«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 22

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից»

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Պաուլո Կոելիո
«Յոթ մահացու մեղքեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան
«Նախամասնագիտական, մասնագիտական ուսուցման Ավագ դպրոցներ»

Գրիգոր Խաչատրյան
«Գեղարվեստի ավագ դպրոց. միջավայր, փոխազդեցություններ»

Աիդա Պետրոսյան
«Համագործակցային հանրակրթական դպրոց (Վանաձոր)»

Սարգիս Մարկոսյան
«Էլեկտրոնային գրատախտակը ուսումնական միջավայրում»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի «Երեխայի տունը»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Ա. Խինչին

Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին

Մտածելակերպ

Սկիզբը

Մաթեմատիկական մտածելակերպի երկրորդ բնորոշ գիծը, որի մասին այստեղ պետք է հիշատակել, սեղմությունն է` դրված նպատակին հասնելու համար տրամաբանական ամենակարճ ճանապարհը գտնելու գիտակցված ձգտումը, անողոքաբար այն ամենի դեննետումը, ինչի անհրաժեշտությունը չկա լիարժեք փաստարկման համար: Լավ ոճի մաթեմատիկական շարադրանքը «ջուր», որևէ պաճուճանք, տրամաբանական լարվածությունը թուլացնող շատախոսություն, շեղում չի հանդուրժում. առավելագույն ժլատությունը, մտքի և դրա շարադրման սաստիկ խստությունը մաթեմատիկակակն մտածելակերպի անբաժան գիծն են:  Այս գիծը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մաթեմատիկական, այլև ցանկացած այլ լուրջ դատողության համար. կարճաբանությունը, ավելորդ ոչինիչ թույլ չտալու ձգտումը և՛ մտածողին, և՛ ընթերցողին կամ լսողին օգնում են մտքի տրված ընթացքի վրա կենտրոնանալու, առանց շեղվելու կողմնային պատկերացումների վրա և չկորցնելու կապը դատողությունների հիմնական գծի հետ:  

Գիտության ականավոր գործիչները, որպես կանոն, գիտելիքի բոլոր բնագավառներում մտածում և արտահայտվում են սեղմ, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց միտքը սկզբունքորեն նոր գաղափարներ է ստեղծում և շարադրում:  Օրինակ` ինչպիսի վեհ տպավորություն է թողնում ֆիզիկայի մեծագույն ստեղծողների` Նյուտոնի, Էյնշտեյնի, Նիլս Բորի մտքերի և խոսքի ազնիվ ժլատությունը: Գուցե դժվար է գտնել ավելի վառ օրինակ, թե գիտության զարգացման վրա ինչ խոր ազդեցություն կարող է ունենալ նրա ստեղծողների մտածելակերպը:

Այս կարճաբանությունը ավելի քիչ է բնորոշ հռետորական ելույթներին: Այստեղ հաճախ ենք հանդիպում ձգվածության, ավելորդ գունագեղության, տրամաբանական ճանապարհի ուղղաձգությունից շեղման` հանուն զարդարող պատկերավորության (ինչը չի կարելի անտեսել դրան բնորոշ ազդեցության ուժի պատճառով): Սակայն այս բնագավառում ևս, երբ ելույթ է ունենում հռետոր, ով իր միտքը ներկայացնում է խիտ, առավելագույն կարճ և համոզիչ քայլերի ժլատ ձևով, հանուն այդ երկաթյա տրամաբանության մեծահոգաբար զոհաբերելով բոլոր ոճական «գեղեցկությունները», գունագեղ պատկերները, տեսնում ենք, թե ինչպես է ունկնդիրների ուշադրությունը ձգվում և լարվում, և զգում ենք, որ այդպիսի խոսքը ավելի մեծ վստահություն կառաջացնի և այդ պատճառով էլ ավելի մեծ ազդեցություն կթողնի, քան շատ վառ-պատկերավոր, ճոռոմաբանություններով հագեցված ելույթը, որն ուղղված է ունկնդիրի զգացմունքներին և երևակայութանը:   

Մաթեմատիկայի համար կարճաբանությունը դարերից եկող անխախտելի կանոն է: Շարադրանքը ոչ անհրաժեշտ (թեկուզ լսողի համար հաճելի և գրավիչ) պատկերներով, շեղումներով, շաղակրատությամբ ծանրաբեռնելու ցանկացած փորձ հենց սկզբից օրինական կասկածի տեղիք է տալիս և ինքնաբերաբար քննադատելու հակում է առաջացնում: Այդ պատճառով էլ մյուս առարկաներից առավել հենց մաթեմատիկայի դասերն են կոչված սովորողներին լակոնիկ, ուղղամիտ, շեղումներ չթույլատրող, ավելորդ ոչ մի տարր չպարունակող մտածելակերպի հմտություններ տալու:

Եվ հետո, մաթեմատիկական մտածելակերպին բնորոշ է դատողությունների ընթացքի հստակ մասնատվածությունը: Օրինակ` եթե որևէ պնդում ապացուցելիս պետք է դիտարկենք չոր տարբեր դեպքեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ այս կամ այն քանակով ենթադեպքեր, ապա դատողության ցանկացած պահին մաթեմատիկոսը պետք է հստակորեն հիշի, թե որ դեպքի որ ենթադեպքով է իր միտքը տվյալ պահին զբաղված, և դեռ որոնք պետք է քննարկվեն: Ցանկացած տեսակի ճյուղավորված թվարկումների ժամանակ մաթեմատիկոսը պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե խմբային որ հասկացության համար է ինքը թվարկում այն կազմող տեսակային հասկացություները: Առօրյա, ոչ գիտական դատողություներում այդպիսի դեպքերում շատ հաճախ ենք հանդիպում, որ խառնում են, թռչում են մեկից մյուսին, ինչը հանգեցնում է դատողություններում խառնաշփոթության և սխալների: Հաճախ լինում է, որ մարդ սկսում է թվարկել որևէ դասի տեսակները, բայց հետո ունկնդիրների (երբեմն նաև իր) համար աննկատելիորեն, օգտվելով դատողությունների ոչ բավարարար տրամաբանական հստակությունից, անցնում է ուրիշ դասի և ավարտում է՝ հայտարարելով, որ երկու դասերն էլ արդեն դասակարգված են. իսկ ունկնդիրները կամ ընթերցողները չեն հասկանում, թե առաջին և երկրորդ դասերի միջև որտեղ է սահմանը:

Այդպիսի շփոթը և թռիչքները բացառելու համար մաթեմատիկոսները վաղուց օգտագործում են հասկացությունների և դատողությունների համարակալման պարզ և տեսանելի մեթոդներ, որոնք երբեմն (բայց ավելի հազվադեպ) օգտագործվում են և ուրիշ գիտություններում:   Այն հնարավոր դեպքերը կամ այն հասկացությունները, որոնք տվյալ դատողության մեջ պետք է օգտագործվեն, նախօրոք համարակալվում են. այդպիսի յուրաքանչյուր դեպքում քննարկման ենթակա ենթադեպքերը նույնպես համարակալվում են (երբեմն տարբերելու համար համարակալման այլ համակարգ է օգտագործվում): Յուրաքանչյուր պարբերությունից առաջ, որտեղ սկսվում է նոր ենթադեպքի քննարկումը, դրվում է այդ ենթադեպքի համար ընդունված նշանակումը (օրինակ. II3 նշանակում է, որ այստեղ սկսվում է երկրորդ դեպքի երրորդ ենթադեպքի քննարկումը, կամ երկրորդ դասի երրորդ տեսակի նկարագրումը, եթե խոսքը դասակարգմանն է վերաբերում):  Եվ ընթերցողը գիտե, որ քանի դեռ չի հանդիպել այլ թվային բաժնի, ամբողջ շարադրանքը վերաբերում է միայն տվյալ դեպքին և ենթադեպքին: Ինքնին հասկանալի է, որ այդպիսի համարակալումը միայն արտաքին հնարք է` շատ օգտակար, բայց ամենևին ոչ պարտադիր, և որ գործի էությունը համարակալումը չէ, այլ դասակարգման և փաստարկման այն հստակ մասնատվածությունը, որը համարակալումը խթանում և կարևորում է իրենով:   

Վերջապես, պետք է նշել մաթեմատիկական ոճի ևս մի արտաքին ավանդույթի մասին, որը համապատասխան պայմանների դեպքում կարող է դաստիարակչական նշանակություն ունենալ, և որը չի կարելի անտեսել:  Նկատի ունեմ մաթեմատիկային բնորոշ սիմվոլիկայի մանրակրկիտ  ճշգրտությունը։ Մաթեմատիկական ցանկացած խորհրդանիշ խիստ որոշակի նշանակություն ունի. նրա փոխարինումը ուրիշ նշանով կամ տեղափոխումը, որպես կանոն, հանգեցնում են տվյալ ասույթի իմաստի խեղաթյուրման, իսկ երբեմն նույնիսկ ոչնչացման: Բանավոր խոսքի և գրավոր շարադրման ճշգրտությանը բավարար պահանջկոտությամբ մոտենալուն դեռ չվարժված սովորողը սկզբում գուցե թեթևամտորեն մոտենա մաթեմատիկայի ուսուցչի՝  մաթեմատիկական գրառումները բացարձակ ճշտությամբ կատարելու պահանջին. այդ պահանջները նրան նույնիսկ կարող են մանրախնդիր թվալ և քմծիծաղ առաջացնել: Սակայն շատ արագ սեփական փորձով կհամոզվի, որ մաթմատիկայում սիմվոլիկայի ճշգրտության չպահպանելը անմիջապես հանգեցնում է հատուցման. նա ինքը կորցնում է գրածի իմաստը հասկանալու հնարավորությունը, ստիպված է լինում կռահել, սխալ է կռահում և կա՛մ սխալ պատասխան է ստանում, կա՛մ էլ ընդհանրապես կորցնում է խնդիրը լուծելու հնարավորությունը:  Լավագույն դեպքում մեծ ջանքերի գնով նրան դժվարությամբ հաջողվում է վերականգնել ճիշտ գրառումը և առաջ շարժվել դրանով:

Այսպիսով համոզվելով, որ նշանների գրառման ճշգրտությունը բխում է իր շահերից, նա սկսում է հետևել իրեն այդ հարցում, և աստիճանաբար մաթեմատիկական սիմվոլիկայի խիստ ճշտությունը սովորություն է դառնում: Սակայն մտածողության որևէ բնագավառում ձեռքբերված այդպիսի սովորույթը անպայման հանգեցնում է սովորողի ընդհանուր մտածելակերպի դաստիարակմանը. նա սկսում է ավելի ճշգրիտ արտահայտվել բանավոր խոսքում և գրավոր շարադրանքում, մասնավորապես, ավելի մեծ ուշադրություն է դարձնում ուղագրությանը, տառասխալներն սկսում է ընդունել նույն սրությամբ և անհանգստությամբ, ինչ մաթեմատիկականը: Մշտապես նկատում ենք, որ մաթեմատիկական սիմվոլիկայի ճշգրտությանը վարժված սովորողն արագ և հեշտությամբ դադարում է տառասխալներ անելուց: Եվ չգիտեմ` հնարավո՞ր է ավարտել դպրոցը՝ հասունության վկայական ստանալու համար անհրաժեշտ մաթեմատիկական կուլտուրայի տիրապետելով և միանգամայն անսխալ գրել չսովորած:  

Ավարտելով սովորողի մտածողության կուլտուրայի վրա մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին այս գլուխը՝ նախատեսում եմ ընթերցողի բնական և օրինական տարակուսանքն այն մասին, որ դիալեկտիակական մտածողության տարրերի զարգացման հարցն իմ կողմից ոչ մի տեղ չի շոշափվել:  Պարտավորված եմ զգում այս հարցի մասին որոշակի պարզաբանում տալ:

Մարքսը և Էնգելսը լրիվ հիմնավորված պնդում էին, որ մաթեմատիկան ոչ միայն ցուցադրական հարուստ նյութ է դիալեկտիկական մտածողության օրենքների համար, այլև համակարգված ձևով նպաստում է մտածողության դիալեկտիկական ունակությունների զարգացմանը: Բայց, ինչպես բազմիցս նշվել է մարքսիզմի հիմնադիրների կողմից, ամբողջ չափով դա վերաբերում է միայն բարձրագույն մաթեմատիկային, այսինքն՝ փոփոխական մեծությունների մաթեմատիկային: Հատկապես այստեղ ենք վարժվում բնության երևույթների ու տեխնիկական պրոցեսների մաթեմատիկական հետազոտմանը դրանց կենդանի փոփոխության մեջ, ոչ թե ստատիկ անշարժության: Հատկապես այստեղ են մեծությունները հետազոտվում փոխկապվածության մեջ (ֆունկցիայի գաղափար), և ոչ թե առանձին-առանձին: Ուրիշ ոչ մի տեղ այսպես ակնհայտորեն չենք հանդիպում քանակի վերափոխմանը որակի, սկզբում անհաշտելի հակասությունների դիալեկտիկական միավորմանը և դիալեկտիկայի հիմնական սկզբունքներից շատերին: Եվ սա հիմնական պատճառներից մեկն է (բայց ոչ միակը), որ ստիպում է միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ծրագրում բարձրագույն մաթեմատիկայի տարրերի ներմուծման անհրաժեշտությունն ընդունել:

Սակայն առայժմ մենք միայն պայքարում ենք դրա համար: Իսկ ինչ վերաբերում է դպրոցում դասավանդվող տարրական մաթեմատիկային, ապա դա նույնպես, իհարկե, որպես իսկական և կենդանի գիտություն՝ զուրկ չէ դիալեկտիկայի տարրերից: Բայց այստեղ դրանք հանդես են գալիս առանձին-առանձին և փոքր հզորությամբ, և մաթեմատիկայի դասերի դաստիարակչական հիմնական ազդակների մասին հոդվածում չհամարձակվեցի դրանց մասին խոսել:

Շարունակությունը

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.