«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 24

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Հակոբ Հակոբյան
Էջեր ֆիզիկայի ապագա դասագրքից (Ֆունկցիա)

Դավիթ Մինասյան
«Ինչ է HTML-ը»

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
«Լեզվական խաղեր»

Ժաննա Հակոբյան, Գայանե Յազիչյան
Методическая разработка к уроку-обсуждению на тему “Как мы общаемся”

Դպրոցականների վատ առաջադիմության մեղավորը եղանակն է

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Թամեռլան Թադտաև
«Խաղաղության ծխամորճը»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Անահիտ Պողոսյան
Կարինե Բաշխյան
«Խնդրահարույց ուսուցում. մաթեմատիկա»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
«Շվեդիայի հանրակրթական համակարգը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան բաց փորձաքննությունից

Սարգիս Գալոյան
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 20-ամյակի շեմին»

Մերի Գրիգորյան
«Կարևոր է, որ երեխայի գործունեությունն իրականությունից բխի»

Նաիրա Դալուզյան
«Չդանդաղեցնենք երեխայի զարգացման ընթացքը»

Սոնա Ազարյան
Արդյունավետ օտար լեզու

Սուսան Դավթյան
«5–6 տարեկան երեխաների ուսուցումը»

Հայկանուշ Գևորգյան
«Երեխայի նախապատրաստումը դպրոցին»

Մարինե Պետրոսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առաջին դասարանցու աճի բնութագիր

Մարինե Մարտիրոսյան, Լուսինե Վարդանյան
Երկարացված օրվա ծրագիր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


ԱՐՁԱԳԱՆՔ


Վոլտեր

Բաբելոնի արքայադուստրը

5-րդ գլուխ

4-րդ գլուխ

Միաեղջյուրները ութ օրից էլ քիչ ժամանակում Ֆարմազանտային, Իրլային և Փյունիկին հասցրին Կամբալա՝ Չինաստանի մայրաքաղաք։ Այդ քաղաքը Բաբելոնից ընդարձակ էր, և նրա հոյակապությունն այլ տեսակի էր։ Իրերի և բարոյականության ինքնատիպությունը կհետաքրքրեին Ֆարմազանտային, եթե նրա միտքն այդքան սաստիկ զբաղված չլիներ իր Ամազանով։

Հենց որ չինական կայսրն իմացավ Բաբելոնի արքայադստեր՝ մայրաքաղաքի դարպասներին մոտենալու մասին, տեղնուտեղը նրան ընդառաջ ուղարկեց տոնական հագնված չորս հազար մանդարին (բարձր պաշտոնյա հին Չինաստանում)։ Նրանք բոլորը երեսնիվար փռվեցին, և յուրաքանչյուրը մատուցեց կարմիր մետաքսի շերտի վրա ոսկե տառերով գրված ողջույնը։ Ֆարմազանտան նրանց ասաց, որ եթե ունենար չորս հազար լեզու, բոլորին կպատասխաներ առանձին-առանձին, բայց քանի որ ունի միայն մեկը, խնդրում է բոլոր մանդարիններին ներել իրեն, որ շնորհակալություն է հայտնում բոլորին միասին։

Մանդարինները նրան մեծամեծ պատիվներով ուղեկցեցին կայսեր մոտ։ Դա ամենաարդարամիտ, ամենաբարեկիրթ, ամենաիմաստուն տիրակալն էր աշխարհի երեսին։ Նա էր, որ առաջինը իր արքայական ձեռքերով մշակեց մի փոքրիկ դաշտ, որ իր ժողովրդի մեջ հարգալից վերաբերմունք սերմանի հողագործության նկատմամբ։ Նա առաջինը մտցրեց բարեգործության համար պարգևատրումները, երբ մյուս երկրներում անարժան օրենքները բավարարվում էին միայն հանցագործությունը պատժելով։ Այդ նույն կայսրը հենց նոր վռնդել էր իր տարածքներից օտարերկրացի քուրմերի (նկատի ունի ճիզվիտների վտարումը) ավազակախումբը, որ եկել էր արևմուտքից այն խելագար հույսով, որ կստիպի ամբողջ Չինաստանին մտածել իրենց պես, և որ արդեն հասցրել էր ճշմարտության ավետման քողի տակ հարստություն ու հեղինակություն ձեռք բերել։

Նրանց վտարելով՝ կայսրն արտաբերել էր երկրի տարեգրության մեջ հավերժացած հետևյալ ճշմարտությունը. «Դուք այնքան չարիք կարող էինք այստեղ սերմանել, որքան սերմանել եք ուրիշ տեղեր։ Դուք եկել եք աշխարհի ամենահանդուրժող ժողովրդին քարոզելու անհանդուրժողության դոգմաներ։ Ես ձեզ վտարում եմ, որ ստիպված չլինեմ ինչ-որ ժամանակ ձեզ պատժել։ Ձեզ պատիվներով կտանեն մինչև իմ տերության սահմանները։ Ձեզ կմատակարարեն ամենայն անհրաժեշտը, որ կարողանաք հասնել այն կիսագնդի սահմաններին, որտեղից ժամանել եք։ Գնացե՛ք խաղաղությամբ, եթե կարող եք խաղաղ ապրել, և այլևս չվերադառնաք այստեղ»։

Բաբելոնի արքայադուստրն ուրախությամբ տեղեկացավ այս որոշման ու այս բառերի մասին։ Նա հիմա ավելի համոզված էր, որ պալատը բարեկամական ընդունելություն կցուցաբերի, քանի որ ինքն անձամբ աչքի էր ընկնում արտակարգ կրոնահանդուրժողականությամբ։ Չինաստանի կայսրը, միայն նրա հետ ճաշելով, այնքան նրբանկատ էր, որ չեղյալ համարեց իրենց նիստուկացի բոլոր նվաստացուցիչ արարողությունները։ Արքայադուստրը ներկայացրեց նրան Փյունիկին, որին կայսրը շոյեց։ Թռչունը նստեց նրա բազկաթոռի թիկնակին։ Ճաշի ավարտին Ֆարմազանտան նրան վստահաբար տեղեկացրեց իր ճանապարհորդության պատճառի մասին և խնդրեց հրաման արձակել Կամբալայում գտնելու գեղեցիկ Ամազանին, որի մասին պատմել էր՝ չթաքցնելով նաև իր ճակատագրական կիրքը երիտասարդ հերոսի նկատմամբ։

- Դուք ո՞ւմ եք պատմում այդ բոլորը,- բացականչեց չինական կայսրը,- նա ինձ հաճույք է պատճառել՝ իմ մայրաքաղաքը գալով։ Նա գերել է ինձ իր հաստատակամությամբ։ Ճիշտ է, նա շատ տխուր է, բայց նրա հմայքը դրանից ավելի սրտառուչ է։ Իմ շրջապատից ոչ ոք չի կարող նրա հետ չափվել խելքով։ Դատավորների միաբանության ոչ մի մանդարին չի տիրապետում այդքան ծավալուն ճանաչողությամբ, ռազմական կոչում ունեցող ոչ մի մանդարին չունի այդքան առնական ու հերոսական արտաքին, ինչպես նա։ Նրա անչափ երիտասարդ լինելը միայն սաստկացնում է նրա տաղանդների գինը։ Եթե ես այնքան դժբախտ ու այնքան լքված լինեի Տիենի և Չանգտիի կողմից, որ ինձ պատեր տարածքներ գրավելու կիրքը, ես կխնդրեի Ամազանին գլխավորել իմ զորքերը և համոզված կլինեի, որ կգրավեմ ամբողջ աշխարհը։ Շատ եմ ցավում, որ վիշտը երբեմն պղտորում է նրա բանականությունը։

-Ախ, Ձերդ մեծություն,- խոր վշտով, հոգեկան հուզումով ու կշտամբալից բացականչեց Ֆարմազանտան,- ինչո՞ւ Դուք Ամազանին չհրավիրեցիք ճաշին։ Ես վշտից կմեռնեմ, կանչեք նրան որքան հնարավոր է շուտ։

-Ձերդ մեծություն, նա այսօր առավոտյան մեկնել է և նույնիսկ չի էլ ասել, թե դեպի ուր է ուղևորվել։

Ֆարմազանտան դիմեց Փյունիկին.

-Ո՛ վ Փյունիկ, Դուք երբևէ ինձնից դժբախտ աղջիկ տեսե՞լ եք։ Բայց, Ձերդ մեծություն,- շարունակեց արքայադուստրը,- ինչո՞ւ նա որոշեց այդպես անսպասելի լքել այսքան հյուրասեր մի պալատ, ինչպիսին ձերն է, որտեղ, ինչպես ինձ թվում է, ամեն ոք կցանկանար մնալ ամբողջ կյանքում։

- Տեղի ունեցավ հետևյալը, Ձերդ մեծություն. այստեղի ամնեահրաշագեղ արքայադուստրերից մեկը սիրահարվել էր նրան ու ժամադրություն նշանակել կեսօրին։ Իսկ նա մեկնել է արշալույսին՝ իմ ազգականուհուն մի նամակ թողնելով, որի վրա աղջիկը շատ արցունք է թափել. «Չինական չքնաղ արքայադուստր, Դուք արժանի եք մի սրտի, որը Ձեզնից առաջ երբեք ոչ ոքի չի սիրել։ Իսկ ես անմահ աստվածներին երդում եմ տվել հավերժ սիրել միայն Ֆարմազանտային՝ Բաբելոնի արքայադստերը, և նրան սովորեցնել, թե ինչպես պետք է սանձլ սեփական կրքերը ճանապարհորդությունների ժամանակ։ Նա դժբախտություն է ունեցել հրապուրվելու Եգիպտոսի անարժան փարավոնով։ Ես մարդկանց մեջ ամենադժբախտն եմ։ Ես կորցրել եմ և՛ հորս, և՛ Փյունիկին, և՛ Ֆարմազնտայի կողմից սիրված լինելու հույսս։ Ես լքել եմ վշտից ճնշված մորս, իմ հայրենիքը, որովհետև չէի կարող մնալ այնտեղ, որտեղ իմացա, որ Ֆարմազանտան սիրում է ուրիշի։ Ես երդվել եմ ոտքի տակ տալ ողջ աշխարհը և հավատարիմ մնալ իմ սիրուն։ Դուք իմ հանդեպ ատելություն կտածեիք, և աստվածներն ինձ կպատժեին, եթե ես խախտեի իմ երդումը։ Ձեզ համար ուրիշ սիրեկան ընտրեք, Ձերդ մեծություն, և նույնքան հավատարիմ եղեք, որքան ես եմ»։

- Ախ, ինձ տվեք այդ զարմանքի արժանի նամակը. դա ինձ համր մխիթարանք կլինի,-բացականչեց չքնաղ Ֆարմազանտան։- Իմ դժբախտության մեջ ես այնուամենայնիվ երջանիկ եմ։ Ամազանը սիրում է ինձ։ Հանուն ինձ Ամազանը մերժում է չինական արքայադուստրերի սերը։ Ամբողջ երկրագնդի վրա միայն նա է ընդունակ իր նկատմամբ այդպիսի հաղթանակ տանելու։ Նա ինձ հավատարմության մեծ օրինակ է ցույց տալիս, բայց, Փյունիկը գիտի, ես օրինակի կարիք չունեմ։ Ի՜նչ դաժան է՝ զրկվել սիրած մարդուց ինչ-որ ամենաանմեղ մի համբույրի պատճառով, որը ես տվել եմ՝ ելնելով միմիայն հավատարմության զգացումից։ Եվ այնուամենայնիվ՝ նա ո՞ւր գնաց։ Ի՞նչ ճանապարհ ընտրեց։ Բարի եղեք, պարզեք ինձ համար դա, և ես անմիջապես ճանապարհ կընկնեմ։
Չինաստանի կայսրը պատասխանեց, որ, դատելով ստացված տեղեկություններից, նրա սիրելին ճանապարհվել է դեպի սկյութների երկիրը։ Հենց նույն պահին թամբեցին միաեղջյուրները, և արքայադուստրը, սրտառուչ հրաժեշտ տալով կայսերը, Փյունիկի, իր աղախին Իրմայի և ամբողջ շքախմբի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ։

Սկյութիա ժամանելով՝ նա ավելի պարզ, քան երբևէ տեսավ, որ որոշ մարդիկ և իշխանությունը առանձնանում են և տարբերվելու են իրարից, քանի դեռ ինչ-որ ժողովուրդ, ավելի լուսավորյալ, քան մյուսները, ձեռքից ձեռք չի փոխանցել գիտության լույսը դարերի անկրթությունից հետո, և բարբարոս երկրներում կհայտնվեն հերոսական հոգիներ, որոնք իրենց մեջ ուժ ու համառություն կգտնեն բարբարոսներից լուսավորյալ մարդիկ կերտելու համար։ Սկյութիայում քաղաքներ չկային, հետևաբար չկար և ոչ մի նրբաճաշակ արվեստ։ Շուրջը փռված էին միայն լայնարձակ դաշտերը, և ժողովուրդն ապրում էր վրաններում կամ սայլերում։ Այս տեսարանը սարսափազդու էր։ Ֆարմազանտան հարցրեց, թե որ վրանում կամ սայլում է կենում արքան։ Նրան պատասխանեցին, որ ութ օր առաջ նա, երեքհարյուրհազարանոց բանակի գլուխն անցած, արշավանք է սկսել Բաբելոնի արքայի դեմ, որից փախցրել է նրա ազգականուհուն՝ չքնաղագեղ արքայադուստր Ալդեային։

- Նա փախցրել է իմ զարմուհուն,- բացականչեց Ֆարմազանտան։- Այ քեզ անսպասելի նորություն։ Ինչպե՜ս։ Իմ զարմուհին, ով երջանկություն էր համարում ինձ ծառայելը, հիմա թագուհի է, իսկ ես դեռ ամուսնացած չեմ։

Եվ նա անմիջապես հրամայեց իրեն տանել թագուհու վրանը։
Այդ հեռավոր երկրում անսպասելի հանդիպումը, անսովոր նորությունները, որոնք նրանք փոխանակեցին, նրանց հանդիպմանը անկեղծություն հաղորդեցին, որն ստիպեց նրանց մոռանալ, որ իրենք երբեք միմյանց չեն սիրել։ Նրանք ուրախ հանդիպեցին։ Ճշմարիտ գորովանքին փոխարինեց քաղցր թվացողությունը։ Նրանք, արցունքն աչքերին, գրկեցին միմյանց, և նրանց մեջ տիրեց նույնիսկ բարեկամական անբռնազբոսիկությունն ու անկեղծությունը, քանի որ հանդիպումը պալատում չէր։

Ալդեան ճանաչեց Փյունիկին և վստահելի աղախին Իրլային։ Նա սամույրի մորթի նվիրեց զարմուհուն, սա էլ նրան՝ ալմաստներ։ Խոսում էին երկու արքաների նախաձեռնած պատերազմի մասին, ողբացին այն մարդկանց ճակատագիրը, որոնք ինքնակալների կողմից ու նրանց կամքով միմյանց ոչնչացնելու են ուղարկվել մի դատարկ բանի համար, որը երկու կարգին մարդ կկարողանար մի ժամում լուծել։ Բայց գլխավորապես խոսում էին գեղեցկատես օտարականի մասին, ով հաղթեց առյուծին, նվիրեց աշխարհի ամենամեծ ալմաստները, մադրիգալի հեղինակի մասին, Փյունիկ թռչունի տիրոջ մասին, որ սև կեռնեխի պատճառով դարձել է մարդկանցից ամենադժբախտը։

- Դա իմ թանկագին եղբայրն է,- ասաց Ալդեան։

- Դա իմ սիրելին է,- բացականչեց Ֆարմազանտան։- Դուք, իհարկե, տեսել եք նրան։ Գուցե նա դեռ այստե՞ղ է։ Այսինքն՝ չէ՞ որ նա գիտի, զարմուհի՛, որ Ձեր եղբայրն է։ Եվ նա չի լքի Ձեզ այնպես անսպասելի, ինչպես լքեց չինական կայսերը։

- Ո՛ վ աստվածներ. տեսե՞լ եմ արդյոք ես նրան,- բացականչեց Ալդեան։- Նա ինձ մոտ մնաց չորս օր։ Ա՛խ, զարմուհիս, ինչքա՛ն դժբախտ է իմ եղբայրը։ Սուտ լուրը նրան լրիվ խելքահան է արել։ Նա կուրորեն թափառում է։ Պատկերացրե՛ք. խելահեղությունն այնպես է նրան համակել, որ նա մերժեց Սկյութիայի ամենահիասքանչ կնոջ սերը։ Նա երեկ է գնացել՝ նրան մի նամակ ուղարկելով, որից աղջիկը հուսահատության մեջ է ընկել։ Նա ուղևորվեց դեպի կիմմերոսները (նկատի ունի ռուսներին)։

- Փառք աստծո,- բացականչեց Ֆարմազանտան,- ևս մեկ հրաժարում հանուն ինձ։ Իմ երջանկությունը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները, ինչպես իմ դժբախտությունը՝ բոլոր մտահոգություններս։ Ինձ տվեք ադ հրաշք նամակը, որ ես գնամ, որ հետևեմ նրան՝ ձեռքիս ունենալով նրա հավատարմության ապացույցները։ Մնաք բարով, զարմուհի՛ս, Ամազանը կիմերոսների մոտ է։ Թռչում եմ այնտեղ։
Ալդեան համարեց, որ արքայադուստր Ֆարմազանտան ավելի խելագար է, քան իր եղբայր Ամազանը, բայց քանի որ նույն հիվանդության նոպան մի ժամանակ ինքն էլ էր ունեցել՝ հրաժարվելով բաբելոնական պալատի ուրախություններից ու փայլից հանուն սկյութների արքայի, և քանի որ կանայք միշտ էլ աջակցում են սիրո պատճառած խելահեղությանը, անկեղծ զգացվեց, բարի ճանապարհ մաղթեց Ֆարմազանտային և խոստացավ սատարել նրա սիրուն, եթե երբևէ բախտ ունենա նորից տեսնելու եղբորը։

6-րդ գլուխ

Շուտով Բաբելոնի արքայադուստրն ու Փյունիկը ժամանեցին կիմերոսների երկիր, որը, ճիշտ է, զգալիորեն քիչ էր բնակեցված, քան Չինաստանը, բայց տարածքով երկու անգամ գերազանցում էր նրան։ Սա մի ժամանակ ոչնչով չէր տարբերվում Սկյութիայից, բայց որոշ ժամանակից ի վեր դարձել է նույնքան ծաղկուն, որքան այն պետությունները, որոնք պարծենում էին, թե լուսավորում են ուրիշ պետությունների։

Մի քանի օրվա ճանապարհորդությունից հետո Ֆարմազանտան ժամանեց մի մեծ քաղաք, որի բարեկարգությանը հետևում էր ինքը՝ կայսրուհին։ Նա քաղաքում չէր. այդ ժամանակ այցելում էր իր տերության տարածքները՝ Եվրոպայի սահմաններից սկսած մինչև Ասիայի սահմանները՝ ցանկանալով սեփական աչքերով տեսնել դրանք, իմանալ դրանց կարիքների մասին, նրանց օգնելու միջոցներ գտնել, բազմապատկել բարեկեցությունը, տարածել լուսավորություն։

Այդ հին մայրաքաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որ տեղեկացել էր բաբելոնուհու և Փյունիկի ժամանման մասին, շտապեց հանդիսավոր ընդունելություն կազմակերպել արքայադստեր համար՝ համոզված լինելով, որ իր տիրուհին՝ ամենասիրալիրն ու ամենափայլունը կայսրուհիներից, իրեն շնորհակալ կլինի, որ այսքան բարձրաստիճան անձին դիմավորելիս ցուցաբերել է այն պատիվները, որ կցուցաբերեր նա ինքը։

Ֆարմազանտային տարան պալատի սենյակներից մեկը, որի մոտից ցրեցին խմբված ամբոխը։ Նրա պատվին կազմակերպեցին զարմանահնար տոնախմբություններ։ Կիմմերական ազնվազարմ տեարը՝ բնական գիտությունների մեծ գիտակ, երկար զրուցում էր Փյունիկի հետ, երբ արքայադուստրը հեռացավ իր սենյակը։ Փյունիկը տեղեկացրեց նրան, որ ինքը մի ժամանակ եղել է կիմմերոսների երկրում, և հիմա դժվարությամբ է այն ճանաչում։

- Ինչպե՞ս եք այս կարճ ժամանակում,- զարմանում էր նա,- կարողացել հասնել այսքան բարեկարգիչ փոփոխությունների։ Դեռ երեք հարյուր տարի էլ չի անցել այն ժամանակից, երբ այստեղ տիրում էր վայրի բնությունն իր ողջ վայրագությամբ, իսկ հիմա իշխում է արվեստը, հոյակապությունը, փառքը և նրբագեղությունը։

- Տղամարդը սկիզբ դրեց այս մեծ գործին,-պատասխանեց կիմմերոսը,- կինը շարունակեց այն (նկատի ունի Պետրոս Առաջինին և Եկատերինա Երկրորդին)։ Այս կինը ավելի լավ օրենսդիր դուրս եկավ, քան եգիպտացիների Իզիդան ու հույների Ցերերան։ Օրենսդիրների մեծ մասը սահմանափակ ու բռնակալական միտք ունեին, որ նրանց աշխարհայացքը սահմանափակում էր այն երկրի սահմաններում, որի ղեկավարն էին իրենք։ Ամեն մեկն իր ժողովրդին դիտում էր որպես միակը աշխարհիս երեսին կամ որպես մի ժողովուրդ, որը դատապարտված է ապրելու մյուս ժողովուրդների հետ թշնամանքի պայմաններում։ Այդ օրենսդիրները հիմնարկներ էին ստեղծում միայն իրենց ժողովրդի համար, սովորույթներ էին մտցնում միայն նրանց համար, միայն նրանց համար ստեղծում էին կրոն։ Ահա թե ինչու եգիպտացիք, որ այդքան հռչակված են քարակույտեր անելով, իջել են մինչև անասնական մակարդակի և հռչակել են իրենց բարբարոսական սնահավատությամբ։ Նրանք մյուս ժողովուրդներին դիտում են որպես անկիրթների, նրանք չեն շփվում, և, բացի արքայական պալատից, որ երբեմն արհամարհում է ստորակարգ նախապաշարումները, դուք չեք հանդիպի որևէ եգիպտացու, որ համաձայնի ուտել նույն ամանից, որից օգտվել է մի օտարերկրացի։ Նրանց մոգերը դաժան են ու բութ։ Ավելի լավ է՝ բոլորովին օրենքներ չունենալ և հետևել միայն բնության պահանջին, որը մեր սրտերում բարու և չարի հասկացությունն է ամրապնդել, քան ենթարկվել այդքան վայրի օրենքներին։

Մեր կայսրուհին միանգամայն ուրիշ նպատակներ է հետապնդում։ Նա բոլոր միջօրեականներն ընդգրկող իր անծայրածիր պետությունը դիտում է որպես այդ միջօրեականների վրա ապրող բոլոր ժողովուրդների համար գոյություն ունեցող։ Առաջին օրենքը, որ նա ընդունեց, դավանանքի ազատության և ամեն տեսակի մոլորությունների նկատմամբ հանդուրժողականության օրենքն էր։ Իրեն հատուկ հանճարեղությամբ նա հասկացավ, որ եթե դավանանքները տարբեր են, բարոյականության օրենքներն ամենուր նույնն են։ Այս համոզմունքով առաջնորդվելով՝ նա հարազատացրել է իր ժողովրդին աշխարհի բոլոր ժողովուրդների հետ և կիմերոսները կարող են վերաբերվել սկանդինավցիներին կամ չինացիներին որպես եղբայրների։ Նա ավելին է արել։ Նա ցանկացել է, որ այդ թանկարժեք դավանանքի նկատմամբ հանդուրժողականությունը, այդ հիմնական օղակը, որ միացնում է մարդկանց, օգտագործվի նաև իր հարևանների կողմից։ Այս կերպ՝ նա վաստակել է իր հայրենիքի մայրը կոչվելու և կվաստակի մարդկային ցեղի բարեգործը կոչվելու իրավունքը, եթե հաստատակամորեն շարունակի հետապնդել իր նպատակը։

Նրանից առաջ մարդիկ, որոնք, ցավոք, իշխանություն ունեին, մարդասպանների հորդաներ են ուղարկել՝ կողոպտելու անհայտ ցեղերին և նրանց արյունով ներկելու նրանց պապերի հողը։ Այդ մարդասպաններին անվանում էին հերոսներ։ Ավազակությունը համարում էին փառք։ Մեր տիրուհին այլ կերպ է փառաբանված։ Նա ուղարկում է իր զորքերը, որ խաղաղություն հաստատի, որ խանգարի մարդկանց իրար չարիք պատճառելում, որ ստիպի նրանց միմյանց նկատմամբ հանդուրժող լինել, և նրա դրոշները համատարած խաղաղության հաստատման խորհրդանշաններ են։

Իր լսածից հիացած՝ Փյունիկն ասաց.

- Տեա՛ր, քսանյոթ հազար իննսուն տարի և յոթ ամիս է, ինչ ապրում եմ աշխարհիս երեսին, բայց երբեք չի հաջողվել տեսնել նման մի բան, ինչի մասին Դուք եք պատմում։

Նա հարցրեց, թե պաշտոնյային հայտնի չէ՞ արդյոք որևէ բան իր ընկեր Ամազանի մասին։ Կիմմերոսը պատմեց նրան նույնը, ինչ պատմել էին արքայադստերը սկյութների երկրում և Չինաստանում։ Ամազանը, վախենալով տեղի տալ կանանց հետամտումներին՝ լքել է կայսերական պալատը, հենց որ ինչ-որ պալատական տիկին նրան հանդիպում է նշանակել։ Փյունիկը շտապեց տեղեկացնել Ֆարմազանտային նրա սիրելիի հավատարմության այս նոր ապացույցի մասին, հավատարմությունն ավելի նշանակալից է նրանով, որ տղան չէր կարող ենթադրել, որ արքայադուստրն այդ մասին երբևէ կիմանա։

Նա մեկնել էր Սկանդինավիա։ Այդ երկրում նրան ապշեցրին մինչ այդ ոչ մի տեղ չտեսած նկարները։ Այստեղ թագավորական իշխանությունն ու ազատությունը միմյանց նկատմամբ թշնամություն չէին տածում։ Դա մի դաշինք էր, որ ուրիշ պետությունների համար աներևակայելի էր։ Հողագործները մասնակցում էին օրենսդրությանը բարձրաստիճանների հետ հավասար։ Իսկ երիտասարդ իշխանավորը ազատ երկրի արժանավոր գլխավորողը դառնալու հույս էր ներշնչում (նկատի ունի Շվեդիայի արքայազն, հետագայում արքա Գուստավ 3-րդին, որը հավակնում էր դառնալ լուսավորյալ միապետ՝ «թագակիր փիլիսոփա», բայց փաստորեն վերականգնեց թագավորական անսահմանափակ իշխանություն)։ Բայց ավելի զարմանալի էր այն, որ միակ թագավորը, որ իր ժողովրդի հետ պայմանագրի ուժով հանդիսանում էր ամենաանսահմանափակ տիրակալն աշխարհում, միաժամանակ և՛ ամենաերիտասարդն էր, և՛ ամենաարդարամիտը։

Սարմատների մոտ Ամազանը գահի վրա փիլիսոփայի տեսավ։ Նրան կարելի էր կոչել «անարխիայի արքա», քանի որ նա գլխավորն էր հարյուր մանր իշխանավորների, որոնցից յուրաքանչյուրը կարող էր մի բառով չեղյալ համարել մյուսների որոշումները։ Էոլայի համար ավելի հեշտ էր ղեկավարել իրար մեջ անընդհատ վիճող քամիներին, քան այս միապետի համար՝ հարթել բոլոր հակասությունները։ Նա կարծես նավավար էր անընդհատ փոթորիկների մեջ, իսկ այդ ընթացքում նավը չի խորտակվում։ Նավը մնում է կայուն՝ որպես գերազանց նավավարի ձեռքում։

Անցնելով իր հայրենիքից այնքան տարբեր այս բոլոր երկրներով՝ Ամազանը համառորեն խուսափում էր իր ճանապարհին հանդիպած ամեն մի գայթակղությունից, քանի որ նա միշտ հիշում էր այն համբույրը, որ Ֆարմազանտան նվիրել էր փարավոնին և ավելի վճռականորեն էր հաստատվում իր՝ Ֆարմազանտային միակ ու աներեր հավատարմության օրինակ ցույց տալու անհասանելի նպատակում։

Արքայադուստրն ու Փյունիկը կրնկակոխ հետևում էին նրան՝ հետ մնալով մի երկու օրով։ Նա չէր հոգնում առաջ գնալով, աղջիկը՝ ձգտելով հասնել նրան։

Այսպես նրանք անցան ամբողջ Գերմանիան՝ հիանալով հյուսիսում մտքի ու փիլիսոփայության հաջողություններով։ Այնտեղի բոլոր տիրակալները լուսավորյալ մարդիկ էին, բոլորը խրախուսում էին ազատամտությունը։ Նրանց դաստիարակությունը այլևս չէր վստահվում այնպիսի մարդկանց, ովքեր դրա մեջ շահ ունեն կամ ովքեր իրենք մոլորված են։ Նրանք դաստիարակվում էին բարոյական օրենքների նկատմամբ հարգալից վերաբերմունքով և սնահավատության նկատմամբ արհամարանքով։ Այդ բոլոր երկրներում վերացվել էր այն անիմաստ ավանդույթը, որ թուլացնում ու հասցնում էր կործանման շատ հարավային երկրների. դա կենդանի թաղումն էր ընդարձակ հավաքատեղիներում երկու սեռի անհամար մարդկանց, որոնց հավերժ բաժանում էին միմյանցից և ստիպում երդվել, որ երբեք միմյանց հետ չեն շփվի։ Դա ծայրահեղ անմտություն էր, որ մնացել էր դարերով՝ ամայացնելով երկիրը ոչ պակաս քան ամենադաժան պատերազմները։

Հյուսիսային տիրակալները վերջապես հասկացան, որ եթե կա ձիաբուծարան, չի կարելի առանձնացնել ամենաուժեղ որձերին զամբիկներից։ Նրանք վերացրին ոչ պակաս տարօրինակ և ոչ պակաս վնասակար մոլորություններ։ Վերջապես այդ անծայրածիր տարածությունների մարդիկ համարձակվեցին խելամիտ լինել, այն դեպքում, երբ ուրիշ երկրներում դեռ շարունակում էին հավատալ, թե մարդկանց կարելի է ղեկավարել միայն այնքան ժամանակ,քանիդեռնրանքհիմարեն։

7-րդ գլուխ

Ռուսերենից թարգմանեցին Մանուշակ Չորեկյանը,
Հասմիկ Ղազարյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.