«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Վոլտեր

Բաբելոնի արքայադուստրը

2-րդ գլուխ

1-ին գլուխ

Բոլորը խոսում էին այդ տարօրինակ իրադարձության մասին և իզուր գլուխ էին կոտրում՝ տարբեր բացատրություններ հորինելով։ Որտեղի՞ց կարողացավ հովվի որդին քառասուն խոշոր ալմաստ մատուցել։ Ինչո՞ւ է նա շրջում միաեղջյուր հեծած։ Այս հարցերը բոլորին փակուղի էին տանում, իսկ Ֆարմազանտան, շոյելով թռչունին, խոր մտքերի մեջ էր սուզված։
Իշխանադուստր Ալեյան՝ նրա զարմուհին, համարյա նույնքան նրբագեղ, որքան Ֆարմազանտան, ասաց.

- Չգիտեմ, զարմուհի՛ս, արդյոք իսկապե՞ս այդ երիտասարդ կիսաստվածը հովվի որդի է, բայց ինձ թվում է, որ նա կատարեց Ձեզ հետ ամուսնանալու իրավունքի բոլոր պայմանները։ Նա ձգեց Նեմրութի աղեղը, հաղթեց առյուծին, շատ խելացի է, քանի որ Ձեզ ձոնեց բավականին նրբաճաշակ էքսպրոմտ։ Նրանից ստանալով 40 մեծ ալմաստները՝ չե՞ք ժխտի, չէ՞, որ նա ամենաառատաձեռն մարդն է։ Նրա բարեգթությունը սահման չունի, քանի որ Ձեզ հետ մնալու հնարավորությունը կորցնելով՝ նա առանց տատանվելու ճանապարհ ընկավ՝ լսելով, որ հայրը հիվանդ է։ Գուշակի բոլոր պահանջները նա կատարել է, բացի մեկից՝ հաղթել մրցակիցներին։ Բայց նա ավելի ազնվաբարո վարվեց. նա փրկեց այն միակ մրցակցի կյանքը, որից ինքը պիտի զգուշանար։ Ինչ վերաբերում է մյուս երկուսին, հուսով եմ՝ չեք կասկածում, որ հեշտությամբ կհաղթեր, եթե անհրաժեշտություն լիներ։

- Այդ ամենը զուտ ճշմարտություն է,- պատասխանեց Ֆարմազանտան,- բայց հնարավո՞ր է, որ մարդկանցից ամենամեծը, իսկ գուցե նաև ամենաբարեհամբույրը, հովվի որդի լինի։

Զրույցին խառնված ավագ տիկինը հայտարարեց, որ հաճախ «հովիվ» բառով նկատի են ունենում «արքա». և նրանց հովիվ են կոչում, որովհետև բարեխղճորեն հոգ են տանում իրենց «հոտին», որ դա, հավանական է, ոչ վայել կատակ էր ծառայի կողմից, և որ այդ երիտասարդ հերոսը միայն այն պատճառով էր ներկայացել այդքան համեստ շքախմբի ուղեկցությամբ, որ ուզում էր ընդգծել, թե որքան են իր անձնական արժանիքները գերազանցում թագավորների փայլին, և ուզում էր միայն իրեն պարտական լինել Ֆարմազանտային նվաճելու գործում։ Այս բառերին ի պատասխան արքայադուստրը միայն ողողեց թռչունին քնքուշ շոյանքներով։

Մինչ այդ՝ երեք արքաների և տոնախմբության եկած բոլոր տիրակալների պատվին տրված ճոխ խնջույքն էր ընթանում։ Արքայի դուստրն ու զարմուհին պետք է պատվեին խնջույքն իրենց ներկայությամբ։ Արքաներին Բաբելոնի փառքին արժանի նվերներ մատուցեցին։ Բելը, մինչ կմատուցեին ուտեստները, խորհուրդ հրավիրեց, որ չքնաղ Ֆարմազանտայի ամուսնության խնդիրը լուծի։ Լինելով նրբազգաց քաղաքագետ՝ նա հայտարարեց.

- Ես ծեր եմ։ Չեմ հասկանում՝ ինչ անեմ, ում հետ ամուսնացնեմ իմ դստերը։ Նրան արժանացողը չնչին հովիվն է։ Հնդկաստանի արքան և Եգիպտոսի փարավոնը վախկոտներ են։ Սկյութների արքան մյուսներինց հարմար է, բայց նա էլ պահաջված պայմաններից ոչ մեկը չկատարեց։ Ես մի անգամ էլ կհարցնեմ Գուշակին, իսկ այդ ընթացքում դուք խորհրդակցեք, և Գուշակի պատասխանից ելնելով՝ կորոշենք՝ ինչ անել, քանզի արքան պարտավոր է վարվել անմահ աստվածների սուրբ կամքին համաձայն։

Բելը գնաց իր աղոթարանը։ Գուշակը, ինչպես միշտ, համառոտ պատասխան տվեց. «Քո դուստրը չի ամուսնանա, մինչև չճամփորդի աշխարհով մեկ»։ Ապշած Բելը վերադարձավ ու պատասխանը հայտնեց հավաքվածներին ։

Բոլոր նախարարնեը խորին հարգանք էին տածում գուշակների նկատմամբ։

Բոլորն ընդունում էին կամ ձևացնում էին, թե ընդունում են, որ նրանք կրոնի հիմքն են, որ բանականությունը պետք է պապանձվի նրանց առջև, և որ արքաները նրանց օժանդակությամբ առաջնորդում են ժողովուրդներին, իսկ մոգերը՝ արքաներին, և եթե չլինեին գուշակները, երկրիս երեսին չէր լինի ո՛չ բարեգթություն, ո՛չ հանգիստ։ Ի վերջո՝ գուշակի նկատմամբ ցուցաբերելով խորին ակնածանք՝ նախարարները համարյա միաձայն որոշեցին, որ այս անգամ գուշակի ասածը հանդուգն դուրս եկավ, որ չարժե նրան ենթարկվել, որ վայել չէ օրիորդին, այն էլ Բաբելոնի հզոր արքայի դստերը, դուրս գալ աննպատակ ճանապարհորդության, որ դա երբեք չամուսնանալու կամ գաղտնի, արժանապատվությունից զուրկ, անվայել ամուսնանալու ամենահարմար միջոցն է, մի խոսքով՝ այս գուշակը խելքը թռցրել է։ Օնադաս անունով նախարարը, որ ամենաերիտասարդն էր ու ամենախելացին, ասաց, որ գուշակն անկասկած ի նկատի է ունեցել ինչ-որ ուխտագնացություն դեպի սրբավայրեր և առաջարկեց ուղեկցել առքայադստերը։ Խորհուրդը համաձայնեց նրա հետ, բայց ամեն մեկն իրեն էր առաջարկում ուղեկցողի դերում։ Արքան որոշեց, որ արքայադուստրը կարող է ուղևորվել քաղաքից 300 փարսախ հեռու գտնվող տաճարը, ճանապարհին՝ Արմավիա՝ խոնարհվելու երջանիկ ամուսնությունների հովանավոր սրբին։ Եվ նրան կուղեկցի Խորհրդի ավագը։ Որոշումը կայացնելով՝ բոլորը գնացին ընթրելու։

3-րդ գլուխ

Այգիների մեջ՝ երկու կասկադների արանքում, խոյանում էր օվալաձև վրանը՝ 300 ֆունտ տրամագծով։ Դրա երկնագույն կամարը՝ զարդարված ոսկե աստղերով, վերարտադրում էր մոլորակների և համաստեղությունների ճիշտ դիրքը։ Նա պտտվում էր՝ ինչպես երկնակամարը, որը ղեկավարվում է նույնպիսի անտեսանելի մեխանիզմով, որը ղեկավարում է վերերկրային շարժումը։ 100000 լուսատուներ լեռնային բյուրեղապակե գլանակներում լուսավորում էին ճաշասրահը և՛ ներսից, և՛ դրսից։ Ամֆիթատրոնի տեսք ունեցող բուֆետում կային 20000 ոսկե սկահակներ ու ափսեներ։ Դիմացի աստիճանները զբաղեցրել էին երաժիշտները։ Մյուս երկու ամֆիթատրոնները լի էին՝ մեկը՝ տարվա բոլոր եղանակների պտուղներով, երկրորդը՝ բյուրեղապակյա սափորներով, որոնց մեջ առկայծում էին երկրի վրա եղած ամեն տեսակի գինիներ։

Հյուրերը տեղ զբաղեցրին խնջույքի սեղանի շուրջը, որը զարդարված էր թանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով ու մրգերով։ Չքնաղ Ֆարմազանտան նստել էր Հնդկաստանի տիրակալի և Եգիպտոսի փարավոնի մեջտեղը, իսկ հիասքանչ Ալդեան՝ սկյութների թագավորի կողքին։

Ներկա էին ուրիշ երկրների ևս երեսուն արքաներ, որոնցից յուրաքանչյուրի կողքին նստած էր մի չնաշխարհիկ պալատական տիկին։ Բաբելոնի տիրակալը, որ բազմել էր կենտրոնում՝ դստեր դիմաց, կարծես սգում էր, որ նրա համար արժանի ամուսին չէր գտել, և միաժամանակ ուրախ էր, որ նա դեռ իր կողքին է։ Ֆարմազանտան նրանից թույլտվություն խնդրեց թռչունին իր կողքին՝ սեղանի մոտ նստեցնելու։ Արքան սիրով համաձայնեց։

Երաժշտության հնչյունների տակ ամեն արքա կարող էր ազատ զրուցել իր հարևանուհու հետ, և խնջույքն անցնում էր ուրախ ու շքեղ։

Ֆարմազանտային մատուցեցին նրա հոր սիրելի կերակուրը՝ ռագու։ Նա ասաց, որ այդ ուտեստը հարկավոր էր մատուցել նորին մեծությանը։ Թռչունը անկրկնելի ճարպկությամբ նույն պահին վերցրեց ուտեստը և մատուցեց արքային։ Բոլորը զարմացան։ Բելը դստեր պես շոյեց թռչունին, և սա, օդ բարձրանալով, նորից թռավ դեպի Ֆարմազանտան։ Ճախրելիս թռչունը բացեց իր հեքիաթային պոչը, նրա լայն բացած թևերը փայլատակեցին այնպիսի հրաշալի գույներով, փետուրների ոսկին այնպիսի շլացուցիչ շողք էր գցում, որ ոչ ոք նրանից աչքը չէր կտրում։ Երաժիշտները դադարեցին նվագել և անշարժ քարացան։ Ոչ ոք չէր ուտում։ Զրույցը լռեց, միայն լսվում էին հիացումի շշուկներ։ Ընթրիքի ողջ ընթացքում արքայադուստրը, մոռացած աշխարհի բոլոր արքաներին, շոյում էր թռչունին։ Իսկ Հնդկաստանի ու Եգիպտոսի արքաներն զգում էին, թե ինչպես են աճում իրենց սրտեղությունն ու հուզումը։ Եվ ամեն մեկն իրեն խոստացավ արագացնել իր 300000-անոց բանակի ժամանումը, որ վրեժ լուծեն։

Ինչ վերաբերում է սկյութների արքային, ապա նա տարված էր Ալդեայի հետ զրույցով։ Նրա հպարտ սիրտը արհամարհում էր Ֆարմազանտայի սառնությունն առանց նեղսրտելու, և նրա նկատմամբ ավելի շուտ անտարբերություն էր զգում, քան զայրույթ։

- Նա գեղեցիկ է, խոսք չկա,- ասում էր արքան,- բայց երևի պատկանում է այն կանանց թվին, որոնք տարված են միայն իրենց գեղեցկությամբ և ենթադրում են, թե մարդկությունն իրենց պետք է անչափ շնորհակալ լինի, որ արժանացնում են իրենց տեսքին։ Իմ երկրում կուռքերին չեն խոնարհվում։ Ես բարեհամբույր և հարմարվող մի ոչ գեղեցիկ կնոջ կգերադասերի այս հոյակապ արձանից։ Դուք, Ձերդ գերազանցություն, պակաս թովիչ չեք, բայց պատվից ցածր չեք համարում օտարականի հետ զրուցելը։ Սկյութի անկեղծությամբ խոստովանում եմ, որ Ձեզ գերդասում եմ Ձեր զարմուհուց։

Այս արքան, սակայն, սխալվում էր Ֆարմազանտայի բնավորության հարցում։ Նա այնքան էլ մեծամիտ չէր, ինչքան թվում էր։ Բայց նրա հաճոյախոսությունը միանգամայն երախտագիտությամբ ընդունվեց իշխանադուստր Ալդեայի կողմից։ Նրանց զրույցը գնալով ավելի հետաքրքիր էր դառնում։ Նրանք միմյանցից շատ գոհ մնացին և նախքան խնջույքի ավարտն արդեն լրիվ համաձայնության եկան։ Ընթրիքից հետո բոլորը գնացին այգի՝ զբոսնելու։ Սկյութների արքան և Ալդեան արագ գտան մի թաքուն տաղավար։

Ալդեան, որ բնույթով շատ անկեղծ էր, ասաց արքային.
- Ես իմ զարմուհու հանդեպ ատելություն չեմ տածում, չնայած նա ինձնից գեղեցիկ է, և նրան է պատկանում Բաբելոնի գահը։ Ձեզ դուր գալու պատիվն ունենալով՝ չեմ զգում իմ գեղեցկության պակասը։ Ես Սկյության Ձեզ հետ նախընտրում եմ Բաբելոնից՝ առանց Ձեզ։ Բայց օրենքով, եթե ընդհանրապես աշխարհում օրենք կա, Բաբելոնի թագն ինձ է պատկանում, քանի որ ես ծագում եմ Նեմրութի հետնորդների ավագ ճյուղից, իսկ Ֆարմազանտան՝ կրտսեր։ Նրա պապը գահը խլել է իմ պապից և սպանել նրան։

- Ահա թե ինչպես են հարգում արյունակցությունը Բաբելոնի արքաները,- բացականչեց սկյութը։- Ի՞նչ էր Ձեր պապի անունը։

- Նրա անունը, ինչպես իմն է, Ալդեոս էր։ Իմ հայրը նույն անունն ուներ։ Նա մորս հետ աքսորվել է երկրի խորքերը, և Բելը նրանց մահից հետո, այլևս չանհանգստանալով, ցանկացավ ինձ դաստիարակել իր դստեր հետ, բայց որոշել է երբեք չամուսնացնել։

- Ես Ձեր հոր, Ձեր պապի և Ձեր վրեժը կլուծեմ,- բացականչեց սկյութների արքան,- խոստանում եմ, որ դուք կամուսնանաք։ Վաղը չէ մյուս օրը՝ արշալույսին ես Ձեզ կտանեմ, որովհետև վաղը պետք է ներկա լինեմ Բաբելոնի արքայի՝ մեր պատվին տալիք ճաշին։ Հետո կվերադառնամ 300000-անոց բանակով, որ վերականգնեմ Ձեր ոտնահարված իրավունքները։

- Ես կսպասեմ Ձեզ,- պատասխանեց չքնաղ Ալդեան, և միմյանց հավատարմության խոստում տալով՝ նրանք բաժանվեցին։

Արդեն վաղուց անզուգական Ֆարմազանտան հեռացել էր իր ննջասենյակը։ Նա հրամայեց իր մահճի կողքին դնել արծաթյա մի արկղ՝ մեջը նարնջի ծառ, որ թռչունը կարողանա նիրհել դրա վրա։ Առագաստը փակված էր, բայց Ֆարմազանտան քնած չէր. նրա սիրտն ու երևակայությունը չափից դուրս հուզված էին։ Նրա երևակայության մեջ շողում էր գեղեցիկ օտարականի կերպարը։ Մեկ տեսնում էր՝ ինչպես է նա ձգում Նեմրութի աղեղը, մեկ հետևում էր՝ ինչպես թրի մի հարվածով կտրեց առյուծի գլուխը։ Նա կրկնում էր մադրիգալը, որ ստացել էր տղայից, և վերջապես, նա տեսնում էր, թե ինչպես, առանձնանալով ամբոխից, նա սլանում է իր միաեղջյուրի վրա։ Այդ ժամանակ նա բարձրաձայն հեկեկում էր և դառնությամբ բացականչում.

- Օ՜, նրան էլ երբեք չեմ տեսնի։ Նա երբեք չի վերադառնա։

- Նա կվերադառնա, Ձե՛րդ մեծություն,- վստահեցրեց նրան թռչունը՝ նարնջի ծառի կատարից։- Մի՞թե Ձեզ մեկ անգամ տեսնելուց հետո հնարավոր է չցանկանալ նորից տեսնել։

- Օ՜, երկինք, օ՜, երկնային ուժեր, իմ թռչունը խոսում է մաքուր խալդի լեզվով,- բացականչեց արքայադուստրը և առագաստը մի կողմ նետելով՝ ձեռքերը մեկնեց դեպի թռչունն ու ծնկեց մահճի մեջ։- Արդյոք աստվածությո՞ւն չեք Դուք՝ երկնքից իջած, արդյոք այս չքնաղ փետուրների տակ թաքնված չէ՞ ինքը՝ մեծն Արամազդը։ Եթե դուք աստվածություն եք, վերադարձրեք, խնդրում եմ, գեղեցիկ երիտասարդին։

- Ես ընդամենը թռչուն եմ,- պատասխանեց նա,- բայց ծնվել եմ դեռ այն ժամանակ, երբ կենդանիները խոսել գիտեին, և թռչունները, օձերը, ավանակները, ձիերը, գիշանգղերը հեշտ ու հանգիստ զրուցում էին մարդկանց հետ։ Ես չէի ուզում խոսել մարդկանց մոտ՝ վախենալով, որ Ձեր պալատական տիկնայք ինձ կախարդի տեղ կդնեն։ Միայն Ձեզ մոտ եմ ինձ բացահայտում։
Ցնցված, ապշած, հմայված այդքան շատ հրաշքներից՝ Ֆարմազանտան հուզված պահանջում էր միանգամից հարյուրավոր հարցերի պատասխաններ։ Ամենասկզբից նա հարցրեց, թե թռչունը քանի տարեկան է։

- Քսանյոթ հազար ինը հարյուր տարի և վեց ամիս, Ձերդ մեծություն, -պատասխանեց նա։- Ես այնքան տարեկան եմ, որքան մոլորակը հարկ ունի, որ ավարտի իր ուղեծրով լրիվ մի պտույտը, ինչը ձեր հոգևորականները անվանում են օրահավասարի նախադուռ, իսկ սա ձգվում է շուրջ քսանյոթ հազար տարի՝ ըստ ձեր տարեցույցի։ Կան մոլորակներ, որ իրենց պտույտը կատարում են ավելի երկար ժամանակամիջոցում, և մեզանում կան արարածներ, որ ավելի վաղնջական են, քան ես։ Ահա արդեն քսաներկու հազար տարի է, ինչ ես իմ ուղևորություններից մեկի ընթացքում սովորել եմ խոսել խալդերեն։ Միշտ ինձ դուր է եկել այդ լեզուն, բայց իմ եղբայրակից մյուս արարածները չցանկացան խոսել ձեր կողմերում։

- Արդյոք ինչո՞ ւ, իմ աստվածայի՛ն թռչուն։

- Ցավոք, որովհետև մարդիկ վերջնականապես յուրացրին մեր մսով կերակրվելը, փոխանակ զրուցեին մեզ հետ և սովորեին մեզնից։ Բարբարոսնե՛ր։ Նրանք պետք է իմանային, որ մենք, ունենալով նույն օրգանները, նույն զգացմունքները, նույն պահանջմունքներն ու նույն ձգտումները, ինչ իրենք, մենք էլ, այսպես ասած, հոգի ունենք, որ իրենց եղբայրներն ենք, և եփել, ուտել կարելի էր միայն չար կենդանիներին։ Մենք ձեզ այնքան հարազատ էինք, որ Մեծ Ստեղծողը՝ անմահ հիմնադիրը, մարդկանց հետ պայմանագիր (տե´ս Ծննդոցի 9-րդ գլուխը և Էքլեզիաստեսի 3-րդ,18-րդ, 19-րդ գլուխները. - ծանոթագրությունը՝ Վոլտերի) կապելով՝ գիտակցաբար հիշատակել է մեր մասին այնտեղ։ Նա արգելել է ձեզ սնվել մեր արյամբ, իսկ մեզ՝ ծծել ձերը։ Ձեր հին Լոքմանի առակները, որ թարգմանվել են մի շարք լեզուներով, կմնան որպես անխախտ վկայություն այն երջանիկ շփումների մասին, որ մի ժամանակ ունեիք մեզ հետ։ Դրանք բոլորը սկսվում են «Այն ժամանակ, երբ թռչունները կարողանում էին խոսել…» բառերով։ Ճիշտ է, ձեր մեջ կան շատ կանայք, ովքեր շարունակում են խոսել իրենց շների հետ, բայց վերջիններս որոշել են երբեք չպատասխանել այն պահից, երբ նրանց մտրակի հարվածի ուժով ստիպեցին որս անել և դառնալ նախկինում մեր ընդհանուր բարեկամների՝ եղնիկների, այծյամների, նապաստակների և կաքավների սպանության հանցակիցը։

Դուք դեռ պահպանում եք հին վիպերգեր, ուր խոսում են ձիերը, իսկ ձեր կառապանները ամեն օր զրուցում են նրանց հետ, բայց այնքան կոպիտ և այնքան ստոր բառերով, որ ձիերը, որոնք մի ժամանակ շատ էին սիրում ձեզ, հիմա ձեզ տանել չեն կարող։

Այն երկիրը, ուր ապրում է ձեր սքանչելի օտարականը, մարդկանց բնակավայրերի մեջ ամենակատարյալն է, միակը, ուր դեռ ձեր ցեղատեսակը կարողանում է սիրել մեր տեսակին, զրուցել մեզ հետ։ Եվ դա երկրի վրա միակ տերությունն է, ուր մարդիկ արդարամիտ են։

- Որտե՞ղ է իմ թանկագին օտարականի տերությունը։ Ի՞նչ է այդ հերոսի անունը։ Ինչպե՞ս է կոչվում պետությունը, որ նա ղեկավարում է։ Ինձ համար նույնքան դժվար է հավատալ, որ նա հովիվ է, որքան որ դուք չղջիկ եք։

- Նրա երկիրը, Ձերդ մեծություն, գանգարիդների երկիրն է՝ բարեգութ ու աննկուն ժողովրդի, որ բնակեցված է Գանգեսի արևելյան ափին։ Իմ ընկերոջ անունը Ամազան է։ Նա արքա չէ, և խիստ կասկածում եմ, թե կցանկանար իր համար մինչ այդ աստիճանի ստորացում։ Նա իր հայրենակիցներին չափազանց շատ է սիրում. ինքն էլ նույնպիսի հովիվ է, ինչպիսին նրանք են։ Բայց չկարծեք, թե այս հովիվները նման են ձեր՝ հազիվ ցնցոտիապատ հովիվներին, որ իրենցից անհամեմատ ավելի տաք հագնված ոչխարն են արածեցնում և աղքատության լծի տակ հեծելով՝ տիրոջից ստացած խղճուկ աշխատավարձի կեսը վճարում են հարկահավաքին։ Գանգարիդական հովիվները միմյանց հավասար են, իրենք են անհամար հոտի տերը, որ արածում է մշտադալար հարթավայրում։ Այդ ոչխարներին երբեք չեն սպանում, քանի որ Գանգեսում մեծագույն վիրավորանք է համարվում քեզնմանին սպանելն ու ուտելը։ Այդ ոչխարների բուրդը, որ ավելի բարակ ու փայլուն է, քան ամենաբարձրորակ մետաքսը, Արևելքի հետ առևտրի գլխավոր առարկան է։ Դրա հետ մեկտեղ գանգարիդների հողում աճում է այն ամենը, ինչ կարող է մարդը ցանկանալ։ Այդ խոշոր ալմաստները, որ Ամազանը պատիվ ունեցավ մատուցելու Ձեզ, հանված են իրեն պատկանող հանքից։ Բոլոր գանգարիդները, ինչպես որ նա, միաեղջյուր են հեծնում։ Դա ամենագեղեցիկ, ամենահպարտ, ամենաահեղ և ամենաքնքուշ կենդանին է բոլոր նրանցից, որ զարդարում են երկիրը։ Անհամար զորքը ցրելու համար բավական կլիներ մեկ հարյուրյակ գանգարիդ և մեկ հարյուրյակ միաեղջյուր։ Շուրջ երկու հարյուր տարի առաջ հնդկական մի արքա գանգարիդների երկիրը գրավելու մի խելառ քայլ ձեռնարկեց։ Նա հայտնվեց տասը հազար փղերի և միլիոնավոր զորքի ուղեկցությամբ։ Միաեղջյուրները խողխողեցին փղերին ոսկե փոքրիկ շամփուրներին շարված դաշտային այն ճնճղուկների նման, որոնց ես տեսա Ձեր սեղանին՝ խնջույքի ժամանակ։

Գանգարիդների թրերի հարվածներից թշնամիներն ընկնում էին, ինչպես բրնձի ցողունը, որ հնձվում է Արևելքի բնակիչների մանգաղով։ Արքային և ավելի քան վեց հարյուր հազար զինվորների գերի վերցրին։ Նրան լողացրին Գանգեսի բուժիչ ջրերում և հարկադրեցին ենթարկվել սնվելու տեղական ավանդույթին, այսինքն՝ սնվել բույսերով, ինչ ինքը բնությունն է սահմանել բոլոր ապրողների համար որպես կերակուր։ Լեշ ուտող ու թունդ գինիներով իրենց թունավորող մարդկանց մեջ հոսում է թթված ու բորբոսնած արյուն։ Դա նրանց լրիվ խելքից հանում է, և նրանց հիմնական խելագրությունը հետո գերեզմաններին իշխելու համար մերձավորների արյունը թափելու ու բարեբեր հողը ամայացնելու կիրքն է։ Հնդկաստանի արքայի բուժման համար վեց ամիս պետք եղավ։ Երբ վերջապես բժիշկները համոզվեցին, որ նրա սրտի զարկերն ավելի համաչափ են, և միտքը պայծառացել է, գանգարիդների Խորհրդին ներկայացրին նրա առողջության վկայականը։ Այդ Խորհուրդը, լսելով նաև միաեղջյուրների կարծիքը, մեծահոգաբար թույլ տվեց Հնկաստանի արքային, գոռոզամիտ պալատականներին և անկիրթ զինվորներին վերադառնալ իրենց հայրենիք։ Դա լավ դաս եղավ նրանց համար, և այդ օրվանից Հնդկաստանի ժողովուրդը հարգում է գանգարիդներին այնպես, ինչպես ձեզանում գիտության կարոտ անկիրթներն են հարգում խալդական փիլիսոփաներին, ում հետ իրենք չափվել չեն կարող։

- Ի դեպ, իմ թանկագի՛ն թռչուն,- հարցրեց արքայադուստրը,- գանգարիդները կրոն ունե՞ն։

- Իհարկե, Ձե՛րդ մեծություն։ Ամեն լիալուսնի ժամանակ մենք հավաքվում ենք, որ շնորհակալություն հայտնենք Աստծուն. տղամարդիկ հավաքվում են մայրիներից կառուցված ընդարձակ տաճարում, իսկ կանայք՝ ուրիշ տաճարում, որ չշեղվեն։ Բոլոր թռչունները թևածում են դեպի պուրակ, չորքոտանիները հավաքվում են հրաշալի մարգագետնում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն մեզ առաքած բոլոր բարիքների համար։ Իսկ ամենալավ քարոզը արտասանում են թութակները։ Այդպիսին է իմ թանկագին Ամազանի հայրենիքը։ Ես այնտեղ եմ ապրում։ Նրա նկատմամբ իմ ընկերական զգացմունքները նույնքան ջերմ են, որքան սերը, որ նա ներշնչել է Ձեզ։ Հավատացեք ինձ և եկեք գնանք այնտեղ. դուք նրան կայցելեք։

- Իրոք որ, թանկագի՛ն թռչուն, Դուք գերազանց արհեստով եք զբաղվել,- ժպտալով ասաց արքայադուստրը, որ վառվում էր ճանապարհ ընկնելու ցանկությամբ, բայց չէր համարձակվում այդ մասին ասել։

- Ես ծառայում եմ իմ ընկերոջը,- պատասխանեց թռչունը,- և մեծագույն բարիքը, Ձեզ սիրելու երջանկությունից հետո, Ձեր սիրուն սատարելն է։

Ֆարմազանտան ոչ մի կերպ ուշքի չէր գալիս. նրան թվում էր՝ ճախրում է երկրից վեր։ Այն ամենը, ինչին նա վկա եղավ օրվա ընթացքում, այն, ինչ տեսավ հիմա, այն, ինչ լսեց և կարևորը՝ ինչ զգաց իր սրտում, նրան սուզում էր մի զմայլանքի մեջ, որը բազմակի անգամ գերազանցում էր այն զգացումին, որ ունենում են ժամանակակից մուսուլմանները, երբ, ազատված երկրային կապերից, տեսնում են իրենց իններորդ երկնքում՝ գուրուների գրկում փառքով արբեցած ու երկնային արքայությամբ զովացած։

4-րդ գլուխ

Ռուսերենից թարգմանեցին Մանուշակ Չորեկյանը,
Հասմիկ Ղազարյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.