայության, ստեղծագործական շնորհի զարգացումը այնքան կարևոր չէ, որքան զգացմունքների միջոցով միջավայրը ուսումնասիրելու հմտության զարգացումը:

Այս հայացքները, ըստ երևույթին, համընկնում են Հերբարդի (1) և մասամբ նաև Լոկի (2) տեսություններին: Իհարկե, դրանք կարող են փիլիսոփայական և էթիկական վեճերի տեղիք տալ: Ի դեպ, հնարավոր է և, որ Տիկին Մոնտեսորին չընդունի իր գրքի հիման վրա այստեղ իրեն վերագրվող հայացքները. բոլոր դեպքերում դրանց մասին դատելը փիլիսոփայի և մանկավարժի գործ է: Մանկավարժական հարցը երբեք ինքնաճնշողի հարց չի լինում: Այդ դեպքում կարելի՞ է արդյոք պնդել, որ միայն նման իրավիճակը, որ Հռոմում առաջին §Երեխայի տանն¦ էր տիրում, միակ իրավիճակն է, որում հնարավոր է ամբողջապես իրականացնել ազատության սկզբունքը: Երևում է՝ Հռոմի դպրոցը մանկության ինչ-որ հանրապետություն է, որտեղ ոչինչ չի խանգարում երեխային, որ ակտիվորեն իրագործի սեփական նպատակները:

Սոցիալական սահմանափակումներն այստեղ նվազագույնի են հասցված. իհարկե, երեխաները պարտավոր են սեփական քմահաճույքը ենթարկել ընդհանուր կարգի պահանջներին, նրանց չի թույլատրվում վիճել կամ իրար խանգարել, նրանք պարտավոր են որոշված ժամանակին կատարել հայտնի պարտականությունները: Բայց ամեն երեխա բացառապես իր հավասարազոր անդամների շահերով ղեկավարվող համայնքի քաղաքացին է, նրա ազատությունը հազվադեպ են սահմանափակում, նա ազատ է իր սեփական նպատակները հետապնդելու և հանրապետության գործերում նույնքան ազդեցություն ունի, որքան դեմոկրատիայի մեծահասակ լիիրավ անդամը: Այդպիսի իրավիճակ դժվար է պատկերացնել ընտանիքում, որտեղ երեխան ոչ միայն ընտանիքի անդամ է, որի շահերը նկատմամբ պետք է նույնքան ուշադիր լինել, որքան մյուսների, այլև տառացիորեն նրա ստորադաս անդամը, և նրա շահերը բացահայտորեն ստորադասվում են ընտանիքի մեծահասակ անդամի կամ ընդհանուր տնտեսության շահերին: Երեխաները պարտավոր են ճիշտ ժամանակին ներկայանալ ճաշելու, թեև ավազի մեջ խմբով խաղալն ավելի հաճելի կլիներ նրանց և նրանց մկանների, մտքի և կամքի զարգացմանն ավելի կնպաստեր: Կարելի է, իհարկե, վիճել ընտանեկան  հանրության մեջ երեխայի մասնակցության և մեծահասակների հրամայելու իրավունքի մասին, սակայն գործնականում անժխտելի է, որ ընտանեկան կյանքի ընդհանուր պայմանները Մոնտեսորիի դպրոցում իրականացվող ազատությունը թույլ չեն տալիս: Վերջին հաշվով, որոշակի ժամանակահատվածում այնքան աշխատանք կատարող բազմամարդ դպրոցները (անհատական նախաձեռնությունը դրա հետ համեմատվելու ունակ չէ) պետք է մի առարկան սովորեցնեն ինը ժամում, մյուսը՝ տասը, խմբային պարապմունքներ անեն. իսկ անհատականությունը, որի կյանքը դրանով իսկ մտնում է սահմանափակումների մեջ,  պետք է վերցնի՝ ինչ կարող է:

Յուրաքանչյուր դպրոցի առաջ մի պարզ հարց է դրված՝ ըստ անհրաժեշտության կարո՞ղ ենք արդյոք նախատեսված ժամկետում կատարել հարկավոր աշխատանքը, հրաժարվել որոշակի ծրագրերից և խմբային դասավանդումից: Ըստ էության հարցն այն է, թե արդյո՞ք աշխատանքն ինքնին այնքան կարևոր է, որ պարտադրելով կամ ուսուցչի արհեստականորեն առաջացրած հետաքրքրությամբ արժե երեխային դրան բերել: Կամ էլ` երեխայի ազատությունն այնքա՞ն կարևոր է աշխատանքից, որ ավելի ճիշտ կլինի հանուն դրա վստահել երեխայի բնատուր հետաքրքրասիրությանը և վարպետորեն մտածված նյութերին՝ չնայած աշխատանքի մի մասը կամ ամբողջը կորցնելու վտանգին: Տարրականից բարձր դպրոցի համար հեշտ է պատասխանել այդ հարցին: Դպրոցական աշխատանքը սպանիչ և հարկադրյալ արարողության բնույթից ազատելու շատ միջոցներ կան, բայց մշտապես գործող և սահմանափակ ծրագրերից, դասարանային ուսուցման դասացուցակից ամբողջովին հրաժարվելը չէ դրա ձևը:
Անհատական գործողությունների անսահմանափակ ազատությունն ավագ դպրոցներում անգամ եթե պատկերացնեինք, դեռ հարց է, թե արդյո՞ք դա ցանկալի է: Չէ՞ որ կյանքում սոցիալական պահանջմունքների ճնշմամբ հաճախ ստիպված ենք լինում շատ խնդիրներից հրաժարվել: Այդ հարցն ավելի է բարդանում, երբ խոսքն ավելի փոքրերին է վերաբերում: Ի՞նչ տիպի աշխատանք կուզեինք տալ երեխային: Եթե դպրոցներում մեր երեխաներն ընդամենը կես օր են անցկացնում, ապա կկարողանա՞ն ամբողջ գործն անել առանց որոշակի ժամերով խմբային ուսուցման:

Մի՞թե դասացուցակների ու խմբային ուսուցման վտանգն այնքան ուժեղ է, որ կարող է վնասել երեխաներին կամ ուսուցումը պակաս արդյունավետ դարձնել: Մի՞թե չի կարելի աշխատանքի մի մասի ժամանակ դասեր տալուց հրաժարվել, մյուս մասերի ժամանակ դրանք նվազագույնի հասցնել: Այսպիսով, անհատի ազատության հարցը հանգում է հարմարվելու գործնական մի շարք խնդիրների: Սա արդեն լիարժեք ազատության կամ ընդհանրապես ազատության հարցը չէ, այլ` ծայրահեղությունների իրական կիրառման հարց: Եվ եթե հիշենք, որ ուսուցչուհու մանկավարժական վարպետությունը և նրա անձի հմայքը, դիդակտիկ նյութի գրավչությունն ու այն թեթևությունը, որով նա ուսուցանում է երեխաներին, էլ չասենք ուրախ ու հաճելի սենյակի, անշարժ նստարանների բացակայության մասին. եթե հիշենք, որ այս ամենը միասին վերցրած՝ դասացուցակով խմբային ուսուցումը զերծ է պահում պարտադրողական բնույթից, ապա պարզ է, որ ցանկացած դպրոցում տիկին Մոնտեսորիի դավանած ազատության սկզբունքի խստությունը մեղմելու պատճառներ կգտնվեն: Յուրաքանչյուր դպրոց հարցի լուծումը ինքը պետք է մշակի` իր մասնավոր պայմաններից ելնելով:

Զգացմունքների դաստիարակության հարցն ավելի քիչ է վեճի տեղիք տալիս: Որոշ երեխաներ գուցե դրա կարիքը մյուսներից պակաս ունենան, բայց Մոնտեսորիի դիդակտիկ նյութը  երեքից հինգ տարեկան բոլոր երեխաների համար է և՛ հետաքրքիր, և՛ օգտակար: Ժամանակակից մանկավարժական տեսություններն առավելապես բխում են այն համոզմունքից, թե երեխաները հետքրքրվում է միայն նրանով, ինչ հասարակական արժեք կամ հասարակական բովանդակություն կամ «իրական օգուտ» ունի, բայց նորմալ երեխայի հետ անցկացրած մի օրը ոչ եզակի վկայություն կբերի այն բանի օգտին, որ երեխաները մեծ հաճույք են ստանում նաև զուտ ֆորմալ վարժություններից: Երեխան չթուլացող հաճույքով զբաղվում է խաղաքարտերը գորգի տակ խցնելով, քանի դեռ տրցակը չի վերջացել. ջրի մեջ քար նետելու գործընթացն այնքան հաճույք է պատճառում, որ կարող է երկար ժամանակ գրավել մեծ երեխաների ուշադրությունը, էլ չենք խոսում մեծահասակների մասին:

Մոնտեսորիի նյութը հագեցնում է սենսորային քաղցը, երբ զգացմունքները նոր սնունդ են պահանջում, և բացի դրանից հանելուկի հետաքրքրություն ունի, որին երեխաներն այնքան բուռն են արձագանքում: Տիկին Մոնտեսորին նյութի մտավոր կոնկրետ բովանդակության արժեքը ստորադասում է նրա արժեքին՝ որպես զգացմունքները բավարարելու միջոց. սակայն ոչնչով ապացուցուցված չէ, որ նյութին իր արժեքի մեծ բաժինը հենց այդ բովանդակությունը չի հաղորդել՝ իր ամբողջ ֆորմալությամբ հանդերձ:

Իրականում զգայական ճանաչողության հղկումը դեռ ինքնին արժեք չէ: Այդ առումով շատ ծանրակշիռ են պրոֆեսոր Հ. Ուիպլի  «Manual of Mental and Physical Tests» գրքի 130-րդ էջի դատողությունները. «Հատուկ ուշադրությության է արժանի սենսորային չափանիշների կիրառումը համահարաբերական (կոռելյատիվ) աշխատանքում»: Ընդհանրապես, որոշ հեղինակներ համոզված են, որ սուր ճանաչողական օժտվածությունը սուր մտքի նախապայմանն է: Մյուսներն էլ պակաս համոզված չեն, որ գիտակցությունն առավելապես պայմանավորված է §վերին¦ գործընթացներով և միայն որոշ չափով` սենսորային շնորհով՝ չհաշված, իհարկե, դրա այն թուլացումը, որը լուրջ վնաս է հասցնում զգացումների փորձարկմանը, ինչպես մասնակի խլությունը կամ տեսողության մասնակի կորուստը: Այստեղ տեղին չէ ճանաչողական զգայականության էվոլուցիոն իմաստի քննարկումը, բայց կարելի է նշել, որ նորմալ ընդունակությունը մի քանի անգամ գերազանցում է կենսական իրական պահանջմունքը, և դժվար է հասկանալ՝ բնությունն ինչու է այդքան առատաձեռն ու շռայլ եղել, այլ կերպ ասած` դժվար է հասկանալ՝ որն է մարդու զգայական օրգանների ճանաչողակողան շնորհի նկատելի գերաճի արդարացումը:

Մեր զգայական կյանքի սովորական «մարմնաբանական բացատրություններն¦ այդ անհեթեթությունը չեն բացատրում: Հետո, ավելորդ ընդունակությունների փաստն ինքնին, ըստ երևույթին, ժխտում է այն կարծիքը, թե զգայական ընդունակությունը նշված իմաստով կարող է գիտակցությունը պայմանավորող գործոն լինել: Միանգամայն հնարավոր է, որ Մոնտեսորիի դիդակտիկ նյութի մանկավարժական արժեքն այն է, որ այն երեխաներին մատներն ու զգացմունքները վարժելու հնարավորություն է տալիս, երբ նրանք անհագուրդ այդ տիպի վարժանքներ են փնտրում, և հետո այն, որ նրանցից ոչ մի լարում չպահանջելով՝ փաստերի և նյութերի մասին շատ տեղեկություններ է տալիս:

Նրա այդ արժանիքները դժվար թե թուլանան դպրոցական ինչ-ինչ պայմաններից, ինչպիսին էլ դրանք լինեն: Ինչ վերաբերում է նյութը զգացմունքերի դաստիարակության համար օգտագործալուն, ապա անգլիական և ամերիկյան ուսուցիչներին երկու ընդհանուր նախազգուշացում կարող էի անել: Նախ` պետք չէ մտածել, որ միայն զգացմունքների դաստիարակումով հնարավոր է հասնել այն ամենին, ինչին տիկին Մոնտեսորին դպրոցում հասնում է իր ամբողջ աշխատանքով: Համարյա ամբողջ առավոտն զգացմունքների դաստիարակության վրա ծախսել՝ նշանակում է դրա նշանակությունը գերագնահատել (շատ փոքր երեխաներին բացառում եմ):

Ապացուցված չէ նույնիսկ, որ այն ուժեղ ազդում է զգացմունքների ընդհանուր աշխատանքի վրա, էլ չխոսենք ֆիզիկական և հասարարական ավելի ակտիվ գործունեության արգելակման մասին: Երկրորդ` զգացումների մեկուսացումը շատ զգույշ պիտի արվի: Կապելով աչքերը` կարող ենք քնկոտություն առաջացնել. չի կարելի ակնկալել, թե այդ վիճակում երեխան երկար ժամանակ զգայական ընկալումներ ունենալու ունակ է: Տեղեկատվության և հսկողության սովորական միջոցներից զրկված մտավոր գործունեությունը մեծ լարում է պահանջում: Ինչպես նշել եմ, հնարավոր և գործնական եմ համարում Մոնտեսորիի համակարգի և մանկապարտեզի զուգակցումը: Եթե այստեղ հակիրճ եմ շարադրում և առանց ապացույցների կամ արդարացումների, ապա այն պատճառով, որ դրան դոգմատիկ բնույթ չեմ տալիս, այլ պարզապես հույս ունեմ, որ կլինի մի ուսուցիչ, որը կուզենա օգտագործել իր սաներին բարիք խոստացող համակարգը:

Իմ առաջարկած պայմաններն են երեխաների ուսուցումը 3,5 կամ 4 տարեկանից սկսող երկամյա ծրագրով ամերիկյան սովորական մանկապարտեզը, երեխաների փոքր թվաքանակով, բանիմաց §պարտեզավար¦ ղեկավարով և գործունյա օգնականով մանկապարտեզը: Նախ` առաջարկում եմ առաջին տարվա մեծ մասը նվիրել ֆրյոբելյան սովորական նյութի փոխարեն Մոնտեսորիի նյութով պարապմունքներին: Նկարներին և պատմություններին տրվող ժամանակի մի մասը կարելի է տրամադրել Մոնտեսորիի նյութերին, ներառյալ նաև մաթեմատիկական գործիքները: Չեմ ուզում ասել, թե ֆրյոբելյան նյութերից բոլորովին պետք չէ օգտվել. ոչ, Մոնտեսորիի առարկաների ազատ անհատական կիրառումից աստիճանաբար Ֆրյոբելի մեծագույն պարգևներին` հատկապես երկրորդին, երրորդին և չորրորդին անցնելով՝ այս երկու համակարգերը պետք է միահյուսվեն:

Երբ երեխաները պատրաստ լինեն, ֆրյոբելյան շնորհներով ավելի ֆորմալ աշխատանք կարելի է սկսել: Երկրորդ տարում ֆրյոբելյան շնորհներով աշխատանքը պետք է գերակշռի, բայց Մոնտեսորիի վարժություններն էլ իսպառ չպետք է բացառվեն: Երկրորդ տարվա երկրորդ կիսամյակում կարելի է կիրառել Մոնտեսորիի՝ գրելուն նախապատրաստող վարժությունները: Արժե ամբողջ երկրորդ տարին պատմություններին և նկարներին տրվող ամբողջ ժամանակը տրամադրել դրանց, և երկու տարում էլ առավոտյան պարապմունքներն ու խաղերն անցկացվում են սովորականի պես: Նախաճաշի ընդմիջումը չի փոփոխվում:

Մոնտեսորիի ծրագրի մի մասը, այն է ինքնասպասարկման և ինքնուրույն գործողությունների թանկարժեք վարժությունները՝ դպրոցական ունեցվածքին և տնտեսությանը ինքնուրույն հետևելը, մանկական պարտեզի ղեկավարն ու նրա օգնականը պետք է ամեն կերպ աշխատեն իրենց աշխատանքում կիրառել: Այս վարժությունները չպիտի սահմանափակվեն միայն Մոնտեսորիի գործիքներով: Մոնտեսորիի առարկաները հանել, օգտագործել և տեղը դնել սովորած երեխաները ֆրյոբելյան համակարգի ավելի բազմազան նյութի հետ ծանոթանալուց առաջ պետք է կարողանան հոգ տանել վերջինիս նկատմամբ: Իհարկե, եթե լինեն երեխաներ, որոնց համար դժվար չի լինի ճաշից հետո դպրոց վերադառնալը, շատ հետաքրքիր կլիներ թե՛ Մոնտեսորիի, թե՛ Ֆրյոբելի երաշխավորած բանջարաբուծական, ինչպես նաև Մոնտեսորիի խեցեգործական աշխատանքների փորձեր անելը: Ինչ վերաբերում է Մոնտեսորիի համակարգը տանը կիրառելուն, սահմանափակվենք մի քանի դիտողությամբ:

Նախ` ծնողները պետք է իմանան, որ միայն նյութերի առկայությունը երեխայի սենյակում բավարար չէ, որ մանկավարժական հրաշագործություն լինի: Տնօրեն Մոնտեսորին, ճիշտ է, սովորական իմաստով «չի սովորեցնում», սակայն նրանից բավականին նուրբ և հոգնեցնող աշխատանք է պահանջվում: Նա պետք է հետևի, օգնի, ոգևորի, հուշի, ղեկավարի, բացատրի, ուղղի, արգելի: Ավելին, իր աշխատանքով նա պետք է աջակցի գիտական մանկավարժության նոր շենքի կառուցմանը. ստեղծագործական աշխատանքները խլում են նրա ողջ ժամանակը, ուժն ու հնարամտությունը:

Իհարկե, տանը ձեռքի տակ Մոնտեսորիի նյութն ունենալը չէր խանգարի, թեկուզ և նյութի համար, բայց եթե ուզում ենք, որ դա դաստիարակչական ազդեցություն ունենա, ապա պետք է որոշ ուղեցույցներով լրացնել: Ընդ որում, չպետք է մոռանալ, որ նյութը Մոնտեսորիի ծրագրի բոլորովին էլ կարևորագույն մասը չէ: Տանը Մոնտեսորիի համակարգի լավագույն կիրառումը պարզ կդառնա այս գրքի ընթերցումից: Եթե տիկին Մոնտեսորիից ծնողներն իրենց երեխայի կյանքի, գործունեության նրա պահանջմունքի, նրա ընդունակությունների անմիջական դրսևորման էական միջոցների մասին ինչ-որ արժեքավոր բան իմանան և կարողանան խելամիտ օգտագործել այդ գիտելիքը, ապա իտալացի մեծ մանկավարժի խնդիրը կարելի է հաջողությամբ իրագործված համարել:

Կուզեի այս նախաբանն ավարտել գրել-կարդալ ուսուցանելու մեթոդների արծարծած կարևոր խնդիրների մասին մի քանի խոսքով: Ամերիկյան դպրոցներում  երեխաներին կարդալու ուսուցանելու հրաշալի մեթոդներ են կիրառվում. օրինակ`ալդինյանը, որով միջին ընդունակության երեխաները դպրոցական առաջին տարում առանց դժվարության տասը և ավելի գիրք են կարդում և շատ արագ րասնում ինքնուրույն կարդալու:

Այնինչ գրուսուցման մեր մեթոդները ոչնչով աչքի չեն ընկնում: Վերջերս սկսեցինք երեխաներին գրել սովորեցնել §ձեռքի շարժումով¦` առանց նախապես մատներով առանձին տառեր ստանալու, և արդյունքները վկայում են, որ մինչև տասը տարեկան երեխաների հետ նման փորձը առանձնապես ուշագրավ չէ: Որոշ ուսուցիչներ բավարարվում են նրանով, որ առաջինից չորրորդ դասարաններում երեխաներին թույլատրում են գրել տառերը նկարելով, և ընդհանրապես մեզ մոտ ամենուր տիրում է այն կարծիքը, որ մինչև ութ կամ ինը տարեկանը երեխան գրելու կարիք գրեթե չունի: Սակայն, աչքի առաջ ունենալով չորս-հինգ տարեկան երեխաներին հեշտությամբ և վարպետորեն գրել սովորեցրած տիկին Մոնտեսորիի հաջողությունները, արդյոք պետք չէ՞, որ վերանայենք մեր տեսակետը գրի արժեքավորության և դրա ուսուցման ընթացքի վերաբերյալ: Եվ կարդալ ուսուցանելու մեր մեթոդներում ի՞նչ փոփոխություններ պետք է մտցնել:

Այս բնագավառում մեր տեսությունն ու պրակտիկան, համառորեն հետևելով ընդհանուր սկզբունքներին, մեծապես տուժում են: Երեխաներին այնքան երկար ժամանակ ենք կոպիտ մեթոդներով ստիպել ուսումնասիրել դպրոցական առարկաները, անկասկած ի վնաս նրանց մարմնի և հոգու, որ այժմ շատ հեղինակներ առաջարկում են փոքր երեխայի պարապմունքների ծրագրից ամբողջությամբ վտարել կարդալն ու գրելը: Շատ ծնողներ հրաժարվում են երեխաներին ութ տարեկանից շուտ դպրոց ուղարկել` գերադասելով, որ նրանք «վայրենու պես մեծանան»: Եվ որոշ տեղերում նման մոտեցումը, դպրոցական պայմաններից ելնելով, լիովին արդարացված է, բայց այնտեղ, որտեղ դպրոցները լավն են, դա նշանակում է երեխաներին զրկել ոչ միայն դպրոցական կյանքի ակնհայտ առավելություններից, դեռ մի կողմ թողնելով գրավոր խոսք սովորելու հնարավորությունը, այլև նաև ժամանակակից մեթոդների կողմից առաջարկվող միանգամայն անցավ հնարքներից:

Բայց հիմա, երբ Մոնտեսորիի համակարգը մեզ նոր և բազմախոստում մեթոդ է առաջարկում, նախկին համոզմունքներին մնալն էլ ավելի անմիտ կլիներ. հանրահայտ փաստ է, որ նորմալ երեխաները վեց տարեկանից ձգտում են գրել և կարդալ և հեշտությամբ կարող են հասնել այդ կարողությանը: Սակայն սա չի նշանակում, որ գրել-կարդալն այդքան անհրաժեշտ է փոքր երեխաներին, որ նրանց կարելի է անվերապահորեն պարտադրել: Եթե կարող ենք երեխաներին գրագիտություն սովորեցնել առանց լարվելու, ուրեմն անենք դա, և որքան հաջող, այնքան լավ, բայց չմոռանանք, ինչպես և տիկին Մոնտեսորին, որ գրել-կարդալը երեխայի դաստիարակության միայն երկրորդական մասն է, և ընդհանրապես պարտավոր ենք բավարարել նրա այլ պահանջմունքներ: Նույնիսկ մեթոդներից լավագույնի դեպքում վեց տարեկանից շուտ կարդալու և գրելու նպատակահարմարությունը կասկածելի է: Մեր գիտակցական կյանքն առանց այն էլ չափազանց գրքային է, և խելամիտ կլինի գրագիտության ուսուցումը հետաձգել մինչև այն տարիքը, երբ դրա նկատմամբ նորմալ հետաքրքրություն է արթնանում. այդ ժամանակ էլ այդ ուսուցումը պիտի զգուշորեն և աստիճանաբար արվի:

Կարդալ-գրել ուսուցանելիս տիկին Մոնտեսորիի համակարգի տեխնիկական առավելություների մասին դժվար թե վեճ լինի: Երեխաները պարզ, բայց ամենակուլ հետաքրքրություն առաջացնող վարժությունների շնորհիվ սովորում են մատիտով ազատ աշխատելուն. և եթե երեխան չի սովորում «ձեռքի շարժումով» գրելուն, ապա պետք է բավարարվել նրանով, որ նա ճարպկորեն, հստակ և գեղեցիկ գրում է ձեռագիր տառեր: Նա տառերը` նրանց ձևը, անունը, նկարելու ձևը, ուսումնասիրում է վարժությունների միջոցով, որոնց տեխնիկական կարևոր առանձնահատկությունը առաջադրվող նյութի հիմնավոր զգայական վերլուծությունն է: Վերջերս Մեյմանը ցույց տվեց, թե հիշողության աշխատանքի համար ինչ հսկայական նշանակություն ունի երկարատև և լարված վերլուծության չափաբաժինների ամբողջական գրանցումը:

Գրակապ սովորեցնելիս, օրինակ, եթե նախնական տպավորությունն ուժգին և սպառիչ չի լինում, անօգուտ է հիշելու հնարներ հայտնագործելը, իսկ այնպիսի նյութը, ինչպիսին այբուբենն է, միայն մանրամասն, բազմազան, մանրակրկիտ զգայական ընկալման միջոցով կարող է տպավորվել: Մոնտեսորիի նյութը, հատկապես նրանով, որ ազդում է շոշափելիքի զգացման վրա, այնքան իրական է, որ մինչև նյութի վերացական և ձևական բնույթը սկսի թուլացնել հետաքրքրությունն ու ոգևորությունը, երեխաները հասցնում են սովորել ողջ այբուբենը:

Սկզբնական հետաքրքրությունը տառերի նկատմամբ, որոնք երեխաների աչքի առաջ գործածում են մեծերը, բավական է, որ գրագիտության ուսուցման ողջ ընթացքում նրանց ոգևորված պահի: Օրինակ, իտալերենի և ռուսերենի ուսումնասիրության հաջորդ քայլը հնչյունային եղանակով բառեր կազմելու շնորհիվ արդեն բավականին հեշտ է թվում: Ինչ վերաբերում է անգլերենին, ապա այստեղ գործընթացը որոշակիորեն բարդանում է: Այսպիսով` մեր նախաբանը փոխզիջում է առաջարկում: Դպրոցական առարկաների համար կարելի է իտալական դպրոցներում հաջողությամբ իրագործվող ծրագիրը արդյունավետորեն համատեղել անգլիական և ամերիկյան դպրոցներում հրաշալիորեն մշակված ծրագրի հետ: Մենք տիկին Մոնտեսորիից շատ բան ենք իմանում կարդալու և գրելու, հատկապես այն թեթևության մասին, որով նրա սաները գրել են սովորում և կիրառում նոր ձեռք բերած պարգևը, ճիշտ այնպես, ինչպես և նրանց կապակցված արձակ տեքստ կարդալ սովորեցնելու նրա մեթոդի մասին: Կարող ենք օգտագործել նրա նյութը զգացմունքների դաստիարակության համար և նրա նման երեխաներին հասցնել թվաբանական նշանների հեշտ յուրացման: Կարող ենք նաև պահպանել գրուսուցման մեր մեթոդը. նրանում գործածվող հնչյունաբանական վերլուծությունն ավելի թեթև և հաջող կլինի՝ զուգակցելով տառուսուցման Մոնտեսորիի մեթոդների հետ:

Այս երկու մեթոդների միանգամայն հաջող համատեղումը պրակտիկ դասավանդողների և տեսաբանների հետագա աշխատանքի խնդիրն է: Մոնտեսորիի գիրքը պետք է հսկայական հետաքրքրություն ներկայացնի յուրաքանչյուր մանկավարժի համար: Իհարկե, շատերը դժվար հավատան, թե Մոնտեսորիի մեթոդը ողջ մարդկության վերածննդին կհանգեցնի: Նաև ամեն մեկը չէ, որ կուզենա, որ այս կամ մի այլ մեթոդ Ամերիկայում վերջերս հայտնվածների նման «հրաշամանուկներ» տա: Հազիվ թե շատերը հավանություն տան երեխաների կողմից կարդալը և գրելը չափազանց վաղ յուրացնելուն: Բայց ցանկացած անշահախնդիր մարդ կզգա հանճարի ուժը, որով ողողված են այս գրքի էջերը, և կգնահատի տիկին Մոնտեսորիի աշխատանքի ողջ արդյունավետությունը: Մասնագետ մանկավարժները պարտավոր են նրա համակարգը մանրամասն համեմատական ուսումնասիրության ենթարկելու, և քանի որ տիկին Մոնտեսորիի հնարամտությունը ավելի շուտ գործնական փորձարկում է պահանջում, քան համեմատական ուսումնասիրություն, ապա այդ ձանձրալի աշխատանքը ևս պետք է կատարվի: Բայց ինպես էլ գնահատենք այդ աշխատանքի արդյունքները, մանկավարժը, որը այստեղ կկարդա դրա մասին, չի կարող չհարգել տիկին Մոնտեսորիին իսկական գիտնականին և մարդկության բարեկամին արժանի նվիրվածության, համբերատարության և հեռատեսության համար:

Հենրի Հոլմս: Հարվարդի համալսարան, փետրվարի 22, 1912թ.

1) Յոհանն Ֆրիդրիխ Հերբարդը գերմանացի փիլիսոփա է (1776 - 1841) (ծանոթ.՝ խմբագրի)

2) Ջոն Լոկը անգլիացի փիլիսոփա, հոգեբան, մանկավարժ է (1632 - 1704), էմպիրիկ փիլիսոփայության հիմքերի ստեղծողը (ծանոթ.՝ խմբագրի)

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.