«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Համագործակցային հանրակրթական դպրոց  ( ՀՀԴ )

Պատանիներին պարտադրել են միայն սովորել, իսկ  սովորեցնել՝ երբեք: Մինչդեռ դրանք պետք է փոխկապված լինեն այնպես, ինչպես ոտքերը բարձրացնելն ու իջեցնելը՝ վազքի ժամանակ:
Յան Ամոս Կոմենսկի

2006թ. սեպտեմբերից Վանաձոր քաղաքում ՀՍԻԿ  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ գործում է  ՀՍԻԿ Համագործակցային հանրակրթական դպրոցը  (ՀՀԴ): Դպրոցը իր գոյության իրավունքը  ապացուցել է կրթության բարձր արդյունավետությամբ: Դպրոցում ուսուցումը  կազմակերպվում է համագործակցային եղանակով: Ներկայացնենք համագործակցային ուսուցման հիմնական  առանձնահատկությունները:

Ուսուցման ողջ գործընթացը տարվում է  ՀՀ կառավարության կողմից 2004թ. հաստատված «Հանրակրթական պետական կրթակարգով» և նրանով սահմանված  կրթական չափորոշիչներին համապատասխան: Յուրաքանչյուր առարկայի համար մշակվում է  թեմատիկ պլան, որը նույնն է բոլոր աշակերտների համար:

Ուսուցումն անհատականացված է. ամեն մի սովորող յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով: Հաշվի առնելով աշակերտների անհատական առանձնահատկություններըª յուրաքանչյուրի համար կազմվում է  անհատական երթուղի, որ իրենից ներկայացնում է ուսումնասիրվող  թեմաների հերթականությունը: Առավելությունը այն է, որ ծրագիրը  յուրացնելու համար չկա ժամանակային սահմանափակում: Յուրաքանչյուր սովորող ամեն մի թեմայի հատկացնում է այնքան ժամանակ, որքան իրեն անհրաժեշտ է այն լրիվ յուրացնելու համար:

Սովորողը հնարավորություն ունի առաջանցիկ տեմպերով ուսումնասիրելու այս կամ այն առարկայական ծրագիրը և ավելի կարճ ժամկետում ավարտելու դրա յուրացումը:

Ուսումնական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են առանց բացառության բոլոր աշակերտները: Յուրաքանչյուր աշակերտ ոչ միայն սվորող է, այլև սովորեցնող: Կրթահամալիրի կարգախոսն է «Սովորեցրու, որ սովորես»: Սովորեցնելով ուրիշներին՝ աշակերտն ինքն է սովորում: Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր խնդիրներն իրագործում է մյուսների հետ համագործակցելու միջոցով:

Կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է համընդհանուր համագործակցության սկզբունքով: Ճիշտ է, յուրաքանչյուր աշակերտ ուսուցման բովանդակությունը յուրացնում է իր անհատական ծրագրով, սակայն, ո’չ անհատապես, ո’չ մենակ: Իր ծրագրի որոշակի հատվածի յուրացման, ստուգման կամ ամրապնդման համար նա կարող է և աշխատում է տարբեր մարդկանց` ուսուցիչների կամ այլ աշակերտների հետ` միևնույն ժամանակ օգնելով նրանց աշխատելու իրենց ծրագրի յուրացման ուղղությամբ: Այսինքն` ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր խնդիրներն իրագործում է մյուսների հետ համագործակցելու միջոցով:

Կրթահամալիրում ուսումնական գործընթացի հիմքում ընկած է փոփոխական կազմով զույգային աշխատանքը: Ուսումնական ողջ գործընթացն իրականացվում է հարափոփոխ տարատարիք խմբերում:

Ի՞նչ է տալիս մեզ  զույգային աշխատանքը:
- Դրսևորվում են սովորողի անհատական հատկանիշները:
- Նյութը  յուրացվում է  փոխադարձ օգնությամբ  և ուշադրությամբ, հոգատարությամբ:
- Բարձրանում է պատասխանատվությունը իր և ընկերոջ աշխատանքի  համար: Հաճախակի աշակերտը  գնահատվում է  ոչ թե իր, այլ ընկերոջ յուրացրած նյութի  համար:
- Երեխան  զգում է իր տեղը , դերը, կարևորությունը   աշխատանքի  ընթացքում, որ բարձրացնում է ինքնագնահատականը և ինքնավստահություն է  ստեղծում  երեխաների  մոտ:
- Պարփակված  աշակերտները  հնարավորություն են ունենում  դրսևորել իրենց և օգնելով ընկերոջը՝ խոսել, շփվել՝  ազատվելով  թերարժեքության բարդույթներից:
- Զույգային աշխատանքի  ժամանակ զարգանում է լսելու կարողությունը, հարգանքը ուրիշի  կարծիքի նկատմամբ, ընդհանուր որոշումներ կայացնելու  կարողությունը:
- Վերնագրման աշխատանքների կատարման ժամանակ զարգանում է գլխավորը առանձնացնելու կարողությունը:
- Զարգանում է  նրանց ստեղծագործական կարողությունը, խթանվում է տրամաբանական մտածողությունը:
- Խրախուսվում է  աշակերտների ինքնուրույն աշխատելու կարողությունը:

Պետական ուսումնական ծրագրով նախատեսված նյութը յուրացվում է դպրոցում՝ բուն ուսումնական գործընթացի ժամանակ: Հայտնի իմաստով տնային աշխատանքներ չկան: Տնային (ինքնուրույն) աշխատանքները նպատակաուղղված են խթանելու սովորողների ինքնակրթությունը, հետազոտական և ստեղծագործական գործունեությունը:

Մեթոդիկաները: Ուսուցման բովանդակությունը յուրացնելու համար կիրառվում են տարբեր մեթոդիկաներ: Առհասարակ, աշակերտների համագործակցությունն ու փոխօգնությունը դրսևորվում է փոխուսուցման, համատեղ ուսումնասիրության, թեմատիկ քննարկման, փոխստուգման, փոխվարժանքի ձևերով: Դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ առկա են աշակերտների հաղորդակցության ժամանակ, սակայն կախված դիդակտիկ խնդիրներից` որոշակի իրադրություններում համագործակցության և փոխօգնության վերոհիշյալ տեսակներից մեկը հանդիսանում է հիմնականը: Այս հանգամանքը դրսևորված է կոլեկտիվ ուսումնական պարապմունքների ընթացքում կիրառվող, այսպես կոչված` ընդհանուր մեթոդիկաներում: Դրանք են` Րիվինի մեթոդիկան, Թեմաների փոխհաղորդման մեթոդիկան, Առաջադրանքների փոխանակման մեթոդիկան, Հասկացման բերող քարտերի մեթոդիկան, Րիվինի հակադարձ մեթոդիկան, Անհատական հանձնարարությունների փոխստուգման մեթոդիկան, Փոխվարժանքի մեթոդիկան, Տակտային մեթոդիկան:  

Միևնույն առարկայի տարբեր բաժիններ սովորողը կարող է յուրացնել տարբեր մեթոդիկաներով: Օրինակ` «Հայոց պատմություն» առարկայի որոշ թեմաներ կարող է յուրացնել Րիվինի մեթոդիկայով, որոշ թեմաներ` Թեմաների փոխհաղորդման մեթոդիկայով: Կամ «Հայոց լեզու», «Հանրահաշիվ» առարկաների որոշ թեմաներ (Ուղղագրություն, Բազմապատկում և բաժանում) ուսումնասիրել Փոխվարժանքի մեթոդիկայով, որոշ թեմաներ` Առաջադրանքների փոխանակման մեթոդիկայով և այլն:

Ստուգման և գնահատման ձևերը: Կրթահամալիրում կիրառվում են սովորողների կողմից ուսուցման բովանդակության յուրացման աստիճանի ստուգման և գնահատման յուրօրինակ մեթոդներ: Ընթացիկ հաշվառման համար օգտագործվում են հաշվառման աղյուսակներ, իսկ վերջնական գնահատման համար` կրթահամալիրում մշակված հատուկ մատյաններ:

Յուրացված թեմաները սովորողը կարող է հանձնել տարբեր կերպ, օրինակ` ելույթ ունենալ փոքր խմբի առաջ, կատարել թեմայի վերջում տրված համապատասխան առաջադրանքները, պատասխանել ուսուցչի կողմից առաջադրված հարցերին և այլն: Թեման հանձնելուց հետո համապատասխան նշում է կատարվում հաշվառման աղյուսակում, որից հետո սովորողն անցնում է հաջորդ թեմայի յուրացմանը: Ծրագրի որոշակի բաժին յուրացնելուց հետո նա ամրապնդում է այն, գրում ստուգողական աշխատանք: Երբ ուսուցիչը համոզվում է, որ սովորողը պատրաստ է քննության, թույլատրում է նրան մասնակցելու ընթացիկ քննության:

Գնահատման այս համակարգը  բացառում է  անառողջ մրցակցությունը բարձր գնահատական ստանալու համար: Քանի որ գնահատվում է նաև  սովորեցնելու կարողությունը, աշակերտները  ձգտում են կայուն, հիմնավոր և լիարժեք  գիտելիքներ ստանալ, ոչ թե պայքարել բարձր գնահատական համար:

Աիդա  Պետրոսյան
ՀՍԻԿ Համագործակցային հանրակրթական դպրոցի համակարգող

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.