«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Դմիտրի Լիխաչյով

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

30-31-րդ նամակներ

Երեսուներկուերորդ նամակ

Արվեստը
հասկանալ

Եվ այսպես, կյանքն ամենամեծ արժեքն է, որ մարդ ունի: Եթե կյանքը համեմատենք թանկարժեք պալատի հետ՝ բազում դահլիճներով, որոնք ձգվում են անվերջանալի սենեկաշարքերով, որոնք բոլորը շքեղորեն տարբեր են, և մեկը մյուսին նման չէ, ապա այդ պալատում ամենամեծ դահլիճը, իսկական «գահադահլիճը», այն դահլիճն է, որտեղ արվեստն է թագավորում: Դա զարմանալի կախարդանքների դահլիճ է: Եվ  առաջին կախարդանքը, որը նա կատարում է, տեղի է ունենում ոչ միայն պալատի տիրոջ, այլ նաև հանդիսության բոլոր հրավիրյալների հետ: 

Դա անվերջանալի տոնակատարությունների դահլիճ է, որոնք մարդու կյանքը դարձնում են ավելի հետաքրքիր, հանդիսավոր, ուրախ, արժեքավոր... Չգիտեմ` էլ ինչ մակդիրներով արտահայտեմ իմ հիացմունքն արվեստի հանդեպ, նրա ստեղծագործությունների հանդեպ, այն դերի հանդեպ, որն ունի նա մարդկության կյանքում: Եվ ամենամեծ արժեքը, որով արվեստը պարգևատրում է մարդուն, բարության արժեքն է: Արվեստը հասկանալու շնորհով պարգևատրված մարդը դառնում է բարոյապես ավելի լավը, հետևաբար, նաև ավելի երջանիկ: Այո՛, ավելի երջանիկ: Քանի որ արվեստի միջոցով աշխարհը, շրջապատող մարդկանց, անցյալը և հեռավորը բարությամբ ընկալելու շնորհով պարգևատրված մարդը հեշտությամբ է ընկերանում ուրիշ մարդկանց հետ, ուրիշ մշակույթների հետ, ուրիշ ազգությունների հետ, նրա համար հեշտ է լինում ապրելը:

Ե. Ա. Մայմինը ավագ դասարանների սովորողներին ուղղված «Արվեստը մտածում է պատկերներով» գրքում գրում է. «Հայտնագործությունները, որոնք արվեստի միջոցով ենք կատարում, ոչ միայն կենդանի և տպավորիչ, այլ նաև բարի հայտնագործություններ են: Իրականության՝ արվեստի միջոցով ստացվող իմացումը մարդկային զգացմունքով, կարեկցանքով ջերմացած գիտելիք է: Արվեստի այս հատկությունն է նրան դարձնում անասելի բարոյական նշանակություն ունեցող հասարակական երևույթ: Գոգոլը թատրոնի մասին գրել է. «Դա մի ամբիոն է, որտեղից կարելի է աշխարհին բարի շատ բան ասել»: Ցանկացած իսկական արվեստ բարության աղբյուր է: Նա հենց իր հիմքում բարոյական է, քանի որ ընթերցողի, հանդիսատեսի, բոլոր նրանց մեջ, ովքեր ընկալում են, առաջ է բերում կարեկցություն և ապրումակցություն մարդկանց, ամբողջ մարդկության նկատմամբ:   Лев Լև Տոլստոյը խոսել է արվեստի «միավորող ակունքի» մասին և այդ հատկությանն առաջնային նշանակություն է տվել: Իր պատկերային ձևի շնորհիվ արվեստը լավագույնս միավորում է մարդուն մարդկությանը. ստիպում է ավելի մեծ ուշադրությամբ և ըմբռնումով վերաբերվել ուրիշի ցավին, ուրիշի ուրախությանը: Ուրիշի այդ ցավն ու ուրախությունը զգալի չափով դարձնում է քոնը... Արվեստը մարդկային է այս բառի ամենխորը իմաստով: Նա մարդուց է գալիս և տանում է դեպի մարդը՝ դեպի նրա ունեցած ամենակենդանին, բարին, ամենալավը: Նա մարդկային հոգիների միավորմանն է ծառայում»: Լավ, շա՛տ լավ է աված։  Եվ այստեղ շատ մտքեր հնչում են, որպես հրաշալի աֆորիզմներ:

Հարստությունները, որ արվեստի ստեղծագործությունների ընկալումն է ընձեռում մարդուն, չի կարելի նրանից խլել. իսկ դրանք ամենուր են, պետք է միայն նկատել:

Իսկ չարությունը մարդու մեջ միշտ կապված է ուրիշին չհասկանալու, նախանձի տանջալից զգացողության, էլ ավելի տանջալից անբարյացակամության զգացողության, հասարակության մեջ սեփական տեղով չբավարարվելու, հավերժական, մարդուն ուտող ոխի, կյանքից հիասթափության հետ: Չար մարդն իրեն պատժում է իր չարությամբ: Նա նախ և առաջ ինքն իրեն է թաղում խավարում:

Արվեստը լուսավորում է և միաժամանակ լուսավորում է մարդու կյանքը: Եվ կրկնում եմ՝ մարդուն դարձնում է ավելի բարի և, հետևաբար, ավելի երջանիկ:
Բայց արվեստի ստեղծագործությունը հասկանալն այնքան էլ դյուրին չէ: Դա պետք է սովորել` սովորել երկար, ամբողջ կյանքում: Քանի որ արվեստի սեփական ընկալման ընդլայնումը չի կարող ընդհատում ունենալ: Կարող է միայն նահանջ լինել` դեպի անհասկացության խավարը: Չէ՞ որ արվեստը մեզ միշտ հանդիպեցնում է նորանոր երևույթների հետ, և սա է արվեստի մեծագույն շռայլությունը: Պալատում արդեն մեր առջև բացվել են որոշ դռներ, հետո մյուսների բացվելու հերթն է:

Իսկ ինչպե՞ս սովորենք արվեստը հասկանալ: Ինչպե՞ս մեր մեջ կատարելագործենք այդ ընկալումը: Դրա համար ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինել:

Չեմ պատրաստվում դեղատումսեր առաջարկել: Ոչինչ կտրուկ չեմ ուզում պնդել: Բայց այն հատկությունը, որն արվեստի իսկական ընկալման համար ինձ այնուամենայնիվ ավելի կարևոր է թվում, անկեղծությունն է, ազնվությունը, արվեստն ընկալելու համար բացությունը:

Մարդն արվեստի ընկալում պետք է սովորի ամենից առաջ ինքն իրենից`սեփական անկեղծությունից:

Հաճախ ինչ-որ մեկի մասին ասում են` բնածին ճաշակ ունի: Ամենևի՛ն: Եթե հետևեք այն մարդկանց, ում մասին կարելի է ասել, որ ճաշակ ունեն, ապա նրանց բոլորին հատուկ մի ընդհանուր գիծ կնկատեք. նրանք ազնիվ և անկեղծ են իրենց ընկալման մեջ: Շատ բան նրանք հենց դրանից են սովորել:

Երբեք չեմ նկատել, որ ճաշակը ժառանգաբար փոխանցվի:
Կարծում եմ, որ ճաշակն այն հատկությունների մեջ չէ, որոնք գեներով փոխանցվում են: Չնայած ընտանիքը ճաշակ դաստիարակում է, և ընտանիքից, նրա ինտելիգենտությունից շատ բան է կախված:

Արվեստի ստեղծագործությանը չի կարելի կանխակալ մոտենալ՝ ընդունված «կարծիքից», նորաձևությունից, ընկերների կարծիքից ելնելով կամ չկամեցողների հայացքներից վանվելով: Արվեստի ստեղծագործության հետ պետք է կարողանալ «դեմառդեմ» մնալ:

Եթե արվեստի ստեղծագործություններ ընկալելիս սկսեք հետևել նորաձևությանը, ուրիշների կարծիքին, նրբաճաշակ և «նրբագեղ» երևալու ձգտմանը, ձեր մեջ կխեղդեք այն ուրախությունը, որը կյանքն արվեստին է պարգևում, իսկ արվեստը` կյանքին:

Ձևացնելով, թե հասկանում եք այն, ինչը չեք հասկանում, ոչ թե ուրիշին, այլ հենց ձեզ եք խաբում: Փորձում եք ինքներդ ձեզ էլ համոզել, որ ինչ-որ բան հասկացել եք, բայց ուրախությունը, որ արվեստն է պարգևում, անմիջական է, ինչպես և ցանկացած ուրախություն:

Դուր է գալիս` այդպես էլ ասեք ձեզ և ուրիշներին, որ դուր է գալիս: Միայն թե ձեր ընկալումը, իսկ որ ավելի վատ է՝ թյուրընկալումը, մի՛ պարտադրեք ուրիշներին: Մի՛ կարծեք, թե բացարձակ ճաշակով կամ էլ բացարձակ գիտելիքով եք օժտված: Առաջինն անհանար է արվեստի, երկրորդը` գիտության մեջ: Ձեր և ուրիշների մեջ հարգեք սեփական վերաբերմունքը արվեստի նկատմամբ և հիշեք իմաստուն կանոնը` ճաշակին ընկեր չկա:

Մի՞թե սա նշանակում է, որ պետք է մարդ ամբողջովին ամփոփվի իր մեջ և բավարարվի իրենով, արվեստի այս կամ այն ստեղծագործության մասին իր վերաբերմունքով: «Ինձ սա դուր է գալիս, իսկ սա` ոչ, և վերջ»: Ո՛չ մի դեպքում:

Արվեստի ստեղծագործությունների սեփական ընկալման նկատմամբ չի կարելի հանգիստ լինել, պետք է ձգտես հասկանալ այն, ինչ չես հասկացել, և խորացնել այն բանի ընկալումը, ինչը մասնակի ես ընկալել: Իսկ արվեստի ստեղծագործության ընկալումը միշտ էլ լրիվ չէ: Քանի որ իսկական արվեստի ստեղծագործությունն «անսպառ» հարստություններ ունի:

Ինչպես արդեն ասացի, չի կարելի հենվել ուրիշների կարծիքների վրա, բայց մյուսների կարծիքը պետք է լսել, հաշվի առնել: Եթե ուրիշների կարծիքն արվեստի ստեղծագործության մասին բացասական է, ապա դա մեծ մասամբ անհետաքրքիր է: Ավելի հետաքրքիր է մյուսը՝ երբ շատերի կողմից արտահայտվում է դրական հայացք: Եթե որևէ նկարչի, որևէ նկարչական դպրոց ընկալում են հազարները, ապա շատ հավակնոտ կլիներ պնդել, թե միայն դուք եք ճիշտ:

Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց ճաշակը զարգացնում են, և՛ սեփականը, և՛ ուրիշներինը: Կարելի է ձգտել հասկանալ այն, ինչ հասկանում են ուրիշները, հատկապես, եթե այդ ուրիշները շատ են:  Չէ՞ որ շատ ու շատերը չեն կարող ուղղակի խաբեբաներ լինել, եթե պնդում են, որ ինչ-որ բան իրենց դուր է գալիս, եթե գեղանկարիչը կամ երաժշտահանը, բանաստեղծը կամ քանդակագործը հսկայական կամ նույնիսկ համաշխարհային ճանաչում ունեն: Ի դեպ, լինում են մոդաներ, և լինում են նորի կամ ուրիշինի միանգամայն անհիմն մերժում, «ուրիշինի», շատ բարդի նկատմամբ նույնիսկ ատելության վարակ, և այլն:

Ամբողջ հարցն այն է միայն, որ առանց ընկալելու ավելի պարզը՝ միանգամից չես կարող ընկալել բարդը: Ցանկացած ընկալման ժամանակ՝ գիտական թե գեղարվեստական, չի կարելի թռչել աստիճանների վրայով: Դասական երաժշտություն հասկանալու համար պետք է  պատրաստված լինել երաժշտական արվեստի հիմունքների իմացությամբ: Նույնը՝ գեղանկարչության կամ պոեզիայի դեպքում: Չի կարելի տիրապետել բարձարագույն մաթեմատիկային՝ առանց իմանալու տարրականը:

Արվեստի նկատմամբ անկեղծությունն առաջին պայմանն է այն ընկալելու, բայց առաջին պայմանը դեռ ամբողջը չէ: Արվեստն ընկալելու համար նաև գիտելիքներ են պետք: Արվեստի պատմության, հուշարձանի պատմության, այն ստեղծողի կենսագրության փաստական տվյալներն օգնում են արվեստի գեղագիտական ընկալմանը` նրան ազատ թողնելով: Դրանք ընթերցողին, հանդիսատեսին կամ ունկնդրին արվեստի ստեղծագործության նկատմամբ որոշակի գնահատական կամ որոշակի վերաբերմունք չեն պարտադրում, այլ, կարծես «մեկնաբանելով», հեշտացնում են ընկալումը:

Փաստացի տվյալներն ամենից առաջ պետք են նրա համար, որ արվեստի ստեղծագործության ընկալումն իրականանա պատմական հեռանկարում, ներծծված լինի պատմականությամբ, քանի որ ստեղծագործության նկատմամբ գեղագիտական վերաբերմունքը միշտ էլ նաև պատմական է: Եթե մեր առջև ժամանակակից հուշարձան է, ապա ներկա ժամանակն էլ որոշակի պահ է պատմության մեջ, և պետք է իմանանք, որ հուշարձանն ստեղծվել է մեր օրերում: Եթե գիտենք, որ հուշարձանն ստեղծվել է Հին Եգիպտոսում, դա պատմական վերաբերմունք է առաջացնում, օգնում այն ընկալելուն: Իսկ հինեգիպտական արվեստն ավելի սուր ընկալելու համար պետք կգա իմանալ նաև, թե Հին Եգիպտոսի պատմության որ շրջանում է ստեղծվել այս կամ այն հուշարձանը: 

Գիտելիքները մեր առջև դռներ են բացում, բայց դրանցով ինքներս պետք է անցնենք:  Եվ հատկապես ցանկանում եմ շեշտել մանրուքների նշանակությունը: Երբեմն մանրուքն է մեզ գլխավորի մեջ թափանցելու հնարավորություն տալիս: Որքա՛ն կարևոր է իմանալ, թե ինչի համար է գրվել կամ նկարվել այս կամ այն բանը:

Մի անգամ Էրմիտաժում VIII դարի վերջում և XIX դարի սկզբում Ռուսաստանում աշխատած, բեմանկարիչ և Պավլովյան այգիների շինարար Պյոտր Գոնզագոյի ցուցահանդեսն էր:  Հատկապես ճարտարապետական սյուժեներով նրա նկարները շշմեցնող են հեռանկարի կառուցման գեղեցկությամբ: Նա նույնիսկ պարծենում է իր վարպետությանբ` ընդգծելով իրականում հորիզոնական, իսկ նկարներում հորիզոնում զուգամիտվող (ինչպես և պետք է լիներ հեռանկարի կառուցման ժամանակ) բոլոր գծերը: Նրա նկարներում ինչքա՛ն շատ են իրականում հորիզոնական այդ գծերը: Քիվեր, տանիքներ:

Եվ ամենուր հորիզոնական գծերը մի քիչ ավելի հաստ են արված, քան պետք է, իսկ որոշ գծեր էլ անցնում են «անհրաժեշտի» սահմանը, այն սահմանը, որն իրականում է:

Բայց ահա էլի մի զարմանալի բան. Գոնզագոյի մոտ այդ բոլոր հեռանկարների համար միշտ ներքևից է դիտման կետ ընտրված: Ինչո՞ւ: Չէ՞ որ դիտողը նկարն ուղիղ իր դիմաց է պահում: Դա այն պատճառով է, որ դրանք բոլորը թատերական բեմանկարչի էսքիզներ են, բեմանկարչի նկարներ, իսկ թատրոնում հանդիսասրահը (համենայն դեպս «ամենակարևոր» մարդկանց համար նախատեսված տեղերը) ներքևում է, և Գոնզագոն իր կոմպոզիցիաները պարտերում նստած հանդիսատեսի համար է նախատեսում:

Սա պետք է իմանալ:

Արվեստի ստեղծագործությունն ընկալելու համար միշտ պետք է իմանալ ստեղծագործելու պայմանները, ստեղծագործության նպատակը, նկարչի անձը և դարաշրջանը: Արվեստը չի կարելի մերկ ձեռքերով բռնել: Հանդիսատեսը, ունկնդիրը, ընթերցողը պետք է «զինված» լինեն՝ զինված գիտելիքներով ու տեղեկություններով: Ահա թե ինչու այդքան մեծ նշանակություն ունեն ներածական հոդվածները, մեկնաբանությունները և ընդհանրապես արվեստի, գրականության, երաժշտության մասին աշխատանքները:

Զինվեցե՛ք գիտելիքներով: Իզուր չի ասված` գիտելիքը ուժ է: Բայց դա ոչ միայն գիտության մեջ է ուժ. ուժ է նաև արվեստում: Արվեստն անհասանելի է անուժին:

Գիտելիքի զենքը խաղաղ զենք է:

Եթե մինչև վերջ հասկանաս ժողովրդական արվեստը և այն չդիտես որպես «պարզունակ» մի բան, ապա այն կարող  է ելման կետ լինել ցանկացած արվեստ որպես ուրախություն, ինքնուրույն արժեք ընկալելու համար՝ անկախ տարբեր, արվեստն ընկալելուն խանգարող պահանջներից (առաջին հերթին անպայման  «նմանության» պահանջը): Ժողովրդական ստեղծագործությունը սովորեցնում է հասկանալ արվեստի պայմանականությունը:

Ինչո՞ւ է այդպես: Ինչո՞ւ այնուամենայնիվ հենց ժողովրդական արվեստն է այդ սկզբնական և լավագույն ուսուցիչը: Որովհետև ժողովրդական արվեստում է մարմնավորված հազարամյակների փորձը: Մարդկանց «կուլտուրականների» և «անկուլտուրականների» բաժանելը հաճախ պայմանավորված է «քաղքացիների»՝ իրենց մասին ունեցած չափազանց մեծ կարծիքով և իրենց գերագնահատմամբ: Գեղջուկներն իրենց բարդ մշակույթն ունեն, որն արտահայտվում է ոչ միայն զարմանալի բանահյուսության (համեմատեք թեկուզ իր բովանդակությամբ խորը ռուսական գեղջկական երգը), ոչ միայն ժողովրդական արվեստի և հյուսիսի ժողովրդական փայտանյութով ճարտարապետության մեջ, այլ նաև բարդ առօրյայում, քաղաքավարության գյուղական բարդ կանոնների, ռուսական սքանչելի հարսանեկան ծեսի, հյուր ընդունելու ծիսակատարության, գյուղական ընտանեկան ընդհանուր ընթրիքի, բարդ աշխատանքային սովորույթների և աշխատանքային տոնակատարությունների մեջ: Սովորույթներն անհիմն չեն ստեղծվում:  Դրանք նույնպես բազմադարյան ընտրության արդյունք են` ըստ նպատակահարմարության, իսկ արվեստը ընտրություն է ըստ գեղեցկության: Սա չի նշանակում, որ ավանդական ձևերը միշտ ամենալավն են, և պետք դրանց հետևել: Պետք է ձգտել նորին, գեղարվեստական հայտնագործությունների (ավանդական ձևերն էլ ժամանակին հայտանգործություններ են եղել), բայց նորը պետք է ստեղծվի հինը, ավանդականը հաշվի առնելով, որպես արդյունք, ոչ թե որպես հնի և ամբարվածի մերժում:

* * *

33-րդ նամակ

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.